Էռլոմ Ախվլեդիանի. Վանոն և Նիկոն

«Գարուն», 1968, 1

Էռլոմ Ախվլեդիանին ծնվել է 1933 թ., 1956 թ. ընդունվել է Թբիլիսիի պետհամալսարան` պատմության ֆակուլտետ: 1962 թվականից սովորել է Մոսկվայի սցենարական բարձրագույն դասընթացում:

Վանոն, Նիկոն և որսորդությունը

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Վանոն և յոթ Նիկոն

Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ:
Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է:
Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է:
Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն:
Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին:
Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է:
Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում:
Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է:
Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ:
Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր:
Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր:
Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը:
Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն:
Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…

ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հնարագետ մարդու պատմությունը

Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր:
Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը:
Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել:
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս:
Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…

Մեկ մարդու պատմությունը

Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը:
Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»:
— Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ:
Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»:
Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»:
Հոգնեց և քնեց:
Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:

Վարանոտ մարդու պատմությունը

Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:

Մոռացկոտ մարդու պատմությունը

Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց:
Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր:
Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:

Վրացերենից թարգմանեց Աղասի Այվազյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով