Ռութ Ալմոգ. Ուրախ վայր

«Գարուն», 2001, 3

Արձակագիր Ռութ Ալմոգը ծնվել է 1936 թ., բնակվում է Թել Ավիվում: Առաջին պատմվածքը տպագրել է 1967-ին, առաջին գիրքը՝ 1970-ին: Նրա «Լույսի ակունքներ» ժողովածուն արժանացել է Բրենների անվան մրցանակի:

Ցիլյա Կեստենի մասին կարելի է ասել, որ նա կյանքում սիրել էր երկու բան՝ իր տղային՝ Ուրիել-Ուրինկային և բալալայկան: Իսկ ինչ վերաբերում էր ամուսնուն՝ Առնոլդ Տանցմանին, ապա նրանց հարաբերություններն ընթանում էին ինչպես լավ հարթած ճանապարհով, որը, եթե ամեն օր չհարթեն, հետո հարթելն անհնար կլինի:
Այդուհանդերձ, Ցիլյա Կեստենն ուներ շատ բարեկամներ, դրանք նշանավոր մարդիկ էին, բոլորն էլ եկվոր, առավելապես Գերմանիայից: Հետները արկղերով գրքեր էին բերել, բայց գրպանում մի գրոշ անգամ չունեին: Այդպիսին էր նաև Գերտրուդա Կրաուսը: Նրա շնորհիվ էր, որ Ցիլյան բեմ բարձրացավ, իհարկե՝ ո՛չ մայրաքաղաքային. դրա համար Ցիլյայի տաղանդն այն չէր: Մինչև հիմա Ցիլյան ունի գանգուր, երկար մազեր, որ հյուսում է տարբեր ժապավեններով:
Այն պահից, երբ ծնվեց Ուրինկան, Ցիլյայի համար պարզ էր, որ աշխարհում չկա այդպիսի մանկիկ: Բայց Տանցմանը դեմ էր, ասելով, որ երեխան չափից դուրս լալկան է, անվերջ ճչում է: Այդ պատճառով Ցիլյան գրեթե ողջ գիշեր գիրկն էր առնում, իսկ Տանցմանն արգելում էր, ասելով, որ դա սխալ է, որ նորածինների բժշկական գրքում այդպես չի՛ գրված, ընդ որում՝ ինքը քնում էր խորը և միշտ նույն ժամին:
— Գուցե կաթս քիչ է, երեխան չի կշտանում,- ասում էր Ցիլյան, իսկ ամուսինը վկա էր բերում հայտնի մանկաբույժի կարծիքը. «Եթե կինը երեխային տասը րոպե չի հեռացնում կրծքից, կնշանակի մայրական կաթը բավարար է, դրանից ավելին կարող է միայն վնասել»:
Բայց Ցիլյան երբեմն համարձակվում էր ասել, որ այնպիսի մանկիկ, ինչպիսին Ուրինկան է, մի հա՛տ է, նրա նմանը չկա՛:
— Եղած-չեղածը՝ մի պստիկ ճղճղան, ճվում է ամբողջ գիշեր, ինչպես մարտյան կատու,- ասում էր ամուսինը,- եթե դու նրան չմեծացնես այնպես, ինչպես մանկաբույժի գրքում է գրված… Ու դա պետք է անեիր երեխայի ծննդյան առաջին օրվանից: Իսկ հիմա նա կմեծանա որպես մի հանցագործ, հենց այնպիսի՛ն, ինչպիսին Ցիլյա Կեստենն էր, որին վերցրի փողոցից, բերեցի տուն և ամուսնացա հետը: Բայց դա, թերևս, ի՜մ սխալն է:
Ցիլյան այդ խոսքերը լուրջ չէր ընդունում, Տանցմանի կարծիքով, ամեն երկու մարդուց մեկը հանցագործ էր, մանավանդ նա, ով երգում կամ նվագում էր փողոցում, նույնիսկ՝ սրճարանում, ինչպես մի ժամանակ անում էր Ցիլյան: Նա Էլզային էլ էր համարում հանցագործ, այդ սքանչելի երգչուհուն, որն ուներ ուժեղ, գեղգեղուն ձայն: Հիմա Էլզան հիվանդ էր, մարդիկ նրան մոռացել էին, բայց Ցիլյան չէր մոռացել, երբեմն գնում էր Երուսաղեմ՝ նրան այցելելու, իսկ Տանցմանին ասում, որ գնում է բալալայկայի համար նոր լարեր գնելու. դա չէր կարող արգելել, քանի որ ամուսնական պայմանագրում կար համաձայնության հատուկ կետ՝ բալալայկան նվագելու մասին, իսկ Տանցմանը չէ՞ որ լո՜ւրջ մարդ էր, խոսքի տեր մարդ՝ ինչպես սիրում էր իր մասին ասել:
Ցիլյան կարճլիկ, կլորիկ կին էր, դեմքը տափակ էր, ինչպես էսկիմոսներինը, այտոսկրերը՝ ցցուն, որոնց վրա ձգված մաշկը վարդագույն էր, նուրբ, դեղձի պես, ճենապակե երկնագույն աչքերում լույս էր կայծկլտում: Երբ Տանցմանը տանը չէր լինում, նա մանկանը դնում էր հատակի գորգի վրա և պատեֆոնով անվերջ երաժշտություն լսում, այնքա՛ն, որ ձեռքը թուլանում էր՝ պատեֆոնի բռնակը պտտելիս: Երաժշտություն շա՛տ էր սիրում:
Ուրինկայի ծննդից հետո Ցիլյան նկատելի գիրացավ, և պարզ է, բեմի վրա չէր կա-րող պարել, բայց այդ մասին չէր մտածում, քանի որ նաև երգչուհի էր, մանավանդ՝ ամուսնության պայմանագրում նշված էր, որ Տանցմանն արգելում նրան հանդես գալ բեմում:
Տանցմանը նույնպես կարճահասակ էր, բայց կնոջ կողքին թվում էր հարթաբուն, երիտասարդ մի ծառ, հենց այն դեկորատիվ ծառերից, որ տնկում են դռների առաջ և որի սաղարթները այգեպանը ձևավորում է կիսակլոր կամ քառակուսի: Այդպես էր թվում մազերի պատճառով, որ աճել էին տարբեր ուղղությամբ՝ ուղիղ, խիտ, կատաղի, և եթե գիշերը գլխին չէր քաշում սև, ցանցկեն գլխարկը, առավոտյան գլուխը նմանվում էր ասեղնաբարձի:
Այտերը փոս էին ընկած, դունչը սուր էր: Աչքերն՝ անդադար, շարժուն, անհաշտ նայում էին աշխարհին նեղ ճեղքերից: Ածուխի պես սև բարակ բեղերի տակ կարմիր շրթունքներն էին, որ հակադրվում էին նրա ողջ կերպարանքին:
Երբ նոր էին ամուսնացել, Ցիլյան նրան անվանում էր աղվեսիկ:
— Ո՛չ այն պատճառով, որ նման ես աղվեսի,- բացատրում էր նա,- այլ որ որսացիր մի հիմար սագի, սակայն դա այնքան էլ այդպես չէ, քանի որ այդ սագին չես պատառոտել:
— Առայժմ ո՛չ,- ծիծաղում էր Տանցմանը:
Կար ժամանակ, երբ Ցիլյան մինչև ականջների ծայրը սիրահարված էր, Լեոյին՝ իր բարեկամներից մեկի ընկերոջը:
Ա՜խ, Լեո, Լեո: Նա ամուսնացավ մի գեղեցիկ, գրավիչ կնոջ հետ: Նա էլ էր եկվոր, ինչպես Լեոն, և իր հետ բերել էր այնքա՜ն սիրուն գլխարկներ, այնքա՜ն շքեղ զգեստներ: Ցիլյայի փշրված սրտից արյուն էր կաթում, և դա այնքան ժամանակ, մինչև ծնվեց Ուրինկան: Լեոյի կինը հաճախ էր լինում այն ծովափնյա սրճարանում, ուր նախքան ամուսնությունը Ցիլյան ելույթներ էր ունենում երեկոները: Այդ օրերին սրճարան էր գալիս նաև Տանցմանը՝ շախմատ խաղալու: Իսկ փոքր բեմահարթակից Ցիլյան երգում էր գնչուական կրակոտ երգեր… Բայց հայացքը չէր կտրում Լեոյի գեղեցկուհի կնոջից: Գուցե հենց դա էր պատճառը, որ Կիլյան համաձայնեց ամուսնական պայմանագրում ավելացնել մի կետ ևս, թե այլևս ելույթներ չի ունենա բեմում:
Տանցմանը մորթու մշակման մասնագետ էր, քաղաքի ծայրում ուներ մի փոքր արհեստանոց. ամեն առավոտ հեծանիվով գնում էր այնտեղ: Ցիլյան մնում էր տանը մենակ, և երբ տղան լաց էր լինում, կերակրում էր: Մանկական բժիշկն ասել էր, որ հինգ ամսական երեխային կարելի է կերցնել նաև կաթնաշիլա, ու երեխան այլևս գիշերները լաց չի լինի:
Մի անգամ Տանցմանը անսպասելի շուտ վերադարձավ տուն, երևի թե գլխացավն էր բռնել: Նա կնոջը տեսավ մեծ սենյակում, բակզկաթոռին նստած: Գրկել էր Ուրինկային և գդալով ինչ-որ սպիտակ ու թանձր բան էր կերակրում:
Նա նայեց ժամացույցին.
— Դեռ կերակրելու ժամը չի, դու էլ, երևի, կաթնաշիլա ես կերցնում, հա՞:
Ցիլյան այնպես վախեցավ, պապանձվեց, մի խոսք անգամ չկարողացավ ասել: Կնոջ ձեռքից խլելով Ուրինկային՝ տարավ մյուս սենյակը և դրեց մահճակալին: Երեխան գազազած լալիս էր, իսկ հայրը ցնցում էր նրան ու գոռում:
— Կամա՛ց ճվա, կամա՛ց,- և ավելի ուժգին ցնցում, սակայն երեխան չէր հանգստանում, իսկ նա գոռում էր,- ես քեզ հենց հիմա կսպանե՛մ…
Բայց իր վրա մեծ ճիգ գործադրելով՝ նա մտավ մեծ սենյակը, ուր Ցիլյան դեռևս անշարժ նստած էր բազկաթոռին:
— Տե՛ս, թե ինչե՜ր ես անում, ա՛յ դու հանցագործ,- կռանալով կնոջ վրա՝ գոռաց նա:
Ցիլյայի դեմքին հայտնվեց մի տարօրինակ կապտավուն բիծ: Նա դարձյալ անշարժ էր՝ ձեռքով բազկաթոռին կառչած:
— Քո այդ արարքների համա՞ր քեզ վերցրի փողոցից… էսպիսի մի զիբի՛լ, ինչպիսին դո՛ւ ես:
Նա դարձյալ կռացավ կնոջ վրա, Ցիլյայի դեմքի կապտավուն բիծը դարձավ ավելի մեծ և ավելի կապույտ:
Տանցմանը գնաց լողարան, հոսող ջրի ձայնը խլացնում էր երեխայի աղեկտուր լացը: Ցիլյան, վերջապես, տեղից ելավ, վերցրեց բալալայկան, գնաց բակ և նստելով ցածրիկ աթոռակի վրա՝ սկսեց նվագել, նվագել, մինչև երեկո: Հարևաններն ասացին. «Ինչքա՜ն լավ է նվագում», բայց այդ օրը նա չերգեց: Ապա վերադարձավ տուն, պատրաստեց սալաթ, ձվածեղ, կտրտեց սև հացը, սառը ջուր դրեց սեղանին:
Տանցմանը վերադարձավ լողարանից և ասաց.
— Քանի որ, ժամանակից շուտ կերակրեցիր երեխային, հիմա էլ մի՛ կերակրիր, չնայած ուտելու ժամն է: Թո՛ղ դա լինի պատիժ՝ երկուսիդ համար,- նա ժպտաց, և դեմքը ճապաղվեց:
Ցիլյան, իհարկե, այդ գիշեր ծոցն առավ մանկիկին: Նրա կրծքերը լիքն էին կաթով, կաթկթում էին, և, չնայած Տանցմանը խռմփում էր, նա վախով էր կերակրում երեխային: Սիրտը տխուր էր, երբեմն ննջում էր, բայց ծանր մտքերը հանգիստ չէին տալիս, այդպիսի մտքեր ունենում է անապատում մոլորված մարդը: Նա մտածում էր, որ ինքն իրեն ծախեց, ինչպես Հակովբի եղբայրը ծախեց իրեն մի պնակ ապուրով: Բայց որքան էր այդ մի պնակ ապուրի, այդ կեղծիքի գինը, նրան այնքան էլ սոսկալի չէր թվում: Չէ՞ որ Ցիլյան արտիստ էր և վարժվել էր կեղծիքի: Ամբողջ աշխարհը թատրոն է. մտածում էր նա, թատրոն և խաղ: Էհ, այդպես է: Դա երևի սոսկալի չէ: Բայց իր համար արդեն ամեն ինչ վերջացել է, արդեն ոչինչ չի օգնի: Ցավը և ափսոսանքը տանջում էին նրան, և նա սկսեց աղոթել իր Ուրինկայի համար, որ նա լիներ ազատ, ինչպես թռչունը, ու երգում էր նրա համար Շուբերտի երգերը…
Երբ Ուրինկան դարձավ հինգ տարեկան, Ցիլյան նրա համար գնեց շրթհարմոն, տղան շատ շուտ սովորեց նվագել և հիացնում էր բոլորին:
Երբեմն Ցիլյան կատակով ասում էր նրան.
— Դու ի՞նչ ես կարծում, չգնա՞նք գլխավոր փողոցը և միասին նվագենք: Դեռ ես էլ կերգեմ: Մենք փող կհավաքենք և կփախչենք մի ուրիշ երկիր: Հիմա դա հնարավոր է, չէ՞ որ պատերազմն արդեն վերջացել է:
Բայց Ուրիելը հարցրեց, թե ի՞նչ կնշանակի «բանուկ տեղ», և մայրը բացատրեց, որ դրանք այն վայրերն են, որտեղ միշտ ժողովուրդ կա, եռուզեռ, կյանք…
— Իսկ ինչո՞ւ գնալ,- հարցնում էր տղան և ինքն էլ շարունակում,- երբ մեծանամ, ես էլ կմշակեմ մորթեղեն և կունենեմ մեծ գործարան, կարտադրեմ կոշիկ ու պայուսակ: Եվ այդ ամենը՝ կոկորդիլոսի ու օձերի կաշվից: Շատ փող կունենամ, և մենք կգնանք շուրջերկրյա ճամփորդության:
— Մի՞թե դու չես խղճա այդ կենդանիներին: Եվ ինչո՞ւ ես մոռանում, որ երաժշտական տաղանդ ունես:
— Ես սիրում եմ կաշվի հոտը:
Բայց և այնպես Ուրիելը շարունակում էր շրթհարմոնը նվագել, նաև սովորեց նորոգել կենցաղային տարբեր սարքեր: Տղան խելքը տվել էր հարևանների ռադիոընդունիչ-ները, ժամացույցները, պատեֆոնները և նույնիսկ սառնարանները նորոգելուն: Հարևաններն անվերջ կանչում էին, և նա օրվա մեջ տնից տուն էր գնում:
Ուրիելն ուներ աշխատելու իր ձևը. նախ քանդում էր սարքը, մանրամասն զննում, նկարում սխեման, հետո միայն հավաքում էր, այն էլ՝ տեղը տեղին, և մի տարօրինակ հրաշքով, ինչ որ փչացել էր, սկսում էր աշխատել: Հարևանները ապշում էին, և երբեմն էլ Ցիլյան էր համարձակվում Տանցմանին ասել, որ իրենց Ուրիելը հանճար է, մի իսկական Էյնշտեյն: Բայց Տանցմանն ասում էր՝ «Նա ընդամենը անչափահաս հանցագործ է, ոտից-գլուխ քեզ է քաշել»: Դե ինչպես չասեր, երբ Ուրիելը դպրոցում վատ էր սովորում, դասերի ժամանակ թույլ էր տալիս տգեղ արարքներ, ծեծում էր, քարերով խփում ընկերներին, ջարդում ապակիները: Տանցմանն ստիպված էր լինում վնասը հատուցել կամ տուգանք վճարել, մանավանդ երբ կոտրեց տղաներից մեկի թևը:
Դրանից հետո Ցիլյան նորից ասաց Ուրիելին, որ նա պետք է իր համար գտնի մի բանուկ, մարդաշատ տեղ, այդ դեպքում զերծ կմնա փորձանքներից: Սակայն տղան դարձյալ կրկնեց, որ իր համար ամենից հաճելին կաշվի հոտն է, և ինքն անպայման կաշեգործ պիտի դառնա:
— Բայց նախ ավարտի՛ր գիմնազիան,- ասում էր մայրը, և տղան համաձայն էր նրա հետ:
Գիմնազիայի վերջին երկու տարում Ուրիելը զարմանալիորեն փոխվեց, դադարեց շրթհարմոն նվագել, սարքեր նորոգել, գլխովին տարվեց մաթեմատիկայով, իսկ ազատ ժամանակ շախմատ էր խաղում, նույնիսկ հաղթեց մի հայտնի շախմատիստի, բայց դրանից հետո շախմատը թողեց:
Տանցմանն էլ արդեն զգում էր, որ պետք է վաճառի արհեստանոցը, բայց այդ թոկից փախածը հույս չունենա, թե իրենից դրամ կստանա:
— Այդ դեպքում ուղարկենք սովորելու Խայֆայի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Տանցմանը հրաժարվեց, ասելով, որ՝ իրեն չի հետաքրքրում, թե նա որտեղ կսովորի:
Նա ծնվել է հանցագործ և այդպիսին էլ կմնա: Եվ հենց դո՛ւ էլ ես նույնը,- ասաց նա կնոջը:
Այժմ Ուրիելն աշխատում էր բանակում, տանկեր էր նորոգում, նամակ ստացվեց, որ վիրավորվել է և պառկած է հոսպիտալում, Ցիլյան մեկնեց հոսպիտալ՝ իր հետ վերցնե-լով բալալայկան, և այնտեղ գտավ «բանուկ վայր»: Զինվորներն ասում էին, որ նա աստվածայի՜ն ձայն ունի, որը հնչում է՝ ինչպես արծաթե զանգակ:
Հոսպիտալից հետո Ուրիելը մեկնեց Խայֆա, աշխատում էր նավահանգստի դիարանում և այլևս տուն չվերադարձավ: Նա այնտեղ շատ էր աշխատում, նույնիսկ գիշերներն ու ազատ օրերին՝ այն համարելով իր «կենսուրախ վայրը»:
Մի անգամ Ցիլյան նամակ ստացավ Ուրիելից: Նա գրում էր, որ մեկնում է Ավստրալիա. «Ես այնտեղ լավ աշխատանք ստացել եմ ՝ հորատման սարքերի գծով, հենց որ փող կուտակեմ, քեզ տոմս կուղարկեմ, և դու կգաս Մելբուռն, այնտեղ շատ «կենսուրախ վայրեր» կան: Հաջորդ նամակով հայտնում էր, որ ամուսնացել է միլիոնատիրոջ դստեր հետ, որ շատ երջանիկ է և շատ հարուստ: Հետագա նամակներում հայտնում էր, որ ունի երկու զավակ. «Տղայիս անունը դրել եմ Արիե, աղջկաս անունը՝ Ալիզա»:
Ցիլյան ընդամենը երեք նամակ էր ստացել, բայց ինքը հաճախ էր գրում և երեկոները Տանցմանի դիմաց նստած՝ սվիտերներ էր գործում Արիեի ու Ալիզայի համար ու ամեն անգամ քիչ ավելի մեծ չափսով: Եվ մտածում էր, որ այնտեղ՝ Մելբուռնում, շատ կան երևի մարդաշատ, կենսուրախ վայրեր… Բայց երբ նայում էր Տանցմանին, որի մեջքը կռացել էր ու նմանվել փոքրիկ բլրակի, մտքերը դառնում էին թախծոտ, նա վերցնում էր բալալայկան և նվագում այնքան, մինչև Տանցմանն ասում էր.
— Դե՛, լավ, այսօր հերիք է:
Մի անգամ Ցիլյան նամակ ստացավ Ալիզայից: Թոռնուհին գրում էր, որ հայրիկն անհետացել է, ասել է, որ գնում է Ամերիկա: Այդ օրվանից անցել է մեկ տարի, և նրանից չունեն որևէ տեղեկություն: Ալիզան խնդրում էր, եթե տատիկը որևէ լուր իմանա, իրեն հայտնի:
Տանցմանն անմիջապես արձագանքեց.
— Ես միշտ էլ վստահ էի, որ նա հանցագո՛րծ է:
Խեղճ Ցիլյան Ալիզային գրեց, որ ինքն էլ որևէ տեղեկություն չունի, և խնդրում էր՝ հոր մասին լուր իմանալիս, իրեն անհապաղ հայտնի:
Ալիզան ժամանակ առ ժամանակ գրում էր, որ հայրը չի վերադարձել, և ոչ ոք չգիտի նրա տեղը:
Ցիլյան այժմ դարձել էր վշտի տակ կքած մի պառավ, Տանցմանը նույնպես ծերացել էր, կռացել: Ձմռանը նրանք ուղղակի սառչում էին, և Տանցմանն ասաց, որ կարող են իրենց թույլ տալ մի փոքրիկ շքեղություն՝ գնել էլեկտրական սավան:
Ասում էին, որ ամեն ինչի պատճառը հենց այդ չարաբաստիկ սավանն էր եղել: Դե, ծերացած մարդիկ էին, խորը քնած, և ոչինչ չէին զգացել: Հանկարծ հարևանները ծխահոտ զգալով՝ կանչել էին հրշեջներին, բայց արդեն ուշ էր եղել: Տանցմանի և Ցիլյանի մարմինները ուղղակի ածխացել էին:
Հարևանները դիմեցին ավստրալական դեսպանատուն, իսկ նրանք էլ կապվեցին Ուրիելի ընտանիքի հետ և տեղեկացան, որ վերջինս տեսել են Սան-Ֆրանցիսկոյի փողոցներից մեկի խաչմերուկում. նա շրթհարմոն էր նվագում և ողորմություն խնդրում:
Այսպես իրականացավ Ցիլյայի երազանքը, բայց նա այդ մասին չէր կարող իմա-նալ:
Հարևանները փող հավաքեցին, ծեր և դժբախտ ամուսիններին թաղեցին, նույնիսկ հուշաքար կանգնեցրին. «Ցիլյա (Ցեցիլյա), օրիորդական ազգանունը Կեստեն, երգչուհի և երաժիշտ: Առնոլդ (Աղվեսիկ) Տանցման, կաշվեղենի մասնագետ, իր խոսքի տեր մարդը»:

Թարգմանությունը՝ Օլգա Սանահյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով