Աղվան Վարդանյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1984, 4

Տոնի հրավեր

Երկիր, պագնում, ասում եմ` բաց
Դուռը սիրո, դուռը ուժի,
Տար խորքերդ մանուկների
Ձույլ շարքերը թեթևընթաց:

Ակը լույսի պարզիր նրանց,
Կանչիր, ընտրիր անուն-անուն,
Կնքիր ուժի ավազանում
Ու ընծայիր սերմի նման
Ակոսներին քո սլացիկ`
Մի տուր ապրել միայն հացիվ:

Նրանց ձեռքերը լույսի մեջ`
Չգիտեն լույսը որտեղից,
Նրանց սրտերը սիրո մեջ`
Չգիտեն սերը որտեղից,
Նրանց ուժը քար է փշրում`
Չգիտեն ուժը որտեղից:

Տար թող ըմպեն գութը հասուն,
Հրաշքն ըմպեն բարակ առվի`
Մինչև լույսով աոավոտի
Դառնա ցորենը քանց մասուր`
Ագռավու քարը պատռվի,

Ու ձույլաշար ելնեն ոտի,
Քո լույսերով քեզ պսակեն,
Կոպերի տակ սիրով փակեն:
Փշերի մեջ, հասկ ու խոտի
Երգեն զվարթ, հնչեցնեն փող,
Աչքերի մեջ երկինք ու հող
Ծունր իջնեն, երկրպագեն:

Մանկության հովիտ

Հասուն հասկերն են խոնարհվում խոր`
Երկնային անուշ լույս զգեցած,
Եվ թռչունները կախվում են ցած`
Գոհանալու մի կաթիլ շաղով,
Նրանք ձեզնից վեր, մացառ ու խոտ,
Զատիկ ու եղինջ, եղեգ ու քար,
Անշարժանում են երկար-երկար`
Սիրով, երկնքով, երգով լեցուն:
Ննջում է երկիրն օրորոցում
Մեղեդիների տիեզերական:

Լույսը թռչում է լեռնապարով,
Թռչում-մարում է յոթնապատիկ,
Պուտի բաժակում մի մեծ կաթիլ
Յոթն հեղ ցոլում է սրսփալով,
Քիչ զվարթաձայն ու քիչ լալով
Գետը ընկնում է կապույտ քարից,
Անհետանում են պատկեր ու գիծ
Մութի ընդերքում: Ու մի գառնուկ
Մայում է, ամենքն ետ են դառնում`
Բլուրի վրա տեսնելով ինձ:

Ու զրնգում է քնարն օդի,
Հովիտն է զարթնում` խաղաղ նիրհող,
Նրանք ներկում են ինձ կարմիրով,
Ուսիս գցում են կանաչ գոտի,
Զուլալ քանդվում է մեծ կարոտի
Արցունքի ակը, լալիս են, որ
Լույսի հետ կարգեն ինձ թագավոր,
Ցնծան, շողշողան, համբույր տեղան
Ու գոհանան, որ մեկը եղավ
Ամայության մեջ այս ահավոր:

Ես քայլ եմ անում սքանչելի,
Որ մի կուց ջրով, նշխար հացով
Մնամ ու գոցեմ աչքը լացող,
Տիրություն անեմ խաչքարերիս
Եվ այն լուռ մանկան թաց աչքերից
Թարթերով քաղեմ արցունքը տաք…
Բայց չեմ կարենում, երկիր, գթա.
Խրվում եմ մինչև ծունկս հողում,
Հովիտ ու մանուկ ետ են լողում,
Թաղվում մանկության կոպերի տակ:

Ձայն մտերմություն

Ձայներն ելան, երերաց
Կապտամութը ադամա,
Ես ձյուն տեսա, ձյան վրա
Մարգարիտ ու ադամանդ,

Եղեգնաքար, լուսնաքար`
Նրանց մեջ ձյուն-հարսնացուն,
Որ շաղելով բույր ու փայլ
Անեզրություն պարգևեց
Սրսփոցով ցրտաշունչ։

Բացվեց, ցոլաց, ցոլցլաց,
Ձայնեց ձայնով արծաթե,
Ես գայթեցի իմ ներսում,
Երբ ձեռքերով ցանկացա
Կապանքներս արձակել:

Մարմին ու սիրտ շարժեցի,
Որ չմնամ թակարդում,
Փախա, բայց ո՞ւր գնայի,
Փախա, ավաղ, ապարդյուն:

Ու մի վայրկյան նրա դեմ
Անշարժացա ակամա,
Ձայն տվեցի կարկամած,
Բայց ձայնս իեձ չհասավ`
Ծածկել էին ինձ արդեն
Մարգարիտ ու ադամանդ:

Մոխիր քո փոխարեն

Լուսե երազով, լուսե մանուկ`
Ողողված լույսով աստվածընծա,
Քեզ վրա լույս է հիմա քամում
Երգի հովիտը սիրով հնձած:

Անթիվ ձայներ են իջնում հովիտ`
Ձայներ բոցե ու եղեգնածին,
Զնգում են զվարթ ու կորովի,
Շարվում հասկեղեն օրորոցիդ:

Լույսը վառում է երգեր հանգած,
Համբուրում է քեզ առանց ոխի,
Այդքան շատ լույսից սիրտդ հանկարծ
Բոցավառվում է, դառնում մոխիր:

Ու հետո կուց-կուց, փետուր-փետուր
Մոխիրն իջնում է մոխիրներին,
Ու քո մոխիրից խաղաղ հորդում,
Ավելանում է լույսը վերին:

Դաոնում ես անէ,
Ննջում հավետ
Ակունքների մեջ լույս ու շողի,
Շարունակում է լույսը քամվել
Մոխիրից ամեն երազողի,
Ու բարձրանում են, շողում անվերջ,
Օրոցք-հասկերը այս հին հողի:

Այցելություն

Առուն անցնում եմ, խրվում խոտի,
Քարե խոյերի լռության մեջ,
Ձեռքս դողում է, ծունկս` ծալվում,
Աչքերս գոցում, կամաց-կամաց
Ընտելանում եմ ծաղկահոտին:

Քայլում` կոխելով փուշ ու եղինջ,
Պառկում եմ կողքին քարե խոյի,
Որ մի առավոտ լույս արձակեց`
Ճակատին ծաղիկ անմոռուկի,
Ու զվարթաձայն ասաց` եղիր:

Եղիր սարերին ու դաշտերին,
Երկրի, երկնի դեմ սրտիկդ բաց,
Ձեռքդ դիր հողին ու ջրերին,
Խոտերի միջով ազատ սուրա`
Բուրյան հովերի գիրկը ընկած:

…Հիմա եկել ու պատմում եմ, թե
Այս մեծ աշխարհում ինչ եմ անում
Թվում եմ մեկ-մեկ, անուն-անուն`
Ինչ բառերով եմ ելնում տնից,
Ինչ բառերով եմ ետ գալիս տան,
Ինչ ցնծություն է ողողում ինձ
Եվ ինչ կորուստ է հետապնդում:

Պատմում եմ, ելնում թեթևացած
Ընկղմվում նրա մութ բիբերում,
Ուր նախնիներիս ձայների հետ
Իմ շշուկներն են տարուբերվում,
Տարուբերվում ու աններդաշնակ
Երդման խոսքեր եմ արտաբերում:

Հետո գնում եմ` առուն անցնեմ,
Զարկվեմ կրկին մեծ աղմուկին,
Աղոտ գիտեմ, թե ուր եմ գնում,
Սակայն գիտեմ, որ տեղ կհասնեմ
Ապավինելով անմոռուկին:

Ու ձայնը նրա զանգի նման
Կշարժի կյանքս մեռյալ տեղից
Եվ կողողի երկինքը իմ
Ղողանջումներով` զվարթ եղիր:
Ու ես ջրի պես կգլգլամ:

Առավոտ

Լուսաթև աղավնին իջավ
Երկըրի քարե սեղանին`
Սլացիկ, շքեղ ճառագայթ`
Պսակված կարմիրով որդան:
Այս ժամին ինձ ի՞նչ է մնում`
Փշրված կժից խավարի
Ձեռքերս, աչքերս փրկեմ,
Ընծայեմ շնորհիս արդար
Ու ցնծուն հավատով կարդամ
Մեզ հասած երգերը գողթան:

Օր բարեգութ

Բաց է երկինքը իմ բաժին,
Ուր երեք աստղ են առկայծում,
Զվարթ սրտով, ձեոքով մաքուր
Դասդասում եմ ձայները ցուրտ:

Անցյալի գոց տաճարի մեջ
Երկու աստղ սեր են կախում`
Ձայներն ելնում են խաղաղիկ,
Շնչավորվում ու բաբախում:

Մնում է ինձ հոսել-գնալ
Երգի կապույտ երակներով`
Մինչև նրբին շողարձակվի
Երգի կրծքին աստղը երրորդ:

Ու ամեն օր պիտի գնամ,
Գնամ, ննջեմ տանն իմ բախտի
Ու թե մի օր տեղ չհասնեմ`
Այդ օրը դուրս եմ դրախտից:

Այսօր ննջեմ ու գոհանամ`
Ինձ մատուցված երկինքն է բաց,
Ուր ապրում է երգը արդար`
Երեք աստղ կրծքին սեղմած:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով