Ռաֆայել Իշխանյան. Բանավոր խոսքն ու ինքնահսկումը

«Գարուն», 1967, 7

Վերջին ժամանակներս լեզվաբանները ավելի ու ավելի են սկսել զբաղվել տարբեր լեզուների բանավոր խոսքի ուսումնասիրությամբ։ Գրվել են մի շարք լեզուների բանավոր խոսքի շարահյուսությանը, ձևաբանությանն ու բառապաշարին նվիրված աշխատություններ։
Ուշագրավ արդյունքներ են տալիս այդ ուսումնասիրությունները, որ կատարվում են առօրյա, ամենասովորական խոսակցությունների աննկատ ձայնագրման կամ սղագրման հիման վրա։ Պարզվում է, որ շատ ազգեր բացի գրական լեզվից գավառաբարբառներից ու ենթաբարբառներից ու­նեն նաև գրական լեզվի խոսակցական տարբերակ, որը հաճախ ունենում է իր ուրույն քերակա­նական-կառուցվածքային օրինաչափություններն ու հավելյալ բառապաշարը:
Ժամանակակից հայոց գրական լեզուն (արևելահայ) այժմ արդեն բազմակողմանի ոաումնասիրված է. լեզվի ամբողջ քերականությանը նվիրված մի շարք աշխատություններից ու դասազրքերից բացի, այժմ քիչ չեն նաև առանձին խոսքի մասերին և նույնիսկ նրանց առանձին յուրահատ­կություններին նվիրված գրքերը։ Ժամանակակից հայերենի տարբեր բնույթի մի շարք բառարաններ են լույս տեսել, շուտով կհրատարակվեն նաև ծա­վալուն բացատրական բառարաններ: Հայոց առան­ձին գավառաբարբառներին են ոչ քիչ մենագրություններ են նվիրված. առանձին գավառաբար­բառները ուսումնասիրելուց հետո՝ այժմ լեզվա­բանները ձեռնամուխ են եղել ենթաբարբառների ուսումնասիրմանը: Բազմաթիվ են նաև գրաբա­րին, նրա առանձին հատկանիշներին նվիրված աշ­խատությունները։
Բայց ահա, որքան էլ այդ զարմանալի լինի, հայոց լեզվի ուսումնասիրությանը նվիրված այսպիսի առատ գրականության մեջ չկա և ոչ մի աշխատություն այն հայերենի (կամ հայերենի այն տարբերակի) մասին, որը ոչ գրքերի մեջ է և ոչ էլ բարբառախոս հայի բերանում, այլ որով ներկայումս ամեն օր, ամեն ժամ խոսում են հայկական կրթություն ստացած կամ ստացող տասնյակ հազարավոր մարդիկ՝ աշխատավորներ, դպրոցականներ, ուսանողներ:
Գրական լեզվի բանավոր տարբերակում էլ պետք է զանազանել պաշտոնական խոսակցությունների, զեկուցումների, դասախոսությունների, դաս պատասխանելու կամ քննություն հանձնելու բանավոր խոսքը, առօրեական, այսպես ասած՝ սովորական բանավոր խոսքից։ Եթե առաջինը այսպես թե այնպես գրական լեզվի պատճենն է լինում կամ ձգտում է դրան, ապա երկրորդը իր տարբերիչ առանձնահատկություններն ունի,     որոնք հաճախ շատ ակնառու են լինում։
Ասենք նաև, որ տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում այն խորապես աղճատված և խաթարված բանավոր հայերենին, որ կարելի է լսել հայերեն չիմացող մարդկանցից կամ, ավելի ճիշտ, այնպիսի հայերից, որոնց խոսակցական, (առաջին) լեզուն այլևս հայերենը չէ։
Խոսքը վերաբերում է գրական հայերենի այն տարբերակին, որ օգտագործում են հայախոս մարդիկ իրենց սովորական խոսակցությունների ժամանակ, որն այսօր կարելի է լսել շատ ընտա­նիքներում, բուհերում, հայկական դպրոցներում, փողոցում, զբոսայգիներում…
Այդ «սովորական» բանավոր (ժողովրդախո­սակցական) հայերենն է, որ թերևս, մի քանի
հարյուր անգամ ավելի է գորածվում, քան գրավոր (զուտ գրական) հայերենը, բայց որը նույնքան անգամ ավելի քիչ ուշադրության առարկա է եղել, քան վերջինս։ Մինչդեռ շատ կարևոր է և, մանավանդ, վաղուց ի վեր ժամանակն է ուշադրություն դարձնել այդ ամենագործածական հայերենի վրա, բացահայտել նրա յուրահատկությունները, պարզել նրա ու գրավոր լեզվի տարբերություն­ներն ու փոխազդեցությունը, որոշել նաև բանավոր խոսքի արժանիքները, որոնք կարող են արդեն դրական իրողություններ համարվել, ինչպես և բացասական կողմերն ու արատները, որոնց դեմ պետք է պայքար մղել։
Ընդհանրապես խոսակցական լեզուն, նրա բա­ռապաշարն ու քերականությունը լեզվաբանները քննում են տարբեր տեսանկյուններից: Ներկա դեպքում մեզ հետաքրքրողը բանավոր խոսքը հսկողության ենթարկելու կամ խոսելիս ինքնահսկում կիրառելու հարցն է՝ կապված բանավոր հայերե­նում բառօգտագործումը բարելավելու խնդրի հետ։
Երբ խոսակցական հայերենի սղագրված կամ ձայնագրված նմուշների հիման վրա ծանոթանում ենք նրա բառապաշարին, ապա ամենից առաջ աչքի է զարնում խոսակցական և գրավոր հայերե­նի բառօգտագործման միջև եղած մի լուրջ տար­բերություն, այն է՝ բանավոր խոսքում անհարկի օտարաբանությունների անհավատալիորեն մեծ քանակը գրավոր խոսքի համեմատ։ Եվ ակա­մայից դա էլ դառնում է խոսակցական հայերենի քննության և գնահատման գործում համար մեկ հարցը։
Որպես օրենք, խոսելիս մենք չենք նկատում մեր բանավոր խոսքի այդ լուրջ տարբերությունը գրավոր հայերենի համեմատ, չենք ենթադրում, որ շատ մեծ քանակով անհարկի օտարաբանու­թյուններ ենք գործածում ամեն օր, ամեն ժամ։ Իսկ երբ կարդում ենք մեր խոսած «սովորական» հայերենի սղագրությունը, հաճախ զարմանում ենք մեր չափազանց անփույթ, անկարգապահ բառօգտագործման վրա։ Երբ փորձենք բանավոր ասած միևնույն միտքը գրավոր արտահայտել, ապա օտարաբանությունները անհետանում են կամ նրանց քանակը խիստ պակասում է:
Ժամանակակից հայ հմուտ թարգմանիչներից մեկը, որ իր թարգմանությունների մեջ գործածել է հյութ, պաղպաղակ, գարեջուր, պատշգամբ, շագանակագույն, պահարան, նկուղ, դեղատուն, բաճկոն, խոհանոց, դույլ բառերը, «սովորական» խո­սակցության ժամանակ (ինչպես աննկատ կատար­ված սղագրությունները ցույց տվեցին) երբեք չի գործածում այդ բառեր, այլ միայն՝ սոկ, մարոժնի, պիվա, բալկոն, կարիչնիվի, շկաֆ, պադվալ, ապտեկա, պիջակ, կուխնյա, վեդրո: «Արի մի սոկ խմենք», «Մեզ մոտ սառը պիվա կա», «Լավ, դու մառոժնի կեր, ախպեր», «Սա է մեր բալկոնը, այ, որ կարիչնիվի շկաֆն էլ երևում է», «Տնից երկու աստանովկա է»:
Ահա այսպիսին է հիշյալ միանգամայն բա­րեկիրթ անձնավորության (ինչպես և շատերիս) բանավոր «սովորական» խոսքի ընդհանուր բնույթը։
Խոսակցական հայերենի քննությունը ցույց է տալիս, որ մի ամբողջ բառարան կարելի է կազմել այն օտարաբանությունների, որոնք այսօր չեն գործածվում հայերեն գրավոր խոսքում, բայց ամուր «նստած են» բանավորում։
Անշուշտ, գրավոր խոսքի մեջ էլ դեռևս քիչ չեն անհարկի օտարարբանությունները, որոնցից հնարավորին չափ պետք է ազատվել։ Սակայն այդ կարգի բառերի մասին չէ այժմ խոսքը, այլ այնպիսիների, որոնք ոչ միայն չկան հայոց գրա­կան լեզվի (գրավոր տարբերակի) մեջ, այլև, որոնց հայերեն համարժեքները հանրահայտ բա­ռեր են, անշուշտ, քաջ հայտնի են նաև բոլոր նրանց, ովքեր խոսելիս այդ բառերի փոխարեն օտարաբանաթյաններ են գործածում:
Մարդիկ լեզվական սխալներ անում են տար­բեր պատճառներով. կարևոր պատճառ է, օրինակ, չիմանալը, երբ խոսողը չգիտի տվյալ լեզվի այս կամ այն կանոնը կամ՝ անհրաժեշտ բառը։ Սակայն ներկա դեպքում լեզվական սխալի կամ արատի պատճառը չգիտությունը չէ, այլ սովո­րույթի ուժը, սեփական խոսքի նկատմամբ ան­փույթ վերաբերմունքը, խոսելիս ինքնահսկման բացակայությունը:
Մենք տարբեր զբաղմունքների տեր մարդկանց բանավոր խոսքի բազմաթիվ սղագրություններ ու­նենք: Ստորև բերում ենք դրանցից որոշ նմուշներ երեք խմբավորմամբ։ Նախ մի քանի օրինակ բերենք բուհական (այդ թվում հայկական բանասիրական բաժանմունքների) երիտասարդու­թյան խոսքից. «Վաբշչե, նրա պախոդկան լավն ա», «Բայը շատ սկրոմնի վիդ ունի», «Պոդումայեշ, կարծես ես չեմ կարա, լեկցիայից հետո գնանք տեսնենք», «Հիմա զաչոտ ունենք, զաչոտնիկս էլ չգիտեմ ուր եմ դրել, սումչկայիս մեջ չկա»։ «Աղջի, կանտրոլը գրել ե՞ք», «Ամեն ինչ տոչնի գրել ես, մալադե՛ց»: «Մտի նա ռիսկ», «Չէ՛, ի՞նչ ես ասում, նաաբարոտ, ինքը ինձ շատ ա սիրում», «Ինչ տոչկա յա, դավայ, գրի», «Շաբաթ օրը վեչեր ունենք»։ «Մեր հանրակացարանի աստանովկայում կսպասեմ, ուզում ես սադի մոտ լինեմ», «Մինչև մոստը չենք գալո՞ւ», «Զատո, Ստեփանավանը ցենտր ա», «Էդ շատ ռեդկի ա շինում», «Գլխիս կոնտրո՞լ ես, ինչ ա», «Լուբոյ մոմենտի կարող եմ գնալ», «Էս պաստայաննին լավ բան, ա, ահագին էկոնոմիա ենք անում», «Սայաթ-Նովայի պադարչնիում լավ բաներ էին ստացել», «Գնում եմ բազար, բայց սետկան չգիտեմ ուր ա», «Աշտոժ, դու էլ արի», «Պրիչոմ էստեղ կամենդանտը», «Կալյասկեքում ես մեծացել, է», «Էդ տրյապկեքը կեղտոտ են», «Կակռազ, իմ բանն ա», «Կակբուտտը չես լսում», «Էդ մարդը չերեզչուռ իդիոտ ա», «Պատալոկը սաղ սարանդոստիկ ա» և այլն։
Սրանք և այս բնույթի շատ ու շատ «գլուխգոր­ծոցներ» բառացի սղագրություններ են, որոնք տալիս են այսօր ուսանող երիտասարդության զգալի մասի կողմից ամեն պահ խոսվող հայերե­նի իրական պատկերը։
Այժմ էլ ուշադրություն դարձնենք, թե ինչպես են խոսում այն մարդիկ, որոնց մասնագիտությու­նը, դերը հայոց լեզվի ճշտությունն ու մաքրու­թյունը պահպանելու հետ է առնչված և որոնք, ենթադրվում է, որ այսօր պետք է բոլորից լավ խոսեն հայերեն։ Խոսքը հայոց լեզվի և գրակա­նության մասնագետների՝ լեզվաբանների, գրակա­նագետների, հայերենի ուսուցիչների, ինչպես նաև հայ գրողների ու բանաստեղծների մասին է։
Նախ լսենք հայերենի ուսուցիչներին (Երևանի դպրոցներից). Ուսուցչանոցում՝ «Զոնտիկիս ռուչկան էլի պոկվեց», «Ճիշտն ասած՝ պադյոմն ավե­լի հեշտ էր, քան սպուսկը», «Լարյոկում չկար, շատ լավ չամադաններ էին, բայց զամոկը շուտ ա փչանում», «Պրոսպեկտի վրա են ապրում», «Յուբկայիդ պլեչիկներ դիր», «Հենց էդ մոմենտին պրիոմնիկը փչացավ, պլաստինկա էլ չէր նվա­գում», «Այո, անպայման ռայոն պիտի գնամ», «Շատ մինիատյուրնի աղջիկ է»։ «Մի հատ սեռի բուխանկա կառնես, մի հատ՝ սպիտակ»: «Էս կլուբնիկայից վերցրու», «Չէ, մերսի, ճիշտն ասած՝ գնում եմ փոստ, պասիլկա ունեմ։ Պասպորտդ վերցրե՞լ ես: Դե մաղարիչ պիտի անես:- Մարոժնի՞»:
Դասի ժամանակ՝ «Մի սարոշկադ ներս դիր, այդպես, պինջակիդ վարատնիկն էլ ուղղիր», «Այդ ի՞նչ պրիչոսկա է, վաղը չտեսնեմ, այդ չուլկիներն էլ չհագնես» և այլն։
Ձայնը տանք լեզվաբաններին ու գրականա­գետներին. «Նու, լավ, համաձայն եմ, գնանք պիվա խմենք», «Ես գերադասում եմ կոֆեն», «Լեկցիաս վերջացրել եմ, մի գրուպպայում երկու ժամ էլ սեմինար ունեմ», «Ո՞ր կորպուսում ես լի­նելու», «Լավ, պակա, քեզ կաֆեում կսպասենք», «Պավառոտի վրա ինչ պոլնի խոդով գնում է», «Էդ­պես են ավարյա անում, է», «Չէ Մ-ն շատ լավ շոֆեր է», «Ես էդաեղ չեմ սիրում, պադվալ է», «Լավ նասկիներ են, բասանոշկան էլ ե՞ս նոր առել», «Սանատորիա եմ գնալու, պուտյովկան ար­դեն ունեմ», «Բա պրոբկան էդպես կհանե՞ն», «Սաղ ըլնեք, տղերք»։ «Չէ, ոչ մի տեսակ կոնսեր­վա պետք չի», «Լսեցի, օպերացիայի ես ենթարկվել, ճի՞շտ է», «Ռայոնական կոմիտեից էին կան­չել», «Չէ, մարշրուտը փոխվել է, հիմա ցիրկի կողմն է գնում», «Դուռը փակեք, սկվազնյակ է», «Շալվարիս վրա կիսլատա կաթաց, փչացավ», «Ներվերս էլ չեն դիմանում», «Մի բոչկա լիքը կա, դեռ երկու վեդրո էլ ավել», «Ռազմերս հիսունն է» և այլն։
Մի փոքր էլ ունկնդրենք մեր արդի հայ գրողնե­րին. գրողների տանը՝ «Էդ մարդը պրոստո դերասա­նություն ա անում, դրանից բանաստեղծ չի դուրս գա», «Շատ ռազնոոբրազնի բաներ են, մի օբշչի և ապրավլենի չկա», «Սրա մեջ նորարարական ոչինչ չկա, պրոստո լիտերատուրնի պրիոմներն են էդպես թվում»։ «Վոզնեսենսկու գրելու տեխնիկան է լավ, իսկ որպես պոետ նա սեփական մըշլենի չու­նի»: «Մեր պերիոդիկայում Չարենցի մասին վերջին տարիներս շատ են գրում», «Պոտերյաննի պակալենին ավելի լավ նկարագրված է Ռեմար­կի մոտ, քան Օլդինգտոնի», «Միայն Հեմինգուեյի մոտ տեսանք վնուտրեննի մոնոլոգը», «Պրոստո, մի իսկական պսիխոլոգիչեսկի լաբորատորիա է»։ «Ամեն գրող տարբեր կերպ է աշխարհին նայում, տարբեր միրոոշչուշչեննի ունի», «Հեմինգուեյն ինձ ավելի է դուր գալիս, քան Ֆոլկները, պրիտոմ, Հեմինգուեյը պատերազմում է եղել, իսկ ինձ հա­մար դա զնաչիտելնի առավելություն է», «Էդ շատ զակոնամերնի բան ա, որ հիմա երիտասարդ գրող­ներին ավելի պաբլաժկա են անում, քան ստարիկներին»:
Կենցաղում՝ «Չորնի խոդով մտա, էսօր պարադնին փակ էր», «Վառոտին շատ էր մոտ վռատարը, սաղ իրա մեղքով ա», «Երկու աչոկ էլ հավաքի, լավ դուրս կգա», «Տելեվիզորը միացրու, էսօր Մոսկվայից լավ պերեդաչա կա», «Շատ պրավդոպոդոբնի պատմություն ա, ինձ էլ ա ըտենց բան պատահել», «Կգնաս, տոչնի մեջտեղի դուռը կբացես», «Էս տարի ծովափ չենք գնա, ուզում ենք էստեղ մի դաչնի ռայոն գնալ», «Բայց համա թե յազվա մարդ ես եղել, հա՜» «Շատ լավ իտալյանսկի կինո էր, բայց զալում մարդ չկար», «Մի կարոբկա շոկոլադ առա», «Էդ ինձ համար մինուտնի գործ ա, իսկ ինքը սուտկեքով մատը մատին չի խփում», «Սաղ օրը պրազդնի ման ա գալի», «Պատերազմի ժամանակ հազար տեսակ բան եմ եղել պուլեմյոտչիկ, պեխոտինեզ, ռազվեդչիկ», «Սկորի պոմոշչը եկավ, դրին նասիլկի վրա, տարան» և այլն։
Հասկանալի է, որ անխտիր բոլոր ուսանող­ները, գրողները, ուսուցիչները, լեզվաբաններն ու գրականագետները չէ որ այդպես են խոսում, սակայն սղագրված փաստերի առատությունը ասում է, որ բերված նմուշները անպայման բնորոշ են հիշյալ զբաղմունքների տեր մարդկանցից շատերի «սովորական» խոսակցական հայերենին։ Մենք բերեցինք մեր ունեցած նմուշների մի մասը միայն, ըստ որում, բերվածները բնավ էլ ամենից ավելի արտառոցները չեն, իսկ ով որևէ տարակույս ունի այս կապակցությամբ, կա­րող է ինքը սղագրել կամ ձայնագրել (իհարկե՝ աննկատ) համապատասխան զբաղմունքի տեր մարդկանց խոսակցությունները կամ ուղղակի ու­շադիր հետևել այդ մարդկանց, ինչպես և իր սե­փական բանավոր խոսքին. հիմնականում պատ­կերը կհամապատասխանի վերը բերվածին։
Անշուշտ, կան իրենց բանավոր խոսքի նկատ­մամբ հոգատար մարդիկ, որոնց խոսակցականում չկան կամ գրեթե չկան վերը բերված խոս­քային նմուշներին հատուկ անհարկի օտարա­բանությունները: Այդպիսի օրինակներ թեև շատ չեն, բայց որքան կարողացել ենք դիտել, շատա­նում են։ Դա բանավոր, առօրեական խոսքում կա­նոնավոր կամ կանոնավորին մոտեցող բառօգտագործումն է, դա այն խոսքն է, ուր գտնում ենք ոչ թե լեկցիա, այլ՝ դասախոսաթյուն, ոչ թե զաչոտ, այլ ստուգարք, ոչ թե զոնտիկ, այլ հովանոց, ոչ թե ավարյա, այլ վթար, ոչ թե կռանտ, այլ ծորակ, ոչ թե վարատնիկ, այլ օձիք, ոչ թե պրոսպեկտ, այլ պողոտա, ոչ թե վնուտրեննի մոնոլոգ, այլ ներքին մենախոսություն, ոչ թե վեդրո, այլ դույլ և այլն։
Ասացինք, որ վերը բերված սղագիր խոսքերի լեզվական արատները, որոնք կիրթ մարդու բանավոր խոսքը դարձնում են անկիրթ ու ցածրորակ, պատճառ են սովորույթի ուժի, լեզվական անփու­թության և ոչ թե չգիտության: Ուղղակի լեզուն չի պտտվում ճիշտը գործածելու, խոսողը չի կարո­ղանում թույլ չտալ այն սխալը, որի ճիշտը ինքը քաջ գիտի և գործ ածում է գրելիս (կրկնում ենք, ներկա դեպքում խոսքը չի վերաբերում այն օտարաբանություններին, որոնց հայերեն համարժեքները առհասարակ քիչ հայտնի են կամ անծանոթ են խոսողին. սա այլ հարց է): Նշանակում է, բա­նավոր խոսքի այդ կարգի արատները վերացնելու համար ոչ պետք է դասագրքեր ու բառարաններ բաց անել, ոչ էլ դասախոսություններ լսել լեզվի օրենքների մասին, այլ անհրաժեշտ է նախ կոտ­րել արատավոր սովորույթը, սկսել խոսելիս աս­տիճանաբար հայերեն հանրածանոթ բառերը գործածել օտարաբանությունների փոխարեն և ապա անընդհատ կարողանալ հսկել սեփական խոսքին, բռնել և ուղղել սեփական սխալները,   մինչև որ ճիշտը դառնա սովորույթ։
Իհարկե, սա հեշտ չէ։ Գուցե և տասնյակ նոր, անծանոթ բառեր սովորելը շատ ավելի դյուրին է, քան իմացած, բայց խոսելիս անսովոր թվա­ցող բառը սովորական դարձած օտարաբանու­թյան փոխարեն գործածելը: Դժվար է, բայց հնա­րավոր, ինչպես ցույց են տվել ոչ քիչ փորձեր: Սեփական խոսքի նկատմամբ հոգատար լինելու, խոսելիս ինքնահսկումն ուժեղացնելու միջոցով է միայն հնարավոր դառնում կատարելագործել հա­յերեն բանավոր խոսքի բառօգտագործումը, երբ անսովոր ճիշտը աստիճանաբար դառնում է սո­վորական։ Ի դեպ, ասենք նաև, որ խոսքի այդ, եթե կարելի է ասել, կարգապահությունը միայն սկզբում է դժվար, բավական է, որ այն սովորույթ դառնա, և այլևս խոսողի համար դժվար, ավելի ճիշտ անհնար է դառնում նախկինում իր իսկ գործածած շատ ու շատ օտարաբանությունների օգտագործումը: Ուրիշի խոսքից էլ նման բառերն սկսում են ականջ ծակել: Եվ մարդ ամաչում է, որ ինքը ժամանակին խոսել է այդքան անփույթ, ուղղակի նահատակված հայերենով:
Սեփական անձի նկատմամբ հարգանքը, ինչ­պես և հարգանքը մայրենի լեզվի նկատմամբ պահանջում են մեզնից խնամքով վերաբերվել, ուշա­դիր լինել մեր բանավոր խոսքի նկատմամբ, օրա­վուր բարձրացնել նրա մակարդակը։ Անասելի չափով գեղեցկանում, հաճելի է դառնում բանավոր հայերենը, երբ ամեն կերպ մաքրում, բյուրեղաց­նում ենք այն։
Սակայն, բացի խոսքային սովորույթը խախ­տելու դժվարությունից, կա նաև մի այլ դժվարություն, ավելի ճիշտ՝ առարկություն բանավոր խոսքի բառօգտագործումը բարելավելու վերաբերյալ: Ասում են, թե «սովորական» խոսակցությունների ժամանակ «ընդունված» օտարաբանությունների փոխարեն գրավոր (գրական) հայերենին հատուկ բառերը գործածելով՝ խոսակցական լե­զուն դարձնում ենք արհեստական, գրքային։
Սա , իրոք, լուրջ առարկություն է, որը հաճախ ոմանք անուշադրության են մատնում և դրանով իսկ վնասում բանավոր խոսքի գործնական բարելավմանը։
Բանավոր խոսքը (սովորական) գրավորից միշտ տարբերվում է (բոլոր լեզուներում) իր առավել կենդանությամբ, աշխուժությամբ: Հաճելի չէ գրքային, արհեստական բանավոր խոսքը, երբ կորչում է սովորական խոսակցության անմիջականությունը, ջերմությունը։ Սա անառարկելի պետք է համարել։ Բայց մյուս կողմից էլ անա­ռարկելի է, որ հայերեն խոսքում (գրավոր, թե բանավոր) անթույլատրելի են վերոհիշյալ օտարա­բանությունները։
Ելքը, մեր համոզմամբ, բանավոր խոսքում հայերեն և հայացի այն բառերի, բառաձևերի, դարձվածքների, ձայնարկությունների պահպանու­մը և գործածությունն է, որոնք խիստ հատուկ են հայերենի բանավոր խոսքին, բայց, ցավոք, որոշ գրագետների կողմից որակվում են իբրև մերժելի, բարբառային: Ոմանք կարծում են, թե կիրթ խոսել նշանակում է անպայման ասել. «ինչպես ես», բայց ոչ «ոնց ես», ասել՝ «այո՛, կգամ», բայց ոչ՝ «հա՛, կգամ», ասել՝ «բավական եղավ», բայց ոչ՝ «հերիք եղավ», ասել՝ «ցանկանում եմ», բայց ոչ՝ «ուզում եմ» և այլն։ Այսպես մտածողները նույնիսկ շատ ավելի տանելի են համարում զոնտիկը, ռեցեպտը, ապտեկան, ժուռնալը, աստանովկան, կալոշը, վարատնիկը, գրուպպան, զատոն, կակռազը, չամադանը և մյուս ամենա արտառոց օտարաբանությունները, քան հայե­րեն խոսակցական այնպիսի բառեր, ինչպես՝ հա, չէ, ոնց, հերիք, բա, բաս, այ (այ մարդ), էս, էդ, էսօր, էգուց, էսպես, վռազ, էլի, իրիկուն և այլն։
Երբ տասներորդ դասարանի մի աշակերտուհի մորն ասաց. «Էգուց բիոլոգիա ունենք», ուսուցչուհի մայրն ուղղեց նրան. «Ոչ թե էգուց, այլ վաղը»։ Բայց արդյո՞ք դա էր աշակերտուհու սխա­լը, չէ՞ որ էգուցը բնիկ հայերեն բառ է, դարերի ընթացքում ժողովրդի կողմից գործածված և այդ ձևը ստացած (այգուց դարձել է էգուց)», և արդ­յո՞ք աշակերտուհու սխալը կենսաբանություն բա­ռի փոխարեն բիոլոգիա ասելը չէր: Մի՞թե վատ է հնչում «Էգուց կենսաբանություն ունենք» և մի՞թե ճիշտ է հրաժարվել վաղը հայերեն բառի էգուց հոմանիշից, որն իր երանգն ունի։
Հազվագյուտ դեպքերում է, որ սովորական խոսակցության մեջ կարելի է լսել այն, այս, այդ, այսօր, այսպես և նման բառերը (կարելի է նույ­նիսկ հաշվել, թե քանի հոգի են այդ բառերը գործածում)։ Եվ լինում է նաև այսպիսի «սովորա­կան» խոսք. «Այսօր ցանկանում եմ սև գալստուկս կապել», «Երկու բաժակ այս սոկից տվեք», «Այդ վեդրոն այն կողմ դիր»։ «Այդ ո՞ւմ պլաստինկաներն են», «Այսօրվա կոֆեն լավն է» և այլն։ Փորձենք նույն ասել այսպես. «Էսօր ուզում եմ սև փողկապս կապել», «Երկու բաժակ էս հյութից տվեք», «Էդ դույլը էն կողմը դիր», «Էս ո՞ւմ ձայնապնակ­ներն են», «Էսօր սուրճը լավն է»: Թվում է, որ նման դեպքերում և խոսքի մաքրությունն է պահպանվում, և կենդանությունը:
Խոսակցական հայերենին հատուկ մի շարք բառեր վաղուց ի վեր դադարել են գավառաբարբառային լինելուց և այժմ ժողովրդախոսակցական են, շատ մոտ գրական լեզվին: Գրավոր հայերենի, ասենք, գիտության, հրապարակախոսության լեզվի մեջ այդ բառերը չեն գործածվում (և կարիք էլ չկա գործածել), բայց բանավոր խոսքի համար առայժմ նրանք շատ կենսահաղորդ են, այդ պատճառով էլ գործածվում են նաև գեղարվեստական գրականության լեզվի մեջ, հատկապես հերոսների խոսքում: (Ի դեպ, հիշենք, որ արևմտահայ գրական լեզվում, արևելահայերենի էս ու էն-ին համարժեք աս ու ան-ը նաև ասանկ, ատանկ, անոր և այլն, վաղուց ի վեր գրական ձևեր են համարվում, գործածվում են բանավոր և գրավոր խոսքում և մտել են լեզվի բոլոր դասագրքերի մեջ):
Ինչ խոսք, որ ճիշտ է այն բանավոր խոսքը, այն սովորական խոսակցությունը, որը գրավորի պատճենն է դառնում, երբ օտարաբանությունների հետ հանվում են նաև հայերեն խոսակցական բառերը և փոխարինվում գրավոր լեզվի համապատասխան բառերով. «այս հյութից», «այդ դույլը», «այս ո՞ւմ ձայնապնակներն են» և այլն: Նման դեպքերում միայն խոսքի արհեստականության հարցն է առաջանում։ Չէ՞ որ երբեմն իրոք անբնական է հնչում այդպիսի գրքային բանավոր խոսքը։ Եվ հարկ կա՞ արդյոք աշխատանք թափել, հետևել սեփական խոսքին մի հայերեն բառը կամ բառաձևը մի ուրիշ հայե­րեն բառով փոխարինելու համար։ Դա նաև ավե­լորդ դժվարություն է ստեղծում բանավոր խոսքում՝ բառօգտագործումը կատարելագործելիս։ Շատերը հաճախ դժվարանում են գալստուկ-ի փոխարեն փողկապ ասել կամ սոկ-ի փոխարեն՝ հյութ, կամ ավարյա-ի փոխարեն վթար, նաև այն  պատճառով, որ էսօր-ի փոխարեն էլ պահանջում են այսօր ասել, էս-ի փոխարեն՝ այս, չէ-ի փոխարեն՝ ոչ, ոնց-ի փոխարեն՝ ինչպես և այլն։ Եվ սա միայն վնասել կարող է գործին։ Ավելի ճիշտ չի լինի ջանքն ու աշխատանքը լիովին, գործադրել մաքրելու հայոց խոսակցական լեզուն այն հար­յուրավոր անհարկի օտարաբանություններից, որոնք այսօր հեղեղել են այդ լեզուն և, որոնց մի ոչ մեծ մասի օրինակները վերը բերվեցին։ Դա կլինի խնդրի գործնական լուծում։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով