Ֆրանչեսկո Պետրարկա. Բանաստեղծություններ գրված Լաուրայի կենդանության ժամանակ

ՍՈՆԵՏ
(I)
Երգերում այս որբ դուք ձայնն եք լսում
Իմ սիրտը մաշող այն հառաչանքի,
Երբ դեռ ինձ անհայտ սիրո տանջանքի
Այժմ մոխրացած կրակն էր կիզում:

Այրող վշտեր են իմ հոգին հուզում
Հույսերով ունայն, տանջանքով կյանքի,
Բայց ով էլ սիրո թույնը ճաշակի,
Կզգա, ինչպես է սիրտը նվազում:

Մինչդեռ ես հիմա տեսնում եմ անցավ,
Զգում, թե չնչին ամբոխը ինչպես
Թունոտ քրքիջով ինձ ծաղրող դարձավ.

Եվ այն, ինչ կյանքում վաստակեցի ես,
Միայն ամոթն էր, որպես ծանր ցավ,
Իսկ լավը չքվեց կարճ երազի պես:

ՍՈՆԵՏ
(II)
Որպեսզի ընդմիշտ վրեժը լուծի
Վիրավորանքի համար բյուրավոր,
Իր նետը ձգեց Ամուրը մի օր,
Փնտրելով մի պահ, որ թաքուն խոցի:

Դեմքս, աչքերս ես փակ պահեցի,
Բայց Նետը մահու իջավ ահավոր
Հանկարծ իմ սրտին, որ միշտ բախտավոր
Երբեք չէր կրել ցավեր հարվածի:

Սակայն շփոթված` կրեց հարվածներ,
Եվ ուժ չգտավ, ոչ էլ ժամանակ,
Գոնե պատրաստվեր, կռվի զենք վերցներ.

Նա ինձ չփրկեց բարձունքում մենակ
Բախտիս հարվածից, բայց այսօր կուզեր
Օգնել ու փրկել ցավից անքանակ:

ՍՈՆԵՏ
(III)
Այդ այն օրն էր, երբ արևը մարեց
Արարչի հանդեպ իր կարեկցանքից,
Երբ անհոգ էի, բայց մի օր էլ ինձ,
Դոննա, աչքերիդ ցանցը պարուրեց:

Ես չէի կարծում, թե ժամին այդ մեծ
Պետք է վախենալ սիրո տանջանքից,
Եվ ես գնացի վստահ, անթախիծ,
Ու ցավս ընդհանուր ցավից սկսվեց:

Ամուրն ինձ գտավ անզեն, կամակար,
Տարավ դեպի սիրտ ճամփեքով անել,
Աչքերս միշտ բաց, ցավին ակնդետ.

Բայց շատ դժվար չէ, Դոննա, քեզ համար
Անզեն վիճակում ինձ վիրավորել,
Երբ զինվածիդ դեմ չեմ հանել ես նետ:

ՄԱԴՐԻԳԱԼ
(I)
Սիրածին այնպե՜ս դուր չեկավ Դիանան,
Երբ դյութիչ մի պահ, մերկ բոլորովին,
Պաղ ջրերի մեջ նկատեց նրան,
Որքան ինձ` դաժան ու խիստ հովվուհին,
Որը ուզում էր լվանալ դյութող,
Նուրբ քողը` գցված ոսկե վարսերին.
Թեև երկինքն էր փայլում արևշող,
Ինձ համակել էր սիրո ցուրտ մի դող:

ՍՈՆԵՏ
(IV)
Նա, ով ցույց տվեց իր գործը վերին
Աշխարհ կերտելու արվեստում հուժկու,
Նա, ով ստեղծեց Կիսագունդն երկու,
Մարսը ենթարկեց գոռ Յուպիտերին,

Ով երկիր իջավ հավատով խորին
Թղթերում եղած ճիշտը պարզերս,
Պետրին, Հովհաննին օրինակ տալու
Եվ մեծ իրավունք` իշխելու երկնին,

Նա իր ծնունդով Հռոմը չընտրեց,
Այլ Հրեաստանը, քանզի երկնածին
Համեստությունը սիրով նախընտրեց:

Այսպես քաղաքն այս մարդիկ պատվեցին,
Վայր ու բնություն փառքով պսակվեց.
Երբ չքնաղ մի կին երկրին տվեցին:

ՍՈՆԵՏ
(V)
Երբ հառաչանքով ես քեզ եմ կանչում,
Քեզ, ում անունը սրտումս է գրված,
Գովելով այնպես, լսում եմ հանկարծ,
Քաղցր տառերի ձայնն եմ ճանաչում:

Եվ արքայական տեսքիդ անուրջում
Կրկնապատկվում է սերս անթեղած,
Բայց լռի՞ր, լռի՞ր, գոչում եմ հոգնած,
Քեզնից ուժեղ կա, էլ ո՞ւր ես ճչում:

Այսպես ուզում եմ ես գովել, հարգել
Լոկ անունը քո և բոլորը թող
Բառերն այս կրկնեն` սիրով անարգել.

Լոկ կզայրանա Ապոլոնն հաղթող,
Որ մահկանացուն ուզում է երգել
Դափնու միշտ դալար ճյուղերը դյութող:

ՍՈՆԵՏ
(VI)
Մոլորված է իմ ցանկությունը խենթ,
Փնտրում է նրան ու հեռու գնում,
Բայց Սերը ցանցն է ճարպկորեն դնում,
Չի տալիս վազքիս անգամ արահետ:

Եվ ինչքան շատ եմ ուզում այսուհետ
Հարթ ճամփով գնալ, այնքան էլ`հոգնում,
Ո՛չ խթանելը, ո՛չ սանձն է օգնում,
Զի Սերն է նրան միշտ տանում իր հետ:

Երբ սանձը նրան պահում է տեղում,
Ես տեր եմ դառնում խենթ ձգտումներիս,
Որը ինձ Մահվան ժանտ գիրկն է մղում.

Տեսնում եմ նրանց դափնուն գնալիս,
Ուր թուփն է ծածկում պտուղը բեղուն,
Որը չի բուժում, այլ ցավ է տալիս:

ԲԱԼԼԱԴ
(I)
Դոննա, արևին կամ էլ ստվերում
Չեք հանում քողը,
Երբ նկատեցիք այն ցանկությունը,
Որ անհուն տենչ էր իմ սրտին բերում:
Մինչ կրում էի ես պայծառ իղձեր,
Խոլ ցանկությունը իմ միտքը խոցեց.
Գութը զարդարեց ձեր չքնաղ դեմքը,
Սակայն Ամուրը գաղտնիքը բացեց:
Շղարշը ծածկեց շեկ մազերը ձեր,
Իր մեջ ներփակվեց սիրո հայացքը,
Ինչ տենչում էի, կորցրեց հիացքը:
Այնպես է իշխում շղարշը անգին,
Որ ես կմեռնեմ ցրտին և շոգին,
Թե ձեր աչքերի լույսը չփայլի:

ՍՈՆԵՏ
(VII)
Ընդ, ուր ընդունեց քողը շորերի
Առաջին Դոննան հիասքանչ մի օր,
Պոետին թողեց անբուն ու մոլոր
Երկնից ուղարկված ծովում ցավերի:

Մենք գնում էինք ազատ ու արի,
Կյանքում անցողիկ, ուր մարդիկ բոլոր
Փորձում են գտնել ճամփաներ միշտ նոր,
Որ ցավ ու վշտեր իրենց չբերի:

Բայց մեր այս դժբախտ, խղճուկ վիճակում
Մի մխիթարանք ունենք իրական,
Որ մոտ ենք մահվան մեր անցվոր կյանքում.

Մխիթարանք կա ցավի մեջ, սակայն,
Որ դա մնում է միշտ նրա ձեռքում,
Շղթայված ամուր կապով մշտական:

ՍՈՆԵՏ
(VIII)
Երբ մոլորակը, որ ժամն է չափում
Ու վերադառնում իր բույլքը Ցուլի,
Երկիրն է պճնում ծաղկունքով էլի,
Ջերմություն, լույս է եղջյուրից թափում:

Ինչպես պճնում է կյանքը այս ափում,
Նույնպես և երկրի ընդերքն անհունի,
Ուր լույսը օրվա երբեք մուտք չունի,
Եվ հուռթի երկիրն էլ չի սարսափում:

Ինչպես պտուղը ճյուղին է փայլում,
Նա էլ կանանց մեջ արև է մի վառ,
Աչքերով լուսե միշտ ինձ է նայում.

Ծնում է խոհեր, խոսքեր անհամար,
Սակայն ինձ համար գարուն չեն բերում,
Ինչքան նայում են աչքերը անմար:

ՍՈՆԵՏ
(IX)
Եթե իմ կյանքը` տանջանքից անվերջ,
Ու վշտից խորունկ փրկեմ դառնացած,
Կուզեմ քեզ տեսնել այնքան ծերացած,
Որ խամրի լույսը աչքերիդ անշեջ:

Արծաթը փայլող ոսկե հյուսքիդ մեջ,
Հագուստը անշուք, զարդը մոռացած,
Ի ցավ իմ սրտի, դեմքդ թալկացած,
Կստիպեն տխրել, ողոքել անվերջ:

Սերը համարձակ կդարձնի այնժամ,
Ու ես տանջանքիս մասին կպատմեմ,
Թե ինչպես անցան և՛ օրեր, և՛ ժամ.

Ու թե տարիքը անցած է արդեն,
Գոնե չի տանջի իմ ցավը դաժան,
Ու հառաչանքից հոգիս կազատեմ:

ՍԵՔՍՏԻՆ
(I)
Էակները ողջ, որ կան երկրում,
Թեև ատում են պայծառ արևին,
Բայց աշխատում են, քանի կա օրը.
Ու երբ երկինքն է վառում աստղերը,
Ոմանք տուն, ոմանք գնում են անտառ,
Հանգիստ առնելու մինչ լուսաբացը:

Երբ ճառագում է վառ լուսաբացը,
Ստվերներն են լուռ չքվում երկրում,
Գազաններն ելնում, զարթնում անտառը.
Ես թառանչով եմ նայում արևին,
Ու երբ տեսնում եմ ելնող աստղերը,
Արտասվում եմ լուռ, երազում օրը:

Երբ երեկոն է քշում այդ օրը,
Խավարն է ծածկում վառ լուսաբացը.
Ինձ տխրություն են բերում աստղերը,
Որոնց չար կամքով հող եմ ես երկրում,
Եվ անիծելով պայծառ արևին,
Գազանների պես տենչում անտառը:

Չի տեսել երբեք թավուտ անտառը
Նման մի գազան, ցերեկն ու օրը,
Ում լալիս եմ ես մթնով, արևին.
Չեմ հոգնում այսպես մինչ լուսաբացը.
Քանզի հողեղեն էակ եմ երկրում,
Եվ ինձ տանջանք են բերում աստղերը:

Ու մինչ կտեսնեմ պայծառ աստղերը,
Մինչև որ կընկնես սիրո անտառը,
Հողե մարմինս թողնելով երկրում,
Գեթ նկատեի այն պայծառ օրը.
Նրան տեսնելու մի լուսաբացը
Ուժ կտար հավետ կյանքիս արևին:

Մեկտեղ ճամփեինք գոնե արևին,
Մնայինք մենակ մենք ու աստղերը,
Միայն մի՜ գիշեր, ու լուսաբացը
Թող որ ուշանար, մթներ անտառը,
Եվ նա չգնար, ինչպես այն օրը,
Երբ Ապոլոնը թափառեց երկրում:

Բայց ինձ կամփոփի երկրում անտառը,
Օրն ավելի շուտ կբերի աստղերը,
Բան լուսաբացը՝ պայծառ արևին:

ՍՈՆԵՏ
(X)
Երբ ուրիշ կանանց խմբից անբաժան
Նա Ամուրի հետ գալիս է նորից,
Ինչքան չքնաղ է նա այդ բոլորից,
Այնքան աճում է իմ սերը արժան:

Օրհնում եմ տեղը, ժամանակ ու ժամ,
Երբ նրան տեսան աչքերս նորից,
Հոգի, գոհ պիտի լինես քո օրից,
Քեզ արժանացած պատվից վաղաժամ:

Նա է խոհերիդ միշտ ծնունդ տալիս,
Գրավում դեպի բարիքը վերին,
Ծածկում աչքիցդ, ինչ դուր է գալիս.

Նա է պարգևում ազնիվը, բարին,
Եվ դեպի երկինք ուղի ցույց տալիս,
Լցնելով հոգիս հույսերով խորին:

ՍՈՆԵՏ
(XI)
Շրջվում եմ, շրջվում ես ամեն քայլիս,
Հոգնած մարմնով, որ ինձ է տանջում,
Շնչելով օդը, որ դուք եք շնչում,
Գնում եմ առաջ ու ինձ վայ տալիս:

Քաղցր բարիքի մասին խորհելիս,
Իմ այս կարճ կյանքի մեծ ճամփամիջում,
Ես կանգ եմ առնում, սաստիկ ամաչում,
Աչքս գետին եմ գցում ու լալիս:

Ու միշտ ելնում է արցունքի միջից
Մի խորին կասկած, թե ինչպե՞ս կյանքում
Կարող եմ ապրել հեռու ձեր շնչից.
Իսկ Ամուրը թե` «Քեզ այն է փրկում,
Ինչ որ ծնվում է սիրո անուրջից,
Մարդկային հզոր զգացման գրկում»:

Իտալերենից թարգմանեցին Գևորգ Վիրապյանը և Էդուարդ Ավագյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով