Ռուսլան Սաղաբալյան. Հորիզոնից այն կողմ

Մարդն ու ռոբոտը քայլում էին շիկացած անապատով։
Հեռավոր հորիզոնում երևում էր անհասկանալի մի կերպարանք։
Մարդը հոգնել էր։
Ռոբոտի ծանր թաթերը անփոփոխ ռիթմով մխրճվում էին ավազի մեջ։ Մարդը ջուր խմեց ու ետ նայեց։ Խափանված մեքենան դարձել էր հազիվ նկատելի մի սև կետ։ Ռոբոտը շարունակեց ճանապարհը: «Կանգնի՛ր»,— ուզում էր գոչել մարդը, բայց ձայնը խեղդվեց կոկորդում։ Նա շշնջաց։
— Ձանձրացրիր ինձ… Հեռացի՛ր…
Ռոբոտը հեռացավ, ասես հալվեց ու անէացավ ծանր օդի մեջ։ Մարդը դեմքից սրբեց քրտինքը և մի քանի քայլ արեց։ Հետո բացեց ջրամանն ու գլխին մի քիչ ջուր լցրեց։ Ջրի խնայողության հարկ չկա։ Ռոբոտը ինչից ուզես կարող է ջուր ստանալ։ Ռոբո՜տը…
— Հե՜յ,— բղավեց մարդը։— Ե՛տ դարձիր։
Ռոբոտը ետ եկավ։ Ասես կշտացած օդը դուրս թքեց նրան ավազի վրա։ Մարդը չէր կասկածում, որ ռոբոտը կվերադառնա։
— Սառը ցնցուղի տակ լողանալ եմ ուզում,— ասաց մարդը, հագուստը հանելով։
Ռոբոտը ձեռքը բարձրացրեց։ Նրա լայն ափից սառը կաթիլներ տեղացին մարդու վրա։
Ռոբոտը կարող էր ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ անել։ Մարդու հրամանով նա կարող էր դառնալ շուն, գիրք, կին, ատրճանակ, ծաղկեփունջ… Մարդը նրան տեսել էր բոլոր այն կերպարանափոխություններով, ինչպես կկամենար տեսնել։ Ռոբոտը նրա համար վաղուց ի վեր դադարել էր հրապուրիչ գաղտնիք լինելուց։ Համատեղ անցկացրած բազմաթիվ օրերի ընթացքում նրանք ասես դարձել էին մի ամբողջություն։
Մի անգամ մարդը ռոբոտին թողեց և գնաց դեպի խորհրդավոր կերպարանքը, որ երևում էր հորիզոնում։ Սկզբում ռոբոտը կրնկակոխ հետևում էր նրան մեքենայով, իսկ հիմա, երբ մեքենան խափանվել էր, միասին էին քայլում։ Մարդը սիրում և չէ՛ր սիրում ռոբոտին։
Մարդն ուզում էր իր ուժերով տեղ հասնել։ Նրան վախեցնում և հրապուրում էին դժվարությունները, խեղդում և շոյում էին հոգսերը։ Նա գիտեր, որ հորիզոնից այն կողմ իրե՛ն են սպասում։ Մարդը փորձում էր ինքն իրեն և ինչ-որ բան էր որոնում։ Նա ի՛նքը, առանց օգնության, պետք է տեղ հասներ։
… Ընկավ ու տաք ավազի վրա թշշաց վերջին կաթիլը։ Ռոբոտը ձեռքն իջեցրեց։ Նրանք լուռ քայլում էին միասին։ Իր այժմյան կերպարանքով ռոբոտը միշտ լուռ էր։ Նա շատախոս էր դառնում կնոջ կերպարանք ստանալիս։
Հորիզոնը ասես ծաղրում էր նրանց, շարունակ ձգվելով ու կրճատվելով, մոտենալով ու հեռանալով։ Կերպարանքն սպասում էր։ Ի՛նչ գնով լիներ, պե՛տք էր հասնել։…
Մարդն ուզում էր ռոբոտին հրամայել, որպեսզի նա դառնա մեքենա։ Բայց սեղմում էր շուրթերը, որպեսզի սովորության համաձայն բարձրաձայն չարտահայտի իր ցանկությունը։ Ռոբոտն արդեն երկու անգամ առաջ էր վազել, դառնալով մեքենա, և պատրաստակամորեն իր ծառայությունն էր առաջարկել մարդուն։ Բայց մարդը ձևացնում էր, թե չի նկատում։ Եվ մեքենան նորից դառնում էր ռոբոտ։
Հորիզոնը, հակառակ մարդու բոլոր պատկերացումներին, մոտենում էր։ Մարդը, ետևից լսելով ռոբոտի համաչափ դոփյունը, մի քիչ էլ վազեց առաջ և կանգ առավ։ Ռոբոտը կանգնեց նրա ետևում։
— Հեռացի՛ր,— ասաց մարդը, առանց շրջվելու։
Դա հրաման չէր։ Աղերսանք էր։ Մարդը գիտեր, որ այդ կարճ բառից անմիջապես հետո ռոբոտը կանհետանա։ Օդը կկլանի ռոբոտին և այս անգամ արդեն ընդմիշտ։
Մարդն անցավ հորիզոնի գիծը: Կերպարանքը ընկավ, բայց հետո էներգիայով լցվելով, ոտքի ելավ ու կերպարանափոխվեց, դառնալով ռոբոտ:
Դարձավ ռոբոտ, որն անընդունակ էր մեկ ուրիշ բան դառնալու։
Իսկ այն ռոբոտը, որ ամեն բան դառնում էր, արդեն հեռու էր, նա հիմա մեկ ուրիշ հորիզոնի վրա էր, որպեսզի շարունակի հմայել մարդուն, երբ հանկարծ նա հոգնի…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով