Առնոլդ Դեժառդեն. Ժամանակակից աշխարհ և հինավուրց իմաստություն

ՄԵԾ ՏԵՂԱՇԱՐԺ

«Հնարավոր չէ երկու անգամ նույն առվում ոտք թրջել»՝ այսպես են ասել Արևմուտքի իմաստունները։
«Տarvam anityam»` ամեն ինչ անցողիկ է՝ այսպես են ասել Արևելքի իմաստունները։
Երևութական այս աշխարհում ամեն ինչ փոփոխվում, մեռնում ու անհետանում է։ Այս աշխարհը թարգմանող սանսկրիտերեն բառերն են jagat, որը նշանակում է շարժում և samsara, որը նշանակում է հոսք կամ շարունակական տեղաշարժ, սահք։ Հնում գիտեին, որ դեպի անփոփոխը տանող ուղին, որն է Հավերժը, Անանցանելին, Անխորտակը, հարթվում է անցողիկության ու անկայունության անմնացորդ ու զգոն ընդունմամբ միայն։
Ըստ էության, բոլոր այն քաղաքակրթությունները, որոնք անցողիկության գաղափարը մարմնավորել են կյանքում առարկայացնելու աստիճան, հարատևել են, քանի որ ստեղծվել էին ի բարօրություն մարդու, ի հարգանս մարդու, քանի որ հավատարիմ էին համամարդկային, համընդհանուր օրենքներին և հարգանքով էին գնահատում տիեզերական ներդաշնակությունը։ Եթե հավատալու լինենք մերօրյա պատմաբաններին, վերը նշված քաղաքակրթությունները եղել են ճնշման և ստրկացման գաղափարներ դավանող հասարակարգեր։ Այդ աստիճան անմարդկային հասարակարգերը կարո՞ղ էին, արդյոք, կայուն մնալ 2000, 3000 կամ 4000 տարի շարունակ։ Այն ամենը, ինչ այսօր Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում դեռևս կա կամ վկայում է Արևելքի հազարամյա առօրյա կյանքի մասին, այն ամենը, ինչին ինքս եմ ծանոթ եղել, ընդհակառակը, վկայում են, թե ավանդական այս մշակույթները որքան խորապես մարդկային են եղել, և թե Արևմուտքի տնտեսական, քաղաքական ու գաղափարական իմպերիալիզմը ինչ աստիճան է աղավաղել ու բարոյապես քայքայել վերջիններիս հիմքերը։
Հազարամյակներ են հոսել, սակայն այս աշխարհն իրականում չի «փոփոխվել», մեր օրերում փոփոխության արագությունը թափ է առնում երկրաչափական պրոգրեսիայի օրենքով։ 1940-1973 թթ. ընկած ժամանակահատվածում վերջին սերունդը այնքան փոփոխություններ ու հեղաշրջումներ է տեսել, որքան նախորդ հիսուն դարերում։ Թռիչքաձև այդ որակափոխություններից շատերի նկարագիրը տրվել է անթիվ-անհամար գրքերում, որոնցից շատերը best-sellers են։ Խնդրո առարկա որակափոխություններից կխոսեի մեկի մասին միայն, որն ուղղակիորեն տեղավորվում է մեր նյութի արծարծած խնդիրների շրջանակներում։ Օրինակելի ձևով սա ապացույցն Է այն բանի, թե որքանով մերօրյա փոփոխությունների ալիքը կարող է քշել-տանել մարդկային խղճի ու գիտակցության դրսևորման յուրաքանչյուր հնարավորություն՝ ավելի ու ավելի խոչընդոտելով, որ մարդը ոտք դնի Հարատևի ու Անփոփոխի աշխարհը, ինչը, մինչդեռ, Մարդ Արարածի էության աշխարհն է։ Ըստ էության, մարդկային արժանապատվությունը, սեփական գոյի գիտակցումը, մարդ արարածի էության մեջ ամփոփված մարդասիրությունն ընդունելի չեն և մերժվում են ժամանակակից հակամշակույթի և քաղաքակրթության կողմից։
Եթե մարդու իսկական էությունը անփոփոխ է, հաստատուն, նվիրական, անձեռնմխելի ու հավերժորեն ազատ, ապա մարդ արարածն իր անհատական բնույթով ոչ էական է, այլատարր ու ոչ կայուն, նա արդյունք է այլազան ազդեցությունների և կուտակումն է բոլոր այդ ազդեցությունների նստվածքների։ Խնդիրն այն է, թե մակերեսային այս էակը, որը խղճի ու սեփական անձի համապատասխան գիտակցությամբ օժտված հարաբերական ու կախյալ արարած է լոկ, որչափո՞վ կարող է ունենալ մարդկային իսկական ու հիմնական էության մեջ ներթափանցելու կարողություն և ընդհակառակը, որչափո՞վ կարող է հեռանալ այդ էությունից ու աքսորյալի նման զուրկ մնալ։ Այս հարցի պատասխանից է կախված մարդ արարածի երջանկությունը։
Ահա այն, ինչը հնում գիտակցում Էին հին հասարակարգերը, և ինչի մասին մոռացել է ժամանակակից աշխարհը։
Ավանդական մշակույթների հարատև ժառանգության և Արևմուտքի աշխարհի համեմատության մեջ կարելի է, այնուամենայնիվ, մնացյալների շարքում նշմարել մի ճշմարտություն, որը վրիպել Է արևմտյան քաղաքակրթության ուշադրությունից, նրանց, ովքեր կլանված լինելով սեփական կյանքով, չափից ավելի խորասուզված են իրենց աշխարհում։
Մեր ողջ հասարակությունը ոչ միայն իրացման ու սպառման, այլ նաև նախազգուշացման, կանխման հասարակություն է՝ ներշնչող մտքերի, խորհուրդների առաջարկությունների հասարակություն։ Հարաճուն ինդուստրացման ու ժամանակակից տնտեսության անդրանիկ հորդոր-պատվիրանը նախևառաջ ձեռքբերման միտքն էր, հուշելը, թե՝ գնեցեք սա, գնեցեք այն, ձեզ հարկավոր է գնել սա, ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել այն … ունեցվածք, բարիք, ապրանքներ։ Առաջարկի հանճարեղության լավագույն օրինակը, բնականաբար, գովազդն է՝ ձևերի ողջ բազմազանությամբ, սակայն, գրքերը, հոդվածները, ֆիլմերը, ռադիոհեռուստատեսային թողարկումները նույնպես նպաստում են դրան։ Արդյունաբերական դարաշրջանի սկզբում խոսքը միայն նյութական բարիքների լայնածավալ բաշխման մասին էր, որոնք մինչ այդ արտադրվում էին արհեստավորական եղանակով, և ըստ էության, վայելում էին համապատասխան պահանջարկ, որն, ի դեպ, բավական երկար ժամանակ համարյա անփոփոխ ու կայուն Էր։
Անդրանիկ տեղաշարժը հետևյալը եղավ — արտադրության ծավալները պահանջարկին հարմարեցնելու փոխարեն, արհեստականորեն մեծացվեց պահանջարկը, որպեսզի համապատասխանաբար աճի ու ծավալվի արտադրությունը։ Հավասարակշռության ու կայունության տևական հազարամյակներից հետո գործելակերպի նշված փոփոխությունն ինքնին հեղափոխություն էր. մարդկությունն առայսօր կրում է վերոհիշյալի հետևանքները։
Երկրորդ տեղաշարժ-փոփոխությունը արտահայտվեց նյութական բարիքների փոխարեն մեծաթիվ ծառայությունների զանգվածային առաջարկմամբ։ Այս ոլորտում ևս, ուր յուրաքանչյուր վարձատրելի ծառայություն ենթադրում է շահույթ, որտեղ հասարակության ակներև գերխնդիրն անժխտելիորեն շահույթների մեծացումն է, բոլոր ենթադրելի և իրական միջոցներն սկսեցին գործադրվել վերը նշված ծառայությունների սպառման աճը մեծացնելու նպատակով. պահանջներ, սովորույթներ, թունավոր խլրտումներ (ուստի և որևէ բանի «պակասի» տառապանքը)։
Երրորդ և վերջերս իրողություն դարձած փոփոխությունը վաճառքի առարկաների նոր կատեգորիայի ի հայտ գալն է, այլ կերպ ասած՝ խոսքն այստեղ զգացմունքների և զգացողությունների կատեգորիայի մասին է։ Օրինակ՝ ճամփորդությունն ինքնաթիռով, խոսքն ընդամենը սպասարկման մասին է, մինչդեռ օդային ընկերությունները մի կետից մյուսը տեղաշարժվելու պարզ երևույթը վերածել են «անմոռանալի ապրում» հասկացության, որը զուգակցվում է միջավայր, ոճ, պայման-պարագա բառերի հետ։ Նկատելի է, որ ավելի ու ավելի ընդհանրանալով, գովազդը ուշադրություն է հրավիրում առաջարկվող ծառայություն-սպասարկման կամ վաճառվող ապրանքի գործածության փորձառություն-ապրում ասպեկտի վրա։
Ենթադրվում է, որ այս ապրում-փորձառությունները, մնացյալի պես, ենթակա են իրացման, ասել Է թե պիտի վաճառվեն հնարավորին չափ մեծ քանակությամբ։ Առանց վարանելու կարելի Է հաստատել, որ կամաց-կամաց դրանք գրավել և հետզհետե ավելի զգալի տեղ են գրավելու շուկայում։ Խոսքն այս դեպքում վերաբերում Է նոր բնույթի սպառման զգացմունքների և զգացողությունների իրացմանը, որոնց ծավալն, ի դեպ, երբևէ այդքան լայնածավալ չի եղել։ Պատմական ժամանակաշրջանների սկզբից ի վեր արվեստագիտական, հոգևոր, սեռական, ընտանեկան, պատերազմական զգացմունքներն ու զգացողությունները մարդկային կյանքի բաղկացուցիչ մասն են կազմել, անկախ դրանց ընկալման անհատական, թե ընդհանրական կերպից։ Այս շրջանակներում արձանագրված նորույթը թարգմանվում է դրանց զանգվածային տնտեսական շահագործմամբ և ինչու ոչ՝ պահանջարկի հնարավոր բոլոր միջոցները գործադրելու շնորհիվ՝ ասել է թե վաճառքի անհրաժեշտությամբ։ Սա է համակարգի դաժան ու անողոք օրենքը։ Սույն համակարգը շարժման շրջապտույտի մեջ է առել ոչ միայն ինժեներներին, տեխնիկներին, ադմինիստրատորներին ու ֆինանսիստներին, այլև հոգեբաններին ու սոցիոլոգներին։
Վերջապես, ի դեմս զգացմունքային ու զգացողական ալիքներից տարերայնորեն թրթռալու անկարող մարդկանց, որոնք ի զորու չեն անգամ ինքնուրույն խորհրդածություններ ու դատողություններ անելու, սպառման սկզբունքին դարձնող հասարակությունը վերջիններիս սկսում Է պատրաստակամորեն մտքեր վաճառել։ Սրանում է զանգվածային լրատվական բոլոր միջոցների դերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում Է օրաթերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի, ռադիոյի և հեռուստատեսության մասին։
Այն ամենը, ինչի մասին հպանցիկ խոսվեց, ուղղակիորեն վերաբերում Է ունենալուն և միմիայն ունենալուն։ Մարդկային ընդհանուր գործունեության դաշտում մարդ արարածի էվոլյուցիոն զարգացումը աղոտացել Է անհետանալու ուժգնացող սպառնալիքի տակ, այնպես որ կազմակերպված ու կատարյալ սպառողը բոլոր հնարավորություններն ունի մարդակերտման գործում իր զրոյական չնչին կեցվածքն ապահովելու համար։ Այլ կերպ ասած՝ դեռևս երեք, չորս կամ հինգ տարեկան հասակում վերջինիս մեջ ընդհատվում է էմոցիոնալ զարգացման բնական ընթացքը, անկախ հետագայում ստացած կրթությունից և մասնագիտական ոլորտում ձեռքբերած հաջողություններից։
Քայքայիչ գործունեության վերջին, գահավիժող փուլի կարևորագույն խնդիրն է համոզել տղամարդկանց և կանանց, որ իրենց էությունն իսկ կախված է ապրանքների, ծառայությունների ու ապրումների սպառման պրոգրեսիվ աճից, որոնք, ինչ խոսք, ենթակա են վաճառքի։ Իրականում այս երևույթն ակնհայտ է Արևմուտքի գովազդային աշխարհում։ Նշված երևույթի մասշտաբայնության ու ծավալի մասին կարելի է դատել այն տեմպերից, որոնցով գովազդի այս ձևերն սկսել են ի հայտ գալ պակաս «զարգացած» երկրներում։ Հնդկաստանում, օրինակ, անգլերենով հրապարակվող թերթերում և հանդեսներում, որոնք ևս բնակչության առավել «զարգացած» շերտերին են նշանառության տակ առնում, լվացքի մեքենա գովազդելու դեպքում պարզապես ներկայացվում է լվացքի մեքենան, առանց որևէ ավելորդաբանության, և նշվում են վերջինիս որակական առանձնահատկությունները։ Այս դեպքում մեքենայի ամրության մասին խոսելը համարձակության առավելագույն դրսևորում կհամարվի։ Այստեղ չես տեսնի տնտեսուհու լուսապայծառ դեմքը կամ ուրվագիծը, որի համար լվացքի մեքենան ևս «ապրում-փորձառություն» է, կամ տնային տնտեսուհու կերպարը, որը իսկական կին է մարմնավորում, կին, որը շարժվում է նորույթների քամուն համընթաց, կին, որն ազատակամ է կամ էմանսիպացված, քանի որ ունի լվացքի մեքենա։
Հնդկաստանում դեռևս հազվադեպ է գովազդի այն տեսակը, որը փորձում է հավանական սպառողի ուշադրությունը հրավիրել վաճառվող իրի վրա, ստեղծելով լինել-ու և ոչ թե ունենալ-ու պատրանք, եթե անգամ գովազդի նման փորձ արվում է, ապա դա աննկատ չի անցնում։ Ահա լուսանկարից մեզ է նայում երկրորդական գոտու ամերիկյան աննշան կինոաստղի արտահայտությամբ ու կիպ գրկող, անհերքելիորեն անբասիր կտրվածքի կոստյումով մի երիտասարդ՝ ապակե հայացքով, տիրական ժպիտը շուրթերին։ Հերոսի ետևում երևում են պարող զույգեր, որոնց պարընկերուհիներից յուրաքանչյուրի հայացքը սևեռված Է ոչ թե սեփական պարընկերոջ, այլ վերը նկարագրված հերոսի վրա։ Այնուհետև ազդագրի վրա խոշոր տառերով ազդարարվում է՝ «Ահա նա՝ երեկոյի թագադրյալը»։ Ողջ պատկերն առավել ուշադրությամբ զննելու դեպքում, ոչ առանց որոշակի հետաքրքրության կարելի Է հայտնաբերել, որ ազդագրի հերոսը կրում է հայտնի ֆիրմայի հագուստներ։ Տղամարդու կոստյումների մեկ այլ գովազդից մեզ Է նայում մտածկոտ տեսքով մի երիտասարդ. մեր ուշադրությունը նախ և առաջ սևեռվում Է պատկերն ուղեկցող տեքստի վրա. «Մտքի ձայնը մեղմ է, բայց այն կհնչի անդադար, քանի դեռ ունկնդրության չի արժանացել»։ Այսինքն՝ մտավորականի տեսք ունենալ, նշանակում Է հագնվել համաձայն հրահանգների։ Իսկ ավելի մանրիկ տառերով գրված Է. «XXX ֆիրմայի հագուստներ… բաց մի թողեք ևս մեկ առիթ տիրական կեցվածք ապահովելու համար»: Կամ. «Բացառապես իսկական տղամարդու համար, այն տղամարդու, որը գնում է նորաձևության քամուն համընթաց»:
Այնքանով, որքանով այս պատկերները չեն թարգմանում արևմտյան եվրոպացու զգայընկալումները, եվրոպացին ժպտում է գովազդի նման փորձերի վրա։ Ենթադրելի է, որ Հնդկաստանում գովազդը նույնիսկ ցանկալի ներգործություն Է թողնում։ Քաղաքական, տնտեսական կամ կանանց հասցեագրված ֆրանսիական թերթերում և ամսագրերում մամլո տեքստերին ու հոդվածներին մտերմորեն ձուլված գովազդային էջերը կատարելապես հարմարեցված են թիրախ համարվող ընթերցողի արձագանքներին։ Հրամցման կերպը տարբեր Է, սակայն սկզբունքը նույնն է։ Ֆրանսիայում, ինչպես և Հնդկաստանում, խոսքը ոչ թե ունենալու պարզ ցանկության բավարարման մասին է, այլ ավելի խոր ու կենսական ձգտման մասին, որն է լինել-ը։ ճշմարտության աղավաղումը կատարյալ է. «Դուք կլինեք, եթե ունենաք, մասնավորապես դուք կարող եք լինել՝ ունենալու դեպքում միայն», «Լինել նշանակում Է ունենալ»։
Հնդկաստանի մամուլի Էջերում զետեղված գովազդներում շարունակում Է գործածվել get բառը, որը ունենալ բային փոխարինող բառ է։ Վերոհիշյալ միտքը Եվրոպայում համարյա մշտապես ձևակերպվում է այսպես. «Եղեք այնպիսի կին, որը…», «Մի եղեք այնպիսի տղամարդ, որը…»։ Հնդկաստանն այս առումով ինստրուկտիվ ուսումնասիրության լայն դաշտ Է, քանզի տեղավորված լինելով երկու աշխարհամասերի միջև, ծվատված է երկու մտածողությունների՝ ունենալ-ու և լինել-ու միջև։ Իրականում, «մտածողության» ընդամենը մեկ միայն լինել-ու ձև կարող է լինել, մինչդեռ Հնդկաստանում ևս նկատելի Է այն նույն տեղաշարժ-փոփոխությունը, որն ամբողջակապես իրականացավ Եվոպայում։ Այսօր, եթե ցանկություն կա այս կամ այն հայտնի ֆիրմայի գրիչ ընտրելու հնարավորություն ընձեռել ոմն պրն Շարմային կամ պրն Մուքերջիին, վերջիններիս հրամցվում է խնդրո առարկա գրչի պատկեր՝ «անհամեմատելի» հորջորջումով։ Հեռու չէ այն օրը, երբ վերջիններիս կներկայացվի գեղեցկատես քարտուղարուհու սևեռուն հայացքի ներքո պատկառելի գրասեղանի առջև բազմած երևելի տղամարդու պատկերը՝ մեկնաբանությունների կարիք չունեցող հետևյալ բառերի ուղեկցությամբ. «Քանի որ նա հրամաններ արձակող անձ է, ուստի իր հրամանները ստորագրում է Լորդսպեն գրիչով»։ Երևակայեցեք, թե ինչպիսի ծավալ ու զարգացում կստանա այս միտքը, երբ թղթի պատառիկի վրա այն ամփոփվի հետևյալ հրահանգի մեջ՝ «Անցեք լվացարարուհու մոտ» ու հատկապես եթե գրվի հրամաններ արձակող ու ստորագրող մարդու գրչով… Պատկերացրեք միայն լինել-ու ինչպիսի տպավորություն…
Ազատագրումը կամ սեքսուալ հեղափոխությունը նշվածի մեկ այլ օրինակն է։ Մինչդեռ, խնդրո առարկա ազատագրումը բնավ էլ ազատությունը չէ. այն ընդամենը սպառման առարկա է՝ ի սպաս հասարակության կարիքների իրացման։ Աեռական ցանկությունը վաճառքի կարիք է ստեղծում։ Գայթակղելու, հմայելու համար անհրաժեշտ է ունենալ այս մակնիշի մեքենան, հարկ է հագնել այս վերնաշապիկը, ունենալ այս կրակվառիչը, էլեկտրաակուստիկ այս գոտին։ Անթիվ-անհամար զվարճալի նորահայտ պարագաներ սեր անելուն անհրաժեշտ բուտաֆորիայի մասն են կազմում։ Իրացման հասարակությունը միևնույն ժամանակ նաև զգուշացման ու պահանջների ներկայացման հասարակություն է. այն հրամայում է սեր անել, հրահանգավորում է ինչպես անել, իսկ մարդիկ էլ հնազանդվում կամ ջանում են հնազանդվել։ էրոտիկան զավթել է գովազդային ողջ ոլորտը՝ սեռական փոխարինյալի արժեք ներարկելով ամենաբազմազան իրերի մեջ, որոնցում ամփոփվում է իր իսկական նպատակներից շեղված լիբիդոն։ Ասվածի ամենահայտնի օրինակը ավտոմեքենան է։
Մի կողմ դնելով փոքրաթիվ բացառիկ անձանց դեպքը, հայտնի է, որ կյանքի գոնե որոշակի ժամանակահատվածին բնորոշ է նորմալ սեռական ակտիվությունը, սահմանափակ, բայց և միաժամանակ խորապես գոհացուցիչ։ Այսօր սեքսը սովորություն է դարձել, ճիշտ այնպես, ինչպես խմիչքը՝ հարբեցողի համար, այլ կերպ ասած՝ բավարարում հարկ եղածից ավելի։
Յուրաքանչյուր անհրաժեշտ ակտ գործողություն է՝ հերթական փուլ ազատության և գոհության ճանապարհին։ Յուրաքանչյուր ոչ անհրաժեշտ գործողություն ընդամենը նպաստում է կախյալ վիճակի ու ստրկացման ուժգնացմանը՝ միաժամանակ խոչընդոտելով մարդու էվոլյուցիան։
Յուրաքանչյուր կին թե տղամարդ քիչ թե շատ գիտակցաբար ձգտում են այն ճշմարտությանը կամ իրականությանը, որը ենթակա չէ փոփոխման։ Այդ անփոփոխության խաթարման դեպքում, հակազդող ինչ-ինչ ուժեր անմիջապես փորձում են հօդս ցնդեցնել ակնհայտ անհավասարակշռությունը։ Գործողության մեջ է մտնում նույն ինքը՝ բնության շարժման, արարման օրենքը։ Սեռական ակտը փորձ է՝ վերադառնալու հավասարակշռության վիճակին, վիճակ, որից, ցանկության խոլ կանչին անսալով կամ այլ կերպ ասած՝ անկատարության ուժգին զգացողության կատարյալ գիտակցամբ, տղամարդը կամ կինը պոկվել են։ Եթե զույգերի միությունը լիարժեք է, ապա գոհունակության զգացումը, թերևս ոչ տևական, կարող է ինչ-որ ժամանակ հարատևել։ Ինչքան էլ հակասական կամ «հիասթափեցնող» թվա ոմանց, ճշմարիտ է այն, որ իսկական սիրո ձիրքով օժտված անձինք բավարարվում են ամսվա ընթացքում մեկ անգամ սեր անելով միայն։ Քանակն ընդամենը որակի փոխարինողն է։ Գոյություն ունի «սեռական գերագույն միություն» հասկացություն, որն անծանոթ է Արևմուտք աշխարհին, ինչքան էլ որ «ազատամիտ» լինեն վերջիններս։ Մյուս կողմից, արդի աշխարհում սեռական զգացումները վաղ են արթնանում, ինչը և վնասակար ազդեցություն է ունենում մարդու հետագա էվոլյուցիայի վրա։ Նորմալ զարգացումն սկիզբ է առնում ֆիզիկական կյանքին համընթաց մանուկ հասակում։ Սեռական հասունությունը սկսվում է պատանեկության ժամանակ, բայց սա դեռևս սեռական ցանկությունը չէ։ Պատանեկությունը զգացական կյանքի ծնունդն է, մինչդեռ սեռական կյանքի սկիզբը նշանավորվում է տասնինը տարեկանում միայն։ Սակայն այսօր, աննորմալ պայմանների հետևանքով (ազդեցություններ, մտահղացումներ), սեռական հետաքրքրությունն արհեստականորեն արթնանում է ավելի վաղ տարիքում։ «Երջանկություն» բառի անհարկի գործածությունը ևս պայմանավորված է ի շահ հասարակության անձի օտարման երևույթի հետ։ Տիրելու զգացումը սահմաններ չունի։ Տիրելու գաղափարի վրա հիմնված երջանկության իրագործումը դատապարտված է շարունակական ձգձգման։ ժամանակակից աշխարհը մտահղացել է պարտադրել ստանդարտ երջանկության հասկացություն, որը շեղում է իր զոհերին անձնական զարգացման ու ծաղկման ընթացքից։ Այսպիսով յուրաքանչյուրն համոզված է, որ կարող է երջանիկ լինել՝ ձեռք բերելով ունեցվածք ու իրեր, որոնց կարիքը չունի, ապրելով ու յուրացնելով փորձառություններ, որոնք իսկապես անհրաժեշտ չեն իրեն։
Երջանիկ է նա, ով մշտապես հավատարիմ է ինքն իրեն. դա շատ պարզ է, մինչդեռ այնքան դժվար է դարձել այն իրականացնելը։

Ֆրանսերենից թարգմանեց Մարիամ Զենջիրջյանը

«Գարուն», 2001, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով