Իլիաս Վենեզիս. Ճայերը

Կղզին, որ գտնվում է Լեսբոսից հյուսիս, Պետրայի և Մոլիվոսի միջև, մերկ է ու ամայի: Անգամ անուն չունի, և այդ կողմերի ձկնորսներն այն ուղղակի անվանում են «կղզի»: Նույնիսկ ծառ չկա այնտեղ, միայն թփեր են: Երեք մղոն այն կողմ Լեսբոսի սարերն իրենց ուրվագծերով, իրենց ընթացով ու գույներով անխռով մի ներդաշնակություն են ստեղծում: Այս պերճության կողքին բուսազուրկ կղզին իր հատու գծերով էլ ավելի ամայի է թվում: Ասես Աստված մոռացել էր նրան, երբ արարում էր ցամաքն ու ստեղծում ծովերը:
Բայց այս լերկ հողաշերտից ամառային օրերին կարող ես տեսնել, թե ինչպես է արևը սուզվում անծայրածիր ծովը: Այդ պահերին գունազարդվում են ջրերն ու փոփոխվում երանգները՝ անընդհատ, ամեն վայրկյան, կարծես հալելով մեղմ ալիքներում: Իսկ պարզկա, անմշուշ երեկոներին կարող ես նշմարել Աթոնի սարերը, որ վեր են խոյանում ծովից և կամաց-կամաց նորից հանգչում իջնող գիշերվա մեջ: Այդ ժամին ծեր Դիմիտրիսը՝ ամայի կղզու միակ բնակիչը, կանի օրվա իր վերջին գործը, որը նրան կապում է մարդկանց ու կյանքին: Նա կվառի փարոսի լույսը: Լույսը կսկսի վառվել, հանգչել, նորից ու նորից, նույն ընդմիջումներով, անզիջում ու անխուսափելի, ինչպես կյանքի մութ ուժերը, ինչպես մարդու ճակատագիրը, ինչպես մահը:

Ծեր փարոսավարը նավակը քաշեց ավազի վրա և պինդ ամրացրեց՝ հանկարծ ու եղանակը փոխվի, և ջուրը բարձրանա: Նա վերջին անգամ հայացք գցեց նավակին և շարժվեց դեպի փարոսը:
— Էհ, էս անգամ էլ գնացինք, պրծանք…, — քրթմնջաց:
Քրթմնջում է քթի տակ ու լռում: Այս ճամփորդությունը դեպի հանդիպակաց ցամաքը ամիսը մեկ է լինում: Գնում է, որ մթերք բերի՝ ալյուր, ձեթ, հատիկեղեն. ինչ որ իրեն պետք է: Առաջ ամեն անգամ այնտեղ գնալիս նա ամբողջ օրն անց էր կացնում գյուղում: Զրուցում էր հին ընկերների հետ, նորություններ իմանում երկրից, աշխարհից՝ պատերազմ է, թե խաղաղ են ապրում մարդիկ:
Մաքսապետը նրան աշխատավարձ էր վճարում.
— Դե, մյուս ամիս էլ իրար բարով տեսնենք, Դիմիտրիս քեռի:
Ծերունին գլխով էր անում.
— Աստված տա, բարով տեսնենք, տղա ջան:
Մինչ «իր կղզին» վերադառնալը աղոթելու համար մի քանի ժամ էլ անցկացնում էր ժայռի գլխին կանգնած Աստվածամոր մատուռում, ուր բարձրանում էր՝ հաղթահարելով հարյուր սանդղավանդ: Ծալում էր ձեռքերը հին սրբապատկերի առջև, գլուխն իջեցնում էր ու աղոթում՝ իր երկու որդիների համար, որ կորան անատոլյան աղետի ժամանակ, մյուս մարդկանց համար, վերջում էլ՝ իր համար:
— Թե ողջ են, պահպանիր նրանց,- խնդրում էր նա որդիների համար:- Պաշտպանիր նրանց փորձանքից ու սև օրից, դանակից պաշտպանիր…
Մրմնջում էր «Օրհնեալ ես…», մի քանի ուրիշ աղոթք՝ ինչ որ հիշում էր, և նրա ծերացած ոտքերը դողում էին:
— Իմն անցավ, ժամանակն է, որ հանգստանամ…- ասում էր, ու աչքերը լցվում էին:
Այդ հարյուր աստիճաններով նա ամեն անգամ իջնում էր թեթևացած սրտով։ Ճանապարհին կանգնում նայում էր խաղացող երեխաներին: Բոլորն էլ ճանաչում էին նրան և տեսնելուն պես աղմկում էին.
— Դիմիտրիս պապի, Դիմիտրիս պապի…
Նրանց համար ընկույզ էր գնում, և նրանք ուրախ գոչում էին.
— Շուտ կգաս, պապի, շուտ կգաս:

Ամեն ճամփորդության ժամանակ սովորաբար այսպես էր լինում: Բայց որքան անցնում էին տարիները, այնքան նա օտարանում էր մարդկանցից: Մենությունն ավելի ու ավելի էր համակում նրան, պարուրում, ասես կաթիլ-կաթիլ լցնում նրա էությունն իր ահարկու ուժով: Ու հիմա արդեն, երբ գործով գյուղ էր գալիս, ջանում էր հնարավորինս քիչ մնալ այնտեղ:
Դադարեց նաև մատուռ բարձրանալ:
— Ներիր ինձ, արդեն չեմ կարող, — ասում էր Աստծուն, կարծես մեղք էր գործել։- Տարեցտարի քեզ պատմել եմ, թե ինչպես եմ ուժասպառ լինում:
Եվ ամեն անգամ, երբ վերադառնում էր իր կղզին, մինչ ուշ գիշեր մնում էր բաց երկնքի տակ, որ աղոթի:
Էլ հարցուփորձ չէր անում, թե ինչ նորություն կա, ինչ է կատարվում աշխարհում: Ոչնչից տեղյակ չէր: Ողջ աշխարհը օրեցօր անձկանում, նեղանում էր ամայի կղզու շուրջն ու մայրամուտին մարում անհուն ծովի ու գույների հետ:
Նրա վերջին ընկերները, որոնց հետ մի քանի խոսք էր փոխանակում, ձկնորսներն էին, որոնք երբեմն խարիսխ էին գցում կղզու մոտ, երբ եղանակը փոխվում էր: Նստում էին ափին՝ այնտեղ, ուր գալիս հանգչում էր ալիքը, և խոսում իրենց հոգսերից ու բախտից: Հաճախ էլ գիշերն այնտեղ էին լուսացնում: Այդ երկարուձիգ ժամերին, մինչև լուսաբաց բոլոր տեսակի զրույցներն ավարտելուց հետո, գալիս էր ամենակարևորը՝ իր որդիների մասին խոսելու պահը:
— Ով գիտի, — ասում էին նրան ձկնորսները,- գուցե ողջ են ու կգան, Դիմիտրիս քեռի: Ինչպես քո ճայերը վերադարձան:
Չէր խոսում, չէր շարժվում, նստած էր՝ անխռով հայացքը հառած անհուն գիշերվա մեջ:
— Հա, Դիմիտրիս քեռի, քո ճայերի պես: Կարող է, մի օր էլ վեր կենան գան: Հույսդ մի կորցրու:
Ձկնորսներն այդպես էին փոխում զրույցն ու անցնում ծերունու ճայերին:
— Իսկապես,- ասում էին նրան, — էդ ոնց ես կարողացել նրանց վարժեցնել, Դիմիտրիս քեռի: Ախր լսված բան չի, որ ճայերին վարժեցնեն…
— Հա, էդպես է, տղերք ջան,- մրմնջում էր նա:- Բոլորն էլ վարժվում են: Միայն մարդն է, որ…
Խնդրում էին, որ նորից պատմի ճայերի պատմությունը, չնայած գիտեին այն, ինչպես գիտեին բոլոր դիմացի ափին ապրողները: Նա երկու ճայի ձագ էր գտել ժայռաքարերի արանքում: Փոքր էին, դեռ անփետուր: Ձմեռ էր, ձագերը մեղքն եկան, և բերեց իր տնակը՝ փարոսի մոտ: Պահեց նրանց՝ մեծացրեց, կերակրելով իր ուռկանն ընկած մանր ձկներով: Մի օր էլ մտքովն անցավ անուն տալ նրանց:
— Էհ, ուրեմն, դու կլինես…
Այդ անվրդով պահին նրա հիշողության մեջ, նա սրտում հառնեցին երկու մանկական դեմքեր, երբ դեռ շատ փոքր էին, ու ասաց.
— Ուրեմն, դու կլինես Վասիլակիս, — ասաց նա մի թռչունին: — Իսկ քո անունը կլինի Արղիրիս:
Այդ օրվանից սկսեց թռչուններին կանչել իր որդիների անուններով: Եվ ճայերը կամաց-կամաց ընտելացան դրան:
Երբ մեծացան, ու գարունն էլ եկավ, մի առավոտ մտածեց, որ մեղք է թռչուններին գերության մեջ պահելը: Որոշեց ազատ արձակել: Բացեց ընդարձակ եղեգնահյուս վանդակը և մեկին բռնելով՝ պահեց ափերի մեջ, շոյեց: Զգում էր թռչնի սրտի թույլ բաբախյունը:
— Դե, գնա, Վասիլիս, — ասաց նա և ափը բացեց, որ թռչի:
Ճայը թռավ, գնաց:
Դուրս հանեց մյուսին, նրան էլ շոյեց ու բաց թողեց:
Ամեն ինչ խաղաղ էր այդ օրը, և գիշերն էլ, որ եկավ, խաղաղ էր: Միայն ինքն էր ավելի միայնակ զգում:
Այդ երեկո շուտ էր գործերն ավարտել և մեկ էլ հանկարծ թույլ թակոց լսեց պատուհանին: Մոտեցավ ու դուրս նայեց: Աչքերին չէր հավատում: Ուրախությունից խելքը կորցրել էր, ասես նրա տղաներն էին տուն վերադարձել:
Դուռը բացեց, որ ճայերը ներս մտնեն:
Այդ օրվանից սկսած՝ ճայերն առավոտյան թռչում էին, գնում հասնում մինչև Անատոլիայի հանդիպակաց ափերը, մինչև Սիգրի, ու երեկոյան վերադառնում: Երամ էին կազմում մյուս ճայերի հետ և թռչում կղզու վրայով: Եթե ցածր էին թռչում, ծերունին կարողանում էր նրանց տարբերել թևատակի մոխրագույն բծերով: Երբ ծով էր դուրս գալիս, և նրանք էլ այդ կողմերում էին լինում, ցած էին իջնում ու ծղրտում նրա գլխավերևում: Այդ կողմերի մյուս ձկնորսներն էլ էին արդեն ճանաչում նրանց և, ճայերին տեսնելուն պես, կանչում, ծիծաղում էին.
— Հե՜յ, Վասիլիս… Հե՜յ, Արղիրիս…

Կղզում այսպես էին անցնում օրերը: Մեկը, մյուսը, այն, որ անցել էր, այն, որ պիտի գար: Օրերի ու գիշերների մի անխռով շարան, որն այլևս ոչ մի սպասելիք չէր պահում, մահվանից բացի:
Ամառային մի երեկո տարօրինակ բան պատահեց: Ճայերը չվերադարձան: Ոչ հաջորդ օրն եկան, ոչ հաջորդ գիշերը:
— Երևի հեռու են գնացել,- մտածեց ծերունին՝ փորձելով ինքն իրեն հանգստացնել:
Հաջորդ առավոտյան սովորականի պես նստել էր փարոսի տակ: Ծովին էր նայում: Մի պահ թվաց, որ մոտ մեկ մղոն այն կողմ ծովն ակոսվել է, կարծես դելֆինները խաղային: Շատ անգամ է դելֆիններին տեսել բաց ծովում: Հետևել, թե ինչպես են օդի մեջ գծում իրենց անշտապ շարժումներն ու նորից ընկնում ջուրը:
— Երեւի էլի դելֆիններն են:
Բայց հետո տեսավ, որ՝ ոչ:
— Մարդիկ են,- ասաց նա ապշահար:
Ափ իջավ ու կանգնել սպասում էր: Քիչ հետո տեսավ, որ մի տղա ու աղջիկ են: Լողում էին կողք-կողքի՝ դանդաղ, վստահ շարժումներով: Եվ մանր ալիքները գալիս ծածկում էին նրանց ետևից ձգվող ակոսը:
— Տեսնես, ինչ են ուզում:
Նա դեռ չէր հիշում, որ մարդիկ գային հասնեին այնտեղ լողանալու: Համ էլ շրջակայքում ոչ մի նավակ չէր երևում, որից ցատկած լինեին ծովը:
Քիչ հետո նրանք արդեն հասել էին:
Երկու թաց մարմին ափ են դուրս գալիս ծովից:
Տղան նայում է աղջկա աչքերի մեջ և ձեռքերը ձգում դեպի վեր:
— Ախ, ինչ լավ էր, — ասաց նա՝ խորը շունչ քաշելով:
Աղջիկը ձեռքերով նույն շարժումն է անում: Եվ՝ ավելի դանդաղ.
— Ինչ լավ էր:
Հետո վազեցին դեպի փարոսավարը:
— Դո՞ւ ես քեռի Դիմիտրիսը, — հարցրեց տղան։
— Ես եմ,- ասաց նա անհանգստացած, — Հո բան չի՞ պատահել:
— Չէ՛, չէ՛,- շտապեց պատասխանել տղան:- Երեկ ընկերուհուս հետ որոշեցինք լողալ հասնել այստեղ ու եկանք:
— Որտեղի՞ց,- տարակուսած հարցնում է ծերունին:
— Դիմացի ափից, էլի: Պետրայից:

Դիմիտրիս քեռին չգիտի՝ ինչ ասի, միայն քթի տակ մրմնջում է, թե չի հիշում, երբեւէ մարդիկ այսքան ճամփա կտրեն գան:
Սկսեցին բարձրանալ դեպի փարոսը:
Նա առջևից էր գնում, երիտասարդները հետևում էին: Հազիվ տասնութ-տասնինը տարեկան լինեին: Նա քայլում էր, ու տարիները ծանրանում էին ուսերին, ասես կշտամբում, որ չի թողնում հանգստանան:
Նստեցին փարոսի տակ մի նստարանի: Առջևում տարածված էր անխռով Էգեյան ծովը, և արևը ցոլցլում էր նրա վրա:
— Որտեղի՞ց եք գալիս,- հարցրեց ծերունին:
— Աթենքում ենք սովորում,- ասաց աղջիկը:- Ես սովորում եմ քիմիականում, իսկ ընկերս՝ պոլիտեխիկում:
— Հա, իսկապես,- շշնջաց ծերունին՝ ոչինչ չհասկանալով:
— Պապիկ, երբևէ եղե՞լ ես Աթենքում,- հարցրեց աղջիկը:
— Չէ, չեմ եղել:
— Իսկ հիմա կուզեի՞ր:
Նրա ձայնը ցածր էր, հազիվ էր լսվում.
— Չէ, աղջիկ ջան: Հիմա ուշ է:
— Էստեղ երևի շատ միայնակ ես, պապիկ:
— Շատ միայնակ, աղջիկ ջան:
Լռեցին: Անցավ որոշ ժամանակ: Վերևով ճայերի մի երամ սլացավ: Ծերունին մտավ տնակը, որ քաղցրավենիք բերի: Փոքր պատուհանից նա տեսնում էր երկուսին՝ ավազին պառկած: Նրանց մարմիններին, նրանց դեմքերին դեռ դողդողում էին ջրի կաթիլները: Արևն անխնա այրել էր նրանց մարմինները: Նրանք պառկած էին ավազին՝ ասես ծովից ափ նետված երկու բրոնզե արձան, առողջության ու ջահելության երկու աստվածություն: Աղջկա սև մազերը թափվում են ուսերին, խոշոր սև աչքերից խորունկ լույս էր առկայծում:

Այսպես պարզ ու անվրդով է ամեն բան կղզում այս նվիրական ժամին: Այսպես խաղաղ ու անվրդով է ծեր մարդու սիրտը: Առլեցուն է ամառային այս առավոտն ու արտասվալից: Այս անակնկալ քնքշությունը, որ եկավ խռովելու նրա մենությունը, այս խաղաղ ջրերը…
— Պապիկ, մենք է՞լ ներս գանք,- դրսից նրան ձայն է տալիս աղջիկը:
— Գալիս եմ, գալիս,- հուզված ասում է նա:
Նրանց համար քաղցրավենիք բերեց, նուշ, սառը ջուր:
— Ուրիշ բան չունեմ,- ցածր ձայնով ասում է նա. կարծես ներողություն է
խնդրում:
— Նստիր, նստիր, պապիկ, — աղջիկը բռնում է նրա ձեռքը, որ նստեցնի իր կողքին:
Նստեց:
— Վաղն էլ եկեք,- ասում է նա անհամարձակ:- Գիշերը ձեզ համար ձուկ կբռնեմ:
— Վաղը գնում ենք,- տխուր պատասխանում է աղջիկը:- Ափսոս, որ այսքան օր այստեղ ենք ու մինչև հիմա չէինք եկել: Դու միշտ էսպես մենա՞կ ես, պապիկ:
— Միշտ, աղջիկ ջան:
— Ա, հիմա հասկանում եմ, թե ինչ էին ճայերը,- շշնջում է տղան:
— Հա, տղա ջան, էդ է: Մենակությունը:
— Դու նրանց ներիր, պապի,- քիչ հետո ասում է տղան: — Որ իմանային, երբեք այդ բանը չէին անի:
Ծերունին չի հասկանում: Զարմացած տեղից վեր է ելնում:
— Էդ ո՞ւմ մասին ես ասում, տղա ջան:
— Նրանց, որ ճայերին սպանեցին, Դիմիտրիս պապի:- Մեր ընկերներն են:
Նա զգում է, որ ծնկները դողում են, սիրտը թպրտում:
— Ասացիր՝ սպանե՞լ են:
— Ախ, դու դեռ չե՞ս իմացել…
Տղան լեզուն կծում է, բայց արդեն ուշ է: Պատմում է նրան եղածը. ջահելներով որսի էին գնացել, հետո իջել էին ծովափ: Երկու ճայ առանձնացան երամից և ցած իջան: Նրանց ընկերը նշան բռնեց… Թևերի մոխրագույն բծերից ճանաչեցին:
Ծերունին լսում է, լսում, ի՞նչ է եղել որ՝ երկու ճայ էին:
— Չգիտեին, պապիկ, — ջերմ ձայնով ասում է աղջիկը՝ հուզված այն համր վշտից, որ տեսնում է ծերացած դեմքին: — Չգիտեին:
Իսկ նա հազիվ գլխով է անում, համաձայնում է՝
— Հա, հա, աղջիկ ջան: Ինչ իմանային…

Բավական ժամանակ անցավ:
— Պիտի գնանք,- ասում է տղան:
Աղջիկը ելնում է:
— Գնանք:
Առաջ են ընկնում: Ծերունին նրանցից մի քիչ ետ է ընկնում:
Հասնում են ծովափ:
— Դե, բարով մնաս, պապիկ,- առաջինն ասում է աղջիկը: Բռնում է նրա ձեռքը, կռանում է, որ համբուրի: Իսկ նա շոյում է աղջկա երկար մազերը:
— Աստված ձեզ պահապան,- հուզված մրմնջում է նա:
Նրանք գնացին: Երկար նայում է ծովում նրանց մարմինների ետևից ձգվող ակոսին, մինչև որ անհետանում են հեռվում: Իսկ ծովն ամայի է, անծայր, անծիր:
Մութն ընկնում է: Նա նստել է նստարանին, ու ժամերն անցնում են: Ամեն ինչ անցնում է նրա խամրած աչքերի առջևով՝ իր մանկությունը, իր որդիները, որոնց մեծացրեց ու կորցրեց, մարդիկ, որ նրան վշտացրին: Ամեն ինչ անցնում է, ամեն ինչ հանգչում: Եվ երկու որդիները, և բարձունքում թռչող ճայերի երամը: Երկու ճայ մոխրագույն թևեր ունեն: Նրանք էլ են անցնում ու անհետանում: Այլևս ոչինչ չի վերադառնում: Գլուխը կախել է, և արցունքները կաթում են չոր հողին: Նրա վերևում փարոսի լույսը վառվում է կրկին ու կրկին՝ նույն ընդմիջումներով, անզիջում ու անխուսափելի, ինչպես կյանքի մութ ուժերը, ինչպես մարդու ճակատագիրը, ինչպես մահը…

Հունարենից թարգմանեց Լևոն Հակոբյանը

«Գարուն», 2000, 7

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով