Մաքսիմ Գորկի. Դիլիջանի կիրճում

…Դիլիջանի կիրճում ընկերներից մեկը կիսաձայն ասաց.
— Այստեղ թուրքերը շատ հայեր են կոտորել։
— Դե, ի՞նչ հարկ կա այսպիսի գեղեցկության մեջ հիշել այդ,— պատասխանեցին նրան:
Այո, զարմանալիորեն գեղեցիկ է։ Թվում է` լեռները հովիտը գրկել ու պահպանում են կենդանի էակների սիրով ու քնքշությամբ։ 1500 մետր բարձրության վրա օդը արտասովոր թափանցիկ է և կարծես ներկված կապույտ, փափկորեն փայլող երանգով։ Փափկությունը այստեղի տիրապետող տպավորությունն է։ Կիրճի խոր հունը լի է այգիների փարթամ կանաչով, և տները ասես թե կանաչ ալիքների վրա հանգիստ լողում են դեպի Գոկչա1 լիճը։ Հարավային Անդրկովկասը ցնցում է իր գեղեցկությունների բազմազանությամբ և հարստությամբ. այս կիրճը ամենագեղեցիկներից մեկն է։ Բայց նրա գեղեցկության վրա անվերանալիորեն ընկած է ոչ հեռավոր անցյալի հիշողությունների մռայլ ստվերը։ Ինձ ցույց են տալիս.
— Թուրքերն ահա այս կիրճն են քշել մոտ վեց հազար հայերի ու կոտորել։ Նրանց մեջ բազմաթիվ երեխաներ ու կանայք են եղել…
Դիլիջանի քնարական չքնաղ կիրճը ամենից քիչ պիտի որպես շրջանակ ծառայեր մղձավանջային, արնաշաղախ ոճիրների հետ կապված հուշերի համար։ Բայց հիշողությանդ մեջ ակամա հարություն է առնում Հայաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ողբերգական պատմությունը, Կոստանդնուպոլսի ջարդը, Սասունի ջարդը, «Մեծ մարդասպանը», «Կուլտուրական Եվրոպայի» քրիստոնյաների նողկալի անտարբերությունը իրենց «քրիստոնյա եղբայրների» բնաջնջման նկատմամբ, ինքնակալ կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական գույքը թալանելու խայտառակ փաստը, վերջին տարիների թուրքական ասպատակությունների սարսափը. դժվար է վերհիշել այդ եռանդուն ժողովրդի ապրած բոլոր ողբերգությունները։
Նման փաստերը զարմանալի արագությամբ ու վարպետությամբ են մոռանում պարոնայք «հումանիստները», իդեալիստները, ագահության, նախանձի, ստրկության և ժողովրդական զանգվածների ցինիկ բնաջնջման վրա խարսխված «կուլտուրայի» պաշտպանները։ Այդ` «մինչև ականջներն արյան ու կեղտի մեջ խրված կուլտուրայի» պաշտպանների ստորությունն ու կեղծավորությունը հասնում է ակնհայտ խելագարության ու ոճրագործության, որն արժանի պատիժ չունի։
…Գնում ենք հայկական գյուղերի մոտով, նայելով դրանց, մոռանում ես, որ ապրում ես 20-րդ դարի երկրորդ քառորդում, միլիարդատերերի, միլիոնատերերի թագավորության օրոք, խելակորույս փարթամության և զարմանալիորեն զարգացած տեխնիկայի դարաշրջանում։ Խստաշունչ հողին են սեղմվել նրան գրեթե հավասար, նրանից չտարբերվող, անտաշ քարից շինված, ցածրատանիք, ցաքուցրիվ շենքեր` անծխնելույզ. անլուսամուտ: Դրանք ավելի քիչ են նման մարդկային բնակարանի, քան Ազնևի նավթահանքերի բանվորական հին բարաքները։ Նույնիսկ ոչխարները փարախները Մոզդոկի տափաստանում ավելի լավ են կառուցված։
Վատ տեղում, չոր հողի վրա են ցրվել հայերի այդ հոգեմաշ, թախծոտ գյուղերը. դրանք նայելուց մի տեսակ ամաչում ես, քեզ վատ ես զգում։ Նրանց մոտ, այս ու այնտեղ երևում են եգիպտացորենի փոքրիկ ավելներ, գարու ցանքսերի կապտագորշ բծեր։ Մեկ-մեկ երևում ու անցնում են կիսամերկ երեխաներ, ծանր աշխատանքից հյուծված, սևազգեստ կանայք։ Դաժան ձմռանը պետք է որ ցուրտ ու անհրապույր լինի մերկ լեռների մեջ ծվարած նախապատմական այս բնակարաններում, լեռներ, որտեղ հանգած հրաբուխներն են թաքնված։ Այս բարձունքի վրա ձմեռը երկար է տևում, և ուժեղ սառնամանիքներ են լինում։ Երբ ահա այսպիսի գյուղերը մտովին դնում ես Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի կողքին, հատկապես լավ է երևում ժամանակակից կուլտուրայի հանցավոր կեղծիքը և հատկապես հասկանալի է դառնում նրա պաշտպանների ատելությունը Սովետների Միության նկատմամբ, ատելություն, որը կխժռի բոլորին, ովքեր ատում են աշխատանքի մարդկանց։
…Փռված է Գոկչա լճի հսկայական կապույտ հայելին, որ ասես երկիր իջած, լեռների գոգն ընկած մի կտոր երկինք լինի։ Արտասովոր մուգ կապույտ է այդ լճի ջրերի գույնը։ Լիճը ցամաքից մոտ 1395 քառակուսի կիլոմետրի հասնող տարածություն է խլել։ Հարուստ է ձկներով, առավելապես սաղմոնով, և ինձ ասացին, որ շուտով այդ ձկից սառեցնելով, Փարիզ կարտահանեն։
Լճափին ռուսական մի մեծ գյուղ կա, այնտեղ ապրում են խոշորակազմ, մարմնեղ կանայք, մորուքավոր, հաղթանդամ տղամարդիկ, շիկահեր չաղլիկ երեխաներ։ Շատ առողջ են, բայց մեծամասնության աչքերը արտասովոր թափանցիկ ու քնկոտ են։ Ես նկատել եմ, որ այդպիսի աչքեր ունեն Շվեյցարիայի լեռնեցի հովիվները, և մտածել եմ, որ դրանք ժամանակից դուրս, իրականությունից դուրս ապրող մարդկանց աչքեր են:
Գոկչայի ափի տեղացիներից մեկը, թիկնեղ, վայելչակազմ, գորշաճերմակ մորուքով մի մարդ, կանգնել էր ձեռքերը մեջքին դրած և նայում էր ավտոմեքենային, ասես հիշելու այդպիսի սայլ արդեն տեսե՞լ է թե՞ ոչ:
— Երևա՞ն եք գնում,— հարցրեց նա բամբ ձայնով: — Այո։
— Երևանը հեռու է,— ասաց նա և անշտապ քայլերով հեռացավ։
Գյուղի տները բավականին լավն են, փայտաշեն, թեև շրջակայքը անտառազուրկ է, իսկ լեռները գրեթե ամբողջովին կազմված են հրաբխային հանքատեսակներից և նրանց մեջ,— ինչպես ինձ ասացին,— կա բավականաչափ փափուկ, շինարարության համար պիտանի քար։ Տներից մեկում տեղավորված է ձկնաբանական կայանը, որտեղ ուսումնասիրում են լճի բնակիչների կյանքը։ Հետաքրքրական փորձ է կատարվում. Գոկչայի կապույտ ջրի մեջ սիգի 15 միլիոն մանրաձուկ են լցրել Լադոգա լճից և վստահորեն սպասում են, որ սիգը կհարմարվի գրեթե 2000 մետր բարձրության վրա գտնվող այդ հսկայական ջրավազանի կյանքին։ Այո, ամենուրեք, Սովետների Միության երկրի բոլոր կետերում մեծիմաստ, համարձակ փորձեր են արվում, նոր կյանք է կառուցվում։ Այդ կառուցումն է առաջինը, որ աչքի է ընկնում, երբ մոտենում ես Երևանին։
Կարմրավուն ամպերի գլխարկ դրած արծաթագլուխ Արարատի մռայլ զանգվածի ֆոնին երևում է մոխրագույն, քարաշեն քաղաքը։ Հեռվից դա այն տպավորությունը ստեղծեց, թե բանտարկված է շինարարական տախտակամածերի վանդակում, որի վրա բանվորների մրջնային ֆիգուրները նոր շենքեր են քանդակում ասես անմիջապես բիբլիական լեռան քարե զանգվածից։ Այդ տպավորությունը նրանից էր, որ շինարարությունը գնում է քաղաքի ծայրամասում և տեսանելի է տախտակամածեցի միջից։ Ջաղացի ներսում այնքան շատ չեն կառուցում, ինչպես այդ հեռվից է երևում. աղքատ է Հայաստանը, բազմիցս տրորված թշնամիների սմբակների տակ, ավերված գազանային այն նույն ատելության ու արնածարավության հետևանքով, որ այնքան հմտորեն բորբոքում են քրմերը ոսկե աստծո, որի անունն է կապիտալիզմ` Դեղին Սատանա։
Այո, աղքատ է Հայաստանը, բայց Երևանն արդեն զարդարված է հիանալի ուժակայանով, որի էներգիան աշխատեցնում է բամբակազտիչ, ձեթի և օճառի գործարանները և պայծառորեն լուսավորում քաղաքը։ Եռանդուն առաջ է մղվում բանվորական բնակարանների շինարարությունը, երկու մեծ մասնաշենք արդեն բնակեցված են, ամենուր զգացվում է խելացի տիրոջ խիզախ ձեռքը, և շարժումը քաղաքում մեծ տոնի նախօրյակի շարժման բնույթ է կրում։
Թանգարանը հիանալի է կազմակերպված, նախատեսված են բազմաթիվ աշխատանքներ, որոնք պետք է արագորեն վերափոխեն քաղաքը։ Ամբողջ երկրում երկրաբանական հետազոտություններ են ծավալվել։ Եվ արդեն կատարվել է մի հայտնագործություն, որը հայերին, անշուշտ, զգալի միջոցներ կընձեռի երկրի արդյունաբերության ու մշակույթի զարգացման համար. Արարատի մոտ հրաբխային տուֆի շատ հարուստ հանքեր են գտել։ Այդ շինանյութից են կառուցված Նեապոլը և Նեապոլի ծոցի առափնյա բոլոր քաղաքները։ Սակայն Արարատի տուֆը Վեզուվի տուֆից ավելի կարծր է, մեխ խփելիս չի ջարդվում և, միաժամանակ, հեշտությամբ կտրվում է, գրեթե օճառի պես։ Հենց քարհանքում տուֆից կարելի է պատրաստել դռների ու լուսամուտների շրջակալներ, բարձակներ, քիվեր, սյուներ, ճարտարապետի տրված չափով կտրել ամեն ծավալի խորանարդներ։ Դրա հանքապաշարները հասնում են հարյուրավոր միլիոն տոննաների։ Այդ հարստության շահագործումը արդեն սկսված է, առբերման գիծ է անցկացվում դեպի Անդրկովկասյան երկաթուղին։ Կարծիք կա, որ տուֆն աղյուսից էժան կնստի և լավ կտարածվի շինանյութերով աղքատ Հյուսիսային Կովկասի երկրամասում և Ուկրաինայում։ Հավանական է, որ Հայաստանի հրաբխային հողը իր ժողովրդին այլ հարստություններ ևս կնվիրի։ Երևանից Թիֆլիս վերադառնալիս` ճանապարհին տեսանք հողի երես ելած սև օբսիդիան` հրաբխային ապակի։
Երեկոյան միտինգից հետո Երևանի երիտասարդությունը քաղաքային այգում ցուցադրեց սասունցիների պարերը, որոնք միանգամայն բացառիկ բաներ են` իրենց ինքնատիպությամբ ու գեղեցկությամբ։ Ես պարարվեստի գիտակ չեմ, անտարբեր եմ բալետի նկատմամբ, բնահատուկ պարերին նայում եմ որպես ուրախ ու թեթև ակրոբատիկայի, ֆոկստրոտին` առանց զզվանքի, բայց գտնում եմ, որ այդ «պարի» մեջ հագուստն ավելորդ է, և, հավանաբար, խանգարում է ազատ շարժումներին պարողների, որոնց կարելի է անվանել նաև անամոթներ, թեև, իհարկե, բնության մեջ կան էլ ավելի անամոթ էակներ, օրինակ` ճանճերը, աքլորներն ու հավերը, այծերը, շնիկները։
Սասունցիների պարերը չեն զարմացնում շարժումների հնարամտությամբ ու բազմազանությամբ և չեն էլ ձգտում դրան։ Նրանց մեջ մի ուրիշ բան կա, ավելի նշանակալից ու խորունկ։ Բեմահարթակ են ելնում ազգային գունագեղ հագուստով երկու երաժիշտ` մի մեծ թմբուկ և մի զիլ զուռնա, իսկ նրանց ետևից դուրս է գալիս շլացուցիչ, բազմերանգ մի մարմին` քսան տղամարդ։ Նրանք անցնում են ուս-ուսի, թիկունքների ետևում ձեռք-ձեռքի տված, շարժվում են որպես մի միասնական մարմին, զարմանալի ռիթմիկ մղիչ ուժով։ Այդ մարմինը շրջան է կազմում, գալարվում, ձգվում ուղիղ գծով և զանազան կոր գծեր կազմում։ Իդեալական ռիթմը, շարժումների թեթևությունն ու սահունությունը ավելի ու ավելի են ամրապնդում միասնականության, միաձուլության թովիչ պատրանքը։ Դժվար է նշմարել յուրաքանչյուր առանձին պարողի, տեսնում ես, թե ինչպես քո առջև օրորվում է գեղեցիկ դեմքերի մի շարան, տեսնում ես նրանց ժպիտը, նրանց աչքերի փայլը. մեկ թվում է, թե նրանք թվով շատացան, մեկ էլ քչացան։ Յուրաքանչյուր առանձին պարողի անհատական գծերը գրեթե աննշմարելի են և շուտով ձեզ հետ խոսում, ձեզ ժպտում է կարծես մի դեմք, իր ներքին կյանքով աննկարագրելիորեն հարուստ մի ֆանտաստիկ արարածի դեմք։ Աշխույժ երգում է զուռնան, բայց նրա զիլ ձայնը արդեն ականջ չի ծակում, ուժգին, բայց փափուկ տակտ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևից մի ուրիշ երաժշտություն ես տեսնում` մարդկային ճկուն մարմնի զարմանալիորեն գեղեցիկ շարժումների երաժշտությունը, նրա ազատ խաղը` վառ զգեստների բազմերանգ ալիքների մեջ։
Մեկ-մեկ, երբ այդ բազմագլուխ մարմնի շարժումների թափը սաստկանալով վերածվում էր ոսկեգույն ծիածանային մրրկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կբաժանվի առանձին օղակների, բայց այդ մրրկի մեջ էլ նրանք պահպանում են շարժումների միահամուռ սահունությունը, ավելացնելով ու խորացնելով ուժի և միասնության սահունությունը։ Ես երբեք չէի տեսել և չէի կարող պատկերացնել շատերի միասնական գործողության մեջ այդպիսի կատարյալ միաձուլություն և կատարյալ զոդվածություն։ Այս, երևի շատ հին պարի մեջ, անշուշտ, խորհրդանշական մի բան է թաքնված, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնակա՞ն, թե՞ ռազմիկների պար։ Ինձ թվում է, թե այն ընդհանուր բան ունի գուրիացիների ռազմական պարի հետ, որ չեմ հիշում ինչպես է կոչվում` «պերխուլի» կամ «խորուլի»։ Բայց նրա մեջ չկար ոչինչ, որ թեկուզ մի քիչ հիշեցներ խլիստների կատաղի «պաշտամունքը» կամ «վերվերի դերվիշների» հիստերիկ ջղաձգությունները, որոնցից, ինչպես ասում են, հիստերիայով վարակվել են նաև մեր աղանդավորները` կովկասյան պրիգուններր։
Սասունցիների պարը, հավանաբար, ռազմիկների հաղթական պարն է։
Ոչ պակաս ինքնատիպ և նույնքան դյութիչ գեղեցկությամբ էին պարում նաև կանայք, որոնք նույնպես արևելյան վառ ու գունեղ զգեստներով էին։ Պարելով, նրանք ցույց էին տալիս, թե ինչպես են սանրվում, շպարվում, կուտ տալիս հավերին, մանում, և մենք բոլորս կրկին հիացած էինք նրանց զարմանալիորեն ռիթմիկ շարժումներով, ձևերի գեղեցկությամբ։ Կանայք մեկը մյուսից առանձին էին պարում և յուրաքանչյուրի շարժուձևերն անհատական էին, այս պատճառով նրանց համար ավելի դժվար էր պահպանել շարժումների ռիթմականությունը, ժամանակի միասնությունը, իսկ նրանք այդ պահպանում էին իդեալականորեն։ Այնուհետև նրանք ցուցադրեցին կաղերի կոմիկական պարը, և թեպետ նրանց զվարճալի շարժումները սահմանակից էին անճոռնի շարժումներին, նրանք զարմանք պատճառեցին ներդաշնակությամբ ու նազելիությամբ։
«Մեր դարաշրջանը որքա՜ն տաղանդներ է կյանքի կոչել, որքա՜ն գեղեցկություն է հարուցել հեղափոխության կենարար փոթորիկը»,— մտածում էի ես Երևանից վերադառնալիս։
Մենք վերադարձանք ուրիշ ճանապարհով, ավելի հարուստ, բերրի հովտով, աղանդավոր, «պրիգունների» գյուղի միջով։ Տարօրինակ տպավորություն են թողնում այդ մեծ ու հարուստ, անեկեղեցի գյուղերը և այդ մորուքավոր խոշորակազմ մուժիկները` նույնպիսի դատարկ ու քնկոտ աչքերով, ինչպիսին որ Գոկչայի ափի նորաբնակիչների աչքերն են։ Ինձ ասացին, որ թուրքական արշավանքը շրջանցել է «պրիգուններին», վնաս չհասցնելով նրանց և որ այդ աղանդավորներին պաշտպանում է նրանց պասիվ անտարբերությունը ամեն ինչի նկատմամբ, իրենց համայնքի և անձնական տնտեսության շահերից բացի։
Հասկանալի է, նրանք իրենց համարում են աշխարհի միակ մարդիկը, որոնք դավանում են «իսկական հավատ»։ 1903 թվականին նրանցից մեկը` Զաքարին,— ազգանունը կարծեմ Նիշչենկով էր կամ Նիկոնով,— Վ. Մ. Վասնեցովին, բժիշկ Ալեքսինին և ինձ ներողամտորեն խրատում էր.
— Մեր հավատը ամենահինն է, այն դեռևս Դավիթ թագավորից է գալիս։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես նա «ցատկոտելով խաղում էր» կտակարանի տապանի առաջ։ Ա՜յ թե մերը որտեղից էր…
Նրա ընկերը` մուգ կանաչագույն ապակե աչքերով, սմքած, լողլող մի ծերուկ, շոյում էր իր սուր ծունկը, օրորվում և խլաձայն ասում.
— Վերջ տուր, Զաքարի, մոսկվացի պարոններին դա չի հետաքրքրում։
Բայց Զաքարին չէր դադարում, նրան գրգռել էր բժշկի ծաղրախոսությունը, և նա, երևի, իրեն շոյված էր զգում նկարչի ջերմ հետաքրքրությունից, որը նրան հարցուփորձ էր անում, ինչպես, հավանաբար, կաթոլիկ-միսիոներներն են հարցուփորձի ենթարկում վայրենիներին։ Բայց Զաքարին իրեն պահում էր ոչ թե վայրենու, այլ քարոզչի նման։
— Ինչի՞ց էր, որ ցատկոտում են,— ուսուցանում էր նա Վասնեցովին,— նրանից, որ մարգարեն եղել է, իմացել է, որ իր ծնկի միջից Քրիստոսն է ելանելու։ Ահա թե ինչ։ Սրբազան պարերը ծանոթ են եղել նաև հույներին։ Ոչ թե այժմվա, այլ հին հույներին` ելեններին, գեղեցկուհի Ելենայի թագավորությանը։ Նրանք այստեղ են ապրել Սև ծովի ափերին։ Այ, Պիցունդայի հրվանդանում պահպանվել են նրանց եկեղեցու մնացորդները։ Նրանք ևս պարել են, ուրախացել, բացականչել «Իվան, դվոյե…»։
— «Էվան, եվոյե»,— ուղղեց Վասնեցովը, բայց Զաքա֊րին տաքանալով շարունակեց.
— Հույնը չի կարող ռուսերեն ճիշտ խոսել, նա սվսվացնում է, ես հույներին գիտեմ։ Իվանը` Նախակարապետն է, իսկ երկուսովը` ասել է, թե նրա ետևից մյուսն էլ կգա, իսկ թե ով է մյուսը` ինքդ հասկացիր…
Բժիշկ Ալեքսինը սկսեց անվայել հռհռալ, Վասնեցովը նույնպես տաքացել էր, ինչպես և Զաքարին։ Դա վիրավորեց ծերունուն։ Նա ձգվեց հասակով մեկ և վճռականորեն հրամայեց.
— Գնանք։ Ժամանակ ես գտել… դատարկաբանելու։
Այդ մարդիկ եկել էին Կովկասի փոխարքայի մոտ գանգատվելու ինչ-որ հալածանքներից։ Նրանք մեզ հետ նույն հյուրանոցում էին ապրում, և ծերունուն թվացել էր, թե պատկառելի բժիշկը Պետերբուրգից ժամանած բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ Վասնեցովը «քաղաքացիական» հագուստով ճանապարհորդող հոգևոր անձ։ Հենց նա էլ Զաքարիին հորդորել է խոսելու մեզ հետ։ Ա. Պ. Չեխովը, մեր ուղեկիցը, հոգնած լինելով ներկա չէր այդ զրույցին։ Երեկոյան, թեյի սեղանի շուրջը, երբ Վասնեցովը նրան պատմում էր «պրիգունների» մասին, նա սկզբում անձայն ծիծաղում էր, հետո հանկարծ, նկարչի տրամադրությանը հակառակ, բարկությամբ ասաց.
— Մեզ մոտ աղանդավորությունը ձանձրույթից է։ Աղանդավորները կուշտ մուժիկներ են, նրանց համար կյանքը ձանձրալի է և ցանկանում են գյուղում տերտերների դեր խաղալ։ Տերտերները ուրախ են ապրում։ Այդ միայն Պրուգավինն է կարծում, թե աղանդները կուլտուրական երևույթ են։ Դուք Պրուգավինին ճանաչո՞ւմ եք։
— Ոչ,— պատասխանեց Վասնեցովը։
— Նա մորուքավոր է, բայց նման է ծծմոր։
Ինչ-որ տեղ հիշատակելով Ա. Ս. Պրուգավինին, ես օգտագործել եմ այդ համեմատությունը, որը չնայած արտասովոր, բայց զարմանալիորեն դիպուկ է։ Իսկ «պրիգունների» հետ զրույցի այս տեսարանը գրել էի «Նիժեգորոդսկոյ լիստոկի» համար, սակայն գրաքննիչը գիծ քաշելով շարվածասյուների վրա, նույնպես գրել էր.
«Եկեղեցական հերետիկոսության թաքնված քարոզ է։ Չեմ թույլատրում։ Սամոյլովիչ»։

—————
1. 1920-30-ական թթ. Հայաստանի մասին ռուս գրողների ստեղծագործություններում Սևանը նշվում է հին անվանումով` Գոչկա:

Ռուսերենից թարգմանեց Ռաֆայել Ավագյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով