Հրայր Խաչատրյան . Բանաստեղծություններ

***

Քեզ շոյել է մեր ամբողջ բակը իր խոսքերով՝
(բամբասանք, հայհոյանք, զվարճանք),
իր աչքերով՝
(տղա, աղջիկ, փնթի տղամարդիկ),
իր դեպքերով՝
(պատի տակ, տանը, սրճարանում և այլն):

***

Պոռնկատներում միշտ էլ ամառ է (հաճախորդների համար),
անձրևում են միայն լքվածները.
նրանք հոգնել են շարժել իրենց մարմինը,
մի ահեղ զանգված, որ ճանապարհել է բազում տիրակալների։
Նրանց մարմինը մի քարտեզ է,
որտեղ հստակ ընդգծված են տարածքները։
Նրանք փորձում են լսել իրենց ներսի ձայնը. մի մեղեդի,
որ մնացել էր որպես հուշ անցյալի ջրհորից:

***

Սրճվում էի օդի հետ,
նա փորձում էր քերել ինձնից իմ մտքերը,
սակայն ապարդյուն.
տրամադրությունը քերել էր արդեն ինձ իր ճանկերով.
հասավ խորքերը,
քրքրեց մեջս,
տնտղեց հոգիս,
հալ ու մաշ արեց,
շպրտեց այս ու այն կողմ…
Ասես մի քամի է,
որ հյուսիսից ապտակում է հարավում գտնվող մուրացկանին,
ով կծկվում է իր մեջ երկրի թեթև ու նուրբ շարժումից:

***

Մի ցանկություն ունեի.
Կտրել օվկիանոսի ջրերը,
Անցնել հողով ծածկված հարությունները,
Չքվել անհող ջրերում,
Որտեղ կլսեմ միայն ձայնը ջրի…
Երբ նա ապտակի իր ձեռքերով,
կիմանամ՝ նեղացել ես:
Երբ կգրկի իր ալիքներով դեմքս,
Կհասկանամ, որ կարոտել ես:

***

Պատերազմը լափել էր քեզ.
դու արյուն տեսած ոսկոր էիր,
ձեռքերդ միայն հրացան էին բռնում։
Նա էր քո սիրուհին, սիրեցյալը կամ ընկերուհին։
Այս կյանքում միայն նրան էիր սեր խոստովանել,
նա էր տվել համաձայնությունը իր ձեռքը բռնելու։
Ձեր նախաճաշը սկսում էր նոր դիակներով,
ավարտվում՝ արյունոտված արահետներով…
Պատերազմը տալիս էր իր ճաշը,
դու ուտում էիր այն։
Սպանելը դարձավ քո մասնագիտությունը,
իսկ թիվ հաշվելը՝ ձեռբերումը…
Բռնի՛ր քո զենքը,բռնի՛ր քո սերը, փակի՛ր բերանը,
մի՛ համբուրիր շուրթերը նրա,
թե չէ նոր արյունով կլվանա իր քաղցը։
Քայլելիս շնչեցիր ավերված քաղաքների ծուխը,
մոխիրը քեզ ճանապարհեց դեպի մյուս դուռը…
Պատերազմը քեզնից խլեց անմեղության դրոշը։

***

Խամրած արևը կարմիր իրիկուն իջեցրեց ծովի հորիզոնին.
ծովը կարմրեց մազերիդ նման,
ալիքներ տվեց գանգրահեր,
եկավ գրկեց ոտքերս՝
ինչպես դու,
խոսեց անկանոն, պոռթկուն…
Մի քանի րոպե, և ջրառատ սերը լքեց ինձ:

***

Դատարկություն էր,
անցավ երկու ամիս,
դատարկություն էր,
անցավ երկու տարի,
դատարկություն էր,
անցավ տիեզերքը նույն պատմությունն էր,
աբսուրդ էր խոսքս,
դողացող ձայնս, որ երգում էր իր ինքնասպանությունը,
երակների մեջ վազող արյունը, որ անցնում էր չար ու բարի հունը:
Աբսուրդ ու դատարկություն մի պաղ լռություն,
մի գանգատ,
ու անդունդի եզրին կառչած հավիտենություն:

***

Տվեք ինձ ծխախոտ,
Եվ ես կծխեմ ամբողջ քաղաքը՝
Մառախուղ կապելով մինչև հատակը։
Հետո կարձակեմ քուլաները մթության,
Նրանք կտանեն մտքերը երկինք,
Ու կկորեն հիշողությունները մոխրամանում ննջած…

***

Տիեզերքը ստեղծել է հազարավոր բառեր,
բայց ո՛չ քո համար…
Դու արժանի չէիր ոչ մի բառի, և բառը արժանի չէր քեզ:
Քեզ բնութագրելու համար քիչ չէին բառերը,
ո՛չ էլ տողերը,
քիչ էին միայն սեր երգող պոետները:

***

Ես հավատում եմ,
որ երկինքը մի օր կշրպտի իր գորշ անձրևը
(ավելի ճիշտ իր արցունքները)
երկրում բթացած որբերին։
Ես հավատում եմ,
որ սևամորթը կհյուրասիրի իր ծխախոտը պատռված քղանցքով պատռված կնոջը
(սպիտակ իրականություն,որ երազում էր մորուքով ամերիկացին),
նրանք կծիծաղեն միասին, հետո երկուսով կգնան մեկի տուն
(հավանական է կնոջ):
Սկզբում բուրբոն.
երակներում կսկսի տաքանալ արյունը,
կկարմրեն աչքերը,
հետո տևական համբույր տաքացած լեզվով:
Եվ վերջում ժամը իր ղողանջով կհայհոյի երկուսին՝
բարի գիշեր մաղթելով:

***

Կեսգիշեր էր.
հարևանի շունը խրատ էր կարդում իր ցեղակիցների գլխին։
Բոլորը հաչում էին (այսինքն խոսում) միաձայն ու պոռթկուն,
սեր էին խոստովանում,
թե ուղարկում գրողի ծոցը միմյանց,
դա կարոևոր չի…
Սիրում եմ այս փիլիսոփայությունը.
նրանք հասկանում են միմյանց, այդպես են նրանք սիրով զբաղվում։

***

Ժողով էր. հավաքվել էին պոետները
(Բոդլերը, Փաունդը և Բրոդսկին):
Պճնված ֆրանսիացին արտասանեց իր ճառը՝
ազդարարելով մոդեռնի գալուստը։
Ֆաշիստական համազգեստով ծերուկը գոռում էր
(Ստեղծե՜ք նորը)…
Էմիգրանտը, նայելով երկուսին, վերցրեց գրիչը.
նամակ ուղարկեց Մարիային:

***

Մի օր, երբ մենակ լինես,
կաշիդ կնախանձի իմ տառապանքներին,
որ երկու տարի առաջ նոր հագուստի նման նվիրեցիր ինձ,
այն հագովս չէր (նեղ ուսերիս համար),
բայց օրը մթնում էր, չէր ուզում մենակ մնար…
Նրան վերցրի հետս, գնացինք տուն:

***
Իմ սիրած անառակությունը պոեզիան է.
լուռ ու սրախողող մատները գրչի ծայրով պատմում են Էպիկուրի անցյալ գիշերը:
(Երկինքը լուսավորում էր տարփանքը,
մահճակալում սավառնող թռչունները երգում:

Հիշում եմ Համսունի սովը…
Այ էդ տիպի սոված եմ.
նոր արկածների,
թռիչքների,
վայրէջքների…
Ուզում եմ գլխիվայր շուռ գալ մեջս,
քանդեմ ամուր կապած վերքերս,
խոսեմ նրանց հետ, ասեմ բարի լույս սոված գայլերին։
Հոտառության ներքին բնազդը կդրդի նրանց նորից արյունոտել ինձ…
Այ էդ տիպի սոված եմ նոր զգացումների,
զեղումների,
ձեռքբերումների,
կորուստների
(ես մի շրջան եմ, որ պտտվում եմ իմ հիշողության ուղեծրով. այ էդ տիպի սոված եմ):

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով