Սավյոն Լիբրեխտ, Անապատի խնձորները

Երուսաղեմի Շաարեյ-Խեսսեդից մինչև անապատ, որին հասնելով վարորդը գոռաց «Նեվե-Միդբար» և ձախկողմյան հայելու մեջ աչքերով փնտրեց Վիկտորիա Աբրավապելին, ահա այդ ողջ ճանապարհին ընթացքում Վիկտորիան միայն մի բանի մասին էր մտածում՝ ցավելու աստիճան սեղմելով բռունցքները: Զամբյուղից հանելով անձեռոցիկի մեջ փաթաթված հացն ու մի կողմը նեխած խնձորը, նա, Գալախի համաձայն, բարեմաղթանք ավելացրեց ճանապարհային աղոթքին: Նա հայացքը չէր կտրում պատուհանից այն կողմ տարածված դեղնավուն բնապատկերից ու մտածում էր Ռիվկայի՝ անհնազանդ դստեր մասին, որը կես տարի առաջ փախավ տանից ու գնաց ոչ կրոնական կիբուց: Ու կարծես այդքանը քիչ էր, Սառան՝ Վիկտորիայի քույրը, պատմեց, որ Ռիվկան մի սենյակում ապրում է ինչ-որ տղայի հետ, քնում է նրա հետ ու այնպես է իրեն պահում, ասես նրա կինը լինի:
Ճանապարհին, ութ ժամերի ընթացքում, Վիկտորիան մտածում էր, թե ինչպես վարվի դստեր հետ. գուցե այնպես խոսի, ասես ոչինչ էլ չի պատահել, հասկացնի, որ քեն չի պահում: Կամ բացատրի նրան, թե ի՛նչ է աղջկական պատիվը և ինչպես պետք է այն պահպանել տղամարդկանցից: Ինչպես կինը կնոջը՝ խոսել պարկեշտության մասի՞ն: Թե՞ ազատություն տալ ցավին, գոռալ, դուրս թափել դառնությունն այն ամոթանքի, որ բերեց իրենց պատվարժան ընտանիքին իր աղջիկը: Գուցե սուգ ու շիվա՞ն բարձրացնի հարևանների ներկայությամբ: Կամ փորձի խորամանկությամբ նրան վերադարձնել Երուսաղեմ, իսկ այնտեղ, բոլորից թաքուն, փականքի տակ պահել: Իսկ եթե վախեցնի՞. պատմի Հովսեփ Էլալուֆի աղջկա՝ Ֆլորայի մասին, որը գլուխը կորցրել էր մի ջահելի համար, հանձնվել նրան, իսկ նա վերցրել ու լքել էր աղջկան: Պատմե՞լ, թե ինչպես դժբախտը, վշտից խենթացած, թափառում էր փողոցներում ու քաշում հարևան երեխաների ականջները: Բեեր-Շեվի մայրուղու վրա Վիկտորիան հանկարծ մտածեց, որ ինքը կհարձակվի աղջկան խայտառակած այդ ջահելի վրա, կքոթակի, աչքերն էլ կհանի: Արածների համար նրան կվռնդեն կիբուցից, ինքն էլ կրտսեր աղջկա հետ կվերադառնա Երուսաղեմ: Չէ՞ որ խոստացել է քրոջը. «Մազերից քարշ տալո՛վ կբերեմ»:
Ամիսը մեկ անգամ զարմուհուն այցելող քույրն ասաց, որ նրանք ծանոթացել են, երբ Ռիվկան հազիվ տասնութ տարեկան էր: Նրան՝ այդ սպային, ինչ-որ մեկը հրավիրել է իգական դպրոց դասախոսություն կարդալու կրոնական ընտանքիներին պատկանող աղջիկներին զինվորական ծառայության տանելու մասին: Աղմուկ է բարձրացել, թե՝ տեսնվա՞ծ բան է, դպրոց թողնել զինվորականներին, թույլ տալով նրանց հուզել աղջկական սրտերը: Սակայն Ռիվկայի սիրտն արդեն նվաճված էր: Բանակից, հետո էլ կիբուցից այդ տղան նամակներն ուղարկում էր գաղտնի, ընկերոջ միջոցով: Իսկ նա՝ անչափահաս հիմարիկը, որ աչքի չէր ընկնում գեղեցկությամբ ու տղայի էր նման, հազիվ համբերելով մինչև տասնութը լրանալը, թողեց տունն ու գնաց նրա մոտ՝ անապատ:
Բայց ինչքան խորանում էր Բեեր-Շեվիում, այնքան անվստահ էր զգում իրեն Վիկտո-րիան: Պատկերները մեկը մյուսին էին հաջորդում նրա երևակայության մեջ, ու նա ծանր հոգոց էր հանում: Իսկ ի՞նչ անի, եթե Ռիվկան իրեն թիկունք ցույց տա կամ էլ, ոչ ավել ու ոչ պակաս, վռնդի: Իսկ եթե այդ տղան բռունցքները ցույց տա՞: Ի՞նչ անի գիշերով, եթե նրանց տան դուռը շրխկա իր քթի առաջ: Ախր, հաջորդ ավտոբուսը կլինի միայն առավոտյան: Իսկ ինչպե՞ս վարվի, եթե կրպակավաճառ Խաիմը մոռացել է Ռիվկային հաղորդել մոր գալստյան մասին: Ախր, իրենից ի՞նչ ճանապարհորդ, եթե վերջին անգամ տանից դուրս է եկել չորս տարի առաջ, քանի դեռ անզավակ Շիֆրան Տվերիում չէր ծննդաբերել…
Վարորդը կրկին գոռաց. «Նեվե-Միդբար», և ինքը մոտացավ դռանը, ետևից քարշ տալով պայուսակը: Ոտքերը միանգամից խրվեցին ավազի մեջ, մարմինը ծանրացել էր երկարատեև ուղևորությունից: Չոր քամին քերծեց կոկորդը: Արևը կուրացրեց աչքերը: Պայուսակը դնելով գետնին, զննեց անծանոթ, ասես օտար բնապատկերը՝ անսահման դեղին անապատ, կախված ամպեր, այստեղ-այնտեղ ցցված նվազ ծառեր: Այստեղ փախչել երուսաղեմյան մաքուր օդից ու հրաշագեղ լեռնային բնապատկերի՞ց: Նա կորավ քրտնքի մեջ, մինչև հասավ բանուկ ճանապարհին և անցորդ կնոջից հարցրեց իր Ռիվկայի մասին: Վիկտորիային զայրացրեց նրա տեսքը՝ մերկ ոտքերին տղամարդու զինվորական գուլպաներ, որոնք կախ էին ընկել զինվորական կոշիկների վրա: Կողքով անցնում էր խուզած մազերով մի աղջիկ՝ շալվար հագած: «Այ, Ռիվկան է»,- նրանց ցույց տվեց կինը: Վիկտորիան, այն է՝ ասելու էր. «Չէ, դա ինքը չէ»,- բայց նա իրոք իր աղջիկն էր, Ռիվկան, ու Վիկտորիան բարձրաձայն հեծկլտաց: Աղջիկը գետնին դրեց սպիտակեղենի հակն ու նետվեց դեպի մայրը: Եվ արդեն մայրը գրկել է նրան, իսկ արցունքները անվերջ հոսում են, հոսում են իրենք իրենց, անդադար:
— Սա՞ ինչ բան է,- քիթն է վեր քաշում Վիկտորիան,- Հյուսքերդ, ախր, հյուսքերդ ո՞ւր են: Բա շալվարը… Աստված իմ, ո՞նց կարելի է այդպես հագնվել:
Ռիվկան ծիծաղում է:
— Գիտեի, որ այդպես ես ասելու: Ուզում էի շորերս փոխել, բայց չհասցրի: Կարծում էի, ժամը չորսի ավտոբուսով կգաս: Դու, ինչ է, ժամը վեցի՞ն ես ճամփա ելել:
— Իսկ ժամը հինգին չէի՞ր ուզի:
— Դե, գնանք, գնանք, հերիք է լաս: Ահա և մեր սենյակը: Իսկ սա Դուբին է:
Ու դեռ դստեր խուզած մազերից, կարկատած շալվարից ու թռչնի ծերտով լղոզված կոշիկներից ուշքի չեկած Վիկտորիան հայտնվեց ինչ-որ մեկի գրկում: Հաճելի մի դեմք մոտեցավ նրան, տղամարդու ձայնն ասաց.
— Բարև, մայրիկ:
Նրա պայուսակը ինչ-որ տեղ անհետացավ, ու նա, թեթև ձեռքով, դեռ ուշքի չեկած, արդեն աղջկա ուղեկցությամբ մտնում է զով սենյակը, ուր նրան աթոռ են հրամցնում: Ձեռքն են տալիս հյութով լի բաժակը: Իսկ աչքերը նայում ու չեն տեսնում: Հետո նա դեռ շատ կհիշի լայն երկտեղանի մահճակալը ասեղնագործ ծածկոցով ու կարմրաշեկ մազերով հսկայի ձայնը, որ դղրդաց նրա ականջի տակ. «Բարև, մայրիկ»: Եվ ինքը, կրկին հստակ լսելով «մայրիկ» բառը, բաժակից կում է անում, բայց կոկորդը սեղմվում է, ու բռնում է հազը: Երկուսով նետվում են նրա կողմը, ձեռքի ափերով թեթևակի խփում նրա թիկունքին, կածես ինքը փոքրիկ երեխա է, իսկ նրանք՝ իր ծնողները:
— Թողեք ինձ,- քրթմնջում է նա, փորձելով մի կողմ հրելով նրանց:- Իսկ մեկ վայրկյան անց.
— Թող նայեմ քեզ:- Ու նորից կշտամբանք: — Այդ ի՞նչ կոշիկներ են: Քո կարծիքով, դա շաբաթօրյա կոշի՞կ է:
Ռիվկան ծիծաղում է:
— Այս շաբաթ ես հավանոցում եմ աշխատում: Նոր հավեր են բերել: Իսկ ընդհանրապես բաջարանոցում եմ աշխատում: Միայն այս շաբաթ եմ հավանոցում:
Ճանապարհից հոգնած, տեսածից շփոթահար, այդ օրվա ապրումներից դյուրագրգիռ, Վիկտորիան փորձում է զսպել ցասումը, որ այն է՝ պոռթկալու է կամքին հակառակ: Ռիվկայի հետ խոսում է այնպես, ինչպես չի խոսել և ոչ մի զավակի հետ:
Նա չի հիշում, ինչի մասին են խոսել, չի հիշում, երբ գնաց իրեն մայրիկ անվանող այդ տղան, ու միայն նրա աչքերը գիտեն. աղջիկը հրաշալի տեսք ունի: Երբեք իր աղջիկն այդպիսի երջանկությամբ չի ճառագել: Ու պիտի խոստովանել, որ կարճ խուզած մազերը նրան սազում են: Այո, նա հիմա ուրիշ է և այլևս նման չէ այն երկար փեշ հագած, լայնաթիկունք, տղայատես աղջնակին:
— Իսկ մեր փողոցին չե՞ս կարոտում:
— Երբեմն: Տոն օրերին: Կարոտում եմ շաբաթօրյա ճաշկերույթներն ու մորաքույր Սառայի կատակները: Իսկ, ընդհանրապես, ես լավ եմ: Սիրում եմ աշխատել բաց օդում, կենդանիների հետ: Միայն քեզ եմ կարոտում:
— Իսկ հո՞րդ,- շշնջում է Վիկտորիան մթնշաղով պարուրված սենյակում:
— Հայրս ոչ մեկի մասին չի մտածում, իմ մասին՝ առավել ևս: Օրերով խանութում է, իր գրքերի ու աղոթքների հետ: Կարծես ես նրա աղջիկը չեմ:
— Աստվա՛ծ իմ: Այդ ի՞նչ ես ասում,- վախենում է Վիկտորիան: Վախենում է ճշմարտությունից…
— Ուզում էր ինձ ամուսնացնել Յեկուտիէլի տղայի հետ: Ի՞նչ է, ես այրի՞ էի, թե պակաս-պռատ:
— Ի՞նչ ես դուրս տալիս:
— Հերի՛ք է ձևացնես, իբր չգիտես:
— Այդ ամենը խոսակցություններ են… Բռնի չեն պսակում: Իսկ Յեկուտիէլի տղան շատ խելացի է:
— Խելացի՜ է… Վրան գույն չկա, ասես ողջ կյանքը նկուղում է նստել: Ու հետո, ես նրան չեմ սիրում:
— Իսկ քո կարծիքով, սերն ամեն ի՞նչ է:
— Իսկ դու ի՞նչ գիտես՝ սերը ինչ է:
— Սա՞ ինչ բան է,- աթոռի վրա ուղղվում է Վիկտորիան:- Այստեղ ընդունված է մոր հետ այսպե՞ս խոսել:
— Դու հորս չես սիրել, հայրս՝ քեզ,- շարունակում է Ռիվկան ու լռության մեջ ավելաց-նում:- Տանը գրոշի գին չունեի:
— Իսկ այստե՞ղ,- շշուկով հարցնում է Վիկտորիան:
— Այստեղ ավելին արժեմ:
Իսկ երբ Վիկտորիան համարձակություն հավաքեց հարցնելու այդ կարմրաշեկ հսկա Դուբիի մասին, դուռը կտրուկ բացվեց, սենյակը վայրկենապես լույսով լցվեց, ու նրա ձայնը որոտաց.
— Էլեկտրականությո՞ւնն եք խնայում: Գովելի է: Ես ուտելիք եմ բերել: Այստեղ կաթնաշոռ է ու պլաստիկատե ափսեով բանջարեղեն: Դե, յոլա կտանի՞: Հետո մայրիկին ցույց տուր Օսնաթի սենյակը: Սենյակն ազատ է: Դուք երևի հոգնել եք ճանապարհից:
Պատուհանները մութ դաշտերին նայող սենյակում Վիկտորիան փորձեց կարգի բերել մտքերը: Միօրինակության ու դատարկության տարիները բթացրել էին նրա միտքը, բայց մի բան նա այնուամենայնիվ հասկացավ. Ռիվկային մազերից քարշ տալով Երուսաղեմ չես տանի: Ամեն ինչ գլխիվայր եղավ. աղջկա մոտ հայտնվեց նախատինքներով, իսկ հիմա շեմին կանգնել է չորացած կոկորդով:
— Կես տարի սպասեցիր, որ գաս,- կշտամբեց Ռիվկան:
— Հայրդ չէր ուզում:
— Դու անում ես միայն նրա ուզա՞ծը:
Հայտնվեց Դուբին նրանց ճաշարան ուղեկցելու համար, և այդտեղ արդեն Վիկտորիան նրա գլխին թափեց հոգում կուտակված չարությունը: Այն, որ նա հասցրել էր իրեն դուր գալ, միայն յուղ էր լցնում կրակի վրա:
— Է՞դ ինչ անուն է՝ Դուբի,- ատամների արանքից ֆշշացրեց նա:
— Պապիս հիշատակն է՝ Դով: Նրան գերմանացիներն են սպանել:
— Ի՛նչ խոսք, հարմար անուն են գտել երեխայի համար՝ Դո՜վ,- չէր հանդարտվում:
— Ինձ չի խանգարում,- ուսերը թոթվեց նա և հուզիչ լրջությամբ ավելացրեց:- Եթե ձեզ դուր չի գալիս, հենց վաղը կգնամ-կփոխեմ:
Վիկտորիան դժվարությամբ զսպեց ժպիտը:
Հետո երկուսով նստել էին սեղանի շուրջն ու նայում էին Ռիվկային, որը մատուցարա-նով շրջում էր ճաշարանում ու ամեն մեկին հարցնում՝ ինչ մատուցել:
— Էլի խմել կուզեի՞ք, մայրիկ,- լսեց տղայի հարցն ու զայրացկոտ պատասխանեց.
— Ինչո՞ւ ես ինձ մայրիկ ասում, ես քեզ ի՞նչ մայրիկ:
— Ես շատ կուզենայի քեզ պես մայրիկ ունենալ:
— Եվ ո՞վ է քեզ խանգարում:
— Ձեր աղջիկը:
— Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս:
— Նա հրաժարվում է:
— Չի ուզում քեզ հետ ամուսնանա՞լ, դա՞ նկատի ունես:
— Հենց դա:
Նրա բառերն արձագանքվում էին Վիկտորիայի հոգում, իսկ տղան պատմում էր իր տնկած խնձորենիների մասին: Սերմերն առանձնահատուկ են: Դրանք ինչ-որ մի ամերիկացի գիտնական է ուղարկել, նա զբաղվում է Նևադայի անապատում խնձորենիներ աճեցնելով: Այնտեղ տնկիները դնում են օրգանական պարարտանյութերով լցված թիթեղյա արկղերում: Ու երեխայի բոյի ծառեր են աճում, նրանց արմատները փոքր են ու նվազ, ու միայն ամռանն են ծաղկում: Փոխարենը պտուղները քաղցր են, ասես դրախտի խնձորներ լինեն:
— Խնձորը խոնավություն է սիրում,- բացատրում է նա՝ հայացքը չկտրելով Ռիվկայից:- Ստիպված գիշերները նրանց վրայից հանում ենք պիլիէթիլենային ծածկոցները, իսկ վաղ առավոտյան նորից ծածկում գիշերային խոնավությունը պահպանելու համար, որ շիկացած օդը չվառի:
— Իսկապե՞ս,- հարցնում է նա՝ նկատի ունենալով խնձորներից առաջ ասվածը:
Իսկ եթե որևէ մեկը նրան էր դիմում. «Դուք Ռիվկայի մա՞յրն եք: Ի՛նչ լավ աղջիկ ունեք»,- սիրտն սկսում էր արագ խփել: Հիշողության մեջ արթնանում են հեռավոր օրերի հուշերը: Տասնհինգ տարեկան էր: Շաբաթ օրերին սինագոգում հայացքով հանդիպելով Մոշե Էլկայամի՝ ոսկերչի որդու հետ, միշտ խոնարհում էր աչքերը: Իսկ արարողությունից հետո մոտենում էր նրան՝ այնպե՛ս էր ուզում տեսնել նրա սպիտակ ձեռքերը, որոնք շոշափում էին ոսկին, արծաթը, տնտղում թանկարժեք քարերը: Անորսալի մի զգացում էր ծնվում նրանց միջև լռության մեջ: Մոշեի քույրը նրան ջերմորեն բարևում էր՝ հանդիպելով փողոցում: Բայց երբ հոր մոտ խնամախոս եկավ Աբրավանելների կողմից, Վիկտորիան համարձակություն չունեցավ մերժել ուսումնական փեսացուին:
Երեկոյան, մինչև սենյակի դուռը ուղեկցելով, Ռիվկան հարցրեց.
— Դու եկել ես ինձ տանելու, այդպես չէ՞:
Կարճատև լռությունից հետո Վիկտորիան ասաց.
— Պետք չէ հիմարություն անել:
— Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում:
— Քո մորաքույրն էլ գիտեր, իսկ ի՞նչ կյանք ունի հիմա: Տնետուն է թափառում անտեր կատվի պես:
— Իմ մասին չմտածես:
Վիկտորիան համարձակություն ստացավ.
— Նա ճի՞շտ է ասում, որ դու չես ուզում ամուսնանալ:
— Ի՞նքն է քեզ ասել:
— Ճի՞շտ է, թե ոչ:
— Ճիշտ է:
— Ինչո՞ւ:
— Դեռ չգիտեմ:
— Ումի՞ց ես սովորել:
— Քեզնից:
— Էդ ո՞նց,- զարմացավ Վիկտորիան:
— Չեմ ուզում ապրել, ինչպես դու՝ հորս հետ:
— Այդ ինչպե՞ս:
— Առանց սիրո:
— Էլի այդ սերը,- Վիկտորիան ձեռքերը խփեց ծնկներին: Դեմքին՝ շինծու-զայրացկոտ արտահայտություն:
Մոտեցան սենյակի դռանը: Վիկտորիան հիշեց լայն, երկտեղանոց մահճակալը՝ ասեղնագործ ծածկոցով, և ակամա պոռթկաց.
— Գոնե աղոթո՞ւմ ես քնելուց առաջ:
— Ոչ:
— Չե՞ս աղոթում:
— Երբեմն, շշուկով, որ ինքս էլ չլսեմ,- ասաց Ռիվկան ու ծիծաղեց: Ու համբուրելով մոր այտերը, ասաց քնելուց առաջ երեխային հանգստացնող մոր տոնով.- Շնագայլերի ձայն լսես՝ չվախենաս: Բարի գիշեր:
Պատուհանից այն կողմ երևացող, ասես մեջքները կլորացրած մերկ ավազե բլուրների տեսքը շրջանակի մեջ առնված լուսանկար հիշեցրեց: Ծանր ու միաժամանակ թեթևացած սրտով Վիկտորիան ջերմորեն աղոթեց երկուսի համար.
— «… Ու թող չայցելեն ինձ չար մտքեր ու վատ երազներ, թող իմ անկողինը հաճո լինի Քո աչքերին, ու թող բացվեն իմ աչքերը…»:
Գիշերը Վիկտորիան երազ տեսավ: Մարդ է մոտենում սպիտակ վարագույրին: Ինքը նրան մեջքով է տեսնում: Մարդը ետ է քաշում վարագույրը, ու Վիկտորիայի աչքի առաջ բացվում են դրախտային այգու ծառերը. ահա Կենաց ծառը, ահա և Չար ու Բարի իմացության ծառը, իսկ ահա օրգանական պարարտանյութերով լի թիթեղյա արկղերում աճում են ուրիշ հիասքանչ ծառեր: Մարդը մոտենում է դրանցից մեկին, թվում է՝ հաշվում է պտուղները: Խնձորն ընկնում է նրա ոտքերի առաջ ու բաժանվում կտորների: Վիկտորիան նայում ու տեսնում է, թե ինչպես նրա սպիտակ մատները տնտղում-ընտրում են ոսկին, արծաթը, թանկարժեք քարերը: Անսպասելի մարդը շրջվում է, և ինքը ճանաչում է ոսկերչի որդուն՝ կրակագույն մազերով Մոշե Էլկայամին:
Վիկտորիան տուն էր վերադառնում, աչքերում զայրույթ էր, իսկ հոգում՝ լիակատար խաղաղություն: Զամբյուղը տեղավորել էր կողքի դատարկ նստարանին, իսկ Դուբիի հավաքած, քարի պես ամուր խնձորներով լի պայուսակը դրել էր ծնկներին: Հիշեց, ինչպես աղջիկը, գրկելով իրեն և ամուր սեղմելով իր այտերը, հարցրեց. «Հիմա տեսա՞ր, որ ամեն ինչ կարգին է», իսկ Դուբին ավելացրեց. «Ամեն ինչ լավ կլինի, մայրիկ»:
Ճանապարհին մտածում էր, թե ի՛նչ է ասելու ամուսնուն ու քրոջը: Իսկ եթե նկարագրի տեսա՞ծը: Բայց երբ ավտոբուսը ետևում թողեց Ցոմետ Ախիմը, կասկածը սիրտն ընկավ: Ինչպե՞ս պատմի քորջը՝ պառաված օրիորդին, կամ ամուսնուն, ումից երբևէ քնքշանք չի տեսել, այդ տղայի աչքերի կամ դստեր ճառագող դեմքի մասին: Հեռվում երևացին Երուսաղեմի բլուրները, ու հանկարծ նա հասկացավ՝ ինչպես վարվի:
Քրոջ հետ, որն իրեն մի հայացքով է հասկանում, ազնիվ կվարվի: Մի կողմ կտանի նրա ականջները ծածկող գլխաշորն ու կշշնջա, ինչպես մանկության օրերին.
— Սառիկե, երկուսս էլ կյանքներս ապրեցինք մենակության մեջ. դու՝ չամուսնացած, ես՝ ամուսնացած: Կրտսեր աղջիկս ինձ որոշ բաներ սովորեցրեց: Հիշո՞ւմ ես, ոնց էինք վախենում, որ նա, Աստված չանի, մի քիչ խելքի հետ չունի: Հիշո՞ւմ ես, ինչքան արցունք եմ թափել: Ոչ գեղեցկություն ուներ, ոչ խելք, ոչ տաղանդ, բայց բոյը՝ մի Գողիաթ: Ուզում էինք Յեկուտիելի հետ ամուսնացնել, դեմները խոնարհվում էինք, միայն թե տարեք Աբրավանելների աղջկան: Իսկ հիմա տե՞ս,- ու նա կթքի ուսի վրայից՝ հանկարծ աչքով չտա: Դեմքը՝ կաթ ու արյուն, բա ի՛նչ խելացի է: Ձայնն էլ՝ զանգակ զրնգուն: Աստված նրան օգնական, մենք նրանից միայն լավն ենք տեսնելու:
Իսկ ամուսնուն, ով երբեք չի կարողացել կարդալ իր մտքերը, կմատուցի մեղրահամ խնձորները, ձեռքերը կկանթի գոտկատեղին ու կասի.
— Դու Ռիվկայի համար դարդ չանես: Այնտեղ նա իրեն լավ է զգում: Փառք Տիրոջը: Շուտով նրանից լավ լուրեր կստանանք: Իսկ հիմա կեր ու ասա. լսած կա՞ս փոքրիկ արմատներով խնձորենիների մասին, ամռանը ծաղկող, օրգանական պարարտանյութով լցված թիթեղյա արկղերում աճող խնձորենիների մասին: Ասա, լսած կա՞ս, թե ոչ:

Թարգմանեց Շողեր Խաչատրյանը

«Գարուն», 2001, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով