Դավիթ Հովհաննես. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 2

Ծնվել է 1945 թ. փետրվարին՝ Երևանում:
1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը և նույն թվին ընդունվել Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Այժմ 4-րդ կուրսի ուսանող է:
Դավիթ Հովհաննեսը իր բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում:

ՄԻ ՀԻՆ ԵՐԳ

Եղավ աշուն,
ու տերևները դանդաղ փտեցին ջրափոսերում,
ու կանգնեցին անձրևի տակ
ինչ-որ միամիտ,
ինչ-որ սիրելի մի քաջությամբ
ծառերը՝
մերկ ու ցցուն:
Եղավ աշուն
(Ու տերևները, որ երբեք մեզ համար էլ չեն խշշալու
Դանդաղ փտեցին ջրափոսերում):

Եղավ մի դժգոհ,
մի ուրախ
աշուն:

 

***
Այսօր ես նորից հեքիաթ լսեցի՝
Ահավոր ու առօրյա:

Քամին ինձ պատմեց,
Թե ինչպես էր մեռնում արևը
Ծովի կարմիր ու հեռու ջրերում:

Այսօր ես նորից հեքիաթ լսեցի՝
Ահավոր ու առօրյա:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով