Բաբա Թահեր. Քառյակներ

Բաբա Թահերը պարսկական դասական պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչներից է: Ասպարեզ է եկել 11-րդ դարում` իրանական վերածննդի ժամանակաշրջանում: Օմար Խայամից հետո հանդիսանում է երկրորդ քառյակագիրը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով: Թահերի քառյակները արտահայտում են իր դարաշրջանի անհատի ողբը դառը ճակատագրի դեմ: Պատահական չէ, որ անգլիացի թարգմանիչ Հերրոն Ալենը գիրքը վերնագրել է «Թահերի ողբը», իսկ գերմանացի թարգմանիչ Լեչինսկին` «Սրտի աստվածային արցունքներ»:

1
Ապակու պես մի սիրտ ունեմ, ցավն անվերջ է,
Երբ ախ քաշեմ` կփշրվի, նուրբ ու խեղճ է,
Մի զարմացեք, որ արցունքս արյունոտ է,
Ես մի ծառ եմ, որի բունը արյան մեջ է:

2
Տիեզերքում մի թիթեռ եմ, բայց ջահ չունեմ,
Աշխարհի մեջ խելագար եմ, ես վախ չունեմ.
Անգամ օձը և մրջյունը մի բույն ունեն,
Ես` խղճուկս, գեթ մի ավեր օջախ չունեմ:

3
Դու հովա՞զ ես, թե կորյուն ես, ով իմ սիրտ,
Եվ դե՛ղ ունես, և թույն ունես, ով իմ սիրտ.
Ձեռքս ընկնես՝ կսպանեմ քեզ, որ տեսնեմ
Թե ինչպիսի՞ դու գույն ունես, ով իմ սիրտ:

4
Կյանքը փոշի, անուղի է, ի՞նչ անեմ,
Ողբս թեկուզ միշտ տեղին է, ի՞նչ անեմ,
Ալվանդ սարին ալ սմբուլ եմ ես ցանել,
Բայց իմ բախտից որ դեղին է, ի՞նչ անեմ:

5
Անկողինս մի սև օձ է, առանց քեզ,
Օրս խավար ու հնոց է, առանց քեզ.
Երբ պարտեզում թափառում եմ մեկուսի՝
Վարդանոցը փշանոց է` առանց քեզ:

6
Սև աչքերդ գինու թաս են, գեղուհի,
Քո ծամերը հրավարս են, գեղուհի.
Միշտ ասում ես էսօր-էգուց կգամ ես,
Սուտ խոսելդ անպակաս է, գեղուհի:

7
Աչքս դառավ ապարանքիդ հուռութքը,
Եկ շիրիմս, թող քո սիրո աղոթքը.
Բայց սարսում եմ ոտքդ դնես իմ աչքին`
Թարթիչներիս փուշը ծակի քո ոտքը:

8
Երկինք, մի՞թե չգիտես, որ հոգնաբեկ եմ,
Մի տանջիր ինձ, զի վշտերի վարար գետ եմ,
Մի պտույտ էլ որ կատարես` կտեսնեմ, որ
Մազե թոկով քեզնից կախված և քեզ հետ եմ:

9
Դու խլեցիր հազարներից էլ ավելի նուրբ սրտեր,
Եվ տառապած հազար մի սիրտ սկսեցիր արնոտել.
Ես հաշվեցի բյուր հազարից բազում սրտեր ու վշտեր,
Բայց չհաշված իմ այս սիրտը` հազարներից շատ էր, տե՛ր:

10
Գարունն եկավ: Պարտեզի մեջ վարդն է բուրում հանց եդեմ,
Հազարավոր սոխակներ են այնտեղ երգում սիրաջերմ,
Ես չեմ կարող ողջ աշխարհը ոտքի տակ տալ ծայրեծայր,
Գուցե ինձնից շատ ավելի վառվածների հանդի¬պեմ:

11
Ախ, որտե՞ղ ես, գեղեցկուհի, կորան սիրո պահերը,
Թարթիչներիդ սուր նետերը խորտակեցին գահերը.
Դու չգիտե՞ս, որ առանց քեզ, ով դեռատի գեղուհի,
Սիրո վերջին հոգեվարքի մեջ է խելառ Թահերը:

Թարգմանեց Սերգեյ Ումառյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով