Ալեն Ռոբ-Գրիյե. Նոր վեպ, նոր մարդ

Նոր վեպի մասին վերջին տարիներս շատ է գրվել։ Դժբախտաբար նրան շռայլած քննադատությունների և շատ հաճախ նաև գովեստների մեջ բավականին ծայրահեղ մեկնություններ, անճշտություններ և թյուրիմացություններ կային։ Գործն ավարտվեց նրանով, որ հասարակության մեջ, մի տեսակ հրեշավոր և թյուր առասպել ստեղծվեց նոր վեպի մասին` հակասական տեսակետներով։ Բավական է աչքի անցկացնել մեզ հասած այս անհեթեթ մտքերից ամենահիմնականները, որ շրջագայում են գրչից բերան, որպեսզի կարողանանք ռեալ ընթացք տալ մեր մտքի գործողություններին։ Ընդհանրապես ամբոխը կամ մասնագետ քննադատները մեզ են վերագրում այնպիսի մտահղացումներ, որոնց ճիշտ հակառակն ենք մենք ցանկացել անել։ Կամ էլ մեզ դատապարտում են ընդհանրապես գոյություն չունեցող մտահղացումների համար։
Մեր վեպերի զրպարտիչները հավակնում են ապացուցել, որ այդ մտահղացումները մեր վնասակար տեսությունների արդյունքն են, իսկ ուրիշները հաստատում են այն միտքը, թե վեպերը լավն են այն ժամանակ, երբ հանդես են գալիս այդպիսի մտահղացումների դեմ։
Ահավասիկ նոր վեպի հրովարտակը, ըստ հասարակական կարծիքի։
1. Նոր վեպը սահմանեց ապագա վեպի օրենքները։
2. Նոր վեպը անցյալի տրադիցիաների բացարձակ մերժողը հանդիսացավ։
3. Նոր վեպը ուզում է վռնդել մարդուն աշխարհից։
4. Նոր վեպը ձգտում է լիակատար օբյեկտի էության։
5. Դժվարընթեռնելի նոր վեպը ուղղված է միայն մասնագետներին։
Իսկ այժմ ես կաշխատեմ յուրաքանչյուր կետին տալ տրամաբանորեն ճիշտ հակառակ բացատրություն։

Նոր վեպը տեսություն չէ, այլ որոնում

Այսպես ուրեմն, նոր վեպը ոչ մի օրենք չի արձանագրում։ Ստացվում է, որ խոսքս բառի նեղ իմաստով դրական դպրոցի մասին չէ։ Մենք առաջինն ենք գիտակցում, որ մեր ստեղծագործությունների միջև կան զգալի տարբերություններ, ինչպես օրինակ, Կլոդ Սիմոնինը և իմը, ու գտնում ենք, որ այդպես լավ է։ Այլապես ի՞նչ իմաստ կունենար գրել, եթե նույն բանն ենք գրում։
Բայց այս տարբերությունները արդյո՞ք բոլոր «դպրոցները» չեն ունեցել։ Կա մի ընդհանուր բան, որ գտնում ենք բոլոր անհատների միջև, մեր պատմության յուրաքանչյուր դրական շարժման մեջ, դա սկլերոզից խուսափելու ձգտումն է։ Հանուն ինչի՞ են համախմբվել արվեստագետները, եթե ոչ հանուն այն քարացած ձևերից հրաժարվլուն, որ պարտադրվել է նրանց։ Բոլոր ժամանակներում և արվեստի բոլոր բնագավառներում ձևերը ապրում են և մահանում, պետք է մշտապես դրանք վերականգնել. 19-րդ դարի վիպական կոմպոզիցիան, որ ինքնին կյանքն էր, ահա 100 տարի է, որ դատարկ ֆորմուլա է միայն, որը լավագույն դեպքում կարող է ծառայել որպես ձանձրալի պարոդիա։
Այսպիսով, մենք հեռու ենք կանոններ, տեսություններ, օրենքներ սահմանելու մտքից, ինչպես մեզ, այնպես էլ ուրիշների համար: Ընդհակառակը, կնճռոտ կանոնների դեմ պայքարելու ընթացքում է, որ մենք հանդիպեցինք իրար։ Ֆրանսիայում գոյություն ուներ և այժմ էլ կա, բոլորի կամ գրեթե բոլորի կողմից լռելյայն ընդունված վեպի տեսություն։ Եվ մեր լույս ընծայած բոլոր գրքերին, այդ տեսությունը հակադրում է որպես պատնեշ։ Մեզ ասրում էին. «Դուք կեպարներ չեք կերտում, ուրեմն իսկական վեպեր չեք գրում», «Դուք պատմություններ չեք պատմում, նշանակում է վեպեր չեք գրում», «Դուք բնավորություն և միջավայր չեք ուսումնասիրում, կրքեր չեք վերլուծում, ուրեմն իսկական վեպ չեք գրում» և այլն…
Մեզ մեղադրում են որպես տեսաբանների, այնինչ մենք չգիտենք անգամ, թե ինչպիսին պետք է լինի վեպը, իսկական վեպը: Գիտենք միայն, որ այսօրվա վեպը կլինի այն, ինչ որ մենք կստեղծենք այսօր, երեկվա վեպին նմանվելու ցանկություն չունենք, ընդհակառակը մենք պիտի ավելը առաջ գնանք։

Նոր վեպը վիպական ժանրի կայուն զարգացմանն է հետևում

Սխալ կլինի կարծել, որ իսկական վեպն իր ճշգրիտ և վերջնական կանոններով մեկընդմիշտ ձևավորվել է բալզակյան ժամանակաշրջանում։ Գրական էվոլյուցիան ոչ միայն զգալի եղավ 19-րդ դարի կեսից սկսած, այլև հենց բալզակյան էպոխայում սկսվեց։ Մի՞թե այդ դարաշրջանի խառնաշփոթությունը չի բացահտյտվում «Պարմի Մենաստանի» նկարագրության մեջ։ Փաստ է, որ Վատեռլոոյի նկարագրությունը, ինչպիսին մատուցում է մեզ Ստենդալը, չի պատկանում արդեն բալզակյան ոճին։
Եվ այդ դարաշրջանից ի վեր էվոլյուցիան չդադարեց. Ֆլոբերը, Պրուստը, Դոստոևսկին, Կաֆկան, Ջոյսը, Ֆոլկները, Բեկկետը…
Հեռու լինելով անցյալի տրադիցիաները ժխտելու մտքից, մեր նախահայրերի անունների վրա է, որ մենք դյուրապես միմյանց հասկացանք և մեր տենչը նրանց գործր շարունակելն է միայն: Խոսքը վերաբերում է ոչ թե նրանցից ավելի լավն անելուն, որը ոչ մի իմաստ չունի, այլ նրանց շարքերում հաջորդական տեղ գրավելուն այժմ, մեր ժամին։ Մեր գրքերի կոմպոզիցիան մոլորեցնող կթվա միայն այն դեպքում, եթե ցանկանանք այնտեղ գտնել քսան-երեսուն կամ քառասուն տարուց ի վեր, բոլոր կենդանի վեպերից անհետացած կամ առնվազն փոշիացած մասնիկների հետքերը։
Նոր վեպը, բոլոր դեպքերում ունեցավ այն վաստակը, որ լայն (և անընդհատ լայնացնող) հասարակությանը գիտակցել տվեց այս ժանրի ընդհանուր էվոլյուցիայի մասին, ըստ որում այն ժամանակ, երբ համառում էին ժխտել նոր վեպը, լուսանցքային կասկածելի գոտիները վտարելով Կաֆկային, Ֆոլկներին, և ուրիշներին, երբ նրանք պարզապես մեր դարասկզբի մեծ վիպասաններն են։
Քսան տարի է արդեն իրերի դրությունը արագ է զարգանում, սակայն լոկ արվեստի բնագավառում է, որ այդպես չէ։ Ընթերցողը երբեմն դժվարությամբ է իրեն ճանաչում ոչ միայն նոր վեպերում, այլ նույն ձևով էլ, երբեմն նա մոլորվում է հենց այն աշխարհում, որտեղ ապրում է, երբ իր շրջապատում փոխվում են հին շինությունները, չափանիշները։

Նոր վեպի հետաքրքրության առարկան մարդն է և նրա վիճակն աշխարհում

Քանի որ բառիս ավանդական իմաստով մեր գրքերում չկային կերպարներ, ապա վաղաժամորեն եզրակացրին, որ նրանցում ընդհանրապես բացակայում է մարդը։ Մեր գրքերում մարդը ներկա է յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր բառում։ Եթե նույնիսկ հանդիպենք առարկաների մանրակրկիտ նկարագրության, ապա ամեն ինչից առաջ կա հայացքը, որ դրանք տեսնում է, միտքը, որ վերանայում է, կիրքը, որ քննում է։ Մեր գրքերում տեղ գտած առարկաները, մարդկային զգայական ընկալումից դուրս գոյություն չունեն, իրական թե երևակայական լինեն նրանք, մեր առօրյա կյանքի առարկաների հետ համատեղելի են, որոնք ամեն րոպե զբաղեցնում են մեր միտքը։
Եթե «առարկա» բառը վերցնենք ընդհանուր իմաստով (առարկան, ասում է բառարանը, այն ամենն է, ինչ ներգործում է զգայարանների վրա), ապա բնական է, որ իմ գրքերում միայն առարկաներ կան. նրանք նույն ձևով էլ կան իմ կյանքում, սենյակիս կահույքը, այն խոսքերը, որ լսում եմ, կինը, որին սիրում եմ, այդ կնոջ մի շարժումը և այլն։ Այս բառի ավելի լայն ըմբռնմամբ (առարկան, կրկին ասում է բառարանը, այն ամենն է, ինչ զբաղեցնում է միտքը) առարկա կարող է լինել նաև հուշը (որով ես վերադառնում եմ անցյալի առարկաներին), նպատակը (որ ինձ տեղափոխում է դեպի ապագայի առարկաները, եթե ուզում եմ լողանալու գնալ, ապա իմ մտքում ես տեսնում եմ արդեն ծովը և ափը) և այսպես երևակայական ամեն բան։ Իսկ ինչ վերաբերում է իրերին, նրանք միշտ էլ շատ են եղել վեպերում։ Մտաբերենք Բալզակին. տները, շարժական գույքը, հագուստը, թանկարժեք իրերը, մեքենաները, այս ամենը նրա մոտ նկարագրված են այնպիսի խնամքով, որ ժամանակակից ստեղծագործությունը այլևս կրկնելու կարիք չունի։ Եթե այս առարկաները ավելի մարդկային են, ինչպես ասում են ոմանք, ապա դա նրանից է (այդ հարցին մենք նորից կանդրադառնանք), որ սրանից 100 տարի առաջ, մարդու վիճակը կյանքում նույնը չէր, ինչ այսօր։ Եվ բոլորովին ոչ նրա համար, որ մեր նկարագրությունը շատ չեզոք է և օբյեկտիվ, այլ հենց նրա համար, որ նա այդպիսին չէ։

Նոր վեպը ձգտում է ամբողջական սուբյեկտիվության

Քանի որ մեր վեպերում մեծ տեղ էին գտել առարկաների նկարագրությունները, որի մեջ մարդիկ ինչ-որ անսովոր բան էին տեսնում, ապա, որոշ քննադատների կողմից օբյեկտիվ սկսեց նշանակել ուղղված դեպի առարկան։
Իր սովորական իմաստով (չեզոք, սառը, անկողմնապահ) բառը անհեթեթության էր վերածվում։ Իմ ստեղծագործություններում ոչ միայն մարդն է նկարագրում յուրաքանչյուր իրը, այլև նա չեզոք չէ, անտարբեր չէ բոլոր մարդկանց նկատմամբ, նա իր տեսողական ընկալումից վերանալու և զառանցանքի նմանվող երևակայություն առաջացնելու աստիճան և անկաշկանդ արկածներով համակված մարդ է։
Այժմ դյուրին է ցույց տալ, որ իմ, ինչպես նաև իմ ընկերների վեպերը ավելի սուբյեկտիվ են, քան Բալզակինը։ Ո՞վ է նկարագրում կյանքը Բալզակի վեպերում։ Ո՞րն է այն ամենագետ պատմիչը, որ միաժամանակ հայտնվում է ամեն տեղ, որ տեսնում է միաժամ տնակ իրերի ուղիղ և շրջուն կողմը, որ միաժամանակ հետևում դեմքի և գիտակցության շարժմանը, որ գիտե բոլոր դեպքերի ներկան, անցյալը և ապագան։ Այդպիսին աստված կարող է միայն լինել, միայն աստված օբյեկտիվ լինելու հավակնություն կարող է ունենալ։ Մինչդեռ մեր գրքերում, ընդհակառակը, մարդն է, որ տեսնում է, զգում, երևակայում, մարդ, որ գտնվում է ժամանակի և տարածության մեջ, իր հույզերով պայմանավորված մարդ, ինչպես դուք և ես։ Եվ գիրքը ուրիշ ոչինչ չի բերում, քան հեղինակի անհավաստի, սահմանափակ փորձը: Եվ վերջապես մեր երկրագնդի, ներկայիս մարդն է իր սեփական պատմիչը։ Անկասկած, բավական է աչք չփակենք այս փաստի վրա, որպեսզի նկատենք, որ մեր գրքերը բոլորի խելքի բանն են, պայմանով, որ մարդիկ հաշվի առնեն, որ ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում, պատրաստի գաղափարներ չկան։

Նոր վեպը ուղղվում է բարի կամքի բոլոր մարդկանց

Այո, բոլորին, որովհետև խոսքը վերաբերվում է ապրված փորձին։ Ինչո՞ւ վերականգնել փոթորկալի ժամանակների նկարագրությունը մի պատմվածքում, որի միակ հոգսը մեղմ եղանակի նկարագրությունն է: Ավելի խելոք չէ՞ր լինի դիմել մեր սեփակական հիշողությանը, որը երբեք ժամանակագրական չէ։ Ինչո՞ւ համառել գտնելու որևէ անհատի անուն մի վեպում, որտեղ այն չի նշված։ Ամեն օր հանդիպում ենք մարդկան որոնց անունները մենք չգիտենք, և հնարվոր է, որ ամբողջ մի երեկոյի ընթացքում խոսենք մի անծանոթի հետ, այն դեպքում, երբ ոչ մի ուշադրություն չենք դարձրել տանտիրուհու ներկայացրած մարդկանց։
Մեր գրքերը գրված են սովորական մարդկանց ամենօրյա բառերով։ Նրանք, ընթերցանության համար ոչ մի հատուկ դժվարություն չեն ներկայացնում, եթե, իհարկե, մարդիկ չեն մտադրվի այդ գրքերին ամրացնել մտացածին մեկնաբանության մագիլը, մի մեկնաբանություն, որը ոչ մի լավ բան պարունակում։ Նույնիսկ մենք մեզ հարց ենք տալիս, թե արդյո՞ք գրական կուլտուրայի որոշակի մակարդակը չի վնասում մեր ստեղծագործությունները հասկանալուն։
Մինչդեռ պարզ մարդիկ, որոնք գուցե Կաֆկային չգիտեն և ոչ էլ սակայն մթագնված են բալզակյան մտածելակերպով, կապվում են այն գրքերի հետ, որոնցում տեսնամ են իրենց սեփական մտածելակերպը և ճանաչում այն աշխարհը, որի մեջ նրանք գոյություն ունեն։ Եվ այդ գրքերը փոխանակ շեղելու մարդկանց իրենց մտացածին ճշմարտություններով, կօգնեն ավելի պարզ տեսնելու կյանքը։

Նոր վեպը պատրաստի ճշմարտություն չի առաջադրում

Եվ այսպես, մոտենում ենք այն խոշոր հարցին, թե մեր կյանքը արդյո՞ք իմաստ ունի։ Ո՞րն է արդյոք այդ իմաստը։ Ո՞րն է երկրագնդի վրա մարդու տեղը։ Անմիջապետ կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ բալզակյան առարկաները այդքան հաստատուն էին, նրանք պատկանում էին մի աշխարհի, որի տերը մարդն էր։ Այդ առարկաներն էին` կալվածքը, սեփականությունը, որոնց մարդը տիրում էր ու շահույթ էր ստանում։ Այդ առարկաների և նրանց տիրոջ միջև նույնության կապ կար, պարզ ժիլետը իրենից խարակտեր և միաժամանակ սոցիալական դրություն էր ներկայացնում արդեն։ Մարդը ամեն ինչի պատճառն էր, տիեզերքի բանալին, աստվածային և իր բնական իրավունքի տերը։ Այս ամենից այսօր մեծ բան չի մնացել։ Այն օրվանից, երբ բուրժուազիան կամաց-կամաց կորցնում էր արդարացումները և առավելությունները, միտքն անջատվում էր իր հիմնական խարիսխից, ֆենոմելոգիան պրոգրեսիվորեն գրավում էր փիլիսոփայական հետազոտությունների ամբողջ տարածությունը։ Ֆիզիկան հայտնագործում էր ընդհատունության օրենքը, հոգեբանությունն էլ զուգահեռ կերպով արմատական փոփոխություններ էր կրում։
Մեզ շրջապատող ճշմարտությունը մասնակի է լոկ, ժամանակավոր, հակասական, նույնիսկ միշտ վիճելի։
Ինչպե՞ կարող է գրական ստեղծագործյունը նախապես հայտնի ճշմարտություն արտացոլելու հավակնությունն ունենալ, ինչպիսին էլ որ լինի այդ ճշմարտությունը։ Ինչպես վերևում ասացինք, ժամանակակից վեպը հետազոտական բնույթ ունի, հետազոտություն, սակայն, որ ինքն է աստիճանաբար ստեղծում իր իսկ ճշմարտությունը։ Իրականությունը արդյոք իմաստ ունի՞։ Ժամանակակից արվեստագետը չի կարող պատասխանել այդ հարցին, այդ մասին նա ոչինչ չգիտե։
Արվեստագետը կարող է միայն հույս ունենալ, որ իրականությունը գուցե իմաստ ունենա գործի ավարտից հետո, այսինքն ստեղծագործությունը իր վերջնակետին հասցնելուց հետո։
Մենք չենք հավատում այլևս քարացած, պատրաստի ճշմարտությանը, որ նվիրում էր մարդուն նախկին աստվածային կարգը և նրան հաջորդող 19-րդ դարի ռացիոնալիստական օրենքը։ Մենք մարդուն ենք հանձնում միայն մեր հույսը։ Ձևերն են, որ ստեղծում են այդ հույսը և կարող են իմաստ տալ աշխարհին։

Գրողի միակ հույսը գրականությունն է

Այսուհետև անտրամաբանական կլինի, քաղաքական որևէ գործի ծառայելու հավակնություններ գտնել մեր գրքերում։ Նույնիսկ մի այնպիսի գործի, որը արդար է թվում և, որի հաղթանակի համար պայքարում ենք։
Քաղաքական կյանքը մեզ անվերջ ստիպում է սոցիալական, պատմական և բարոյական ճշմարտություններ, հայտնի ճշմարտություններ ենթադրել։
Արվեստի դերը ավելի համեստ է, բայց ավելի հավակնոտ։ Արվեստի համար նախապես հայտնի ճշմարտություններ չկան։ Ստեղծագործությունից առաջ ոչինչ գոյություն չունի նրա համար, չկան հավաստիություն, թեզիսներ, պատգամներ։
Ամենալուրջ սխալն է հավատալ, որ արվեստագետը «որևէ բան» ունի ասելու և ուղիներ է փնտրում այն արտահայտելու համար։ Քանզի հենց այդ ասելու ձևի մեջ է գրողի նպատակը, դեռևս անհայտ նպատակը, որը քիչ հետո դառնալու է գրքի կասկածելի բովանդակությունը։
Վերջին հաշվով, գուցե ձևի այս կասկածելի բովանդակության անորոշ նպատակն է, որ ավելի լավ կծառայի ազատության գործին։ Բայց ե՞րբ կվճարվի նա մեր տքնության դիմաց։

Ֆրանսերենից թարգմանեց Վարդան Քեչեջյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով