Ռաբինդրանաթ Թագոր. Անծանոթ աղջիկը

Հիմա ես ութսունյոթ տարեկան եմ։ Իմ կյանքը հետաքրքիր է ոչ թե իր երկարատևությամբ ու առաքինությամբ, այլ մի իրադարձությամբ, որի մասին հիշողությունը առանձնապես թանկ է ինձ համար։ Այն իմ կյանքում նույնքան կարևոր դեր է խաղացել, որքան մեղուն ծաղկի կյանքում։
Իմ պատմությունը մեծ չէ, և ես կարճ կպատմեմ։ Նրանց, ովքեր հասկանում են, որ փոքրը դեռ չի նշանակում աննշան, պատմությունս անշուշտ դուր կգա։
Այն ժամանակ ես նոր էի հանձնել կոլեջի քննությունները։ Մանուկ հասակումս արդեն իմ ուսուցիչը բոլոր հիմքերն ուներ ծիծաղելու հաճելի արտաքինիս մրա և, համեմատելով ինձ շիմուլի ծաղկի հետ, անվանելու «գեղեցիկ անպտուղ ծաղիկ»։ Երբ փոքր էի, դրանից խիստ վիրավորվում էի, սակայն տարիների ընթացքում եկա այն մտքին, որ եթե նորից ապրելու լինեի, ապա դարձյալ, համենայն դեպս, ավելի լավ է գեղեցիկ լինել, թեկուզ դա ուսուցչին առիթ տա ծաղրելու։
Հայրս աղքատ էր։ Փաստաբանություն անելով նա մեծ հարստություն դիզեց, սակայն նրան այնպես էլ չվիճակվեց իր հաճույքի համար ապրել։ Միայն մահվան մահճում նա առաջին անգամ թեթևությամբ շունչ քաշեց։
Ես դեռ շատ փոքր էի, որ նա մահացավ, և մայրս մենակ է դաստիարակել ինձ։
Մայրս աղքատ ընտանիքից էր։ Դրա համար էլ մի քիչ պարծենում էր իր հարստությամբ, ինձ էլ չէր թողնում այդ մասին մոռանամ։
Մանուկ հասակում ինձ շատ են երես տվել, և կարծում եմ հենց դա է պատճառը, որ ես այդպես էլ իսկական չափահաս մարդ չդարձա։ Նույնիսկ հիմա էլ ես նմանվում եմ Գանեշի փոքրիկ եղբորը` նստած Օննոպուրնայի1 ծնկներին։
Բայց իմ իսկական խնամակալը հորեղբայրս էր։ Նա կլանված էր մեր ընտանիքի շահերով, ճիշտ այնպես, ինչպես Պխուլգա գետի ավազը ներծծված է իր ջրով։ Ոչ մի բան չէր արվում առանց նրա։ Ուստի ես հարկադրված չէի որևէ բանի մասին հոգալու։
Աղջիկ ունեցող հայրերը պետք է համաձայնվեն, որ ես նախանձելի փեսացու էի։ Նույնիսկ չէի ծխում։ Օրինակելի մարդ լինելը դժվար բան չէ, ուստի ես այդպիսին էի։ Ես օժտված էի ամեն բանում մորս խորհուրդներին հետևելու ունակությամբ, և իսկապես էլ չունեի այն հատկությունները, որոնք հնարավորություն տային այլ կերպ վարվելու։ Ես միշտ պատրաստ էի ենթարկվելու տան կանանց իշխանությանը, իսկ ամեն մի աղջիկ ամուսին ընտրելիս պետք է հաշվի առնի այդ լավ նախանշանը։ Առաջարկություններ էին գալիս շատ նշանավոր տներից։ Սակայն հորեղբայրս (նա իմ բախտը տնօրինող աստծու գլխավոր վստահելի անձն էր երկրի վրա) իմ ամուսնության հարցում իր կարծիքն ուներ։ Հարուստ հարսնացուները նրան դուր չէին գալիս։ Նա ուզում էր, որ աղջիկը մեր ընտանիքը մտնի գլուխը խոնարհաբար իջեցրած։ Բայց հորեղբայրս չափից ավելի էր սիրում փողը։ Եվ նա ուզում էր գտնել այնպիսի հայր ունեցող հարսնացու, որը հարուստ չլիներ, բայց և միաժամանակ պատրաստ լիներ ապահովելու իր աղջկան, այնպիսի մի հայր, որից կարելի լիներ որևէ օգուտ քաղել և որը միաժամանակ չնեղանար, եթե մեր տանը նրան ղեյլանի փոխարեն առաջարկեին ծխել կոկոռի ընկուզենուց հասարակ ծխամորճ։
Իմ բարեկամ Խորիշն աշխատում էր Կանպուրում։ Արձակուրդ գալով Կալկաթա, նա տակնուվրա արեց հոգիս։
— Էդպիսի մի աղջիկ կա,— ասաց նա։
Նրա գալուց քիշ առաջ ես ստացել էի արվեստների մագիստրոսի կոչում։ Ինձ սպասվում էր անժամկետ արձակուրդ. չէ՞ որ հարկադրված չէի ո՛չ քննություններ հանձնել, ո՛չ աշխատանք փնտրել, ծառայել, մտածել գործերի մասին, սովորել, ո՛չ էլ անգամ որևէ բան ցանկանալ։ Տանն ամեն բանի մասին հոգ էր տանում մայրս, դրսում` հորեղբայրս։
Անգործության այս անապատում էլ ահա իմ առջև ծագեց մի միրաժ, որ իմ աչքից ծածկեց ողջ աշխարհը։ Դա իմ երևակայության ստեղծած գեղեցիկ կնոջ կերպարն էր։ Նրա հայացքն էր երկինքը, մեղմ քամին` նրա շունչը, իսկ տերևների սոսափյունի մեջ լսում էի նրա արտասանած նվիրական բառերը։
Հենց այդ ժամանակ էր, որ եկավ Խորիշն ու պաամեց հարսնացուն մասին։ Սիրտս դողաց, ինչպես բոկուլ ծառի մատղաշ տերևները գարնան քամու պոռթկումներից։
Խորիշը սրամիտ մարդ էր նա կարող էր մարդկանց մեջ հետաքրքրություն շարժել, և հետո, իմ սիրտն էլ ծարավի էր սիրո։
— Հորեղբորս հետ խոսիր,— առաջարկեցի նրան։
Խորիշին չէր կարելի գերազանցել իր շուրջը մարդիկ հավաքելու կարողության մեջ։ Մարդկանց շրջանում նա մեծ համակրանք էր վայելում։ Հորեղբայրս, սկսելով նրա հետ զրուցել, այլևս չէր ուզում նրան բաց թողնել։ Ամբողջ խոսակցությունը տեղի էր ունենում հորեղբորս հյուրասենյակում։ Հորեղբորս ամենից ավելի հետաքրքրում էր հարսնացուի հոր գործերի վիճակը։ Պարզվեց, որ ամեն բան հենց այնպես է, ինչպես ինքն էր ուզում: Մի ժամանակ նրանց ընտանիքի հարստության գավաթը լիքն էր, հիմա նա դատարկ է, բայց հատակին դեռ որոշ բան մնում է։ Նրանք միջոցներ չունեին այնպես ապրելու, ինչպես պահանջում է տոհմի պատիվը, ուստի թողնելով ծննդավայրը, գնացել էին արևմուտք, ուր ապրում էին շատ համեստ կյանքով։ Աղջիկը հոր միակ դուստրն էր, և հայրն անշուշտ, առանց տատանվելու կտար ամենը, ինչ մնացել էր իրենց ընտանիքը երբեմնի բարեկեցությունից։ Ամեն ինչ լավ էր, բայց մի բան շփոթեցնում էր հորեղբորս. արդեն լրացել էր աղջկա տասնհինգ տարին։
— Որևէ բանով արատավորված չէ արդյոք դրանց տոհմը,— անհանգստանում էր նա։
— Ո՛չ,— հավաստիացրեց Խորիշը։ — Պարզապես հայրը չի կարողանում արժանի փեսացու գտնել իր աղջկան: Հիմա փեսացուների գինը խիստ բարձրացել է։ Իսկ նրա հայրը երդվել է, որ աղջկան լավ ընտանիքի մարդու տա։ Նա սպասում էր, իսկ ժամանակն անցավ, և աղջիկը մեծացավ։
Ինչպես էլ լիներ, Խորիշի հմուտ ճառն ազդեցություն ունեցավ։ Հորեղբայրս մեղմացավ։
Հարսանիքի նախնական բանակցություններն անցան առանց բարդությունների։ Իհարկե, հորեղբայրս գիտեր, որ աշխարհը տարածվում է Կալկաթայի սահմաններից էլ շատ հեռու, ընդգրկելով իր մեջ ամեն ինչ, ընդհուպ մինչև Անդոմանյան կղզիները2: Մի անգամ նա ինչ-որ հատուկ առիթով գնացել էր նույնիսկ Կանագար3։ Բայց, այսուհանդերձ, եթե հորեղբայրս լիներ Մանուն4, նա չէր հապաղի անմիջապես հրամանագրով արգելելու նույնիսկ Խաբրա5 կամուրջն անցնելը։
Հոգուս խորքում շատ էի ուզում ինքս գնալ և տեսնել աղջկան, սակայն չէի համարձակվում առաջարկել անգամ այդ։ Որոշված էր հարսնացուին տեսության և օրհնանքի ուղարկել մորաքրոջս տղային` Բինուին։ Նրա ճաշակին և խելքին կարող էի միանգամայն վստահել։
— Լավիկն է,— հայտարարեց նա Կանիպուրից վերադառնալով։ — Քաշովը մեկ ոսկի է։
Բինուն միշտ զուսպ էր իր գնահատությունների հարցում։ Այնտեղ, ուր մենք ասում էինք «հիանալի է», նա ասում էր «տանելի է»։ Ուստի ես հասկացա, որ իմ ամուսնությունը թշնամանք չի սերմանի Պրաջապոտի և Կամադևայի6 աստվածների միջև։

II

Հարկ չկա ասելու, որ հարսանիքը պետք է կայանար Կալկաթայում։ Շոմբխունատխ-բաբուն7, ինչպես Խորիշին խոստացել էր, Կալկաթա եկավ հարսանիքից երեք օր առաջ։ Նա մոտ քառասուն տարեկան էր կամ գուցե քիչ ավելի։ Մազերր սև էին, միայն բեղերի մեջ սկսել էր ճերմակ երևալ։ Շոմբխունատխ-բաբուն աչքի ընկնող տղամարդ էր, և նրան չէր կարելի մարդկանց մեջ չնկատել:
Հուսով եմ, որ նա էլ գոհ մնաց իմ արտաքինից։ Սակայն այդպե՞ս էր իրոք. դժվար էր հասկանալ. Շոմբխունատխ-բա բուն խիստ սակավախոս էր։ Մի քանի խոսք կասեր, ու կարծես էլ ուժ չուներ շարունակելու: Իսկ հորեղբայրս շատախոսում էր անդադար. ասես, ի միջի այլոց, նա շարունակ ընդգծում էր, որ հարստությամբ ու դիրքով մենք չենք զիջում քաղաքի մյուս ընտանիքներին։
Շոմբխունատխ -բաբուն խոսակցությանը գրեթե չէր մասնակցում և երբեմն միայն, երբ հորեղբայրս մի վայրկյան լսում էր, անորոշ «հըմ» էր անում կամ ասում «այո»։ Ես լինեի հորեղբորս տեղը, թափս կկոտրվեր, բայց հյուրի վարքագիծը հորեղբորս ամենևին չէր շփոթեցնում։ Նա որոշեց, որ Շոմբխունատխ-բաբուն անհետաքրքիր, անհամ մարդ է։ Մտքում նա գոհ էր դրանից, քանի որ գտնում էր, որ հարսնացուի ազգականների ավելորդ աշխույժ բնավորությունը արժանիք չէ։ Երբ Շոմբխունատխը պատրաստվեց գնալ, հորեղբայրս անփութորեն և մի տեսակ բարձրից հրաժեշտ տվեց նրան ու նույնիսկ չուղեկցեց մինչև կառքր։
Բաժինքի հարցում երկու կողմերն էլ համաձայնության եկան։ Հորեղբայրս խիստ հպարտանում էր, որ այս գործում բացառիկ ճարպկություն հանդես բերեց։ Նա ոչ մի անորոշ բան չէր թողել։ Ամեն ինչ վճռված էր. բաժինքի որ մասը կտրվի փողով, ինչքան զարդեր կլինեն և դրանց ոսկին ինչ որակի պետք է լինի։ Ես չգիտեի էլ, թե օժիտն ինչպիսին կլինի, բայց հասկանում էի, որ այդ մասին բանակցություններն անխուսափելի են, որ դա հարսանեկան պատրաստությունների հիմնական մասն է, և հորեղբայրս դրանցից չի հրաժարվի։ Մանավանդ որ հորեղբորս զարմանալի գործնականությունր մեր ընտանիքի պարծանքն է։ Բոլոր վեճերի ժամանակ, երբ գործը վերաբերվել է մեր ընտանիքի շահերին, հորեղբայրս հաղթել է, դա բոլորի կողմից ընդունված փաստ էր։ Թեև մենը փողի կարիք չունեինք, իսկ հարսնացուի ընտանիքը նեղության մեջ էր, միևնույն է, մենք պետք է մերը պահանջեինք, այդպես էր մեր ընտանիքի կարգը, ուրիշների հետ գործ չունեինք։
Հարսնացուի տուն կուրկումի արմատից պաստա ուղարկելու արարողությունը շատ շքեղ կազմակերպվեց8։ Հատուկ մեկը պետք է լիներ, որ կարողանար հաշվել, թե ինչքան մարդ է մասնակցում շքերթին։ Մայրս ու հորեղբայրս քմծիծաղ էին տալիս, մտովի հաշվելով, թե որքան անհանգստություն կպատճառի մյուս կողմին դրա հատուցումը։
Վերջապես, նվագախմբի, ֆլեյտայի և սիրող երգիչների բարձրացրած աղմուկի տակ, որ հիշեցնում էր խելակորույս փղի մռնչյունը երաժշտության աստվածուհու լոտոսի թփուտները տրորելիս, ես գնացի հարսնացուի տուն։
Ես նման էի դիպակի մի կապոցի։ Վրաս այնքան զարդեր էին կախել, որ միաժամանակ հիշեցնում էի ակնեղենի խանութի ցուցափեղկ։ Ապագա աներոջս ես պետք է ներկայանայի այնպիսի տեսքով, որ որոշակի խոսեր իմ արժեքի մասին։
Հորեղբորս դուր չեկավ այն տունը, որտեղ պետք է տեղի ունենար հարսանիքի արարողությունը։ Այգում բավականաչափ տեղ չկար հարսանեկան թափորի բոլոր մասնակիցներին տեղավորելու համար, ասենք չէր էլ երևում, թե հատուկ պատրաստություններ են տեսնվել հարսանիքի համար։ Բացի այդ, Շոմբխունատխ-բաբուի վերաբերմունքը բավական սառն էր, նա ամենևին շփոթված չէր և լռում էր, ինչպես միշտ։ Եթե չլիներ նրա բարեկամ փաստաբանը` խռպոտած, ճաղատ, հսկամարմին և շատ թուխ մի տղամարդ, մեջքին չադոր9 կապած, որը ձեռքերն աղերսանքով ծալած, անդադար գլուխ տալով, քծնանքով ժպտալով և ինչ-որ անորոշ բաներ դուրս տալով, սկսեց նվագախմբին ծափահարել և փեսացուի կողմից եկած կարևորագույն ներկայացուցիչների ողորմածությունը շարժել, հենց սկզբում սկանդալն անխուսափելի կլիներ։
Նոր էի ես հյուրերի հետ նստել, երբ հորեղբայրս. Շոմբխունատխ-բաբուին կանչեց հարևան սենյակը։
Չգիտեմ ինչ կատարվեց այնտեղ, բայց մի քանի րոպե հետս Շոմբխունատխ-բաբուն վերադարձավ և կանչեց ինձ։
— Մի րոպե եկեք այստեղ։
Տեղի էր ունեցել հետևյալը։ Եթե ոչ բոլոր մարդիկ, համենայն դեպս ոմանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Հորեղբայրս միշտ վախենում էր խաբված լինել: Նա անհանգստանում էր, որ հարսնացուի զարդերը կարող են թերություններ, վնասված տեղեր ունենալ, իսկ հարսանիքից հետո այլևս ոչինչ չէր կարելի փոխել։ Քանի որ փեսացուին նվերների և հարսանիքի համար տունը կարգավորելու հարցում Շոմբխունատխ-բաբուն չափավորություն էր հանդես բերել, հորեղբայրս վճռել էր, որ օժիտի հարցում էլ չի կարելի նրա խոսքին վստահել։ Ուստի նա ոսկերիչ էր բերել։
Երբ սենյակ մտա, տեսա հորեղբայրս նստել է թախտին, իսկ ոսկերիչը կշեռքն ու փորձաքարը ձեռքին տեղավորվել է հատակին։
— Ձեր հորեղբայրն ուզում է ամուսնական արարողությունից առաջ ստուգել բոլոր զարդերը,— դիմեց ինձ Շոմբխունատխ-բաբուն։ — Ի՞նչ կասեր այդ մասին։
Ես լռում էի, գլուխս կախ գցած։
— Նա ինչ կարող է ասել,— զայրացավ հորեղբայրս։ — Կլինի այնպես, ինչպես ես ասացի։
— Դա ճի՞շտ է,— հարցրեց հարսնացուի հայրը, նայելով ինձ։— Կլինի այնպես, ինչպես ձեր հորեղբա՞յրն ասաց։ Դուք ոչինչ չե՞ք կարող դրա դեմ առարկել։
Ես գլուխս շարժեցի, հասկացնելով, որ այս դեպքում ես անզոր եմ։
— Լավ, այդ դեպքում նստեցեք։ Հիմա ես զարդերր կհանեմ աղջկաս վրայից ու կբերեմ։
— Ոչ մի կարիք չկա, որ Օպարումն այստեղ նստի,— ասաց հորեղբայրս։— Թող գնա հյուրերի մոտ։
— Ո՛չ,— առարկեց Շոմբխունատխ-բա բուն։ — Նա պետը է մնա այստեղ։
Շոմբխունատխ-բաբուն մի թաշկինակի մեջ փաթաթած զարդերը բերեց ու դրեց թախտի վրա, հորեղբորս առջև: Դրանք հին, տոհմական թանկարժեք զարդեր էին, խոշոր, ծանր, բոլորովին նման չէին ժամանակակից թեթև ու նուրբ, մանր-մունր զարդերին։ Ոսկերիչը դրանցից մեկը ձեռքն առնելով ասաց.
— Էստեղ ի՜նչ նայես։ Սա մաքուր անխառն ոսկի է։ Էս տեսակ բան հիմի չես առնի։
Այդ խոսքերով նա վերցրեց ապարանջանը, որի վրա պատկերված էր մոկորի10 գլուխը, և հեշտությամբ ծռեց։
Հորեղբայրս հանեց ծոցատետրը, ուր գրված էր խոստացած զարդերի ցուցակը։ Հաշվումներից պարզվեց, որ դրանց թիվը ցուցակում նշվածից պակաս էր, բայց ըստ կշռի ու արժեքի զարդերը շատ ավելի էին խոստացածից։
Զարդերի մեջ կային մի զույգ ականջօղեր։ Շոմբխունատխ-բաբուն դա տվեց ոսկերչին ու խնդրեց նայել։
— Սա անգլիական ձուլվածք է, սրա մեջ ոսկին շատ քիչ է,— ասաց ոսկերիչը։
— Վերցրեք, — դիմեց Շոմբխունատխ-բաբուն հորեղբորս և նրան տվեց ականջօղերը։
Հորեղբայրս նայեց ականջօղերին. դա մեր ընտանիքի նվերն էր հարսնացուին։ Նրա դեմքը շիկնեց ամոթից։ Նրան ոչ միայն զրկել էին աղքատ մարդուն ստորացնելու բավականությունից, այլև դեռ իրեն էին դրել անհարմար վիճակի մեջ։
Մռայլվելով, հորեղբայրս ասաց ինձ.
— Օպարում, գնա հյուրերի մոտ։
— Պետք չէ,— ասաց Շոմբխունատխ-բուբուն։— Գնանք, ես կհյուրասիրեմ բոլորին։
— Ի՞նչ եք ասո՜ւմ,— բղավեց հորեղբայրս։ — Իսկ հարսնատեսությունը։
— Այդ մասին մի անհանգստացեք։ Գնանք։
Պարզվեց, որ այդ վեհերոտ մարդը հսկայական ուժի տեր էր։ Հորեղբայրս ստիպված էր ենթարկվել։ Հարսանեկան թափորի մասնակիցների հյուրասիրությունը կատարվեց։ Չի կարելի ասել, թե ամեն բան շատ շքեղ էր, սակայն կերակուրները հիանալի էին պատրաստված, և բոլորը գոհ մնացին։
Երբ բոլորը կերան, Շոմբխունատխ-բաբուն ինձ էլ առա֊ջարկեց հյուրասիրությունը փորձել։
— Էս ի՞նչ բան է,— իրեն կորցրած բղավեց հորեղբայ-րս։ — Մինչև պսակադրության ծեսի կատարումը փեսացուն իրավունք չունի ուտելու։
Շոմբխունատխը, ուշադրություն չդարձնելով հորեղբորս բացականչության վրա, դիմեց ինձ.
— Իսկ դո՞ւք ինչ կասեք։ Մի՞թե դա դատապարտելի է։
Հորեղբայրս իր ողջ տեսքով ցույց էր տալիս, որ արգելում է ինձ Շոմբխունատխ-բաբուի առաջարկն ընդունել, և ես չհամարձակվեցի նրան չլսել։
Ես հրաժարվեցի։
— Ես ձեզ շատ հոգս պատճառեցի,— ասաց այն ժամանակ Շոմբխունատխ-բաբուն։ — Մենք հարուստ չենք և արժանի չենք ձեզ։ Արդեն ուշ է, և ես չեմ ուզում այլևս ձեզ նեղություն տալ։
— Մենք հիմա կվերադառնանք հյուրերի մոտ,— շտապ ասաց հորեղբայրս։
— Ես նկատի ունեմ կառքը…
— Կատա՞կ եք անում,— զարմացած հարցրեց հորեղբայրս։
— Կատակում էիք դուք, ես ոչ մի ցանկություն չունեի այդ անելու։
Հորեղբորս աչքերը զարմանքից չռվեցին, նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել.
— Ես չեմ կարող աղջկաս տալ այնպիսի մարդկանց, ով կարծում է, թե ես կարող եմ թալանել իմ աղջկան։
Անձնապես ինձ Շոմբխունատխ-բաբուն մի բառ իսկ անհրաժեշտ չհամարեց ասել։ Եվ նա իրավացի էր։ Չէ՞ որ ես ինձանից սչինչ չէի ներկայացնում։ Պատմել, թե հետո ինչ կատարվեց, ես ոչ մի ցանկություն չունեմ։ Մեր կողմնակիցները ավերածություն արեցին, կոտրեցին լապտերներն ու հեռացան։
Երբ ես վերադառնում էի տուն, ո՛չ երաժշտություն կար, ո՛չ տոնական լույսեր, աստղերն էին միայն աղոտ լուսավորում ճամփան։

III

Տանը բոլորն այրվում էին ատելությունից:
— Ի՜նչ ամբարտավան է հարսնացուի հայրը։ Երկաթե դարի բոլոր արատները հավաքված են նրա մեջ։ Մի տեսնենք հիմի ով պիտի դրա աղջկան առնի,— այս ու այն կողմից լսվում էին բացականչություններ։
Բայց մի՞թե դա պատիժ էր այն մարդուն, ով չի վախենում իր դստերը կույս թողնել։
Թերևս ողջ Բենգալիայում ես միակ տղամարդն էի, որին, հարսնացուի հայրը տնից վռնդել էր ուղղակի ծիսակատարությունից առաջ։
— Ես կբողոքեմ մեր ընտանիքին անպատվելու և ամուսնական համաձայնությունն այդպես անօրեն քանդելու համար,— հայտարարեց հորեղբայրս, որ պատրաստ էր սկանդալ սարքելու։ Բայց մեր բարեկամները նրան համոզեցին, որ նման վարքագիծը մեզ ավելի ծիծաղելի կդարձնի։
Թե ես որքան էի զայրացած, բոլորովին ավելորդ է նկարագրել։ Երազում էի միայն, որ բախտի բերումով Շոմբխունատխ-բաբուն ստորանալով ոտքերս ընկներ։ Ես էլ անտարբեր բեղերս ոլորեի, առանց նրա վրա որևէ ուշադրություն դարձնելու։
Բայց սրտիս խորքում սև ատելության կողքին հոսում էր և մի այլ, լուսավոր զգացում։ Հոգիս ձգտում էր դեպի նա` ինձ անծանոթ աղջիկը, ու չէի կարողանում հանգստանալ։ Այն դժբախտ երեկոյան նա գտնվում էր կողքիս, մի պատ էր միայն մեզ բաժանում։ Բայց ես տեսնում էի սանդալի պաստայի նշանը նրա ճակատին, կարմիր սարի11 հագած նրա մարմինը և ամոթից շիկնած դեմքը։ Սակայն ինչպես իմանամ, թե ի՛նչ էր կատարվում այն ժամանակ նրա հոգում։ Իմ տրամադրության տակ էին երևակայությանս կախարդական լիանայի գարնանային ծաղիկները, զգում էի նրա անուշահոտ օծանելիքների բույրը, լսում նրա հագուստի շրշյունը։ Այն ժամանակ նա ինձնից մի քանի քայլ էր հեռու, հիմա տարածությունը մեր մեջ դարձել է անսահման։
Մի օր ես գնացի Բինուի մոտ` նրանց տուն, ու նրան հարցուփորձ արի աղջկա մասին։ Բինուն շատ բան չասաց, բայց նրա ամեն մի խոսքը կրակի պես այրում էր հոգիս։ Նրա ասածից հասկացա, որ աղջիկը զարմանալի գեղեցիկ էր։ Ես երբեք չէի տեսել այդ աղջկան, ոչ էլ նրա նկարը, և իմ երազանքներում չէի կարող նկարել նրա պարզ պատկերը։ Եվ այդ պատճառով հոգիս ուրվականի պես հառաչելով թափառում էր այն նվիրական պատի մոտ:
Խորիշից իմացա, որ աղջիկը տեսել է իմ լուսանկարը: Գուցե ես նրան դուր եմ եկել։ Դա շատ հավանական էր։ Սիրտս ասում էր, որ նկարս նա պահում է իր զարդատուփում։ Եվ գուցե, երբ մենակ է մնում, սենյակում փակվելով, բացում է նվիրական զարդատուփը։ Երբ աղջիկը խոնարհվում է նկարի վրա, մազերը թափվում են երեսին։ Հանկարծ, դռան տակ ոտնաձայն լսելով, շտապով նկարը թաքցնում է իր անաշաբույր սարիի մեջ։
Անցավ մի տարի։ Հորեղբայրս, տեղի ունեցած սկանդալից շփոթված, այլևս խոսք չէր բացում ամուսնության մասին։ Մայրս էլ ուզում էր սպասել, որ հասարակության մեջ մոռացվի իմ խայտառակությունը, և հետո նորից փորձի ինձ ամուսնացնել։
Ականջիս հասավ, որ իմ նախկին հարսնացուի ձեռքն են խնդրել դիրք ունեցող, ապահովված մարդիկ, բայց նա երդվել է չամուսնանալ։ Երբ այդ իմացա, հոգիս լցվեց ցնծությամբ։ Ես երազում էի, թե ինչպես աղջիկը ոչին չի ուտում, մոռանում է մազերը սանրել։ Հայրը տեսնելով նրա նիհարած դեմքը, սկսում է անհանգստանալ։ Եվ ահա, մեկ անգամ գտնում է նրան իր սենյակում լալիս։ «Ասա, քեզ ի՞նչ է պատահել, աղջիկս»,— հարցնում է նա։ «Ոչինչ, հայրիկ»,— ասում է աղջիկը` շտապով արցունքները սրբելով։ Բայց չէ՞ որ նա Շոմբխունատխի սիրելի, այն էլ միակ աղջիկն է։ Հոր սիրտը չի կարող հանգիստ լինել, երբ նրա աղջիկը թոշնում է, թառամում, ինչպես ծաղկի դեռ չբացված կոկոնը երաշտի ժամանակ։ Հնազանդվելով, Շոմբխունատխը գալիս է ինձ մոտ։ Իսկ հետո՞։ Ատելությունը, որ սև օձի նման բուն էր դրել հոգումս, փշշացնելով շշնջում է. «Երբ հյուրերը նորից հարսանիքի հավաքվեն, երբ վառվեն լույսերն ու ամեն տեղից մարդիկ լինեն հրավիրված, դեն կնետես փեսացուի գլխի ծածկոցը և բարեկամներիդ հետ կհեռանաս հարսնացուի տնից»։ Բայց զգացմունքների մի ուրիշ հոսանք, արցունքի պես վճիտ, հրաշալի կարապի տեսք ընդունելով, շշնջում էր. «Բաց թող ինձ թռչեմ Դամայանտիի ծաղկած այգին, ուրախ լուր շշնջամ քո սիրուհու ականջին»12։ Իսկ երբ վերջանա սև գիշերը վշտի, նոր անձրև կգա և թոշնած ծաղիկը, հարսնացուիս դեմքը — վերստին կծաղկի։ Պատի այս կողմը կմնա ողջ աշխարհը, և նվիրական սենյակը միայն մի մարդ կմտնի։ Այստեղ իմ երազանքներն ընդհատվում էին:

IV

Բայց իմ պատմությունը սրանով չի վերջանում։ Եվ պետք է պատմեմ, թե ինչու։
Ես մորս ուղեկցում էի դեպի սուրբ վայրերը։ Այդ հանձնարարությունը ինձ վրա գցվեց, քանի որ հորեղբայրս այս անգամ էլ չհամարձակվեց Խաբրա կամուրջն անցնել։ Ճանապարհին քունս տարավ, բայց վագոնը ցնցվում էր, և անհանգիստ էի քնել։ Մի կայարանում հանկարծ արթնացա։ Լույսի ու խավարի խաղից ամեն բան երազի էր նմանվում։ Միայն աստղերն էին երկնքում թվում հին ծանոթներ, մնացած ամեն ինչ մշուշոտ էր, անորոշ։ Լապտերների աղոտ լույսը շրջապատի իրերը դարձրել էր տարօրինակ ու հեռավոր։ Մայրս խորը քնած էր։ Կուպեն թույլ լուսավորված էր կանաչ լուսամփոփավոր լամպով։ Ամեն կողմ իրեր էին թափթփած, թվում էր, թե դրանք էլ են երազների աշխարհից։
Եվ ահա այդ արտասովոր գիշեր ինչ-որ մեկն ասաց.
— Շուտ եկեք այստեղ, այս վագոնում տեղ կա։
Թվաց, թե երգի խոսքեր եմ լսում։ Որպեսզի հասկանաս, թե որքան գեղեցիկ է հնչում բենգալի լեզուն բենգալացի աղջկա շուրթերին, պետք էր հենց այսպիսի մի իրադրություն, երբ չես զգում ոչ ժամանակը, ոչ տարածությունը։
Մարդու ձայնն ինձ ավելի է ասում, քան նրա արտաքինը։ Ինձ թվում է, որ ձայնով ավելի լավ, քան արտաքինով, կարելի է գաղափար կազմել մարդու հոգու մասին, այն մասին, ինչ չի արտահայտվում նրա դեմքին։ Շտապով բացեցի վագոնի պատուհանն ու դուրս նայեցի, բայց ոչ ոքի չտեսա։ Մթության մեջ կառամատույցում կանգնած էր մի երկաթուղային, նա ձեռքի լամպը թափահարեց, և գնացքը շարժվեց, իսկ ես կանգնած մնացի պատուհանի մոտ։
Ես չտեսա այն աղջկան, բայց իմ սիրտը ստեղծեց նրա պատկերը։ Նա նման էր աստղալից երկնքի, որ պատում է ողջ աշխարհը և այնուամենայնիվ մնում անհասանելի։ Ո՜վ անծանոթ աղջիկ, մի վայրկյանում դու նվաճեցիր սրտիս գահը: Ինչքան զարմանալի բացվեցիր դու, կարծես մի ծաղիկ, իմ տխուր, ծարավի, անհանգիստ սրտում։ Նրա հուզումը չի ստիպում դողալ քո թերթիկներին և վնաս չի հասցրել նրանց անսահման քնքշությանը։
Անիվները թխկթխկում էին, իսկ իմ հոգում երգն էր հնչում։ Եվ նրա կրկներգն էին «Տեղ կա, տեղ կա» բառերը։ Մի՞թե քո սրտում տեղ կա ինձ համար։ Կարելի՞ է տեղ տալ նրան, ում չգիտես։ Թե՞ չգիտենալը լոկ մշուշ է, պատրանք, ու եթե նրա կապերը պատռենք, իմացությունը կդառնա անսահման։ Օ, հմայիչ ձայնով աղջիկ, մի՞թե ես քեզ չգիտեմ, երբ քո ձայնի գեղեցկությունը տպավորվել է արդեն իմ սրտում։ «Տեղ կա, կա»,— կանչում ես դու ինձ, և ես շտապում եմ, ես ոչ մի վայրկյան չեմ ուշանալու։
Այդ գիշեր ես վատ քնեցի։ Ամեն կայարանում պատուհանից դուրս էի նայում, վախենալով, որ գիշերը մեր վագոնը նստած անծանոթ աղջիկը որևէ կայարանում կիջնի։
Հաջորդ օրը մենք պետք է նստեինք ուրիշ գնացք։ Վերցրել էինք առաջին կարգի տոմսեր և հույս ունեինք, որ այնտեղ մարդ քիչ կլինի։ Սակայն երբ կայարանում իջանք, տեսանք, որ բազմաթիվ ծանրոցներով նույն գնացքին են սպասում գեներալ-սահիբի ենթակաները։ Մի քանի րոպե հետո գնացքը եկավ։ Ես հասկացա, որ առաջին կարգի վագոնը նստելու հույսից պետք է ձեռք քաշել։ Մնացել էինք բավական դժվար կացության մեջ։ Բոլոր վագոնները լիքն էին։ Մենք մի դռնից մյուսն էինք գնում։ Հանկարծ ինչ-որ աղջվիկ, մորս տեսնելով, կանչեց.
— Բարձրացեք մեզ մոտ, այստեղ տեղ կա…
Ես ցնցվեցի։ Դա նույն ձայնն էր, և ես ճանաչեցի իմ երգի կրկներգը` «տեղ կա»։ Ոչ մի վայրկյան չկորցնելով, ես ու մայրս խցկվեցինք վագոն։ Ես չհասցրի նույնիսկ իրերս ներս տանել։ Ուրիշ ինձ նման անճարակ մարդ աշխարհում դժվար թե լինի։ Անծանոթ աղջիկն իրեն չկորցրեց, շտապ վերցրեց իրերը բեռնակրի ձեռքից ու ներս քաշեց արդեն շարժվող գնացքի մեջ։ Ճիշտ է, լուսանկարչական ապարատս այդպես էլ մնաց այն կայարանում, բայց չեմ ափսոսում։ Չգիտեմ ինչպես նկարագրեմ հետագա դեպքերը։ Հոգուս մեջ պահում եմ անցյալի ամբողջական ու պարզ պատկերը։ Բայց ինչի՞ց սկսել, ինչո՞վ վերջացնել։
Այս անգամ վերջապես տեսա աղջկան, որի ձայնն ինձ այնպես ցնցեց անցյալ գիշեր։ Նայեցի մորս կողմը` ննջում էր: Աղջիկը կլիներ տասնվեց-տասնյոթ տարեկան։ Նրա շարժումներն անկաշկանդ էին, գեղեցկությունն անթերի։ Նա ամբողջապես կարծես փայլում էր մի մեղմ լույսով ու ամենևին ամաչկոտ չէր թվում։
Ուրիշ էլ ոչինչ չեմ կարող ավելացնել նրա նկարագրին։ Ես չեմ հիշում ինչ գույնի էր նրա հագի սարին։ Եվ, իրոք, աղջկա ողջ արդուզարդի մեջ չկար մի բան, որ կարողանար նրա վրա ստվեր գցել։ Գլխավորը նա ինքն էր։ Նա կարծես նուրբ, բարակ մի ծաղիկ լիներ, որ գիշերն է միայն բացվում։ Ծառի վրա ծաղկելով, այդ ծաղիկն արհամարհում էր ծառը։
Մեր ուղեկից աղջկա հետ գնում էին նաև երեք փոքրիկ աղջիկներ։ Նա անդադար շատախոսում ու ծիծաղում էր փոքրիկների հետ։ Ես գիրքը բռնել էի առջևս, բայց չէի կարդում, այլ լսում էի նրանց խոսակցությունը։ Դա մանկական հաճելի շաղակրատանք էր։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, աղջկա և իր փոքրիկ զրուցակիցների միջև տարիքի տարբերությունը չէր զգացվում։ Աղջիկների հետ նա հեշտությամբ և ուրախ ինքն էլ փոքրիկ աղջիկ էր դառնում։ Աղջիկն իր հետ տանում էր մի քանի պատկերազարդ գրքեր երեխաների համար։ Փոքրիկները նրան թախանձագին խնդրում էին բարձրաձայն կարդալ մի պատմություն, որը նրանց առանձնապես շատ էր դուր եկել։ Անկասկած, նրանք այդ պատմությունն արդեն լսել էին մի քսան անգամ։ Բայց ես հասկանում էի նրանց համառությունը։ Նրա ձայնը կախարդական գավազանի հպումի նման
բառերը ոսկի էր դարձնում։ Աղջիկը այնպես էր կյանքով լեցուն, որ ամեն բան, ինչ շփվում էր նրա հետ, կենդանություն էր ստանում։ Եվ փոքրիկներին էլ գրավում էր ոչ ինքը` պատմությունը, նրանց հուզում էր այն մեծ կենարար ուժը, որ զգացվում էր անծանոթ աղջկա մեջ։ Նրա լույսն ընկավ և ինձ վրա, ու կյանքիս արևն ավելի վառ փայլեց։ Այդ աղջիկն ինձ համար երկնքի և հոգնություն չիմացող հավիտենական կյանքի մարմնացումն էր։
Հաջորդ կայարանում աղջիկը տապակած ոսպ գնեց և իր փոքրիկ ուղեկիցների հետ ծիծաղելով և ամենևին չշփոթվելով, սկսեց ուտել։ Մինչդեռ ես կաշկանդված էի, ես չէի կարողանա հանգիստ, առանց անհարմար զգալու, ուտել աղջկա ներկայությամբ։
Մորս հոգում պայքարում էին հակասական զգացմունքներ։ Նրան դուր չէր գալիս, որ աղջիկը տղամարդու ներկայությունից չքաշվելով այդքան ախորժակով տապակած ոսպ է ատում։ Բայց միաժամանակ ինչ-որ բան խանգարում էր նրան անծանոթ աղջկան անամոթ համարելու։ Մայրս եկավ այն եզրակացության, որ աղջիկը պատշաճ դաստիարակություն չի ստացել։ Նա շատ էր ուզում խոսել մեր տարօրինակ ուղեկցի հետ, սակայն չէր կարողանում հաղթահարել մարդկանցից քաշվելու իր սովորությունը։
Այդ ժամանակ գնացքր մոտեցավ մի մեծ կայարանի, ուր գեներալ-սահիբի մարդկանցից մի մեծ խումբ էլ պետք է մեր գնացքը նստեր։ Բոլորը հավաքվել էին մեր վագոնի մոտ։ Մայրս վախից չորացավ, հանգիստ չէի և ես։
Գնացքի շարժվելուց մի քանի րոպե առաջ այդ կայարանի պաշտոնյան մեր կուպեի պատին տոմսեր կպցրեց` վրան գրված անուններով։
— Այս տեղերը պատվիրվել էին նախօրոք,— ասաց նա ինձ։ — Դուք հարկադրված պետք է լինեք ուրիշ վագոն գնալու։
Ես վեր թռա ավելորդ փութկոտությամբ։
— Ո՛չ, մենք չենք գնա այստեղից,— հայտարարեց անծանոթ աղջիկը հինգի լեզվով։
Սակայն պաշտոնյան, ուշադրություն չդարձնելով հուզված աղջկա վրա, կանչեց անգլիացի կայարանապետին։
— Շատ եմ ցավում, սակայն… — ասաց նա ինձ։
Ես սկսեցի բեռնակիր կանչել։ Աղջիկը տեղից վեր թռավ և զայրույթից վառվող աչքերով բղավեց.
— Դուք չպետք է գնաք։ Դուք կմնաք այնտեղ, ուր գտնվում եք։
Նա մոտեցավ կուպեի դռանը և անգլերեն ասաց կայարանապետին.
— Սուտ է, որ այս տոմսերը նախօրոք են պատվիրված։
Այս ասելով աղջիկը պատից տոմսերը պոկեց և պատռե լով շպրտեց կառամատույցի վրա։
Այդ ժամանակ վագոնին մոտեցավ անգլիական գեներալը: Նա նշան արեց իրեն ուղեկցող անձանց վագոն բարձրանալ: Սակայն տեսնելով աղջկա զայրացած դեմքն ու խոսելով նրա հետ, գեներալը մի կողմ կանչեց կայարանապետին։ Թե ինչի մասին էին խոսում նրանք, չգիտեմ։ Սակայն գնացքի մեկնումը ուշացավ։ Մի նոր վագոն կցելուց հետո միայն գնացքը մեկնեց կայարանից։ Աղջիկն ու երեխաները նորից սկսեցին իրենց տապակած ոսպն ուտել, իսկ ես, ամոթից այրվելով, հայացքս չէի կտրում պատուհանից։
Վերջապես գնացքը հասավ Կանպուր։ Աղջիկը հավաքեց բոլոր իրերը։ Նրան ու երեխաներին դիմավորեց իրենց ծառան, որ խոսում էր հինգի լեզվով։ Այդտեղ ահա մայրս չհամբերեց.
— Ասացեք ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց նա։
— Կոլենի,— պատասխանեց աղջիկը։
Մենք ցնցվեցինք։
— Իսկ ձեր հայրը…
Նա տեղի բժիշկն է, նրա անունն է Շոմբխունատխ Սեն:
Այդ ասելով, աղջիկն իր ուղեկիցների հետ հեռացավ վագոնից։

ՎԵՐՋԱԲԱՆ

Արհամարհելով հորեղբորս արգելքը, բանի տեղ չդնելով մորս, ես եկա Կանպուր։ Ես հանդիպեցի Կոլենիի և նրա հոր հետ։ Դեն նետելով հպարտությունս ու ձեռքերս աղերսանքով մեկնելով, մեղմացրի Շոմբխունատխ-բաբուի սիրտը։
Սակայն Կոլենին ասաց.
— Ես չեմ ամուսնանա։
— Ինչո՞ւ,— հարցրի նրան։
— Դա իմ մոր հրամանն է…
Նզովք։ Մի՞թե սա էլ հորեղբայր ունի։
Բայց հետո ես հասկացա, դա մայր-հայրենիքն էր։ Տեղի չունեցած հարսանիքից հետո աղջիկը երդում էր տվել իր կյանքը նվիրելու երեխաների դաստիարակությանը։
Սակայն ես հույսս չկտրեցի։ Անծանոթ աղջկա ձայնը այսօր էլ սրնգի նման հնչում է իմ սրտում։ Ես թողեցի հարազատ ընտանիքս ու ինձ նվիրեցի ողջ աշխարհին։ «Տեղ կա» բառերը, որ առաջին անգամ լսել էի այն մութ գիշերին, կյանքիս երգի կրկներգը դարձան։ Այն ժամանակ 23 տարեկան էի, հիմա լրացել է իմ 87 տարին։ Ես չդադարեցի հավատալ, սակայն հորեղբորս հետ կապերս խզեցի։ Մայրս չկարողացավ ինձնից հրաժարվել` ես նրա միակ տղան էի։
Կարծում եք ես դեռ հո՞ւյս ունեմ նրա հետ ամուսնանալու։ Ո՛չ, երբեք։ Հոգուս մեջ տպավորվել են «տեղ կա» բառերը և անծանոթ աղջկա հույս ներշնչող ձայնը։ Անցնում է տարին տարու ետևից, իսկ ես ապրում եմ այստեղ, Կանպուրում, տեսնում եմ նրան, լսում նրա ձայնը, օգնում նրան աշխատանքում։ Եվ հոգիս ասում է, որ տեղ եմ նվաճել նրա սրտում։ Ո՜վ անծանոթ աղջիկ, քեզ հետ ծանոթությունը վերջ չունի: Բայց ես գոհ եմ իմ բախտից, ես գտա իմ տեղը կյանքում։

————-
1. Օննոպուրնա – Դուրգի աստվածուհու անուններից մեկը:
2. Անդոմանյան կղզիներ – կղզիներ Բենգալյան ծովածոցում:
3. Կանգար — քաղաք Գանգեսի մյուս ափին, Կալկաթայից ինը մղոն հեռավորության վրա:
4. Մանու — հնդկական դիցաբանության մեջ մարդկային ցեղի նախահայրը։ Նրան է վերագրվում հին հնդկական օրենքների ժողովածուի կազմումը: Ըստ այդ օրենքների այն հնդիկը, որ կտրում-անցնում է ծովը, կորցնում է իր կաստան։
5. Խաբրա կամուրջը — կամուրջ Գանգեսի վրա Կալկաթայում։
6. Պրաջապոտի — ամուսնության աստվածը, Կամադևա — սիրո աստվածը:
7. Բաբու – պարոն:
8. Ըստ հնդկական սովորույթների, երբ հարսանեկան պատրաստությունները ավարտվում են, փեսացուի ընտանիքը կուրկումի արմատից պաստա և նվերներ է ուղարկում հարսնացուի տուն, որտեղ այդ պաստայով շփում են հարսնացուի մարմինը։ Որքան հարուստ է փեսացուն, այնքան շատ մարդիկ են մասնակցում հանդիսավոր շքերթին։ Հարսնացուի ընտանիքն էլ իր հերթին պետք է հյուրասիրի և նվերներ տա շքերթի մասնակիցներին:
9. Չադոր — հատուկ կտոր, որ օգտագործվում է որպես վերնազգեստ։
10. Մոկոր – առասպելական էակ:
11. Սարի — կանացի հագուստ` մի ամբողջական կտորից։
12. Հին հնդկական «Նալն ու Դամայանտին» պոեմում արքայազն Նալը մի կարապ է բռնում: Իրեն ազատ արձակելու համար կարապը խոստանում է թռչել Դամայանտիի մոտ և պատմել նրան Նալի սիրո մասին:

Ռուսերենից թարգմանեց Դորա Եսայանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով