Աննա Ազբեկյան. Որտե՞ղ ես հիմա

Որտե՞ղ ես հիմա, վերադարձել եմ։ Մի վերջին անգամ թափառելու այս եղանակին ամայի Օլեղոն կղզու արևմտյան ափերի փայլփլուն, խեցիներով ծածկված խոնավ ավազների անվերջության մեջ։ Ականջներիս մեջ դեռ հնչում են դատարկ մակույկների կայմերի ղողանջները, շնչառությունը բացող ու շրթունքների վրա աղի համ թողնող քամու շառաչյունը։ Ու այդ շառաչի դադարի պահերին միայն, ավազները շոյող ետադարձ մակընթացության շշունջի պես մեղմ քո ձայնը, որ դեռ թվում է, թե կանչում է ինձ։
Մեր ոտնահետքերը օվկիանոսի նահանջից բացված ավազե թաց ու կայծկլտուն հարթություններում, ուր դու գրում էիր իմ անունը, ուր ես գրում էի քո անունը։
Այդ անունը, որը իմը չէր։ Հնչյունների մի խումբ, որի միակ արժեքը քո աչքին այն էր, որ պատկանում էր ինձ։

***

Ոչ ընտրել էի, ոչ հորինել։ Պատահական անունների շարքից միտքս եկած առաջինը, խառնաշփոթ, տագնապով լի մի պահի, մի երկրից մյուսը սահմաններ անցկացնող մի ավազակի առաջ։ Մի՞թե կարող էի կռահել այդ պահին, որ այդ անունը դառնալու է իմը, իմ նոր, մի ուրիշ կյանքի անունը։ Այդ պահին ոչ մի գնով չէի խոստովանի իմ ազգությունը, իմ ինքնությունը։ Կուզենայի չլինել, գոյություն չունենալ, անհայտանալ աշխարհի երեսից։ Քեզ հանդիպած չլինեի, այդպես էլ երբևէ չէի խոստովանի իմ ինքնությունը։ Որտեղից այդքան ատելություն սեփական եսի ու խայտառակ թվացող հայրենի եզերքի նկատմամբ։ Այդքան արյան, այդքան կյանքերի գնով ձեռք բերածը շվայտում էին մի բուռ դրածոներ։ Ամոթ, այդպես հեշտ խաբնվելու համար։ Կրկնակի ամոթ, լուռ մնալու համար։ Դասագրքերն ու հեռուստացույցը զնգզնգում էին ազգ, հայրենիք, պետություն՝ եռագույն, քառագույն, բազմագույն բառերով, մինչդեռ ինձնմանների կյանքը աշխարհի այդ անկյունում շատ բան չարժեր։
Գաղափարներով կամավոր պատերազմ մեկնած ու պատերազմում իրենց գաղափարների իսկական դեմքը տեսած զինվորներին դժվար էր խաբել։ Ազնիվ ու համամարդկային պատերազմներ չկան։ Քո առջև կանգնած թշնամու զինվորին էլ են նույնն ասել, ինչ քեզ։ Պաշտպանիր մորդ, քրոջդ։ Այդ որ օրվանից էիր դու ցանկանում սպանել նրա մորը։ Այդպես, հավերժաբար պաշտպանիր ասելով՝ սպանել են պահանջում։ Դժվար էր ծիծաղել արդարություն փնտրող այդ անմեղ հոգիների քթին։ Աշխարհում ամենուրեք նրանք տեղ չունեն։ Իսկ օտարի ոտքը լիզող, հավերժաբար օտարի ոտքը հեզաճկուն լիզող աշխարհի անկյուններում նրանց կյանքը անթույլատրելի շռայլություն է։ Նրանց գնդակահարեցին թիկունքից։ Ծախեցին թշնամուն, ոչ քո Ժաննա Դ՛արկի նման, ծախեցին անձայն, անաղմուկ։ Ինձ ասում էիր՝ամենալավ գինին էլ տականք ունի։ Մեր գինու կեսը դարերով դուրս է հոսել։ Դու երբևէ ապրել ես այն անկյուններում, ուր իրենց քեզ տեր համարողները ուրիշների ստրուկներն են։ Անհագուրդ, չկշտացող, չտես ստրուկի ինքնահիացումը։ Ես եմ տերը, արդեն ունեմ պալատ ու լիմուզին։ Ու հապշտապ, ամանի պարունակության կեսը՝ շտապելուց աջ ու ձախ թափթփելով է ուտում, ավերում մնացածը։ Գույնզգույն ու տարատեսակ ոճրագործներ։ Ե՞րբ են հիշում իրենց եղբայրներին։ Տոկոսաբաժինները նվազելիս։ Տվեք իրենց հինգ տոկոսը, չորսը, երեքը, մեկը։ Համաձայն են։ Կապականեն իրենց երկիրը։ Կմերկացնեն հայրենակիցներին։ Կթունավորեն ջրերը։ Կկտրեն անտառները։ Կդատարկեն հանքերը։ Կծառայեն ում ասես։ Միայն թե ե՞րբ են Պարոն Հինգ Տոկոսներին հինգ տոկոս տալով բավարարվել։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ մեկ, կամ՝ ավելի եկամտաբեր՝ոչինչ։ Ոչի՞նչ։ Ահա՝ «Ոչնչի» հանդիսավոր պահին կհիշեն՝ հուսահատության ու թշվառության մատնած տնեցիներին։ Ու տնեցիները ամեն ինչ ներելով՝ նորից նրանց կօգնեն։ Լավ են սովորել ձևը՝ հայրենիք, հայրենիք գոռգոռալ, անարդարություն. տարբեր ժամանակներում տարբեր են ինձ նմաններին ոտքի հանող գաղափարները։
Ու նորից տուն ու հող չեն տա, բայց կխլեն մեր ունեցած ամենաթանկը։
Քաղաքական ինչ կառույց ուզես, ծառաների ու բռնատերերի ինչ երկիր ասես, պարուրվում է հուզիչ սիրով, երբ քո հայրենի եզերքն է։ Ինչ ասես կարելի է ներկել հայրենի եզերքի հուզիչ ներկով։ Առանց հուզվելու ներկը լվանալ՝ քեզնից սովորեցի։ Քեզնից սովորեցի տեսնել, որ բանն ազգության մեջ չէ, բոլոր հայրենիքներում կան գաղափարների նվիրվողներ ու այդ գաղափարներով վարժ ու ճկուն, մեր կյանքերի գնով առևտուր անողներ։

***

Հայրենի եզերքի սերը որպես խայծ կուլ տալու մասին, դեռ իմ մանկության՝ այժմ ուրիշ մի կյանքի պատկանել թվացող հեռավոր տարիներին, ինձ պատմում էր հորս հորեղբայրը։ Աշնան քանի-քանի խոնավ երեկոներ, թափանցիկ, նիհար, դյուրաբեկ այդ ծերունին, որին խորխը թքելու տխուր սովորությունն իսկ զզվելի չէր դարձնում, բուխարու կրակի բեկբեկուն լույսի տակ ինձ էր պատմում այլևս որևէ մեկի չհետաքրքրող իր կյանքը։ Եղեռնից փրկված, ամերիկյան որբանոցներում մեծացած, հպարտություն էր իր համար Բոստոնի տնտեսագիտական դպրոցներից մեկի շրջանավարտ լինելը։ Ո՞ր գաղափարի համար ամեն ինչ թողեց՝ վերադարձավ հայրենիք։ Անտեղյակ, որ բուրգի վերևներում, մի տեղ, իր գալուց էլ առաջ, որոշել են, որ իր նմանները հաղթանակած երկրի տեխնիկայի մեջ սպրդել ցանկացող լրտեսներ են։ Իր բարձրարժեք մասնագիտական հմտությունների կարիքը ոչ ոք չունեցավ Սիբիրյան ցրտի ու քաղցի կենդանական պայքարում իր երիտասարդության լավագույն տարիները վատնելու ժամանակ, որ կենդանի մնա՝ վերադառնա, ոչ էլ հետո՝ երբ վերադարձավ։ Ծերացած ու թոքախտավոր՝ բեռ էր հայրենիքին, ու ոչ մեկի չէր հետաքրքրում նրա կյանքը։ Փայլուն, խելացի այդ տղամարդը՝ արժանի հայր ու ամուսին լինելու, ոչ ընտանիք ունեցավ ոչ՝ երախտագիտություն։ Ավերված այդ կյանքի պատմությունը՝ որ հուզելուց բացի, այլ հետք չէր թողել իմ հիշողության մեջ, կհառնի այլ գույներով, երբ կհարցնես. « Մեր կյանքը նրանց աչքին արժեք չունի, ինչու են հանկարծ ընկնում մեր սիրո ետևից։ Պատմությունն այդ հարցին պատասխանում է,- կասես, — միշտ էլ դարեր անց»։

***

Որ պատմություն դասերը չգիտեմ, նույնպես հասկացա քո կողքին։ Հեշտ չէ պատմություն իմանալը, երբ սովորում ես նրանց դպրոցներում։ Հաղթողներն են գրում պատմությունը։ Անժխտելի փաստերը կեղծելու համար բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր անկյուններում իշխողներն ունեն իրենց կրունկը հեզաճկուն լիզողների բանակ, որ պատրաստ է իր միտքն ու խելքը նվիրաբերել այդ լավ վարձատրվող, փառաբանվող գործին։ Իրենց ոճիրների համար անքուն գիշերներ չեն անցկացնում։ Հեզաճկունների մրցանակակիր բանակը կգտնի քառասուն կաշի՝ մեկը մյուսից գունագեղ ու սիրուն, քառասուն մեղեդի, վեպ, կինո, քառասուն տակ թաքցնելու, ձևափոխելու, մեղմելու, այդ ոճիրները անճանաչելի դարձնելու, ու նրանց համար հերոսական անցյալ հորինելու համար։ Զնգզնգան բարոյական պահանջները նույնպես՝ բոլորի համար միևնույնը չեն։ Ես կյանք եմ պարտք հայրենիքին, մինչդեռ իրենց՝ հայրենիքն է պարտք։ Պարտք, որ իր ընդերքի հարստությունը նրանց ոտքերի տակ դնելով մի օր գուցե կկարողանա փակել։ Նրանց խրատները ինձնմանների համար են։ Օ, իրենց որդին փայլուն զինվոր էր լինելու հենց առաջին գծում, կյանքը հայրենիքին նվիրելու պատրաստ, բայց առայժմ ժյուրիի որոշմամբ՝ փայլուն գիտնական է, նույն ժյուրիի որոշմամբ՝ անփոխարինելի երաժիշտ, հանճարեղ այդ մատիկներին բիրտ աշխատանքը հակացուցված է։ Համաշխարհային բանկը նրան խնդրեց չմերժել աշխատելու հայրենիքից, պատերազմից հեռու մի երկրում, գնալ չէր ուզում, բայց բանկի գործերը առանց իրեն կանգ էին առել, ու գիշերները լաց է լինում, որ չկարողացավ զինվորագրվել առաջին գիծ մեկնելու համար։ Ահա այդ բախտը, այդ երազը մեծահոգաբար նվիրաբերում է ինձնմանների։ Կային ժամանակներ, երբ ժողովրդի բարօրության անունից կոտորում էին այդ ժողովրդին։
— Մեր ժամանակներում բռնապետները զինված չեն ու համազգեստ չունեն։ Քեզ նվիրում են ընտրություն ունենալու խաբկանք՝ քո առաջ դնելով տարբեր գույներով ներկված նույն ու միակ գաղափարը՝ իրենց շահերի համար կռվել-մեռնելու, ուժից վեր աշխատելու գայթակղիչ, կայծկլտուն պատիվը։ «Մեր ճառերի ընդմիջումներին քեզ հեռուստացույցով ցույց կտանք, հերոս»։ Նայիր աշխարհի տերերին՝ հայրենիք չունեն, կապիտալն է նրանց հայրենիքը։ Բայց նույնիսկ իրենց կապիտալի համար կյանք չեն զոհաբերի։ Իրենց կյանքը, ոչ քոնը, հերոս։ Թող ինձ մեղադրեն ինչքան ուզում են, ինչում ուզում են, կյանքից կարևոր ոչինչ չգիտեմ։
Հիմա, երբ տեսնում եմ ինչպես են օր օրի մեծանում մաշկիս փակցվող մորֆինի թաղանթները, կարող եմ հաստատ ասել՝ չեմ զղջում, որ աշխարհում ոչ մի տարածք իմը դարձնելու համար կյանք չեմ նվիրել։ Խախուտ, անհաստատ, բեկուն, չնչին պատեհությունից կախված, այնպես արագ անէացող կյանքը։ Չեմ զղջում ու զղջա մի օր, արդեն անհնար է, որովհետև ապրելու օրեր էլ չեն մնում։ Թող ինձ մեղադրեն ինչքան ուզում են պայթուցիկներով լեցուն գոտին մեջքիս կապած չլինելու համար։ Ու ապրած լինելու համար իմ կյանքը, որ իրենք չեն ինձ նվիրել։
— Արդար գաղափարները բազում են ու գայթակղիչ։ Դրանց համար մեռնել համաձայն եմ, բայց հարյուր տարվա երկար, դանդաղ մահով։
Վաղուց, վաղուց իմ ներկայությամբ արդեն չեն ծխում, բայց պարզ հիշում եմ ծխախոտի հոտը։ Ծխախոտի հոտ բուրող քո մատները շերտ առ շերտ մաշկիցս պոկում էին մեղքի զգացման շապիկը։ Մեղքի, մշտապես մեղավոր լինելու, մեղապարտի զսպաշապիկը վաղ մանկությունից են մեզ հագցնում։ Հավատացյալ չեն, բայց կրոնի պարտադրած բոլոր կապանքները խնամքով նորոգում ու հոգատարությամբ հսկում են, որ իրենց տեղում մնան։ Անսեթևեթ, թեթև արձակում էիր կապերը, որ հասկանամ՝ կյանքը իմն է։ Ես՝ ոչ մեկի, ու ոչ ոք ինձ կյանք պարտական չէ։ Եթե մի բան ունեմ որդուս ասելու՝ ականջ դիր, վստահիր կենդանու քո բնազդին, մի լսիր նրանց, գնա կյանքի ճանապարհով։ Աշխարհը լի է մահվան գաղափարախոսներով ու նրանց վաստակաշատ թմբկահարներով՝ մինչդեռ նրանցից ո՞ր մեկին ես տեսել կամովին մեռնելուց։ Արել են ինչ կարող են կենդանի մնալու համար, մինչև վերջին պահը զոհաբերել են հազարավոր քոնմանների կյանքը, իրենցը փրկելու համար՝ բունկերներ են կառուցել, մահից հետո ապրելու համար՝ բուրգեր։

***

Քանի դեռ հաշված չէ մեզ մնացած ժամանակը, կարծում ենք, թե կյանքը անվերջ է, ամեն բան կարող է նորից ու նորից սկսվել։ Հիմա, երբ արդեն կյանքից ոչինչ չեմ սպասում, երբ նույնիսկ խոսելն ինձ հոգնեցնում է՝զարմանալի հեշտ է տեսնել՝ որտեղից է սկիզբ առել քեզ հանդիպելու իմ ճանապարհը, դեպի կյանք տանող ճանապարհը։ Աշնան խոնավ առավոտների թափանցիկ պարզությամբ տեսնում եմ այդ հեռավոր պահը, այդ գիշերը։
Հաստատ գիտեմ՝ գիշերը։ Տոն էր, ինչ-որ շքեղ հանդիսություն։ Երեխայիս գրկած եկել էի մասնակցելու ու մոռացել էի արվարձան վերադարձող ամենավերջին ավտոբուսի մասին։ Պայծառ լույսերով ողողված փողոցներում, ամբոխի մեջ՝ հանկարծ հայտնվում էր ուրախ ու անհոգ մի խումբ, որ արագ անհայտանում էր այնպիսի դռների առջև, որ ինձնմանները մոտենալ իսկ չէին համարձակվում։ Ահա այդ իրիկուն, երբ հրավառությունների ու համերգների մեջ ամբոխը տոն էր փնտրում, երբ փողոցները մարդաշատ էին, ու տխուր էին բոլոր հայացքները, անհանգիստ, ինձ պես անհաղորդ՝ հսկա էկրաններից հորդող ստահունչ ու իբր տոնական մեղեդիներին, այդ իրիկուն հասկացա, որ արդեն օտար եմ։ Մինչ մտմտում էի, ինչպես տուն վերադառնալ, որտեղից տաքսի գտնել, ինչքան է պահանջելու տաքսու վարորդը, փողոցները դատարկվեցին։ Բայց նույնքան պայծառ լուսավորված էին ու ավելի ցուրտ չէր, քան իմ տանն էր լինելու։ Երեխային գրկած՝ քայլեցի, որքան կարող էի։ Վերջին ավտոբուսի կանգառի նստարանին՝ երեխան, իմ բրդյա շալով փաթաթված, գլուխը ծնկներիս, քնեց։ Ահա, թե ինչ արժեր այդ անճաշակ, մաշված բրդի կտորը, քեզ անհայտ մի եզերքից քո հայրենիք հասած, որ համառորեն աղբարկղ չէի նետում։ Ու հաստատ գիտեմ, հենց այդ գիշեր էր, վերջին ավտոբուսի կանգառի այդ նստարանին, որ աշխարհն ինձ մեծ երևաց, ու այլուրը՝ ցավալիորեն հմայիչ։ Այդ գիշեր էր, որ հասկացա՝ նույնքան օտար կարող եմ լինել ամենուրեք։ «Ոչ սիրելիս, ոչ։ Այս կյանքով էլ չեմ ապրելու», ասացի այդ գիշեր։ Խոստացա ինքս ինձ։ Ու ես, որ կյանքում մի կենտ վիճակախաղ իսկ չեմ շահել, այդ գիշեր շահեցի ապրելու ուրիշ մի ձև, ուրիշ մի կյանք, որի անունը դարձավ այն պատահական, հիմար անունը, որ արտաբերել էի ատելի դարձած սիրելի եզերքից դեպի անհայտը սահման անցկացնող ավազակի առաջ։
Այդ անունը, որ իմ հեռանալուց հետո էլ թողեցիր գրված քո դռան վրա։ Իմ ուրիշ կյանքի անունը, որ ապրելու էի առանց զսպաշապիկի: Չեմ զղջում դեպի անհայտը գնալու իմ հանդգնության համար։ Միայն թե ամեն հանդգնություն վճարելու իր գինն ունի։

***

Նռնաքարերով այս ժամացույցը պիտի որ հիշես, դու ես նվիրել։ Շղթան կորցրել եմ, չգիտեի այդքան թանկ արժեր։ Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո որևէ մեկն ինձ այդքան թանկ նվեր չի տվել։ Խունացած մետաքսը, որի մեջ փաթաթել եմ իր տուփի մեջ դնելուց առաջ, որ իմ մահից հետո հանձնեն քեզ, ժամանակին վերնաշապիկ էր։ Միակ ներկայանալի վերնաշապիկը ուսանողական քեֆերի, հարսանիք-ծնունդների արարողությունների։ Խունացած մետաքսը, տեղ-տեղ պահպանված վերոնեզյան իր կանաչով, ինձնից երկար կապրի։ Չեմ հիշում, երբ եմ կրել առաջին անգամ, բայց երեխայիս հոր հետ առաջին ժամադրություններին ներկայացել եմ այս վերնաշապիկով։ Նրա մասին քեզ չեմ պատմել։ Պատմելու շատ բան չկար ու դու էլ հարցեր չէիր տալիս։ Իրավաբանության, իր ուժերով ընդունված, ուսանող էր։ Հմայվել էի աշխարհի անարդարության դեմ ունեցած նրա ըմբոստությամբ։ Չգիտեմ ինչու ու երբ ամեն ինչ ցնդեց, ծխի պես անէացավ։ «Դու չես հասկանում, դատավորի կարիերայում կան պահեր, երբ պետք է հզոր շրջապատ ունենալ, կարևոր մարդիկ, որ կարող են մեջքիդ կանգնել։ Քո հայրը, գիտեմ, որ կուզենա ինձ նեղության մեջ հասնել, բայց ինչպե՞ս, բանվոր է, հասկանո՞ւմ ես»։ «Հասկանում եմ»,- ասացի,- բայց չհասկացա, որ պետք էր «մնաս բարովի» տեղ ընդունել նրա խոսքերը։
Օրեր շարունակ, շաբաթներ շարունակ, ամիսներ շարունակ, զանգում ու զանգում էի, որ հանդիպենք, որ… Արվարձանային այդ փողոցում, ուսանողական հանրակացարանի դիմաց տեղադրված հեռախոսախցիկից ժամանակը միայն բետոնե հիմքն է անխաթար թողել։ Վերցնող չկար՝ տու-տու-տու։ Մեր միջև մնացած միակ կապը այդ խցիկն էր։ Չգիտեմ, երբ հասկացա, որ վերջացավ։ Հրաժեշտի ոչ մի բառ, ոչ մի խոսք, անորոշ՝ տու-տու-տու։ Որ ամուսնացել է իր վերադիրի՝ նախարարի առաջին տեղակալի կրտսեր աղջկա հետ, իմացա, երբ տեղակալը արդեն տեղակալ չէր, որովհետև նախարարը՝ նախարար չէր, որովհետև Հզոր Կայսրությունը՝ այլևս Կայսրություն չէր։ Որ խորտակվող նավի բեկորների վրա ըմբոստ ուսանողը մի քանի ամիս հասցրել էր նախարար լինել՝ իմացա՝ երբ անկախ ձեռներեց էր։ Ինձ հադիպեց անկաշկանդ, լուսավոր, ցանկացած հոգս ու ցավ ուսերիցդ թոթափող պայծառ իր ժպիտով։ Հենց այն ժպիտով, որ դեռ երբեմն տեսնում էի երազիս մեջ ու կյանքը դրանից դառնում էր արևոտ ու թեթև։ Բացօթյա, շողշողուն տերրասում սուրճ խմեցինք ու մնացած ժամանակը անցավ նրբանկատորեն իմանալու համար, թե կցանկանամ հյուրանոցում վարձած իր սենյակում գիշերել, թե ոչ։ Ասացի՝ պիտի վերադառնամ, երեխայիս թողել եմ քրոջս մոտ։ Ասաց՝ արդեն երեխա՞ ունես, ամուսնացե՞լ ես։ Ասացի ՝ոչ։ Ուրիշ բան չհարցրեց։ Ուրիշ բան չասացի։ Իմ կյանքը կրավորական էր աշխարհի այդ անկյունում։ Մեր ճանապարհները իրար չհանդիպեցին։ Իշխանափոխությունները հաջորդեցին միմյանց, նա միշտ իր տեղում էր՝ բավական էր միացնել հեռուստացույցը։ Տարիները փոխում էին նրա պայծառ դիմագծերը, նստակյաց կյանքը ճարպ էր կուտակում։ Հեռուստացույցից նայում է ինքնաբավ, անզգա աչքերով բարձրադիր պաշտոնյան։ Մինչդեռ բավական է աչքերս փակեմ, հառնում է՝ լուսավոր ու պարզ, աշխարհի անարդարության հետ չհաշտվող ըմբոստ այն ուսանողը, որից ոչ մի նկար ինձ չի մնացել։ Իսկ այն, ինչ մնացել է կոպերիս ետևում, որդուս այլևս ցույց տալ չեմ կարող։ Հիմա, երբ իմ օրերը հաշված են հոգիս, նոր եմ հասկանում, որ կյանքի ամենաթանկ բաները տեղավորվում են մեր կոպերի տակ։

***

Մինչ այդ հիշում եմ իմ անվերջանալի թափառումները մեր հանդիպումների վայրերում։ Անձրևը՝ փոքրիկ սրճարանի ամայի բակում։ Էլեկտրական լույսերից անձրևի փայլը։ Որքան անսպասելի էր նույն ապրումները ունենալ տարիներ հետո, հազարավոր կիլոմետրեր հեռու, Ատլանտյան օվկիանոսի ափամերձ քո քաղաքի փոքրիկ կոնսերվատորիայի մարմարապատ բակում։ Լույսի ու անձրևի նույն փայլը պարահրապարակ հիշեցնող ընդարձակ, ամայի տարածքում։ Ամայի։ Հոգու բոլոր ճանապարհները ավիրող ամայություն։ Տասնյակ տարիներ անց՝ նորից ու նորից վերապրելու էի հայրենի քաղաքի սրճարանի անձրևահար ամայությունը՝ ուրիշ մեկի մասին, քո մասին մտածելով։ Այն մասին, ինչպես դասաժամերի ավարտից հետո, պիտի դուրս գայիր, մի քանի վայրկյան հապաղեիր անձրևի տակ քայլելուց առաջ, ապա աչքերիդ քաշեիր հին, սև գլխարկը՝ քեզ բնորոշ ցրված շարժումներով։ Նույն ցրվածությամբ հայացքդ պիտի թափառեր ամայի բակով մեկ ու հանկարծ մի ակնթարթից էլ քիչ ժամանակում պիտի զգայիր այն անսպասելի ցավը, որ այդ ընդարձակ, անձրևից փայլփլուն տարածքը լինելու է այսուհետ այդպես՝ մշտապես ամայի, ու երբեք այլևս իմ ներկայությունը չի լինելու այդտեղ՝ հենված սյուներից մեկին, քեզ սպասելիս։
Իմ միայնակ թափառումները հայրենի քաղաքի արվարձանային անլույս փողոցներում։ Անլույս, անջեռուցում պատերազմական այդ անապագա ձմռանը իրար վրա հագած բրդյա շորերի տակ աննկատ անցավ իմ հղիությունը։ Արագ անցավ՝ ցուրտ գիշերների հացի հերթերում։ Պատերազմը քանի մայրերի սև հագցրեց, քանի երեխաների թողեց անհայր։ Ով սիրտ ուներ հարցնելու՝ ուր է այդ երեխայի հայրը։ Անկախությանը հաջորդած ազնիվ համարվող իշխանության տարիներին, երբ պարտքը չփակելու դիմաց նախկին մանկության ընկերները բենզին էին լցնում իրար վրա ու կենդանի այրում, երբ գումարտակի աչքի առաջ՝ կաշառք չբերող թաղեցի զինվորին դանակահարում էին, երբ շուկաները, առևտրական մենաշնորհները, դեռևս կանգուն գործարանները իրար ձեռքից խլելու պայքարի ճանապարհին նախկին համախոհները գնդակահարում էին իրար, երբ ազատամարտիկները, որ դեռ հավատում էին անկախությանը, սպանվում էին թիկունքից, ով էր ինձ ամոթանք տալու երեխայի անհայր լինելու համար։ Բայց և ով էր ինձ ասելու՝ ապրես։ Հարազատներիս մեջ արդեն օտար էի ես։

***

Քո կողքին, օտարության մեջ, աշխարհը ազատ էր, լուսավոր, մայթերի բույրը ինձ այնպես էր հուզում, ինչպես մանկության հեռավոր տարիներին։ Նկարներ ունեմ այդ ժամանակներից։ Երաժիշտների ձեր խումբը՝ Ջուլիան՝ թավ-ջութակով, Ռոմանը՝ սրինգը սրտին հպած։ Բոլորդ ուրախ եք, անհոգ, անփույթ, անկաշկանդ։ Միայն ես եմ զգաստ, ուղղիղ ու զգոն։ Բիծ եմ նկարի վրա։ Զսպաշապիկը հանելուց հետո մարմինը շարունակում է պահպանել նրա ձևը։ Մի աշխարհում, ուր նկարն իրականությունից կարևոր է, բարության, հանդուրժողականության ինչ պաշար էր անհրաժեշտ՝ ձեր կողքին ինձ տեղ տալու համար։ Ինձ տեղ տալու համար ամենօրյա կյանքում, ուր բոլորը դեպի հզորը, դեպի շքեղն են ձգտում, դու ձեռք էիք մեկնում անտուն, շարքային օտարականի։
Ինչ համառ ջանասիրությամբ էիր ապրելու տենչը ինձ վերադարձնում։ Ատելությունը մոռացնել էր տվել իմ ազգային ինքնության բոլոր լուսավոր կողմերը, որ մեր թափառումների անձրևոտ արահետներին լուսատիտիկների նման մեկը մյուսի ետևից հանում էիր քո գրպանից։ Իմ հայրենիքը անծանոթ էր քեզ։ Ջութակի քանի ու քանի դասաժամեր պիտի զոհաբերեիր փնտրելու նրա լուսավոր կողմերը, որ հետո հատիկ-հատիկ ինձ մատուցես՝ իմ ազգային արժանապատվություն ամոթալի վերքը բուժելու համար։ Թվում է, թե արժանապավությունը հատկանիշ է բազում ուրիշ հատկանիշների մեջ։ Բայց երբ կորցնում ես՝ բոլոր մնացածները դառնում են անարժեք։ Քո երկրում վաղուց ի վեր չգիտեն ինչ ասել է մտածել ուտելիքի, ձմռան վառելիքի մասին, տանիք չունենալը պատկանում է անցած դարին։ Ես գալիս էի անցած դարի՞ց։ Գուցե ես ու իմ հայրենակիցները ու մեր նախնիները ծույլ էինք, հիմար, ու անաշխատասեր։ Վախկո՞տ ու անպատի՞վ։ Մի՞թե մենք չէինք արել մեր հնարավորը։
Քո կողքին աշխարհը ազատ էր, ու պարզ երևում էին մտքի փշալարերը։ Այն մենքը, որ իջել էր փողոց, որ զենք էր վերցրել՝ փլվեց աչքերիս առաջ։ Բաժանվեց՝ ոչ ծառի ճյուղերի պես, որոնք ունեն մի ընդհանուր բույն։ Բաժանվեց, ինչպես մայրուղիներն են բաժանվում։ Ոմանց իշխանություն էր պետք ուրիշների մահվան գնով, ոմանց՝ հայրենի եզերք ապրելու համար։ Ոմանք ունեցան իրենց ուզածը, ոմանք՝ ոչ։
Քո կողքին՝ փշալարերից այն կողմ, ես դասալիք չէի։ Ես իրավունք ունեի ընտրելու ապրելու իմ տեղը, իմ ձևը։ Ես իրավունք ունեի չլինելու աննշան պտուտակը Թալանողների մեծ անիվների։ Ես իրավունք ունեի ինձ ասելու, որ նրանց պատերազմը իմը չէ։ Քո կողքին ես իրավունք ունեի աշխարհի որևէ տարածք իմը դարձնելու համար կյանք չնվիրել։ Կյանքը տարածքից ավելին արժեր։ Կյանքը հետմահու մարմարե հուշարձաններից ավելին արժեր։
Մորֆինից թմրող աչքերիս առաջ դեռ տեսնում եմ քեզ, ինչպես այն հեռավոր օրերին։ Ինչպես էիր ետնադռնով դուրս գալիս փողոց՝ բեմական կոստյումով նստում մուրացիկի կողքին, փողոցի կեղտ ու փոշու մեջ, քո ծխախոտի տուփը նրան թողնելով ու նրա կեղտոտ մատներով փաթաթած ծխախոտը կիսել չհրաժարվելով՝ «երեկ ու՞ր ես քնել, ի՞նչ ես ուզում ուտել» էիր հարցնում։ Կյանքն ամենուրեք արժեք ուներ։ Քո կողքին հասկացա՝ ինչ խիզախություն է պետք փոքրիկ, անձնական կյանքում ազնիվ մնալու համար։
— Հեշտ բան չկարծես։ Հեշտ լիներ՝ ո՞վ կլռեր սրիկաների առջև, որտեղի՞ց նրանց հանդուրժողների բազմամարդ բանակը։ Եթե յուրաքանչյուրը իր փոքրիկ, անձնական կյանքում ազնիվ մնալու հանդգնությունը ունենար՝ աշխարհը տերեր չէր ունենա։Ազնիվ մարդիկ են ստեղծում անկախ երկրներ։ Մինչդեռ քանի-քանի անկախ երկրներ ստրկության մեջ են պահում իրենց բնակիչներին։

***

Ինձ հետ երեկոյան դասերից դուրս եկողները ակնթարթորեն անհայտանում էին իրենց ավտոմեքենաների մեջ ու ամայի փողոցում միակ հետիոտնը ես էի։ Անձրև էր գալիս։ Օվկիանոսի ափամերձ շրջանների անձրևը, որից ոչ մի անձրևանոց չի պաշտպանի։ Քո մեքենան կանգնեց փողոցի վերջում։ Հանգուցյալ մորիցդ հիշատակ մնացած ջրագույն ծածկոցով փաթաթված ջութակը կողքիդ նստարանից դրեցիր ետևի նստարանին՝ նստեք, ավտոբուսում տեղը զիջելու նման հասարակ մի բան։ Ինչպես էիր ինձ սովորեցնում օտար աշխարհի պահելաձևը, օտար կենսաձևի բազում թակարդները։ Քո դուռը միակն էր, որ այդ ժամանակներում կարող էի թակել, երբ ցանկանում էի, առանց զգուշացնելու։
Անարդար են նրանք, ովքեր, գիտեմ, ցավոտ խոսքերը շուտ են տեղ հասնում, իմ մեկնելուց հետո, ինձ՝ ինչպես բոլոր աղքատ երկրներից եկածներին, համարեցին հարստության ետևից վազող։ Այդ ժամանակներում ես անկարող էի որևէ մեկին սոցիալական որևէ դիրքի պատկանելություն վերագրել։ Մի երկրից մյուսը անճանաչելիորեն տարբեր են հարստության դրսևորման նշանները։ Ներիր ինձ մեկնելու համար։ Երբ մեր կենցաղը դարձավ անակնկալ ու միօրինակ, երբ մեր առօրյան տեղավորվեց իրեն հատկացված շրջանակներում ու շրջապատը դարձավ ծանոթ ու հարազատ՝ նորից արթնացավ դեպի անհայտը մեկնելու հանդգնությունը։ Նույնը, որ հայրենիքից հասցրել էր օտար ափեր, նույնը, որ քեզ հանդիպելու հնարավորություն էր նվիրել։ Այն, որ վերագրել էի ատելությանը, կյանքի բնազդ էր, ապրելու տենչ։ Այլ կյանք ապրելու տենչ։ Երբևէ չեմ զղջացել դեպի անհայտը գնալու իմ հանդգնությունը, որ վճարելու իր գինն ունի՝ իմ ջանքերն իզուր անցան քեզ մոռանալու համար, ինչպես իզուր էին անցել մոռանալու համար իմ հայրենի եզերքը,փոքրիկ-փոքրիկ, հարազատ իմ երկիրը։

***

Քանի դեռ հաշված չէ մեզ մնացած ժամանակը, կարծում ենք, թե կյանքը անվերջ է, ամեն բան կարող է նորից ու նորից կրկնվել։ Փակվում են կոպերս, բրդյա շալի ու իմ գրկի մեջ փաթաթված երեխան, արդեն պատանի՝ ծիծաղում, վազում է քեզ հետ ավազե փայլփլուն, թաց հարթություններում։ Կոպերիս տակ քո հետ ապրած ժամանակն է, որի դժվար ու աղքատ լինելը չեմ էլ նկատել։ Բոլոր մյուս ժամանակները անէացել են։ Ու նույնիսկ հիմա, երբ ինձ հաշված օրեր են մնում, նորից արթնացել է դեպի անհայտը գնալու հանդգնությունը, ուրիշ, այլ մի կյանք ապրելու տենչը… որն ինձ հիմա էլ այս ափն է բերել։
Ահա վերադարձել եմ օվկիանոսի քո ափը, ուր սովորեցի որևէ մեկին թույլ չտալ որոշելու իմ կյանքի արժեքն ու իմաստը։ Ափը, ուր կյանքն է արժեք ու իմաստ։

Վերադարձել եմ, որտե՞ղ ես հիմա։ Քայլում եմ նույն ճանապարհով։ Անձրև է գալիս։ Օվկիանոսի ափամերձ շրջանների անձրևը։ Շնչառության ամեն շարժում հիշեցնում է, որ կյանքը հեռանում է ինձնից, ու դարձյալ թվում է,թե այն անվերջ է, ուզում եմ ամեն բան նորից ու նորից կրկնվի։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով