Հովիկ Վարդումյան . Փակուղի

Կանաչ սարդն ընկել էր օտար սարդոստայնի մեջ: Նա այդ զգաց թելերի հաստությունից, որակից, հյուսվածքի ամրությունից:
Սարդերը չափազանց զգայուն են տատանումների հանդեպ: Երբ ցանցի մեջ որևէ միջատ է բռնվում, թրթռոցից ճշգրտորեն կարողանում են որոշել որսի չափերը, ուժը և գտնվելու տեղը: Այդ լավ իմանալով՝ նա անմիջապես անշարժացավ և սկսեց որսալ օտար սարդոստայնի ազդանշանները: Հետագա անելիքը որոշելու համար հարկավոր էր տեղեկություններ հավաքել տանտիրոջ մասին:
Տանտերը նույնպես զգուշացավ: Մի քանի քայլ արեց իր կողմը: Կանաչ սարդն զգաց հակառակորդի ագրեսիվ մտադրությունը: Միաժամանակ ցանցի ուժգին թրթռոցից հասկացավ, որ գործ ունի մեծ և ուժեղ թշնամու հետ: Հակառակ դեպքում կարող էր նախահարձակ լինել: Ողջ էությամբ զգաց իրավիճակի բարդությունը: Հարկավոր էր գործել խելքով և խորամանկությամբ: Անշարժանալու, աննկատ մնալու մեծ փորձ ուներ: Որոշեց քար լռություն և անշարժություն պահպանել, մինչև սարդոստայնի մեջ որևէ միջատ ընկներ: Մինչ տանտերը կզբաղվեր որսով, ինքը կարող էր դուրս գալ ցանցից և հեռանալ: Սակայն զարմանքով հասկացավ, որ սեփական սարդոստայնում անշարժ ու աննկատ որսին սպասելը տարբերվում է որս լինելուց: Վախից էր, թե անհանգստությունից, անընդհատ մի կողքից մյուսին էր հենվում, չնայած գիտեր, որ հակառակորդը որսում է ոստայնի ամենաաննշան տատանումները: Ամեն անգամ դիրքը փոխելուց տանտեր սարդն զգուշանում էր, անկուշտ հայացքով սևեռվում իր ուղղությամբ և մի քայլ առաջ գալիս: Բռնվելու վտանգը մեծանում էր…
Մի քանի ժամ անցավ լարված հոգեբանական պայքարում: Կանաչ սարդի նյարդերն արդեն տեղի էին տալիս: Հազիվ էր զսպում փախչելու ցանկությունը, ինչը հավասար էր ստույգ մահվան: Շուտով տանտեր սարդն այնքան մոտեցավ, որ տեսնում էր նրան: Մեծ չափերի, կարմիր աչքերով սև սարդ էր՝ չափազանց ագրեսիվ և դաժան արարածներից, որոնք առանց տարբերություն դնելու խժում են ամեն ինչ, նույնիսկ իրենց նմաններին: Կանաչ սարդի վիճակը դառնում էր անհուսալի: Ավելի կծկվեց, փոքրացավ և քարի կտորի նման անշարժացավ ոստայնի խոռոչի մեջ: Նա գիտեր, որ սև սարդերը վատ տեսողություն ունեն, կողմնորոշվում են հիմնականում տատանումների հանդեպ ունեցած զգայնությամբ: Հույս ուներ՝ լավ քողարկվելով, աննկատ մնալ:
Երկար սպասումներից հետո վերջապես զգայարանները սարդոստայնի ուժեղ տատանումներ արձանագրեցին՝ կենտրոնից բավական հեռավորության վրա, հակառակ ուղղությամբ: Սև սարդն անմիջապես լարվեց, կարմիր աչքերի հայացքն ուղղեց ազդանշանի ուղղությամբ և արագորեն սլացավ այնտեղ: Ճանճը ճգնում էր պատռել իրեն կաշկանդող սարդոստայնը, դուրս պրծնել թակարդից: Իսկ Սև սարդը թելերով խճճում էր, կաշկանդում՝ հարմար պահին խայթիչը փորը խրելու համար:
Փախուստի ամենահարմար պահն էր: Կանաչ սարդը բացվեց կծկված վիճակից, որոշեց դուրս գալու ամենակարճ ուղղությունը: Վազքով հեռանալ չէր հասցնի: Եթե Սև սարդը մինչև դուրս գալը նկատեր, կարող էր բռնել: Որոշեց քայլ առ քայլ, դանդաղորեն, աննկատ առաջ գնալ: Սակայն պարզվեց, որ ուրիշի սարդոստայնի մեջ շարժվելն այնքան էլ հեշտ չէր՝ թելերը պատված էին սոսնձող հեղուկով: Թաթերը կպչում էին: Մեծ ճիգ էր պահանջվում պոկելու և հաջորդ քայլն անելու համար: Իսկ ամենավտանգավորն այն էր, որ ոտքերը թելերից ուժով պոկելու ժամանակ սարդոստայնը ցնցվում էր՝ իր վրա դարձնելով Կարմիր աչքերավորի ուշադրությունը ժամանակ առ ժամանակ սարդոստայնի ցնցումները մարում էին: Սև սարդը, զգալով էլի ինչ-որ մեկի ներկայությունը, դադարում էր պայքարել ճանճի հետ, լարում զգայարանները: Կանաչ սարդն անմիջապես կծկվում, անշարժանում էր:
Վիճակը հուսահատեցնող էր: Դեռ ճանապարհի կեսն էլ չէր անցել, Սև սարդն ավարտեց պայքարը, խայթոցը մտցնելով, թմրեցնող թույնը սրսկեց ճանճի փորի մեջ և հուսալիորեն կապկպելով՝ նստեց հանգստանալու: Կանաչ սարդը նույնպես անշարժացավ, սպասեց հաջորդ հարմար պահին: Կարմիր աչքերավորը հանգստանալուց հետո պատրաստվեց ուտել զոհին: Կանաչ սարդն զգաց, որ ինքն էլ է քաղցած: Լարված վիճակից ուժասպառ էր եղել: Սակայն հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէր, հարկավոր էր դուրս գալ Կարմիր աչքերավորի ցանցից:
Տանտերը կնճիթը մտցրեց ճանճի փորի մեջ և սկսեց հաճույքով ծծել հյութը: Կանաչ սարդն իր փորձից գիտեր, որ ուտելու պահին սարդերը կորցնում են զգոնությունը: Որոշեց օգտագործել համար պահը: Սակայն դեռ մի քանի քայլ էլ չէր արել, երբ Կարմիր աչքերավորը կնճիթը հանեց զոհի փորից և շրջվեց իր կողմը: Սև սարդին դժվար էր խաբելը: Այլ ելք չկար: Ստիպված էր սպասել նոր զոհի հայտնվելուն կամ գիշերվան՝ գուցե հնարավոր լիներ տանտիրջ քնած ժամանակ աննկատ հեռանալ:
Մթնեց: Սև սարդն անշարժ կծկվել էր սարդոստայնի կենտրոնում: Հայտնի չէր՝ քնել էր, թե հանգստանում էր: Ստուգելու համար Կանաչ սարդը մի քանի քայլ արեց: Կարմիր աչքերավորը խորը քնած էր: Փրկության հույսը վերականգնեց Կանաչ սարդի ուժերը: Հիմա ավելի արագ էր առաջ շարժվում: Վերջապես հասավ սարդոստայնի եզրին: Էլի մի քանի քայլ, և կլիներ ազատության մեջ: Սակայն, երբ պատրաստվում էր հաջորդ քայլն անել, հանկարծ նկատեց Սև սարդին՝ սարդոստայնի վերջին նստած, կարմիր աչքերը հառած իր վրա, սպասում էր: Քիչ էր մնում՝ վախից ուշաթափվեր: Երբեք այդքան մոտիկ չէր եղել: Հիմա, երբ իրենց մի քանի քայլ էր բաժանում, զգաց նրա սարսափազդու շունչը, ուժերի անհավասարությունը:
Սև սարդը նստած՝ իրեն էր նայում: Կարծես թե հարձակվելու մտադրություն չուներ: Կանաչ սարդը, վերջապես ուշքի գալով, զգուշորեն ետ շարժվեց: Կարմիր աչքերավորը սֆինքսի նման անշարժ նստած հետևում էր իր գործողություններին: Որոշեց դուրս գալ հակառակ կողմից: Չնայած թաթերի կպչելու՝ պատճառով շարժվելն անտանելի դժվար էր, սակայն փրկության հույսը նոր ուժ էր ներարկում: Գիշերն արդեն կիսվել էր, երբ հասավ հակառակ եզրին: Երբ թվում էր, թե փրկությունն արդեն մոտիկ է, նորից տեսավ Կարմիր աչքերավորին: Երբ էր եկել և նստել այդտեղ՝ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ:
Կարծես խաղ լիներ: Ողջ գիշերվա ընթացքում Կանաչ սարդը, տարբեր ուղղություններ ընտրելով, ցանկացավ ճողոպրել, բայց ամեն անգամ, երբ հասնում էր փրկության բաղձալի ափին, Կարմիր աչքերավորը սֆինքսի պես անշարժ նստած իրեն էր սպասում:
Գիշերն անցավ անարդյունք պայքարի մեջ: Իսկ երբ լուսացավ, Կանաչ սարդը զարմանքով տեսավ, որ սարդոստայնի չափսերը մի քանի անգամ մեծացել են: Հիմա դուրս գալու համար ավելի երկար ճանապարհ պիտի անցներ:
Տանտերը չէր երևում: Երևի, գիշերվա պայքարից հոգնած, քնել էր սարդոստայնի կենտրոնում կառուցված իր տան մեջ: Կանաչ սարդը նույնպես կծկվեց՝ հանգստանալու և որոշելու հետագա անելիքները: Զգում էր ուժասպառ անող դատապարտվածությունը: Աստիճանաբար սկսում էր համոզվել, որ երբեք չի կարողանալու դուրս գալ Կարմիր աչքերավորի թակարդից: Այդ միտքը նրան ուժասպառ էր անում: Հուսադրող մի բան էր մնացել միայն՝ դեռևս կարողանում էր աննկատ մնալ:
Շուտով քաղցն այնպես սկսեց տանջել, որ քիչ էր մնում՝ հարձակվեր տանտիրոջ վրա ու կամ ինքը նրան ուտեր կամ կեր դառնար: Սակայն զսպում էր ցանկությունը, նորից սպասում հարմար պահի:
Ողջ օրն անցկացրեց սպասումների մեջ: Կեսօրին նորից ցանցը մի ճանճ ընկավ: Կարմիր աչքերավորն անմիջապես հարձակվեց, փաթաթեց թելերով և սկսեց ծծել հյութը: Կանաչ սարդը վախից փորձ էլ չարեց մոտենալ: Գոնե լավ էր, որ Կարմիր աչքերավորը զխտկվեց: Ողջ օրը քաղցած մնալու դեպքում ավելի ագրեսիվ կդառնար:
Նորից գիշեր եկավ: Կանաչ սարդը նորից կրկնեց անցած գիշերվա նման որևէ տեղից դուրս գալու փորձը: Բայց Կարմիր աչքերավորը մշտարթուն հսկում էր: Այնպիսի տպավորություն էր, կարծես նա ոչ թե մեկն էր, այլ գիշերվա ընթացքում բազմապատկվում էր: Երբ արդեն վերջնականորեն փախուստի հույսը կտրվեց, Կանաչ սարդը մի հուսահատ որոշում կայացրեց՝ Կարմիր աչքերավորի սարդոստայնի վրա գործել սեփականը: Սկսեց աշխատել: Առավոտյան Կարմիր աչքերավորի տարածքի բավական մեծ մի հատված ծածկված էր Կանաչ սարդի գործած սարդոստայնով: Կենտրոնում կառուցված իր տան մեջ նստած՝ նա սպասում էր իր որսին: Չնայած Կարմիր աչքերավորի ոստայնի մեջ էր, սակայն իր ցանցի մեջ իրեն ապահով էր զգում: Մտածում էր, թե Սև սարդը չի համարձակվի խախտել սահմանը, խցկվել ուրիշի տարածք:
Կեսօրին Կանաչ սարդի ցանցի մեջ մի փոքրիկ ճանճ բռնվեց: Փակ աչքերով զգաց երանելի թրթռոցը: Մի ակնթարթում վրա հասավ, վարպետորեն փաթաթեց, թույնը լցրեց փորի մեջ:
Սև սարդը նկատել էր: Մինչ Կանաչն սպասում էր զոհի հասունանալուն, մոտ վազեց: Կանաչ սարդը, ափսոսանքով թողնելով արդեն պատրաստ կերակուրը, արագորեն հեռացավ, հազիվ ազատվելով Կարմիր աչքերավորի բրդոտ թաթերից: Չնայած Կանաչ սարդն իր ոստայնի թելերը նույնպես պատել էր սոսնձող հյութով, սակայն Սև սարդն ուժեղ էր: Ճղելով և պոկելով ոստայնի թելերը՝ անմիջապես հասավ ճանճին, կնճիթը մտցրեց փորի մեջ: Կանաչ սարդին մնում էր փախուստ տալով փրկվել: Կարմիր աչքերավորը որսի հյութը ծեծելուց հետո սկսեց հետապնդել Կանաչ սարդին: Կանաչ սարդն ստիպված էր նորից անշարժանալ, դառնալ անտեսանելի: Սակայն Կարմիր աչքերավորը հասավ նրան և առանց ժամանակ տալու, առավ թաթերի մեջ: Կանաչ սարդը, ճիշտ է, թույլ էր Սև սարդից, բայց հիմար միջատ չէր: Դաժան և անզիջում պայքար սկսվեց: Մինչ Կարմիր աչքերավորն իր կպչուն թելերով փաթաթում էր, նա հասցնում էր կնճիթով և երկար թաթերով կտրել դեռևս չկոշտացած թելերը: Նույնիսկ ինքը հասցրեց մի քանի անգամ իր թելերով կապել գիշատիչ Սև սարդի թաթերը: Այնուամենայնիվ, Սևն ուժեղ էր: Երկար շարունակվելու դեպքում, ի վերջո, նրան հաջողվելու էր երկար ու ամուր խայթոցը խրել զոհի փորի մեջ: Սակայն Կանաչ սարդի բախտը բերեց. իրենցից ընդամենը հինգ-վեց քայլ հեռավորության վրա հսկայական ճանճ բռնվեց: Հիմար ճանճին ճակատագիրը խճճեց ցանցի մեջ, որպեսզի Կանաչ սարդը փրկվեր: Կարմիր աչքերավորը, տեսնելով անսպասելիորեն հայտնված սննդի հսկայական պաշարը, թողեց զոհին, վազեց նոր բռնվածի մոտ:
Կանաչ սարդը ուշքի գալով, կտրտեց ոտքերին փաթաթված թելերը, արագ շարժվեց դեպի սարդոստայնի եզրը: Սակայն այս անգամ նա շարժվում էր ոչ թե ազատվելու, այլ ինչքան հնարավոր էր Կարմիր աչքերավորից հեռանալու, վտանգից հեռու գտնվելու համար: Արդեն գիտեր, որ չի հասցնի դուրս գալ հսկայական չափերի հասնող սարդոստայնից:
Կանաչ սարդի գործած սարդոստայնից ազատվելու համար Սև սարդն ավելի ընդարձակեց իր տարածքը: Այնքան, որ Կանաչ սարդն արդեն չէր տեսնում եզրերը: Այս անգամ Կանաչ սարդը նոր խորամանկության դիմեց. թողնելով իր ցանցը՝ որոշեց հակառակ հեռավոր ծայրին, գիշերվա ընթացքում նորն սկսել, գործելով հասնել եզրը և դուրս գալ: Սակայն ստիպված եղավ այդ մտքից էլ հրաժարվել: Կարծես կախարդական շրջանի մեջ էր ընկել՝ ինչքան գործում էր, Կարմիր աչքերավորի ցանցն այնքան մեծանում, եզրերը հեռանում էին: Հուսահատված, գործած ցանցի թելերը պատեց ավելի շատ սոսնձահյութով և սպասեց դեպքերի հետագա ընթացքին: Քանի որ սարդը չի կպչում իր սոսնձից, ապա ինքը կարողանում էր ազատ տեղաշարժվել, իսկ Կարմիր աչքերավորը պիտի որ կպչեր:
Սակայն նրա հույսերը նորից չարդարացան: Հաջորդ օրը, երբ մի մեծ ճանճ բռնվեց, Սևն անմիջապես մոտ վազեց, խլեց որսը: Դեռ ավելին, այս անգամ զգալով, որ թաթերը կպչում են, բոլոր թելերը կտրտեց և գնդիկ դարձնելով, դեն շպրտեց:
Կանաչ սարդի վիճակն անտանելի էր դառնում: Հայտնվել էր փակուղու մեջ: Փակուղու գոյությունն ընդունելը նշանակում էր հաշտվել դատապարտվածության հետ, ինչը նրան ներշնչում էր Կարմիր աչքերավորը: Կարմիր աչքերով Սև սարդը նրան մղում էր անշարժության, ստիպում դադարել պայքարելուց: Սակայն Կանաչ սարդի բնազդը հուշում էր, որ անշարժանալը սխալ է, հարկավոր է գործել:
Կանաչ սարդը գործելու երկու եղանակ գիտեր. կամ հարձակվել հակառակորդի վրա, կամ ուղղակի առանց վախենալու, առանց թաքնվելու հեռանալ: Երկու դեպքում էլ փրկվելու հույսն աննշան էր, բայց հույս էր: Եվ Կանաչ սարդը որոշեց դուրս գալ թաքստոցից, անտեսել Կարմիր աչքերավորի գոյությունը: Գլուխը հպարտորեն բարձր, սպառնալից ու անվախ տեսք ընդունելով՝ գնաց դեպի սարդոստայնի ու ազատության սահմանագիծը: Նրա համար արդեն միևնույն էր՝ համակերպվել էր ազատ ապրելու կամ զոհվելու մտքի հետ:
Սև սարդը կարմիր աչքերը հառեց թրթռոցի կողմը և նկատելով Կանաչ սարդին՝ մոտ վազեց: Սպասում էր, թե Կանաչ սարդը վախից կծկվի կամ կհարձակվի իր վրա: Սակայն նա, առանց ուշադրություն դարձնելու տանտիրոջ սպառնալից շարժումներին, գնում էր դեպի սարդոստայնի եզրը: Սև սարդը քայլում էր կողքից, առաջ անցնում, կարմիր աչքերը հառում նրա վրա, սպառնալից շարժումներով ահաբեկում, բայց չէր մոտենում: Կանաչ սարդի համար Կարմիր աչքերավորն այլևս գոյություն չուներ… Այդ պատճառով նա չէր կարողանում մոտենալ:
Սև սարդն այդպես էլ չկարողացավ կապ հաստատել: Կանաչ սարդը հասավ սարդոստայնի եզրին, անցավ հակառակ կողմը: Ճանապարհը զարմանալիորեն կարճ թվաց: Նա գիտեր, որ Սև սարդերը սարդոստայնի հակառակ կողմում երբեք որս չեն անում: Այդ տարածքը նրանց աշխարհից դուրս է: Այդտեղ նրանք ոչինչ են: Երբ արդեն ազատության մեջ էր, ետ նայեց: Սարդոստայնը հակառակ երեսից անչափ փոքր էր երևում, այնքան փոքր, որ ինքը կարող էր մի քանի ոստյունով մի ծայրից մյուսը հասնել: Իսկ թե ինչպես էր, որ մյուս կողմից այդքան մեծ էր, նրա համար անհասկանալի էր: Գուցե վախի՞ց էր: Գուցե կարմիր աչքերով սարդերն անիրակա՞ն են… Գուցե ոչ մի Կարմիր աչքերավորներ էլ չկա՞ն…
Եվ Կանաչ սարդը, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գործեց իր սարդոստայնը ու հարմար տեղավորվելով կենտրոնում կառուցված իր նոր տան մեջ՝ սպասեց իր որսին:

«Գարուն», 2001, 4

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով