Ռևազ Ինանիշվիլի. Գեղեցիկ կինը

Չէ՛, այդպես չեղավ, ասացին, մենք սանձերիանեցի ենք` նեղումեղ քարկապերի գելեր, ու երրորդ բաժակը խմեցրին: Երրորդին չորրորդը հետևեց: Բայց դա արդեն չափից ավելի էր. աստված սուրբ երրորդությունն է սիրում: Դաթիկոն խոզաճարպ կտրեց, հացի կտորի վրա դրեց, բրդուճ արած բերանը տարավ, գնաց դեպի իր ձին: Ձիուն հասնելով, ետ շրջվեց, մտրակի կաշեօղը աջը հագցրեց:
— Հա, բարձրաբուն սոսիների կհանդիպեք` չփչացնեք…
«Քարկապերի գելերը» վեր էին կացել: Չոփուր Շալիկոն տաբատի փողքից «խոզակներ» էր հանում, Անդրիան օղի էր լցնում ձեռքի բաժակն ու տալիս ծուռբերան տղային: Լցրեց, թափեց, «ո՛ւհ, ո՛ւհ, ո՛ւհ» արեց ու Դաթիկոյի կողմը եկավ։ Աշխատում էր հիմա էլ ճամփին չթափի: Դաթիկոն սանձի երկաթը ձիու բերանը հագցրեց, ձգեց սանձի փոկը, թեթևորեն թռավ-հեծավ ձին: Մեջքի վրա ծանրություն զգալով, ձին փորձեց պոկվել տեղից; Բայց Դաթիկոն նրա գլուխը կողքի թեքեց: Ձին, չոր սիզախոտը տրորելով, տեղում պտույտ արավ: Անդրիան օղու բաժակը վեր պարզած, ճոճվում էր, հետն էլ զգուշանում ձիուց:
— Էս մինն էլ, Դաթիկո… էս մինն էլ կուրդղելաուրցի կնկա կենացը…
Ոչ ոք չգիտեր` ով է եղել այդ կուրդղելաուրցի կինը, որի կենացը պապից պապ, որդուց որդի կուխելցի կտրիճները խմում էին որպես «կենացների կենաց»:
Դաթիկոն անուշ ժպիտով հասկացրեց, որ էլ ոչ մի կաթիլ չի խմի ու մեկ անգամ էլ խնդրեց.
— Չնեղանաք, տղերք:
— Երեխա հո չե՞նք, Դաթիկո:
— Դե, դուք գիտեք…
Ձիուն խթանեց ու կածանը մտավ: Երբ մթին կածանով մի քիչ այդպես առաջ գնաց, ճյուղերը ետ-ետ քաշվեցին ու նրանց արանքում երևաց բարձր երկինքը: Ձին շեղակի կտրեց վերելքը, շրմփոցով հասավ բլուրի ուսագիծը, թեքվեց դեպի ձախ, ասես ծունկը բացելու համար` մի քանի քայլ էլ արեց ու կանգ առավ:
Հիմա արդեն ձին էլ, ձիավորն ել հևում-թրթռում էին հորիզոնի ֆոնում:
Ցածում` բոխիների, գեհիների, գաճաճ կաղնիների մեջ խճճված ժայռերից ներքև, ողորկ որձաքարերով պատած գետառն էր: Մի կանաչ գետ էր հոսում այնտեղով: Գետից մինչև այս բլուրը, ավելի ճիշտ` նրա մյուս ափի բլրից մինչև այս բլրի գագաթը, մի ահագին գոգավորություն կար` լի սեպտեմբերյան ջինջ օդով, իրիկնադեմի արևի դուրեկան ճաճանչներով: Օդն անշարժ էր: Ծղրիդները չէին երգում: Գետը հեռու էր, շատ ներքևում: Նրա ձայնն այստեղ չէր հասնում: Շուրջ-բոլորը անդորր էր:
«Էս ի՞նչ է, աստված մրափել է՞»,— բարձրաձայն ասաց Դաթիկոն ու օդի մեջ մտրակը խաղացրեց:
Ձին տեղապտույտ արավ ու այդ միջոցին քար դուրս թռավ նրա ոտնատակից, զառիթափով գլորվեց դեպի ցած:
Բլրի արևահայաց լանջով իջնում էր սև ձիավորը, որ լավ ձի ուներ տակին, չորս բաժակ օղի էր կուլ տվել ու, ինքն իրեն աշխարհի տերը կարծելով, երանության մեջ ընկած, քթի տակ դնդնացնում էր.

Հե՜յ, մերդ լացնեմ, ագռավ,
Դու իմ լեշով կշտանաս,
Ես քեզնից չունեմ դող ու ահ,
Դու իմ ահով մահանաս…

Բլրի լանջը բռնված էր տոթով: Տաք քարաբեկորների վրա լեռնային գորշ մողեսներ էին արևկող արել: Երբ ձին մոտենում էր, նրանք շեղակի փախչում էին, հետն էլ վախվորած ետ-ետ նայում: Չգիտես` մողեսների՞ց, թե՞ նրանց տարօրինակ փախուստից խրտնելով, ձին ուռցնում էր ռունգներն ու փնչացնում:
Շուտով ջրի խշխշոց հասավ Դաթիկոյի ականջին: «Հրես գետափ կհասնեմ ու կջրեմ ձիս»,— մտածեց նա:
Սանձված ու խուլ էր գետի վշշոցը: Երևում էր գարնանը ջրամամռով էին պատվել հունի որձաքարերը, ու հիմա ալիքները փափկորեն սահում էին նրանց վրայով: Դաթիկոն ինքն էլ ծարավ զգաց: Երբ գետափ իջան, ձին թեքվեց կածանից ու գնաց դեպի ժայռը: Դաթիկոն ցած թռավ, ձիու առաջն անցավ, տարավ դեպի զուլալ վտակը: Ձին միանգամից ջրի վրա չի ընկնի. Դաթիկոն լավ գիտեր նրա բնավորությունը: Նստեց մի քարի, հանեց գլխարկը, ձեռքը թաղեց ջրի մեջ, մի բուռ ջուր վերցրեց, երեսովը տվեց ու սկսեց շփել ճակատը:
Քարին նստած, ժպտում էր ինքն իրեն:
Անցյալ օրն էլ այստեղ էր, նախորդ շաբաթ էլ, բայց էլի ասես հեռավոր ճանապարհորդությունից նոր վերադարձածի հայացքով էր նայում շրջապատին: Նրան այնպես էր թվում, թե բնությունն էլ իր նման երանության մեջ է, բնությունն էլ է ժպտում իր պես և նրա երակների մեջ էլ դյութիչ մեղմությամբ պտտվում է խմիչքով ջերմացած արյունը:
Հենց այն է` նորից պիտի թեքվեր դեպի ջուրը, երբ ներքևում, գետի մյուս ափին, աչքովն ընկավ սև, շողշողուն «Վոլգան»: Դանդաղ ճոճվելով ու ցոլցլալով, մեքենան մոտենում էր: Գետինն ասես ծովի ճոճվող մակերես լիներ, որի վրա մեքենան մերթ զգույշ վեր էր բարձրանում, մերթ էլ նույն զգուշությամբ ցած իջնում:
Գետափ հասնելով, «Վոլգան» կանգ առավ: Չորս հոգի իջան նրանից, չորսն ել ստվերների պես երկարավուն ու բարալիկ: Ստվերից զանազանողը նրանց արտակարգ վառվռուն հագուստներն էին: Դաթիկոն իսկույն նկատեց, որ մեկը կին է: Երևի` նրա կեցվածքից և կանացիական յուրօրինակ նազանքից: Թեև կինն էլ մյուսների պես տղամարդու տաբատ ուներ հագած:
Նրանք ինչ-որ խորհրդակցում էին, կռանում, ձեռքերն առաջ պարզելով, խաղում ջրի հետ: Գետի մյուս ափից կցկտուր խոսքեր էին հասնում Դաթիկոյի ականջին, որից նա բան չէր հասկանում:
Հետո նրանք նորից մեքենա նստեցին, գնացին գետի հոսանքն ի վեր: Շարժիչի ձայնից գետի խշշոցն էլ խլացավ: Ջրերը համրորեն գալիս-անցնում էին Դաթիկոյի առջևով: Վերևում, գետի ոլորանում, լեռնային մի վտակ էր խառնվում նրան, բավական ընդարձակ հորձանուտ կազմում: Այստեղ էլ կանգ առան ու նորից իջան մեքենայից:
Այո, մեկը կին էր` նրբիրան, բարեկազմ: Ծիծաղում էին ուրախ, անհոգ: «Երևի ուղում են լողալ,— անցավ Դաթիկոյի մտքով:—Երանի կինն էլ լողա»:
Ձին ջուր խմեց ու հիմա, վիզն առաջ մեկնած, ախորժակով փետրում էր ոտքերի արանքի փողփողուն կանաչը: «Գոնե մեկ անգամ տեսնեի…»: Կինը Դաթիկոյի կողմը նայեց ու առաջ թեքվեց` գետնից քար վերցնելու: Արևի շեղ ճառագայթների տակ շողշողալ նրա ոսկեգույն մազերը երեսին թափվեցին: Կինը նազանքով քար նետեց ջուրը: Տղաները հարձակվեցին նրա վրա: Նա հրճվագին ծղրտաց ու մի քանի քայլ ետ փախավ: Մազերը նորից երեսին թափվեցին: Արևի շողերը պայծառությամբ խաղում էին մազերի հետ, ու այնպես էր թվում, թե նրա գեղեցիկ դեմքը եզերված է ոսկեգույն լուսապսակով: «Այ, հնում որ ջրահարս էին ասում` երևի հենց այսպիսին է եղել,— ժպտաց Դաթիկոն:— Գնացի՜նք: Ափսո՜ս: Գոնե մեկ անգամ աչք ածեի: Ես քո այդ շիմշատ թևերին մատաղ»: Ոտանավորն ասես ինքն իրեն միտն եկավ.

«Կրծքիցս մի այնպիսի տաք հառաչ պոկվեց,
որ գետինը ոտիս տակ եռակի ցնցվեց»:

Դաթիկոն մոտեցավ ձիուն, շփեց նրա ականջները: Ձին փնչացրեց ու մռութը կրծքին զարկեց: «Դու էլ ես ծուլանում գնալ, չէ՞…»:
Նա մեկ անգամ էլ նայեց` իհարկե… կնոջը:
Այս ի՞նչ է. տղաները, խալաթ-տաբատ հանած, կողք կողքի պպզած, այս ինչո՞վ են զբաղված:
«Չլինի՞ ուզում են դինամիտ պայթեցնել»:
Ասես կայծակ շանթեց: Ձին արագ տարավ դեպի ժայռը, սանձը կապեց ջրի հոսանքից շրջված կաղամախու չոր արմատից, սապոգների ճտքերը վեր քաշեց ու, մտրակի կոթը բռի մեջ պինդ սեղմած, շտապեց դեպի հորձանուտը:
Տղաները վեր թռան: Նրանցից մեկի ձեռքում իսկապես որ դինամիտ կար: Երկուսը լարեր էին քանդում, ետ-ետ նայում: Իսկ քիչ այն կողմ կեռոնի պես վառվում, հուրհրատում էր գեղեցիկ կինը:
Դաթոն մոտեցավ հորձանուտին, ձեռքի հետ մտրակն օդ հանեց ու գոռաց.
— Չգցե՞ս:
Տղան չհասկացավ նրան, ավելի մոտեցավ, ջրին, բերանից հանեց ծխախոտն ու ականջը թեքեց դեպի Դաթիկոն:
— Ի՞նչ… — հարցրեց:— Ի՞նչ ես ուզում…
— Չգցե՞ս…
— Ինչո՞ւ:
— Չի կարելի:
— Ինչի՞ չի կարելի:
— Որովհետև արգելված է:
— Ի՞նչ է եղել որ…
— Արգելված է:
Տղան քմծիծաղ տվեց:
— Մի ասա տեսնենք` ինչո՞ւ է արգելված:
— Չգիտեմ: Արգելված է:
— Գործի՜դ գնա, մարդ աստծո, ո՞վ ե քեզ հարցնում:
— Ո՞նց թե` ով է հարցնում: Ես անտառապահն եմ:
— Հո՜ւ-հո՜ւ… անտառապա՜հ… Այդ ո՞ր օրվանից է անտառապահը օրինավոր մարդ դարձել…
«Ա՜յ քեզ փորձանք»:
— Չգցես, և վե՜րջ…
Ետ գնացած երկու տղան ու աղջիկը մոտեցան իրենց ընկերոջն ու հարցրին, թե ի՞նչ է ուզում անծանոթը: Սա ասաց Դաթիկոյի պահանջը: Տղաները, տաքանալով, թափահարեցին իրենց ձեռքերը ու աղմուկ-աղաղակ բարձրացրին: Իսկ աղջիկը, դյութիչ սրբապատկերի պես կանգնած, իր թավշյա կապույտ հայացքով նայում էր անքթիթ ու շողացնում սառը, սպիտակ ատամնաշարը: Իրոք որ հրապուրիչ էր նա: Խնձորի չափ մի կապույտ քար էր խաղում նրա բռի մեջ:
Դաթիկոն տղամարդու բնազդով զգաց, որ ինքը դուր եկավ այդ կնոջը:
— Է՜հ, դո՜ւ… քեզ պես անտառապահներ շա՜տ ենք տեսել…
Դաթիկոյի դեմքը շառագունեց: Մտրակի կոթը սեղմող նրա մատները ցավեցին:
«Էս անիրավ տղաներն էլ են գեղեցիկ»:
— Չգցես, ասացի:
— Ես կգցեմ, իսկ դու կանգնած մնա այդտեղ:
Հիմա արդեն դինամիտը գանգրամազ, բարալիկ տղայի ձեռքումն էր: Սա ընկերոջից ծխախոտ ուզեց: Հետո ուղղեց-շտկեց դինամիտի գլխիկը: Ծխախոտը վառեց ու ընկերներին նշան արեց ետ քաշվելու: Նրանք ժպտալով դանդաղ ետ-ետ գնացին: Նրանց հետ էլ` ժպտադեմ կինը:
Դաթիկոյի սիրտը նորից պղտորեց քիչ առաջվա լսածը. «Քեզ պես անտառապահներ շա՜տ ենք տեսել»: «Լա՜վ… հիմա կտեսնենք, թե ինչքան եք տեսել»:
Անտառապահը հորձանուտը մտավ, մինչն կուրծքը ջրի մեջ թաղված, մտրակն օդում բարձր բռնած, որքան ուժ ուներ գոռաց.
— Դե գցիր` տեսնենք…
Դինամիտավոր տղան շշմեց: Ժպիտը հանգավ նրա դեմքին: Առաջ հակվեց ու հետաքրքրությամբ նայեց ջրի մեջ կանգնած այդ հանդուգն մարդուն: Մյուսները նույնպես մոտ վազեցին:
Հիմա արդեն կնոջ դեմքն այլայլվել էր: Քարը բռի մեջ սեղմած, նա ձեռքը կողքի էր տարել, լարվել:
— Գի՞ժ ես, ի՜նչ է… Հեռացի՜ր: Ուզում ես կրակի մեջ գցե՞ս մեզ…
Բայց տղաների այս աղմուկ-աղաղակի մեջ վախվորած մարդու ձայնի ելևէջ կար: Դա սիրտ տվեց Դաթիկոյին: Երկու ուժեղ ոստյունով նա իրեն ափ նետեց, ջրով լիքը սապոգներով մի քանի անգամ դոփեց գետնին, ձեռքն առաջ պարզած, մեղմ, հնարավորին չափ խաղաղ-հանգիստ տոնով դիմեց.
— Տո՛ւր դինամիտը:
Գանգրամազ, բարալիկ տղան դինամիտը դեպի մեջքը տարավ ու կողքի գնաց, ասես փախչելու հարմար առիթ էր փնտրում: Դաթիկոն վստահորեն մղվեց դեպի նա, և այն է պիտի հասներ, երբ տղան անսպասելիորեն կռացավ, բռով ավազ վերցրեց ու ներքևից շպրտեց անտառապահի երեսին:
Նույն այդ պահին լսելի դարձավ կանացի մի ազդու ճիչ` «ա՜-ա՜հ»: Դաթիկոն ուզեց ետ շրջվել ձայնի կողմը, տեսնել` ինչ է պատահել, երբ ծոծրակի վրա ծանր հարված զգաց:
Կինն առաջ էր հակվել, աջ ձեռքը մոտեցրել ձախին: Սարսափահար աչքերը չռված էին:

***

Երբ անտառապահն ուշքի եկավ, չհասկացավ, թե որտեղ է ինքը և ինչ է կատարվել իր հետ: Աչքերի առջև ինչ-որ սև ու կարմիր օղակներ էին պտտվում: Հետո հիշեց բոլորը: Ուզեց վեր ելնել, գլուխը մի քիչ բարձրացրեց, չկարողացավ այդպես պահել, նորից ընկավ: «Ախր, երեսիս վրա էի ընկել, ինչո՞ւ եմ մեջքիս վրա պառկած»:
Աջ ձեռքը տարավ դեպի ծոծրակը: Արյուն չկար: Դա քիչ մխիթարեց սիրտը: Նորից փորձեց վեր կենալ: Հիմա արդեն կարողացավ նստել: Գետափն ամայի էր, ոչ մարդ, ոչ մեքենա: «Տեսա՞ր, թե ինչ արեց: Սպանեց, էլի՜»:
Ծոծրակի մեջ ասես հալած արճիճ էին լցրել: Ձեռքը նորից գլխին քսեց, ահագին մի «պոզ» էր ցցվել: Գետի մյուս ափին ձին էր: Նայեց նրա կողմը: Ուզեց վեր կենալ՝ չկարողացավ: «Շան աղջիկը սպանեց, էլի՜»: Դառնորեն ժպտաց. «Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ»: Սրտխառնուկ զգաց: Ցնցվեց ու ամաչեց: Կարծես այն գեղեցիկ կինը դեռ նայում էր հեռվից:
Բայց հո չէ՞ր կարելի այդպես մնալ: Մինչև ջուրը մի կերպ քարշ տվեց իրեն: Ջուրը մտավ, լող տվեց: Բայց դա ի՞նչ լող էր որ: Շան նման ջուրը ճողփելով, հասավ մյուս ափը: Հետո հարբածի պես օրորվելով, գնաց դեպի ձին, կպավ թամբին: Մնում էր՝ մի կերպ նստել: Բայց հիմա նա այդ մասին չէր մտածում, վաղ, թե ուշ կնստի: Ուզում էր կատարված դեպքը պարզել իր համար: «Ախր, ինչո՞ւ, ինչի՞ համար, ա՜յ շան ծիծ կերած»:
Հետո մեկ էլ դեմքը պայծառացավ: Աջ ձեռքի օգնությամբ ձախ ոտքը հասցրեց ասպանդակին, ուժ հավաքեց, մի կերպ բարձրացավ նստեց թամբին ու նոր միայն հիշեց, որ ձին կապված է ծառի արմատից: Ներողամտաբար ժպտաց իր միամտության վրա, ձիու վզով առաջ ձգվեց, սանձը պոկեց արմատից: Ձին կայտառորեն առաջ նետվեց: Թաց մազափունջը ճակատին ծեփված, Դաթիկոն ժպտում էր մերթ ընդ մերթ, մտքի մեջ անընդհատ կրկնելով. «Գեղեցիկ կնոջից բան հասկացա՞ր… Բան հասկացա՞ր գեղեցիկ կնոջից…»:
Թափահարվելիս կամ գլուխն էր ցնցվում, կամ ծոծրակը ցավում ու, ժպիտի հետ դառնություն խառնած, նա քրթմնջում էր.
— Ո՜ւո՜ւխ, ես ձե՜ր…

Թարգմանեց Բենիկ Սեյրանյանը

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով