Պերճ Զեյթունցյան. Խոր Վիրապ

ԽՈՐ ՎԻՐԱՊ
(Դրամա երկու մասից, 28 պատկերով)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Արքունիք: Տրդատ թագավոր և Ագաթանգեղոս պատմիչ:
Տրդատ — Գնահատում եմ քո տիրասիրությունը, Ագաթանգեղոս պատմիչ: Բայց ավելի լավ է ասա, թե ինչ է վիճակված ինձ անելու այսօր:
Ագաթանգեղոս — Իսկ դու ի՞նչ կուզենայիր, արքա:
Տրդատ — Այնպիսի օր անցկացնել, որ քո մատյանում արժանի չէ գրանցվելու:
Ագաթանգեղոս — Ցավում եմ, այդպիսին չի լինելու այս օրը:
Տրդատ — Ինձ մի խաղաղ օր ընծայիր, պատմիչ: Ընդամենը մի օր: Ես կթափառեմ անտառի թավուտներում, մենակ, առանց թիկնապահների… Գիտեմ, հաստատ գիտեմ, կարող եմ երդվել, որ ոտնամաններս կցեխոտվեն գետակն անցնելիս… Միշտ եղել են մաքուր, պլպլան… Մեկ էլ տեսար հանեցի ոտքերիցս ու բոբիկ քայլեցի խոտերի վրա… Գուցե մացառուտները ճանկռոտեն ինձ… Ի՞նչ կա այստեղ անհավանական… Իսկ եթե բախտս բերի ու նաև անձրև գա, թրջվեմ մինչև ոսկորներս, դառնամ լրիվ անօգնական, ուրեմն կատարյալ է արքայիդ երջանկությունը… Ասա, ինչ պետք է անեմ այսօր…
Ագաթանգեղոս — Դու պետք է մահվան վճիռ արձակես Գայանե դայակի և յոթանասուն կույսերի համար:
Տրդատ — Իսկ ես գուցե վճռեմ ներել նրանց: Ի՞նչը կարող է ինձ խանգարել: Քո մագաղաթնե՞րը:
Ագաթանգեղոս — Այո, տեր իմ, իմ մագաղաթները:
Տրդատ — Խելքդ գլխի՞դ է, Ագաթանգեղոս: Մագաղաթներում գրվում է այն, ինչ արքաներն են ուզում:
Ագաթանգեղոս — Արքաներն անում են այն, ինչ մագաղաթն է թելադրում:
Տրդատ — (Կատաղի): Դրա համա՞ր ես գրել քո մատյանում, որ արքան յոթանասուն կույսերին և իր սիրելի Հռիփսիմեին դաժան մահապատժի ենթարկեց: Այն դեպքում, երբ նրանք առոք-փառոք կենդանի են դեռ, և ես հրամայել եմ Հռիփսիմեին բռնի բերել արքունիք:
Ագաթանգեղոս — Ես ոչ կախարդ եմ, ոչ գրբաց… Բայց գիտեմ, թե դեպքերի ընթացքը ուր է տանում: Ես էլ, ունկնդիր իմ ներքին ձայնին, գրեցի, որ արքան կույսերին տանջամահ արեց: Չեմ ստել, արքա: Մի քիչ շտապել եմ, նախօրոք եմ գրել այն, ինչ վաղը պիտի պատահեր: Սա էր իմ մեղքը:
Տրդատ — Ես պատռեցի քո գրածը: Է՛լ չհամարձակվես ունկնդիր լինել քո ներքին ձայնին: (Մոտենում է դռանը, մի փոքր բաց անում և նայում արանքից: Դեմքին` տարակուսանք և միաժամանակ գոհունակություն):
Սա՞ է…
Ագաթանգեղոս — Այո, արքա:
Տրդատ — Ե՞ս եմ…
Ագաթանգեղոս — Նա է, տեր իմ:
Տրդատ — Ոչ, ես եմ, պատմիչ: Էլ չսխալվես: (Ծափ է տալիս): Քրմապետ… (Մտնում է քրմապետը: Ցույց տալով դեպի դուռը): Նա գիտի՞, որ ինքը չկա այլևս:
Քրմապետ — Արդեն չգիտի, արքա:
Տրդատ — Այսինքն ինչպե՞ս չգիտի: Ինչ է, հոգնե՞լ ես անպատիժ ապրելուց:
Քրմապետ — Չգիտի, որովհետև իր անձը չկա այլևս: Կաս միայն դու: Էլ որտեղի՞ց իմանա:
Տրդատ — Եվ ի՞նչ: Ես դո՞ւր եկա իմ կրկնակին:
Ագաթանգեղոս — Այդպիսի խնդիր չկա, արքա: Նա այլևս գոյություն չունի, որ կարողանա կողքից դիտել քեզ:
(Արքան մոտենում է դռանը, մի փոքր բաց անում և նեղ բացվածքից մտցնում ձեռքը):
Ագաթանգեղոս — Ի՞նչ արեցիր, արքա:
Տրդատ — Ես իմ մատանին գցեցի նրան… Իմ ամենասիրած մատանին… Թող ինքը դնի…
Քրմապետ — Ես ամեն ինչ սովորեցրել եմ քո կրկնակին, գլխովս եմ երդվում, դու գոհ կմնաս, արքա:
Տրդատ — Այսուհետև չփորձես բան սովորեցնել, որովհետև հանկարծ կպարզվի, որ ես եմ քո դիմաց, ոչ թե իմ կրկնակը: (Հանկարծ անհանգիստ): Իսկ ի՞նչ ապացույց ունես, որ երկու տարի անց նա արդեն պատրաստ է իմ փոխարեն երբեմն գործելու…
Քրմապետ — Ես մի օր հերթական խորհուրդն էի տալիս, երբ նա անսպասելի ապտակեց ինձ: Ասաց, դու ո՞վ ես, որ համարձակվում ես արքայիդ խորհուրդ տալ: Ես հասկացա, որ ուսման շրջանն արդեն ավարտված է:
Տրդատ — Լավ ապտակե՞ց, քրմապետ: Մնացի՞ն մատնահետքերը: Անձա՞յն ապտակեց, թե՞ հայհոյանքն օգնեց հարվածի թափին: (Պաուզա: Քմծիծաղ): Իսկ գուցե ե՞ս էի դա…
(Արքան էլի մի քանի զարդ է հանում իր վրայից, ձեռքը մտցնում դռան նեղ բացվածքից): Վերցրեց, վերցրեց… Ես զգացի նրա հպումը… Տաք էր ձեռքը… Հապա իմը ինչո՞ւ է սառը… Ինչո՞ւ է տարբեր… (Բարձր տրամադրությամբ): Որտեղի՞ց ես գտել նրան, քրմապետ… Ինչ էլ նման է ինձ… Դու ինչ տեսակ մարդ ես, ինչ որ հրամայեմ, պիտի կատարե՞ս նույնությամբ… Թեկուզ անհնարի՞նը… Ինձ սիրելո՞ւց, թե՞ ծառայամտությունից… Քո կարճ խելքով, կարծում էիր, թե քեզ պիտի գովեի, չէ՞…
Քրմապետ — Արքա…
Տրդատ — Իսկ նա ինչո՞վ է բացատրում իր գոյության անհրաժեշտությունը, ըստ իրեն ինչո՞ւ է նա աշխարհ եկել, ինչո՞ւ եմ ես նրան իմ կողքին դնում, ի՞նչ առաքելությամբ:
Քրմապետ — Ասաց, որ արքաները պարտավոր են հաճախ դեմ գնալ իրենց բնությանը: (Արքան գլխով է անում): Ասաց, որ մեկ մարդն անզոր է դիմանալու այսքան փորձության, եթե ի ծնե դաժան չէ և հաճույք չի ստանում իր հերթական դաժանությունից: (Արքան գլխով է անում): Ասաց, որ արքաներն էլ մարդ են և կարիք ունեն մարդկային սովորական և ծույլ երջանկության:
Տրդատ — Իսկ ինչո՞ւ էլի մտքովդ չի անցել, թե գուցե ես էի դա: Չէ՞ որ այդպես ճշգրիտ միայն ես կարող էի ասել… (Հանկարծ իրար անցած): Եկա՜վ, քրմապետ, վերջապես բռնի բերեցին այդ համառ աղջկան… Դուրս, դուրս…

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Տրդատ և Հռիփսիմե

(Զինվորները, թևերից բռնած, Հռիփսիմեին քարշ են տալիս ու գցում գետնին, արքայի ոտքերի մոտ):
Տրդատ — Հիմա հասկանում եմ, թե ինչու այն օրվանից, երբ կայսրը տախտակի վրա նկարդ տեսավ, կորցրեց խելքը: Բայց այն, ինչ ես տեսա այսօր, գերազանցեց իմ երևակայությունը:
Հռիփսիմե — Իմ գեղեցկությունը իմ անեծքն է, արքա, իմ դժբախտությունը:
Տրդատ — Ափսոս, որ անկեղծ խոսեցիր հիմա: Բայց դու պետք է աստվածներին երախտապարտ լինես և ոչ թե ինքդ քեզ անիծես:
Հռիփսիմե — Քեզ ինչ է պետք, արքա: Ես և իմ ընկերուհիները վնաս չենք կարող պատճառել քո երկրին: Մենք ապակե ուլունքներ ենք սարքում և վաստակում մեր հանապազօրյա հացը:
Տրդատ — Դու ինչպես համարձակվեցիր մերժել կայսրի ամուսնության առաջարկը: Չէ՞ որ նա արդեն պատվիրակներ էր ուղարկել բոլոր երկրները, որ ամենքը օժիտներ ու ընծաներ բերեին մեծ հարսանիքին: Դու իմ եղբորը խայտառակեցիր աշխարհով մեկ:
Հռիփսիմե — Տեր արքա, ես և իմ ընկերուհիները մեր կյանքը նվիրել ենք մեր Աստծուն և նրա միածին Որդուն: Նույնիսկ մահը չի կարող մեզ շեղել մեր հավատից:
Տրդատ — Ինչեր ես խոսում, սիրուն աղջիկ: Դու այս տարիքին պետք է ագահորեն երջանկություն պոկեիր կյանքից, պոկեիր ու չհագենայիր:
Հռիփսիմե — Ես երջանիկ եմ, արքա…
Տրդատ — Տես, ինչ է գրել ինձ իմ ավագ եղբայրը` Դիոկղետիանոս կայսրը… Իսկ ավագ եղբոր խոսքը հրաման է ինձ համար… «Փութաջան եղիր, որ կարողանաս նրանց հետքը գտնել և դայակով հանդերձ վրիժառությամբ մահվան արժանացնես բոլորին, իսկ մոլորյալ չքնաղագեղ կույսին ինձ ուղարկես: Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, մոտդ պահիր նրան, որովհետև նրա նմանը երբեք չգտնվեց մեր Հունաց աշխարհում»…
Ես նախընտրեցի իմ եղբոր երկրորդ խորհուրդը…
Հռիփսիմե — Ավելի լավ է նրա պահանջը կատարես, արքա, մահվան արժանացնես բոլորին… նաև ինձ…
Տրդատ — Նախ ինձ պատասխան տուր, թե ինչու երբ հայոց արքան ոսկեհյուս գահավորականեր ուղարկեց հնձանի դուռը, նաև ազնիվ և պայծառ հանդերձներ ու երևելի զարդարանքներ, որպեսզի շուքով ու պատվով մտնես պալատ, դու մերժեցիր հայոց տիկնությունն ընդունել… Իսկ դու գիտե՞ս, որ մարդիկ քաղաքում արդեն խրախճանքներ էին կազմակերպել ի պատիվ մեր հարսանիքի… Որովհետև իմ ցանկությունն իսկ հրաման է… Հիմա՛ր աղջիկ…
Հռիփսիմե — Թույլ տուր գնամ, արքա… Քո ինչին է պետք հիմար բաներ խոսող աղջիկը…
Տրդատ — Ես ուրախ եմ, որ վիրավորանք կա խոսքիդ մեջ: Դա ինձ հույս է ներշնչում: Վերջապես կանացի ինչ-որ բան խլրտաց քո մեջ…
Հռիփսիմե — Զգույշ, չսխալվես, արքա… Քեզ մի խաբիր, թե ամեն ինչ գիտես… Զգույշ, աչքիցդ չընկնես հանկարծ…
Տրդատ — Դու չե՞ս հասկանում, որ ուրիշ ելք չունես, բացի իմ կամքին ենթարկվելուց: Ես մեղավո՞ր եմ, որ գեղեցիկ ես դու, և մի՞թե արդար չէ, որ ամեն գեղեցիկ բան այս երկրում պատկանում է արքային, հապա էլ ո՞ւմ:
Հռիփսիմե — Դու դժբախտ մարդ ես, արքա, եթե իրոք այդպես ես մտածում:
Տրդատ — Ինձ մի ստիպիր ուժ գործադրելու… Ես մեկ-մեկ վախենում եմ իմ ուժից… Վախենում եմ իմ անսահման իրավունքներից… Մի թույլ տուր, որ դրանք լրիվ օգտագործեմ… Գոնե մաս-մաս, գոնե երբեմն… (Բռնում է Հռիփսիմեի ձեռքը): Տեսնում ես, ես իմ թաքուն մտքերը խոստովանեցի քեզ, մի՞թե դա քեզ ոչինչ չի ասում… Ինչ նուրբ ձեռք է, կարծես աննյութեղեն լինի…
Հռիփսիմե — (Հանկարծ): Եկ պայման դնենք, արքա: Մրցենք, և ով հաղթի, թող նրա կամքն էլ կատարվի…
(Արմունկը դնում է սեղանին և հայացքով արքային հրավիրում ուժերը չափելու):
Տրդատ — Հասկացա քեզ, չքնաղ աղջիկ, քո թույլ և փխրուն մկաններով սրամիտ միջոց ես գտել ինձ արժանապատվորեն զիջելու…
(Նա իր արմունկը նույնպես դնում է սեղանին, ժպտադեմ բռնում աղջկա ձեռքը և փորձում է միանգամից նրան պարտության մատնել: Սակայն, ի զարմանս արքայի, դա չի հաջողվում նրան: Աղջիկը ոչ միայն դիմադրում է, այլև ի վերջո հաղթում է մրցակցության մեջ: Արքան ապշած նայում է նրան):
Տրդատ — Ի՞նչ պատահեց, Հռիփսիմե… Մի՞թե ամոթ չէ, որ դու ինձ հաղթեցիր…
Հռիփսիմե — Եթե հաղթել եմ, էլ ի՞նչ ամոթ:
Տրդատ — Հեռացիր աչքիցս… Եվ աշխատիր, որ ես այլևս չհիշեմ քեզ… Եթե հիշեմ, կորած ես, Հռիփսիմե… Չքվի՝ր, չքվի՝ր…
Հռիփսիմե — Իսկ մա՞հը…
Տրդատ — Ի՞նչ մահ…
Հռիփսիմե — Իմ մահը, արքա… Դու այլ ընտրություն չունես… Էլ մի ձգձգիր…
Տրդատ — Դու ո՞վ ես, որ արքան հրամայի քեզ սպանել… Շատ մեծ պատիվ չե՞ս պահանջում ինձնից… Մահվան իրավունքն էլ պետք է նվաճել… Չքվիր աչքիցս, կախարդ աղջիկ… (Ծափ է զարկում): Տարեք սրան, գցեք հնձանը, թող ինչքան սիրտն ուզում է ապակե ուլունք պատրաստի իր Աստծո համար… Մա՜հ… Սրա ախորժակին նայեք… ( Հռիփսիմեին տանում են: Նրա ետևից): Դու էլ չհիշես ինձ… Դու էլ… Եվ այսօրվա մասին չպատմես ոչ ոքի, մեղք ես, ծաղրի առարկա կդառնաս… Ոչ ոք չի հավատա…

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Մտնում են մի խումբ իշխաններ, գլուխ տալիս արքային ու շրջապատում նրան:
Տրդատ — Եթե իշխան Սլկունին է եկել, ուրեմն մի ճիշտ բան է արել արքան, որ զայրացրել է իշխանին: Ասա, ինչ ճիշտ բան եմ արել:
Սլկունի — Արքա, ես եկել եմ հենց ասելու, որ դու ոչինչ չես արել:
Տրդատ — Ինչպես թե, իշխան… Կերել եմ, խմել, պառկել հարճերի հետ, վարազի որս եմ արել… Էլ ի՞նչ են անում արքաները, եթե պատերազմի մեջ չեն…
Մանաճիհր — Խոսքը քրիստոնեական աղանդի մասին է, արքա: Նոր աղանդը նոր գաղափար է բերում, իսկ ամեն մի նոր գաղափար ծուղակ է երկրի համար:
Տրդատ — Իշխան Մանաճի՞հր… Այդ ե՞րբ տեսա քեզ վերջին անգամ… Պատանի էիր այն ժամանակ, բեխ ու մորուք չունեիր դեռ… Ինչպե՞ս ես հանդգնել այդքան մեծանալ իմ աչքից հեռու… (Սլկունուն): Սրա՞ն ինչու եք բերել… Քրմապետ, ջահել իշխանին, որպես պատիժ, կուղարկես հարճերի մոտ և կպահես այնքան ժամանակ, մինչև կաշին ու ոսկորը մնան… Թող սովորի ջահել լինել…
Մանաճիհր — (Հուզված): Շնորհակալ եմ, արքա…
Տրդատ — Իշխան Գադիշո՞… Քե՞զ ինչն է բերել այստեղ: Դո՞ւ էլ ես նոր գաղափարից վախենում:
Գադիշո — Մեր հավատը արմատներով խրված է հայոց հողի մեջ: Իսկ նորը` անհայրենիք հավատ է, արքա, բոլորի, ուրեմն և` ոչ մեկի համար:
Տրդատ — Ականջիդ օղ արա, իշխան… Սո՝ւտ է, ես ոչ կերել եմ, ոչ խմել, ոչ հարճերի հետ եմ պառկել, ոչ էլ վարազի որս արել… Ես այն շունն եմ, որ դունչը ցցած, գիշեր ու զօր վտանգի հոտ է փնտրում օդի մեջ… Հա՝, հա՝, ամոթխած դեմքեր մի ընդունեք… Շունը, հենց շունը… Եվ ես ոչ թե ամաչում, այլ հպարտանում եմ իմ այդ կոչման համար…
Սլկունի — Բայց դու կույսերին թողել ես ազատ ապրել մեր հողի վրա, թույլ ես տվել թաքուն քարոզել և պղտորել մարդկանց հոգիները:
Գադիշո — Սա ավելի մեծ վտանգ է, տեր իմ, քան թշնամու հարձակումը… Մտքի բերած վտանգը ավելի զորեղ է զենքից…
Սլկունի — Արքա, կարևորն այն չէ, թե մարդն ինչ է անում, այլ այն, թե ինչ է մտածում: Ես մարդու լռությունից եմ վախենում, ոչ թե խոսքից: Իսկ հիմա լուռ են բոլորը:
Գադիշո — Շտապիր, արքա… Խախտիր լռությունը… Վաղը ուշ կլինի…
Տրդատ — Չեմ սիրում, երբ ճիշտ բաներ են անում, հատկապես իշխան Սլկունին, մանավանդ Գադիշո Խորխոռունին, էլ չեմ ասում իշխան… (նայում է երիտասարդ իշխան Մանաճիհրին և հանկարծ կատաղած գոռում): Մինչև հյութերը քամվեն, կաշին ու ոսկորը մնան… (Հևում է): Էլ չհամարձակվեք ինձ ճիշտ բաներ ասել… Դուք ձեր ճիշտ խոսքերով երկարացնում եք կույսերի կյանքը… (Հանդիմանանքով նայում է իշխաններից մեկին: Մեղմ): Գոնե դու խոսեիր, Գաբեղենից տեր… Գիտես, որ սիրում եմ քեզ…
(Իշխանները կտրուկ շրջվում են և վիրավորված հեռանում: Երիտասարդ Մանաճիհր իշխանը ոտքը կախ է գցում և աղերսանքով նայում քրմապետին):
Քրմապետ — (Հայրաբար ժպտում է): Հիմա, տղաս, հիմա:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Արքունիք: Տրդատ, Ագաթանգեղոս, քրմապետ, ապա` Գրիգոր:

Տրդատ — Էլ բան չկա, չէ՞, Ագաթանգեղոս, մանկության իմ ընկեր, դու ինձ ես պարգևում այս օրվա մնացորդը:
Ագաթանգեղոս — Ներիր, արքա, բայց օրվա մնացորդը ևս քոնը չէ:
Տրդատ — Ինչպե՞ս թե: Ի՞նչ կա էլի: Ի՞նչ նոր գույժ ես հանդգնում հաղորդել ինձ:
Ագաթանգեղոս — Քո ծառան, Գրիգորը…
Տրդատ — Գրիգորի մասին բան չասես… Գրիգորը իմ հավատարիմ ստվերն է… Ես վաղուց եմ ճանաչում նրան… Իմ թագադրության առաջին օրից նա իմ կողքին է եղել, պատվով ու խղճով ծառայել է ինձ… Վե՝րջ, Գրիգորի մասին այլևս ոչ մի խոսք…
(Զայրացած դուրս է գալիս գահասրահից):
Քրմապետ — Ի՞նչ կա, պատմիչ, ինձ ասա:
Ագաթանգեղոս — Եթե նա չի ուզում լսել, ուրեմն, քո ականջներն էլ պետք է փակ լինեն:
(Անսպասելի մտնում է Տրդատը: Քրմապետն ու պատմիչը մի տեսակ խուճապահար նայում են նրան):
Տրդատ — Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ գունատվեցիք: Չլինի՞ ձեզ թվաց, թե ձեր պատրաստած կրկնակն է ձեր առաջ: Հանգիստ, ես եմ, ես, ձեր արքան: Ասա, պատմիչ, գույժդ հաղորդիր արքայիդ:
Ագաթանգեղոս — (Անվստահ): Գրիգորը հաղորդակից է քրիստոնեական պաշտամունքին, հրաժարվում է պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերել Անահիտի բագինին…
Տրդատ — Գրիգո՞րը… Իմ ծառա՞ն, իմ ստվե՞րը… Խնայեցեք ինձ, գոնե դուք, իմ մտերիմները խնայեցեք ինձ… Լսո՞ւմ եք, ես հրամայում եմ խնայել ձեր արքային… Գրիգո՞րը…
Ագաթանգեղոս — Դու լավ գիտես, որ ես իրավունք չունեմ սխալվելու: Ուրեմն, ընդունիր ճշմարտությունը և հաշտվիր իմ հաղորդած գույժի հետ:
Տրդատ — Գրիգո՞րը… Բայց ես նրան վստահել եմ այն, ինչ հաճախ ինքս ինձնից եմ թաքցրել:
Ագաթանգեղոս — Հետո ինչ…
Տրդատ — Մենք… Մենք նրա հետ միշտ ճատրակ ենք խաղացել, և նա հաճախ տարել է ինձ… Եթե ազնիվ մարդ չլիներ, կպարտվեր դիտմամբ… Ինչպես բոլորն են արել…
Ագաթանգեղոս — Հետո ինչ…
Տրդատ — Որսի ենք գնացել հաճախ, և լավ գիտես, որ մի անգամ նա փրկել է իմ կյանքը…
Ագաթանգեղոս — Հետո ինչ…
Տրդատ — Ինչպես թե հետո ինչ… Ինչ ես թութակի պես նույնը կրկնում…
Ագաթանգեղոս — Իմ ասածը արդեն մագաղաթում գրված է, արքա… Ջնջել չի լինի…
Տրդատ — (Պաուզայից հետո): Իսկապես որ, հետո ինչ… Գիտես որն է իմ սխալը… Ես նրան մտցրել եմ իմ հոգու խորխորատները, բայց ինքս փորձ անգամ չեմ արել նրա սրտի անկյունը թեկուզ դրսից դիտելու… Մտքովս չի անցել… Ես ինչ գիտեմ նա ով է… Ես ինչ գիտեմ ով ես դու… Եվ առհասարակ ինչ գիտեմ ես… Ուժի թուլությունն է դա, պատմիչ, ուժի թուլությունը…
Ագաթանգեղոս — Գրիգորը քրիստոնյա աղանդին է պատկանում, արքա:
Տրդատ — Այդպես կտրո՞ւկ, այդպես վերջնակա՞ն… Դու ի՝նչ մարդ ես, ե՝րբ պիտի սովորես գոնե մի քիչ կարեկցել…
Ագաթանգեղոս — Ես պատմիչ եմ, արքա, արձանագրող:
(Տրդատն, իրեն կորցրած, այս ու այն կողմ է ընկնում):
Քրմապետ — (Ագաթանգեղոսի ականջին): Ո՞վ է սա… Արքա՞ն…
(Ագաթանգեղոսը տարակուանքով թոթվում է ուսերը: Անսպասելի մտնում է Գրիգորը և գլուխ տալիս):
Տրդատ — Գրիգո՞ր… (Ագաթանգեղոսին և քրմապետին): Դո՞ւք կանչեցիք նրան:
Գրիգոր — Ոչ, արքա, ինքս եկա…
Տրդատ — Ինչպե՞ս թե, քեզ ոչ ոք չի՞ հարկադրել:
Գրիգոր — Ինչո՞ւ, արքա: Պարզապես ուզեցի տեսնել քեզ:
Տրդատ — Ասում էի, չէ՞, որ նա մինչև այս պահը իմ իսկական ընկերն էր: Թեև արքաներին պատշաճ չէ ընկեր ունենալ, թեև նրանք մենակ են բազում մարդկանց մեջ: Մենակ, շատ մենակ: (Քմծիծաղ): Արքայավայե՜լ մենակ… Բայց, տեսնո՞ւմ եք, նա երջանիկ բացառություն էր: Ասում էի, չէ՞:
Գրիգոր — Քանի օր է չեմ տեսել քեզ:
Տրդատ — Մի գաղտնիք էլ հաղորդեմ ձեզ: Երբ մենք մենակ ենք, միայն երկուսով, նա հաճախ իմ անունն է տալիս, որ ես չեմ լսել վաղուց: Նա ինձ հիշեցնում է իմ ինքնությունը, իմ հոգնությունը, իմ մեջքի ցավը, իմ թաքուն երազանքները և իմ թուլությունները վերջապես, որ ինձ արգելված է ի ցույց դնել, և այդ արգելքը միշտ խոցում, միշտ վիրավո-րում է ինձ… Տո՛ւր իմ անունը, Գրիգոր… Գոնե վերջին անգամ լսեմ քո բերանից…
Գրիգոր — Բայց ինչո՞ւ վերջին անգամ:
Տրդատ — (Զայրույթով): Տո՛ւր իմ անունը:
Գրիգոր — (Շփոթված): Տրդատ…
Տրդատ — Էլի՝, էլի՝…
Գրիգոր — Ինչպե՞ս ես, Տրդատ…
Տրդատ — Այսքան տարի ես ճանաչել եմ քեզ, և դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ: Ուրեմն, ասա, ինչպես ես համարձակվել պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում:
Գրիգոր — Աստված հրամայել է…
Տրդատ — (Գոռում է): Աստվածնե՝րը, աստվածնե՝րը…
Գրիգոր — (Հանգիստ): Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, ու ես հնազանդ եմ եղել, և ինչպես ինքդ վկայեցիր` ծառայել եմ քեզ իմ ողջ էությամբ: Իսկ Աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ, քանզի նա է միակ արարիչը երկրի ու երկնի:
Տրդատ — Դու ի չիք դարձրիր այն վաստակը, որի վկան եմ ես: Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազում նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն` անարգանք ու բանտ, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել: Ոչ միայն Անահիտ Տիկնոջ բագինին, այլև յոթ մեհյանների բագիններին ուխտի կգնաս… Կնվիրաբերես սպիտակ ցուլեր ու նոխազներ, ոսկեղեն ու արծաթեղեն զարդեր` փող-փողուն ծոպերով, ոսկի պսակներ ու արծաթե գոհարներ… (Հանկարծ): Մենակ մի թող ինձ, Գրիգոր…
Գրիգոր — Քո ասած կուռքերը բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, ականջներ ունեն և չեն լսում, քթեր ունեն և չեն հոտոտում, ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում…
Տրդատ — Բավակա՛ն է… Մի վատնիր իմ համբերությունը… Ո՞վ է այդ Քրիստոսը, ցույց տուր ինձ, որ ճանաչեմ… Այդ ի՞նչ գալուստ է, որ ես չգիտեմ…
Գրիգոր — Նա եկավ հանցագործ մարդկանց մեղքերի պատիժներն ու տառապանքներն իր վրա կրելու:
Տրդատ — Եվ ինչո՞ւ այսքան մեղք մնաց դեռևս… Չե՞ս տեսնում ինչպես է մեղքը փթթում, ծաղկում… Մեղքի համար ձմեռ չկա, միշտ գարուն է, միշտ պտղավորում, միշտ առատություն… Ես օձ եմ տաքացրել իմ ծոցում, օձ…
Գրիգոր — Որովհետև սանձը չկա, արքա, սանձը… Վարգող ձիուն ինչո՞վ են կանգնեցնում, սանձով, չէ՞… Իսկ մեղքերի մեջ թաղված մարդո՞ւն ինչպես կանգնեցնես… Աստված յուրովի սանձ է նրա համար, բարոյական սանձ, որ օդ ու ջրի պես այսօր պետք է քո երկրին… Մի վախեցիր իմ քարոզած Աստծուց… Աստված սեր է… Իսկ ի՞նչ կա, Տրդատ, սիրուց ավելի մեծ:
Հա՝, հա՝, Տրդատ, ոչ թե արքա… Մեծ ճշմարտության առաջ արքա չկա, կան սովորական մահկանացուներ, մի Տրդատ և մի Գրիգոր…
Տրդատ — Գնա քո առանձնարանը և ինքդ քեզ բանտարկիր մինչև արքան քեզ կանչի իր որոշումը հայտնելու: Գուցե չար Ահրիմանը ձանձրանա ու ձեռք քաշի քեզնից: Գնա… (Գրիգորը գնում է): Էլի՞ օրվա մնացորդը իմը չէ, պատմիչ:
Ագաթանգեղոս — Էլ ի՞նչ մնացորդ, արքա: Գիշեր է արդեն:
Տրդատ — Ականջիդ օղ արա, իմ օրը չի վերջանում երբեք: Ի՞նչ անեմ, որ վերջանա, պատմիչ: Ասա, ի՞նչ անեմ:
Ագաթանգեղոս — Ուզո՞ւմ ես կանչեմ նրան…
Տրդատ — Ո՞ւմ…
Ագաթանգեղոս — Այն աղջկան, որին ուզում ես, բայց չես կարողանում մոռանալ:
Տրդատ — Այսինքն ի՞նչ, իմ պարտությո՞ւնը… Վաղուց եմ մոռացել… Դա կախարդանք էր սովորական…
Ագաթանգեղոս — Ոչ քո պարտությունը, արքա, ոչ: Բոլորին հրամայում ես, բայց, տես-նո՞ւմ ես, ինքդ քեզ անզոր ես հրամայել: Այդ աղջիկը բուն է դրել քո հոգում…
Տրդատ — Իմ հոգում գաղտնի տեղ չկա ինձ համար:
Ագաթանգեղոս — Կա, արքա, կա… Լավ պրպտիր… Եվ մի վախեցիր ինքդ քեզ խոստովանելուց…
Տրդատ — Ինձ մի թշնամացրու քեզ հետ… Դու չպետք է ինձ լավ ճանաչես… Ես ինքս լավ ծանոթ չեմ ինձ, էլ ուր մնաց դու…
Ագաթանգեղոս — Թող քո կամքը լինի, արքա: (Գնում է):
Տրդատ — Բայց ո՞ւր ես գնում:
Ագաթանգեղոս — Գնում եմ կանչելու աղջկան… Ես քո հրամանն եմ կատարում… Անձայն հրամանը…
Տրդատ — Զգույշ, մի օր փորձանք ես բերելու գլխիդ, պատմիչ…
(Ագաթանգեղոսը գնում է: Մտնում է Հռիփսիմեն` արդեն առանց զինվորների ուղեկցության):
Հռիփսիմե — Խոսքդ չհարգեցիր, արքա:
Տրդատ — Ի՞նչ էի խոստացել, հանդուգն աղջիկ:
Հռիփսիմե — Խոստացել էիր երբեք չհիշել ինձ… Խոսքիդ տերը չեղար…
Իզուր հավատացի քեզ… Ոչ թե քեզ, այլ արքային…
Տրդատ — Իսկ դա ի՞նչ է նշանակում: Չե՞ս հասկանում:
Հռիփսիմե — Դա նշանակում է, որ պարտությունդ հանգիստ չի տալիս քեզ:
Տրդատ — Ոչ, ոչ… Երանի այդ լիներ միայն… Ինչո՞ւ ես միշտ աչքիս առաջ… Ինչո՞ւ ես ա-նընդհատ սողոսկում մտքերիս մեջ… Առանց հրավերի… Անձայն, գաղտագողի… Իմ կամքին հակառակ…
Հռիփսիմե — Ես իմ ամբողջ սերը տվել եմ իմ Աստծուն… Անմնացորդ… Իսկ դու անզոր ես նույնիսկ երեք սովորական բառ կապել իրար… Ես սիրում եմ քեզ… Կարո՞ղ ես ասել, չես կարող…
Տրդատ — Արքաները չգիտեն այդ բառերը… Դրանց կարիքը չունեն նրանք… Ուրիշ բառեր գիտեն արքաները…
Հռիփսիմե — Հրամայե՞լ, հարկադրե՞լ… Սա չի՞ քո իմացածը… Չեմ նախանձում քեզ, ար-քա…
Տրդատ — Ես քեզ հրամայում եմ իմ կինը դառնալ: Դու կլինես իմ կանանցից ամենասիրելին: Միակ սիրելին: Սրանից մեծ պարգև չունեմ ես:
Հռիփսիմե — Եկ դարձյալ մենամարտենք… Ով հաղթի, թող նրա ասածը լինի…
Տրդատ — Մենամա՞րտ… Չլինի՞ կարծում ես, որ քեզանով հմայված, դարձյալ կպարտվեմ ես… Համաձայն եմ, եկ մենամարտենք… Ով հաղթի, թող նրա կամքը լինի…
(Արքան պատի վրայից հանում է երկու թուր, մեկը մեկնում է Հռիփսիմեին, մյուսը ինքն է վերցնում, ու երկուսով սկսում են մենամարտել):
Տրդատ — Որտե՞ղ ես սովորել թրամարտը…
Հռիփսիմե — Ոչ մի տեղ, արքա… Առաջին անգամն է, որ թուր եմ վերցրել ձեռքս…
Տրդատ — Բայց դու պետք է պարտվես, Հռիփսիմե… Ես հրաշալի զինվոր եմ… Իմ ամբողջ կյանքը պատերազմներում է անցել…
Հռիփսիմե — Բացի հաղթելուց ես ուրիշ ելք չունեմ, արքա… Իսկ դու ունես… Այս փակուղին է իմ առավելությունը…
Տրդատ — Պարտվիր, Հռիփսիմե… Մի խախտիր տրամաբանությունը…
Հռիփսիմե — Իմ հավատն է ինձ ուժ տալիս… Տեսնում ես, ինչ անզոր են քո բազում աստվածները…
(Արքային թուրը ընկնում է գետնին: Հռիփսիմեն իր թուրը դնում է նրա կրծքին: Արքան, գլխիկոր ու ամոթահար, հեռանում է, նստում իր գահավորակին, մռայլվում և մտքերի մեջ ընկնում):
Տրդատ — (Երկար դադարից հետո): Հունաց ողիմպիական խաղերում հսկայի զորությամբ ասպարեզ գալով, բազում քաջագործություններ եմ ցույց տվել, սակավ պատերազմներ եմ մղել Եփրատ գետի այն ափին, արաբների կողմերում, ուր և թշնամու թրից ծանր վիրավոր` ձիով դուրս եմ եկել ռազմի դաշտից… Ասպազենը ու զենքերը կապելով մեջքիս, ձիուս հետ ալիքների վրա լողալով անցել եմ անծայրածիր Եփրատ գետը… (Հանկարծ վեր է կենում: Վճռական): Ես ուզում եմ էլի մրցել… Եվ դու չես համարձակվի ինձ մերժել…
(Արքան ըմբշամարտի դիրք է ընդունում: Հռիփսիմեն նույնպես: Սկսում են մրցամարտը: Արքան կատաղությունից մռնչում է և լարում ամբողջ ուժերը: Բայց ի վերջո Հռիփսիմեն նրան տապալում է գետնին: Արքան, կարմրած ու քրտնած, վեր է կենում, կարգի բերում իրեն, երկար, անբնական երկար):
Տրդատ — Մռայլ է քո Աստվածը և ձանձրալի… (Ապա, վիրավորված արուի տեսքով, մատը մեկնում է դռանը): Գնա, կախարդ աղջիկ… Էլ չերևաս աչքիս…

* * *
Մթության միջից, լույսի խուրձի հետ, բեմառաջք է գալիս Ագաթանգեղոս պատմիչը:
Ագաթանգեղոս — Ես խորշում եմ վաղվա օրը կռահելու իմ ընդունակությունից… Հոգնել եմ ամեն ինչ թափանցիկ տեսնելու իմ կարողությունից… Ատում եմ իմ գրիչը, որը, շնորհիվ իմ ուսուցիչների, չի սխալվում երբեք… (Գրում է մատյանում): Հռոմեացիների երկրից ավելի քան յոթանասուն հոգի էին հասել մեր Հայաստան աշխարհը: Իսկ որոնք սպանվեցին սուրբ տիկնանց` Գայանեի և Հռիփսիմեի հետ, ընդամենը երեսունյոթ մարդ էին: Նահատակվեց սուրբ Հռիփսիմեն սրբերի դասով մեկտեղ` Հոռի ամսի քսանվեցին…

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Գահասրահ: Արքա, քրմապետ, պատմիչ:
Քրմապետ — (Հևիհև ներս գալով): Դու այսօր փրկեցիր Հայաստանը, արքա: Աստվածների հայր Արամազդը, ոսկեծին, ոսկեհատ Անահիտը, վիշապաքաղ Վահագնը, ոսկեծղի, վարդամատ Աստղիկը…
Տրդատ — (Ընդհատում է): Ի՞նչ եմ արել, ինչպե՞ս եմ փրկել Հայաստանը:
Ասա, որ ես էլ իմանամ:
Քրմապետ — Քո հրամանով կույսերին շղթայակապ տարանք մինչև քաղաքի հարավային դուռը, այնտեղից` Մեծամորի կամուրջը, դեպի այն ճահճոտ վայրը, որ գտնվում է քաղաքի շուրջը պտտվող Խրամ փոսի մոտ: Այդ թշվառները կույս էլ մեռան: Հեթանոս աշխարհում ո՝վ է կույս մեռնում, ո՝վ չի փառաբանում մարմնի խրախճանքը…
Տրդատ — (Ցավից ոռնալով): Հռիփսիմեի՞ն էլ…
Քրմապետ — Իհարկե, արքա… Քո հրամանով…
Տրդատ — (Կատաղի): Ես այդպիսի հրաման չեմ տվել… Նա՝ է, նա՝… Կրկնակը… Գործում է արդեն… Ինքնուրույն քայլեր է անում… Թագավո՜ր է կարծում իրեն… Եվ առաջին իսկ քայլը` իմ դեմ… (Արտասվում է): Հա, հա, բոլորիդ աչքի առաջ… Դուք ով եք, որ անհարմար զգաց ձեզանից… (Ապա սրբում է արցունքները, ուղղում ուսերը, մոտենում բեմառաջքին, նայում է մեզ և պատմում իր մեծ ցավի մասին): Ես քաջ գիտեմ հույների և հռոմեացիների երկրներն ու մեր պարթևների կողմերը, նաև Ասորեստանը, արաբների եր-կիրը և Ատրպատականը… Եվ ինչո՞ւ մեկ առ մեկ թվեմ, քանզի բազում են այն վայրերը, որտեղ ես հասել եմ խաղաղությամբ և բազում են այն երկրները, որոնք պատերազմելով ասպատակել ու ավարել եմ ես… Սակայն ոչ մի տեղ, հայոց աստվածները վկա, չեմ տեսել նման գեղեցկություն, որ կործանեց քրիստոնյաների դիվային աղանդը…
(Կտրուկ շրջվում է, արագ մոտենում Ագաթանգեղոսին, բռնում օձիքից):
Այս ի՞նչ արեցիր, պատմիչ… Ինչո՞ւ առաջ ընկար… Ատում եմ քո հայոց պատմությունը, ատում…
Ագաթանգեղոս — Երբեմն ես էլ եմ ատում, արքա: Շատ կուզենայի լուսավոր բաներ գրել, բայց, ինչ արած, ստելու շնորհքից զուրկ է քո ծառան:
Տրդատ — Սովորիր ստել, պատմիչ… Եթե չսովորես, ես քեզ կստիպեմ… Էլ ինչ պատմիչ ես դու, եթե ընդունակ չես ստելու…
(Անսպասելիորեն ներս է մտնում Աշխեն թագուհին):
Աշխեն — Կյանքդ կտայիր, չէ՞, որ խանդեի նրան… Բայց եթե մեռած էլ չլիներ, մեկ է, չէի խանդի… Նոր վայելքները վաղ թե ուշ անցնում են, և անառակ ամուսինը վերադառնում է դեպի հին առագաստը:
Տրդատ — Ինչո՞ւ:
Աշխեն — Որովհետև հինը ցավ պատճառելու չափ ծանոթ է նրան: Սովորականի հմայքն է դա, արքա, սովորության ուժը, որից միշտ փախչել ենք ուզում, բայց և միշտ վերադառնում դեպի սկիզբը… Ցավակցում եմ, արքա…
Տրդատ — Այո, ցավակցես պիտի, որովհետև քո տերը ոչ միայն խենթի պես սիրում էր նրան, իսկ իմ սերը հրաման է, թագուհի, այլև ինքս իմ բերանով կարգադրեցի սպանել բոլոր կույսերին: (Նայում է պատմիչին: Պատմիչը չի կորցնում իրեն և գլխով. հաստա-տում է տիրոջ խոսքը): Հանուն իմ երկրի, հանուն մեր աստվածների: Սպանել տվի իմ կամքին հակառակ: Ես ձեռք բարձրացրի ինձ վրա, կտրելով մի մաս իմ մարմնից:
Աշխեն — Ո՞ր մասը, արքա, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
Տրդատ — Հեգնանքդ քեզ պահիր, թագուհի: Դու այսօր քրիստոնյայի պես ես դատում: Չլինի՞ այդ աղանդը քեզ էլ է վարակել:
Թուգուհի — Չի վարակել, հանգիստ եղիր: Բայց մի կին ունենալու գաղափարը մի՞թե ավելի վայել չէ մարդ արարածին, քան այն բազում կանայք, որոնց անուններն իսկ հաճախ չգիտես: Նույնիսկ գազաններ կան, որ ամբողջ կյանքում հավատարիմ են մի էգի: Այդքան խելք ու կարողություն չունե՞նք բարձրանալու գազանների մակարդակին:
Տրդատ — Հասկացա: Դու ամեն ուսմունքից վերցնում ես միայն այն, ինչ ձեռնտու է քեզ: Դու բավարարվիր տիկնանց տիկին քո կոչումով, իմ կանանց մեջ առաջինը լինելու մեծ պատվով: Էլ ի՞նչ ես ուզում սրանից ավելի:
Աշխեն — Ոչինչ, արքա, ոչինչ չեմ ուզում: Գիտեմ միայն, որ ում մոտ ամուսինս է այդ գիշեր, նա էլ առաջին տիկինն է Հայաստանի:
Տրդատ — Հեթանոս աստվածներն ինձ իրավունք են տվել չփտել մի կնոջ ծոցում, հենց այդ նույն ծոցի մեջ երազելով ուրիշի մարմինը: Ամենամեծ անբարոյականությունն է մտքի մեջ դավաճանել քո կողակցին, իսկ ամենամեծ հանցանքները մենք մտքի մեջ ենք կատարում, կին…
Աշխեն — Իսկ ինչո՞ւ այդ իրավունքը տրված է միայն քեզ:
Տրդատ — Այսօր ծանր օր էր ինձ համար: Մի աղտոտիր լեզուդ, մի անցիր սահմանը և մի ստիպիր արքայիդ դիմելու ևս մի դաժանության: Հեռացիր, կին: (Թագուհին թեթևակի գլուխ է տալիս և ահա ուր որ է դուրս կգնա): Ես այս գիշեր կգամ քեզ մոտ: Դու ինձ անկողնում կապացուցես, թե իրավունք ունեի՞ր այսպես անպատկառ բարբառելու: Եթե ապացուցես, որ իրավունք ունեիր, ես կներեմ քեզ: Գնա, պատրաստվիր այս փորձությա-նը:

* * *
Լույսի խուրձի հետ բեմառաջք է գալիս պատմիչը:
Պատմիչ — Կարդալով Ավետարանի ավետիսները և կենաց խոսքը մեր թորգոմյան ազգին, մենք կպատմենք լուսավոր վարդապետության, առաքինի վարքի, ազնվական համբերության մասին այն շնորհալի մեծազոր նահատակի, որը Քրիստոսի խոստովանողը եղավ և ճշմարտության վկան: Թե ինչպես նրա աստվածասիրության և Քրիստոսի պարգևած զորության շնորհիվ փշրվեց ունայնության պաշտամունքը, թե ինչպես եկեղեցիներ շինվեցին մեր Հայաստան աշխարհում և ջնջվեցին սնոտի պաշտամունքները: Իսկ սուրբ Գրիգորը հասավ մինչև մահ և Աստծո կամքով ետ դառնալով, եղավ Քրիստոսի վարդապետության պատգամավորը: Իսկ երախտավոր Տրդատը, կամովին դժվար կյանք ընտրելով` ամենքին ցանկալի դարձավ, Աստծո շնորհներով իր բնաշխարհիկ հայրենիքի որդին եղավ և հավիտենական կյանքի մերձավոր դարձավ:

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Անձրև ու որոտ: Ոտքից գլուխ թրջված, մտնում է արքան և, ձեռքերով ուսերը գրկած, սրթսրթում է ցրտից:
Տրդատ — Ես իմ երազը կորցրի… Որովհետև իրականություն դարձավ այն… Գաղտագողի փախա իմ թիկնապահներից, գողեգող անտառ գնացի… Փորձեցի իմ հիմար երազանքին միս ու արյուն տալ… Բոբիկ թափառեցի խոտերի վրա… Մացառուտները իսկապես ճանկռոտեցին ոտքերս…
(Նայում է ոտքերին ու փնթփնթում):
Այս ինչքան անխիղճ են ճանկռոտել ու արյունել… Հետո եղավ այն, ինչ իմ երազանքի գագաթնակետն էր թվում ինձ… Հորդառատ անձրև եկավ, ու մինչև ոսկորներս թրջվեցի… Ինչիս էր պետք… Այսպիսի ցուրտ մինչև հիմա չէր ներխուժել մարմինս… Կյանքումս առաջին անգամ մրսեցի… (Փռշտում է): Եվ ոչ մի լավ բան չկար դրանում… Չէ, երազանքը պիտի երազանք մնա… Չպետք է այն կեղտոտել իրականությամբ… (Նկատում է, որ սրահի մթության մեջ, անկյունում մի մարդ է կանգնած: Արագ մոտենում է ու հանգստա-նում, տեսնելով, որ պատմիչն է): Ա՜, Ագաթանգեղոս… Չէի ուզենա, որ ուրիշը ինձ տես-ներ այս ստոր վիճակում… Չգրես այս մեկը…
Ագաթանգեղոս — Սա քո անձնական կյանքն է, արքա, քո հոգու պատմությունը, որ ինձ բնավ չի հետաքրքրում:
Տրդատ — Ինչպե՞ս թե… Եվ դա ասում ես դո՞ւ, իմ պատանեկության ընկե՞րը…
Ագաթանգեղոս — Պատմիչը, արքա, պատմիչը, որին վարձել ես դու:
(Արքան մոտենում է բուխարուն ու ձեռքերը դեպի կրակը մեկնած, տաքանում):
Տրդատ — (Փնթփնթում է): Ինչիս էր պետք… (Պատմիչին, վիրավորված): Դու իմ մենության սահմաններն ավելի ես ընդարձակում քո պիղծ խոսքերով:
(Ագաթանգեղոսը մոտենում է արքային և հոգատարությամբ օգնում է հանել զգեստները, փռել կրակի առաջ, իր վրայի պատմուճանը գցելով նրա ուսերին: Միաժամանակ, հանգիստ ու անվրդով, հարցեր է տալիս արքային):
Ագաթանգեղոս — Էջեր կան իմ պատմության մեջ, որոնց ես ականատես չեմ եղել, ուզում եմ քո միջոցով ստուգել իսկությունը:
Տրդատ — Այս ի՝նչ ես անում, սառեցի…
Ագաթանգեղոս — Ոչինչ, մեջքդ տրոտում եմ օղիով, որ ցուրտը հանեմ քո միջից… Սասանյան Ստահրացի Արտաշիրը դավադրաբար պարթևներին հեռացնում է գահից և ինքն է դառնում պարսից աշխարհի տիրակալը… Քո հայրը, Խոսրով արքան, իր պարտված կողմնակիցների վրեժը լուծելու համար հարձակվում է Սասանյանների վրա և ասպատակ սփռում… Ճի՞շտ է, արքա…
Տրդատ — Ճիշտ է, ճիշտ… Բայց դու հենց այնպես չես պատմում ինձ… Ես քեզ լա՛վ գիտեմ, ուզում ես նոր գույժ հաղորդել ինձ… Ասա՛, ասա՛, կաշիս հաստացել է, կդիմանամ մի կերպ…
Ագաթանգեղոս — Չկարողանալով զենքով դիմադրել հայոց ուժին, Սասանյան Արտաշիրը լեզու է գտնում Արշակունյաց ցեղի նահապետ Անակ Պարթևի հետ… Անակը իբր փախստական Հայաստան գալով իր ամբողջ գերդաստանի հետ, վայելում է քո հոր շռայլ հյուրընկալությունը… Եվ օրերից մի օր դավադրաբար սպանում նրան…
Տրդատ — Գիտեմ, գիտեմ… Հայերը կոտորում են Անակի տոհմը, սակայն նրա մանուկ որդուն որոշ մարդիկ փախցնում են Կեսարիա… Ասելիքդ ասա, այդքան հեռուները մի թափառիր…
Ագաթանգեղոս — Արտաշիրը հարձակվում է Հայաստանի վրա, նվաճում երկիրը, իսկ գահաժառանգին…
Տրդատ — Այսինքն ինձ… Հետո՞, հետո՞…
Ագաթանգեղոս — Գահաժառանգ Տրդատին նախարարներից ոմանք փախցնում են Հռոմեական արքունիք…
Տրդատ — Հասկացանք… Եթե ուզում ես ստուգել գրածիդ իսկությունը, ճիշտ էր ամեն ինչ… Բայց դու դա՝ չէիր ուզում, չէ՞… Ասա… Շուտ ասա…
Ագաթանգեղոս — Ով՞ էր այն մանուկը, դավաճան Անակ Պարթևի որդին, ում փախցրին Կեսարիա:
Տրդահ — Ի՞նձ ինչու ես հարցնում: Մագաղաթներիդ հարցրու:
Ագաթանգեղոս — Հարցրել եմ, տեր իմ:
Տրդատ — Եվ ի՞նչ է պատասխանում մագաղաթը:
Ագաթանգեղոս — Այն, որ քո ընտանիքի թշնամի Անակ Պարթևի որդին, ում փախցրին Կեսարիա, քո ծառա Գրիգորն է…
Տրդատ — Ի՞նչ… Ասում էի, չէ՞, շուն, դու ինձ պատին դեմ կտաս…
Ագաթանգեղոս — Այն երիտասարդը, արքա, ով քո գահակալության ժամանակ եկավ Կեսարիայից ու ծառայության մտավ քեզ մոտ… ծառայեց պատվով ու խղճով:
Տրդատ — Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ… Չէ՞ որ իսկապես ինձ ծառայել է պատվով ու խղճով…
Ագաթանգեղոս — Գուցե ուզում էր հոր մեղքը քավել իր ազնիվ ծառայությամբ:
Տրդատ — Լա՜վ է քավում, ինչ խոսք, պաշտելով օտար Աստծուն… Եվ սա կոչվում է պատվով ու խղճո՞վ… Դե ասա, պատմիչ, ասա, չէ՞ որ դու ամեն ինչ գիտես… Ասա, ինչ անեմ…
Ագաթանգեղոս — Գրիգորն ազնիվ մարդ է, արքա, առաքինի և իր արքային նվիրված:
Տրդատ — (Գոռում է): Մագաղաթներո՝վ, մագաղաթներո՛վ… Ինձ քո անձնական կարծիքը պետք չէ… Մագաղաթում ի՞նչ ես գրելու…
Ագաթանգեղոս — Ես չեմ գրելու, գրվելու է, արքա:
Տրդատ — Մի փորձիր իմ համբերությունը, ի՞նչ է գրվելու…
Ագաթանգեղոս — «Երբ թագավորը իմացավ, թե դա իսկապես որդին է Անակ Պարթևի, որն սպանել է նրա հորը` Խոսրովին, հրաման արձակեց կապել ոտքերը, ձեռքերն ու պարանոցը: Եվ տարան նրան Այրարատ գավառը, հանձնեցին Արտաշատ քաղաքի բերդի դղյակը և իջեցրին ներքին վիրապը, որի խորությունից դուրս գալ անհնար էր, և դա արեցին, որպեսզի նա իսկույն մեռներ» (Հանկարծ): Բայց… Ո՞վ ես դու, իմ արքա՞ն, թե կրկնակը…
Տրդատ — Եթե ինձ անգամ չի հետաքրքրում դա, քե՞զ ինչու է այդ հարցը տանջում: Կա միայն մի արքա, նա, ով քո դիմացն է տվյալ պահին: Կանչիր Գրիգորին:
(Պատմիչը դուրս է գնում):
Բայց և այնպես, ո՞վ եմ ես, արքա՞ն, թե՞ կրկնակը… Միևնույն է, ով էլ լինեմ, ուզում եմ հանդիպել իմ երկրորդ կեսին, մինչև առավոտ սիրտս բացել նրա առաջ… Հաստատ գիտեմ, որ նա ևս շատ բան ունի ինձ պատմելու… Թեև… Թեև ուզում եմ նաև մի քիչ անծանոթ մնալ ինձ… Հե՜յ, արքա ես, կրկնակ ես, ինչ ես, չերևաս աչքիս… Եթե կանչեմ էլ, չհամարձակվես երևալ…
(Մտնում են պատմիչն ու Գրիգորը):
Ի՞նչ արեցիր այս մի քանի օրը, եկա՞ր եզրակացության, հասկացա՞ր, որ ազգի հավատալիքներին դեմ գնալն աններելի հանցանք է: Մի խոսքով, մեղավոր ճանաչո՞ւմ ես քեզ:
Գրիգոր — Ես կարող էի հանուն մեր անցյալի ստել և քո հարցին պատասխանել «այո»: Բայց հանուն այդ նույն անցյալի` ասում եմ «ոչ»:
Տրդատ — Դո՛ւ չես ստում, պատմի՝չը չի ստում, հապա ո՞վ պիտի ստի, միայն ե՞ս… Անգործ մարդիկ միայն կարող են այդ շռայլությունը թույլ տալ… Իսկ գործ անողը պիտի ստի էլ, խաբի, ծռմռվի, երդումնազանց լինի, հապա ի՞նչ ես կարծում…
Գրիգոր — Լավ ես ասում, արքա… ճիշտ ես ասում… Բայց այդ մեղքը նաև դու ես սերմանում… Մտքովդ չէր անցել, չէ՞… Իսկ ինչու չէր անցել… Չե՞ս տեսնում ինչ երկրում ես թագավորում… Չե՞ս տեսնում ինչ այլանդակ բարքեր են շուրջդ… Ուշքի արի… Լայն բաց արա աչքերդ… Գողեր ու ավազակներ են չորս կողմդ, խոզեր, անբարո խոզեր, որոնք մի հատիկ ոսկու համար հորն էլ կծախեն, մորն էլ… Առաջ գոնե մարդու դիմակ էին հագնում, գոնե փորձում էին խաբել միամիտներին… Իսկ հիմա գործում են խոզավարի, առանց ամոթի… Ե՞րբ ես տեսել այսքան ընչաքաղցություն, այսքան խաբեություն… Եղավ այն, ինչ Տերն էր ասում. տեսա ծառաներ` ձիերի վերա և իշխաններ` ծառաների պես ման գալիս երկրի վրա… Այսքանից հետո էլ ի՝նչ հայրենիք, էլ ի՝նչ ժողովուրդ… Չե՞ս զգում, որ այսօր փուչ խոսքեր են դրանք, նույնիսկ ականջ չեն շոյում… Այսպես ապրե՞լ կլինի… Մաքրվել է պետք, արքա, ուրիշ ճար չկա, Տիրոջ նման ջուրը մտնել, մկրտվել… Մեծից մինչև փոքրը… Արքայից սկսած մինչև ամենահետին շինականը… Թե չէ ապականության գաղջ հոտը չի ջնջվի քո երկրից… Խոզերով կլցվի ողջ երկիրը…
Տրդատ — Եվ ե՞ս եմ մեղավոր այս ամենի համար:
Գրիգոր — Հապա ուրիշ էլ ո՞վ: Անմաքուր երկրի թագավորը ինչպե՞ս կարող է մաքուր լի-նել: Թեկուզ մաքուր լինի իր էությամբ: Հա՛, հա՛, թեկուզ ինքը մաքուր լինի: Լսե՞լ ես այդպիսի բան: Դիմացիր, արքա, էլ ոչ ոք նման խոսքեր չի ասի քեզ: Որովհետև ոչ ոք քեզ անկեղծորեն չի սիրում իմ չափ:
Տրդատ — Ուրեմն, նաև շնորհակա՞լ պիտի լինեմ քեզ:
Գրիգոր — Ինչո՞ւ շնորհակալ, պիտի ուրախ լինես, որ ականջներդ վերջապես նման բաներ են լսում:
Տրդատ — Եվ ի՞նչ է քո դատավճիռը հայոց արքային… Ասա, ասա, արդեն չափն անցել ես, ուրեմն էլ ինչո՛ւ զգուշանաս…
Գրիգոր — Եթե համաձայնվել ես թագավոր դառնալ, ուրեմն համաձայնություն ես տվել նաև երկրիդ ախտերին…
Տրդատ — Բայց ե՞րբ է ավելի լավ եղել, Գրիգոր… Ինչո՞ւ ես զրպարտում ինձ… Մի չարաշահիր իմ ծով համբերությունը…
Գրիգոր — Ով կարող է ասել, թե ցորենը որերո՞րդ հատիկից հետո է կույտ դառնում… Բայց դառնում է, չէ՞, ի վերջո… Մեղքը քո օրոք է կույտ դարձել, արքա… Մեղավո՞ր եմ, որ բախտդ չի բերել… Ես քեզ մաքրվելու միակ միջոցը հուշեցի, ազգովին մաքրվելու… Մի փախցրու հնարավորությունը, մի թող, որ հայրենիքը սոսկ տարածություն դառնա…
Տրդատ — Ի՞նչ Աստված է դա, եթե ուզում է մենակ թագավորել… Երկնքո՞ւմ էլ է գահի կռիվ… Իսկ դո՞ւ ինչու ես նրանց ոտքերի տակն ընկել, չե՞ս տեսնում, որ տրոտում են քեզ…
Գրիգոր — Ես քեզ էլ եմ դարձի բերելու: Առաջին հերթին քեզ: Չեմ թողնի, որ կյանքդ սխալ անցնի: Ես ինձ չեմ ների, եթե դու շարունակես խարխափել խավարի մեջ:
Տրդատ — Հրեա չի՞ քո Աստծո որդին: Եթե ճշմարիտ լիներ, ինչո՞ւ հենց իր ազգը մերժեց նրան: Եվ ի՞նչ գործ ունի հրեան այս հողի վրա, ինչո՞ւ է նա մտել իմ ու քո արանքը:
Գրիգոր — Հրեան մերժեց Քրիստոսին, որովհետև կարճամիտ ռաբիները նրան ներշնչեցին, թե նոր հավատը զուրկ է ազգային արմատներից, ուղղված է ամբողջ մարդկությանը: Մերժելով Քրիստոսին, հրեան մերժեց եղբայրության ու սիրո գաղափարը: Իսկ դու պատկերացնո՞ւմ ես, եթե ամեն ազգ իր կրոնն ունենար… Ինչ ահավոր սոդոմ-գոմոր կլիներ… Չէ, չէ, ես դարձի կբերեմ ոչ միայն քեզ, այլև քո բոլոր ազգակիցներին…
Տրդատ — Որտեղի՞ց այս մոլեռանդությունը, արշակունյաց Պարթև Անակի որդի: Մեր աստվածները զվարթ են, ազատամիտ, լայնախոհ, սիրում են կին, ուրախություն, մարմնեղեն հաճույք… Իսկ դու քո մռայլ և սակավապետ Աստծուն ես քարոզում…
(Գրիգորը իրեն կորցրած, նայում է արքային):
Հա՛, հա՛, Պարթև Անակի որդի… Ինչո՞ւ ես այսքան տարի թաքցրել քո ինքնությունը:
Գրիգոր — Եթե չթաքցնեի, դու ինձ չէիր ընդունի:
Տրդատ — Հորդ մեղքե՞րն էիր ուզում քավել…
Գրիգոր — Մասամբ, արքա, մասամբ: Բայց ամենից շատ ուզում էի դարձի բերել քեզ ու քո ժողովրդին:
Տրդատ — Բավական է, ի սեր քո Աստծո, լռիր… Դու լավ գիտես, որ ես չեմ կարող հեշտությամբ ջնջել մեր անցյալը, և օգտվում ես դրանից: Գիտեմ, պատմիչ, գիտեմ, որ արքայավայել չեմ պահում ինձ, բայց, ինչ արած, թույլ թե ուժեղ, լավ թե վատ, սա է քո արքան…
(Գնում է):
Ագաթանգեղոս — Դեռ շուտ է ուրախանալ, Գրիգոր, որքան էլ ես կողմնակից լինեմ քեզ, մատյանում չգրվեցին նրա խոսքերը… Անիծյալ ձեռքս ուրիշ բան է գրում…
(Հակառակ կողմից մտնում է արքան):
Տրդատ — Մենք չենք ուզում դարձի գալ, Գրիգոր… Ագաթանգեղոս պատմիչ, գրիր ու տարածիր իմ հրովարտակը: Մեծ Հայքի Տրդատ արքայից` մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին և այլ մարդկանց, որոնք իմ իշխանության ներքո են գտնվում: Թող ողջույն և խաղաղություն հասնի ձեզ աստվածների օգնականությամբ, պարարտ լիություն` արի Արամազդից, խնամակալություն` Անահիտ տիկնոջից, քաջություն` ամենայն Հայոց աշխարհին` քաջն Վահագնից: Եթե հանկարծ գտնվի որևէ մեկը, որ մեր աստվածներին անպատվի, հրամայում եմ նրա տունը, կյանքը, ինչքը, ստացվածքն ու գանձերը տալ նրանց, ովքեր հայտնաբերել են հանցագործներին: Մանավանդ քրիստոնյա աղանդի մասին պատվիրում եմ, որ եթե գտնվի այդպիսին, անհապաղ հայտնաբերել ու հայտնել արքունիք: Իսկ ով հայտնաբերի և թաքցնի, մահապարտ կհամարվի: Ինչպես որ ես չխնայեցի իմ վաստակավոր Գրիգորին, իմ սիրելիին, չարաչար ու սաստիկ տանջանքներով տանջեցի և ապա անմատչելի Խոր Վիրապ նետել տվի, որպեսզի իսկույն օձերին կերակուր դառնա: Նույնիսկ նրա մեծ վաստակը նկատի չունեցա ի սեր աստվածների ու նրանց ահու, ուրեմն թող ձեզ էլ ահ լինի և մահվանից երկյուղ, ուստի մնացեք աստվածների հովանավորության տակ: Ողջ եղեք, իսկ մենք ինքներս ողջ ենք:
(Ոգևորությունից հևում է): Տեսա՞ր, պատմիչ, ես էլ քեզ նման սովորեցի դեպքերից առաջ ընկնել… Ուրեմն, թող կատարվի այն, ինչ ասացի…
(Զինվորներ են մտնում և քաշելով տանում Գրիգորին):
Գրիգոր — (Դիմադրելով նրանց): Միևնույն է, ես կփրկեմ քեզ… Դարձի կբերեմ… Չեմ թողնի, որ սխալ ապրես… Ես քեզ սիրում եմ, արքա… Որքան ուզում ես ատիր ինձ, մեկ է, իմ սիրուց ազատում չունես…
Տրդատ — (Մնալով մենակ): Իսկ ես հենց իմ սիրուց եմ վախենում, ոչ թե ատելությունից…

ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ

Թագուհու օթևանը: Մտնում է արքան:
Աշխեն — Արքա… Ինձ թվաց, թե չես գա, մոռացել ես քո խոստումը…
Տրդատ — Ոչ թե խոստումը, այլ սպառնալիքը, թագուհի:
Աշխեն — Բայց քո աչքերի փայլը անսովոր է այսօր… Մի՞թե դրանով ես ինձ սպառնում…
Տրդատ — Ինձ դուր է գալիս քո հանդուգն լեզուն: Քո անամոթությունը ինձ խելքահան է անում: Մնացած հարճերը հնազանդ են իմ ամեն մի քմահաճույքին, իսկ դու անխոս մրցում ես ինձ հետ, փորձում ես մեր մահճի միանձնյա տերը դառնալ, կամ, մեծահոգաբար, առնվազն կիսել ինձ հետ…
Աշխեն — Երկա՞ր չէր խոսքդ, արքա…
Տրդատ — Ես ուզում եմ, որ անվերջ երկարի մեր այս գիշերը… Ես ուզում եմ այսուհետ ամեն գիշեր հատ-հատ նվիրել քեզ… Որ մեկը նման չլինի մյուսին… Գիտե՞ս որն է գիշերվա գերագույն հաճույքը… Երբ կինն ու տղամարդը փորձում են հաճույքի մեջ նվաստացնել իրար, անասելի քաղցր ցավ պատճառել միմյանց, մահճում հաղթել ու պարտ-վել միաժամանակ… Ես եկել եմ թե՛ հաղթելու, թե՛ պարտվելու…
Աշխեն — Հետո՞, հետո՞… Պատմիր, արքա…
Տրդատ — Ես բառեր կշշնջամ քո ականջին… Ամենասովորական բառերը… Բայց խոսք եմ տալիս, քեզ կթվան լավագույնը քո լսածներից… Ամենաանծանոթը… Միշտ նույնը, բայց միշտ անծանոթ…
Աշխեն — Ո՞վ ես դու, արքա՞ն, թե՞ կրկնակը…
Տրդատ — (Ցնցված): Ի՞նչ կրկնակ…
Աշխեն — Թեև երեք հոգու էր հասու գաղտնիքը, բայց թագուհին պարտավոր է ամեն ինչ իմանալ:
Տրդատ — Հիմար թագուհի, հիմար… Մի՞թե կրկնակը կհամարձակվեր մտնել քո օթևանը… Ես եմ, ես, քո ամուսինը…
Աշխեն — Հետո՞, արքա, հետո՞… Ինձ դուր է գալիս քո շատախոսությունը… Գիշերվա հեքիաթի ավարտը չպատմեցիր… Ի՞նչ է լինում հաղթելուց հետո, հիշեցրու ինձ…
Տրդատ — Իսկ հետո, թագուհի, «Մենքի» փոխարեն տրոհված մի ես ու մի դու, երկու հոգի պառկում են մահճի վրա, իրարից մի փոքր հեռու, ազնիվ ու մաքուր հոգնածությամբ, ուղղակի ու պարզունակ երջանկությամբ, որի տակ ուրիշ ոչ մի իմաստ, ուրիշ ոչ մի խորություն չկա…
Աշխեն — Գրկիր ինձ… Քո հոտերից ես կիմանամ` արքան ես դու, թե նրա կրկնակը…
Տրդատ — Իսկ դու ուզո՞ւմ ես իմանալ…
Աշխեն — Եթե գետինն ու առաստաղը փոխեն իրենց տեղերը, եթե քո գրկում անդունդ գլորվեմ, անհատակ անդունդ և ոչ թե այն ցածրիկ փոսը, որ դու ինձ գցել ես հաճախ, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզենա իմանալ…
(Նա դանդաղաքայլ մեկ առ մեկ մոտենում է ջահերին, մի տեսակ հանդիսավոր հանգցնում դրանք, ապա մոտենում է արքային ու կարոտով փարվում նրան): Քո բառը շշնջա… Ամենասովորականը, բայց ամենաանծանոթը…

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

Խոր Վիրապ: Մտնում է արքան, մոտենում է փոսին, նստում է ծայրին, մի փոքր կռանում փոսի վրա:
Տրդատ — Գրիգոր, ես եմ, քո արքան… Թեև դու արդեն ոչինչ չունես, նույնիսկ արքա…
Գրիգորի ձայնը — Ինչո՞ւ ես իմ սահմանն անցնում:
Տրդատ — Ուրեմն, պարզվում է, դու դեռ ինչ-որ բաներ ունես, նույնիսկ սահման…
Գրիգորի ձայնը — Տառապանքի սահմանն է, արքա, որտեղ օտարական ես դու:
Տրդատ — Իհարկե, իմը միայն խրախճանք է ու վայելք… Հիմար Գրիգոր… Դու ինչ գիտես իմ հոգու մասին, որտեղ նույնիսկ քեզ համար տեղ կա… Կարծում ես չե՞մ տառապում քեզ համար… Բայց ի՞նչ կարող եմ անել, եթե դու ինձ չես օգնում, չես ուզում ձեռք մեկնել ինձ… Մի հատիկ «ոչ»-ը ինչ է, որ զլանում ես ասել և դուրս գալ այս գեհենից… Մտքիդ մեջ ում ուզում ես պաշտիր, բայց միայն մտքիդ մեջ… Ես կներեմ, քանի շրթներդ փակ կլինեն… Համաձայնիր, Գրիգոր… Գիտես ինչ տաք արև է այստեղ… Թռչունները ինչ քաղցր են ճռվողում… Գետակի գլգլոցը խաղաղություն է սփռում չորս բոլորը… Մի՞թե չարժե այս ամենը դարձյալ տեսնել ու զգալ…
Գրիգորի ձայնը — Դու ինչ տեսակ մարդ ես, որ չկարողացար ինձ կարգին ատել… Հապա ինչպե՞ս ես կիսատ-պռատ քո էությամբ երկիր ու ժողովուրդ պաշտպանելու…
Տրդատ — Ես հավատարիմ եմ թե իմ սիրուն, թե ատելությանը… Այդ դու ես հեշտ դավաճանում… Քո հորն ես քաշել, Պարթև Անակին…
Գրիգորի ձայնը — Դու ես դավաճան… Դու մոռացար նույնիսկ քո սերը… Հռիփսիմեին սպանեցիր թե՝ մարմնապես, թե՝ քո մտքում…
Տրդատ — Արքաները իրավունք չունեն անձնական վիշտ ունենալու… Ես գուցե գիշերներն եմ արտասվում նրա համար, դու ինչ գիտես…
Գրիգորի ձայնը — Դավաճա՝ն…
Տրդատ — Դու քեզ նայիր, քեզ… Նախ քո աչքի միջից գերանը հանիր, հետո ուրիշի փուշից խոսիր… Դու լքեցիր քո ընտանիքը, կնոջդ ու երկու զավակներիդ… Դու, այդ մեծ մեղքը շալակած, ինչպե՞ս ես հանդգնում Աստծո անունից խոսել…
Գրիգորի ձայնը — Ես հասարակ մահկանացու եմ, և իմ, անարժանիս սերը հազիվ կհերիքի Աստծուն նվիրելու… Հազիվ, արքա, հազիվ…
Տրդատ — Չէ, դու հաճույք ես ստանում ինձ տանջելով… Հենց որ համոզվես, որ ես մոռացել եմ քեզ, որ արդեն զրկվել ես այդ հիվանդագին հաճույքից, դու նոր կհասկանաս սեփական տառապանքիդ խորությունը և կզզվես քեզանից… Քո տոկունությունից, ծով համբերությունից, աներես դիմացկունությունից… Ես քեզ համար կանեմ այդ լավությունը… Ես այլևս չեմ գա.. Մնաս բարով, Գրիգոր…
(Արքան գլխիկոր հեռանում է):
(Հակառակ ծայրից մտնում է… Արքան, մոտենում փոսին, նստում ծայրին ու կանչում):
Տրդատ — Գրիգոր… Ես եմ… Եկել եմ նորից… Ամեն անգամ նույն հույսով, որ այլևս չես պատասխանի ինձ… Օձերով լի այս խորունկ փոսը մահապարտների համար է հատ-կացված և ոչ թե քեզ պես աներես հպատակների… Ինչո՞ւ չեն կծում քեզ, ինչո՞ւ չեն խայթում… Բա դու մա՞րդ ես… Մարդ չես, Գրիգոր, նույնիսկ նրանք զզվում են քեզանից… Չես ուզում, մի պատասխանիր, ավելի լավ… Գոնե հույս կներշնչես, որ ձեր աղանդի օրենքներով, հոգիդ ավանդել ես արդեն… Բայց գիտեմ, որ շուտով ձայն կտաս ինձ… Որովհետև անամոթաբար կառչել ես կյանքից… Բայց սա ի՞նչ կյանք է, Գրիգոր, միայն չարչարանք ու տառապանք… Արժե՞ այս գնով ապրել… Չկարծես հիանում եմ քո դիմացկունությամբ, ընդհակառակը, խորշում եմ քեզանից… Անմարդկային բան եմ տեսնում ապրելու քո համառության մեջ… Այս հարցում էլ ես մոլեռանդ, ձիու պես աչքապանակ ես հագել, որ շուրջդ չտեսնես և նայես միայն մի ուղղությամբ… Դե ձայն հանիր, մի հուսադրիր ինձ, թե իբր մարդկային բան կա քո մեջ ու վերջապես մարդավարի էլ որոշել ես մեռնել… Բայց, խոսքը մեր մեջ, քո կենդանությունն ինձ դուր է գալիս… Մտքովդ չի՞ անցել, թե հապա ինչո՞ւ չեմ հրամայում քեզ սպանել, ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ քո աղանդին պատկանող մի կին ամեն օր գա և հաց ու ջուր բերի քեզ համար… Որովհետև, կարճամիտ Գրիգոր, մահը կթեթևացնի վիճակդ… Եվ այն կյանքը, որ մուրալով ձեռք ես բերել Ահրիմանից, ընդհակառակը, կերկարացնի չարչարանքդ… Ինձ հենց այդ է պետք… Դե, ապրիր, երկար ապրիր… Սա էլ իմ կողմից… Մի քանի մետաղադրամ, որ նեղ օրեր չունենաս…
(Մետաղադրամները գցում է փոսը և հանկարծ ձեռքը մնում է օդում):
Գրիգորի ձայնը — Արքա… Ես կփրկեմ քեզ… Մենք միասին դարձի կբերենք այս երկիրը… Մենք բարոյականություն կտարածենք ամենուրեք… Որովհետև մի Աստվածն է միայն բարոյականի հիմքը… Իսկ բազմաստվածությամբ մենք մեզ ազատել ենք բարոյականությունից, մենք մեզ զրկել ենք ինքնաճանաչումից… Շուտով, արքա, ես խոստանում եմ քեզ… Համբերիր մի քիչ…
(Արքան շվարած նայում է օդում կախված իր ձեռքին, որ բռնել է վերջին մետաղադրամը: Ձեռքը դանդաղ տանում է գրպանը, մետաղադրամը դնում մեջը, ապա մի տեսակ խուճապով, կարծես վախեցած, շտապ հեռանում, փախչում է Խոր Վիրապից):

ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ
ԳԱՀԱՍՐԱՀ

Տրդատ — Ի՞նչ կա, քրմապետ. նոր աղանդը հո չի՞ տարածել իր սահմանները:
Քրմապետ — Քամի էր, արքա, եկավ, գնաց…
Տրդատ — Պատմիչ, դու ասա:
Ագաթանգեղոս — Զգույշ, արքա, այսօր փորձանք է սպասում քեզ:
Տրդատ — Ի՞նչ փորձանք, ի՞նչ ես գրել քո մագաղաթներում:
Ագաթանգեղոս — Դեռ չեմ գրել, տեր իմ: Բայց վտանգի հոտ է տարածված արքունիքում:
Տրդատ — Գնա քո օթևանը ու գրիր: Տես ինչ է իրեն-իրեն գրվելու, որն է դեպքերի զարգացման ընթացքը: Եվ անմիջապես ինձ իմաց տուր: Կաց, կաց… Դու իսկապե՞ս կախարդ չես…
Ագաթանգեղոս — Ոչ, արքա, ոչ, կախարդ չեմ, մարդ եմ, պարզապես ես իմ գործը լավ գիտեմ:
Տրդատ — Ինչ լինում է թող լինի, հո եղածից վատը չի լինելու: Գնա, պատմիչ: Ես էլ իջնեմ պալատի դուռը, դիմավորեմ Հռոմից եկած պատվիրակներին:
Ագաթանգեղոս — Իսկ ինչո՞ւ ես գնում, հայոց արքային պատշաճ չէ պալատի մուտքի մոտ դիմավորել թեկուզ կայսեր պատվիրակներին:
Տրդատ — Գիտեմ… Այնքան բան գիտեմ, պատմիչ, բայց օգուտն ինչ… Միշտ որոշում եմ այլևս նման բան չանել, բայց ոտքերս իրենց-իրենց գնում են, ինչպես դեպքերը քո մագաղաթներում… Սա վերջին անգամն է, խոստանում եմ քեզ…
(Արքան և պատմիչը գնում են):
Քրմապետ — Այս մեկը արքան էր… Ոչ այն մյուսը, որին ես դաստիարակեցի… Մյուսին ես կերտեցի առանց արքայի թերությունների, միայն նրա լավ կողմերով…
(Հանկարծ խորքում մի պահ հայտնվում է արքան, հեռվից ժպտադեմ նայում քրմապետին, մատը բացասաբար շարժում, ապա նույն արագությամբ էլ անհետանում):
Քրմապետ — Այս մեկն արքան էր… Ես քեզ էլ կարող էի բեռնաթափել քո թերություններից, փոշու պես դրանք թափ տալ քո վրայից, բայց դու թույլ չես տալիս… Թերագնահատում ես ինձ… Իսկ հենց որ դժվար գործ է լինում, ինձ ես վստահում միայն… Որովհետև բոլոր արքաների նման կարծում ես, թե ոչ ոք իրավունք չունի քեզնից ավելի խելք ունենալու… Իսկ ես խելացի եմ, արքա, աստվածները վկա, խելացի եմ… Այնքան, որ կարող եմ քեզնից պակաս խելացի երևալ… Ո՞րն է առավել կարևոր, որ բոլո՞րը իմանան դա, թե՞ միայն ինքս… Ի՝նքս, ի՝նքս… Եվ ես հպարտ եմ իմ այս գաղտնիքով… Եթե գաղտնիքն իմանային, գուցե զրկվեի այս գերագույն հաճույքից…
(Գնում է):
(Այլայլված մտնում է Ագաթանգեղոսը):
Ագաթանգեղոս — Ես գրեցի, արքա… Հետևելով դեպքերի զարգացմանը, ձեռքս գրեց… Չեմ համարձակվում նույնիսկ իմ գրածը կարդալ… Էլ ինչպե՞ս լեզուս պտտվի ասելու…
(Համարյա վազելով, հևիհև մտնում է արքան):
Տրդատ — Պատմիչ, ուշադիր նայիր ինձ, որևէ տարօրինակ բան չե՞ս տեսնում ինձ վրա…
(Ագաթանգեղոսը չի նայում, բայց գլխով է անում):
Ագաթանգեղոս — Տեսնում եմ, արքա…
Տրդատ — Բայց դու չես նայում ինձ…
Ագաթանգեղոս — Տեսնում եմ, արքա…
Տրդատ — Ի՞նչ, ի՞նչ ես տեսնում… Ի սեր աստվածների, ասա, որ ինքս էլ տեսածիս… (Պաուզա): Չհավատամ, չհավատամ…
Ագաթանգեղոս — Ամբողջ մարմինդ մազակալել է:
Տրդատ — Դու ինձ չես սիրում, չես սիրում, պատմիչ… Ուրեմն, ճի՞շտ էր իմ տեսածը…
Ագաթանգեղոս — Մարմնիդ բոլոր մասերի վրա խոզի մազ է բուսնել… Վայրի, խոշոր վարազի նման…
Տրդատ — Խնայիր, պատանեկության ընկեր… Ասա, որ չես տեսնում… Բայց ես եմ տեսնում, ե՝ս…
Ագաթանգեղոս — (Դեռ չի նայում արքային): Իսկ ոտքերիդ և ձեռքերիդ մատների ծայրերը կճղակացել են` գետին փորող արմատակեր վարազի նման…
Տրդատ — (Սարսափահար): Իսկ կնճիթի ծա՞յրը… Չե՞ս տեսնում, որ կնճիթ է աճել դեմքիս…
Ագաթանգեղոս — Տեսնում եմ, արքա…
Տրդատ — Ի՞նչ անեմ… Ո՞ւր գնամ ես… Ախր ես կիսատ եմ թողել ընդունելությունը… Ասա, ի՞նչ անեմ… Ինչպե՞ս երևամ մարդկանց աչքին…
Ագաթանգեղոս — Չես կարող երևալ, արքա…
Տրդատ — Եվ դու համարձակվում ես այս վիճակիս մենա՞կ թողնել ինձ… Դո՞ւ, իմ ընկե՞րը… Գրիգորը այդպես չէր վարվի… Չէ, չէ, բոլորդ եք դավաճան… Նա էլ, դու էլ… Ինչո՞ւ, պատմիչ, ես ի՞նչ եմ արել, որ աստվածները դարձյալ պատուհաս շպրտեցին ինձ վրա…
Ագաթանգեղոս — (Կարդում է մագաղաթյա մատյանը): «Թագավորը` աղբ որոնող խոզերի կերպար էր ստացել… Գազանամիտ բնությամբ ու վարքով` թագավորական բարձր շուքից ընկած, շրջում էր անբան, խոտակեր գազանների կերպարանքով և գազանների հետ թափառում եղեգնուտի ներսում` մեկուսացած մարդկանցից»…
(Արքան խեղճացած գլխով է անում: Հանկարծ ափով բռնում է բերանը, ընկնում է գետնին ու թավալվում):
Ագաթանգեղոս — Ի՞նչ պատահեց, արքա…
(Արքան վեր է կենում ու մի տեսակ մեղավոր հայացք գցում պատմիչին: Թոթվում է ուսերը և սկսում հիմար-հիմար ծիծաղել):
Տրդատ — Բերանիցս բառերի փոխարեն խոզի խռխռոց էր դուրս գալու, չտեսա՞ր, հազիվ ինձ զսպեցի…
(Նորից աչքերը վախից խոշորանում են, ձեռքը տանում է բերանին և դուրս փախչում):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐՈՐԴ
ԽՈՐ ՎԻՐԱՊ

Տրդատ — Գրիգոր, տեսա՞ր քո կախարդները ինչ արեցին ինձ… Ասա նրանց, որ ես քո ընկերն եմ եղել, քո արքան… Թող ձեռք քաշեն ինձանից… Չես պատասխանում, ուրեմն, համաձայն ես նրանց վճռին… Իմ աստվածներն էլ երես թեքեցին ինձանից, լքեցին ինձ, թողեցին բոլորովին մենակ… Իսկ ես նրանց սիրույն Հռիփսիմեին անգամ զոհեցի… Եվ քեզ զոհեցի, քեզ… Էլ ինչ անեի, որ նրանք պաշտպան կանգնեին ինձ… Գրիգոր, քանի լեզուս պտտվում է բերանումս, քանի խռխռոց դուրս չի գալիս խոսքի փոխարեն, շուտ-շուտ ասեմ… Ասում ես նոր կրո՞ն, Հիսուս Նազովրեցի՞, նրա հայրը` մեն մի Աստվա՞ծ… Եթե նույնիսկ ճիշտ ես, իսկ ես վստահ եմ, որ սխալվում ես չարաչար, ինչո՞ւ առաջինը մենք ընդունենք նոր ուսմունքը… Տեսնում ես որքան հզոր երկրներ են մեր շուրջը… Մենք ինչ ենք նրանց համեմատ… Հայոց արքաներին նրանք չե՞ն թագադրում, նրանց որոշումով չի՞ տրվում հայոց թագը… Էլ ի՞նչ ենք թպրտում, էլ ի՞նչ ենք ձգտում միշտ առաջինը լինել… Խելացի բան չես անում, Գրիգոր… Եթե նոր ուսմունք է պետք, թող առաջ նրանք ընդունեն, իսկ մենք լինենք վերջինը… Սա է փոքր ազգի խելքի նշանը… Իսկ եթե ես լսեմ քեզ և մերժեմ մեր աստվածներին, որ հզորների աստվածների ազգականն են, ինձ էլ կուլ կտան, քեզ էլ, Հայաստանն էլ… Սա՞ ես ուզում… Դու նրանց մոտ ես սովորել և քեզ թյուրիմացաբար թվում է, թե դու մեկն ես նրանցից… Հայ ես դու, Գրի-գոր, մի մոռացիր, հայ ես, փոքր ազգի զավակ… Առաջ մի ընկիր, եթե նույնիսկ գիտես, որ արժանի ես, մեկ է, մի ընկիր հզորներից առաջ… Քեզ ոչ ոք չի ների… Չգիտե՞ս, որ դա է աշխարհի օրենքը… Հա, հա, գլուխդ ցից մի պահիր, մի տարբերվիր, քո նմանությունը ընդգծիր, ոչ թե տարբերությունը… Տարբերությունը մարդիկ անգամ չեն ներում իրար, էլ ուր մնաց հզոր երկրները… Եթե Հռոմը ընդունի քո պաշտած Քրիստոսին, ես քեզ ոչ միայն արքայի, լսո՞ւմ ես, ես քեզ տղամարդու խոսք եմ տալիս, որ նույն բանը կանեմ ես… Կպաշտեմ այն Աստծուն, որին Հռոմն է պաշտում… Չէ, չես պատասխանում, ուրեմն համաձայն չես իմ խոսքերին… (Ձեռքով է անում հեռու հեռվում երևացող ինչ-որ մարդկանց): Կրկնակն է ու թագուհին… Կամ արքան ու թագուհին… Ինչ իմանան ով ես ես… Չնկատեցին ինձ… Չուզեցին նկատել… Էլ ի՞նչ կրկնակ ես դու, եթե չես բաժանում իմ ճակատագիրը… Գնա, մենակ թագավորիր… Եթե այդքան ժլատ ես, իմ մահիճը մենակ կիսիր իմ կնոջ հետ… Ես իմ հաշիվները փակել եմ, էլ գործ չունեմ ձեզ հետ… Տես, ինձ սպասում են… (Շամբուտի միջից մի քանի վարազի գլուխ է երևում): Բայց ինչի՞ց է, Գրի-գոր, որ այլևս չեմ սոսկում նրանցից… Չեմ զզվում… Նրանց մռութները նույնիսկ զվարճալի են ինձ, նույնիսկ համակրելի… (Դեպի եղեգնուտը): Գալիս եմ, գալիս եմ, կեր թողե՞լ եք ինձ, թե՞ խոզի պես ամեն ինչ խժռել… Գալիս եմ, համբերեք, գալի՜ս եմ…
(Գնում է դեպի եղեգնուտը):

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

Պատմիչը կանգնել է շամբուտի ծայրին և կանչում է իր արքային.
«Արքա, արքա»…
Շամբուտի միջից քիչ անց դուրս է գալիս Տրդատը` խոզի կերպարանքով, կասկածանքով նայում պատմիչին, հետո, կարծես հիշելով նրան, առաջ է գալիս:
Տրդատ — Լավ արեցիր, որ եկար… Դու միակն ես մարդկային ցեղից, ում կուզենայի տեսնել…
Ագաթանգեղոս — (Հուզված): Ինչպե՞ս ես, արքա…
Տրդատ — Հիմա լավ եմ… Ինձ կարծես ընդունում են արդեն…
Ագաթանգեղոս — Ես չգիտեի, որ այսքան կարոտելու եմ քեզ…
Տրդատ — Սրտանց կասեի` մեզ մոտ արի… Բայց գիտեմ, որ այդքան խելք չես ունենա… Բացի այդ, որքան էլ միջնորդեմ, որքան էլ խնդրեմ, վարազները երևի չընդունեն քեզ… Որովհետև դու մեծագույն արհամարհանքի ես արժանի քո մարդկային տեսքով…
Ագաթանգեղոս — Արքա, գրիչս կանգ է առել, առաջ չի գնում… Գիտես, որ իրեն-իրեն էր գրվում քո օրոք… Հիմա ինքս փորձեցի նույնն անել, սուտ ստացվեց… Հաջորդ օրը մագաղաթի վրայից ջնջվել էր գրածս…
Տրդատ — Դատարկ գործով ես զբաղվում… Խելք հավաքիր, ինչ հայոց պատմություն… Այստեղ մեզ ոչ երեկվա օրն է հետաքրքրում, ոչ վաղվա… Այստեղ միայն այսօրն է, ավելին` այս պահը… Այնպես որ, հրաժարվիր այդ անօգուտ գործից…
Ագաթանգեղոս — (Շփոթված): Լավ, արքա, կմտածեմ…
Տրդատ — Մտածիր և կտեսնես, թե որքան ճիշտ եմ ես… Այս ներքնակը, վերմակն ու սավաննե՞րը ինչու ես բերել… Դու կատարյալ խենթ ես… Ինչիս են պետք դրանք… Գիտես ինչ հաճելի է գետինը փորփրել ու քնել զով հողի վրա… (Դեպի դահլիճ): Ինչ եք ծիծաղում, կարծես ձեր պատմությունը այնքան լիքն է արքաներով, որ կարելի է նրանց դժբախտության վրա ծիծաղել… (Ինքն իրեն): Դժբախտություն` ձեր աչքերով, իսկ ինձ համար` երանելի կյանք…
Ագաթանգեղոս — Դու կբուժվես, արքա… Հրաշք կլինի դարձյալ, և դու կվերադառնաս տուն…
Տրդատ — Ի՞նչ տուն… Բա սա՞ ինչ է, տուն չի՞… Միայն թե սրանք իրենց արքան ունեն, ու երբ ասում եմ, որ ես էլ եմ արքա, ծիծաղում են վրաս և ինձ շարքային համարում… Նույնիսկ ամենահատինը, քանի որ ես կիսով չափ եմ նրանց նման… Թքած, ավելի լավ, այսքան վարազի ես ինչպես պիտի ղեկավարեի…
Ագաթանգեղոս — Մի՞թե ոչ մի կարոտ չունես, արքա… Մի՞թե ոչ մի ձայն չի կանչում քեզ…
Տրդատ — Թագուհին ինչպե՞ս է… Կրկնակը գիշերները գնո՞ւմ է նրա մոտ… Այսինքն ինչ կրկնակ… Ես եմ, թե նա, հայտնի չէ ոչ մեկին… Թագուհին փաղաքուշ խոսքեր է սիրում, պետք է նրան միշտ գովել, չես պատկերացնում` որքան է սիրում գովեստը, եթե անգամ չի հավատում… Թող գովի արքան, թող չծուլանա, կին է… Ուզածը մեծ բան չէ…
Ագաթանգեղոս — Կարոտ, արքա, կարոտ… Ես կարոտի մասին հարցրի…
Տրդատ — Ոչ ոքի չեմ կարոտել, պատմիչ… Բարև չտանես իմ անունից… Հազիվ եմ պրծել այդ ունայն կյանքից, երբ չգիտես` ով է բարեկամ, ով է թշնամի… Այստեղ ամեն ինչ պարզ է, համակրանքն էլ, ատելությունն էլ և ձևանալու կարիք չկա բոլորովին… Միայն ուրիշի կերը մի խլիր, մի փորձիր առաջնորդ դառնալ, եթե վստահ չես ուժերիդ… Խեղճ պատմիչ, ինչպես ես ապրում այդ գարշահոտ պալատում… Գիտեմ, գիտեմ, մեղկ, անուշ հոտեր են այնտեղ, բայց, մեկ է, գարշահոտ է փչում…
Ագաթանգեղոս — (Հանկարծ գլխի ընկնելով): Քաղցած չե՞ս, արքա…
Տրդատ — Վերջապես կարգին հարց տվեցիր… Դու երբեմն ուտելիքի մնացորդներ բեր պալատի խոհանոցից, դիր շամբուտի եզրին, այս նույն տեղում… Մեկ-մեկ կերի պակաս ենք զգում և ուտում ենք ինչ պատահի… (Դեպի դահլիճ): Ո՞ւմ վրա եք ծիծաղում, ձեր նախկին թագավորի՞… Ձեզ վրա ծիծաղեք, ձեզ…
Ագաթանգեղոս — Ես միշտ կգամ քեզ մոտ, արքա… Կօգնեմ, որ հիշես փառավոր անցյալդ…
Տրդատ — Գնա, պատմիչ, չեմ ուզում, որ ինձ տեսնեն քեզ հետ, հանկարծ գլխի ընկնեն, որ ես էլ քո ցեղին եմ պատկանել ժամանակին…
(Ագաթանգեղոսը ահա ուր որ է գլխիկոր կհեռանա):
(Հանկարծ): Պատմիչ, պատմիչ…
Ագաթանգեղոս — Լսում եմ, արքա… Հրամայիր…
Տրդատ — Մի բան պատմիր իմ անցյալից… Մի փայլուն էջ… Ճիշտն ասած, մեկ-մեկ կարոտում եմ ինձ և սաստիկ զայրանում այդ կարոտի համար…
Ագաթանգեղոս — (Արցունքն աչքերին): Երբ դու դեռ հռոմեայոց մոտ էիր, գոթերը հարձակվեցին կայսրության վրա, ու թշնամի թագավորը պատգամ հղեց հունաց թագավորին, թե ինչու ենք անմտորեն ելնում պատերազմի, մեր զորքը սպառում և միաժամանակ երկրին վտանգ ու տագնապ հասցնում: Ահավասիկ ես քո դեմ եմ դուրս գալիս իբրև ախոյան մեր զորքի միջից և դու էլ իմ դեմ` հունական կողմից: Եթե ես քեզ հաղթեմ, հույներն ինձ կհնազանդվեն, իսկ եթե դու ինձ հաղթես, մենք կհպատակվենք քեզ և առանց արյուն ու կոտորածի երկու կողմերի համար էլ խաղաղություն կլինի:
Տրդատ — Հետաքրքիր է, մեզ մոտ էլ այդ նույն կարգն է իշխում: Ով ուզում է առաջնորդ դառնալ, պետք է կռվի բուն առաջնորդի հետ և ով հաղթի, դա էլ լուծում է վեճը: Այ քեզ զուգադիպություն: Պատմիր, պատմիչ:
Ագաթանգեղոս — (Արցունքն աչքերին, ոգևորված): Երբ հունաց թագավորը այս ամենը լսեց` շատ վախեցավ, որովհետև ոչ բավարար զորք ուներ ճակատելու, ոչ էլ ուժ` գոթերի իշխանի հետ անձամբ մենամարտելու: Այնժամ նրա զորավարներից մեկը ասաց. «Թող իմ տիրոջ սիրտը բոլորովին չզարհուրի, քանզի այստեղ քո պալատում մի քաջ հայ կա, անունը` Տրդատ, հայոց թագավորական տոհմից»…
Տրդատ — Ինձ մի պատմիր, սրանց պատմիր… Ես պատմում եմ, չեն հավատում… Լսեք, լավ լսեք… Խոզե՝ր…
Ագաթանգեղոս — Մյուս օրը կայսրը ծիրանի պատմուճանը Տրդատի վրա նետեց, և հրաման եղավ ամենքին, որ սա ինքն իսկ կայսրն է: Զորքը եկավ ու կանգնեց թշնամու դեմ հանդիման: Կայսերակերպ Տրդատը և գոթերի թագավորը, ձիերին մտրակելով, հար-ձակվեցին միմյանց վրա: Իմ տերը, հայոց ապագա արքան, հաղթեց գոթերի թագավո-րին և բռնելով նրան, բերեց, կանգնեցրեց կայսեր առաջ: Այնժամ կայսրը թագը դրեց քո գլխին, զարդարեց ծիրանի պատմուճաններով և օգնական բազում զորք հանձնելով` քեզ ուղարկեց սեփական հայոց աշխարհդ` որպես Մեծ Հայքի թագավոր:
Տրդատ — Դատարկ բաներ են… Ես չեմ էլ հիշում նման բան… Իզուր ինձ լսեցիր ու պատմեցիր… Գնա, պատմիչ, ես մարդուց ձանձրացա, կարոտեցի իմ ընկերներին… Գնա՛…
(Քայլերն ուղղում է դեպի եղեգնուտը: Կես ճամփին, մի բան հիշելով, անհանգիստ շրջվում է պատմիչի կողմը):
Եթե հանկարծ վարազի որսի դուրս գան, նախօրոք կզգուշացնես ինձ, որ փրկեմ ընկերներիս…
(Խոժոռ հայացք է գցում դեպի դահլիճ):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
ԳԱՀԱՍՐԱՀ

Քրմապետ — Տեր արքա, փորձանք է հայոց աշխարհում… Չար Ահրիմանը թևերը փռել է մեր երկրի վրա և չարիք չարիքի ետևից է գործում:
Տրդատ — Չարիքի մասին էլ չես կարողանում մարդավարի խոսել: Ասա, ի՞նչ է եղել:
Քրմապետ — Պալատականներից շատերը մեր դժբախտ արքայի ճակատագրին արժանացան… Տարբեր չափերով, մեկը շատ, մյուսը` քիչ, խոզ են դարձել… Միջանցքներում վազվզում են և կեր փնտրում անկյուններում…
Տրդատ — Ուրեմն, շուտով ամբողջ երկիրն էլ կլցվի խոզերով… Վա՜յ մեզ…
Քրմապետ — Մորեխների մի հսկա բանակ է խուժել երկիր ու անգթորեն դաշտերը լափել… Չե՞ս տեսնում ինչ խավար է… Արևի դեմ կռիվ են տալիս ու հաղթում… Խեղճացել է արևը ու ձեռք քաշել մեզանից, էլ լույս չի տալիս մեզ…
Տրդատ — Ինչ լավ էլ շարում ես… Գուժկանի դերը հաստատ դուր է գալիս քեզ… Հետո՝, հետո՝…
Քրմապետ — Կանանց արգանդը չորացել է, էլ չեն ծննդաբերում, տեր իմ… Միայն մի բացառություն եղավ Տարոնի երկրում, այն էլ խոզանման մանուկ է ծնվել…
Տրդատ — Պապանձվի լեզուդ… Հետո՝, հետո՝…
Քրմապետ — Գետինը ցնցվում է ամեն օր… Աստվածները երկրաշարժ են սպառնում մեզ…
Տրդատ — Ի՞նչ սխալ ենք գործել, քրմապետ, ինչո՞ւ են աստվածները զայրացել մեզ վրա… Խոզ դարձածներին քշել սենյակները, զինվորներին կարգադրեք ոչ ոքի դուրս չթողնել… (Հանկարծ): Այսօր դու էլ մի տեսակ ես երևում աչքիս…
Քրմապետ — (Սարսափահար): Արքա… Խնայիր ինձ…
(Ընկնում է արքայի ոտքերը):
Տրդատ — Ե՞ս ինչու պիտի խնայեմ… Աստվա՞ծ եմ, ինչ եմ ես… Վեր կաց, գնա աղոթիր Արամազդին, զոհեր մատուցիր աստվածների հորը…
(Քրմապետը, ահուդող ընկած, զննում, շոշափում է իր մարմինն ու դեմքը):
Տրդատ — Բոլոր ծագերից կանչել տուր հայոց երևելի բախտագուշակներին, կախարդներին ու հմայողներին, հատկապես` Սուրմակին Հացեկաց գյուղից… Թող ցատկեն թեժ խարույկների վրայով, կրակ կուլ տան, շիկացած ածուխների վրայով քայլեն, խելաց-նոր շարժումներով գետնին թավալվեն, հող ու մոխիր թափեն գլխներին, թող ամեն կերպ սիրաշահեն հավիտենական խավարի տիրոջը…
Քրմապետ — (Վախից աչքերը չռած): Արքա, ես չեմ ուզում, չեմ ուզում… Ես վախենում եմ, արքա…
Տրդատ — Մի վախեցիր: Վարազն ընտրովի է մտնում մարդու մարմինը: Ամեն մարդու մարմին հաճո չէ նրան:
Քրմապետ — (Վախից խելքը կորցրած): Երանի, արքա, երանի ճիշտ լինես… Ինչո՞ւ ինձ ընտրի, ո՞ր արժանիքիս համար… Ի՞նչ լավ բան եմ արել… Ինձ ոչ ոք չի սիրում, դու հո լավ գիտես… Դու էլ, դու էլ ատում ես ինձ… Էլ ինչի՞ համար ինձ ընտրեն, ճիշտ չէ՞, արքա…
Տրդատ — Քրմապետ, ուշքի եկ, ինչ ես քեզ կորցրել…
Քրմապետ — (Աչքերը փայլում են խելացնոր փայլով): Գտա, արքա, գտա, թե ինչ պիտի անես… Մորթել տուր բոլորին… Մի թող պալատը լցվի խոզերով… Հրաման արձակիր, աղաչում եմ քեզ… Մորթել, բոլորին մորթել…
(Հանկարծ բերանից խռխռոց է դուրս պրծնում, ու նա լեղապատառ փախչում է գահասրահից):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

Ուշ գիշեր է: Արքան հարճերից մեկի հետ պառկած է մահճում: Տագնապահար ներս է մտնում Աշխեն թագուհին, մոտենում մահճին և ցնցում արքային:
Թագուհի — Արքա, վեր կաց… Վեր կաց…
(Արքան քնաթաթախ նստում է մահճում, շփում աչքերը և կես քուն, կես արթուն հարցական նայում է թագուհուն):
Տրդատ — Այսօր քո գիշերը չէ, թագուհի… Ինչո՞ւ ես եկել…
(Հարճը ևս արթնացել է ու վախեցած նայում է նրանց):
Թագուհի — Դուրս արա նրան… Ես կարևոր բան ունեմ քեզ ասելու… (Տրդատը գլխով նշան է անում հարճին, որը շտապելուց ոտքերն իրար խառնելով, դուրս է գնում):
Թագուհի — Երազ եմ տեսել, արքա, ահավոր մի երազ… Արդեն մի քանի օր է նույն տեսիլն է երևում ինձ…
Տրդատ — Քեզ է երևում, ի՞նչ կապ ունի ինձ հետ: Գիշերվա կեսին ինչո՞ւ ես իմ օթևանը ներխուժում:
Թագուհի — Այդ տեսիլը թեև վախ պատճառեց ինձ, բայց վերաբերում է քեզ, ոչ թե ինձ…
Տրդատ — Ասա տեսնեմ, ինչ տեսիլ է դա:
Թագուհի — (Խուճապով): Մի մարդ լույսի նմանությամբ մի քանի գիշեր գալիս ու ասում է ինձ, թե ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե Խոր Վիրապից չհանեք կապյալ Գրիգորին: Նա ձեզ կսովորեցնի ցավերից բուժվելու միջոցը: (Նայելով դռանը, որտեղից հարճը դուրս եկավ): Ինչ էլ ծուռ ոտքեր ուներ… Աչքդ չի՞ տեսնում…
Տրդատ — Ուրիշ ի՞նչ ասաց այդ մարդը:
Թագուհի — Միշտ նույնն է կրկնում, արքա… Արդեն քանի գիշեր է…
Տրդատ — Բայց ինչո՞ւ քեզ մոտ եկավ և ոչ թե ինձ…
Թագուհի — Չգիտեմ, արքա… Հիմար հարցեր մի տուր…
Տրդատ — Սպասիր, արթնանամ… Քունը գլուխս է դեռ…
Թագուհի — Ես վախենում եմ գիշերներից… Նա անընդհատ հետապնդում է ինձ… Հորդորում, սպառնում…
Տրդատ — Գուցե փորձե՞նք իսկապես… Գուցե պատուհասից իրո՞ք փրկի մեզ… Այդ թշվառականը կես մարդ է արդեն… նրանից էլ ինչ վտանգ…
Թագուհի — Ես ինչ կապ ունեմ այս ամենի հետ… Ինչո՞ւ է իմ օձիքից բռնել… Ես ամեն գիշեր քեզ եմ սպասում անհամբեր… Եթե գայիր, նա չէր համարձակվի երևալ…
Տրդատ — Ես հրաման կտամ վաղը ևեթ Գրիգորին հանել Խոր Վիրապից:
Թագուհի — Ինչ ուզում ես արա, միայն այդ մարդն էլ չերևա գիշերները…
Տրդատ — (Մտահոգ): Դու անարդար էիր, նա ծուռ ոտքեր չուներ…
Թագուհի — Արքա, թույլ տուր մնամ քեզ մոտ… Վախենում եմ իմ օթևանը գնալ… Նա երևի դեռ սպասում է ինձ…
Տրդատ — Իսկ նա չասա՞ց, թե ով է եղեգնուտում… Արքա՞ն, թե՞ կրկնակը… Ո՛չ ես գիտեմ, ո՛չ էլ իմ մյուս կեսը, որ դժբախտության մեջ է հիմա…
Թագուհի — Ինչո՞ւ ասի, եթե ես միակն եմ, որ գիտի գաղտնիքը…
Տրդատ — Հասկացա… Որովհետև դու մերկ ես տեսել թե՝ ինձ, թե՝ նրան… Մենք միայն մորեմերկ ենք տարբերվում իրարից… Ասա, ո՞վ եմ ես…
Թագուհի — Տրդատ արքան…
Տրդատ — Ուրեմն, նա՞ էր կրկնակը…
Թագուհի — Չսխալվես, արքա… Նա Տրդատն է, մեր արքան…
Տրդատ — Բայց ես քեզանից գիժ վայելք եմ ստանում գիշերները… Դու քո բոլոր հյութերն անմնացորդ տալիս ես ինձ… Ուրեմն, քո ամուսինը չեմ ես…
Թագուհի — Ամուսինս ես, ամուսինը… Ճիշտ է, առաջ դու ո՝չ ծարավ էիր լինում, ո՝չ քաղցած… Միշտ կուշտ էիր… Բայց երբ մրցակից երևաց, դու չուզեցիր տարբերվել նրանից… Ոչ թե ի սեր ինձ, այլ ի սեր ձեր երկուսի…
Տրդատ — Գլուխ չեմ հանում քեզնից, կին: Ես հրաման կտամ Գրիգորին հանել Խոր Վիրապից: Տեսնենք ինչքանով էր քո տեսիլը ճիշտ:
Թագուհի — Մնա՞մ, արքա…
Տրդատ — Մնա… Բայց, մեկ է, նա ծուռ ոտքեր չուներ…

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
ԽՈՐ ՎԻՐԱՊ

Տրդատ — Կյանքս կերար, Գրիգոր… Խառնեցիր ամբողջ երկիրը… Գիտե՞ս ոնց շանսատակ կանեի քեզ… Ափսոս, ձեռքերս կարճ են…
Գրիգորի ձայնը — Մոտ է ժամը, արքա: Մենք նորից բարեկամներ կլինենք, առաջվանից ավելի հարազատ:
Տրդատ — Սիրո մեջ էլ ես մոլեռանդ… Ես քեզ տառապանք եմ պատճառել քանի տարի, իսկ դու սիրուց ես խոսում…
Գրիգորի ձայնը — Սերը նա է, արքա, Քրիստոսը: Ես նրա հետին ծառան եմ:
Տրդատ — Այս ինչ արեցիր, Գրիգոր… Տակնուվրա եղավ Հայաստանը… Դու ինձ մի սիրիր, Հայաստանը սիրիր… Հապա մեղք չե՞ն, որ ուզում ես նրանց զրկել հավատից:
Գրիգորի ձայնը — Խե՜ղճ Հայաստան… Ով ասես չի ճառել քո անունից… Եվ ով ասես չի ապականել քեզ…
Տրդատ — Արի պայման կապենք: Ես ամեն ինչ կանեմ, որ մեր աստվածներին ավելանա ևս մեկը, քո աստվածը: Եվ առաջինը ես կգնամ նրան երկրպագելու:
Գրիգորի ձայնը — Մեկը, միայն մեկը և նրա Սուրբ Որդին…
Տրդատ — Բայց ես ինչպես արմատախիլ անեմ այն, ինչ դարերով նստած է մեր արյան մեջ… Իսկ տասնյակ ու տասնյակ մեհյաննե՞րը, մեր սքանչելի տաճարնե՞րը…
Գրիգորի ձայնը — Ես կքանդեմ բոլորը: Քարը քարին չի մնա:
Տրդատ — Իսկ մարդկանց հիշողությունի՞ց… Չէ՞ որ նրանք ավերակներին կգնան պաշտամունքի…
Գրիգորի ձայնը — Թույլ չենք տա ես ու դու… Աստծո տաճարը կկառուցենք քո մայր ոստանում, Վաղարշապատում… Հենց հեթանոսական մեհյանի ավերակների վրա…
Տրդատ — Դաժան է պայմանդ… Եկ հաշտեցնենք հինն ու նորը, թող խաղաղ գոյակցեն միասին…
Գրիորի ձայնը — Որոշված է, արքա, էլ մի համառիր… Լավ պեղիր ներսդ, պեղիր, և կտեսնես, որ քրիստոնեության սերմը ես արդեն գցել եմ քո մեջ…
Տրդատ — Ես չեմ ժխտում, որ եթե այսքան տարի ապրել ես այս գարշահոտ փոսի մեջ, օձերի ընկերակցությամբ, սոված ու ծարավ, ու այս անհատակ տառապանքով հանդերձ ողջ ես մնացել, ուրեմն, անշուշտ, մի գերբնական ուժ է քեզ պահել… Դա համոզիչ փաստարկ է քո Աստծո օգտին… Բայց ո՞վ է նա, ինչո՞ւ միայն դու ես ճանաչում նրան… Ինչո՞ւ մոտ չի գալիս ինձ…
Գրիգորի ձայնը — Արդեն եկել է, արքա… Ինձ դուրս հանիր Խոր Վիրապից… Չէ՞ որ դրա համար ես եկել այստեղ… Էլ մի՝ ուշացրու… Այսքան տարի դիմացա, վախենում եմ վերջին պահերին չդիմանամ… (Արքան նշան է անում, ներս են մտնում զինվորները, հաստ պարան են իջեցնում Խոր Վիրապի մեջ, և բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ով է դուրս գալու փոսից:
Ահա երևաց նա, մորուքավոր մի ծերունի, պատառոտուն քրձերի մեջ փաթաթված, ոտաբոբիկ, չոփի պես նիհար: Դուրս է գալիս, ապշած նայում շուրջը և հանկարծ վախեցած գոռում. «Լո՜ւյսը, լո՜ւյսը»… Փակում է աչքերը: Քայլերն ուղղում է դեպի ետ, դեպի փոսը: Զինվորները բռնում են նրա թևերից, թույլ չեն տալիս Խոր Վիրապ վերադառնալ և բերում են արքայի մոտ):
Տրդատ — Կապեք աչքերը… Արագ…
(Զինվորներից մեկը կապում է Գրիգորի աչքերը: Մյուսները բերում են մի սեղան, որ լի է առատ ուտելիքներով և գինու սափորներով):
(Արքան թևանցուկ է անում Գրիգորին, զգուշությամբ նստեցնում աթոռին, ինքն էլ գնում, նստում է դիմացը):
Տրդատ — Էլ մի խոսիր… Կեր, որ ուժ հավաքես… Այստեղ գինի էլ կա, խմիր, որ երակներդ կյանք լցվի…
Գրիգոր — Դո՝ւ կեր, արքա… Սա իմ սեղանն է… Ես եմ քեզ հյուրասիրում… (իմիջիայլոց): Այդ ե՞րբ մարդու կերպարանք ստացար, արքա… Խոզ չէի՞ր դարձել Բարձրյալի հրամանով…
Տրդատ — Պարտադիր չէ արտաքին նմանությունը, Գրիգոր, խոզ կարելի է դառնալ նաև ներքինով: Քի՞չ ես տեսել խոզերի` մարդու կերպարանքով…
Գրիգոր — Եթե մարդ ես արդեն, ինչո՞ւ ես հեթանոսական պիղծ շինությունները կանգուն պահել, ինչո՞ւ չես քարուքանդ արել:
Տրդատ — Այսքան նյութական արժեք, այսքան հարստություն մենք ինչպես գետնին հավասարեցնենք… Վահևանյան մեհյանը Տարոնի երկրում, Վիշապաքաղ Վահագնի բագինը` Քարքե լեռան լանջին, Տավրոս մեծ սարի դիմացն ընկած Աշտիշատը, Երազամույն գավառի Անահիտ դիցուհու բագինը, Տիր Աստծու ճարտարության ուսման մեհյանը, ո՞րն ասեմ, էլ ո՞րը…
Գրիգոր — Ես բարոյականի, հոգու մասին եմ խոսում, իսկ դու` համր շինությունների:
Տրդատ — Կե՝ր, կե՝ր, էլ մի խոսիր… Ես էլ կլռեմ, որ չխանգարեմ քեզ…
Գրիգոր — Մենք նոր Հայաստան կկառուցենք, կստեղծենք նոր հայի տիպար, գիր ու գրականություն, նոր դիմագիծ կկերտենք, համբերատար արձանագործի նման կտաշենք, կհղկենք մեր դեմքը, մեր ինքնությունը կգտնենք… Իսկ եթե Հռոմի ու Պարսկաստանի հետ նույն ճամփով գնանք, մի օր ինքդ էլ չես իմանա, թե ինչպես կուլ տվին մեզ: Փոքր ազգերը դյուրամարս են, արքա:
Տրդատ — Իսկ եթե օրերից մի օր Հռո՞մն էլ ընդունի այդ նույն կրոնը… Ի՞նչ կստացվի, Գրիգոր, մենք էլի չե՞նք նույնանա…
Գրիգոր — Եթե նրանք էլ քրիստոնեություն ընդունեն, մենք ձև կգտնենք ուրիշ տեսակ քրիստոնյա դառնալու: Միշտ ուրիշ տեսակ… Այս գինուց էլի կա՞… Կթողնե՞ս այս սափորն ինձ հետ տանեմ… Մենք կտարբերվենք մյուսներից և այդ տարբերությամբ կհարատևենք:
Տրդատ — Մեկ է, ուժեղը կուլ կտա թույլին:
Գրիգոր — Ամեն ինչ ուժով ձեռք չի բերվում, Տրդատ: Հապա ո՞ւր են Բաբելոնն ու Ասորեստանը… Այդ ի՞նչ գաղտնիք է, որ լինելով փոքր ածու, մենք դեռ դիմանում ենք հզորների արանքներում… Ես հենց հայի տեսակի մասին եմ խոսում, ես այդ տեսակն եմ կատարելագործում Աստծո զորությամբ… Կե՝ր, կե՝ր, թող զինվորներն էլ ուտեն, թող հեռվից չնայեն մեզ… Կերեք, իմ սեղանն է սա…
(Արքայի նշանով, զինվորները թափվում են սեղանի վրա և մի պահ անց մաքրում բոլոր ուտելիքները):
Տրդատ — Բայց… Դու ինչ տեսակ մարդ ես, Գրիգոր… Մի՞թե այսքան տարվա չարչարանքներից հետո պիտի այսպես մոլեռանդ խոսեիր… Քո անբնական վարքը վախեցնում է ինձ… Գնանք, գնանք…
Գրիգոր — (Հանկարծ անհանգիստ): Ո՞ւր…
Տրդատ — Ինչպես թե ուր… Պալատ… Քեզ կլողացնեն, մաքուր շորեր կհագցնեն, կկտրեն մորուքդ… Քո անձը կվերադարձնեն քեզ…
Գրիգոր — Պալատ չեմ գա ես… Ինձ տարեք կույսերի հնձանը… Ես պիտի հավաքեմ նրանց ոսկորները և քրիստոնյայի պես թաղեմ…
Տրդատ — Թող քո կամքը լինի, Գրիգոր…
(Գրիգորը կտրուկ շարժումով հանում է աչքերի կապը, կարոտով ու տխրությամբ նայում Խոր Վիրապին և, արցունքն աչքերին, ուժասպառությունից զինվորների թևերից կախված, հետևում է արքային):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Շամբուտ: Վախվորած մտնում է թագուհին և ցածրաձայն, հազիվ լսելի կանչում. «Արքա, արքա»…
Լսվում է վարազների խռխռոց, թագուհին սարսափահար ետ-ետ է գնում:
Եղեգների միջից դուրս է գալիս Տրդատը:
Տրդատ — Ո՞վ ես դու… Ինչո՞ւ ես ինձ կանչում…
Թագուհի — Աշխենն եմ, արքա… Քո թագուհին…
Տրդատ — Ի՞նչ ես անում այս կողմերում… Եկել ես որսի՞… Որ ի՞նձ որսաս… Հապա ո՞ւր են զենքերդ…
Թագուհի — Եկել եմ քեզ տանելու, արքա… Գրիգորին հանել են Խոր Վիրապից, և նա կբուժի քեզ…
Տրդատ — Ինչի՞ց… Թող քեզ բուժի, որ հիմարաբար մարդ ես մնացել դեռ…
Թագուհի — Գնանք, արքա… Աղաչում եմ քեզ…
Տրդատ — Ուտելու բան բերե՞լ ես…
Թագուհի — Այնտեղ շատ ուտելիք կա, արքա…
Տրդատ — Հա՞… Հապա ինչպես մենակ ուտեմ, առանց ընկերներիս… Մի՞թե ես մարդ եմ, որ այդպես ստոր պահեմ ինձ…
(Եղեգների միջից երևում են վարազների գլուխները: Թագուհին սարսափահար ուզում է փախչել: Տրդատը բռնում է նրա թևից):
Տրդատ — Մի վախեցիր… Քանի ես այստեղ եմ, նրանք քեզ վնաս չեն տա…
Թագուհի — Ասա, թող հեռանան…
Տրդատ — Չեմ կարող… Առաջնորդը ես չեմ, ինձ չեն լսի…
Թագուհի — Ինձ ուղարկեցին քեզ մոտ, կարծելով, որ դու ի սեր ինձ կհիշես անցյալդ ու կգաս ինձ հետ… Տեսնում եմ, սխալվել են… Երևի պատմիչը պետք է գար…
Տրդատ — Էլի պատմությո՞ւն է գրում այդ հիմարը:
Թագուհի — Քո պատմությունը, արքա…
Տրդատ — Նա ինչ գիտի շամբուտից… Ինչ գիտի ճահիճներից… Գիտի՞ մեր օրենքները… Եթե չգիտի, էլ ո՞նց է գրելու…
Թագուհի — Ես քեզ չեմ թողնի այստեղ… Ես քեզ տուն կտանեմ… Կսովորեցնեմ կտուրի տակ ապրել…
Տրդատ — Բայց դու գեղեցիկ ես…
Թագուհի — Հիշեցի՞ր ինձ, արքա… Իմացա՞ր ով եմ ես…
Տրդատ — Լավ, ես կգամ քո ետևից, բայց միայն մի պայմանով…
Թագուհի — Ի՞նչ պայման, արքա…
Տրդատ — Եթե դու ինձ հետ շամբուտ գաս… Ես վաղուց սեր չեմ արել որևէ մեկի հետ…
Թագուհի — Թող Գրիգորը քեզ բուժի, ես ամեն օր կգամ քո օթևանը…
Տրդատ — (Գոռում է): Հիմա՛, հիմա՛…
Թագուհի — Խնայիր ինձ, արքա…
Տրդատ — Հիմա՝, հիմա՝…
Թագուհի — Խղճա, ես վախենում եմ քեզնից, արքա…
Տրդատ — Ուրեմն չեմ գա քեզ հետ…
Թագուհի — Ես պետք է տանեմ քեզ… Եթե կամավոր չգաս, քեզ բռնի կտանեն…
Տրդատ — Իսկ ո՞վ կթողնի… Ով կհամարձակվի շամբուտ մտնել… Գիտե՞ս ինչ կանեն նրանց իմ ընկերները…
Թագուհի — (Խորամանկելով): Եկ, արքա… Այնտեղ այնքան համեղ բաներ կան… Ամբողջ օրը կուշտ կլինես…
Տրդատ — Իմ պայմանը նույնն է, եկ ինձ հետ, և ես կենթարկվեմ քեզ:
Թագուհի — (Կատաղած հայհոյում է): Խո՛զ, խո՛զ… Ինչպես ես համարձակվում…
Տրդատ — (Հայհոյում է): Մա՛րդ, մա՛րդ…
Թագուհի — Ներիր արքա, ես չափն անցա… Գնանք ինձ հետ…
Տրդատ — Շամբուտը, շամբուտը… Հենց հիմա…
Թագուհի — Բայց ես սոսկում եմ քեզանից:
Տրդատ — Իսկ այն մեկից չէիր սոսկում, չէ՞… Ասա, կրկնակս ինչո՞վ էր լավ ինձանից… Մանրամասն ասա, մանրամասն… Ուրեմն, այդ շունը խաբել է ինձ, ինչ-որ բան պահել է իր «ես»-ից… Եվ թաքուն պահածը քեզ է տվել… Ասա, ինչ է թաքցրել նա, ինչ է քեզ տվել, որ ես չէի կարող տալ…
Թագուհի — Գուցե դո՞ւ ես կրկնակը… Ինչ գիտես ով ես դու…
Տրդատ — Ուրիշ ճար չունես, թագուհի… Շամբո՜ւտը… Շամբո՜ւտը…
(Թագուհին, գլխիկոր, հազիվ զզվանքը զսպելով, բռնում է Տրդատի մեկնած ձեռքը և նրա հետ միասին անհետանում եղեգնուտների մեջ):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Արքունիք: Գրիգոր, Տրդատ, քրմապետ և զինվորներ:
Տրդատ — Ինչո՞ւ եք ինձ խաբել, բերել այստեղ… Ես ուզում եմ իմ շամբուտը գնալ…
Գրիգոր — Ասում էի, չէ՞, որ այն Տրդատը դու չէիր… Ո՞վ էր նա… Քո երկվությունը, քո կեսը, որ համառորեն կառչել էր իր մարդկային անցյալից…
Տրդատ — Սրանք ինչո՞ւ են թրերով եկել… Որ ինձ մորթե՞ն… Ասա թող ցած նետեն թրերը…
Գրիգոր — (Զինվորներին): Գցեք թրերը:
(Զինվորները թրերը գցում են գետնին: Տրդատը մոտենում է, մեկ առ մեկ հոտոտում է բոլորին):
Տրդատ — Հո գաղտնի նետ ու աղետ չե՞ք պահել:
Գրիգոր — Արքա, քո զինվորներն են սրանք…
Տրդատ — Ես եմ զինվոր… Իմ հոտի զինվորը… Մեր առաջնորդը բարձր է գնահատում, միշտ օրինակ է բերում ինձ… Իմիջիայլոց, ես տեսա նաև ձեր պալատի խոզերին… Իսկական խոզեր և ոչ թե ազնվացեղ, հպարտ վարազներ… Զզվանքս եկավ… Ինչ փափլիկ խոզեր էին, վարդագույն, մաքուր, ցեխի երես չտեսած… Ժամանակին ուտում են, քնում, ծառաները լողացնում են ամեն օր… Այդ ապուշները չգիտեն, սակայն, որ մսացու են ձեզ համար… Ինչ արհամարհանքով էլ նայում էին ինձ, գիտե՞ս, որովհետև, հա՝, կեղտոտ եմ ես, փնթի, ցեխերի մեջ է անցնում կյանքս, բաց երկնքի տակ, անձրևի ու ձյան մեջ… Ասա, ի՞նչ ես ուզում, Գրիգոր, ինչո՞ւ է աչքդ ինձ վրա, ձեր խոզերը քի՞չ են…
Գրիգոր — Հանիր կնճիթդ… Ձեռքդ տար երեսիդ ու պոկիր…
Տրդատ — Քեզ ինչո՞վ է կնճիթս խանգարում… Իմն է… Պինդ կպած է ինձ, չի պոկվի…
Գրգիոր — Պոկիր, արքա, պոկիր…
(Մոտենում է Տրդատին և հեշտությամբ պոկում է կնճիթը, դեն գցում):
Տրդատ — (Սարսափած): Ինչ արեցիր, այլանդակեցիր ինձ, հիմա ես ինչպե՞ս երևամ սրանց աչքին…
Գրիգոր — Կճղակներդ հանիր…
(Գրիգորն ինքն է պոկում Տրդատի ձեռքերի ու ոտքերի կնճղակները: Տրդատը դիմադրում է ու գոռում):
Գրիգոր — Ցավե՞ց:
Տրդատ — Չի ցավում, չէ, չի՜ ցավում… Բայց այս ի՝նչ արեցիր, մարդ…
(Գրիգորը նրա վրայից պոկում է խոզի մաշկը և գետնին գցում: Տրդատը ընկնում է հատակին, հավաքում իր մարմնի մասերը, և կրծքին սեղմած` սպառնանքով ու ատելությամբ նայում Գրիգորին):
Գրիգոր — Հիշեցի՞ր, Տրդատ… Դու մեր արքան ես…
(Տրդատը, խոզի նշաններից զրկված, խեղճացած գլխով է անում):
Հիմա դու, քրմապետ… Նույն բաներն արա…
(Քրմապետը արագ-արագ հանում է կնճիթը, կճղակները, վրայի մորթին և դեն գցում):
Խոզ էլ չկարողացար դառնալ… Ո՛չ մարդ, ո՛չ խոզ…
Քրմապետ — Արքա, ես երջանիկ եմ, որ քեզ եմ ծառայում նորից:
Տրդատ — (Վախեցած): Բերանիցս խռխռոց դուրս չի գալիս, Գրիգոր… Էլ դուրս չի՜ գալիս… Ասա, ի՞նչ անեմ, ես վախենում եմ ձեզանից… Այսքան մարդու մեջ ես ինչպես ապրեմ…
Քրմապետ — Կանցնի, արքա… Ես սովորեցի արդեն… Դու էլ ընդունակ մարդ ես, շուտ կվարժվես…
Գրիգոր — Հապա ե՞ս ինչ ասեմ, որ տարիներ շարունակ Խոր Վիրապում թաղված էի օձերի մեջ, որոնք վխտում, խլրտում էին մարմնիս վրա, սակայն Տիրոջ մեծասքանչ ողորմությունն ինձ կենդանի պահեց:
Քրմապետ — Այսուհետև մենք կպաշտենք միայն մի Աստծո և նրա մինուճար Որդի Նազովրեցի Քրիստոսին: Ով հանդգնի պաշտամունք մատուցել քարեղեն ու փայտեղեն սուտ աստվածներին, կարժանանա մեծագույն պատժի: Խոստանում եմ ամենայն դաժանությամբ պատժել նրանց, Սուրբ Գրիգոր:
Տրդատ — Դու մոռանում ես, որ ես եմ մեծ Հայքի արքան: Այդպես սպառնալ կարող եմ միայն ես:
Գրիգոր — (Ժպտում է): Արքա՝ն է, արքա՝ն… Վերջապե՜ս…
Տրդատ — Գրիգոր, ես քեզ նշանակում եմ հայոց եկեղեցապետ և հրամայում քրիստոնեական կրոնը տարածել ամբողջ երկրով մեկ:
Գրիգոր — Ես հրով ու սրով ի կատար կածեմ քո հրամանը:
Տրդատ — Հրով ու սրո՞վ: Իսկ ինչո՞ւ ոչ խոսքով:
Գրիգոր — Խոսքը թույլ զենք է, արքա: Եթե չստիպենք, մարդիկ գաղտնի կաղոթեն հին աստվածներին: Իսկ մեզ համար վտանգը ոչ այնքան մեհյաններն են ու բագինները, որոնք հեշտ է քանդել, որքան մարդկանց հոգիները, որ թաքուն են մեր աչքից:
Տրդատ — Հապա ո՞ւր մնացին քո քարոզած բարությունն ու սերը:
Գրիգոր — Արքա, հինը պետք է արմատից կտրել, ոչ մի հետք չթողնել, որ աներես ծիլմեր չարձակի: Դու էլ գիտես, որ հինը միշտ սիրելի է… Հարազատ ու տաքուկ բան կա հնի մեջ… Իսկ նորը խորթ է և խոստումներ չունի… Հապա ինչպե՞ս ես ուզում, որ ես վարվեմ…
Տրդատ — Ափսոս չէ՞ միթե մեր տասնյակ սերունդների չարչարանքը, մեր հոյակերտ մեհյանները… Գուցե հենց դրանք եկեղեցու վերածենք…
Գրիգոր — Կա՝մ ամեն ինչ, կա՝մ ոչինչ, արքա…
Տրդատ — Ես քեզ տալիս եմ բոլոր իրավունքները: Բայց թույլ տուր վերջին անգամ գնամ, երկրպագեմ հին աստվածներին:
Գրիգոր — Ի՞նչ ես ասելու նրանց… Զղջման խոսքե՞ր… Ափսոսանքի արցունքնե՞ր… Բացատրությո՞ւն ես տալու, արդարանալո՞ւ ես գուցե… Ոչ, արքա, թույլ չեմ տալիս… Ես քո գործերին չեմ խառնվի, ում հետ ուզում ես պատերազմիր, ում հետ ուզում ես հաշտություն կնքիր, բայց հավատի հարցերում մի խառնվիր իմ գործերին… Ներիր հանդգնությունս…
Տրդատ — Կամաց-կամաց, Գրիգոր… Աստիճան առ աստիճան…
Գրիգոր — Ոչ, արքա, միանգամից: Այլապես բան չի ստացվի:
Տրդատ — Ապստամբ հոգի ունես, Գրիգոր… Իսկ իմ հոգին կարոտ է խաղաղ խոսքի…
Գրիգոր — Խոսքը խաղաղ կամ ոչ խաղաղ, պարտություն է, արքա: Ես ապստամբության դրոշն եմ նախընտրում…
Տրդատ — Մեղքը վիզդ, արա, տեսնենք ինչ կստացվի… Բայց գիտես, չէ՞… Պատասխանը ես եմ տալու…

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Արքան, աստիճանի վրա բարձրացած, պատից հանում է զանազան կենդանիների գլուխները, ցած գցում, իսկ պատմիչը դրանց փոխարեն գետնից վերցնում է վարազների գլուխները և տալիս արքային: Արքան հոգատարությամբ դրանք ամրացնում է պատին:
Ագաթանգեղոս — Արքա, սենեկապետը կասի ծառաներին, նրանք կամրացնեն… Դո՞ւ ինչու ես անում…
Տրդատ — Մի խառնվիր… Ի՛նքս, ի՛նքս… (Գլուխներն ամրացնում է պատին և, հուշերի գիրկն ընկած, իրեն-իրեն խոսում): Սրանց բոլորին ճանաչում եմ… Սա վախկոտի մեկն էր ու շատակեր… Գեղեցիկ վարազ էր այս մեկը, արագավազ, բոլորից առաջ էր անցնում, նույնիսկ առաջնորդից… Միակ բացառությունը սրան էր անում առաջնորդը, չէր դժգոհում, որ ինչ-որ մեկը խախտում է շամբուտի օրենքները… (Հանկարծ ցնցված, պատմիչից հենց նոր վերցրած վարազի գլուխը ձեռքին): Սրա՞ն էլ են խփել անխիղճները… Ես արգելել էի, չէ՞, շամբուտում որս անելը… Որսագողերին մտրակի տասը հարված հասցրի՞ն… Քիչ եմ ասել, քիչ… Ախր առաջնորդն էր սա… Ի՜նչ վարազ էր, ջահել, վառվռուն, հա՛, հա՛, խելացի… Ես նախանձում էի սրա ուժին ու ճարպկությանը… Բոլոր էգերը գժվում էին սրա համար, իրենք չէին ուտում, որ սրան բաժին հանեն… Իսկ ինքը հպարտ էր պահում իրեն, երես չէր տալիս իր հպատակներին… Տեսնես հիմա ինչ է անում երամակը, երևի անտեր է մնացել, առանց առաջորդի… Բա ո՞նց պիտի ապրեն այս դաժան աշխարհում… Տեսնում ես, պատմիչ, աշխարհում ինչեր կան, որ դեռ չգիտես դու ու երբեք չես իմանա… (Իջնում է աստիճաններից): Սենեկապետին կասես, թող մնացածներն ամրացնել տա պատին… (Շեփորի ձայն): Հռոմեացի պատվիրակներ ժամանեցին: Ես քեզ խոսք էի տվել` պալատի մուտքին չդիմավորել նրանց: Տես այս անգամ ինչ խիստ եմ խոսելու:
(Մտնում են հռոմեացի պատվիրակները և գլուխ տալիս):
Պատվիրակ — Ինքնակալ կայսր Դիոկղետիանոսը ողջույն է հղում իր աթոռակից մեծ Հայքի արքա Տրդատին: Եթե հիշողությունդ դավաճանել է քեզ, հզորներից հզոր մեր ինքնակալը կարգադրեց մեր բերանով հիշեցնել, որ քո թագը ստացել ես Հռոմի կայսրից, հենց իրենից: Ինչո՞ւ ես քեզ թույլ տալիս մոռանալ կայսրի ընծան:
Տրդատ — Դա մեծ պատիվ է եղել ինձ համար:
Պատվիրակ — Եթե, իրոք, մեծ պատիվ է եղել, ինչո՞ւ չես խորհրդակցել կայսեր հետ` նախքան ինչ-որ նոր կրոն ընդունելը: Չէ՞ որ մեր աստվածները համարյա նույնն են, միայն անուններն են տարբեր, ուրեմն ինչո՞ւ ես ուզում հեռանալ մեզնից: Ինչո՞ւ ես ուզում անձնասպանության գնալ:
Տրդատ — Հեռանա՞լ… Մտքովս չի անցել, պատվիրակ…
Պատվիրակ — Կայսրը հաղորդեց, որ ի գիտություն լինի քեզ այն չարիքների մասին, որ ամեն օր հասնում են մեզ քրիստոնյա խաբեբա աղանդից: Մի ոմն խաչյալի են պաշտում, փայտին երկրպագում, մեռելների ոսկորները հարգում և իրենց Աստծո սիրույն մահը, փառք ու պատիվ են համարում: Ինչո՞ւ ես հակադրվում կայսրին, գուցե դա պատերազմի անուղղակի մարտահրավե՞ր է մեզ:
Տրդատ — Ի՞նչ պատերազմ… Կայսրին քաջ հայտնի է, որ երբ յոթանասուն կույսերը Գայանե դայակի ուղեկցությամբ Հռոմից փախան Հայաստան, ես կատարեցի եղբորս կամքը, բռնել տվի նրանց և տանջամահ արի բոլորին:
Պատվիրակ — Առավել ևս զարմանք է հարուցում, որ հիմա ինքդ ես հետևում նրանց պիղծ հավատին:
Տրդատ — Գուցե մեր հարգարժան պատվիրակները հանգստանան մի փոքր, երկար ճանապարհ եք անցել, հոգնած կլինեք:
Պատվիրակ — Մեր տերը շտապ պատասխան է սպասում քեզնից, արքա:
Տրդատ — Ես եղել և մնում եմ նրա դաշնակիցն ու եղբայրը:
Պատվիրակ — Դու քանդում ես բոլոր բագիններն ու մեհյանները և նրանց տեղում եկեղեցին ես կառուցում: Մենք մեր աչքով տեսանք, որ քո ոստանի կենտրոնում արդեն ավարտվում է մի մեծ տաճարի կառույցը: Տեսանք նաև այն եկեղեցիների հիմքերը, որոնք, ըստ մեր հավաքած տեղեկությունների, կոչվելու են Հռիփսիմե, Գայանե և Շո-ղակաթ: Կայսրը որոշակի պատասխան է պահանջում քեզնից: Եվ հատկապես այն հարցին, որ մի՞թե մեր խաղաղ գոյակցությունն արդեն ձանձրացրել է քեզ:
(Տրդատը մի պահ թռուցիկ նայում է Ագանթանգեղոսին):
Տրդատ — Հաղորդեցեք կայսրին, որ եթե պատերազմ լինի, նա կարող է պահանջել իր եղբոր օգնությունը, և ես երբեք չեմ զլանա իմ զենքը, ինձ էլ հետը, հանձնել նրա տնօրինությանը:
Պատվիրակ — Հռոմը կարիք չունի օգնական զորքի:
Տրդատ — (Վիրավորանքը հազիվ զսպելով): Կայսրին հայտնի է, որ աշխարհում չկա ուրիշ քրիստոնեական երկիր մեզանից բացի: Ուստի, մեր կողմնորոշումը չի կարող երբևիցե փոփոխություն կրել: Ամեն ինչ մնում է նույնը:
Պատվիրակ — Կայսրը հորդորում է լավ խորհել, բարձր գնահատել մեր բարեկամությունը, որ նա մեծահոգաբար կիսում է քեզ հետ:
(Հռոմեացի պատվիրակները թեթևակի գլուխ են տալիս ու հեռանում: Երկար պաուզա: Արքան աշխատում է չնայել պատմիչին):
Տրդատ — Ինչ կարգին մարդ ես, պատմիչ, մաքուր, անբիծ, նայում եմ քեզ ու չեմ հիանում, չէ՝, չեմ հիանում քեզանով… Ազնիվ մարդիկ հոտ չունեն, հասկանո՞ւմ ես, անհոտ են նրանք… Այսքան տարվա ընկերներ ենք, բայց ես դեռ չգիտեմ` ընտանիք ունե՞ս, կին ունե՞ս, երեխաներ, սիրուհի… Բա մարդ էլ իր ամբողջ կյանքը նվիրի մի ուրիշ մարդու, թեկուզ ինձ… Այսքան տարի մի կարգին բան չկարողացար սովորել… Ներիր ինձ, քեզ համար եմ ասում, մի կարգին սուտ էլ չկարողացար գրել… Ուրեմն դա ի՝նչ պատմություն է… Այդպիսի պատմությո՞ւն կլինի…
Ագաթանգեղոս — Դու ի՞մ մասին ես վատ բան ասում, թե քո:
Տրդատ — Շատ համարձակ չե՞ս, պատմիչ… Օգտվում ես, որ ընկերներ ենք… Դե լավ, օգտվիր, ոչինչ, ես թույլ եմ տալիս… (Ձայնի մեջ անսպասելի մետաղ): Բայց չափով… Լսո՞ւմ ես… Չափը չանցնես…
(Գնում է: Պատմիչը ահա ուր որ է դուրս կգա հակառակ ուղղությամբ, երբ հանկարծ ներս են մտնում մի քանի պարսիկ պատվիրակ և զարմացած նայում շուրջը, տեսնելով, որ արքան չկա):
Պատվիրակ — Մեզ հայտնեցին, որ արքան, այսքան սպասեցնել տալուց հետո, վերջա-պես ընդունում է մեր պատվիրակությանը: Ո՞վ ես դու:
Տրդատ — (Մտնելով): Իմ պատմիչն է նա: Ողջույն Սասանյան պատվիրակներին: Ի՞նչն է ձեզ բերել մեր երկիրը:
Պատվիրակ — Սասանյան Ստահրացի Արտաշիր արքան մեր բերանով իր զարմանքն է հայտնում, թե ինչու մեր հայ եղբայրներն ինչ-որ հրեայի պաշտամունք են ընդունել, երբ մեր աստվածները դարեր շարունակ համարյա համընդհանուր են եղել և միայն նրանց անուններն են տարբերվել` ըստ մեր լեզուների հարմարության:
Տրդատ — Հայաստան աշխարհը, որքան ինձ հայտնի է, պատվիրակ, մեկը չէ Պարսկաստանի նահանգներից: Հետևաբար, մենք ազատ ենք պաշտելու այն Աստծուն, ում նախընտրում է մեր ժողովուրդը:
Պատվիրակ — Մեր արքան շատ կվշտանա լսելով իր հարևանի նման պատասխանը:
Տրդատ — Բայց, խոստովանիր, պատվիրակ, որ դու եկել էիր ոչ թե հարց տալու, այլ պա-հանջ դնելու իմ առջև: Հաղորդիր քո արքային, որն իմ ազգակից պարթևների թշնամին է եղել, որ դրանով հանդերձ ես պատրաստ եմ խաղաղ ապրել իր հետ որպես սահմանակից հարևաններ: Ուրիշ հարց ունե՞ս, պատվիրակ:
Պատվիրակ — Իմ հարցը միայն մեկն էր, արքա:
Տրդատ — Ես էլ միայն մեկ պատասխան տվեցի քեզ:
(Պարսիկ պատվիրակները գլուխ են տալիս և հեռանում:
Արքայի հայացքը հանդիպում է պատմիչին):
Տրդատ — Հը,՞, ի՞նչ կա, պատմիչ, ինչո՞ւ ես դժգոհ:
Ագաթանգեղոս — Ասե՞մ, արքա…
Տրդատ — Ասա, ասա, մի քաշվիր: Ինչո՞ւ ես դժգոհ:
Ագաթանգեղոս — Որովհետև ձեր երկու պատասխաններն էլ երկու ծայրահեղություն էր… Հայի ծայրահեղություն…
Տրդատ — Միջի՞նն ես ուզում:
Ագաթանգեղոս — Ուզում եմ, արքա…
Տրդատ — Ուրեմն ազգդ փոխիր, պատմիչ:
Ագաթանգեղոս — Բայց, արքա…
Տրդատ — Գիտեմ, վատ բան չէ միջինը, թերևս լավ է նույնիսկ, բայց չի լինելու, պատմիչ, ես ինչ անեմ, որ չի լինելու: (Գնում է):
(Հակառակ կողմից արագ քայլերով մտնում է արքան):
Տրդատ — (Խիստ անհանգիստ): Շուտ, շուտ… Խայտառակվեցինք, պատմիչ… Պալատը պաշարված է չորս կողմից… Պարսիկներին թույլ չեն տալիս դուրս գալ…
Ագաթանգեղոս — Ի՞նչ է պատահել, արքա… Ո՞վ թույլ չի տալիս…
Տրդատ — Հետո կիմանաս… Շո՝ւտ, շո՝ւտ…
(Պատմիչը, բան չհասկանալով, տարակուսանքով հետևում է արքային):

***
Պալատի մուտքի մոտ վայրի վարազների մի մեծ խումբ է հավաքված: Արքային տեսնելով, նրանց սպառնալի խռխռոցները դադարում են: Տիրում է լռություն: Արքան, մոռացած քիչ առաջվա իր տագնապը, երկար նայում է նրանց, դեմքին ժպիտ և կարոտ:
Տրդատ — Չճանաչեցի՞ք… Ես եմ, ես… Ճիշտ է, կորցրել եմ իմ նախկին տեսքը, մարդու կերպարանք եմ ստացել, բայց հոգիս շամբուտում է դեռ… Իզուր եք զայրացել, ինձ չեն առևանգել, ես իմ ոտքով եմ եկել… Ներող եղեք, որ ընտրություն կատարեցի իմ մարդկային անցյալի ու շամբուտի միջև, նախապատվությունը տալով անցյալին… Բայց ես մեղավոր չեմ, մեղավորն իմ մարդկային բնությունն է, որից սիրով կուզենայի հրաժար-վել, բայց դա իմ ուժերից վեր է… Մենք միասին անմոռանալի մի քանի ամիս ապրեցինք, իմ կյանքի լավագույն ամիսները… Մեզանից ոչ մեկը չդավաճանեց, չստեց, չզրպարտեց, չխարդավեց, չչարախոսեց, չնախանձեց, չգողացավ, մեջքից չհարվածեց… Բոլորս ենթարկվեցինք մեր առաջնորդին, իսկ հիմա քեզ են հնազանդվում, նոր, ջահել առաջնորդիդ… Ես այդպես էլ գիտեի, նրանք քեզ էին ընտրելու մարդու ձեռքով ստորաբար սպանված մեր ընկերոջ փոխարեն, որովհետև դու ամենաարժանին էիր մեր միջից… Հսկա, գեղեցիկ ու հպարտորեն վայրի… Թող այսուհետ մարդու նետը երբեք չկպչի ո՛չ քեզ, ո՛չ քո ընկերներին… Քանի ես կամ, քանի կենդանի եմ դեռ, մարդու և շամբուտի միջև կտիրի լիակատար հաշտություն, պատվովս եմ երդվում… Իսկ հիմա իմ հյուրերին թույլ տվեք գնալ իրենց տները… Դուք էլ գնացեք, մտեք ձեր շամբուտը… Սա էլ իմ տունն է… Այնքան մեծ, այնքան հսկա, որ տուն կոչել էլ չի լինի… Դրա համար էլ արքաները տուն չունեն… Որովհետև ամեն տան մեջ, քիչ թե շատ երջանիկ լինելու համար, պետք է գոնե մի քիչ նեղվածք լինի, գոնե մի քիչ… Գիտեմ, որ չեք այցելի ինձ, ոտք չեք դնի այնտեղ, ուր մարդիկ են ապրում… Բայց ես խոսք եմ տալիս, որ ինքս հաճախ կայցելեմ ձեզ… Եթե, անշուշտ, ընդունեք ձեր նախկին ընկերոջը… Եթե հասկանաք և մեծահոգաբար ներեք նրան…
(Վարազներն անձայն շրջվում են ու հեռանում):
Տրդատ — (Պատվիրակներին): Գնացեք, բաց է ճանապարհը…
(Պատվիրակները շտապով հեռանում են: Մնում են արքան ու պատմիչը):
Տրդատ — (Դառը քմծիծաղով): Տուն գնանք, պատմիչ…

***
Պալատում: Տրդատ և Գրիգոր:
Մտնում են սպասավորները և ճաշ բերում արքայի համար: Տրդատը նստում է սեղանին և ախորժակով սկսում է ուտել:
Տրդատ — Հը՞, Գրիգոր, ե՞րբ ենք բացելու մայր տաճարի դռները:
Գրիգոր — Շուտով, արքա:
Տրդատ — Իսկ մեհյանները շարունակո՞ւմ ես քանդել նույն եռանդով:
Գրիգոր — Քո օրհնությամբ, արքա:
Տրդատ — Դաժան ես, Գրիգոր, դաժան ես… Քաղցած չե՞ս, ընկերակցիր ինձ…
Գրիգոր — Արքա, այս ու այն տեղ ժողովուրդը չի հնազանդվում քո կամքին, գնում և գաղտնի երկրպագություն է անում քանդված մեհյանների տեղում…
Տրդատ — (Հանկարծ սփրթնած գոռում է): Ի՞նչ միս էր սա… Ի՞նչ միս էր…
Ծառայապետ — Հորթի, արքա:
Տրդատ — (Փորձելով անվրդով երևալ): Համեղ էր, իմ գովեստը հայտնիր խոհարարներին… (Գրիգորին): Ասում ես անհնազանդությո՞ւն… Հապա ի՞նչ էիր կարծում, Գրիգոր… Հրամանով կարելի է մեհյան քանդել, բայց մարդկանց հավատն ինչպե՞ս հրամանով քանդես միանգամից… (ծիծաղում է): Ինձ հարցրու, ինձ, քրիստոնյա՞ եմ ես, թե՞ հեթա-նոս… Նստիր, նստիր, ճաշիր ինձ հետ… Կհարկադրենք անհավատներին, ինչպես դու հարկադրեցիր քո արքային…
Գրիգոր — Թույլ կտա՞ս կարգադրել իմ վարդապետներից մեկին, որ զորքի հետ գնա և ցրի անհավատներին:
Տրդատ — Թույլ եմ տալիս, Գրիգոր: Էլ բան մնա՞ց, որ թույլ չտամ:
(Գրիգորը ծափ է զարկում: Ներս է մտնում նախկին քրմապետը` վարդապետի զգեստով):
Տրդատ — (Պատառը զարմանքից կանգնում է կոկորդին): Քրմապե՞տ…
Քրմապետ — Վարդապետ, արքա…
Գրիգոր — Նա եկեղեցու սպասավոր է, արքա:
Տրդատ — Եվ նույնքա՞ն մոլեռանդ է հիմա, որքան առաջ…
Գրիգոր — Մեզ այսպիսի մարդիկ են պետք: Ընտրություն չունենք, արքա:
Տրդատ — Ո՞ւր ես տանում մեզ, Գրիգոր… Կուզենայի իմանալ, թե ինչ ենք թողնելու մեզանից հետո… Ինչ երկիր և ինչ ժողովուրդ… Սերունդներն անիծելո՞ւ են ինձ, թե օրհնելու… Աստվածները մեզ հետ… (Ուղղում է իրեն): Աստված մեզ հետ…

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ

Ժայռի մեջ փորված բանտախուց: Անկյունում, մի մեծ ժայռի ելուստի տակ կծկված` պառկած է երիտասարդ Արիստակեսը: Գետնին դրված է թիթեղյա մի դատարկ աման և ծռմռված մի թաս:
Խցի դուռը աղմուկով բացվում, մտնում է Գրիգորը ու ձեռքով նշան անում իրեն ուղեկցող զինվորներին, որ հեռանան:
Բանտարկյալը չի շարժվում տեղից:

Գրիգոր — Դու Կապադովկիայի Կեսարիա քաղաքի՞ց ես:
Արիստակես — Իբր չգիտես: Դու ես ինձ բռնի բերել այստեղ, բաժանել տունուտեղից:
Գրիգոր — Ես տեսնում եմ բանտարկությունը չի ընկճել քեզ: Ես քեզ այսպես էլ պատկերացնում էի: Իմ ընտրությունը ճիշտ էր:
Արիստակես — (Ելնում է պառկած տեղից և նստում գետնին): Ի՞նչ ընտրություն: Բոլորդ հանելուկներով եք խոսում ինձ հետ:
Գրիգոր — Վեր կաց, երբ խոսում եմ քեզ հետ: Վեր կաց:
Արիստակես — Ուզում ես հարգե՞մ քեզ: (Դժկամությամբ վեր է ելնում): Հարգեցի:
Գրիգոր — Քրիստոնյա ես, չէ՞:
Արիստակես — Հապա ինչ եմ:
Գրիգոր — Սոսկ մկրտությա՞մբ, թե հավատով:
Արիստակես — Շատ բան ես ուզում իմանալ միանգամից:
Գրիգոր — Հավատո՛վ, հավատո՛վ… Միայն իսկական հավատացյալն է նեղանում, երբ հարցուփորձ ես անում իր հավատի մասին…
Արիստակես — Ասելիքդ ասա: Ասելիք ունե՞ս:
Գրիգոր — Երկա՞ր էր ճանապարհը, դժվարանցանելի՞, մեր նկատմամբ ոչ միշտ բարեկամաբար տրամադրված շեների միջո՞վ, ուտելիքը քիչ էր, չէ՞, և ծարավը միշտ չէ, որ կարելի էր հագեցնել:
Արիստակես — Այդքան մտահոգվա՞ծ ես ինձ համար: Պետք չէ:
Գրիգոր — Իհարկե, մտահոգված եմ: Չէ՞ որ դու իմ հյուրն ես:
Արիստակես — Դու ես եկել ինձ մոտ, ուրեմն դու ես իմ հյուրը: Ներիր, որ չեմ կարող քեզ աթոռ առաջարկել:
Գրիգոր — Ես էլ քո պես աքլորանում էի ջահել ժամանակ: Ոչինչ, կանցնի:
Արիստակես — Աստծուն ծառայելու համար դաժան չե՞ս մի քիչ… Թե՞ բարությունը միայն քարոզներիդ համար է…
Գրիգոր — Նոր հավատը միայն քարոզով չես սերմանի: Մարդուն ստիպել է պետք, որ երջանիկ լինի: Նա չգիտի, որ պարտավոր է երջանիկ լինել:
Արիսկատես — Ես չեմ ուզում երջանիկ լինել, տեսնենք ո՞նց ես ինձ ստիպում:
Գրիգոր — Միասին կստիպենք: Ես ու դու: (Արիստակեսը ապշած նայում է Գրիգորին): Այո, այո, քեզ հետ միասին: Եթե մարդուն թողնենք, մարդ արարածը կնախընտրի այն, ինչին սովոր է կյանքում:
Արիստակես — Ինձ այսքան հեռուներից գերի ես վերցրել, որ այս տարօրինակ մտքե՞րը հայտնես: Ուրիշ զրուցակից գտիր քեզ համար:
Գրիգոր — Այսօր պիտի բռնությամբ հարթես հավատի ճամփան, որ վաղը բարություն իշխի:
Արիստակես — Այդ բառը տարօրինակ է հնչում քո բերանում: Բարություն…
Գրիգոր — (Հանկարծ) Գիտե՞ս ես ով եմ:
Արիստակես — Խոր Վիրապի Գրիգորը:
Գրիգոր — Ուրի՞շ: Ո՞վ եմ, ո՞վ:
Արիստակես — Հայոց եկեղեցապետը…
Գրիգոր — Ուրի՛շ, ուրի՛շ…
Արիստակես — Իմ հայրը:
Գրիգոր — (Զարմացած): Եվ դու այդպես հե՞շտ ես արտասանում այդ բառը, այդքան սա՞ռը:
Արիստակես — Իսկ դու այդքան տա՞ք դիմավորեցիր քո որդուն, որին քսանհինգ տարուց ավելի է, ինչ չես տեսել: Ինչո՞ւ ինձ բաժանեցին իմ տնից, ինչո՞ւ բռնությամբ բերեցին քեզ մոտ: Շատ չե՞ն ինչուները:
Գրիգոր — Բայց պատասխանը մեկն է: Այդպես էր պետք:
Արիստակես — Իսկ գիտե՞ս, որ քո կինը և իմ մայրը, Դավիթ իշխանի դուստր Մարիամը ողջ է դեռ, գոնե գիտե՞ս:
Գրիգոր — Կանայք երկար են ապրում:
Արիստակես — Իսկ քո ավագ որդի Վրթանե՞սը, որը կրտսեր հասակում մոր հետ մտավ կուսանոց: Գիտե՞ս ուր է նա հիմա:
Գրիգոր — Ես քեզ գործով եմ կանչել և ոչ թե ընտանեկան հանդիպման:
Արիստակես — Իսկ իմ անչափահաս որդո՞ւն ինչու ես բռնությամբ բերել այստեղ: Էլի՞ գործով:
Գրիգոր — Այո, Արիստակես: Էլի գործով:
Արիստակես — Դու նույնիսկ իմ անունն ես հիշում:
Գրիգոր — Ով Աստծո կամքն է կատարում, նա է իմ եղբայրը, և քույրը, և մայրը… Քրիստոսի խոսքն է, չե՞ս հիշում…
Արիստակես — Ասա, ինչո՞ւ եմ ես այստեղ: Քո զինվորները կոպիտ էին ու դաժան: Դու նրանց չէի՞ր զգուշացրել, որ այնուամենայնիվ քո որդին եմ ես:
Գրիգոր — Տղամարդ ես դու և արտոնություններ չպետք է փնտրես:
Արիստակես — Ասա, ի՞նչ ես ուզում ինձանից ու քո թոռից:
Պաուզա:
Գրիգոր — Ես վախենում էի, շատ էի վախենում, որ քեզ տեսնելով, իմ մեզ կզարթնի նախկին Գրիգորը, որը կկակղի, կփափկի ու մի քիչ էլ կծերանա: Փառք Երկնավորին, իմ վախը փարատվեց: Մենք երկար տարիներ չենք հանդիպել, և դու, բարեբախտաբար, անծանոթ մարդ ես ինձ համար: Ես էլ քեզ համար: Կյանքումս մի անգամ եմ քեզ լողացրել միայն…
Արիստակես — Բայց հիշո՞ւմ ես, չէ՞, այդ մի անգամը…
Գրիգոր — Մի անգամ էլ որսի եմ տարել: Ծեծել եմ քեզ, որովհետև նվնվում էիր անընդհատ, տուն էիր ուզում գնալ… Դու այդպես էլ նետահարել չսովորեցի՞ր…
Արիստակես — Ինչքան բան ես հիշում…
Գրիգոր — Հիշողությունը ծուղակ է, Արիստակես, մենք պետք է խուսափենք ծուղակից:
Արիստակես — Հանուն ինչի՞: Ես հիշել եմ ուզում:
Գրիգոր — Ականջիդ օղ արա, մենք, որ մի բուռ քրիստոնյաներ ենք, թվով քիչ, պետք է ամբողջ էությամբ նվիրվենք մեր հավատին, ոչ մի կողմնակի բան չպետք է խանգարի մեզ, ոչ մի կապ, ոչ մի հուշ, անցյալի ոչ մի թնջուկ… Միայն քո անձը մոռանալով կարելի է սիրել բոլորին… Գիտես, չէ՞, որքան ենք մենք սիրում մեզ… Անասելի շատ… Սաստիկ շատ… Ամոթալի, ամոթալի շատ…
Արիստակես — Բայց բոլորին սիրելու համար պետք է նախ մեկ հոգու սիրել:
Գրիգոր — Մի հոգու սիրելը նույնն է, թե քեզ սիրես: Մուրացկանին ձեռք մեկնելով` մարդ իրեն է գոհացնում, ոչ թե մուրացիկին, իր մասին է հոգում, ոչ թե մուրացիկի, մուրացիկի մեջ իրեն է տեսնում, իր վեհանձնությունը, իր անձնազոհությունը, և ոչ թե նրա թշվառությունը… Մինչդեռ մենք պետք է մոռանանք մեզ… Ես մոռացվել եմ, դու էլ կմոռանաս…
Արիստակես — Ինչո՞ւ ես ինձ բերել այստեղ… Վերջիվերջո ասելո՞ւ ես, թե՞ ոչ:
Գրիգոր — Ասելու եմ, ասելու… Թագավորի հրովարտակով ես մի խումբ նախարարների ուղեկցությամբ մեկնում եմ Կեսարիա` հայոց եպիսկոպոսապետ ձեռնադրվելու: Իսկ դու դառնալու ես իմ տեղապահը:
Արիստակես — Տեղապա՞հ… Ե՞ս… Բայց ինչո՞ւ ես…
Գրիգոր — Վերջ: Այլևս ոչ մի խոսք: Որովհետև ժառանգականության իրավունքը պետք է պահպանվի հայ եկեղեցու մեջ: Ինչո՞ւ թագավորներն իրար հաջորդեն ըստ տոհմական պատկանելության, իսկ հայրապետները` ըստ թագավորի ցանկության: Հենց սկզբից պետք է հասկացնել նրան, Տրդատ լինի, Տիգրան, թե Արտաշես, միևնույն է, որ հայոց եկեղեցին անկախ է, թագավորություն է թագավորության մեջ, մեկը` մարմնի, մյուսը` հոգու…
Արիստակես — Տեսնո՞ւմ ես, ուզած-չուզած էլի հանգեցիր անցյալին, էլի կապերի մեջ մտար, փնտրեցիր ու գտար ինձ: Արժանի մարդու ընտրեիր և ոչ թե ինձ նման անծանոթ մեկին: Ինչ գիտես, թե ով եմ ես:
Գրիգոր — Դու ինձ պատասխան տուր, համաձա՞յն ես, թե ոչ… Թեև ինքս վաղուց եմ պատասխանել քո փոխարեն…
Արիստակես — Համաձայն եմ…
Գրիգոր — (Զարմացած): Այդքան շո՞ւտ… Ես սպասում էի, որ դու կդիմադրես, չես համա-ձայնվի իսկույն… Դու ինձ հուսախաբ արեցիր…
Արիստակես — Համաձայն եմ…
Գրիգոր — Չլինի՞ վայելքի հոտ առար… Այս գործում վայելք չի լինելու, Արիստակես… Չի լինելու, այդ մեկը խոստանում եմ քեզ… Կարծում ես հաճո՞ւյք եմ ստանում քանդելով մեհյաններն ու տաճարները, կարծում ես չե՞մ հասկանում, որ հոյակերտ շինություններ են դրանք… Բայց ես ի՞նչ անեմ, որ սուտ աստվածներ են բնակվում այդ հրաշք շինությունների մեջ… Կարծում ես ձեռքս չի՞ դողում անհնազանդ շինականներին պատժելով, որոնք կառչել են հին աստվածների փեշերից… Կարծում ես հե՞շտ է զորքի գլուխ անցած, ճնշել անհավատների խռովությունը… Դու էլ ես լինելու իմ կողքին, և քո ձեռքը չպետք է դողա ի տարբերություն ինձ…
Արիստակես — Չի դողա, հոգևոր տեր… Խոսք եմ տալիս քեզ…
(Ծնկի գալիս):
Գրիգոր — (Կասկածանքով նայում է նրան): Կամ դու շատ արժանավոր մարդ ես, կամ բախտախնդիր… Ո՞ր մեկն ես դրանցից…
Արիստակես — Դու ինձ հրամայեցիր արժանավոր լինել…
Գրիգոր — Դժվար է լինելու քեզ հետ, Արիստակես, դժվար…
Արիստակես — Մայրս էլ էր նույնն ասում, հոգևոր տեր: Նա միշտ գանգատվում էր, որ ես…
Գրիգոր — Մի ոգևորվիր, մի թվարկիր քո թերությունները… Չհամարձակվես դրանք ի ցույց դնել… Եվ ուրախությունդ թաքցրու մի քիչ…
Արիստակես — (Հանկարծ գլխի ընկնելով): Իսկ քո թո՞ռը, իմ որդին… Ինչո՞ւ ես քո թոռանն էլ բերել այստեղ…
Գրիգոր — Աղվանից աշխարհում եպիսկոպոսապետի համար էլ ուրիշ արյունակից չունեմ ես: Վրթանես եղբորդ ես այլ գործի եմ լծել… Էլ ինչ է մնում ինձ, եթե ոչ Գրիգորիսին ուղարկել Աղվանից աշխարհը` որպես քահանայապետ:
Արիստակես — Բայց նա անչափահաս է…
Գրիգոր — Ես ուրիշ ելք չունեմ:
Արիստակես — Անչափահաս է, հայր… Նա դեռ իր խաղերով է տարված…
Գրիգոր — Չհամարձակվես ինձ հայր կոչել: Ես մինչև այս պահն էի հայր, մինչև քո համաձայնությունը: Դու չուզեցիր այդ առիթից օգտվել: Քանի՞ տարեկան է…
Արիստակես — Տասներեք…
Գրիգոր — Ուրեմն, Աստված այդպես է ցանկացել… Այդ է գրված Գրիգորիսի ճակատին…
Արիստակես — Խնայիր, հոգևոր տեր… Նա անմեղ երեխա է դեռ, ոսկորները փխրուն են տակավին…
Գրիգոր — Կամրանան: Էլ մի հակաճառիր ինձ: Ես կնախընտրեի, որ քո հարցում դիմադրեիր քիչ առաջ, ոչ թե հիմա…
Արիստակես — Մի կործանիր իմ որդուն… Մի դժբախտացրու քո թոռանը… Ես քեզ թույլ չեմ տա…
Գրիգոր — Դու վաղուց ես թույլ տվել… Այն պահից, երբ կյանք ես տվել նրան… Երբ ե՛ս, ե՛ս եմ կյանք տվել քեզ…
Արիստակես — Դաժան ես, հայր… Ձիու պես աչքապանակ ես դրել աչքերիդ ու միայն դիմացդ ես տեսնում, միայն մի ուղղությամբ…
Գրիգոր — Բայց դու ինչո՞ւ ես Գրիգորիս կոչել նրան… Ուրեմն… Ուրեմն սիրել ես քո հորը…
Արիստակես — Ես հիմա զղջում եմ դրա համար:
Գրիգոր — Ինձ էլ հենց այդ է պետք… Քո զղջումը… Մնաս բարով…
(Գրիգորը գնում է դեպի դուռը, ահա ուր որ է դուրս կգա…)
Արիստակես — (Հանկարծ): Իսկ Մարիամից, մորիցս ինչո՞ւ բաժանվեցիր… Ասա, ես պետք է իմանամ…
Գրիգոր — Մորդ հարցնեիր: Ինչո՞ւ չես հարցրել մինչև հիմա…
Արիստակես — Ես քեզանից եմ ուզում պատասխանն իմանալ…
Գրիգոր — Ես սիրում էի նրան… Բավարարվա՞ծ ես իմ պատասխանով…
Արիստակես — Հապա էլ ինչո՞ւ բաժանվեցիր, ինչո՞ւ…
Գրիգոր — Բաժանվեցի, որովհետև շատ էի նրան սիրում… Շատ… (Հանկարծ զայրույթով գոռում է): Ես չէի կարող իմ ամբողջ սերը մի հոգու տալ…
(Դուրս է գալիս բանտախցից, իր ետևից ուժգին շրխկացնելով երկաթե դուռը):

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գրիգորի խուցը: Այլայլված մտնում է Գրիգորը, քանդում օձիքը, արագ նետվում դեպի խորքում երևացող խաչը և փլվում ծնկների վրա:
Գրիգոր — Տեր ամենակալ, ցույց տուր ինձ ճիշտ ճանապարհը… Հաշտեցրու ինձ իմ անձի հետ… Մտերմացրու մեր երկուսին… Ինձ և ինձ… Վստահություն ներարկիր մեր միջև… Աշխարհիկ մարդու, որ հանուն քեզ ստիպված է թուր վերցնել ձեռքը և հոգևոր առաջնորդի, որի շրթներին քո անունն է միայն: Մի թող, որ այս հակասության մեջ հոշոտեմ ինքս ինձ… Փարատիր իմ կասկածները… Բարություն սերմանիր նախ իմ ու իմ միջև…
Իմացիր, լավ իմացիր, եթե որևէ մեկը մեղք գործի, ես ու նա ենք գործել այդ մեղքը: Եթե մեկը գողություն անի, մենք միասին ենք արել այդ գողությունը: Եթե մեկը մարդ սպանի, մենք միասին ենք կատարել սպանությունը: Եթե մեկը սուտ երդում տա, մենք միասին ենք սուտ երդում տվել: Եթե մեկը քո անունը արատավորի, մենք միասին ենք արատավորել քո անունը: Բայց եթե մեկը փառավորի անունդ, լինի անբիծ ու առաքինի, այդ նա է միայն անբիծն ու առաքինին, միայն նա, մեն-մենակ, առանց ինձ: Ես իմ անձը անջատում եմ նրանից, ես նրա հետ չեմ կիսում քո օրհնությունը… Միայն թե օգնիր ինձ հավատալու, որ կաթողիկոս լինելն ընդամենը գործ է, աշխատանք, գործ է բարություն սերմանելը, գործ է մարդկանց երջանկացնելը, Աստծուն ծառայեցնելը, սեփական անձն ուրիշներին նվիրաբերելը, և ես, քո ծառան, պիտի աշխատեմ ճիշտ այնպես, ինչպես դարբինը, զինագործը, բրուտը, ոսկերիչը, հողագործը…

ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆԵՐՈՐԴ

Տրդատ — (Մենակ է): Եկա՞ր, Տրդատ… (Դառը ժպիտով): Դու ուղի՞ղ իմ կեսն ես, թե՞ մի քիչ ավելի… Թե՞ մի քիչ պակաս… Ուղիղ կեսը, Տրդատ, ուղիղ… Արդար բաժանում ենք արել ես և դու… Կարոտել էի քեզ… Ես էլ քեզ, Տրդատ… Գործում էինք իրար հետ, բայց երբեք չէինք հանդիպում… Այո, սա առաջին մեր հանդիպումն է… Ցավոք, նաև վերջինը… Բայց ինչո՞ւ վերջինը… Որովհետև իմ երկվության շրջանն անցավ կարծես… Հիմա, փոխանակ իրար օգնելու, արդեն կարող ենք խանգարել միմյանց… Ուրախ չե՞ս, որ ա-զատվում ենք իրարից, մեր կասկածներից, վախերից, կես սիրուց, կես ատելությունից… Մենք վերջապես սովորեցինք լրիվ սիրել և լրիվ ատել… Շնորհակալ եմ քեզ… Ես էլ քեզ եմ շնորհակալ… Ես քեզնից շատ բան սովորեցի… Ես էլ, Տրդատ, ես էլ… Մենք լրացրինք մեկս մյուսին, մեկս մեկի թերությունները ծածկեցինք, և հայոց խորամանկ արքան արդեն մարդկանց աչքին երևաց անթերի… Մինչդեռ որքան հոռի կողմեր ունենք, որ գիտեինք միայն ես ու դու… Բայց գուցե հիմա՞ էլ ենք պետք իրար… Չէ, Տրդատ, ես ուզում եմ մենակ ապրել… Ես արդեն պատրաստ եմ մենակ մնալու… Ես չեմ ուզում, որ դարձյալ մեկս մեկի վրա հույս դնենք, կիսենք պատասխանատվությունը, այսինքն` պատասխան չտանք բոլորովին… Հանիր թուրդ… Հիմա մենք առանց քենի ու ատելության մենամարտելու ենք իրար հետ… Ու մեզանից որևէ մեկն առանց ոխի ու չարության հրաժեշտ է տալու կյանքին…
Բայց ես քեզանից ջահել եմ, չէ՞ որ քեզնից հետո եմ ծնվել ես… Այո, իմ համեմատ ծծկեր ես դու… Բայց ծծկերի թուրը ավելի հատու է ու ճարպիկ… Լավ է, լավ, արդեն խոսքակռիվ է սկսվում, այն, ինչ միշտ նախորդում է մենամարտին… Ուրեմն, իսկական մենամարտ կլինի… (Մենամարտում է օդի մեջ, մեն-մենակ): Այս մեկն իմ կրած տառապանքների համար… Այս մեկն իմ կորցրած սիրո` չքնաղ Հռիփսիմեի համար… Այս մեկը` ար-քայի կրած նվաստացումների… Այս մեկն իմ պարտությունների դիմաց… Ես ժլատ չեմ, հաղթանակները թող քեզ մնան, պարտությունները ինձ… Ես քեզ խոսք եմ տալիս այնպես ապրել, որ այն աշխարհից չամաչես իմ փոխարեն… Հպարտանաս միայն… Մնաս բարով, Տրդատ, Աստված է վկա, որ ես սիրում էի քեզ…
Անսպասելի մտնում է Ագաթանգեղոսը: Արքայի թուրը հարցական կախվում է օդում:
Տրդատ — Ինչո՞ւ ես կիսատ թողնում իմ լավագույն մենամարտը: Ինչո՞ւ ես ամեն տեղ քիթդ խոթում: Ձանձրացրիր քո հայոց պատմությամբ:
Ագաթանգեղոս — Դու հիմա նախարարների հետ գնում ես խնջույքի:
Տրդատ — Կգնա նա, ով կենդանի կմնա այս մարտում:
Ագաթանգեղոս — Թող ոչ ոք չգնա, արքա… Խնդրում եմ քեզ… Կյանքումս առաջին անգամ…
Տրդատ — Իսկ ի՞նչ է գրված քո մատյանում, արքան գնո՞ւմ է խնջույքի…
Ագաթանգեղոս — Գնում է…
Տրդատ — Ուրեմն, էլ ինչո՞ւ ես միջամտում:
Ագաթանգեղոս — (ծնկաչոք): Մի գնա, արքա… Առաջին անգամ ես եմ ուզում շեղվել իմ մատյանից… Մի գնա, աղաչում եմ քեզ…
Տրդատ — Ի՞նչ է սպասում ինձ այնտեղ…
Ագաթանգեղոս — Նրանք քո գինու մեջ թույն են լցրել, որպեսզի հին աստվածներին վերադարձնեն:
Տրդատ — Դա՞ է պատմության տրամաբանությունը:
Ագաթանգեղոս — Այո, արքա:
Տրդատ — Ուրեմն ինչո՞ւ ես թույլ տալիս, որ խախտեմ այն: Հեռացիր ճամփիցս…
Ագաթանգեղոս — (Վեր է կենում և կանգում արքայի դիմաց): Չեմ թողնի, արքա… Մենա-մարտի վախճանը քո նախարարների ձեռքով ես ուզում լուծել… Քո ոտքով գնում ես ինքնասպանության…
Տրդատ — Իմ ճամփին դեռ ոչ ոք չի կանգնել, պատմիչ… Հեռացի՛ր…
Ագաթանգեղոս — Չեմ թույլ տա… Այսքան տարի ծառայել եմ քեզ ու ոչինչ չեմ խնդրել… Հիմա խնդրում եմ, արքա…
Տրդատ — Դու ո՞վ ես, որ ուզում ես քո տիրոջ ճակատագիրը փոխել… Դու ո՞վ ես, որ դեմ ես գնում իմ մատյանին… Ի՛մ մատյանին, ի՛մ, և ոչ թե քո… Ենթարկվիր, պատմիչ, և ինձ էլ թույլ տուր ենթարկվելու…
(Հրում է նրան, գցում գետնին ու դուրս նետվում):
Ագաթանգեղոս — (Գոռում է նրա ետևից): Դու ուրիշ պատմիչ գտիր քեզ համար… Ես ուզում եմ անտեղյակ ապրել… Չեմ ուզում, որ ձեռքս անգութ և անարդար բաներ գրի… Եթե անհնար է այս մատյանը խմբագրել, եթե չի կարելի ոչ մի տող փոխել կամ ջնջել, ես հրաժարվում եմ իմ արհեստից… Ես այսօր եմ ուզում ապրել, այս պահին, կուրորեն, անգետ… Բոլորի նման… Հոսանքի մեջ եմ ուզում ընկնել և ոչ թե ափին կանգնած դիտել գետի վարարուն ընթացքը… Ես էլ եմ ուզում խեղդվել կամ փրկվել… (Թևքով սրբում է արցունքները և գրում իր մատյանում): Խնջույք եղավ արքունիքում հայոց մեծ դարձի առթիվ, և հեթանոս իշխանները խնջույքի թեժ պահին թունավորեցին Տրդատ Մեծ արքային…
(Գլխահակ դուրս է գալիս բեմից: Բեմը մի պահ մնում է դատարկ: Հանկարծ ցավից ծամածռված մտնում է արքան և տապալվում ծնկների վրա):
Տրդատ — Ի՞նչ են անում, ի՞նչ են ասում վերջին պահին… Հուշիր ինձ, պատմիչ, օգնիր… Իմ վերջին խոսքը… Ես բան ունեի ասելու… Ափսոս… Չհասցրի…
(Անշնչացած ընկնում է հատակին):
Արագ մտնում են պատմիչն ու վարդապետը: Պատմիչը փորձում է մոտենալ արքայի դիակին, բայց վարդապետը բռնում է նրա թևից:
Վարդապետ — Ոչ ոք արքային չպետք է տեսնի մեռած… Ավելի լավ է օգնիր ինձ…
(Պատմիչը, արցունքն աչքերին, անձայն հնազանդվում է, և վարդապետն ու նա գորգի մեջ փաթաթում են արքայի դիակը և աճապարանքով տանում են դուրս):
(Մտնում է արքան, տխուր նայում է շուրջը, կարծես ինչ-որ մեկին է փնտրում, ապա խո-շոր աչքերով հարցական նայում դեպի դահլիճ):
Տրդատ — Բայց ո՞վ եմ ես… Ո՞վ մնաց ողջ… Ո՞վ էր մեռնողը…
(Անձայն հայտնվում է պատմիչը):
Ագաթանգեղոս — Չգիտեմ, արքա:
Տրդատ — Բայց դու ամեն ինչ պետք է իմանաս, պատմիչ…
Ագաթանգեղոս — Իսկապես չգիտեմ… Որովհետև դու թեև հասու եղար իսկական հավատին, բայց կեսդ անցյալում է դեռևս…
Տրդատ — Հետո ինչ…
Ագաթանգեղոս — Երբ իսկական քրիստոնյա դառնաս, այն ժամանակ էլ կգա ինքնաճանաչումը… Մարդու և ազգի ինքնաճանաչումը…
Տրդատ — Ե՞րբ, պատմիչ, ե՞րբ… (Դեպի դահլիճ): Ե՝րբ… (Մատն ուղղում է մութ դահլիճի զանազան կողմերը, փաստորեն անձայն նույն հարցը տալով` ե՞րբ: Ապա ձեռքն իջեցնելով, արքան հարցական ու երկար նայում է մութ դահլիճին, նայում է մեզ):

ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ

Բեմի խորքում Մայր տաճարի ուրվագիծն է: Մեծ բազմություն է հավաքվել Տաճարի բացման առթիվ: Այստեղ են նաև նախարարները, որոնք կանգնած են առաջին շարքում:
Գրիգոր — Տեր ամենակալ, իմ վեմ, իմ բերդ և իմ ազատիչ, ով իմ ամրություն, ով իմ ասպար և փրկության եղջյուր, ով իմ բարձր աշտարակ, ինչ կարող ենք անել քո բարիքների փոխարեն, եթե ոչ ինքներս մեզ տալ քո պատվիրանների դիմաց, մեր անձերը պա-տարագ մատուցել քո աստվածությանը, ինչպես քո միածին Որդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ ճշմարիտ գառ եղավ և իր անձը քեզ պատարագ մատուցեց համայն աշ-խարհի մեղքերի համար, որ բարեխոս լինի Արարչիդ և արարածներիս միջև…
Մկրտում և օրհնում է հերթի կանգնած կանանց, տղամարդկանց և երեխաներին:
Սլկունի — (Գադիշո իշխանի ականջին): Խոսիր, խոսիր, լավ ես խոսում… Հիմա լուր կստանաս, որ թագավորդ աշխարհի հետ փակել է հաշիվները… (Հանկարծ անհանգիստ): Բայց ինչո՞ւ է լուրն ուշանում, հը՞, իշխան…
Գադիշո — Երևի որոշել են առայժմ գաղտնի պահել… Չեն ուզում, որ կիսատ մնա հանդիսությունը…
Սլկունի — Բայց չպետք է թույլ տալ, որ այն ավարտվի… Փաստը չպետք է կատարվի, պետք է հենց կիսատ մնա…
Գադիշո — Ես գնամ ու շտապ հետ դառնամ, որպես գուժկան…
Սլկունի — Գրիգորի բանը հեշտ է… Խոր Վիրապը կա ու կա… Գնա, իշխան, էլ մի՝ հապաղիր…
Գադիշոն ուր որ է ահա կգնա, երբ դիմացից… Այ քեզ չար երազ… Գալիս է հենց նոր սպանված հայոց արքան` իր թիկնապահների հետ:
Դավադիր իշխաններից մեկը վախից ուշաթափ է լինում:
Տրդատ — (Ժպտադեմ): Շոգից է… Շոգ է, չէ՞, իշխաններ… Ջուր տվեք, ջուր…
Իշխանները ուշքի չեն գալիս, ապուշ կտրած նայում են նրան:
Տրդատը խոր գլուխ է տալիս, հիշեցնելով, որ արքաներին անհրաժեշտ է գլուխ տալ: Իշխաններն ակամա ենթարկվում են և գլուխ տալիս:
Տրդատ — Ինչո՞ւ եք այդպես զարմացած ինձ նայում, իշխաններ: Կարծես առաջին անգամ եք տեսնում ձեր արքային… Ես բոլորիդ հրավիրում եմ պալատ` խնջույքի: Չէ՞ որ մեր պատմության ամենահանդիսավոր օրերից մեկն է սա, եթե ոչ ամենահանդիսավորը: (Խոսքն ուղղում է բոլորին): Հասկանո՞ւմ եք ինչ եղավ, հասկանո՞ւմ եք ինչ կատար-վեց… Աստծո գթության ու ողորմածության անձրևն է այսօր իջնում մեր գլխին… Մենք մաքրվեցինք Սուրբ մկրտությամբ… Արդ, թող այսուհետ սերը լինի մեր կյանքի նշանաբանը, այն մեծ սերը, որ պատգամեց մեզ Հիսուս Նազովրեցին… Դժվար է լինելու, իմացեք, շատ դժվար, ահավոր, անասելի դժվար… Բյուզանդացին ու պարսիկը մեզ չեն ների, որ առաջին և միակ քրիստոնյա տերությունն ենք մենք… Ոչ ոք մեզ չի ների… Իսկ ի՞նչ է, հե՞շտ է եղել Քրիստոսին… Մեզ հալածելու են մեր հավատի համար, խաչելու են, Գողգոթայի ճանապարհը նաև մեր ճանապարհն է լինելու… Բայց մենք ուրիշ ճար չունենք, սիրելիներս, մենք փոքր ածու ենք, մենք պետք է տարբեր լինենք, որ հզորների արանքում չկորչենք… Ուրեմն, Գողգոթայի ճանապարհը նաև մեր փրկության ճանապարհն է… Այդ ե՞րբ են մեզ հնարավորություն տվել հավասարակշիռ ապրելու, որ մենք էլ փորձեինք չափած-ձևած ապրել, ե՞րբ, ձեզ եմ հարցնում… Մեր ճակատին գրված է խենթությունը, հա՝, հա՝, խենթությունը, իմաստուն մի խենթություն, թե չէ ինչպե՞ս պիտի փոքրաթիվ ուժերով հաղթեինք թշնամու հզոր բանակներին… Եղել է, չէ՞, հո չեմ հնարում… Եղել է, եղել… Եթե հայը սովորական տրամաբանության օրենքներով ապրի, հաստատ իմացեք, կդադարի գոյություն ունենալուց… Թող այդ օրենքներով հզորներն ապրեն, մերն ուրիշ է… Սիրեցեք իրար, ուժ գտեք ձեր մեջ միմյանց սիրելու… Եթե կարող եք` մի քիչ էլ, մի քիչ էլ ձեր արքային… (Նախարարներին): Թեև ինչպես որ անկարելի է կատվազգի գազանին իր շերտավոր մաշկը փոխել և եթովպացուն` իր թխությունը, այնպես էլ անկարելի է, որ ամբարիշտ մարդն իր մաշկը փոխի…
(Արքան անսպասելիորեն ծնկի է գալիս Գրիգորի առաջ): Ներիր ինձ, Գրիգոր… Ներիր, եթե կարող ես… Եթե անկեղծ ասեմ, ես չէի կարող ներել այսքան տառապանք ինձ պատճառողին… Բայց դու մեծահոգի եղիր, մի եղիր ինձ պես թուլակամ… Ներիր ինձ, ի սեր Քրիստոսի… Տես, բոլորի առաջ եմ աղերսում… Ներիր…
Գրիգոր — Ես ով եմ, որ ներեմ կամ չներեմ քեզ: Աստված է քեզ վաղուց ներել: Գնա խնջույքի…

ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Շվարած ու մռայլադեմ իշխանների ուղեկցությամբ ճաշասրահ է մտնում Տրդատ արքան: Իշխանների շփոթմունքն է՝լ ավելի է մեծանում, տեսնելով, որ հսկա սեղանի շուրջը, նախարարների համար սահմանված մշտական բազմականներին նստած, քեֆ են անում ծառաները: Նրանք արդեն այնքան են հարբել, որ նախարարների մուտքը չի կարող ուշքի բերել նրանց: Խմբովի, իրարից ետ ու առաջ ընկնելով, երգում են` գուսաննե-րի նվագակցությամբ:
Սլկունի — (Զայրույթից կարմրած): Արքա…
Տրդատ — (Մեղմ): Սրանք մեր եղբայրներն են, իշխան… Հետո ինչ, որ ծառա են… Ո՞վ է քո ծառան, ո՞ր մեկն է սրանցից… Ուզո՞ւմ ես երկուսիդ զգեստներն էլ հանենք, տեսնենք մերկ վիճակում ինչով եք տարբերվում իրարից… Դեռ հարց է, թե ով կշահի… Դո՞ւ` քո հաստլիկ փորով, թե՞ նա` իր ջղուտ մարմնով…
Սլկունի — Այս մեկը չես մարսի, արքա…
Տրդատ — (Ուշադրություն չդարձնելով իշխանի սպառնալիքին): Ամբողջ կյանքը մեզ են ծառայել նրանք: Չարժե՞, որ գոնե մի անգամ մենք ծառայենք նրանց: Գոնե մի անգամ:
Ծառաներից մեկը բարձանում է սեղանի վրա և ընկերների ծափերի ուղեկցությամբ սկսում է ինքնամոռաց պարել: Ծափ է զարկում նաև Տրդատը: Մի տեսակ տենդագին:
Տրդատ — (Իշխաններին, ցավագին ոգևորությամբ): Ձեր մտքով բնավ չի անցել սեղանի վրա պարել, չէ՞… Ով ձեզանից սիրտ անի հիմա այս ռամիկին միանալու, խոսք եմ տալիս նոր հողեր նվիրել նրան… Դե, իշխաններ, ձեզ տեսնեմ… Շատ հողեր, շատ…
Ծառաներից մեկը — (Գոռում է հեռվից): Իշխաններ, ես եմ, ես… Ես ուզում եմ իմ անունն իմանաք…
Մի պահ արքայի ու պարող ծառայի հայացքները հանդիպում են իրար, ծառան իջեցնում է թևերը, դադարում է պարել և հեռվից ձայն է տալիս արքային:
Ծառա — Այսքան գինի ես բերել ու սոված թողել մեզ… Ասա, ուտելու բան բերեն…
Տրդատ — Հիմա, հիմա… Ուտելու բան բերեք մեր եղբայրների համար…
Ծառան շարունակում է ինքնամոռաց պարել, մի քանիսը ևս բարձրանում են սեղանին և միանում նրան: Իսկ ոմանք ընկել են սպասուհիների ետևից, որոնք լեղապատառ այս ու այն կողմ են փախչում` զուր պաշտպանություն աղերսելով իշխաններից:
Ծառաներից մեկը- Իշխաններ, ես ուզում եմ, շատ եմ ուզում իմ անունն իմանաք…
Գադիշո — Ուշքի եկ, արքա… Ամո՝թ է, ամո՝թ…
Տրդատ — Ամո՞թ… Իսկ ի՞նչ բան է ամոթը… Ապա մտածիր, իշխան, լավ մտածիր… Սրանք իրենց տիրոջ վրա ձեռք չեն բարձրացնում երբեք… Միշտ հնազանդ ու հավատարիմ են նրան… Եթե նույնիսկ անարդար է տերը… Քանի անգամ ես մտրակել նրանց, քանի անգամ ես պատժել անտեղի, իսկ նրանք մեծահոգաբար ներել են քեզ, չէ՞… Մտածել են` աշխարհի կարգն է, այսպես եղել է, այսպես էլ կգնա… Թող մի կուշտ քեֆ անեն գոնե մի օր… Էլ ի՞նչ ամոթ… Ամոթս որն է…
Սլկունի — (Քմծիծաղով): Երևի գիշերը վատ երազ ես տեսել, արքա:
Տրդատ — Վա՞տ… Ահավոր վատ, իշխան… Չես պատկերացնում որքան վատ… Հեռու քեզանից, դու քո ձեռքով թույն էիր տալիս քո արքային… Հենց այս սրահում… Բայց քո աներես, անամոթ արքան ցանկություն չուներ մեռնելու… Ի՞նչ կարող ես անել, արքայի կամք է…
Սլկունի — (Չի կորցնում իրեն): Բայց երազ էր դա, արքա, մոռացիր…
Տրդատ — Ինչպե՞ս ես հանդգնել խցկվել իմ երազի մեջ… Թույնի համար չեմ ասում, այլ հենց խցկվելուդ համար… Էլ չհամարձակվես, իմ երազում տեղ չկա քեզ համար…
Ծառաներից մեկը — (Գոռում է դահլիճով մեկ): Ախր ես անուն ունեմ… Ուզում եմ իմանաք իմ անունը…
Գաբեղենից տեր — (Ցույց տալով սեղանը): Սրամիտ էր կատակդ արքա, բայց շատ երկար քաղցած չպահեցի՞ր մեզ: Հրամայիր թող ցրվեն սրանք:
Տրդատ — Տեր Գաբեղենի՞ց… Ծա՝փ, իշխաններ, ծա՝փ… Վկա է մեր նոր Աստվածը, որ ես սիրում էի քեզ… Գոնե դու հայտնվեիր իմ երազում, ոչ թե սա… Եթե քո ձեռքից խմեի թույնը, հաստատ ողջ չէի մնա… Ծա՝փ, ծա՝փ… Սխալ ընտրություն կատարեցիք, իշխաններ, սխալ…
Գաբեղենից տեր — Ինչե՞ր ես խոսում, արքա, ի՞նչ երազ, ի՞նչ թույն…
Տրդատ — Այդ էր պակաս, որ իշխան Սլկունու կամքով մեռնեի… Իմ թշնամիներին էլ պետք է ես ընտրեմ, և ոչ թե նրանք…
Սլկունի (Անպատկառ ժպիտով): Մենք քո բարեկամներն ենք, արքա:
Տրդատ — (Հանդիսավոր): Դե, իշխաններ, արդարության վերին, ամենավերին օրենքով, հանուն համազգային հաշտության և համերաշխության, այսօր դուք եք սպասարկելու ձեր ծառաներին: Խոհանոցից ճաշ եք բերում և մեկ առ մեկ առատ բաժանում բոլորին: Գոնե մի օրով մոռացեք ձեր գոռոզությունը: Գոնե մի օրով: Իսկ վաղը, խոսք եմ տալիս, ամեն ինչ կլինի առաջվա պես…
Տիրում է քար լռություն: Բոլորն արձանի պես անշարժ են: Արքայի խոսքի վրա լռել են նաև ծառաները և մթնած հայացքներով նայում են իրենց տերերին: Նրանցից մեկը, որ հենց սկզբից չէր մասնակցում խրախճանքին և անընդհատ պտտվում էր ճաշասրահում ու շշմած նայում չորս բոլորը, հանկարծ, անհաղորդ շուրջը կատարվածին, խախտում է լռությունը և դուրս թափում իր հոգում կուտակված ամբողջ վիրավորանքը:
Ծառա — (Ինքն իրեն, խիստ նեղացած): Ոչ մի անկյուն… Ոչ մի նեղվածք, որ մարդ զգաս քեզ… Թո՛ւ…
Տրդատ — Ի՞նչ եղավ, ինչո՞ւ չեք կատարում իմ հրամանը… (Կարծես մեքենաբար): Կեցցե՜ արքան… Կեցցե՝, կեցցե՛… (Անսպասելիորեն ծառաները միաբերան կոչում են` «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»): Այ, տեսնո՞ւմ եք… Արքայի հրամանն օրենք է, անբեկանելի, անքննելի… Դա ոչ թե ինձ, այլ ձեզ է պետք, ձեր զավակներին, ձեր թոռներին… Այդքան բան չե՞ք հասկանում… Երկրին է պետք, երկրին…
Էլի քար լռություն, էլի անշարժ են բոլորը:
Միայն երիտասարդ իշխան Մանաճիհրը, լուսնոտի նման, քայլերն ուղղում է դեպի խոհանոց: Բոլորի հայացքները գամված են նրան: Իշխանը, ոտքերը դանդաղ քստքստացնելով, վերադառնում է մի մեծ կաթսա ձեռքին, դարձյալ լուսնոտի պես մոտենում ծառաներին և մեքենաբար կաթսայից ճաշ լցնում պնակների մեջ:
Սլկունի — Պատվովս եմ երդում, որ կզղջաս այս օրվա համար… Շատ կզղջաս…
Զայրույթից փրփրած շրջվում է և դուրս գալիս ճաշասրահից: Մնացածները ևս հետևում են նրան: Նախարարների խմբից մնում է միայն երիտասարդ իշխան Մանաճիհրը` կաթսան ձեռքին: Հարցական և շփոթված, նայում է մեկ ծառաների լուռ խմբին, մեկ Տրդատ արքային:
Մանաճիհր — (Շշուկով): Քեզ էլ լցնե՞մ, արքա:
Ծառաներից մեկը — (Անկյունում կուչ եկած): Ախր ես ուզում էի իմ անունն իմանայիք…

ՊԱՏԿԵՐ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ

Դատարկ բեմի խորքում` Մայր տաճարի ուրվագիծը: Բեմառաջքի աջ կողմում` Խոր Վիրապ, ձախում` շամբուտը:
Գրիգորի ձայնը — Արդ, Տեր բարերար, որ քո անձն ամեն տեսակ չարչարանքների ենթարկեցիր, մեզ համար քացախ և դառը լեղի խմեցիր, քաղցրացրու մարդկանց սրտերը քեզ երկրպագելու, որպեսզի հնազանդվեն քո ամենաքաղցր լծին և հավիտյանս տանջանքներից ազատվեն… Հավատացյալ հայեր, թող ձեր լապտերների մեջ ձեթի պակասություն չլինի և մեր սուրբ ուխտի հավատքի ճրագները չհանգչեն…
(Գրիգորի ձայնը հնչում է, և այդ նույն ժամանակ Խոր Վիրապի մոտ հայտնվում է հենց ինքը, թափառում չորս բոլորը, կարծես սիրտ չանելով մոտենալ փոսին: Բայց ահա ի վերջո մոտեցավ, կռացավ վրան, ու ձայն տվեց, սկզբում ցածր, ապա հետզհետե ավելի ու ավելի բարձր. «Գրի՜-գո՜ր… Գրի՜-գո՜ր…»:
Անսպասելիորեն հայտնվում է Արիստակեսը` հոգևորականի զգեստով:
Արիստակես — Իզուր ես ձայն տալիս… Մեկ է, պատասխան չի լինելու…
Գրիգոր — (Հանկարծակիի եկած): Ինչո՞ւ ես ինձ հետևում… Քեզ ով է թույլ տվել…
Արիստակես — Անցյալից մի կառչիր, հոգևոր տեր… Մի փնտրիր քեզ… Միևնույն է, չես գտնելու…
Գրիգոր — (Առաջին անգամ հուզված ու մի տեսակ խեղճացած): Ես կարոտել եմ ինձ…
Արիստակես — Դու իրավունք չունես թուլանալու… Դու պետք է պինդ լինես միշտ… Կարոտը ծուղակ է, հոգևոր տեր, մենք իրավունք չունենք հուշեր ունենալու… Իրավունք չունենք անձնական կյանքի… Դեռ այնքան կիսատ գործեր կան առջևում… Եվ դու պիտի մեզ առաջնորդես դեպի գալիքը…
(Գրիգորն ապշած նայում է Արիստակեսին):
Գրիգոր — Կամ դու շատ արժանավոր մարդ ես, Արիստակես, կամ բախտախնդիր… Ո՞ր մեկն ես այդ երկուսից…
Արիստակես — Կապրենք, կտեսնենք…
Գրիգորը նոր է նկատում հեռվում կանգնած 12-13 տարեկան մի տղայի:
Գրիգոր — Ո՞վ է սա… Քո որդի՞ն…
Արիստակես — Քո թոռը, հոգևոր տեր:
Գրիգոր — Ես դեռ պատրաստ չեմ նրա հետ հանդիպելու… Ինչո՞ւ բերեցիր…
Տղան լսելով, որ իր մասին են խոսում, պոկվում է տեղից և, թևերը լայն բացած, վազում դեպի Գրիգորը:
Գրիգոր — (Խուճապով): Ասա, թող չմոտենա ինձ…
Արիստակեսը նշան է անում որդուն, որ կանգ առնի: Տղան առանձնապես դժգոհ չէ, որ իր սիրո «պոռթկումը» կիսաց մնաց:
Գրիգորիս — Պապ… Ո՞ւր էիր մինչև հիմա: Ինչո՞ւ ինձ բան չէին ասել քո մասին:
Գրիգոր — Երևի ասելու բան չկար… (Թոթվում է ուսերը): Ինչ իմանամ…
Գրիգորիս — Ո՞ւր ես ինձ ուղարկում: Աղվա՞նք: Քեզ նման տեր հոգևո՞ր:
Գրիգոր — Այո, ինձ նման…
Գրիգորիս — Ո՞վ է լինելու պետը` ե՞ս, թե՞ դու:
Գրիգոր — Ծառա, տղաս… Ես էլ եմ Աստծո ծառա, դու էլ…
Գրիսորիս — (Համառում է): Բայց ո՞վ է ավելի մեծ ծառա:
Գրիգոր — Դու…
Գրիգորիս — Եվ դու կենթարկվե՞ս ինձ:
Գրիգոր — Անշուշտ…
(Տղան ծիծաղում է):
Գրիգորիս — Բայց ես փոքր եմ դեռ…
Գրիգոր — Կմեծանաս, հո այսպես փոքր չես մնալու…
Արիստակես — Եվ դու սրան ուղարկում ես քահանայապե՞տ… Այն էլ ուրիշ աշխա՞րհ…
Գրիգոր — Ես մեղավո՞ր եմ, որ դու ավելի մեծ զավակ չունես:
Գրիգորիս — Պապ… (Ուղղում է իրեն): Հոգևոր տեր… Իսկ կթողնե՞ս, որ Նվարդին տանեմ ինձ հետ:
Գրիգոր — Ո՞վ է Նվարդը:
Գրիգորիս — Չե՞ս ճանաչում… Ես խաղում եմ նրա հետ…
Գրիգոր — Եթե աղջկա հետ ես խաղում և ամոթխածությունից դեռ չեք օտարվել միմյանցից, նշանակում է, իրոք, երեխա ես դեռ… Աստված թող օգնի, որ շուտ մեծանաս…
Գրիգորիս — Ես խոստացել եմ նրան:
Գրիգոր — (Արցունքը հազիվ զսպելով): Մտքիցդ հանիր խաղը… Հիմա նոր խաղ է սկսվում, որդիս… Մեծ խաղ…
(Մեկնում է ձեռքը: Թոռը ծնկի է գալիս և համբուրում Գրիգոր եպիսկոպոսապետի աջը):

***

Բեմի մյուս կողմում, շամբուտի մոտերքում երևում է մի այլ մարդ, Հայոց աշխարհի Տրդատ թագավորը և թափառում շամբուտի եզերքին: Հեռվից, գաղտագողի, նրան հետևում է Աշխեն թագուհին:
Ահա եկավ, կանգնեց ամուսնու կողքին և ձեռքը մեղմորեն դրեց նրա ուսին:
Թագուհի — Գնանք, արքա… Դու մենակ չես, ես քեզ հետ եմ… Մենք մեր մենակությունը կընծայենք մեկս մյուսին և այսուհետև մենակ կլինենք երկուսով… (Արքան մի տեսակ հանձնվում է կնոջ մխիթարանքի խոսքերին): Դու հանգիստ ես ուզում, գիտեմ, հոգնել ես փոթորկոտ ու ալեկոծ կյանքից… (Արքան գլխով է անում): Խաղաղություն, իմ հոգ-նած ամուսին… Հաշտություն ինքդ քեզ հետ… Հռոմեացիների, պարսիկների հետ… Մեր նոր Աստծո հետ… Աշխարհի հետ…
Տրդատ — (Հանկարծ): Բավակա՛ն է, կին: Դու ինձ օրոր ես ասում: Իսկ ես շեփորի ձայն եմ լսում անընդհատ: Գիտե՞ս հենց նոր ինչ արեց քո ամուսինը: Մտքովդ չի անցնի… Միայն զարմանքից չոռնաս, կին… Արքայասպան նախարարներին տարա այն նույն ճաշասրահը, ուր քիչ առաջ նրանք թունավորել էին իրենց արքային…
Թագուհի — Գիտեմ, արքա, գիտեմ… Թագուհին պարտավոր է ամեն ինչ իմանալ… Բայց սա պատերազմ է, հասկանո՞ւմ ես, պատերազմ…
Տրդատ — Հապա ի՞նչ էիր կարծում… Հին աստվածներն այդպես հեշտությա՞մբ կմեռնեն…
Թագուհի — Ուրեմն, չկա՞ խաղաղություն:
Տրդատ — Կռիվը նոր է սկսում, կին… Անհավատների դեմ և ինքներս մեր դեմ… Այս վերջինն ավելի դաժան է լինելու, ավելի անհաշտ, ավելի անզիջում… Քանզի մինչև մեր դարձը չի եղել այդպիսի կռիվ…
Թագուհի — Կռի՞վ… Դու վախեցնում ես ինձ… Ինչո՞ւ կռիվ…
Տրդատ — Որովհետև իմ առաջին թշնամին ես եմ, ես, որը մինչև օրս անծանոթ է ինձ…
(Արքան և թագուհին հանկարծ լռում են, տեսնելով, թե ինչպես հեռվում մի մարդ վախվորած մոտենում է շամբուտին, անվստահ թափառում մի փոքր, ապա, կարծես ուժերը հավաքած, մտնում է եղեգների մեջ ու անհետանում):
Տրդատ — (Տխուր ժպտալով): Ես գիտեի, որ նա շամբուտ կմտնի… Գիտեի…
Թագուհի — (Զարմացած): Դու ճանաչո՞ւմ ես նրան:
Տրդատ — Ոչ… Իհարկե ոչ… Բայց ես առա մեղքի հոտը… Ծանոթ և սուր հոտը… Նա գնաց իր մեղքերը քավելու… Իր պատիժը կրելու…
Թագուհի — Ընդմի՞շտ… էլ չի՞ վերադառնա…
Տրդատ — Երբ մարդկային բնությունը բռնի նրա կոկորդից ու պոկ չգա, երբ կյանքն անսովոր դառնա առանց դավաճանության, խարդավանքի, ստորության, երբ նա կարոտի այս ամենը, անպայման կվերադառնա… (Ափերը բերանին մոտեցրած` գոռում է դեպի շամբուտը): Բարի վերադարձ… Բարի վերադարձ, մարդ… Գոնե անունդ ասեիր…

«Գարուն», 2001, 8

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով