Երվանդ Վարդանյան . Պատահական ինքնաոչնչացում

Դաշտում իրար գլխի լցված ավստրիացի զինորների դիակներ: Դիակների կույտի միջից դուրս է գալիս մի արյունոտ հուսար ու մոտենում վիրավոր զինորներից մեկին:

Հուսար (լացակումած) — Այս ամենի մեղավորը ես եմ:
Վիրավոր — Լացելու ժամանակը չի, գոնե ասա՝ հաղթեցի՞նք թուրքերին, թե՞ չէ:
Հուսար — Թուրք չկա:
Վիրավոր — Բա ո՞ւմ հետ էինք կռվում:
Հուսար — Ինքներս մեր:
Վիրավոր — Այդ ո՞նց:
Հուսար — Այդպե՛ս, ոչ մի թուրք չկա: Ես եմ ամեն ինչի մեղավորը:

Վիրավորը զարմացած վեր է կենում ու նայում դաշտին, որտեղ փռված են ավստիրական զորքի դիակները:

Վիրավոր — Չեմ հավատում աչքերիս` մենակ մերո՞նք են:
Հուսար — Ես եմ մեղավոր:
Վիրավոր — Ի՞նչ ես արել:
Հուսար — Երկար պատմություն է, ավելի լավ կինի գնանք էստեղից, քանի չեն հասել:

Բարձրանում են բլրի վրա, պտտվում դաշտի կողմ:

Վիրավոր (տխուր) — Իմ ձեռքով 50 հոգու էն աշխարհ ուղարկեցի:
Հուսար — Բա ես ի՞նչ ասեմ:
Վիրավոր — Դե պատմի՛ր:
Հուսար — Գնչուներ են գալիս, արի գնանք խմելու բան ուզենք`կպատմեմ:

Գնչուներից մի փոքր տակառ թունդ խմիչք են վերցնում, նստում բլրի վրա ու սկսում խմել:

Հուսար — Լավն է:
Վիրավոր — Թափառականները լավ էլ բաներ են սարքում:

Դատարկում են մի քանի լիտր: Նրանցից մի քանի մետր այն կողմ գնչուները քեֆ են անում, պարում, թռչկոտում:

Հուսար — Ամեն ինչ սրանց պատճառով եղավ:
Վիրավոր — Սրանք ի՞նչ կապ ունեն:
Հուսար — Սրանք թուրքից վատն են:
Վիրավոր — Ապրում են էլի իրենց համար, ինչ մի…
Հուսար — Ամեն ինչի մեղավորը ես եմ ու սրանք:
Վիրավոր — Ի՞նչ ես խոսում:

Հուսարը վեր է կենում, մեջքի վրայից հանում է հրացանն ու կրակում գնչուների խմբի ուղղությամբ, գնչուներից մեկը ընկնում է գետնին, սակայն քեֆը չի դադարում:

Վիրավոր – Ինչո՞ւ սպանեցիր:
Հուսար — Դու լրիվ ցնդած ես:
Վիրավոր — Մեկ է, չեմ հասկանում:
Հուսար (կատաղած) — Սրանք մեզ խմեցրին:
Վիրավոր — Հա, լավ չի՞:
Հուսար (կատաղում է) — Հիմա չէ, այ ապուշ, հիմա չէ՛:
Վիրավոր — Բա ե՞րբ:
Հուսար — Կռվից առաջ: Տղերքի հետ սրանց տեսա` դուրս էինք եկել հետախուզության, գնչուներն առաջարկեցին խմել, սկզբից վախեցա, մտածեցի թունավորած կլինեն, էն էլ չէ, փորձել տվեցի, մի երկու օր դեռ պիտի սպասեինք, ասեցի, թող տղեքը մի քիչ թուլանան, խմեն` քեֆները տեղը գա: Գիտես, մեր զորքում հազար ու մի ազգ կա, ու դրանք մենակ խմիչքի լեզուն են հասկանում: Էն աշտարակի վրա, որ մի քիչ խմելու բան լիներ…
Վիրավոր — Հետո՞:

Հուսարը նորից մի քանի բաժակ թունդ խմիչք է դատարկում, հետո սկսում է խաղալ վիրավորի մազերի հետ:

Վիրավոր — Մի՛ արա, ի՞նչ ես անում:
Հուսար — Սսկվի՛ր, թող զբաղվեմ:
Վիրավոր — Ա՛խ, վերքս:
Հուսար — Լավ էլ բացել են գլուխդ, մի երկու ժամից կմեռնես, եթե չկարեն:
Վիրավոր – Էս ի՞նչ է որ, գլխիս վրա հազար հատ էսպիսի վերքեր են եղել, փակվել գնացել են:
Հուսար — Դու գիտես, արյունդ շուտով կպրծնի:
Վիրավոր — Դրա համար էլ, որ չպրծնի, գնա էլի խմելու բան տուր:
Հուսար — Սպասիր, հո կշտանալի՞ք չի:
Վիրավոր – Չասեցիր, հետո ի՞նչ էղավ:

Հուսար (հարբած) — Տղերքը խմեցին մի երկու տակառ ու սկսեցին պարել, էնքան պարեցին մինչև հոգնած ընկան գետնին, առավոտվա կողմ, գնչուներն էլի եկան, հինգ տակառ վերցրինք ու էլի սկսեցինք խմել, էնքան համով էր, էս ի՞նչ է որ մեր խմածը, էն մեկը լռիվ մեռոն էր, հա… հետո… հետո… սպանիր թողիր քո հետոյով… Հետո տեսանք մեր կողմ վազող զինորների, սկզբից մերոնք էին, բայց ինչքան մոտենում էին, այնքան ավելի էին թուրքի նմանվում, հասկանո՞ւմ ես, լույսը նոր էր բացվում, մութ-մութ էր, ու, չգիտես ինչու, գոռացի, թուրքե՜րը, կրա՛կ…

Նորից է լցնում բաժակները, երկուսով դատարկում են մինչև վերջ, գնչուները չեն դադարում պարել ու ուրախանալ, հուսարը նորից կրակում է նրանց ուղղությամբ: Այս անգամ փամփուշտը դիպչում է խմբի կողքը հավաքված շներից մեկին, որը ցավից սկսում է վազել այս ու այն կողմ, գալիս ընկնում է վիրավորի ոտքերի առաջ:

Վիրավոր (հարբած) — Այս ի՞նչ կենդանի է, այս ի՞նչ մեծ է, երազումս եմ մեկ էլ տեսել այսպիսի բան:
Հուսար — Սովորական կատու է էլի, մեծ բան չի:
Վիրավոր — Նայիր, զորքեր են երևում (ցույց է տալիս գնչուների կողմը):
Հուսար — Դե նայիր, թե սուլթանին ոնց եմ ձիուց գցում:

Նշան է բռնում գնչուների կողմ, կրակում: Մի ծերուկ ընկնում է գետնին:

Վիրավոր — Կպա՛վ: Խփածդ խփած է:
Հուսար — Կարող ենք հիմա հանգիստ սրտով գնալ Վիեննա` կայսեր մոտ, ես կդառնամ մարշալ, դու` գեներալ:
Վիրավոր – Ափսոս, տղեքը չեն տեսնի…
Հուսար — Թքա՛ծ:
Վիրավոր — Խմելու բան մնա՞ց:
Հուսար — Չէ, երկու բաժակ բան է մնացել:

Մնացած խմիչքը դատարկում են, հետո հուսարը նորից նշան է բռնում գնչուների կողմ` կրակում է, տակառներից մեկը ծակվում է, երկուսով վազում են տակառի կողմ ու սկսում խմել հոսող խմիչքը։ Խառնվում են գնչուների խբին սկսում պարել:

Հուսար (պարելով) — Էս ո՞ւր ենք:
Վիրավոր — Չգիտեն:
Հուսար — Չգիտե՞ն, թե՞ չգիտես:
Վիրավոր – Չգիտեմ, որ չգիտեն:
Հուսար (կատաղած) — Ապուշի մեկը:
Վիրավոր (գրկած մի գեղեցիկ գնչուհու) — Ես գնացի:
Հուսար – Ո՞ւր:
Վիրավոր — Վիեննա:

Հուսարը նորից վերցնում է ատրճանակը ու կրակում վիրավորի վրա:

Վիրավոր (նվաղած) — Ինչի՞ համար:

Հուսարը մոտենում է, պոկում նրա ձեռքից գեղեցիկ աղջկան, գրկում ու սկսում համբուրել:

Վիրավոր (մահամերձ) — Խմելու բան տուր:
Հուսար — Հիմա:
Վիրավոր — Վիեննա…
Հուսար (ծիծաղելով) — Վիեննա, հասնում ես հա…
Վիրավոր (աչքերը փակ) — Գեներալ…
Հուսար — Հասար Վիեննա:
Վիրավոր — Հա՜…

Հուսարը գեղեցիկ աղջկան գրկած մտնում է գնչուների խմբի մեջ, նրանք պարելով իջնում են դաշտ, սկսում քչփորել մեռած զինորների գրպանները:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով