Ժակ Սեմելեն. Բռնությունը թոթափելու ելքը

ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բախումների ժամանակ անհատը այլընտրանքի առջև է կանգնում, պետք է ենթարկվի կամ հակադրվի: Այս ընտրությունը նախ և առաջ կատարվում է նրա գիտակցության մեջ, հակառակորդը ոչ մի կապ չունի: Ընտրելով հնազանդությունը, մարդը խոնարհվում է թշնամու առաջ, դադարում որպես անհատ գոյություն ունենալուց, որպեսզի հետո կործանվի ֆիզիկապես: Վախը կամազրկում է նրան, նա փորձում է խույս տալ իրականությունից, մասնագիտական ու կենցաղային ոլորտում ժխտում է ահասարսուռ իրականությունը, փորձում է մոռանալ այն: Ինքն իրեն համարելով անկախ, իրականում նա ընկնում է թակարդը` հայտնվում է պետության լիակատար ենթակայության ներքո, որը «պահում է» նրան` սպառնալով սոցիալական կարգավիճակով, բնակարանով, ընտանիքով: Նմանօրինակ իրավիճակում մարդկանց մեծամասնությունը հակադրվելու մասին չի մտածում, փորձում է փրկել սեփական կյանքն ու հանգստությունը:
Կեղեքումը մարդու գիտակցության մեջ հակադրության և ենթարկվելու բախում է առաջացնում: Այդ բախման ուժգնությունը հարաբերական է անձը ճնշող ուժին: Սակայն բնույթով անկախ է ուժգնության չափից: Կեղեքման դիմագրավող անհատը երեք ընտրություն ունի` կամ նա լիովին կեղեքողների կողմն է և պատրաստ է նրանց հետ համագործակցելու, կամ, չցանկանալով վերջնական ընտրություն կատարել, հարմարվում է հասարակարգին, ներանձնանում փրկարար արժեքների մեջ և կեղծ անվտանգություն զգում, կամ էլ վերջապես ոտքի է ելնում և ընտրում կեղեքողին հակադրվելու ուղին, վստահ լինելով, որ ի վերջո ամբողջովին կփոխի իր կյանքը: Այդպիսով նա փրկում է մարդկային արժանապատվությունը: Նա ինքն իրեն հաշիվ է տալիս, որ այդ ճանապարհը փշոտ է ու կարող է կործանարար լինել, բայց որքան էլ արտառոց թվա, դա իր և ուրիշ շատերի կյանքը փրկելու ամենահավանական ուղին է: Տվյալ ուղին ենթադրում է հավատ այն արժեքների հանդեպ, որոնք բխում են մարդասիրական, քաղաքական կամ կրոնական իդեալից, պաշտպանում են ազատությունն ու արդարությունը: Ազատությունը պաշտպանելու, արդարությունը նվաճելու գաղափարը առաջնային հոգեբանական և բարոյական հենարանն է դառնում մահվան սարսափի դեմ մաքառելիս: Համոզմունքները օգնում են հաղթահարել վտանգը և դիմակայել տառապանքներին: Ընդհակառակը, նրանք, ովքեր զուրկ են ներքին էությունից, ծայրահեղ իրադրության մեջ կորցնում են մարդկային դեմքը, ստորանում են կեղեքիչի հանդեպ, բարոյապես անկում ապրում և ի վերջո ֆիզիկապես կործանվում:
Բժիշկների կարծիքով, հոգեկանը հսկայական բարերար ազդեցություն է գործում օրգանիզմի վրա, օգնում դիմակայել հիվանդություններին և առողջանալ: Իմ համոզմամբ, հոգեկանը օգնում է նաև հակադրվել բռնության հիվանդությանը: Ծայրահեղ պայմաններում գտնվող անձի վարքի քննությունը առավել վառ պատկերացում է տալիս նրա ներքին ուժերի մասին: Եթե անհատն ի վիճակի է ծայրահեղ պայմաններում հակադրվել ամենակործանարար բռնությանը, դա ապացուցում է, որ նա կհակադրվի ոչ բռնի մեթոդներով իրագործվող բռնությանը: Անզեն մարդը բռնության հանդեպ լիովին անպաշտպան չէ: Նրա զենքը անտեսանելի է: Բռնության բեռի ներքո մարդը կարող է խոնարհվել, բայց չկոտրվել: Նա չի զիջի, եթե օժտված է հակադրության ներքին ուժով: Անհատի խորը համոզմունքներով, բարոյական, քաղաքական կամ կրոնական իդեալին նրա նվիրվածությամբ է պայմանավորված գործողությունների ներքին ազատությունը պահպանելու ունակությունը, բռնության հարվածների հանդեպ ինքնիշխանությունը: Բռնությանը հակադրվել` նշանակում է հոգու խորքում մասնակիորեն պահպանել անկախությունն ու ներքին ազատությունը և ինքնուրույնաբար վճռել, թե ինչ է հարկավոր անել և ինչի մասին մտածել:
Անկախությունը, ինքնիշխանությունը ընկալվում է որպես օրենքի հանդեպ յուրահատուկ անձնական վերաբերմունք: Ինքնիշխան, ինքնավար` autonomos բառը ստուգաբանորեն նշանակում է ինքն իրեն սեփական օրենք թելադրելու իրավունք: Զինված և անզեն անհատի ստույգ հակադրումը` անկախության օրենքի ընդդիմությունն է բռնության օրենքին: Հետապնդողը կարող է զոհին պարտադրել իր կամքը, ստիպելով հետևել իր օրենքներին: Սակայն չի կարող ստիպել զոհին ներքուստ ընդունել այդ օրենքները, եթե նա ինքը դրանց չենթարկվի: Այն դեպքում, երբ հետապնդողի օրենքները դառնում են զոհի սեփական օրենքները, վերջինս համարվում է ամեն կարգի անկախությունից զուրկ և ինքնությունը կորցրած: Զոհը խաղալիք է դառնում հետապնդողի ձեռքում և իրեն դատապարտում է լիակատար հնազանդության ու մահվան: Նման վերլուծությունը հետապնդողին դիտում է որպես ստորակարգության համակարգի գործառնական աստիճաններից մեկը: Հետապնդողը նույնպես զուրկ է պատասխանատվության զգացումից: Նա խամաճիկ է, ամբողջատիրական պետական մեխանիզմի կույր կամակատարը: Երբեմն կամակատարներն էլ «խղճի խայթ» են ունենում և իրենց հերթին դեմ են դուրս գալիս բռնությանը: Դա նրանց անկախության դրսևորումն է: Այսպիսով, ինքնիշխանությունն այն միջոցն է, որով մարդը, լինի զոհ թե դահիճ, հակադրում է բռնությանը: Եթե իշխանությանը ենթարկվելը տանում է դեպի բռնություն, ապա ինքնիշխանությունը` դեպի բռնության բացասում:
Բռնությունը մասնավոր կյանք է ներխուժում հաղթականորեն, բայց շուտով թուլանում է, կորցնում ազդեցիկությունը, ձգտում թաքնվել կեղծիքի ետևում, որը բռնության միակ հանգրվանն է և գոյություն ունի բռնության շնորհիվ: Ամեն օր չէ, որ մենք բռնության ծանրությունը զգում ենք մեր ուսերին: Նա մեզնից պահանջում է միայն ամենայն օր անմասն չմնալ կեղծիքից, կեղծիքին ենթարկվելուց: Ազատագրվելու ամենապարզ եղանակը յուրաքանչյուր անհատի կեղծիքից զերծ մնալն է: Սուտը թաքցնում է ամեն ինչ, թափանցում է ամենուր, բայց եթե ազատվեն նրանից, չաջակցեն նրան, անգործունյա մարդկանց պասիվության փակ շրջանը կճեղքվի: Մահաթմա Գանդին բռնության բացասումը կոչում էր «ճշմարտության ուժ», կեղծիքին, չմասնակցելը համարելով ազատագրվելու առաջին քայլը: Անկեղծության և շիտակության զգացումը մարդասիրության կամ կրոնական բարոյականության տեսակետից կարելի է դիտել նաև որպես տարրական հոգեբանական հատկություն, որը հաւրուկ է պատասխանատվություն, ունեցող և անկախ անձնավորությանը: Բռնությունը կարող է մեղքի զգացում հարուցել միայն պատասխանատվության զգացում ունեցող մարդու և ոչ մշտապես բռնության ազդեցության տակ գտնվող խամաճիկի հոգում:
Պարզ է, որ պատասխանատվությունը և ինքնիշխանությունը ձեռքբերովի հատկություններ են: Երբևէ անձը գիտակցում է, որ դարձել է անարդարության զոհ, որ ենթարկվելը կործանում է իրեն որպես անհատի: Այդ պահից նա պատասխանատու է դառնում իր բախտի համար և անկախ վարքագիծ է ձեռք բերում: Հեշտ չէ պատասխանատվության և ինքնիշխանության վարժվելը, սակայն այն օգնում է մարդուն դուրս պրծնել ճակատագրական պայմանականություններից: Միայն այդպիսով անձը կտրում է կոնֆորմիզմի և ենթակայության ներքին կապերը: Այդ առումով ինքնավարությունը և պատասխանատվությունը ոչ բռնի գործողության կարևոր բաղկացուցիչներն են: Այս հատկությունները մարդուն դարձնում են դիմադրելու ընդունակ անհատ: Անհատը պետք է հոգեկան մեծ աշխատանք կատարի իր արժանապատվությունը, գործելու կարողությունը գիտակցելու համար: Գործողության և սեփական անձի գիտակցության միջև դիալեկտիկական կապ գոյություն ունի: Ինքնագիտակցումը արդեն գործողություն է, մինչդեռ գործողությունը վեհացնում է մարդուն որպես անհատ:
Բայց բոլոր մարդիկ սեփական անձը որպես անհատականություն միատեսակ չեն ընկալում: Ոմանք ընդհանրապես ընդունակ չեն պայքարել անարդարության դեմ, հանուն ազատության և խաղաղության: Չի կարելի ակնկալել, որ բոլորը բռնությունը բացառելու ուղին կբռնեն, մեքենաբար դադարեցնելով բռնությունը: Անհատի ուղղվելու շուրջ առանձնակի հույսեր փայփայելը փակուղի է տանում: Բռնությանը վերջ տալու մասին բազում աշխատություններ բացառապես մարդուն բարոյական կամ հոգեբանական վերածննդի կոչ են անում: Կարծում եմ` միայն դաստիարակությունը, որքան էլ այն կարևոր լինի, բավարար չէ աշխարհը փրկելու համար: Անբռնությունը չպետք է ուղղված լինի միայն պասիվության և ենթարկվելու հոգեբանական մեխանիզմների վերացմանը: Այն պետք է
արմատավորվի գոյություն ունեցող աշխարհում, որտեղ մարդիկ ավելի շուտ հնազանդ են, քան անկախ, առավել անհոգ են, քան պատասխանատվությամբ լի: Միայն այսպիսի պայմաններում պետք է ստուգվի անբռնության բնույթը որպես պատմության բախումները վճռող միջոց:

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ

Ցանկացած անբռնադատ գործողության ակունքը բախումն է: Անբռնության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ առկա է բախումը:
Լանսա դել Վաստան` Եվրոպայում բռնությունից ձերբազատվելու տեսության հիմնադիրը, հավաստում էր. «Հանգիստ կյանքում անբռնությունը ի հայտ չի գալիս: Մարդը կարող է չիմանալ, թե ինքն ինչ հայացքներ ունի: Դա պարզվում է լուրջ տարաձայնությունների ժամանակ»: Հայտարարել, որ չվիճող մարդիկ ապրում են անբռնության սկզբունքին համապատասխան, անհեթեթ կլինի: Հաճախ արտաքին խաղաղության ետևում թաքնվում է բախումը քողարկող բռնություն: Բռնությունը հանգիստ վիճակում թողնում է ընդհարումների բացակայության տպավորություն: Սակայն, բռնակալի դեմ անսպասելիորեն բռնկված պայքարը ի ցույց է դնում վաղուց հասունացած տարաձայնությունը:
Պատմությանը հատուկ են բախումները և ոչ բռնությունը: Այս երկու հասկացությունները հաճախ շփոթում են, շրջանցելով նրանց միջև եղած սկզբունքային տարբերությունը: Բռնությունը բախումը վերացնելու հնարավոր եղանակներից մեկն է` միմյանց ոչնչացնելու ճանապարհով: Այն ձգտում է նշել բախումը, քանի որ ուղղված է հակառակորդի ֆիզիկական բնաջնջմանը: Բռնությունը միջոց է, բախումը` վիճակ: Պատմությունն ի հայտ է բերում մարդկային շահերի հակադիր կարծիքների ընդհարումներ, որոնք դրսևորվում են տարբեր կերպ: «Տարաձայնությունների ժամանակ,— գրել է Լանսա դել Վաստսւն,— հնարավոր է անձի վերաբերմունքի հինգ տարբերակ` չեզոքություն, բախում, փախուստ, գերություն և անբռնություն»: Վերջինս ընդհարման հնարավոր հակազդեցություններից մեկն է` բռնությունից հրաժարվելը անբռնության սկզբունքն ընդունել չի նշանակում: Այն կարող է նաև քստմնելի վախկոտության կամ էլ ամոթալի փոխզիջման արտահայտություն լինել: Բռնության բացակայությունը, նրանից հրաժարվելը նույնպես անբռնություն չէ:
Անհատը հաճախ բռնությունը համարում է տարաձայնությունը հարթելու միակ եղանակը: Բռնությունը ուժի դրսևորման ձևերից մեկը կարող է դառնալ այն դեպքում, երբ երկխոսությունը նպատակին չի հասնում և չի համոզում հակառակորդին: Բայց «ուժի դրսևորումը» պարտադիր չէ, որ բռնություն լինի: Անբռնադատ վարքը նույնպես յուրօրինակ ուժի ցուցադրում է, որը տարաձայնությանը նոր բովանդակություն է հաղորդում:
Բռնությունից զերծ պայքարը ի զորու չէ հրաշագործության, յուրաքանչյուր բախում հարկ է մանրազնին քննության ենթարկել: Անթույլատրելի է բռնության անդառնալիության մասին վայրկենական որոշում ընդունելը: Վախով և ատելությամբ բռնված մարդը, որպես կանոն, իրադրությունը և իր հնարավոր ուժերը անհամապատասխանաբար է գնահատում, այդ իսկ պատճառով հարկավոր է կշռադատել բոլոր հանգամանքները, տարաձայնությանը հաղորդելով առավելագույն իմաստ, բանականություն և երևակայություն: Բախումների ժամանակ մեծ դեր է խաղում հակառակորդների միմյանց մասին ունեցած կանխակալ կարծիքը: Բացասական վերաբերմունքը որոշակիորեն մերձեցնում է դահճին ու զոհին, քանի որ թշնամի խմբերն իրենց հակառակորդին օժտում են բոլոր հնարավոր թերություններով, հանգելով նրան բնաջնջելու անհրաժեշտության գաղափարին:
Պետք է բախվեն անհատները և ոչ միմյանց մասին թյուր պատկերացումները: Բռնությունից զերծ պայքարի հիմնական սկզբունքը հակառակորդի անհատականությունն ընդունելն է: Բռնությունը ճնշող առաջին մեխանիզմը հակառակորդին որպես անհատ ընդունելն է, այլ ոչ որպես չարագործ, որին անհրաժեշտ է ոչնչացնել: Այստեղից պարզ է դառնում, որ անբռնության կողմնակիցները ժխտում են սպանությունը: Սակայն բռնությունից զուրկ բախման պայմաններում էլ հակառակորդները մնում են որպես հակառակորդներ, չնայած միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքին:
Անբռնադատ արարքը հիմնվում է հակառակորդի սոցիալական գործառնության (քաղաքական, զինվորական, տնտեսական) և իր սոցիալական դիրքորոշման միջև արմատական տարբերությունների վրա: Անբռնության նպատակն է սահմանազատել այն, ինչը հակառակորդին գործողության է մղում և այն, ինչը արտաքին դրսևորման ու սոցիալական կարգավիճակի ետևում թաքցնում է նրա մարդկային էությունը: Լանսա դել Վաստան պնդում է, որ «անհատականությունը իրականում մարդն է, իսկ նրա դերն այն է, ինչ վերապահում են նրան»: Եթե բախումնային իրավիճակում մարդն իր ուշադրությունը կենտրոնացնում է սոցիալական դերի վրա, դրանով իսկ ոտք է դնում բռնության ուղին, որից ձերբազատվելը դժվար է:
Ընդհակառակը, հակառակորդին որպես անհատականություն ընդունելով, անհատը մեկուսացնում է բռնության մեխանիզմը, որը հենվում է կանխակալության և ատելության վրա: Ատելության առաջացման մեխանիզմը ճնշելու համար գործնական անբռնությունը դիմում է հումորի: Զ. Ֆրոյդը հումորը համարում է թախծից պաշտպանվելու մեխանիզմ: Հումորը համակրանք է շարժում, չեզոքացնում ավելորդ դրամատիզմը, վերացնում ատելությունը:
Մարտին Լյութեր Քինգը ավետարանական «Սիրիր թշնամուդ» սկզբունքը մեկնում է որպես հակառակորդի մեջ անհատականությունը հարգելու պահանջ, վերանալով նրա սոցիալական դերից: Այսպիսով, անբռնությունը չի ձգտում հաշտեցնել ճնշվածներին ու ճնշողներին, քանի որ այդ հաշտությունը հնարավոր է միայն ճնշվածների իրավունքները հարգելու և ճնշողների արդարացի դառնալու պայմանով:
Չբռնանալու հասկացությունը երկակի բնույթ ունի` մի կողմից այն կոչ է անում հարգել հակառակորդ անձը, մյուս կողմից` պայքարել նրա դեմ: Բռնությունից զերծ գործողության ելակետը հակառակորդին օբյեկտիվ ընկալելն է և համառորեն սեփական իրավունքներին ու արժեքներին ձգտելը, որոնք թշնամին չի ցանկանում ճանաչել:
Ըստ Քինգի, անբռնությունը պահանջում է ունենալ «ամուր կամք և քնքուշ սիրտ»: Այստեղից բխում է անբռնության նոր բնորոշումը` «երկարաժամկետ տոկունություն»: Անբռնությունը կատարում է երկմիասնական խնդիր` ճնշում է բռնությունը և նպաստում անհատի մարտունակության զարգացմանը` այն կործանարար ուժի վերածող հոգեբանական մեխանիզմներից ձերբազատելու ուղիով: Բռնությունից զերծ մարտունակությունը կայուն է, գործուն, ի զորու է ոչնչացնել վախից ու ատելությունից ծնված կանխակալ պատկերացումները: Բռնությունը ներքին անջրպետ է ստեղծում, որը թույլ չի տալիս ոչնչացնել հաղթանակողի իշխանության տակ գտնվող ախոյանին, նահանջի սողանցք է թողնում, որպեսզի վերջնականապես չստորացնի նրան: Հակառակորդի մեջ զատելով անձնավորությունը և սոցիալական գործառնությունը, բռնությունից զուրկ մարտունակությունը դրսևորվում է տարբեր ձևերով: Դա առաջին հերթին անձի վրա իշխող սոցիալական պայմանականությունների ոչնչացման միջոցով սեփական անհատականության գիտակցում է և սեփական հոգում անկախության ու պատասխանատվության զգացում դաստիարակելը: Հակառակորդի սոցիալական գործառնությունը ճնշվում է ձևապաշտությունից զերծ հարաբերությունների հաստատումով: Չբռնացող գործողությունները առաջին հերթին ուղղված են սոցիալական անարդարությունը պահպանող կառուցվածքների դեմ: Բռնության էությունը հանգում է մարդու ֆիզիկական ոչնչացմանը, անբռնությունը պայքարում է հակառակորդի ճնշման դեմ: Անբռնության հասկացության հիմքում դրված է անձի ու նրա գործառնության միջև արմատական տարբերությունը: Հակառակորդի գործառնությունը ամփոփված է քաղաքական ինստիտուտների, տնտեսական կառուցվածքների, ճնշող ապարատի շրջանակներում: Անբռնությունը դեմ է դուրս գալիս ճնշման կառուցվածքներին և ոչ թե այդ կառուցվածքները զբաղեցնող մարդկանց:
Այս տարբերակումը ընկած է քաղաքացիական ընդդիմադրության ռազմավարության հիմքում, որի հիմնական մարտավարության եղանակը համագործակցությունից հրաժարվելն է: Ոչ թե սպանել, այլ չեզոքացնել մարդկանց և կաթվածահար անել կառուցվածքները` սա է անբռնադատ գործողությունների սկզբունքը: Քաղաքացիական դիմադրության արդյունավե-տությունը կախված է մասնակիցների թվից: Անբռնության ուժը մարտիկների թվաքանակի մեջ է: Անբռնությունը պարտադիր չէ, որ անձի իդեալը դառնա: Այն կարող է մնալ որպես քաղաքական ելույթների ռազմավարական գիծ: Բայց անբռնության սկզբունքը, ինչ խոսք, կապված է որոշակի արժեքների հետ: Չի կարելի այն որպես սոսկ մարտավարություն ընդունել, քանի որ այդ դեպքում ճնշող ապարատն էլ կարող է անբռնությունը ծառայեցնել իր նպատակներին: Անբռնությունն անբաժան է մարդասիրական և կրոնական իդեալներ հաստատող բարոյականությունից: Սակայն, անբռնության էթիկան պատմականորեն հաստատում է ոչ թե բացարձակ ձերբազատում բռնությունից, այլ նշանակում է ձգտել արդարության և ազատության, պայքարել սեփական իրավունքների համար: «Բռնություն-անբռնություն» հարաբերակցության վերլուծումը ցույց է տալիս, որ ճնշման մեթոդ ծառայող անբռնությունը հանդես է գալիս միջնորդավորված բռնության դերում, որը կորցրել է իր ավերիչ ուժը և մյուս բնորոշ հատկանիշները: Ըստ Ժ. Մ. Մյուլլերի, «եթե ոչ բռնի արարքը մասամբ բռնության արտահայտություն է, ապա այդ բռնությունը անհետացող է, մինչդեռ բռնի գործողությունը բռնության ծնունդ է կամ վերականգնում»: Չի կարելի միմյանց հետ համեմատել տիրոջ սպանությունը և նրան բոյկոտելը:
Ոչ բռնի պայքարում միշտ էլ գոյություն ունի երրորդ առարկան կամ անձը, որը խանգարում է բախման բացահայտ զարգացմանը և բռնությանը միջնորդավորված բնույթ է հաղորդում: Ընդհակառակը, բռնի պայքարում մինչև ատամները զինված հակառակորդները հանդիպում են դեմ առ դեմ, մերժելով ամեն կարգի միջնորդություն, պայքարին հաղորդելով պարզունակ, կենդանական բնույթ: Բռնությունից զերծ բախումը համապատասխանում է սոցիալական հասունությանը:

ԱՆԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

Շատերը վաղուց մասնակցում են բռնությունից ձերբազատմանը, իրենք էլ այդ մասին չիմանալով: Հակադրվելով բռնությանը, խուսափելով նրա մեթոդներից, մարդիկ բռնում են անբռնադատության ուղին: Բայց անբռնադատությունը պաշտոնական կարգավիճակ չունի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել բռնությունը բացառող գործողությունների մեթոդները և սկզբունքները, նրանց մասին գիտելիքներ տարածել:
Անբռնությունը պետք է մարդկության պատմության ու մշակույթի մեջ իր արժանի տեղը գրավի, դուրս գա ընդհատակից և դառնա ուսումնասիրության ու վեճերի առարկա: Նորից վերընթերցելով պատմությունը, հարկավոր է առանձնապես կանգ առնել քաղաքացիական դիմադրության պատմության վրա, որը հանիրավի անտեսվում է:
Անբռնությունը պետք է լուսաբանվի տարբեր գիտությունների տեսանկյունից` կենսաբանության, հոգեբանության, սոցիոլոգիայի, ազգագրության, տնտեսագիտության, մարդաբանության: Բռնությունից ձերբազատումը համադարման չէ: Դեռ Մահաթմա Գանդին պնդում էր, որ «բացարձակ անբռնությունը հնարավոր է միայն տեսականորեն, ինչպես Էվկլիդեսի ուղիղ գիծը»: Բռնությամբ տոգորված և որոշակիորեն բռնության վրա հիմնված աշխարհում անհնար է բացարձակ անբռնության հասնել: Խոսքը ոչ թե անբռնադատելի վիճակի մասին է, այլ դրան ձգտելու: Բռնության և անբռնության միջև առկա դիալեկտիկական կապի ապացույցն է յուրաքանչյուր, նույնիսկ ամենաազատամիտ մարդու հոգու խորքում բռնության հյուլեի պահպանումը, որը նրան մղում է բռնանալու:
Ընդհանրապես հարկ է, որ զարգացվի անբռնությունը, մեխանիզմներ մշակվի բռնությանը հակադրվելու և նրան հսկելու համար:
Բռնադատությունը արդյունավետության քաղաքական բարոյականության կրողն է: Այն մերժում է բարի նպատակների, ասենք` արդար և իրավահավասար աշխարհի ստեղծման համար «միջոցների մեջ խտրություն չդնելը»: Մարդուն բնորոշ է ապագայում իր գործողությունների հետևանքները անտեսելը: Այստեղից են գալիս բռնի միջոցներով խաղաղության պահպանման խելահեղ փորձերը` ուրիշների ազատությունը խլելով ազատություն նվաճելը: Միջոցները գերակշռում են զուտ ձևական նպատակներին:
Աշխարհը փոխակերպվել է խաղաղության և արդարության կարգախոսների տակ թաքնված բռնության և կեղեքման միջոցների թագավորության: Հավատի կարիքը, կրոնի հանդեպ չափազանցված վերաբերմունքը արտահայտում են վերադարձ դեպի նպատակները, իմաստից զրկված նյութական աշխարհում նպատակների հաղթանակը միջոցների հանդեպ:
«Անբռնություն» հասկացությունը ձգտում է միավորել բարոյականությունը և քաղաքականությունը որպես գործողության ծառայող բարոյականության իդեալական համադրություն: Բարոյականությունը մարդու անվտանգության պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով անբռնությունը չի կարող ծառայել քաղաքական բոլոր նպատակներին:
Հավակնոտությունը և բռնությունը սովորաբար փոխկապակցված են: Իսկ անբռնությունը մարդուն ազատում է հավակնոտությունից, կենտրոնացված պետությունից, նրա հոգում առաջացնելով պատասխանատվության զգացում: Անբռնությունը չի տանում դեպի հրաժարումն իշխանությունից: Հասարակությունը անհնար է պատկերացնել առանց սոցիալական կոնսենսուս հաստատող իշխանության: Բայց անբռնությունը միավորվում է ապակենտրոնացված իշխանության հետ, որը քաղաքացիներին թույլատրում է սեփական ուժերով կառավարել հասարակությունը: Այլ կերպ ասած, անբռնությունը ներգրավվում է ինքնակառավարվող հասարակարգում:
Բռնությունից ձերբազատվելը մեր օրերում դառնում է պատմական անհրաժեշտություն: Հնարավոր է, որ այն ծագում է իրադարձությունների ճնշման ներքո: Երբ մարեն քաղաքական վեճերը, քաղաքական թևերի բաժանվելը կդառնա անիմաստ: Միջուկային վտանգի պայմաններում կարևորը մարդկության հարատևելն է: 20-րդ դարի ընթացքում բռնության որակափոխությունները ստիպում են մարդկությանը միավորվել, որպեսզի մեր մոլորակում հաղթանակի կյանքը:
Անբռնությունը նոր պատմության սաղմերի կրողն է, որն ունակ է մարդկությանը տանել նոր ուղղությամբ: 21-րդ դարը կլինի բռնությունից ձերբազատվելու դար և կամ էլ ընդհանրանա չի լինի:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով