Շոլոմ-Ալեյխեմ. Այդ երկու հակասեմիտը

1
Մաքս Բերլյանտ՝ այսպես է կոչվում նա, բայց ավելի ճիշտ կլինի նրան անվանել ամեն ծխախոտի հարմարվող մուշտուկ: Նա տարվա մեջ մի քանի անգամ Լոձից գնում է Մոսկվա և Մոսկվայից Լոձ: Ծանոթ է բոլոր կայարանների բուֆետապաններին, լավ բարեկամն բոլոր ուղեկցորդների, նաև եղել է գլխավոր նահանգներում, ուր հրեաներին թույլատրվում է մնալ ոչ ավելի, քան քսանչորս ժամ, յոթ տակ քրտնել է բոլոր ոստիկանատներում, գնացքներում ճաշակել ամեն տեսակի ծաղր ու ծանակ, դառնացել է ու վշտացել, և այս ամենն այն պատճառով, որ նա հրեա է: Այսինքն ոչ այն պատճառով, որ առհասարակ գոյություն ունի հրեա ազգ և ոչ էլ այն պատճառով, որ նա, ներեցե՛ք, հրեա է, այլ որովհետև իր դեմքով, ինչպես ասում են՝ ի պատկերի յուրո, նման է Աստծուն: Ա՛խ, այդ աստվածանմա՜ն դեմքը: Աչքերը սև են, կայծկլտուն, մազերը սև են, կայծկլտուն, իսկական սեմիտական մազեր: Եվ խոսվածքն էլ իսկական հրեական՝ «ռ» տառի շեշտադրությամբ: Այդ ամենի հետ էլ՝ քիթը: Ա՛խ, այդ քիթը, քիթ եմ ասել, հա՜:
Եվ թարսի նման մեր հերոսն ունի Աստծո պատիժ մի փեշակ, նա շրջիկ առևտրական է, որի պատճառով ստիպված է իր հրեական քթով շրջել արար աշխարհում և անպայման խոսել, և անպայման շա՜տ խոսել, որ իրեն տեսնե՜ն, որ իրեն լսե՜ն: Խե՜ղճ մարդ:
Բայց մեր հերոսը, ի հեճուկս այդ ամենի, պճնված է ինչպես նորահարս, բեղերն ոլորել է, ցցել վեր, ափեցրել է երկար եղունգ և փողկապն էլ այնպիսին է, որ մեր պապերը երազներումն էլ չեն տեսել: … Բայց կա և ամենադժվարը, նա իրեն վարժեցնում է այն ուտեստներին, որոնցով կերակրում են կայարաններում՝ իր ամբողջ զայրույթը թափելով խոզի մսի վրա. գոնե կատարվեր մեր հերոսի անեծքի թեկուզ կեսը, որը նա ուղղեց խոզերի հասցեին, երբ այդ օրն առաջին անգամ խոզի միսը բերանը տարավ: Դա դեռ ոչինչ, նա ձեռք քաշեց իր կյանքից, երբ սկսեց ուտել խեցգետին…
Ինչու եմ ասում՝ «ձեռք քաշեց իր կյանքից», որովհետև թող հենց այդպես անտեղյակ լինեն ձեր թշնամիները, թե որտեղ է դրանց, էդ խեցգետինների քիթը, ինչպես որ անտեղյակ էր Մաքս Բերլյանտը, ու թե ինչպես են դրանց ուտում, դանակով կտրտում են, պատառաքաղով ծակծկում, թե ուտում են հենց այդպես՝ ոտով ու գլխով:
Բայց ուտում էր Մաքս Բերլյանտը հրեական կրոնով արգելված խոզի միսը և խեցգետինը, որ ապացուցի, թե ինքը հրեա չէ: Ո՛չ, Աստված հեռու տանի: Թեպետ ինչ էլ աներ, անհնար էր թաքցնել հրեա լինելը՝ ո՛չ յուրայիններից, ո՛չ օտարներից, ճանաչում են նրան և համարում, որ իրենց առջև կանգնած է մի հերձվածող, մի նզովյալ Կայեն, և արդեն զգալ են տալիս, թե ո՛վ և ի՛նչ է նա: Խե՜ղճ մարդ:

2
Եվ եթե Մաքս Բերլյանտը դժբախտ մարդ էր Քիշնևի հրեական ջարդերից* առաջ, ապա դրանից հետո նրա նման ուրիշ տառապյալ հոգի չկար: Դեգերում էր նա՝ հոգու խորքում թաքցրած սոսկալի ցավը և ամաչում էր «Քիշնևից», կարծես դա իր սեփական «Քիշնևը» լիներ… Եվ հակառակի նման հենց այդ ժամանակ էլ, երբ նրան ուղարկում են Բեսարաբիայի այդ վայրերը, նա զգաց, որ այստեղ իր համար նորից սկսվում է դժոխք: Քի՞չ էր լսել, ի՞նչ է, այդ զարհուրելի դեպքերի մասին իր տանը: Մի՞թե նա կարող է մոռանալ, երբ սինագոգում սգո պատարագ էր Քիշնևի զոհերի հիշատակին: Բոլոր տղամարդիկ լալիս էին, կանայք ուշաթափվում…
Գուցե ձեզ պատահել է գնացքով անցել այնպիսի մի վայրով, ուր երբևէ գնացք է խորտակվել: Դուք լավ գիտեք, որ երկրորդ անգամ այդ տեղում խորտակում չի լինի: Բայց դուք հիշում եք, որ ահա այստե՛ղ ոչ վաղուց զառիթափից մեկը մյուսի ետևից խորտակվել են վագոններ, այստեղ մարդիկ զրկվել են կյանքից, այստեղ խշրտացել են ոսկորներ, հոսել է արյուն, և դուք թեթևանում եք, երբ գնացքը բարեհաջող հեռանում է այդ վայրից…
Մաքսը գիտեր, որ այդ վայրերում, ուր նա հիմա գնում է, շատ դեպքեր կպատմեն, կտեսնի ողբն ու կոծը յուրայինների, բայց և կլինեն օտարների հեգնական ակնարկներն ու կծու խոսքերը: Եվ որքան գնացքը մոտենում էր այդ վայրերին, այնքան համառորեն էր նա ճար ու հնար մտածում՝ փախչելու, թաքնվելու ինքն իրենից…
Մաքսը ամենից շատ ցանկանում էր մի բան՝ վագոնում մենակ մնալ, բայց քիչ հետո մյուս ուղևորների հետ իջավ վագոնից, կայարանում մոտեցավ բուֆետին՝ որպես մի մարդ, որի սրտին ուղղակի վարդեր են բացվել, բուֆետում կերավ այն ուտեստները, որոնք չեն ուտում հրեաները, մի գավաթ էլ գարեջուր կոնծեց, կպցրեց ծխախոտը և մոտեցավ թերթերի կրպակին: Այդտեղ նա տեսավ ոչ անհայտ հակահրեա այն շունշանորդի Կրուշևանի «Բեսարաբացի» անունով նզովյալ թերթը, որը մշտապես դարսված մնում է ամենայն հանգստությամբ, ո՛չ ոք մոտիկ չի գալիս, քանի որ տեղի հրեաները չեն առնում, այդ էր պակաս, ինչու ձեռք տամ աղտեղությանը, իսկ ոչ հրեաներն էլ դրանից արդեն կշտացել են: Եվ ահա, թերթն էլ հանգիստ ընկած է կրպակում՝ մարդկանց հիշեցնելով, որ աշխարհում կա ոմն Կրուշևան, որը քուն չունի, դադար չունի և միջոցներ է որոնում, թե աշխարհը ո՛նց փրկի, ո՛նց ազատի մի սոսկալի հիվանդությունից, որի անունն է հրեա ազգ:
Մաքսը միակ մարդն էր, որը մոտեցավ կրպակին և գնեց «Բեսարաբցի» թերթի համարը: Ինչո՞ւ: Գուցե հենց այն պատճառով, որ առաջին անգամ խեցգետին էր կերել: Կամ գուցե ուզեց կարդալ, թե ի՞նչ է գրում այդ շո՛ւն Կրուշևանը հրեաների մասին: Ասում են, որ հակահրեական թերթերը մեծ մասամբ կարդում են սեմիտները, այսինքն՝ հենց մենք՝ ինքներս: Դա լավ գիտեն թերթի տերերը, բայց մտածում են. «Չնայած հրեան գարշանք է, բայց նրա փողից հո գարշահոտ չի՜ գալիս»…
Այսպես էր մտածում մեր հերոսը, և որպեսզի ոչ ոք չհասկանար, թե ով է այդտեղ պառկողը, գլխին քաշեց «Բեսարաբցին», թաքցրեց քիթը, և աչքերը, և մազերը, և ողջ աստվածատիպ կերպարանքը: Նա պատկերացնում էր, որ գիշերը վագոն կմտնի մի որևէ հրեա՝ իր բազմաթիվ կապոցներով, թե ինչպես տեղ կփնտրի, որ նստի, և ահա կտեսնի՝ մեկնվել է այստեղ մի ինչոր արարած՝ «Բեսարաբցու» հետ փաթաթված, կա՜չկա մի կալվածատեր, մի ստոր արարած, մի հակասեմիտ և գուցե հենց ինքը՝ Կրուշևանը, և իրեն մոտեցած այդ հրեան երեք անգամ կթքի՝ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ և իր կապոցներն առած դուրս կփախչի: Իսկ ինքը ազատարձակ կմեկնվի իր նստարանի վրա՝ ինչպես մի ֆոն բարոն: Հրաշալի՜ միջոց, ճիշտ չէ՞:
Եվ այդ միտքն այնքան դուր եկավ մեր Մաքսին, որ «Բեսարաբցու» տակ պառկած՝ քրքջում էր անզուսպ, և դուք սա էլ լավ գիտեք, որ եթե մեկը կուշտ կերել է և վրայից խմել գարեջուր և ուշ գիշերով պառկած է մենակ՝ զբաղեցնելով ամբողջ նստարանը, քեֆը քո՜ք է, քրքջո՜ւմ է…
Սը՜ս, մեր հերոսը, Մաքս Բերլյանտը, շրջիկ առևտրականը, որը գնումգալիս է Լոձից Մոսկվա և Մոսկվայից Լոձ, պառկած է մենակ՝ «Բեսարաբցին» վրան քաշած և ննջում է: Եկե՛ք չխանգարենք նրան:

3
Մաքս Բերլյանտը, իհարկե, խելացի մարդ էր, բայց այս անգամ սխալվեց: Վագոն մտավ մի ուղևոր, հաստլիկ, հաղթանդամ, շնչակտուր, մի քանի ճամպրուկով: Նա, ճիշտ որ, մոտեցավ Մաքսին, նայեց, թե նա ինչպես էր «Բեսարաբեցին» վրան քաշած՝ պառկել, բայց չթքեց երեք անգամ և ոչ էլ ետ ցատկեց: Նա կանգնել ու զննում էր այդ արարածին իր հրեական քթով, այո՜, թերթը ետ էր գնացել նրա քնած ժամանակ, և քիթը ցցվել էր ողջ հոյակապ տեսքով ու շուքով:
Նոր ուղևորը, ժպիտը շուրթերին, մի քիչ կանգ առավ այդտեղ և ճամպրուկները տեղավորվելով դիմացի նստարանին, դուրս վազեց վագոնից, կայարանում գնեց «Բեբարաբցի» թերթը և վերադարձավ վագոն: Ապա ճամպրուկից հանեց մի փոքր բարձր, տնային մաշիկներ, սրվակով օծանելիք, հարմար պառկեց նստարանին և «Բեսարաբցին» քաշեց վրան, ճիշտ այնպես, ինչպես Մաքս Բերլյանտն էր արել: Նա պառկած ծխում էր, նայում էր Մաքսին, ժպտում, փակեց մի աչքը, ապա մյուսը և քնեց:
Մեր նոր ուղևորը կոչվում էր Պետյա Նեմչիկ, անունը Խաիմ էր, բայց փոխել էր, դարձրել Պետյա: Նա գեներալ էր, բայց ոչ զինվորական գեներալ, և ոչ էլ նահանգային, այլ հասարակական մի ընկերության տեսուչն էր և շրջագայում էր աշխարհով մեկ, ինչպես Մաքս Բերլյատը: Բայց նա բոլորովին այլ մարդ էր, ուրախզվարթ և շատախոս, մանավանդ բոլորին հայտնի՝ իր անեկդոտներով: Ու չնայած անունը Պետյա էր և իր ճաշակով գեներալ-տեսուչ, բայց նա էլ նույնպիսի սովորական հրեա էր: Նա սիրում էր հրեաներին և սիրում էր ծիծաղաշարժ և անեկդոտներ պատմել ու պատմել հրեաների մասին: Ու երբ մտավ վագոն և տեսավ Մաքս Բերլյանտին՝ «Բեսարաբացի» թերթը վրան քաշած, հասկացավ, որ այդ մարդը ոչ մի կապ չունի Կրուշևանի ու նրա թերթի հետ և իսկույն մտածեց. Ա՛յ քեզ նոր անեկդո՜տ: Կամոքն Աստծո, ինքը ա՛յ թե բան կունենա պատմելո՜ւ: Եվ ինքն էլ վազելով կայարան՝ վերադարձավ «Բեսարաբացի» թերթի համարով, քաշեց վրան, ծածկվեց և նույնպես քնեց:

4
Մաքս Բերլյանտի համար ծանր գիշեր էր, նրան նեղում էին այն ուտեստները, որոնք կուշտ ու կուռ կերել էր կայարանում, որովհետև ընկել էր ծանր երազների մեջ: Նա տեսնում էր, օրինակ, որ ինքը որպես թե Կրուշևանն է և գնում է ոչ թե գնացքով, այլ խոզին հեծած, և որպես թե խեցգետինը, խաշած, կարմիր խեցգետինը իր աքցան ճանկերը մեկնել է իրեն ու բարևում է, և ինչոր տեղից լսվում է հեծեծանք «Քիշնև՜, Քիշնև՜, կոտորա՜ծ…»: Նա չի հասկանում, թե որտեղ է ինքը: Զգում է, որ դա երազ է, բայց չի կարողանում սթափվել: Տանջվում է, ասես հիպնոսի մեջ: Զգում է, որ ուժերը սպառվում են, կամաց տնքում է և աչքերը կիսաբաց՝ հազիվ նշմարում մարդկային մի կերպարանք, որ պառկած է դիմացի նստարանին, ինչպես ինքը և նույնպես վրան քաշած «Բեսարաբացի» թերթը: Մաքսը ապշած է, նա ցնցված է, դա արդյոք ինքը չէ՞ այնտեղ պառկած, բայց ինչպե՞ս է հայտնվել դիմացի նստարանին: Եվ ինչպե՞ս կարող է մարդը ինքն իրեն տեսնել առանց հայելու: Նա զգում է, որ մազերը փշաքաղվում են:
Վերջապես գզխի է ընկնում, որ դիմացի նստարանին ոչ թե ինքն է պառկած, այլ մի ուրիշ մարդ: Բայց նա ինչպե՞ս է հայտնվել այդտեղ, հենց իր դիմաց և հենց «Բեսարաբցին» վրան քաշած:
Մաքսը չի համբերում, որ լուսանա, ուզում է գաղտնիքը հենց հիմա պարզել, հիմա՛, ա՛յս րոպեին: Նա շարժվում է և թերթը խշխշացնում, և լսում է, որ դիմացի նստարանին պառկած մարդն էլ է շարժվում ու թերթը խշխշացնում: Մաքսը քարանում է տեղում և տեսնում է, որ այդ մարդն էլ, քթի տակ ծիծաղելով, նայում է իրեն:
Եվ ահա նրանք պառկած են դեմդիմաց, հայացքներ են փոխանակում և լռում: Եվ նրանցից ամեն մեկը ճգնում է իմանալ, թե ո՛վ է այդ մյուսը: Բայց երկուսն էլ զսպում են իրենց ու լռում: Վերջապես Պետյա Նեմչիկի գլխում մի միտք է ծագում. նա սկսում է կամացուկ շվշվացնել հրեական հայտնի ժողովրդական երգի եղանակը:
Վառարանում կրա՜կն է
Դանդաղ մարմրո՜ւմ…
Իսկ Մաքսը, նույնպես դանդաղ սուլելով, շարունակում է.
Տան մեջ նեղվածք է ու տոթ…
Մեր երկու հակահրեաները հանկարծ նստում են, վրաներից դեն են նետում «Բեսարաբցիներին» և միասին ավարտում հրեական հանրաճանաչ երգը, արդեն ոչ թե սուլելով, այլ պարզապես երգում են բառերով.
Եվ ռեբեն** զառամյա՜լ,
Ուժ ու կող անելո՜վ,
Այբուբենն է մանկանց սովորեցնո՜ւմ…
————-

* Քիշնևի հրեական ջարդերը տեղի են ունեցել 1903 թ.:
** Ուսուցիչ խեդերի՝ հրեական հոգևոր դպրոցի:

Թարգմանությունը՝ Օլգա Սանահյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով