Հենրիկ Էդոյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 2

Ծնվել է 1940 թվին՝ Երևանում:
Միջնակարգ դպրոցն սվարտել է 1957 թվին: Այնուհետև ծառայել է Սով. բանակի շարքերում: Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Այժմ սովորում է նույն ֆակուլտետի V կուրսում:

***
Երեկոյան խավարում,
երբ ստվերները նմանվում են մարդկանց,
մարդիկ՝ ստվերների,
երբ ամուսնանում է խավարը խավարի հետ
և լույսը լույսի,
ես բարձրացա տանիք,
և հայացքս երկար թափառեց
հովիտների վրա,
ուր բլուրները ծունկ իջած ուղտերի պես
լույս էին ծամում,
անտարբեր՝ խավարին
ու մշուշին,
մի կիսացնոր մարդ
լուսնի շողեր էր հավաքում
և լցնում զամբյուղի մեջ
և անցնում էր մեծ-մեծ քայլերով
տանիքների
և բլուրների վրայով,
մի տղա
երեկոյան խավարում
տանջում էր մի աղջկա,
կոպիտ համբույրներով,
իսկ նրանց կողքով
պառավ հավաքարարը
լուռ, անխոս,
փողոցի վրայից ավլում էր աղբը
և նրանց ստվերները…
Երեկոյան խավարում
Ես բարձրացա տանիք
և փողկապս քանդելով նետեցի ներքև՝
պառավ հավաքարարի հավաքած աղբի մեջ
և նրա լռության մեջ:

***
Լուսինը քայլում էր՝
Իր հետ տանելով աստղերի բազմությունը,
Ողջ գիշեր ընթանում էր անտրտունջ, անձայն,
Կապույտի վրայով քարշ տալով իր բեռը:
Նա երկնքի վրա լույսով էր բարձրացել,
Լույսով էր շրջում
Եվ լույսից մեռավ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով