Ջորջ Սորոս. Համաշխարհային էթիկա. պատրա՞նք, թե իրականություն

«Գարուն», 1999, 12

Ջորջ Սորոսը ծնվել է 1930 թ. Բուդապեշտում: 1947 թ. տարագրվել է Անգլիա, որտեղ էլ ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական քոլեջը: Ուսանելիս ծանոթացել է փիլիսոփա Կարլ Պոպերի աշխատություններին, որոնք լավագույն ազդեցություն են թողել նրա հայացքների ու հետագա բարեգործական գործունեության վրա: 1956-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ վիթխարի կարողություն է դիզել իր հիմնած ու ղեկավարած միջազգային ֆնդի միջոցով: Բարեգործությունն սկսել է 1979-ից` Հարավային Աֆրիկայում: 80-ականների սկզբից հովանավորել է Արևելյան Եվրոպայի այլախոհ գրողներին: Նրա առաջին հիմնադրամը եղել է 1979-ին Նյու Յորքում հիմնած «Բաց հասարակության հիմնադրամը»: Այժմ նա հիմնադրամների մի լայն ցանց ունի, որն ընդգրկում է 30-ից ավելի երկիր: Այս բոլոր ձեռնարկածների նպատակը բաց հասարակության ինֆրակառույցի ու իրավական ինստիտուտների հիմնումն է. դրանցից են` Եվրոպական կենտրոնական համալսարանն ու Բնական գիտությունների հիմնադրամը:
Քաղաքական ու տնտեսագիտական բազմաթիվ հոդվածներից բացի, Ջ. Սորոսը հեղինակ է նաև հետևյալ գրքերի` «Ֆինանսական գործի ալքիմիան» (1987), «Ստորագրելով դեմոկրատիայի սկզբունքների տակ», «Կորի գագաթին մնալով», «Համաշխարհային կապիտալի ճգնաժամը» և այլն:
Նա Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի, Բուդապեշտի տնտեսագիտության ինստիտուտի, Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր է: 1995-ին Բոլոնիայի համալսարանը նշանավոր բարեգործին շնորհեց բարձրագույն պարգև` Lauria Honoris Casua, ի ճանաչումն իր գործունեության` բաց հասարակության զարգացման ոլորտում:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷԹԻԿԱ. ՊԱՏՐԱ՞ՆՔ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոսովոյի ճգնաժամից հետո կասկած չկա, որ համաշխարհային էթիկան իրականություն է: ՆԱՏՕ-ն միջամտում էր համաշխարհային էթիկայի անունից: Միլոշևիչի քաղաքականությունը Կոսովոյում այլևս անտանելի էր: Այդ ճգնաժամում հանդես էին գալիս ոչ թե ազգային շահերը, այլ ֆունդամենտալ արժեքները: Բայց վերոհիշյալ միջամտության արդյունքը սպասվածից լրիվ տարբեր եղավ: Ռմբակոծության սարսափները համաշխարհային էթիկայի մասին հարցերի մի շարք հարուցեցին, ու այդ հարցերն առկա են և՛ իմ խոհերում, և՛ ուրիշների: Ու մենք այդ հարցերը տալու կարիքն ունենք, եթե ուզում ենք, որ համաշխարհային էթիկան գերազանցություն ունենա, ես, օրինակ, ուզում եմ:
Ես հավատում եմ «բաց հասարակություն» կոչվածին: Բաց հասարակությունը դեմոկրատիայի առավել համակողմանի ու լայն հայեցակարգն է: Բաց հասարակության հայեցակարգի հիմքը այն է, որ ոչ ոք ի զորու չէ իմանալու բացարձակ ճշմարտությունը: Կատարելությունն անհասանելի է, ու դրա համար էլ պիտի բավարարվենք դրան առավել մոտ հնարավորությամբ, այն է, որ հասարակությունը կատարելագործվելու համար պիտի միշտ բաց (պատրաստակամ) լինի: Բաց հասարակությունը իրար հետ խաղաղ ապրելու հնարավորություն է ընձեռում տարբեր տեսակետ, ինքնություն ու շահ ունեցող մարդկանց: Բաց հասարակությունը սահմաններ չի ճանաչում: Դա անկախ պետությունների ներքին գործերին խառնվելու իրավունք է տալիս, որովհետև բռնակալական ռեժիմներում ապրող մարդիկ հաճախ հնար չունեն պաշտպանվելու բռնակալությունից առանց դրսի միջամտության, սակայն այդ միջամտությունը պիտի սահմանափակվի միայն մարդկանց սատար լինելով, որ նրանք իրենց երկրում ապրեն համաձայն իրենց ցանկությունների, և ոչ թե նրանց վզին փաթաթվի որևէ գաղափարախոսություն, կամ մի պետությունը ստրկացնի մյուսին: Սրանք են այն սկզբունքները, որ ես ընտրել եմ ու դրել բաց հասարակություն հիմնադրելու իմ գործունեության բոլոր ճյուղերի առանցքում:
Առաջնորդվելով այս սկզբունքով` կասկած չունեմ, որ Կոսովոյում Միլոշևիչը խախտում էր ալբանացի բնակչության իրավունքները: Ոչ էլ կասկածում եմ, որ այդ իրավիճակն արտաքին միջամտության կարիք իրոք ուներ: Արտաքին միջամտության կարիքը Կոսովոյում շատ ավելի պարզ է, քան այլ էթնիկական բախումների դեպքում, որովհետև Միլոշևիչը միակողմանի զրկեց Կոսովոյի բնակիչներին նրանց` արդեն փաստացի անկախությունից: Բացի այդ, նա խախտել էր անցած տարվա հոկտեմբերին իր իսկ ստորագրած միջազգային համաձայնագիրը: Իմ կասկածները վերաբերում են միայն միջազգային ճնշումը կիրառելու ձևերին:
Ես համոզվեցի, որ բարձունքներից ռումբ նետող ՆԱՏՕ-ի ինքնաթիռների տեսարանը խորապես անհանգստացնող է, և վախենում էի, որ դրանք իրենց ծրագրածի լրիվ հակառակն են անում: Մենք, փոխանակ կանխելու էթնիկական զտումը, ինչպես նախապես ուզում էինք, արագացրինք դա ու դժվարացրինք Սերբիայի ժողովրդի` Միլոշևիչի ռեժիմին ընդդիմանալու գործը: Մենք անկայուն դարձրինք կացությունը հարևան Չեռնոգորիայում, Մակեդոնիայում ու Ալբանիայում` ներառյալ ավելի լայն միջազգային բարդացումները, խոսքը Չինաստանի հետ մեր հարաբերությունների մասին է:
Ես Միլոշևիչի նկատմամբ կոշտ վերաբերմունքի կողմնակից էի ու դրա հետևանքների համար անձնական պատասխանատվություն էի զգում: Ու գոհ եմ, որ Միլոշևիչն ավելի շուտ զիջեց, քան ՆԱՏՕ-ն կհասցներ երկփեղկվել, ու ես թեթևացած շունչ քաշեցի: Թեթևացած, բայց ոչ երանությամբ:
Մենք վիթխարի քայլ արեցինք` անկախ մի պետության ներքին գործերին միջամտելու սկզբունք հիմնելով` հանուն այդ պետության ժողովրդի պաշտպանության, բայց դրա արդյունքը խիստ անբավարար է: ՆԱՏՕ-ի միջամտությունը Կոսովոյում փոխանակ այդ սկզբունքով աշխարհը միավորելու, այն խորապես մասնատեց: Նույնիսկ ես, որ մինչև հիմա ղեկավարվել եմ այդ սկզբունքով, արդեն կասկածներ ունեմ դրա նկատմամբ:
Ես ստիպված հարցրի ինձ. «Հնարավո՞ր է, արդյոք, հարմա՞ր է մի պետության գործերին խառնվելը` հանուն նույնիսկ այնպիսի մի գլխավոր սկզբունքի, ինչպիսին մարդու իրավունքներն են կամ բաց հասարակությունը»: Նման մի հարց քննարկելու ցանկություն չունեի և, անկասկած, մտքովս անգամ չէի անցկացնում, որ այդ հարցն ունի ժխտական պատասխանի հնարավորություն: Դա կլիներ բաց հասարակության իմ երազի վերջը: Առանց արտաքին միջամտության բռնակալական ռեժիմներն անասելի հանցանքներ գործելու կարողություն ունեն: Ավելին, ներքին բախումներն ընդունակ են վերածվել միջազգային թշնամության: Մեր այս աշխարհում, ուր փոխադարձ կախվածությունն անընդհատ աճում է, անկախ պետություններն ունեն վարքի որոշակի ձևեր` ագրեսիա, ահաբեկչություն, էթնիկական զտում, իսկ միջազգային հանրությունը ի վիճակի չի հանդուրժելու դրանք: Ընդ որում, պիտի ստիպված ընդունենք, որ մեր այսօրվա միջոցներն այստեղ անօգուտ են: Հարավսլավիայի գործերին մենք միջամտեցինք տարբեր ձևերով: Բոսնիայի գործերին խառնվեցինք ՄԱԿ-ի միջոցով, բայց անօգուտ: Ահա թե ինչու Կոսովոյում գործեցինք առանց ՄԱԿ-ի, բայց էլի ոչ այնքան հաջող: Մենք նաև դիմեցինք տնտեսական պատժամիջոցների, սակայն հակառակ արդյունքն ստացանք: Նման պատիժները չեն ազդում, երբ դրանց դեմ գործում են կառավարության հովանավորած ստվերային տնտեսության շնաձկները: Սրանք վերածվում են մաֆիական տեսակի բիզնեսմենների հանրության, որը համագործակցում է կառավարող ռեժիմի հետ ոչ միայն Հարավսլավիայում, այլև հարևան երկրներում: Կարճ ասած` անօգուտ էր ամե՛ն ինչ: Ճիշտ այնպես, ինչպես Աֆրիկայում:
Պիտի, ուրեմն, մի ավելի լավ միջոց գտնենք: Դա պահանջում է խորախոր մտածմունք ու միջազգային գործերը վարելու նոր ձև, որը կարելի է անվանել միջազգային անվտանգության ճարտարապետություն:
Թերևս ասեն, որ դեռ նման քննարկման ժամանակը չէ: Կրքերը չափազանց բորբոք են, կարծիքները ճիշտ հակադիր են, ու կողմերից ամեն մեկն իր դիրքն արդարացնելու փորձ է անում ու այն էլ` անկողմնակալ կեցվածքով: Բայց ես չեմ կարծում, թե ժամանակը չէ: Համոզված եմ, որ միջամտության միակ պաշտպանը չեմ, որը ցնցված է դրա արդյունքներից: Համոզված եմ` արդեն բոլորին է հայտնի, որ գործերի ներկա վիճակի մեջ մի սարսափելի սխալ կա, ու դա ուղղելու համար պիտի՛ ինչ-որ մի բան արվի: Ճգնաժամ էր պետք, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետության փոփոխության ժամանակը հասներ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Ազգերի լիգան, իսկ երկրորդից հետո` ՄԱԿ-ը: Եթե մենք հարկ եղածի չափ ցնցված լինեինք Կոսովոյի դեպքերից, երևի ի վիճակի լինեինք համաշխարհային անվտանգության ճարտարապետությունն այնպես փոխելու, որ երրորդ համաշխարհային պատերազմը կանխվեր: Իսկ եթե պարզապես հայտարարենք, որ հաղթել ենք, ապա Կոսովոն մեզ ավելի կմոտեցնի երրորդ աշխարհամարտին: Մենք պետք է սկսենք այն հավատից, որ անվտանգությունը կախված է ոչ միայն միջպետական իրադարձություններից, այլև այդ պետությունների ներսում տեղի ունեցածներից: Բռնակալական ռեժիմն ի վիճակի է մահվան սպառնալիք փաթաթելու ոչ միայն իր ժողովրդի վզին, այլև հարևանների, և նույնիսկ ողջ աշխարհի: Ու պարտադիր չէ, որ նման երկիրը նացիստական Գերմանիայի պես զորեղ լինի: Լրիվ հնարավոր է, որ դա լինի Իրաքի կամ Հարավսլավիայի, կամ էլ նույնիսկ Ռուանդայի պես թույլ մի երկիր:
Այն սկզբունքները, որոնք լավ կլիներ, որ կարգավորեին պետության վերաբերմունքը հանդեպ իր իսկ քաղաքացիները, համարյա բավարար չափով հայտնի են: Դրանք դեմոկրատիայի սկզբունքներն են կամ, իմ բառերով ասած` բաց հասարակության սկզբունքները: Պակասում է միայն մի հեղինակություն, որն այդ սկզբունքներն ուժով հաստատելու կարողություն ունենա, մի հեղինակություն, որն անկախ պետություններից ավելի զորավոր լինի:
Հնարավոր է, որ ինքնորոշումը հնացած սկզբունք է, սակայն հիմա դա տիրապետող է, բացի այն հազվագյուտ դեպքերը, երբ դա որոշակի չափով տեղի է տվել: Անկախ ինքնորոշվելու գաղափարը ծագում է դեռ այն ժամանակներից, երբ արքաներն իրենց հպատակների լիակատար տերերն էին: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ֆրանսիայի ժողովուրդը տապալեց իր թագավորին և, ինչպես նրանք էին կարծում, նաև նրա տիրապետելու այդ իրավունքը: Դա հենց ժամանակակից պետության ծնունդն էր: Դրանից հետո կամաց-կամաց ընդունվեց, որ պետությունները պիտի հպատակվեն օրենքին, բայց միջազգային օրենքը շատ դանդաղ է զարգանում ու լրիվ զուրկ է ատամներից: Մենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր ունենք ու մեկ էլ` Միացյալ ազգերի կազմակերպություն, բայց ՄԱԿ-ը լավ չի գործում, որովհետև այնպիսի պետությունների միություն է, որոնցից շատերը դեմոկրատական չեն:
Քանի որ ժամանակակից պետության անկախ ինքնորոշվելու իրավունքը բխում է այդ պետության ժողովրդից, ապա այն հեղինակության զորությունը, որը գերազանցում է այդ իրավունքը, պիտի բխի համայն աշխարհի ժողովրդից, ու քանի դեռ ապրում ենք ինքնիշխան պետությունների համակեցությամբ, աշխարհի ժողովուրդն իրականացնում է այդ իրավունքը այն պետությունների միջոցով, որոնց որ պատկանում է, հատկապես, երբ ռազմական գործողություններ են անհրաժեշտ: Ենթադրվում է, որ դեմոկրատական պետություններն իրականացնում են իրենց ժողովուրդների կամքը: Ուրեմն, վերջին հաշվով, միջազգային իրավունքի զարգացումն ու կիրառությունը կախված է դեմոկրատական երկրներում ապրող ժողովուրդների կամքից:
Բայց այստեղ մի խոշոր դժվարություն կա: Դեմոկրատական երկրներում ապրող ժողովուրդները միշտ չէ, որ ընդունում են, որ դեմոկրատիան մի համընդհանուր սկզբունք է: Նրանք ձգտում ունեն առաջնորդվելու սեփական շահերով և ոչ թե համընդհանուր սկզբունքներով: Հնարավոր է, որ նրանք պատրաստականություն դրսևորեն պաշտպանելու սեփական երկրի դեմոկրատական կարգերը, որովհետև դրանք համարում են իրենց շահերին համապատասխան, բայց այն մարդիկ, ովքեր հարկ եղածին չափ մտահոգ են դեմոկրատիայի համար` որպես մի վերացական գաղափարի, որը պիտի պաշտպանվի նաև այլ երկրներում, հատկապես հիմա, երբ այդ գաղափարը շատ է հեռու իրականությունից, չափազանց քիչ են:
Ոչ դեմոկրատական երկիր շատ կա, բայց նույնիսկ դեմոկրատականներն էլ տարբեր ձևով են հասկանում ժողովրդավարության էությունը: Ինչ-որ իմաստով ժողովուրդը խրախուսում էր Միլոշևիչի քաղաքականությունը Կոսովոյում, ու հենց Կոսովոյում նրա վարած քաղաքականությունն էր, որ նրան իշխանությունն իր ձեռքում պահելու հնարավորություն տվեց ու տալիս է:
Մի ժամանակ կասկածում էի, թե բաց հասարակության հայեցակարգը համաշխարհային անվտանգության ճարտարապետության համար չափազանց հարմար հիմք է հանդիսանում, որովհետև դա ոչ միայն ժողովրդավարություն է հաստատում, այլև վարքագծի որոշ ընդհանուր սկզբունքներ: Միլոշևիչի վարքագիծն, օրինակ, այդ սկզբունքներին համապատասխան չէ: Բաց հասարակության հայեցակարգն ինձ անկասկած հնա-րավորություն տվեց համարյա անսխալ առաջնորդվելու իմ ձեռնարկումներում: Բայց այն իր խորքում մի ներհուն թերություն ունի` չի գործի, մինչև մարդիկ չհավատան:
Այս վերջին դրույթի անունը ես դրել եմ «բաց հասարակության պարադոքս»: Եթե մարդիկ բաց հասարակության սկզբունքները բանի տեղ չդնեն, բաց հասարակությունը չի հաղթի: Սա ճիշտ է նույնիսկ մի պետության շրջանակներում և առավել ևս ճիշտ է միջազգային հարաբերություններում, քանի որ պետություններից շատերը դեմոկրատական էլ չեն, որ նման հաղթանակի սկիզբը դրվի:
Այս պարադոքսը չի արժեզրկում բաց հասարակության հայեցակարգը: Հակառակը` այդ հայեցակարգը դարձնում է ինքնահամաձայն: Վերջին հաշվով բաց հասարակությունը հիմնված է այն դրույթի վրա, որ բացարձակ ճշմարտությունն անհասանելի է մեզ համար: Սակայն այդ պարադոքսը շատ է փոքրացնում բաց հասարակության հայեցակարգի միջոցով համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը կառուցելու հնարավորությունը: Նախ, դրա համար անհրաժեշտ է ընդհանուր համաձայնություն, որ բաց հասարակությունը ցանկալի նպատակ է: Երկրորդ, բաց հասարակության գաղափարներից բխող հետևանքների մասին մի քանի համաձայնություն ընդունելու անհրաժեշտություն կա: Վերջապես, այդ նպատակներից բխող մի քանի իրավական ինստիտուտ հիմնադրելու անհրաժեշտություն կա: Վերջին պահանջը չափազանց էական է, քանզի հենց այդ իրավական ինստիտուտներն են, որ սահմանում են վերոհիշյալ նպատակներն ու դրանք իրականացնելու ուղիները:
Բաց հասարակություն կառուցելու ամենաակնհայտ թեկնածուն թերևս ՄԱԿ-ը լիներ, բայց ՄԱԿ-ը հարմար չէ այդ խնդրի համար, որովհետև այնպիսի պետությունների միություն է, որոնցից մի քանիսը դեմոկրատական են, իսկ մյուսները` ոչ, ու դրանցից ամեն մեկն առաջնորդվում է ի՛ր ազգային շահերով: Ինչպես արդեն պարզ է, ՄԱԿ-ը շատ բան է կարող, բայց բաց հասարակություն կառուցելու կարողություն չունի: Այս խնդիրը լուծելու կարողություն ունի միայն դեմոկրատական պետությունների այնպիսի դաշնությունը, որը զինվորագրված է բաց հասարակության սկզբունքներին: Այնպես է պատահել, որ նման դաշնություն ունենք, ու դա ՆԱՏՕ-ն է: ՆԱՏՕ-ն իսկապես միջամտեց Հարավսլավիայի գործերին:
Սակայն ՆԱՏՕ-ն ռազմական դաշնություն է և միջամտելու նախաձեռնության զորություն չունի: Թերևս չափազանց ուշ է դրա մասին խորհրդածելը, և մենք համոզվեցինք, որ նման միջամտությունը կարող է և անարդյունավետ լինել:
Փորձն էլ, տրամաբանությունն էլ հուշում են, որ բաց հասարակությունը ռազմական միջոցներով չի հաստատվի: Հնարավոր է, որ ռազմական միջամտության կարիք լինի, սակայն բաց հասարակություն կառուցելու համար դա բավարար չէ: Կառուցելը բեղուն գործունեություն է: Իսկ ՆԱՏՕ-ն, որպես ռազմական դաշնություն, կարիք ունի լրացվելու այնպիսի մի քաղաքական դաշնությամբ, որը նվիրված է բաց հասարակություն կառուցելու ուղիներ հարթելուն: Անվտանգության ճարտարապետությանն այսօր հենց սա՛ է պակաս:
ՆԱՏՕ-ն, որպես ինստիտուտ, սառը պատերազմի ժառանգությունն է: Երբ այն հարմարվում էր ետկոմունիստական շրջանին, մի ճակատագրական սխալ արեց` ընդարձակվեց աշխար-հագրությամբ, չնայած համապատասխան չէր ետկոմունիստական շրջանի պահանջներին: Փաստորեն չգիտակցվեց, որ ետկոմունիստական շրջանի անվտանգությանն սպառնացող վտանգի աղբյուրները թաքնված են պետությունների հենց ներսի իրադարձություններում ու ոչ թե առաջ են գալիս դրանց փոխադարձ հարաբերություններից: Եվ սա դեռ լիովին գիտակցված չէ:
Ես ներկա եմ եղել Կոսովոյի մասին մի շարք վեճերի և ցնցվեցի, երբ պարզեցի, թե նույնիսկ քաջատեղյակ մարդիկ ինչքան աղոտ ու շփոթ պատկերացում ունեն Կոսովոյի գործերին մեր խառնվելու պատճառների մասին: Համարյա անդադար նրանք խոսում են մարդասիրական պատճառների ու մարդու իրավունքների մասին: Այս երկուսն իրարից լրիվ տարբեր են: Մարդու իրավունքները քաղաքական իրավունքներ են: Երբ սրանք խախտվում են, միշտ էլ հումանիտար աղետի հնարավորություն է առաջանում, ու թեև CNN-ի հաղորդումները գրգռում են մարդկանց, միևնույն է` չափազանց ուշ է լինում, վնասն առկա է լինում, և միջամտության արդյունքը հաճախ անարդյունավետ է: Հումանիտար աղետը կանխելը հնարավոր կլիներ միայն մարդու քաղաքական իրավունքների պաշտպանությամբ, բայց դրան հասնելու համար մարդիկ պիտի շահագրգիռ լինեն պաշտպանելու ուրիշների քաղաքական իրավունքները: Հնար չկա, որ կանխելու գործը ժամանակին սկսվի: Հաջողության համար այդ գործը պիտի առաջնորդվի բաց հասարակության սկզբունքներով միայն:
Ցանկալի է, որ բաց հասարակություն կառուցող քաղաքական դաշնությունը ղեկավարվեր ավելի շուտ լավ վարքը խրախուսող պարգևներով, քան վատ վարքը պատմելով: Այդ դաշնությանը պատկանելը կամ դրա ստանդարտներին հավանություն տալը ճիշտ կլիներ, որ համարվեր պարգևի արժանի: Սա կխրախուսեր դաշնությանը կամավոր մասնակից դառնալուն ու թերևս պակասեցներ ազգային ինքնիշխանությունը խախտելու հետ կապված խնդիրները: Առաջին պատիժը թերևս լիներ դաշնությունից հեռացնելը: Եթե դա արդյունք չտար, նոր միայն այլ միջոցների քննարկման առիթ կծագեր: Մեծագույն պարգևը, թերևս, շուկաներին, ֆինանսներին մասնակցելու թույլտվությունը կամ միջազգային ֆինանսական ինստիտուտների ավելի բարեհաճ վերաբերմունքն ու, հարկ եղած պահին, Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը լիներ:
Դիվանագիտական ճնշում կիրառելու հազար ու մի նուրբ ձև կա, սակայն կարևորը նպատակների հստակությունն է: Համոզված եմ, որ 1989 թվին Կոսովոյի ինքնավարության վերանայումը լրիվ հնարավոր էր, եթե միայն միջազգային հանրությունը պատշաճ վճռականություն ցուցաբերեր: Օրինակ, Լատվիայում միջազգային ճնշման արդյունքով վերացվեց ազգամաղության օրենքը, և դրանով Ռուսաստանի հետ հնարավոր բախումը վերացավ: Սլովակիայում էլ հասարակության բացությունն ապահովելու միջազգային ջանքերը պարտության մատնեցին Մեսիարին: Իսկ Կրաինայում միջազգային հանրության ջանքերը բավարար չեղան, որ մամուլն անկախ լինի, ու դրա համար է իշխանությունը դեռ Թուջմանի ձեռքում է: Միջազգային հանրությունը նաև առանձնապես չհուզվեց, երբ Կենտրոնական Ասիայի մի քանի հանրապետություն առաջարկ արեցին, որ պրեզիդենտությունը ցմահ լինի: Մենք երևի ի վիճակի չլինենք Միլոշևիչից ազատվել ռմբակոծության միջոցով, եթե միայն պատերազմից հետո Հարավարևելյան Եվրոպան վերակառուցելու այնպիսի մի վիթխարի ծրագիր չմշակենք, որը ներառի մաքսային ամբողջություն ու Եվրամիությանը փաստացի անդամակցություն այն երկրների համար, որոնց ղեկավարները պատերազմի հանցագործի մեղադրանք չեն ունեցել: Եթե սա իրականացվի, ապա վստահ եմ, որ սերբերն այս պայմաններին բավարարելու համար շատ շուտ կազատվեն Միլոշևիչից:
Սակայն մենք չպիտի երազների գիրկն ընկնենք: Կարկանդակ բաժանելը միշտ չէ, որ դրական արդյունք է տալիս: 1990 թվին, Հարավսլավիայի մասնատվելուց առաջ, Եվրոպայի հանրությունը երեք միլիարդ էքյու օգնություն առաջարկեց, որ Հարավսլավիան կտոր-կտոր չլինի: Սակայն դա չկանխեց մասնատումը. երբեմն ուժին դիմելն անհրաժեշտ է: Ահա թե երբ է ՆԱՏՕ-ն պետք, սակայն լավ կլինի, որ դա լինի միակ հնարավոր միջոցը: Ռազմական միջամտությունը կանխման քաղաքականության անկումն է:
Պիտի համարենք, որ արդեն մեծ բարեբախտություն է, որ ռազմական միջամտությունը հաջող էր, ու Միլոշևիչը համաձայն էր ՆԱՏՕ-ի առաջարկած գոնե նվազագույն պահանջներին: Դա, մյուս կողմից, հաստատում է ՆԱՏՕ-ի հզորությունը: Բայց հզորությունն ու իրավունքը տարբեր բաներ են: Հզորությունը մեզ իրավացի բան անելու լոկ մի նոր հնարավորություն է տալիս: Հիմա մենք հիանալի առիթ ունենք շտկելու անցյալի սխալներն ու ինչ-որ դրական բան անելու թե՛ Բալկաններում, թե՛ ամենուր:
Մենք պիտի վերջ տանք ճգնաժամերի վրա ուժային գրոհներին ու դիմենք զարգանալու գործուն ու բեղուն ծրագրերի ոչ միայն Կոսովոյի, այլև ողջ Հարավարևելյան Եվրոպայի համար: Ես «Բալկաններ» տերմինը դիտմամբ չեմ գործածում, որովհետև Բալկաններում շատերը կան, որ չեն ուզում Բալկաններին պատկանած լինել: Բայց դրանք բոլորն էլ եվրոպացի համարվելու ցանկություն ունեն, և Եվրամիությունը հրաշքներ կգործեր, եթե նրանց իր գիրկն ընդուներ:
Էթնիկական խնդիրները ո՛չ էթնիկական զտման միջոցով են լուծվում, ո՛չ էլ սահմանները կարգավորելով: Դրանք լուծվում են միայն սահմանները թուլացնելով ու բաց հասարակության սկզբունքները հաստատելով: Եվրամիությունն ի վիճակի է այնպիսի կարկանդակ առաջարկելու, որ ժողովուրդները հրապուրվեն այս տեսակ լուծումներով: Կարծում եմ, որ Բրյուսելի ԵՔՈՒԿ կոչվածը (Եվրոպական քաղաքականության ուսումնասիրման կենտրոն) այնպիսի մի երազային ծրագիր է հորինել, ինչը հավասարազոր է Մարշալի ծրագրին, բայց Հարավարևելյան Եվրոպայի համար: Բոսնիայի փորձը ցույց տվեց, որ առանձին միավորումներն անհատապես զարգանալու համար շատ- շատ են փոքր:
ԵՔՈՒԿ-ի ծրագրի գլխավոր գաղափարն առանձին միավորումների միջև մաքսային արգելքները լուծարելն է, ինչը նրանց համար եվրոպական ընդհանուր շուկա մտնելու թույլտվություն է, ու մեկ էլ եվրոյի ներմուծումն է որպես փողի միասնական տեսակ: Բացի այդ, ծրագրվում է փոխհատուցում այն կառավարություններին, որոնք մաքսային եկամուտների կորուստ կունենան կամ կտուժեն դրամահատության չափի նվազելուց:
Տարածքին տրամադրվող ընդհանուր գումարը կկազմի տարեկան հինգ միլիարդ եվրո: Այս քանակը Եվրոպա կմղի 2000 համաձայնագիր (Բեռլինում կնքված):
Մաքսատներն ապականության գլխավոր աղբյուրներն են, և նույնը վերաբերում է նաև կարգավորման մնացած ձևերին: Դրան զուգընթաց` բաց հասարակությունը պահանջում է օրենքի ղեկավարություն: Ամեն մի կառավարության տրվող օգնության քանակը պիտի պայմանավորվի այդ օգնության իրացումով: Ու նորից, դատելով Սերբական Հանրապետության փորձից, վստահ եմ, որ Հարավսլավիան շուտով կազատվի Միլոշևիչից, որպեսզի նման օգնություն ստանալուն համապատասխան կերպար ունենա: Երևի հարկ չկա ընդգծելու, որ խորապես կողմ եմ նման ծրագրին: Ես սովետական կայսրության քայքայման օրվանից կարկանդակ բաժանելու թունդ կողմնակիցն եմ: 1989 թ. գարնանը Մարշալի ծրագրի պես մի ծրագիր առաջարկեցի Սովետական Միության համար՝ Պոտսդամի ժողովում, երբ Պոտսդամը դեռ Արևելյան Գերմանիայում էր, բայց իմ ծրագիրը բառացիորեն ծաղրուծանակի ենթարկվեց: Իսկ երբ ՆԱՏՕ-ի ծավալվելու հարցը նոր էր քննարկվում, ես հայտարարեցի, որ հանուն խաղաղության համագործակցելու սկզբունքը պիտի լրացվի հանուն բարգավաճելու համագործակցության սկզբունքով:
Եզրափակելով` պիտի մի քանի դիտողություն անեմ այս նոր` համաշխարհային անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Նախևառաջ բաց հասարակության դաշնությունը պիտի կազմվի ՆԱՏՕ-ի անդամներից և հանուն խաղաղության համագործակցող այն անդամներից, ովքեր կստորագրեն բաց հասարակության սկզբունքների տակ, բայց իսկապես արդյունավետ լինելու համար լավ կլինի, որ այն միավորի ողջ աշխարհի դեմոկրատական զարգացման ուղին բռնած ազգերը: Այդժամ դա բավարար օրինական իրավունք կունենա գործելու ՄԱԿ-ի շրջանակներում էլ, դրանցից դուրս էլ: Դա նույնիսկ ի վիճակի կլինի ՄԱԿ-ը վերափոխելու` հենց այն պատճառով, որ կարող է գործել թե ՄԱԿ-ի շրջանակներում, թե դրանցից դուրս: Սակայն այս պահին դա սոսկ երազ է:
Ես գիտակցում եմ, որ բաց հասարակության համար կազմված նման մի դաշնությունը կպահանջի վերաբերմունքի ու դիրքորոշման կտրուկ փոփոխություն հատկապես Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ն ընկել է իր իսկ լարած թակարդը: Նա երկու գերտերություններից մեկն էր ու ազատախոհ աշխարհի առաջնորդը: Այժմ նա միակ գերտերությունն է ու կարծում է, որ նորից ազատախոհ աշխարհի առաջնորդն է: Սակայն այստեղ ԱՄՆ-ը սխալվում է, որովհետև ի վիճակի չի տեսնելու բաց հասարակության հիմնական սկզբունքներից մեկը. «ճշմարտությունը ոչ մեկի մենաշնորհը չէ»: Բայց Նահանգներն իրեն այնպես է պահում, ասես ճշմարտությունն իր մենաշնորհն է: Նա հեշտությամբ խախտում է ուրիշների անկախությունն ու ինքնիշխանությունը, այն էլ` հանուն համընդհանուր սկզբունքների, բայց բնավ համաձայն չի, որ ուրիշները խախտեն իր` Նահանգների անկախությունը: Նահանգները, շատ հանգիստ ու պատրաստակամ, բարձունքներից ռումբ է թափում ուրիշների գլխին, բայց հույժ տհաճությամբ է իր մարդկանց ենթարկում ռիսկի: Նա համաձայն չի ենթարկվել որևէ տեսակի միջազգային կառավարության: ԱՄՆ-ը մեկն է այն յոթ երկրներից, որոնք չեն ստորագրել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթը: Մյուսներն են` Չինաստանը, Իրաքը, Իսրայելը, Լիբիան, Քատարը ու Եմենը: ԱՄՆ-ը չի կատարում իր պարտավորությունները նույնիսկ ՄԱԿ-ի նկատմամբ: Այս տեսակ վարքն այնքան էլ շատ իրավունք չի ընձեռում նրան ազատախոհ աշխարհի առաջնորդը լինելու:
Պիտի պահանջվի, որ ԱՄՆ-ը կտրուկ փոխի իր դիրքորոշումը միջազգային համագործակցության նկատմամբ: Լավ կլինի, որ նա աշխարհի ոստիկանը չլինի: Ու չի էլ կարող: Բայց աշխարհը ոստիկանի կարիք ունի: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պիտի համագործակցի համախոհ երկրների հետ ու ենթարկվի հենց այն օրենքներին, որ ինքն է փաթաթում ուրիշների վզին: Չի լինի, որ նա ռմբակոծելով, աշխարհն իրեն ենթարկի, ու չի էլ լինի, որ նա մեկուսանա: Հույսս այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական առաջնորդներն ու դեմոկրատական մյուս հեղինակությունները Հարավսլավիայի դեպքերից նույնքան են ցնցված, որքան ես: Այս տեսակ մի ճգնաժամ է պետք, որ դիրքորոշումները փոխվեն: Լավ կլիներ, որ Կոսովոն հենց այնպիսի մի ճգնաժամ լիներ, որ ստիպեր մեզ մի անգամ էլ կշռադատելու, թե ինչպես ենք վարում միջազգային հարաբերությունները: Իսկ եթե դա չդարձավ այդպիսին, ուրեմն ճակատագիրը մեզ դատապարտել է ավելի մեծ ու սարսափելի ճգնաժամերի:

Անգլերենից թարգմանեց Մերուժան Հարությունյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով