Կամիլո Խոսե Սելա. Մարսելո Բրիտո

Ամիսներ շարունակ գյուղում ուրիշ բանի մասին չէին խոսում:
Մարսելո Բրիտոն` պորտուգալացի մուլատը, ֆադոներ երգող, ապակի փչող, անտառաճանաչ, զգացմունքային, բաց դարչնագույն կոստյումով, մշտապես հեգնական ժպիտով և հոգնաբեկ հայացքով, որ հատուկ է տանը փայփայված կենդանուն, բանտից դուրս էր եկել: Այդ ժամանակ մոտ քառասուն տարեկան կլիներ, և բանտում, ինչպես ինքն էր ասում, թողել էր իր տասը տարիները` տխուր, միալար, վատնելով «Սանտա Մարիա» առագաստանավի մանրակերտի վրա: Ապա վերջինս հանելուկային եղանակով խցկել էր կանաչ ապակյա շշի մեջ` Աստված գիտի, թե ինչու մի համահունչ ընծայականով, որ նմուշից ընդօրինակել էր արի իմացի, թե ինչ մի անգետ բանտարկյալ-գեղագիր, և որը 11 ամիսների ընթացքում նվիրել էր իր փաստաբանին` նույն այն մարդուն, որին չէր հաջողվել դատավորին ապացուցել իր անմեղ լինելը: Իսկ Մարսելո Բրիտոն, իմացած եղեք, անմեղ էր: Այդ նա չէր կացնով կիսել իր կնոջ` Մարթայի գլուխը: Նա չէր, այլ սենյորա Խուստինան էր, իր զոքանչը` Մարթայի մայրը: Բայց, քանի որ թվում էր, թե ինքն էր եղել և քանի որ դատավորի համար միևնույն էր` ի՞նքն էր եղել, թե ոչ, նրան բանտ քշեցին և այնտեղ պահեցին համարյա տասը տարի: Այդ ընթացքում, երկար ունելիներով, շշի վզիկից նա ներս էր խոթում «Սանտա Մարիա» առագաստանավի մասերը` ճոպաններ, կայմեր ու առագաստներ: Խղճուկ մահճակալի վերևում փակցրել էր Մարթայի լուսանկարը,իր մեռած կնոջ` սևազգեստ ու մի փունջ ծաղիկներ ձեռքին և Խոսե Մարտինես Կալվեի` իր բանտախցի ընկերոջ պատմածի համաձայն, որին ծանոթացա Բետանսոսում շրջելիս, Կանեյրոների ուխտագնացության ժամանակ, երբեմն կնոջ նկարը տեսնելիս նրա հուզավառությունը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ հարկ էր լինում նրանից թաքցնել փոքրիկ առագաստանավով շիշը: Այլապես նա կփչացներ իր աշխատանքը, որ միակ բանն էր, որը նրան զբաղեցնում էր, երբ հոգնում էր մտորելուց: Հետո շրջում էր կնոջ նկարը դեմքով դեպի պատը և այսպես պահում երեք-չորս օր, մինչև ցասումն անցներ: Ապա նորից էր ետ շրջում և այդ պահին նկարն այնպիսի մոլեգնությամբ էր ծածկում համբույրներով, որ վերջում բերանքսիվայր փլվում էր ծղոտե խսիրին այդպես մնալով մի քանի ժամ` մանկան պես հեկեկալով: Մի անգամ բանտ այցելեցին մի քանի նորելուկ փաստաբաններ, նորավարտ, խստաբարո և ինքնահավան, ինչպես ճեմարանի վերջին կուրսի ուսանողները, որ վերամբարձ խոսում են քրեական ախտաբանության մասին և ոչ մի բան, նրանց կարծիքով, ճիշտ չէ: Նախախնամության կամքով նրանք ներկա էին Մարսելոյի ճգնաժամային պահերից մեկին, ու թեև նրանց ոչ ոք ոչինչ չէր հարցրել, ասես նախօրոք պայմանավորված, այն կարծիքը հայտնեցին, որ դա բնածին ոճրագործին բնորոշ հատկություն է: Իբր, մուլատի նմանօրինակ պոռթկումներն ընդամենը զղջանքի արտահայտություն էին, որ նրան տանջում էին, քանզի ծաղիկ հասակում կտրել էր,- այս նախադասությունը ուսյալ այցելուներից մեկինն է,- մի կնոջ կյանքի թելը, որին ժամանակին սիրել էր: Նորաթուխ փաստաբանները հեռացան գոհունակ ժպիտով և հաղթանակած տեսքով: Ես հաճախ եմ ինքս ինձ հարցրել` ի՞նչ կասեին նրանք, եթե այն ժամանակ իմանային այն, ինչ մենք հետո իմացանք: Որ խեղճ Մարթան քավարան գնաց գլուխը պարանով շուլալած, որոնցով իրար էին բերել այն, ինչ ամուսինը չէր արել և մտքովն էլ չէր անցնի երբևէ անել:
Զգացմունքների մեկնաբանությունը անշնորհակալ գործ է, եթե չենք ուզում դրանք հասարակեցնել: Եթե այդպես չլիներ, շատ մարդիկ, որոնց ողջունում ենք քթներս ցցած և մի քիչ էլ նախանձով, մի քիչ էլ վախով, կամ որոնց փողոցում հանդիպելիս հարգալից մի կողմ ենք քաշվում, թերևս հարկ չէին համարի գնել ոչ ավտոմեքենա, ոչ ռադիոընդունիչ, ոչ էլ ականջօղեր իրենց կանանց համար: Եվ մենք, որ հասարակ մարդիկ ենք, չունենք ոչ ավտոմեքենա, ոչ ռադիոընդունիչ, ոչ էլ ականջօղեր նվիրելու համար և, ի վերջո, ոչ էլ կին, որին կարողանայինք դրանք նվիրել, ինչո՞ւ ենք ցանկանում բարդացնել բաներ, որոնք հենց որ դադարում են հասարակ լինելուց, արդեն չենք էլ հասկանում: Ինքներդ ձեզ հարց կտաք, թե ինչո՞ւ եմ ժպտում այս խոսքերն ասելիս: Ինքներդ ձեզ հարց եք տալիս, քանզի ձեր մերձավորի` տվյալ դեպքում իմ, զգացմունքները պարզ ու հասարակ չեք մեկնաբանում: Դուք կարծում եք, թե ես ժպտում եմ, որպեսզի դառնամ առեղծվածային, որպեսզի ձեր հոգում կասկածի ստվեր ձգեմ իմ հասարակ լինելու վերաբերյալ, բայց ինչով կուզեք երդվեմ, եթե ժպտում եմ, ապա այն պատճառով, որ վախենում եմ համոզվել, որ շատ բաներ չեմ հասկանում, եթե դրանք երկու անգամից ավելի չեն պտտվել գլխումս: Իմ ժպիտը ոչ ավելի, ոչ պակաս այն է նշանակում, ինչին կհավատար անգամ մանուկը, որն ինձ կտեսներ ժպտալիս և կհասկանար այն, ինչ ասում եմ: Իմ ժպիտը ոչ այլ ինչ է, եթե ոչ իմ անզորության վահանը, իմ այս անզորության, որը սիրում եմ, քանզի իմն է և հասարակ, այն ինձ լացացնում է և կատաղեցնում, առանց անհարմարության զգացումի, թեև փաստաբանները կկարծեն, որ եթե լալիս եմ և կատաղում, ուրեմն, դադարել եմ հասարակ լինելուց, քանի որ սպանել եմ և, ով գիտի` գլխին կացնով մի հարվածելով վերագտնելով իմ հասարակ և անմեղ լինելը, որպես անգին գանձ հիմա, երբ արդեն ծեր եմ:
Մի բան, որ վստահաբար կարող եմ ասել, դժբախտ պորտուգալացու ողբը բնավ զղջումից չէր բխում, քանզի ի՞նչ մեղանչում կարող է լինել, երբ մարդ որևէ հանցանք չի գործել: Մարսելոյի ողբը ոչ ավելի, ոչ պակաս և, հիրավի, որքան հասարակ, կորուստն էր մի բանի, ինչը երբեք չէր ցանկանա կորցնել, և որին աշխարհում ամենից շատ էր սիրում, ավելի, քան մորը, քան Պորտուգալիան, ավելի, քան ֆադոները, ավելի, քան ապակի փչելու իր ձողիկը, որից դոն Վոլֆը բերել էր, երբ ճամփորդության էր մեկնել Խենա: Մարսելոյի ողբը Մարթայի պատճառով էր, որին այլևս չէր կարող ունենալ, չէր կարող խոսել հետը և համբուրել, ինչպես նախկինում, նրա հետ երգել չկարողանալու համար էր տխուր երգեր երգում, երկու ձայնով և կիթառի նվագակցությամբ, որ տարիներ առաջ էին երգում…
— Դոն Կամիլո Խոսե, ներող կլինեք, ես շատ ցրված եմ: Բայց երբ խոսում եմ այս ամենի մասին, ասես հետևում եմ երեխաների խաղին, որը կարևոր չէ, թե երբ է վերջանալու, ինչպես որ կարևոր չէ, թե որքա՞ն է խորը ծովափի ավազին նրանց բացած անցքը:
Հասանք այն կետին, որ ոչ թե նա, այլ սենյորա Խուստինան` իր զոքանչն էր վերջ տվել 23-ամյա Մարթայի կյանքին: Ցավոք, այնքան ուշ իմացվեց ճշմարտությունը, որքան ուշ մեռավ պառավը, քանի որ այդ ահավոր կախարդը, որ պետք է սարսափեր մահվանից, միշտ էլ խոհեմորեն լռել էր, նույնիսկ այն ժամանակ, երբ փեսան իր աչքի առաջ լրիվ անվանարկվեց և դեռ լավ է, որ երբ սատանան նրան իր գիրկն էր տանում, մտքովն անցավ մի նամակ գրել` թողնելով ճշմարտությունը, եթե ոչ, խեղճ Մարսելոն ծեր հասակում էլ շարունակելու էր ապաշխարել չգործած մեղքի համար… Այնքան չարություն կար այդ պառավի մեջ, որ անգամ մահվան մահճում չէր ասում ճշմարտությունը ոչ խոստովանահորը, ոչ էլ ուրիշ մեկին, թեև ներկաների վկայությամբ, բղավելով թողություն էր խնդրում: Հավատալս չի գալիս, թե նա հերետիկոս չէր: Դեռ լավ է, որ ինչպես ասացի, գրել-թողել էր մի նամակ, պատմելով ինչ որ եղել էր, և անմեղ մարդուն բանտից հանեցին: Այնպես որ, գոնե դա պաշտոնական թուղթ էր, քանի որ դոն Վոլֆը նրան հարգում էր, ազատվելուց հետո դարձյալ նրան տեղավորեց ֆաբրիկայում, այն ժամանակ նա երկու տաղավար էլ էր ավելացրել, որպեսզի աշխատեր, եթե ոչ երջանիկ, գոնե խաղաղված:
Անցավ երկու տարի առանց որևէ նորության, բայց շուտով շատ զարմացանք այն լուրից, թե Մարսելո Բրիտոն, մենակությունից վախեցած, նորից ամուսնանում էր:
Միայնությունը Մարսելոյի համար, որն աշխարհից այնքան վերացած էր, այնքան այն ամենից, ինչը շրջապատում էր նրան, ճիշտ, ինչպես այն ժամանակ, երբ իր ընկեր Խոսե Մարտինես Կարվեի հետ բան-տում էր, դաժան էր և անողոք և այնքան ծանր, որ Մարսելո Բրիտոն հավանաբար մի քիչ վախից և մի մի քիչ էլ եսասիրությունից, չնայած հնարավոր է, որ երկրորդ ենթադրությունը նրա մտքով անցած էլ չլիներ և գուցե թե ժխտեր, եթե գլխի ընկներ այդպիսի բան, վճռեց գործի անցնել, կրկին կարգի բերել թղթերը (ավելացնելով Մարթայի մահվան վկայականը) և նոր օջախ հիմնել, ինչպես ասել էր դոն Ռայմունդո քահանան հարսանիքի առիթով:
Այս անգամ նրա ընտյալը եղավ Դոլորեսը` ուղեհսկիչի դուստրը: Մարսելոն այդ մասին մտածել էր նախքան վճիռ կայացնելը, և նրա զգուշավորությունը, որպեսզի չկրկնվեր նախորդ տխուր պատմությունը, նրան հասցրեց այնպիսի ծայրահեղության, որ նոր զոքանչին ենթարկեց ամենատարօրինակ ու դժվարին փորձությունների: Իսկ սենյորա Խասինտան ոչխարի պես հիմար ու անզգույշ էր և հենց իր հիմարության և զգուշավորության շնորհիվ հաղթող դուրս եկավ,- անմեղությունն ի վերջո միշտ հաղթանակում է,- այն ծուղակներից և դարաններից, որ ոչ թե չարամտորեն, այլ պարզապես նրան փորձելու համար պատրաստում էր իր փեսան:
Դոլորեսը երիտասարդ էր և գեղեցիկ, այրին մի ծովայինի, որին ծովը կուլ տվեց, և միակ երեխան, որ ունեցել էր, մի 10-11 ամիս առաջ չորս տարեկան հասակում մահացել էր ապրանքատար գնացքի պատճառով, որ անցել էր առաննց զգուշացնելու: Գնացքները, չգիտեմ ձեզ հայտնի է թե ոչ, երբ շարժվում են մեկ այլ գնացքի ետևից, և այդ մասին ուղեհսկիչները տեղեկացված չեն լինում, վագոնի պոչից կանաչ լապտերիկ են կախում` նախազգուշացնելու համար: Սանտյագոյից ժամանած խառը գնացքը, որը և ուղևորներ էր տանում, և բեռներ, որ կցված էր ապրանքատարի առջևից, լապտեր չուներ, կամ եթե անգամ ուներ, պետք է որ հանգած լիներ, քանի որ ոչ ոք չէր տեսել: Ահա Դոլորեսը երեխան էլ ապրանքատար գնացքը` 32 վագոններով, նրա վրայով անցել էր` նրա փոքրիկ գլուխը ճզմելով, նմանեցնելով չորացած տառեխի: Սկզբում, պարզ է, տիրեց խառնաշփոթ հուզմունք, բայց հետո, ինչպես դժբախտաբար միշտ է լինում, զոհին ընդամենը հերձեցին, տեղադրեցին մի սպիտակ արկղում, որն, այո՛, նվիրեց երկաթուղու ընկերությունը, և նրան թաղեցին:
Կառավարիչը մեղքը գցեց սպասարկման պետի վրա, սպասարկման պետը մեղադրեց Լա Էսկլավիտուդի կայարանապետին, Լա Էսկլավիտուդի կայարանապետն էլ` գնացքի պետին, գնացքի պետն էլ` քամուն… Իսկ քամին,- թույլ տվեք ծիծաղել,- անմեղսունակ է:
Հարսանիքը նշվեց: Եվ թեև երկուսն էլ այրի էին, ոչ մի սենսեռադա յեղավ*, քանի որ ժողովուրդը երեխայի պես սիրառատ է ու քնքուշ, իսկ Մարսելոն ու Դոլորեսն արժանի էին սիրո ու ջերմության հանուն այն ամենի, ինչ տեղի էր ունեցել նրանց հետ և ոչ այլ պատճառով: Ամիսներ անցան, և ամուսնանալուց մեկ տարի հետո ունեցան մի երեխա, որին կոչեցին Մարսելո. նրա առողջ տեսքն ու գույնը տեսնողներին հաճույք էին պատճառում: Մարսելոն` հայրը, ուրախությունից շողում էր: Երբ ամառն եկավ և փոքրիկ տղան մի քանի ամսական էր, ամեն օր ապակու իր արեստանոցից կնոջ ու որդու հետ գետափ էր իջնում: Երեխային դնում էին ծածկոցի վրա, և Մարսելոն ու կինը բրիսկա էին խաղում: Կիրակի օրերին տանում էին նաև չորիսո ու գինի` բացօթյա ընթրիքի համար և կիթառը (ավելի ճիշտ` նոր կիթառ, քանի որ հինը մի առավոտ տակից պոկվեց, երբ սենյորա Խուստինան նստեց վրան) ֆադոներ երգելու համար:
Ամուսինները կյանքը երջանիկ էին: Գուցե շատ ապահովված չէին, բայց աղքատ էլ էին, և քանի որ Մարսելոյի վաստակին միացել էր Դոլորեսինը, որն սկսել էր աշխատել Բաստաբալեսի սղոցարաններից մեկում, երկուսով կարողացել էին խնայել այնքան փող, որ կարիքից չնեղվեին:
Երեխան աննկատ մեծանում էր, ինչպես մեծանում են բոլոր երեխաները, բայց առողջ ու վստահ, կարծես թե շտապեր հասնելու կարճատև կյանքի այն եզրագծին, որն իրեն վիճակված էր:
Մի-մի ատամ հանեց, հետո երկու-երեք քայլ արեց ու սկսեց վազվզել, հետո սկսեց խոսել… Հինգ տարեկանում Մարսելոն` որդին, թուխ ու ձիգ տղեկ էր, կարմիր շուրթերով և մի քիչ էլ ուռուցիկ, ոտքերն ուղիղ էին ու ամուր… Կարմրուկ չէր հանել, կապույտ հազ չէր ընկել, կաթնատամները ծակելիս ոչ մի ցավ չէր զգացել:
Ծնողները շարունակում էին նրա հետ գնալ գետափ, իհարկե հետները վերցնելով չորիսո, գինի և կիթառ, և կիրակի երեկոները նստել փափուկ խոտին: Երբ երգելուց հոգնում էին, հանում էին խաղաթղթերը և, ինչպես հինգ տարի առաջ, սկսում էին բրիսկա խաղալ: Մարսելոն շարունակ կատակում էր կնոջ հետ` մշտապես տանուլ տալով, Դոլորեսն էլ լրջությամբ էր պատասխանում ամուսնուն, կոմիկական մի լրջությամբ, որով առանց այդ էլ զգացմունքային Մարսելոյին նա շատ ավելի գայթակղիչ էր թվում:
Հանում էին երեխայի քաթանե կոշիկները, և նա վազվզում էր կանաչ խոտի վրայով կամ իջնում էր մինչև ափի ավազը, կամ էլ մինչև ծնկները վեր քշտելով թավշե տաբատը, ոտքերը ջուրն էր մտցնում:
Մինչև որ մի օր,- ճակատագիրը սովոր էր այդպես վարվել դժբախտ Բրիտոյի հետ,- պատահեց այն, ինչ բոլորը (պատահելուց հետո, նախապես ոչ ոք ոչինչ չէր ասում) միաբերան պնդում էին, որ պետք է տեղի ունենար; Ոչ ոք, բացի Աստծուց, որ վերևում է, ոչ մի բան ստույգ չիմացավ; Արդյո՞ք երեխան ընկավ, սայթաքե՞ց, ոտքը ծու՞ռ դրեց, թե՞ գլխապտույտ ունեցավ: Փաստն այն է, որ հոսանքը նրան տարավ, և նա խեղդվեց:
Աստված է միայն հասու խեղճ հրեշտակի քաշած տառապանքին: Եվ մեկ էլ դոն Անսելմոն, որ քաջ տեղյակ է այն սարսափներին, երբ մարդն սուզվում է ջրի մեջ: Խեղճը լավ գիտի, քանի որ երեք անգամ ենթարկվել է նավաբեկության, որոնցից մեկը շատ ծանր էր ընթացել: Այնքան էր սարսափահար տարերքի դեմ իր հուսահատ պայքարից, որ Մարսելո որդու դժբախտությունը պատմում էր` ահից սահմռկելով:
Չլսվեց ոչ մի ճիչ, ոչ մի կանչ: Եթե այդ փոքրիկ արարածն անգամ բղավեր էր, Աստված քաջատեղյակ էր, ոչ ոք չէր կարող լսել… Նրան լսած կլինեին միայն ձկները, ափի ձարխոտերը, ջրի մոլեկուլները… որոնք չէին կարող նրան փրկել: Նրան լսած կլինեին Աստված ու իր սրբերը, հրեշտակները, և, ով գիտե, գուցե Աստծո կամքով հինգ տարին չբոլորած անմեղ մանուկներ, որոնց թևերին արդեն փչել էին անթիվ դարերի հողմերը…
Դիակն հայտնվեց ալրաղացի երկաթյա պատնեշի մոտ, մի սատկած հավի կողքին, որ եկեք ու իմացեք, թե քանի օր էր մնացել այնտեղ և որը երբեք չէր հայտնաբերվի, եթե պորտուգալացու երեխան խեղդված չլիներ: Հավը կիսով չափ կքայքայվեր, կիսով չափ դանդաղ կհալչեր, իսկ նրա տիրուհին կշարունակեր կասկածել, թե արդյո՞ք հարևանուհին չէր գողացել կամ այն մորուքավոր անցորդը` պարկը ուսին, որի վրա բարդում էին բոլոր մեղքերը:
Եթե ալրաղացը երկաթյա պատնեշ չունենար, ոչ ոք չէր գտնի երեխային: Ով գիտե, եթե ալրաղացը նրան քիչ-քիչ աղացած լիներ, եթե վերածված լիներ մանր ալյուրի` ոնց որ եգիպտացորենը, և մենք բոլորով կերած լինեինք… Իսկ դոնյա Խուլիան, որ շատ նրբաքիմք էր, հավանաբար կասեր. «Ի՜նչ արտառոց է այս հացի համը»:
Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, բոլորս հավատացած կլինեինք, որ դոնյա Խուլիան միշտ էլ տարօրինակ է եղել:

——
* Երբ ամուսնանում են այրիները, գյուղում գիշերով տարբեր առարկաներով կազմակերպում են աղմուկ-աղաղակ:

Իսպաներենից թարգմանեց Մերի Սուքիասյանը

«Գարուն», 2000, 8

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով