Օրասիո Կիրոգա. Կոկորդիլոսների պատերազմը

«Սելվայի հեքիաթները» ժողովածուից

Մի ամայի երկրում հոսում էր մեծ, շատ մեծ գետ, իսկ այդ գետում ապրում էին բազմաթիվ կոկորդիլոսներ։ Նրանք հայուրից ավելի կլինեին, գուցե հազարից էլ ավելի։ Նրանք սնվում էին ձկով և ուտում այն կենդանիներին, որոնք գալիս էին գետափ` ջուր խմելու։ Բայց ամենից շատ ձկներին էին ոչնչացնում։ Ճաշից հետո նրանք հանգստանում էին գետափին` ավազի վրա, իսկ երբեմն էլ, երբ դուրս էր գալիս լիա-լուսինը, խաղում էին կանաչ ջրում։
Նրանք ապրում էին շատ հանգիստ ու երջանիկ։ Բայց մի անգամ իրիկնադեմին, երբ կուշտ ճաշից հետո հանգստանում էին, կոկորդիլոսներից մեկը հանկարծ արթնացավ և բարձրացրեց գլուխը, որովհետև իրեն թվաց, թե աղմուկ է լսում։ Նա լարեց լսողությունը։ Եվ իրոք, հեռվից լսվում էր ինչ-որ խուլ աղմուկ։ Կոկորդիլոսը արթնացրեց իր կողքին քնած ընկերոջը.
— Զարթնիր,— ասաց նա։— Մենք վտանգի մեջ ենք։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տագնապահար ընկերը:
— Չգիտեմ,— պատասխանեց կոկորդիլոսը, որը առաջինն էր զարթնել։ — Ես ինչ-որ անծանոթ աղմուկ եմ լսում:
Մյուս կոկորդիլոսը իր հերթին ականջ դրեց և երկուսով մի րոպեում արթնացրին մնացածներին։ Բոլորը վախեցան և սկսեցին պոչները վերև ցցած ետ ու առաջ վազել։
Իզուր չէր նրանց հուզմունքը, որովհետև աղմուկը գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում։ Շուտով նրանք հեռվում տեսան ծխի ամպի նման մի բան և լսեցին տարօրինակ ձայներ` խըլթ-խըլթ, կարծես թե մեկը հեռու հեռվում շրմփացնում էր ջուրը:
Կոկորդիլոսները զարմացած իրար նայեցին։ Ի՞նչ կարող էր լինել։
Բայց ծեր և իմաստուն մի կոկորդիլոս, բոլոր կոկորդիլոսներից ամենածերն ու ամենաիմաստունը, որի բերանում մնացել էր միայն երկու ատամ և որը իր կյանքում ծովով շատ էր ճանապարհորդել, հանկարծ ասաց.
— Ես գիտեմ, թե ինչ է։ Դա կետ ձուկ է։ Նրանք շատ մեծ են և քթից ցայտեցնում են ջրի սպիտակ շիթեր, իսկ հետո այդ ջուրը նորից ներքև է թափվում։
Այդ լսելով կոկորդիլոսի ձագերը շատ վախեցան և վայնասուն բարձրացրին։ Նրանք սուզվում էին ու ճչում.
— Կե՛տ է, կե՛տ է լողում։
Բայց ծեր կոկորդիլոսը քաշեց մոտիկ կանգնած փոքրիկի պոչից։
— Մի՛ք վախենա,— բղավեց նա։— Ես գիտեմ, թե ինչ է կետը։ Նա ինքն է մեզանից վախենում։ Նա միշտ բոլորից վա խենում է։
Այդ ժամանակ կոկորդիլոսի ձագերը հանգստացան։ Բայց նրանք նորից սկսեցին վախենալ, որովհետև գորշ ծուխը դարձավ սև ու բոլորը լսեցին բարձրաձայն խլթխլթոցը։ Կոկորդիլոսները սարսափից այնպես սուզվեցին, որ ջրի երեսին երևում էին միայն նրանց աչքերը և քթերի ծայրերը։ Ջրի մեջ նստած` նրանք տեսան, թե ինչպես իրենց մոտով լողաց ծխով ծածկված և ջուրը շրմփացնող մի ինչ-որ աժդահա բան. իրականում դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ անվավոր շոգենավ, որը առաջին անգամ էր այդ գետով լողում։
Շոգենավը մոտեցավ, լողաց նրանց մոտով ու անհետացավ: Այդ ժամանակ կոկորդիլոսները դուրս եկան ջրի երեսը և սկսեցին նախատել ծեր կոկորդիլոսին այն բանի համար, որ իրենց խաբել էր.
— Դա կե՜տ չէր,— բղավում էին ուղղակի նրա ականջի տակ, որովհետև ծերուկը խուլ էր։— Այդ ի՞նչ էր լողում։
Ծեր կոկորդիլոսը բացատրեց, որ դա կրակով լցված շոգենավ էր։ Եթե նա նորից այստեղ գա, բոլոր կոկորդիլոսները կմեռնեն։
Բայց կոկորդիլոսները սկսեցին ծիծաղել նրա վրա, մտածելով, որ ծերուկը խելքը թոցրել է։ Ինչո՞ւ պետք է մեռնեն, եթե շոգենավն այստեղով անցնի։ Ո՛չ, խեղճ ծերուկը պարզապես ցնդվել է։
Եվ քանի որ բոլորը սոված էին, սկսեցին ձուկ փնտրել։ Բայց ոչ մի ձուկ նրանք չգտան։ Ո՜չ մի ձուկ։ Բոլոր ձկները շոգենավի աղմուկից փախել էին։ Այլևս ձուկ չկար։
— Ասում էի չէ՞, — ասաց ծեր կոկորդիլոսը։ — Մենք այլևս ուտելու բան չունենք։ Բոլոր ձկները հեռացել են։ Սպանենք մինչև վաղը։ Կարող է պատահել շոգենավը այլևս չվերադառնա, իսկ ձկները ետ կգան, երբ վախենալու բան չի լինի։
Բայց հաջորդ օրը նրանք նորից գետի վրա աղմուկ լսեցին և տեսան, թե ինչպես սարսափելի փնչացնելով անցավ շոգենավը ու այնքան ծուխ բաց թողեց, որ ամբողջ երկինքը սևացավ:
— Այսպե՜ս ուրեմն, — ասացին այդ ժամանակ կոկորդիլոսները, — նավը երեկ անցավ, այսօր նույնպես, ուրեմն կգա նաև վաղը։ Ձկներ այստեղ այլևս չեն լինի, և գազանները չեն գա ափը` ջուր խմելու, իսկ մենք քաղցից կմեռնենք։ Եկեք ամբարտա՛կ կառուցենք։
— Ամբարտա՜ կ։ Ամբարտա՜ կ, — բղավեցին բոլորը, արագ լողալով դեպի ափը։— Եկեք ամբարտակ կառուցենք։
Եվ անմիջապես սկսեցին ամբարտակ կառուցել։ Սկզբում բոլորը անտառ գնացին և տապալեցին տասը հազարից ավելի ծառ. ամենից շատ լապաչո և կեբռաչո , որովհետև նրանք շատ ամուր են։ Հետո, քանի որ կոկորդիլոսների պոչերի վրա փոքրիկ սղոցներ կան, ծառերը կտրեցին իրենց պոչերով և մեկը մյուսից մեկ մետր հեռավորության վրա, գետի ամբողջ լայնությամբ, ցցագերաններ խփեցին գետի հատակին։ Ոչ մի շոգենավ չէր կարող այդ ամբարտակի միջով անցնել, ոչ մեծ, ոչ էլ փոքր։ Եվ կոկորդիլոսները մտածեցին, որ ոչ ոք այլևս չի համարձակվի վախեցնել ձկներին։ Եվ քանի որ նրանք աշխատանքից շատ էին հոգնել, հենց այդտեղ էլ ափին, պառկեցին քնելու։
Հաջորդ առավոտյան, երբ նրանք դեռ քնած էին, նորից լսվեց խըլթ-խըլթ-խլթոցը, ու շոգենավը երևաց։ Բոլորը լսեցին շոգենավի ձայնը, բայց ոչ մեկը գլուխը չրարձրացրեց և անգամ աչքերը չբացեց։ Ի՞նչ գործ ունեին նրանք շոգենավի հետ։
Ինչքա՜ն ցանկանում է թող աղմկի։ Նա, միևնույն է, այստեղից չի կարող անցնել։
Եվ իսկապես, շոգենավը մինչև անգամ չմոտեցավ ամբարտակին, այլ կանգնեց հեռվում։ Մարդիկ տախտակամածից երկար դիտում էին գետը կտրող տարօրինակ պատնեշը և, վերջապես, մակույկը ջուրը իջեցրին, որպեսզի տեսնեն, թե դա ի՞նչ է։ Այստեղ կոկորդիլոսները վեր կացան, մոտեցան ամ-բարտակին և գլուխները մտցնելով ցցագերանների արանքը, սկսեցին ուրախ քրքջալ, զվարճանալով այն բանի համար, որ կարողացան խաբել իրենց թշնամուն։
Մակույկը մոտ լողաց, և մարդիկ, որոնք նստած էին այնտեղ, տեսան կոկորդիլոսների կառուցած հսկայական ամբարտակը և անմիջապես վերադարձան։ Մակույկը նորից հայտնվեց և նրա վրայից բղավեցին.
— Հե՜յ, կոկորդիլոսներ։
— Ի՞նչ եք ուզում,— պատասխանեցին կոկորդիլոսները, գլուխները դուրս հանելով ցցագերանների արանքից։
— Ամբարտակը մեզ խանգարում է,— բղավեցին մարդիկ։
— Հասկանալի՜ է։
— Մենք չե՛նք կարողանում անցնել։
— Հիանալի՜ է։
— Քանդե՛ք ամբարտակը։
— Չե՜նք քանդի։
Մակույկի մեջ գտնվող մարդիկ շշուկով խորհրդակցեցին միմյանց հետ և նորից բղավեցին.
— Կոկորդիլոսնե՜ր։
— Ի՞նչ եք ուզում,— հարցրեցին կոկորդիլոսները։
— Չե՞ք քանդի։
— Ո՛չ:
— Ուրեմն շուտով կտեսնվենք։
— Թեկուզ բոլորովին չտեսնվե՜նք։
Մակույկր վերադարձավ դեպի շոգենավր։ Այդ ժամանակ կոկորդիլոսները, հիացմունքից գլուխները կորցրած, պոչերով խփում էին ջրին։ Այլևս ոչ մի շոգենավ չի անցնի, և նրանք միշտ ձուկ կունենան։
Բայց հաջորդ օրը շոգենավը նորից հայտնվեց և երբ կոկորդիլոսները տեսան` զարմանքից ուղղակի քարացան։ Սա բոլորովին այն շոգենավը չէր։ Ավելի մեծ էր, քան առաջինը։ Սա ի՞նչ նոր նավ է։ Սա՞ էլ է ուզում այստեղից անցնել։ Ո՛չ սա չի անցնի։ Ո՛չ նա, ո՛չ սա և ոչ էլ մեկ ուրիշը։
— Ո՛չ, չի անցնի, — բղավում էին կոկորդիլոսները, նետվելով դեպի ամբարտակը և գրավելով իրենց տեղը։
Նոր շոգենավը երեկվա նավի պես կանգնեց հեռվում։ Նրանից նույնպես մակույկ իջեցրին, որր սկսեց լողալ դեպի ամբարտակը։
Մակույկում մի սպա և յոթ ծովայիններ կային: Սպան բղավեց:
— Հե՜յ, կոկորդիլոսներ։
— Ի՞նչ եք ուզում,— պատասխանեցին կոկորդիլոսները:
— Չե՞ք քանդելու ամբարտակը:
— Ո՛չ։
— Ո՞չ։
— Ո՛չ:
— Լա՜վ,— ասաց սպան։— Այդ դեպքում մենք թնդանոթով քարուքանդ կանենք ամբարտակը։
— Քարուքա՜նդ արեք,— պատասխանեցին կոկորդիլոսները:
Եվ մակույկը վերադարձավ։
Գիտեք ինչ, այդ մոխրագույն նավը ռազմական էր, զրահապատ, սարսափելի թնդանոթներով։ Ծեր, իմաստուն կոկորդիլոսը, հենց նա, որը մի ժամանակ ծովերով ճանապարհորդություն էր կատարել, հանկարծ գլխի ընկավ, թե բանն ինչումն է և բղավեց ընկերներին,
— Սուզվե՛ք: Արա՛գ։ Դա ռազմանավ է։ Նրա հետ կատակ անելը հեշտ բան չկարծեք։ Սուզվե՛ք։
Կոկորդիլոսները մի ակնթարթում անհետացան ջրի տակ, լողացին դեպի ափ և թաքնվեցին այնտեղ, այնպես, որ ջրի երեսին երևում էին միայն նրանց աչքերն ու քթերի ծայրերը։ Հենց այդ պահին ռազմանավից ծխի ամպ բարձրացավ և սարսափելի որոտ լսվեց։ Հսկայական արկը կպավ ամբարտակի հենց կենտրոնին։
Մի քանի գերաններ փշուր-փշուր եղան և օդ բարձրացան։ Անմիջապես նավից մի նոր արկ թռավ, հետո՝ մի ուրիշը։ Եվ ամեն կրակոցից տաշեղների վերածվելով, օդ էր բարձրանում ամբարտակի մի մասը և այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ ամբարտակից ոչինչ չմնաց։ Ո՛չ գերան, ո՛չ տաշեղ, ոչ կեղևի կտոր։
Զրահապատի թնդանոթները ամեն ինչ ոչնչացրին։ Իսկ կոկորդիլոսները, որոնք թաքնվել էին ջրի մեջ, այնպես, որ ջրի երեսին երևում էին միայն աչքերը ու քթի ծայրերը` տեսան, թե ինչպես ռազմանավը ահեղ փնչացնելով անցավ իրենց մոտով և անհետացավ։
Այդ ժամանակ կոկորդիլոսներն ափ ելան և ասացին.
— Նոր ամբարտակ կառուցենք, ավելի մեծ քան
առաջինը։
Եվ հենց այդ երեկոյան, հենց այդ գիշերը նրանք հսկայական գերաններից նոր ամբարտակ կառուցեցին։ Իսկ հետո, շատ հոգնած` պառկեցին քնելու… Հաջորդ առավոտյան նրանք երկար քնեցին և չնկատեցին, թե ինչպես ամբարտակին մոտեցավ ռազմանավը և մակույկը իջեցրեց։
— Հե՜յ, կոկորդիլոսներ,— բղավեց սպան:
— Ի՞նչ եք ուզում,— պատասխանեցին կոկորդիլոսները:
— Քանդե՜ք այդ ամբարտակը:
— Չե՛նք քանդի:
— Մենք թնդանոթով նորից կոչնչացնենք։
— Ոչնչացրեք… Եթե կարող եք:
Կոկորդիլոսները հպարտ էին խոսում, որովհետև հավատացած էին, որ այդ նոր ամբարտակը աշխարհի ոչ մի թնդանոթ չի կարող քանդել:
Քիչ անց ծուխը նորից պատեց շոգենավը և անմիջապես ամբարտակի կենտրոնական մասը սարսափելի դղրդյունով փուլ եկավ։ Բանը այն է, որ այս անգամ դեպի ամբարտակ էին թռչում ոչ թե արկեր, այլ նռնակներ: Նռնակները կպչելով ծառերի բներին` պայթում էին, փշրում հսկայական գերանները և վերածում տաշեղների։ Երկրորդ նռնակը պայթեց առաջինի կողքին և ամբարտակի մի մասն էլ երկինք թռավ: Եվ այսպես քարուքանդ արեցին ամբարտակը, մինչև որ նրանից բան չմնաց, ոչ մի բան։ Այդ ժամանակ ռազմանավը անցավ կոկորդիլոսների մոտով, իսկ մարդիկ, ձեռքերով ծածկելով բերանները, ծիծաղում էին կոկորդիլոսների վրա:
— Այսպե՜ս,— ասացին այդ ժամանակ կոկորդիլոսները՝ դուրս գալով ջրից,— հիմա մենք բոլորս կմեռնենք, քանի որ այսուհետև շոգենավը շարունակ պետք է այս գետով գնա ու գա և ձկները վախից երբեք չեն վերադառնա։
Բոլորի տրամադրությունն էլ ընկավ, մանավանդ, երբ փոքրիկ կոկորդիլոսները լալիս էին և ուտելու բան էին ուզում:
Այդ ժամանակ ծեր կոկորդիլոսն ասաց.
— Հույսը չպետք է կորցնել: Գնանք լոքո ձկան մոտ։ Մենք մի ժամանակ միասին ծովով ճանապարհորդել ենք. նա ական ունի։ Մի անգամ, երբ երկու ռազմանավեր կռվում էին իրար հետ, լոքոն գտնվում էր նրանց մոտ և կարողացավ մի ական թռցնել, որը չէր պայթել: Հարկավոր է լոքոյից խնդրել այդ ականը, չնայած նա մեզանից, կոկորդիլոսներիցս, շատ է վիրավորված, բայց նա բարի սիրտ ունի և չի ցանկանա, որ մենք բոլորս ոչնչանանք:
Բանը նրանում է, որ մի անգամ, շատ-շատ տարիներ առաջ, կոկորդիլոսները կերան լոքոյի քրոջ տղային և այդ օրվանից ծերուկ լոքոն իր բոլոր հարաբերությունները խզեց կոկորդիլոսների հետ։ Բայց հիմա, ոչ մի բանի վրա ուշադրության չդարձնելով, նրանք գնացին լոքոյի մոտ, որը ապրում էր Պարանա գետի ափին, ստորջրյա քարանձավում և քնում էր իր ականի կողքին: Լոքոները երբեմն հասնում են մինչև երկու մետր երկարության` հենց այդպիսին էր ականի տերը։
— Հե՜յ, լոքո, — բղավեցին քարանձավի մոտ հավաքված կոկորդիլոսները, նրա ազգակցի պատմության պատճառով համարձակություն չունենալով ներս մտնել։
— Ո՞վ է ինձ կանչում,— հարցրեց լոքոն։
— Այդ մենք ենք, կոկորդիլոսները։
— Ես գործ չունեմ ձեզ հետ և չեմ էլ ցանկանում ունենալ,— պատասխանեց շատ զայրացած լոքոն։
Այդ ժամանակ ծեր կոկորդիլոսը գլուխը մտցրեց քարանձավի մեջ և ասաց.
— Այդ ես եմ, լոքո։ Քո բարեկամը, այն կոկորդիլոսը, որը քեզ հետ մի ժամանակ ծովով ճանապարհորդել էր։
Լսելով ծանոթ ձայնը, լոքոն դուրս լողաց քարանձավից։
— Ա՜խ, ես քեզ ճանաչեցի,— քնքշանքով ասաց նա իր հին բարեկամին։— Ի՞նչ ես ուզում։
— Մենք եկել ենք քեզնից ականը խնդրելու։ Մեզ մոտ գետում ռազմանավ է լողում և վախեցնում ձկներին: Ռազմանավ, հասկանում ես, այն էլ զրահապատ։ Մենք ամբարտակ կառուցեցինք, բայց ռազմանավը նրանից ոչինչ չթողեց։ Մենք մի ուրիշը կառուցեցինք, բայց դրանից էլ ոչինչ չմնաց։ Ձկները փախել են, մենք քաղցից կմեռնենք։ Տուր մեզ ականը և մենք նույնպես այդ նավից ոչինչ չենք թողնի։
Լոքոն, այդ լսելով, մտածմունքի մեջ ընկավ։ Իսկ հետո ասաց.
— Լա՛վ, փոխարինաբար կտամ, չնայած հիշում եմ, թե ինչպես վարվեցիք իմ քրոջ որդու հետ։ Ձեզանից ո՞վ կարող է ականը բաց թողնել։
Ոչ ոք չէր կարող և բոլորը լուռ էին։
— Լա՛վ,— հպարտությամբ ասաց լոքոն։— Ես ինքս կպայթեցնեմ։ Ես գիտեմ դրա հետ վարվելու ձևը։
Եվ բոլորը պատրաստվեցին ճանապարհ ընկնել։ Կոկորդիլոսները սկսեցին մեկը մյուսից կապկապվել` առաջինի պոչը երկրորդի վզից, երկրորդի պոչը երրորդի վզից, այսպիսով ստացվեց մի երկար շղթա` մոտ մեկ միլ երկարությամբ։ Հսկայական լոքոն ականը բաց թողեց հոսանքի ուղղությամբ, իսկ ինքը սուզվեց և ականը տակից պահեց մեջքով, որպեսզի լող տալը հեշտ լինի։ Եվ քանի որ պատուտակները, որոնցով կապվել էին կոկորդիլոսները իրար, վերջացել էին, ապա նա ատամներով բռնեց վերջին կոկորդիլոսի պոչից, նրանք ճանապարհ ընկան։ Լոքոն ականն էր պահում, իսկ կոկորդիլոսները վազում էին ափով և նրան քարշ էին տալիս իրենց հետևից: Վերև, ներքև, քարերի միջով, նրանք վազում էին, ականը տանելով իրենց հետևից, որը արագ ճեղքելով ջուրը` ալիքներ էր բարձրացնում։
Մյուս օրը, վաղ առավոտյան, նրանք հասան այն աեղը, որտեղ կառուցել էին վերջին ամբարտակը, և անմիջապես սկսեցին կառուցել մեկ ուրիշը, ավելի ամուրը, քան առաջվան էր, քանի որ լոքոյի խորհրդով գերանները ամրացնում էին իրար շատ մոտ։ Դա իսկապես որ հիանալի ամբարտակ էր։
Վերջին գերանը խփելուց հետո մի ժամ էլ չէր անցել, երբ հանկարծ ռազմանավը նորից հայտնվեց և մակույկը, սպայի ու ծովայինների հետ, նորից մոտեցավ ամբարտակին: Այդ ժամանակ կոկորդիլոսները գերանների վրայով վեր մագլցեցին և գլուխները դուրս հանեցին ամբարտակից։
— Հե՜յ, կոկորդիլոսներ,— բղավեց սպան։
— Ի՞նչ եք ուզում,— պատասխանեցին կոկորդիլոսները:
— Նորի՞ց ամբարտակ։
— Այո՛, նորից:
— Քանդե՜ք այդ ամբարտակը։
— Ո՛չ մի դեպքում։
— Չե՞ք քանդի։
— Ո՛չ:
— Լա՜վ, այդ դեպքում լսեք,— ասաց սպան։— Մենք հիմա կոչնչացնենք ձեր ամբարտակը, իսկ որպեսզի հետագայում դուք չմտածեք մեկ ուրիշը կառուցելու մասին, մեր թնդանոթները ձեզ էլ կոչնչացնեն։ Եվ ոչ ոք կենդանի չի մնա, ո՛չ մեծերը, ո՛չ փոքրերը, ո՛չ հաստերը, ո՛չ բարակները, ո՛չ երիտասարդները, ո՛չ ծերերը, ինչպես նաև այն ծեր-զառամյալ կոկորդիլոսը, որին ես տեսնում եմ ա՛յ այնտեղ և որի բերանում միայն երկու ատամ է ցցված։
Ծեր, իմաստուն կոկորդիլոսը հասկացավ, որ սպան իր մասին է խոսում և ծիծաղում է իր վրա, ասաց.
— Ճիշտ է, ես քիչ ատամներ ունեմ և նրանցից շատերը ջարդված են։ Բայց դուք գիտե՞ք, թե վաղր ում պետք է ուտեմ այս ատամներով,— ավելացրեց նա, բանալով իր հսկայական երախը։
— Ո՞ւմ կուտես, հը՞,— հարցրեցին ծովայինները:
— Այդ սպային,— պատասխանեց կոկորդիլոսը և գերանի վրայից թռավ ջուրը։
Մինչ այդ լոքոն ականը հարմարեցրել էր ամբարտակի ճիշտ կենտրոնում, հրամայելով, որ չորս կոկորդիլոսներ ականը պահեն ջրի տակ, մինչև ինքը ազդանշան տա։ Այդպես էլ արեցին։ Անմիջապես մյուս կոկորդիլոսները թաքնվեցին ջրի մեջ, ափից ոչ հեռու, այնպես, որ ջրի երեսին մնացին միայն աչքերն ու քթի ծայրերը։ Իսկ լոքոն ընկղմվեց ջրի մեջ, հենց իր արկի կողքին։
Եվ ահա ռազմանավը ծածկվեց ծխով ու իր առաջին համազարկը տվեց ամբարտակին։ Ականը պայթեց ամբարտակի ճիշտ կենտրոնում, և գերանների կտորները օդ բարձրացան։
Բայց լոքոն քնած չէր, և հենց որ ամբարտակում ճեղք առաջացավ, նա ձայն տվեց կոկորդիլոսներին, որոնք ջրի տակ պահում էին ականը։
— Բա՛ց թողեք, իսկույն բա՛ց թողեք։
Կոկորդիլոսները բաց թողեցին, և ականը ջրի երեսը ելավ։
Շատ արագ ծեր լոքոն ականը տեղավորեց բացված ճեղքի հենց կենտրոնում, մի աչքով նշան բռնեց և միացնելով ականի մեխանիզմը, բաց թողեց ուղիղ նավի վրա։ Եվ չէր կարելի ուշացնել։ Հենց այդ պահին զրահապատից նորից լսվեց համազարկը, արկը պայթեց գերանների մեջտեղը և ամբարտակի մի մասն էլ տաշեղների վերածեց։
Բայց ականը արդեն դեպի նավն էր գնում։ Մարդիկ տախտակամածի վրայից նկատեցին ականը, ավելի ճիշտ տեսան այն հետքը, որն իր հետևից թողնում էր ջրի մեջ։ Բոլորը վախից, բարձրաձայն աղաղակեցին և ցանկացան զրահապատ նավը շրջել, որ ականը նրան չկպչի:
Բայց արդեն ուշ էր։ Ականը կպավ հսկայական նավի ճիշտ կենտրոնին և պայթեց։
Անհնարին է նկարագրել ականի պայթյունից առաջացած սարսափելի դղրդյունը։ Նա պայթեր և նավը վերածվեց տասնհինգ հազար կտորների. երկինք թռան և՛ ծխնելույզները, և՛ մեքենաները, և՛ հրանոթները, և՛ մակույկները։
Կոկորդիլոսները հաղթանակի աղաղակներ բարձրացրին և կատաղած նետվեցին դեպի ամբարտակը։ Այդտեղ նրանք տեսան, թե ինչպես բացված ճեղքից հոսանքը քշում-տանում է մեռածներին, վիրավորներին և նրանց, որոնք անվնաս էին մնացել։
Կոկորդիլոսները հավաքվեցին ամբարտակի անվնաս մնացած գերանները, և երբ մարդիկ լողալով անցնում էին նրանց կողքից, ծիծաղում էին նրանց վրա, թաթերով ծածկելով բերանները։ Նրանք մարդկանցից ոչ մեկին չէին ուզում ուտել, չնայած գիտեին, որ նրանք արժանի են դրան։ Բայց երբ կողքից լողաց ոսկեզօծ համազգեստով մի մարդ, ծեր կոկորդիլոսը մի թռիչքով նետվեց ջրի մեջ և… «չրըխկ», երախը երկու անգամ չրխկացնելով` կուլ տվեց նրան։
— Ո՞վ էր այդ քեռին,— հարցրեց ինչ-որ միամիտ կո֊կորդիլոս։
— Սպան էր,— պատասխանեց լոքոն։— Իմ հին բարեկամը խոստացել էր նրան ուտել և կերավ։
Կոկորդիլոսները քանդեցին ամբարտակի մնացած մասերը, որը այժմ ոչ ոքի հարկավոր չէր, որովհետև էլ ո՞ւմից պիտի վախենային։ Լոքոն, որին շատ էր դուր եկել սպայի գոտին և երիզները, խնդրեց, որ իրեն տան։ Ստիպված եղան դրանք դուրս քաշել ծեր կոկորդիլոսի երախից, որովհետև կպել էին նրա ատամներին։ Լոքոն գոտին անցկացրեց լողակների տակով և ամրացրեց փորի վրա, հետո իր երկար բեղերի ծայրեցից կապեց ոսկյա երիզը, որով առաջ զարդարված էր սպայի սուսերը։ Քանի որ լոքոյի մաշկը շատ գեղեցիկ է՝ մուգ խալերով, ինչպես օձերինը, նա սկսեց կոկորդիլոսների մոտ հպարտ-հպարտ ետ ու առաջ լողալ, որոնք հիացմունքից երախները բացած՝ նայում էին նրան։
Այնուհետև կոկորդիլոսները նրան ուղեկցեցին մինչև քարանձավը և շարունակ շնորհակալ էին լինում։ Իսկ հետո տուն վերադարձան։ Շուտով վերադարձան նաև ձկներր։ Կոկորդիլոսները ապրեցին երջանիկ և հիմա էլ երջանիկ են ապրում, որովհետև նրանք վերջ ի վերջո վարժվեցին շոգենավին մակույկներին, որոնք գետով նարինջ էին տանում:
Բայց նրանք ռազմանավի մասին լսել անգամ չեն ուզում:

Թարգմանեց Ռ. Ավետիսյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով