Լևոն Շահնուր. Յունոնան

Յունոնան1

Երբ ներան բաց թողեցին տիեզերք՝ ես սիրահարվեցի:
Յուպիտեր

Արցունքի ճամփա… որի գալը սողալուց է ճանաչվում, այն էլ նրա անկանոն եզրագծով, գուցե հորանջելուց է դուրս ընկնում կամ քթանցքներից. կամ մարմնից է դուրս տալիս՝ սա ինչ-որ տեղում կանգնելու է՝ լռվում ու չորանում երեսին թողած հետքը՝ ձգված մաշկի վերածված, եթե երկար է իջել՝ պարանոցին ավելի խորք՝ ծոցին. լաքապատ մաշկով նշան մարմնին՝ առանաձնացած քայլելու ընդունակություն ամբոխի մեջ՝ իրեն հայտնի ու այլևս անտեսանելի արցունքի ճանապարհ:

Յունոնային ճանապարհ դնելուց հետո երկրորդ պատկերացումը սկսում է բացակայել մոտս. այդ երկրորդը, որը առաջինի և երրորդի մեջտեղում է, դեռ պահպանում է անպատկեր չեզոքությունը, քանի որ յուրաքանչյուր պատկեր իր վրա շինանյութ է պահանջում՝ կրում, ուրեմն մտքում երևակայածս պիղծ է՝ կրկին իմը չէ, աչքերս թուլացնելով հետզհետե տեսողությունս մտցնում եմ առջևիս պատկերից ներս. կորություններին հայացքս շոշափում է կլորավուն առարկաները անշտապ գլորվելով նրանց թեքություններին՝ ածելու սայրի պես (դռան, պահարանի, գրքերի) անկյուններից առանց կտրել-փախչելու մարմանդ սահում է մինչև տակ կամ մինչև վեր, եթե սրանց հետ երկրորդային դիտողությամբ չլինեմ՝ բացակա տարածքում, ապա հայացքս կծակծկվի, կմրմռա, գուցե նաև մշուշոտվի, իսկ միգամած հայացքով ես չեմ կարող հետևել Յունոնայի ճանապարհին:

դռան անցքեր կողքի բացվածք տակի երկար բաց որտեղից լույսի շերտ է ընկնում ու խմորեղենի կտորի պես ինչքան կտրում բացում եմ այնքան լայնություն է վերցնում դռան վերևի բացվածք որտեղից լույսը հրդեհի նման ձգվում է վեր պատին դռան բանալու անցք որտեղ երբեմն խավարում է դեղնալույսը քանի որ մարդ է անցնում դրա վրա այնկողմային կռացած աչքը սարսափելի է. ես դեռ փոքր էի իսկ Յունանան դեռ անպատրաստ իր թռիչքին երբ ինձ ասացին դռանը հանգիստ թող դուռն ինձ համար շնչավոր բան դարձավ դրանից առաջ ասում էին եղբորդ հանգիստ թող կամ որևէ մեկին

դռան բազմաթիվ լուսանցքներ փակ կամ կիսաբաց դիրքերում երբ կրնկի վրա բաց (սենյակում մութ դռնից այն կողմ լուսավոր) դանդաղ հրում եմ դուռը լույսի ճամփեն որն իր քիթը սեղմած հատակի ճեղքերին հոտոտելով ներս է լցվում խտանում իմ արտադրած տարայի մեջ այն չափի որը խելամիտ է համարվում մարմինդ դռնից հանելու կարգուկանոնում

Յունոնան արդեն իմ ուղեծրին է մոտենում (այս մասին՝ անտենան կոտրված ռադիոն է խշշում) սակայն ինչ-որ մարդիկ ներան դանդաղեցնում են իբր կնոջը վայել ճկունությամբ նետվի գիրկս ձգողական ուժս գործի եմ դնում բայց նե վարանում է

մի ոտքը ծալված կապույտ կիսամաշ վարտիքը դեղնած դոշակին ընկած հին հեռուստացույց սև խամր էկրանով արտացոլանքում մեռած ստվերներով ծաղկի տերև հայելի հայելում էկրան վերևում նկար կանաչ կարմիր գազարագույն մոխրագույն քիչ այն կողմ հատակի գրքերի դարսին սպորտային կոշիկներ մեկը սև մյուսը շագանակագույն կլորավուն երեսին ճմրթվածք թելերը մեկինը կոճկած մյուսինը կախ ընկած դիրքը շարժուն այսինքն կենդանի տեղում դոփող սրանցից դեպի դուռը թերթերի դարս թեքված երկու կողմից պատշգամբից լցվող զեփյուռից թղթերի չրչրթոց չոր հովն առարկային շփվելով վերածված առարկայի այլևս առարկայացած հովի շունչն առարկայի կուլ տված հնչյուն դուռ անբռնակ անփական 2 սմ. կիսաբաց երկար պատկեր թողած մարմնագույն մութ ծեգի շողոտ դռան բերանից ձախ պառկածի մոտից ձախ մտնողից աջ պահարան դռները գոց ոտնակների տակ փայտի կտորներ հավասարակշիռը ծռված պառկածի մոտից բաց դռնակի ներսը (որպես ազդր) ծածկած ծաղկամանների ծաղիկներ տակն արկղերով գրքեր կողերից ճեղքեր ու կազմի տառ Դ կողքին պառկածից ձախ դռնից եկողից աջ (եթե մոտենա պառկածին) լուսամփոփի պահարան երկփեղկ վրան թղթերի դարս գրոտած չգրոտած լուռ դատարկ շիշ մանրապղպջակ ջրի գրաֆին կեղտոտ անձեռոցիկների խուրձ մեկնումեկը ցլի պատկերով վերևի փեղկը կիսաբաց գրիչի հատված սրիչի մաս ծխախոտատուփի կտորը եղունգկտրիչի էջանիշի գույնը դեղերի տուփի անկյունը դարակի վրա ծխախոտատուփ մեջը երկու սիգարետ մեկը պարանոցից փշրված հատակին ընկած փոշոտված գիրք լաթեր իրար հետև դրված սրանց դիրքը քայլող մոտեցող հոտոտող պատշգամբից աջ (մտնողի համար ձախ) պառկածի ուղղահայացքից քիչ աջ գրապահարան երեք հարկանի վերևի հարկում խնկաման հին զարդանաշխերով գրքեր իրար հենված (դեպի մտնողը) ներքևի դարակում ձիգ չհենված լայն երկար մահճակալ ոտնակներից կոտրված օրը կիրակի.

արցունքը չորացավ պարանոցիս:

——
1. Այստեղ՝ ՆԱՍԱ-ի կողմից արտադրված արբանյակը, որին 2011թ.-ի օգոստոսի 5-ին բաց թողեցին Յուպիտերի ուսումնասիրության համար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով