Մուշեղ Գալշոյան. Զի այս է իշխանություն և փառք

Լեռներով խուփ կիրճի այս գյուղում կորցրել եմ աշխարհի կողմերը։ Մանավանդ, որ արև չկա։ Տիեզերքով մեկ լուծվել է, և միջօրեի երկինքը անգույն ու խամրած է։ Ամպերը խարկվել, փոշիացել, դարձել են մշուշ` տարածուն ու կարկամած և զարմանում ես` այդ մշուշը ե՞րբ, ինչպե՞ս կարող է խոնավանալ, ծանրանալ, ծոցվորվել անձրևով, որին Այգեձորում այդպես սպասում են։
Գրասենյակի դռնից նայում եմ Հաճարկուտ սարին։ Գյուղեզրին է սարը, բազմանիստ, բարձր, անտառոտ և կրծքին բացատ ունի։ Բացատը արևի պես ճառագում է, բռնում է հայացքդ, գլուխդ խոնարհում ես` կոպերդ խուտուտ է տալիս, շրջվում ես ծոծրակիդ ես զգում բացատի հայացքը։ Հանկարծ ինձ թվում է, թե Հաճարկուտ սարը հոգնած ժամանակ նստում է իր այդ բացատում, հանգստանում է, իրարից լույս ու արև խլող ծառերը բացատն են ժողովվում` ի հանդես լույս ու արևի, սարը այդ բացատով է նայում աշխարհին, աշխարհը` սարին։
— Արևե՞լքն է,— նայում եմ Հաճարկուտ սարի կողմը։
— Ինչպե՞ս,— կոլտնտեսության նախագահ Վահան Եղիազարյանը հոնքերը իրար զարկած նայում է։ Տոնը կտրուկ ու չոր է. թվում է, թե սարին ու բացատին վիրավորական բան ես ասել, և նա հաշիվ է պահանջում։ Ակամա նայում եմ նրա աջ ձեռքին. մատները պատերազմի դաշտում թռել են, և աջը միայն բռունցք է` պինդ ու խոշոր։
Հարցը կրկնում եմ։
— Հա՜,— հոնքերը վեր է քաշում, և աչքերի խորքում տեսնում եմ ժպիտի կայծեր, զսպված բարություն և ուժ։
Չէ՛, Վահան Եղիազարյանի մասին չեմ գրում, միայն թե հաճելի է հիշել, որ Շամշադինի այս գյուղի` սար-սահմաններով ադրբեջանական Գետաբեկ ու Թոուզ շրջաններին հարևան կիրճի այս Այգեձորի նախագահը հենց նա է` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության անդամ Վահան Եղիազարյանը` խիտ ու խիստ հոնքերով, կրակների միջից խլած` կռուփ-աջով։
Եվ այգեձորցի ո՛չ մեկի մասին չեմ գրում։ Խոսքս գյուղի սարուձորերից, ծմակներից խլված հողերի, բացատների մասին է, Խնձորուտ գետակով, ձորերով և սորսրացող սարերով մաս-մաս թաղերի, լանջերում գամված` քարափներն ի կախ տների մասին է և՛ Գոմերի-քար քարոզիչ լեռան, և՛ հովիվ Ենոքի կորած ոչխարների։
— Գյուղը լավ տեսնելու համար պետք է բարձրանալ Գոմերի-քար լեռը։
Լեռը Գոմեր թաղի անունով է (թե` հակառակը)։ Գրասենյակի դռնից թաղը երևում է որպես առանձին գյուղ։ Խնձորուտ ձորով զատված, սեղմված Գոմերի-քար լեռանը։ «Վիլիսը» անցնում է ձորը, ահագին ճանապարհ փաթաթում: Ձորից այն կողմ մի պառավ ձեռք է բարձրացնում, թե` ինձ էլ տարեք։ Թաղը առանձին խանութ ունի, բայց նա պետք բաները Միջին թաղի կենտրոնական խանութից է գնել, լցրել պարկը, շալակած գնում է։ Տաք, փափուկ ճամփին ուրիշ մեկը չկա: Միայն զինվորական խամրած տարազով մի մարդ ճամփից թեքվել, խոնարհված քայլում է սարերի կողմ։ Ճանաչում են` կոլտնտեսության հովիվներից է։
— Ենոք, ու՞ր… ի՞նչ է պատահել։
Հովիվը ետ է գալիս, բացում քրտնած ճաղատը, հենվում ձեռնափայտին և հայտարարում.
— Հոտից քառասուն ոչխար է պակասում, գնում եմ գտնեմ։
— Բա էդքանը ինչպե՞ս պակասեց, գելը մեկը կտաներ։
— Էդ գելի բան չէ,— հովիվն օրորում է գլուխը,— թազա գառնարած չեմ, քառասուն տարվա չոբան եմ… քառասուն ոչխարը գելի բան չի։— Եվ շուռ է գալիս, ձեռնափայտը մեկնում,— երեկ, է՜, Գետաբեկի սարերի կողմն էինք. գնում եմ է՜ն կողմերում ման գամ։
Հետո նա դեմքն արեց լեռների կողմն ու գնաց։
Երկար նայում էի նրա հետևից,— մենակ մարդ, սարերում` հազար գել ու գազան, այս կողմերի սարերում հազար չարք կա, իսկ սա անզեն։ Հետո հայացքս հովվից առաջ է անցնում` ոչխարներն եմ որոնում,— գտնեի, տեղնուտեղը հանձնեի հովվին` առ, ետ դարձիր, մենակ-մենակ մի գնա, սարերում հազար չարք կա…
— Քառասուն ոչխա՜ր,— մտահոգ կրկնում է հաշվապահ Մարությանը։
Հետո կանգնում ենք թաղի ժողովատան մոտ։ Թաղեցիները հիմնականում նույն բրիգադի անդամներն են` բրիգադային ժողովներ են անում։ Ժողովատանը կինոնկարներ են ցուցադրվում, թաղեցիների համար համերգներ են լինում։
Պատահում է, որ Գոմերի-քար լեռան ծերպերից մի բեկոր է պոկվում, իջնում թաղի կողմը, և համերգը կիսատ է մնում։ Այգեձորը բոլորած սարերից անպտուղը սա է` Գոմերի-քարը։ Ճոթավոր ստորոտից ինչքան կարողացել խլել են. դարձրել վարատեղի. ցորենի արտեր են, մնացածը` դիք, շիկավուն, քոլուքոսով փռչոտ։
— Իրիկնապահին արևը էս երկու քարերի արանքով է անցնում։
Էդ երկու քարերը լեռան ամենացից սապատներն են։ Իսկ սապատները շատ են։ Տարվա տարբեր եղանակներին արևը անցնում է լեռան կամարի այդ զիգզագաձև կտրվածքներից մեկն ու մեկով։ Հիմա ամառ է, և իրիկնապահի արևը ամենաբարձր ու ամենախոր հատվածքով է անցնում, շիկավուն հերձեցին քսվելով` քերծվելով գնում է հանգստանալու։ Տիվագոլի գունդուկծիկ երակները շարժվում են լեռն ի վեր, և գաճաճ թփուտները թվում են հևացող ոչխարներ։ Աչքերս կկոցում եմ։
— Ոչխարները չե՞ն։— Լինեին` լեռան կատարից ձայն տայի` հեե-հե՜եյ… ոչխարներդ գտել եմ` արի՛… արի՜…,— հետո փոքրամարմին ու ծերացող հովվի անօգնական թիկունքն ու քայլերի անիմաստ ապահովությունը մեկեն զայրացնում են ինձ և մտքումս հայհոյում եմ,— «շան որդի, գոնե շուն կունենայիր հետդ»։
— Լեռան կատարին, էն քարի տակ ջրհոր կա։
— Ջրհո՞ր։
— Ջրհորի պես բան է, ինքն իրեն է ստեղծվել, կողքերն էլ լիքը մորեխ։
— Մորե՞խ։
— Մորեխ են, ճռիկ են, չգիտեմ։
Ասում են նաև, որ քոլերի ու քարերի տակ վայրի մեղուների բներ կան։ Վայրի մեղր կա։
— Վայրի մե՞ղր,— Էլի ակամա կրկնում եմ ու զգում, որ հեռվից մի միտք է գալիս։ Եվ հանկարծ շիկավուն մորթով լեռը, մի դուռ չրով, մորեխով և վայրի մեղրով իրեն պահող այս Գոմերի-քարը ինձ հիշեցնում են վաղվա քարոզիչ Հովհաննես Մկրտիչին։ («Եվ ինքը` Հովհաննեսը ուղտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի` իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր»)։ Եթե հրաշք չլիներ ու այս լեռը մարդ դառնար` կլիներ ավետարանիչ Հովհաննես, իսկ եթե հրեաների Հերովդես թագավորը, գլխատելու փոխարեն, բան է թե` նրան հրամայեր քար դարձիր, նա կդառնար հենց այսպիսին` Գոմերի-քար` շիկավուն գլուխը ցից, խիստ հայացքի տակ` կիրճի գյուղը, Խնձորուտ լղարիկ գետակը, ձորերը, սարերը…
Գյուղի շրջակա լեռների մեջ սա քարոզիչ լեռ է։ Սա է, որ Այգեձոր գյուղը մկրտել է Խնձորուտ գետում և այս կիրճում խաչել։
Գոմերի-քար լեռան կատարից գյուղը, իր մաս-մաս թաղերով, խաչի տեսք ունի. խաչի կենտրոնը Միջին թագն է, գլուխը (թե խաչն էլ գլուխ ունի) Առվու թաղը, աջ ու ձախ թևերը` Այգեստանն ու Էրիձորը, պոչը Գոմեր թաղն է` ոտաց կոխան բեմբասաց լեռան։ Սա է, որ համառորեն արգելում է մոտենալ իրեն. ոչինչ չունի տալու և է՜ն գլխից խրատաբանում է… Ասում եմ ձեզ. ձեր հողը քարերից ափեք, կորզեցեք ծմակուտներից և խլեցեք ձորափերից, ձեր ջուրը երկնքից վար բերեք, ի ձորե ձգեցեք լեռներ։ Զի այս է արքայություն և փառք։
— Բա էն ոչխարներն ի՞նչ եղան։ Գողացած չլինե՞ն։
Խոսքի վրա, ակամա, աչքերս ոչխարներ են որոնում, բայց հայացքս թեքում եմ Գոմերի-քարից. մեկ է, այս ամուլ լեռը ոչխար ապաստանող չէ, և նայում եմ Հաճարկուտ սարի կողմը։ Բացատը նորից պայծառ ժպտում է։ Բացատը Այգեձորի հնոց այրերն են արարել` Բաբունց տոհմը։
…Երեկ նույն այս ժամն էր, որ Բաբունց տոհմի երեց Թունի ապոր մոտ էի։
Բաբունց Թունին պառկած էր անկողնում, գլխաշորով փաթաթվել էր, վերմակը քաշել գլխին։ Գրիպ էր։ Ծեր ոսկորները մրսում էին։
Իմ փոխարեն հարսը գոռաց.
«Հարցնում է` Բաբունց տափը ե՞րբ եք բացել»։
«Էէ՜է… էն տափը խլել են»։
«Ո՞վ է խլել, Թունի ապեր»,— աթոռս մոտ եմ քաշում, խոնարհվում բարձին։
«Հետը խռով ենք, չենք խոսում»։
Զգում եմ, որ իրար չենք հասկանում։
«Խոսքս Հաճարկուտի բացատի մասին է, Թունի ապեր,— գոռում եմ,— էն որ փեշին ընկույզի ծառ ունի»։
«Է է՜ է՞ս… ճղոպրուտի՞ն։ Էդ տափը երեկ-մյուս օր ենք անտառիցը խլել։ Մենք մի տափ չենք ունեցել, քե մատաղ։— Ծերունին, որ անկողնու մեջ էր թաղել հայացքը, ինձ է նայում, և տեսնում եմ նրա շատ կենդանի, տարիքից շատ ջահել աչքերը։— Մի տափ չենք ունեցել, է՜, էն ղոչի տափը որ խլեցին, ելանք թազա մեկ էլ ճղոպրուտը բացեցինք»։
«Բայց ո՞վ խլեց, Թունի ապեր»։
«Ասում եմ` խռով ենք, իրար հետ չենք խոսում, անունը չեմ տա։
Ճղոպրուտի տափը հետո էր, որ բացեցինք, հազար ինը հարյո՜ւր չորսին էր, թե՞ հինգին։ Հողը որ անտառից խլեցինք, չէ՞ Սաքին հրացան պատրաստեց ու էլ ոչ մեկը մոտ չեկավ մեր հողին»։
«Սաքին ո՞վ է Թունի ապեր»։
«Սարգիսը, մեծ ախպերս։ Դաբրին էր։ Հմի նա իննսունմեկ տարեկան է»։
«Գյուղո՞ւմ է ապրում»։
Փոխարենը հարսն է պատասխանում.
«Սաքի ապերը մահացել է»։
«Մահացել չէ, է՜,— ծերունին վիրավորված նայում է հարսին, ապա` ինձ,— Հաճարկուտի ճղոպրի ծառը տեսել ես… Սաքին էդ ճղոպրին է։— Խռոված երեխայի պես շուռ է գալիս, դեմքն անում պատի կողմ և` փակում խոսքը,— ճղոպրին ու տափը նա պահեց, Սաքին պահեց, դարբին էր, բայց հրացան էր պատրաստում։ Անտեր աշխարհ էր, խլող-խլողի էր։ Թե Սաքին չէր եղել, ճղոպրուտն էլ ձեռքներիցս կառնեին, ոնց որ է է՜ն տափը խլեցին»։
Խլեցին…
Եվ Բաբունց տունը մնաց առանց հողի, Բաբունց տղամարդիկ` աղքատ, բատրակացու։ Միակ հույսը Հաճարկուտ սարի իրենց բաժին անտառն էր, և մի առավոտ նրանք անտառ մտան, նստոտեցին ընկուզենու տակ, և Սաքի երիտասարդ դարբինը իր խոսքն ասաց.
«Առավոտ կանուխ ելնում ենք խամհատի»։— Եվ տունը մռայլ էր ու անհողդողդ, ու եղբայրները հասկացան, որ առավոտ կանուխ անպայման ծառ են կտրելու, նոր բողբոջած ծառեր են հատելու։
«Մենք մեղավոր չենք։— Ջահել եղբայրների աչքերի ցավը նկատեց։— Գարուն օրով ծառ հատելը թե մեղք է` չար մարդոց մեղքն է։ Մեզ հող է հարկավոր… առավոտ կանուխ ելնում ենք խամհատի»— կրկնեց։
«Եվ, իմացած եղեք,— շարունակեց Սաքին,— էս ճղոպրին ձեռք չենք տալ, մեր հայրը էս ճղոպրի կշտին մեզ շատ պատվերներ է թողել։ Էս ճղոպրին մեր անտառի ու մեր հոր բարի հիշատակն է, մեր գործը կկենա վկա»։
Բաբունց եղբայրները երկար օրեր աշխատեցին։ Եվ նրանք բանում էին Սաքի հմուտ վարպետի ձեռքով պատրաստված գործիքներով։ Բայց կաղնիների կարծր բներին կացիններ ճաք տվեցին, հատված բները քանդելուց խճճված արմատների տակ քլունգներ ծռվեցին, եղավ որ երկաթյա շղթաններ կտրվեցին, և ծառերը քաշող լծկանները գլորվեցին երեսն ի վար ու սևաթույր պոզերով եզը իր պոզով իր կուրծքը պատռեց, եղավ որ լուծը ջարդվեց, եղավ որ եզը ծունկ ծալեց լծան տակ և թաք մնացած եզան հետ Բաբունց եղյրայրները լծվեցին։
Երկար ցերեկներ աշխատեցին։ Եվ ամեն գիշեր Սաքի երիտասարդ դարբինը վերանորոգում էր գործիքները, նորերն էր սարքում, ապա պողպատի կտորներ էր ծռմռում, հղկում, չափ ու ձև տալիս` հրացանի փողի, փակաղակի… Եղբայրները տարակուսած նայում էին, հարցուփորձ անում, իսկ Սաքի դարբինը լուռ ու համառ իր գործին էր։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ինքնուս դարբինը հրացան պատրաստելու փորձ կանի։
Գարունքվանից ձմեռնամուտ Բաբունց որդիները հատեցին ու քանդեցին անտառի իրենց բաժինը։ Ձմռանը Հաճարկուտի կրծքին ճառագեց ճերմակ բացատը, և վարի փեշին, պահակի պես արթուն ու զգաստ, կենում էր մենակ ընկուզենին։
Ձմռանը Սաքին փակված էր իր դարբնոցում, օրն ի բուն` խորհրդավոր սարքումարքի հետ։ Եվ գարնան հետ ձի հեծավ, Հաճարկուտի փեշով ոլորվող ճամփով գյուղից ելավ դուրս ու մի շաբաթ չերևաց։ Սաքին հրացան էր պատրաստել, տարել էր փողագալարները փորելու։ Ու երբ վերադարձավ, գյուղ չմտած, ձին թեքեց կածանով, ելավ բացատը, ձին կապեց ընկուզենուց, կանգնեց անտառից խլած իրենց տափի կենտրոնում, հրացանն ուղղեց երկինք ու թըրա՜խկ… թըրա՜խկ… թըրա՜խկ… կրակեց. ամենքին հասկանալի լեզվով Սաքին ասում էր` անտառից հող ենք խլել և ով փորձի խլել, օրը կսևացնեմ։ Թըրա՜խկ… թըրա՜խկ… թըրա՜խկ… տափի կենտրոնում կանգնած խրոխտ ու համարձակ որոտում էր Սաքին…։ Եվ այդ կողմի սարերում, բոլորը իմացան, որ Բաբունց տափի տերերը զենք ունեն։ Այլևս ոչ ոք չփորձեց ծուռ նայել, և բացատը մնաց։
…Հիմա Գոմերի-քարից նայում եմ. ահա, բացատից հնձած խոտը լծկաններով քաշում են վար. ուր Հաճարկուտ սարը մագլցող ճամփան, այլևս հոգնած, մեկնվում է ընկուզենու տակ, դառնում պուճուրիկ մի կալ։ Խոտ քաշող եզները իջնում են` թեքությունից գլուխները ետ գցած, և զգում ես, որ լծկանների ու նրանց զգուշորեն առաջնորդող մարդու ծնկները դողում են։ Տարիներ առաջ մի ժուռնալիստ է եկել Այգեձոր, զարմացել, թե այդ թեք բացատում ինչպես են խոտ հնձում` կգլորվեն ախր։
«Պարանի մի ծայրը հնձվորը կապում է իր գոտկատեղից, մյուսը` անտառի որևէ ծառից ու հնձում»։— Հանգստացրել են նրան, ու նա այդպես էլ դրել է այդ տափի «հնարամիտ ու համարձակ» հնձվորների մասին։
Հեռվում, Տորնիյալից ու Այգեստան թաղից այն կողմ, կապույտ շղարշի մեջ այգիներն են, ցորենի դեղին արտերը, խոտհարքերը, ծխախոտի ու կարտոֆիլի պլանտացիաները, բոլորը կտրակցոն` ձորերով, բլուրներով, թփուտների հաստ շերտերով, բոլորը լանջերն ի վեր մագլցող։ Եվ Գոմերի-քարից այնպես է թվում, թե արտը սարի կրծքից է բխել։ Եվ արևի դեղին ու տաք այդ հալոցքը դանղա՜ղ հոսում է վար, ճոթեր է տալիս. որովհետև սարալանջը թրատված է, և մի տեղ ընկրկում, ուռչում, մնում է,— դիմացը ձորն է։ Կոմբայնը լանջն ի վար թեքված հնձում է, լիքը գնում է, դատարկ ետ գալիս, պտտվում` հարմարվում թեք արտին։ Երեք հազար հինգ հարյուր շնչանոց գյուղը մի կոմբայն ունի, այս մեկն է` ցանքատարածությունները քիչ են, երկրորդ կոմբայնի պետ չկա, և արտեր կան, ուր կոմբայնը անելիք չունի,— Անգեղաքար, Մառանջ, Փոքր Ախնչի… այստեղ, Այգեձորում ամեն բացատ, ամեն տափ, ամեն լաթ հող իր անունն ունի, իր ծննդյան տարեթիվը` հեղափոխությունից առաջ, հեղափողությունից հետո, կոլեկտիվացումից առաջ, կոլեկտիվացումից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո… ծնվել են խաղաղ տարիներին, ինչպես կիրճի այս գյուղի երեխաները։ Այգեձորի ամեն սերունդ իր բացատն է հորինել ծմակուտներում։ Վերջինը` երեկ-մյուս օրն էր,— Խուբանները։
Հիմա ամռան տոթ միջօրե է, գյուղի մանկտիք թափվել են Խնձորուտ գետակը, ջրի հետ ավազ են շաղ տալիս իրար գլխի, ձուկ են որոնում։ Գետակի ամեն ալիք, եթե ձուկ դառնա` էլի կխլխլեին միմյանցից։ Եվ կիրճի մարդիկ խամհատելու նոր տեղ են որոնում` այգու տեղ, կարտոֆիլի, ծխախոտի, արտի։ Շրջակա ձորերում, ծմակուտներում, բոլոր սարերում որոնում են, բացի Գոմերի-քար լեռից։ Սրան վաղուց են փորձել. սրանից` ոչ հող, ոչ ջուր։
Խնձորուտ ձորում, գետափին, ջրհան կայան են կառուցել։ Ջրատար խողովակների ճերմակ շարոցը պսպղում է այս ու այն տեղ, հայտնվում սարերի ուսին ու կորչում։ Որքան էլ մատնացույց են անում, թե` էս մի ճյուղը էնտեղից ելնում է, էնպես բարձրանում, է՜ն սարի հետևով պտտվում է, ապա էնտեղից… բայց կոպդ թարթում ես թե չէ, կորցնում ես ջրատարի ուղղությունը։ Եվ հետո այդ ջրատարները լրիվ պատկերացնելու հույսը, կտրում ես, երբ ասում են, թե Հաճարկուտ սարի ուսին կառուցվող ջրաբաշխը այդ ճերմակ խողովակաշարի հետ կապ չունի, նրա ջուրը ինքնահոս է գալու ճղոպրուտի ձորից։ Եվ` առանց մղիչի: Ինքնահոս։ Ուրեմն Հաճարկուտ սարից յոթ-ութ կիլոմետր հեռու, բարձր մի տեղ, երկնքով լցված ճղոպրուտ ձոր կա, ձորում` աղբյուր, իսկ Այգեձորը խմելու բավարար ջուր չո՞ւնի։ Ճղոպրուտի աղբյուրը պետք է հասնի Հաճարկուտի ուսին կառուցվող ջրաբաշխը, այնտեղից հինգ ճյուղով հոսի հինգ թաղերը։ Եվ գյուղում ոչ ոք մատը չի կծում. թե գործը ինչպես է գլուխ գալու. խմելու ջուրը պակաս է, երկնքում կա` պետք է բերել։ Զարմանալին բնական հրաշքն է` ճողոպրուտի ձորը Հաճարկուտ սարից բարձր է։
— Տես, է՜, ձոր է, բայց ինչքան բարձրից, որ ջուրն ինքն իրեն է գալու,— հաշվապահ Մարությանը նայում է ճղոպրուտ ձորի ուղղությամբ, իսկ ձորը Գետաբեկի սարերի կողմում է, ուր հովիվը գնաց կորած ոչխարները որոնելու, և նա էլի հիշում է,— քառասուն ոչխարը գիտե՞ս ինչ փող կանի…
Եվ Գոմերի-քար լեռան փեշի շիկավուն քարափերթերը նորից թվում են ոչխարներ, իսկ նրանց մոտիկ նստած մարդը` այն հովիվը։ Հետո մարդը վեր է կենում, ուսում մուրճը, քայլում ձորի կողմ։
— Չեղա՞՜վ,— ետևից կանչում են։
Մարդը ետ չի նայում, միայն ձեռքը գլխից վեր թափ է տալիս։ Նոր տուն կառուցողները երբեմն փորձում են Գոմերի-քար լեռան փեշերից քար պոկել, բայց թվացող քարը ամեն անգամ ճաքճքում է, թերթեր է տալիս, փշրվում, և քարհատը թողնում-հեռանում է։ Վաղուց են փորձել` էլի են փորձում, բայց Գոմերի-քարից` ոչ հող, ոչ ջուր, ոչ քար. սա այս կողմերի խրատարանն է։— Ասում եմ ձեզ, ձեր քարը ժայռերից պոկեցեք, շինությունները գամեք լեռներին, քարափն ի վար կախ տվեք։— Զի այս է արքայություն և փառք։ Ասում եմ ձեզ… Եվ խոժոռ ու անթարթ նայում է։
Գյուղն ու գյուղի թաղերը ամենալավը այստեղից են երևվում, Գոմերի-քարից։ (Թեև Այգեձորի շրջակա լեռներից չկա մեկը, որի կատարից գյուղի բոլոր տները տեսանելի լինեն)։ Այգեձորում արդեն ծանոթ տներ ունեմ։ Հայացքով որոնում եմ։ Ահա Այգեստան թաղի իմ ծանոթ տունը` Խնձորուտ գետափից մի գիրկ այգի է քաշել գոգը, պինդ պահում է։ Թվում է թե ծունկ ծալած, ճերմակ գլուխը գետակին խոնարհած ծերունի է, գիրկ կանաչը կրծքին սեղմած ջուր է խմում։ Սա այսպիսին է և Այգեձորում նման երկրորդը չկա: Ամեն տուն իր պատկերն ունի, իր բնավորությունը։ Եվ մաս-մաս թաղերն են տարակերպ, Գոմերի-քարից Այգեստան թաղը երևում է վազի տեսքով. գետափով, ոլոր-մոլոր գնում է` ճկուն ու գետնատարած, երբեմն պոռթկուն։ Ձորի պոռթկած ու կորդ ափին նոր հիմք են փորել։ Մի կին, մի տղամարդ երբեմն նշմարվում են վար, քարակուտակի մոտ, ապա կորչում կից տների արանքում, երևում փորած հիմքի մոտ։ Միջօրեի խամրած մշուշում նրանք հազիվ են նշմարվում, բայց առավոտյան նրանց տեսել եմ, գիտեմ` երիտասարդ ամուսիններ են, կառուցվող տան համար շալակով քար են կրում. նոր փորած հիմքի մոտ ավտո չի բարձրանա։
Գյուղի ինձ ծանոթ տներից կան, որ երևում են, կան, որ ծրարված են` ծունկ տված ձորափերով։ Հաճարկուտ և Նովթազի սարերի արանքից գյուղ մտած ձորին այգեձորցիները առու են ասում (թաղին` Առվութաղ), և ծանոթ տներ կան, որ այդ «առվու» ոլորանի հետ թաքնվել են, կան` «առվու» հետ գյուղ մտած Զռայքար սարի մյուս կողմում։ Ազատի տունը հենց այնտեղ է. չի երևում։ Նշանավոր տուն է. հինգ տարի առաջ Զռայքարի գլխից մի քար է պոկվել, քշել ուղիղ տան վրա: Ժայռը, երկու հարկանի տնից մեծ,— դրխկ դըխկ, դըխկ,— իջել է` լանջի քար ու թփերը ճզմելով հասել տանը, մի թեթև հարվածել թիկունքին, պատը ծակել ու կանգնել։ Արմանք-զարմանք բան` տունը տակով կաներ, կիջներ ձորը։ Բայց առվութաղցի մի հալևոր բացատրել է,— այ, էս թիքա հողն է փրկել տունը,— ցույց է տվել տան թիկունքի մի լաթ հողը, որ այդ գիշեր անձրևներից խոնավացած, փափկած է եղել` ժայռը քաշել է իրեն։ Ժայռը լաթհողի կեսը զբաղեցրել, տան թիկունքին կպած մնում է. ոչ պայթեցնել կլինի, ոչ պետքական է, որ կտրեն, դարձնեն չափսի քարեր։
Գոմերի-քարից այդ նշանով տունը չի երևում, ոչ էլ նրանից վար` զգուշորեն ձորն իջնող տները և ոչ Գագիկենց տունը, այն փոքրիկ տղայի, որը առավոտյան տեսավ ինձ, թաղի անծանոթ մարդուն, պապի գործած մի տրեխը հագին, մեկը` ձեռքին վազեց-լուր տարավ, և Զռայքարի թեք լանջին մեխված` երկհարկանի տան պատշգամբից մի բուլկ երեխաներ վար նայեցին` թաղում հայտնված անծանոթին։ Տունը խրված է լանջում։ Ճեղքել են լանջը, տունը խցկել։ Ամբողջական է միայն տան ճակատը` կարմրաքար, բարձր, իսկ կողապատերի շարվածքը գնալով պակասում է և ճերմակ տանիքի հետ ձուլվում լանջին։ Ծխատերը զառիվայրում հարկ-հարկ դարավանդներ է պատրաստել, հիմնել այգի։ Տնամերձ այգին փոքր է. ոչ ավելի, ոչ պակաս, հատկացված լանջի չափ։
Երեխաները շարվել, պատշգամբում կապված լվացքի պարանը առել են թևների տակ, հետաքրքիր նայում են։ Եվ վարից թվում է, թե նրանք հեռախոսալարերին շարված ճնճղուկներ են։
«Էդ ու՞մ տունն է»,— ձայն եմ տալիս։
«Մե՜րը…»,— պատասխանում են միասին, մեկմեկուց զնգուն ու եռանդով, ապա քչփչում են, ինչ-որ խորհրդակցում,— խի՜-ո՞ր…
«Ձեր հայրիկը տա՞նն է»:
«Չ՜է… խի՞-ո՜ր»։
«Էդ սարը ի՞նչ իրավունքով է քանդել»,— փորձում եմ:
«Ի՞նչ սա՜ր»։
«Է՜դ,— ձեռքս մեկնում եմ տանն ու զառիվերին,— իր համար քանդել ու տուն է շինել»։
Երեխաները մի քիչ լռում են, տարակուսած նայում իրար, հետո գլուխ-գլխի խորհրդակցում են և խմբով ձայնարկում պատասխանը.
«Բա որտե՞ղ… որտե՜ղ տուն կառուցենք»։
Եվ որովհետև ես լռում եմ, փոքրը հաղթական կրկնում է հարցը.
«Հը, որտե՞ղ կառուցենք»։
«Շուն ունե՞ք»,— ուռում եմ բարձրանալ տունը։
«Չ՜է… խի՞-ո՜ր»։
«Չունեն, չունեն,— վստահեցնում է «Վիլիսի» վարորդը, մի քանի շուն կար, խոլերայի ժամանակ գնդակահարեցին, հիմա մեր գյուղում ոչ մի շուն չկա։ Չեն պահում»։
Գագիկենց տանից վեր, Զռայքար սարի կատարին տասնչորս-տասնհինգ տարեկան մի տղա էր նստած։ Նստած էր այն մամռոտ ժայռին, որի ուսնկիցը մի օր պոկվել, քշել է տան վրա։ Տղան նայում էր առավոտվա կապույտով շղարշված գյուղին, անտառներին, բացատներին, և այս հանելուկ աշխարհի գեղեցկությունը ալեկոծվում էր հոգում։ Եվ նա երգում էր։ Երգը նրանն էր, ուրիշ ոչ մեկին, պատանին ինքն էր հորինում-երգում։
Հիմա Գոմերի-քարից նայում եմ Զռայքարին. աշխարհով ալեկոծ տղան կատարի՞ն է, թե գնացել է։ Կկոցած նայում եմ և թվում է` նշմարում եմ նրան։ Հա, այդ բանաստեղծ շանորդին դեռ ժայռին կպած մնում է, դեռ երգ է հորինում-երգում։ Ահագին հեռու է` թեկուզ առավոտ, թեկուզ իրիկնապահ, նրա երգը այս լեռանը չի հասնի և Գոմերի-քարի անթարթ հայացքի տակ նա ժայռին կպած մի բուռ մամուռ է։ Այսքանը։ Այնուամենայնիվ, ականջ եմ պահում, փորձում եմ կապվել` լսել նրան…
Գյուղի բոլոր ձայները միջօրեի տապում հալվել, դարձել են մշուշ, և լսում եմ միայն այս հավերժ քարոզիչ լեռան տժժոցը…— Ասում եմ ձեզ. ձեր հողը քարերից ափեք, կորզեք ծմակուտներից, խլեցեք ձորափերից, ձեր ջուրը երկնքից վար բերեք, ի ձորե հանեք լեռները, շինությունները գամեք լեռներին, քարափներն ի վար կախ տվեք, դռները բարությամբ բացեք, ձեր հացը օրհնեցեք հույսով, աղուհացով դիմեք ճամփեքին… Ասում եմ ձեզ… «Ամենայն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում…»։
— Բա ոչխարներն ի՞նչ եղան։
Արդեն լեռան ստորոտում ենք, հաշվապահ Մա րությանը նորից կորած ոչխարներն է հիշել, և նա խոսքն ասում է մտազբաղ, հայացքը ուսն ի ետ, սարի կողմ։
«Քեզ հետ է»,— նայում եմ նրա հայացքի ուղղությամբ` լերկ շիկացած լեռանը և էլի լսում նրա տժժոցը։

1971

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով