Կարինե Խոդիկյան. Դինոզավրերի ու մարդկանց մասին

Դուռը բացում եմ ու միանգամից հասկանում երեք շատ կարևոր բան: Նախ, ինչո՞ւ են երկրի երեսից անհետացել դինոզավրերը, երկրորդ՝ ինչո՞ւ Սահարայում միայն ավազ է: Ու դեռ այսքանը հերիք չէ, միանգամից ու մեկընդմիշտ հասկանում եմ, որ կորած եմ, կոր-ծան-վա՛ծ, որ ես չկա՛մ, իսկ իմ կանգնած տեղում ինչ-որ (երևի՝ ի՞մ) խրտվիլակը ջրից դուրս նետված ձկան պես բացուխուփ է անում աչքերը (թեև տրամաբանական կլիներ բերանի բացուխուփը) և իզուր փորձում հոդաբաշխ մի բառ կորզել սեփական կոկորդից: Որ ես կորած-կործանված եմ, անգամ՝ չկամ, ինձ այնքան չի մտահոգում, ինչքան այն հանգամանքը, որ նա՝ դռան այն կողմում կանգնածը իր մահացու աչքերով դա չի հասկանում և, իհարկե, ինձ կատարյալ ու անհույս ապուշի տեղ է դրել: Նրա նշաձև, կանաչ հափրուկի (հափրուկը կանաչ լինո՞ւմ է) երանգ ունեցող աչքերը (թե մի կարճ ակնթարթում այդքանը ե՞րբ հասցրի նկատել…) աստիճանաբար կլորանում են, շուրթերի անկյուններում (թմբլիկ, խռովկան շուրթեր. հատուկ ստեղծված են խռո-վել-հաշտվելու համար) ծաղրական թե ծիծաղկոտ դող է անցնում, ու ես, վերջնականապես խրտվիլակայինի վերածված գիտակցությանս վերջին բռնկումով հասկանում եմ, որ եթե չխոսեմ, այլևս խոսելու ոչ պատճառ պիտի ունենամ, ոչ էլ արդարացում: Եվ ինձ ստիպում եմ կենդանության (թե՞ ինչ-որ կենդանի լինելու) նշաններ ցույց տալ: Բայց նա կանխում է ինձ:
— Դոկտոր Հայրապետյանի բնակարա՞նն է,- զարմանքը քաղաքավարության ժպիտով գրիմած՝ հարցնում է նրա ձայնը. իսկ ես մինչև այդ ձայնը լսելն արդեն գիտեի, որ ոչ մի շրջանակի մեջ այն չի պարփակվի, իսկ եթե հանկարծ՝ ապա այդ ձայնի վրա կլինեն աշխարհի բոլոր գույններն ու պատկերները: Իսկ նա գաղափար էլ չունի, որ իր դիմաց կորած-կործանված մեկն է, որն այլևս չի լինի, չկա՛, որովհետև եթե լինելու պայմանը փրկությունն է, ապա այդ փրկությունն արդեն նրա նշաձև, կանաչ հափրուկի երանգ ունեցող աչքերի մեջ է, ինքնակամ խեղդվում է այնտեղ և օգնության կանչելու միտք էլ չունի: Այսքանից հետո ինձ մնում էր ասել այն, ինչ կասեր նույն իրավիճակում հայտնված իսկական խրտվիլակը:
— Իսկ դուք ո՞վ եք,- հիմա հասկացա՞ք, թե ի՛նչ է ասում իսկական խրտվիլակը:
— Ես… նրա ասպիրանտը,- ձայնի մեջ թեթևակի նեղսրտություն ավելացրած, դեռևս ժպտում է նա, թքած ունենալով, որ իր դիմաց… չկրկնեմ:
— Եվ ի՞նչ եք պատրաստվում պաշտպանել,- շարունակում եմ զարգացնել մտային նվազագույն կարողություններիս արագընթաց անկումը նրա աչքերում:
— Առայժմ՝ դոկտոր Հայրապետյանին տեսնելու օրինական իրավունքս,- աչքերի նշաձևն ավելի է շեշտվել, կանաչ հափրուկն էլ կարծես մի փոքր մգացել է:
— Ես նրա տղան եմ,- երևի թե խոստովանվելու մարմաջն է բզկտում ինձ:
— Պատահում է: Երբեմն ավելի հաճախ, քան կարող եք պատկերացնել,- հոնքերը մի թեթև բարձրանում են. փրկությունս, որ լա՜վ էլ հարմարվել է նրա աչքերում, մի պահ կորչում է մգացող կանաչի մեջ:
— Մխիթարո՛ւմ եք,- սրամտելու փշուր է արթնանում խրտվիլակիս մեջ:
— Ամենևին: Սա անուն էլ ունի՝ ծանր դեպք: Այս պահին նկատի ունեմ ժառանգական կոդի թերացումը:
Ես համոզվում եմ, որ նա ասպիրանտ է. նախնիս մտքի գիտական կառուցվածք ունեցող ուսանողների հայտնի հայտնաբերող-կոլեկցիոներ է:
— Դա ծանր դեպք չէ, այլ…
— Ուրեմն՝ կլինի,- հանգիստ ասում է նա:- Եթե ճանապարհ չտաք, այստեղ ծանր դեպք կարձանագրվի՝ մարմնական թեթև վնասվածք ձևակերպումով:
Ես վերջապես կարողանում եմ մի կողմ քաշել իմ խրտվիլակին, ճանապարհն ազատ է, իսկ նա տեղից չի շարժվում, ինչի՞ է սպասում…
— Նանե՞… ճիշտ ժամանակին եք եկել,- թիկունքիս է խփում իմ նախնիի (ծանոթացեք՝ հայրս. դոկտոր Հայրապետյան) ձգված, շրջանակի վրա քաշված ձայնը: Շատ վաղուց նրա ձայնը՝ ինչպես կտավը, քաշեցի շրջանակի վրա (հո իզուր չէ՞ի ժամերով վեր ընկնում հարևան նկարիչ Գափոյի արվեստանոցում) և այդ անգույն ձայնի վրա փորձեցի նկարել: Ոչինչ չստացվեց: Ընդամենը մի քանի դժգույն կետ-գծիկներ: Ու հիմա նախնիս իր այդ ձայնով վերջնականապես դռան մոտից սրբում-քշում է ինձ, որ կորած-կործանված մի խրտվիլակ էի, հատու-հաշվարկված շարժումով օգնում է Նանեին հանել թիկնոցը և ուղեկցում է իր աշխատասենյակը: Դուռն անաղմուկ, բայց անտարբեր-արհամարհական փակվեց հենց քթիս առաջ ու ես, որ դուռը բացելուց հետո հազիվ հասկացել էի, թե ինչու երկրի վրայից անհետացան դինոզավրերն ու Սահարայում միայն ավազ է, նորից մխրճվեցի անգիտության ճահճի մեջ ու ու մնացի պատին հենված մի ստվեր՝ որպես հուշարձան սեփական խրտիլակիս: Լեթարգիկ քնի, թե անզգայացման վիճակից դուրս բերեց մայրս (գիտությունների թեկնածու Հայրապետյան): Երկու բաժակ սուրճ, բյուրեղապակյա ամանում՝ շոկոլադ, ափսեի մեջ՝ չորաբլիթներ. նման դեպքերի համար սովորական ու մշտական տեսականին սկուտեղի վրա մոտեցավ աշխատասենյակի դռանը, հազիվ լսելի թակեց, մտավ ու համարյա միանգամից դուրս եկավ դատարկաձեռն:
Ու տեսավ ինձ: Տեսքս երևի թե տարօրինակ էր, որ մոտեցավ, մազերս շոյելու պես մի շարժում արեց, որ կիսվեց-մնաց օդում, ու.
— Գնա սենյակդ: Ու նստիր պարապելու: Հուսով եմ, չես մոռացել, որ վաղը քննության ես:
Ի տարբերություն հորս, մայրս ինքն իրեն է շրջանակի մեջ առել: Տարիներ առաջ ես նրա ձայնի վրա նկարում էի իմացած ու չիմացած հեքիաթները: Չիմացածները, ստիպված, հորինում էի: Բայց ինչքան ժամանակ է, շրջանակի վրա քաշված նրա ձայնի վրա ես ոչինչ չեմ կարող նկարել: Համարյա ոչինչ:
Ես ինձ տանում եմ իմ սենյակը, դուռը փակում ու կպնում դռանը: Ու միանգամից դառնում եմ լսողություն՝ մի մեծ ականջ: Անցումը խրտվիլակից մեծ ականջին համարյա առանց ցավի է կատարվում, միայն թե լարումը, ինչպես երևում է, հակացուցված է ականջին. նյարդերը լարված են՝ ուր որ է՝ կպայթեն: Նա պիտի որսա միջանցքից եկող ամենաանլսելի հնչյունը:
Երբ մի ամբողջ հավերժությունից հետո բացվում է աշխատասենյակի դուռը, նրանից մեկ վայրկյան առաջ ես արդեն միջանցքում եմ, անգամ՝ կախիչի կողքին ու մտազբաղ զննում եմ կեռիկներից կախված շորեղենին, որոնք ինձ հիշեցնում են վանդակներից դուրս պրծած, բայց ազատությունից մոլորված անվնաս գազաններ:
— Երկու օրից կբերեք ռեֆերատը՝ իմ ուղղումներով, մնացածի մասին կպայմանավորվենք ամբիոնում,- շրջանակի վրա քաշված ձայնի մեջ, ո՜վ զարմանք, ես կենդանի մեկ-երկու հնչյուն եմ լսում ու դրանք վերածում պատկերի՝ կարծես երկարացման նշաններ լինեն:
Նրա աչքերը, որոնք այդքան սառնասիրտ ու միանգամից սեփականաշնորհեցին իմ փրկությունը, ու միայն սատանային է հայտնի, թե ինչպես են տնօրինելու նրա հետագա ճակատագիրը, մոտենում են ինձ, ավելի ճիշտ՝ կախիչին: Ու քանի որ մեծ ականջից խրտվիլակի, իսկ հետո էլ՝ քիչ թե շատ տանելի մարդարարածի վերածվելը ժամանակ է պահանջում, նախնիս կանխում է ինձ, հատու-հաշվարկված շարժումով (ա՛յ, դա ինձ երբեք չի հաջողվի) վերցնում է թիկնոցը, պահում, հետո հենց այնպես, առանց խղճահարության կամ գոնե սիրով առ մերձավորը, դիմում է ինձ.
— Հուսով եմ, Նանեին կուղեկցես:
Ի պատիվ մեծ ականջ-խրտվիլակ-մարդարարած խառնուրդի, մենք կարողանում ենք գլխով համաձայնության նշան անել ու անգամ բացել դուռը (բայց ի՛նչ անշնորհք, ի՜նչ անշնորհք կերպով, լավ է, որ ես ինձ չեմ տեսնում):
— Մինչև ո՞ւր ձեզ ուղեկցեմ,- վերելակում հանկարծ բացվում է լեզուս, ու մեծ համրը խոսում է՝ մտքում փայփայելով այն հույսը, որ նա կասի քաղաքի ամենահեռու թաղամասը: Կամ գուցե երկրի հեռավոր մարզերից մեկը:
— Մինչև մոտակա կանգառը,- ժպտում է նա, մի ամբողջ սառցակտոր փշրելով գանգիս, հետո,- ո՞ր դասարանում ես սովորում,- ու ես հասկանում եմ, թե ի՛նչ զգաց խեղճ այսբերգը, երբ բախվեց Տիտանիկին:
— Տասներորդ,- ինձ թվում է՝ գոռում եմ ես:
— Չլսեցի, ո՞ր…,- Տիտանիկի նավախելից հնչող զինվորական նվագախմբի վալսի հնչյունների տակ նա շարունակում է քրքրել խեղճ այսբերգիս կողերը:
— Տասներորդ,- համակերպված՝ նորմալ ձայնով գուժում եմ ես ու չեմ համբերում:- Բայց դա ոչինչ չի նշանակում:
— Իհարկե,- հեշտ ու հանգիստ համաձայնվում է նա:- Մի բան պիտի խոսենք, մինչև հասնենք կանգառ: Ի դեպ, ի՛նչ հարմար է, որ կանգառն այդքան մոտ է ձեր տանը:
Մինչև սառցակալած հոգու խորքը խոցված այսբերգս որոշում եմ հենց այս գիշեր կանգառի երկաթաձողը տեղափոխել-հեռացնել… գոնե մի հարյուր մետրով: Հետո նա գնում է, ու ես այդպես էլ չեմ կարողանում տեսնել, թե իմ փրկությունը, որ, չգիտեմ, ինչու գնաց-ծվարեց նրա աչքերում, դեռ մի քիչ երևո՞ւմ էր, թե լրիվ խեղդվել էր կանաչ հափրուկի դյութանքի մեջ:

Երկու օր անց դուռը բացում եմ, հյուրընկալ ժպտում եմ, ներս եմ հրավիրում, օգնում եմ հանել թիկնոցը, ուղեկցում եմ նախնիիս սենյակը: Եվ այդ ամենը՝ կատարյալ ինքնատիրապե-տումով, հաշվարկված շարժումներով (ժառանգական կոդի հետ հանաք չանե՜ք…): Ու ոչ մի խրտվիլակ, մեծ ականջ կամ այսբերգ: Ես եմ՝ կրտսեր Հայրապետյանը, որը թեև տասներորդն է ավարտում, բայց արդեն հասցրել է երկու անգամ սիրահարվել, հաշիվ կորցրած հաշվով համբուրվել դասարանի ու շենքի աղջիկների հետ, արշավի ժամանակ վրանում… այո, եղել է: Իսկ հիմա կորած-կործանված է, չկա ու չի լինի, մինչև մոտիկից, շատ մոտիկից չտեսնի նշաձև աչքերի կանաչ դյութանքին ինքնակամ հանձնված իր սերը, որը նման դեպքերում ընդունված է փրկություն անվանել:
Ես սլանում եմ խոհանոց, մորս ձեռքից խլում սկուտեղն ու նրան թողնելով թեթև կաթվա-ծի ու սրտի նոպայի տարբերակների այլընտրանքի առաջ, նետվում եմ աշխատասենյակ: Նրանք համարյա չեն նկատում իմ գոյության հայտնությունը, տարված են ինչ-որ թղթերով, թե խոսակցությամբ, բայց ես ինձ չեմ կորցնում, սկուտեղը դնում եմ սեղանին ու դուրս գալիս: Այսօր, երբ ուղեկցեմ, նրան անակնկալ է սպասում. մեր տանից մինչև կանգառ ճանապարհը երկարել է գոնե հարյուր մետրով: Ես գնում եմ իմ սենյակը, փակում եմ դուռը, բայց մեծ ական-ջի վերածվելու միտք չունեմ: Ես այնքան վստահ եմ, որ եթե տասը սենյակ էլ մեզ բաժանի, ես անպայման կլսեմ այդ միակ դռան բացվելը:
Հայելու առաջ հերթով փոխում եմ ունեցածս երեք փողկապները և տասը, թե տասներկուերորդ փորձից հետո քարանում. սկուտեղի վրա երկու գավաթ սուրճ էր, շոկոլադը բյուրաղապակյա ամանի մեջ և… ոչ մի և՝ չորաբլիթները չկային: Ես նորից եմ նետվում խոհանոց և առաջինը տեսնում եմ որբ ու անտեր ամանը՝ սեղանի վրա մնացած, հետո մորս, որ դուրս է նայում պատուհանից: Եվ հանկարծ ինձ թվում է՝ նրա աչքերում մի չասված բառ կա, որ ես երևի թե պիտի վերծանեմ, բայց… ոչ հիմա: Ես սահուն, իսկը մատուցողի շարժումով սեղանից պոկում եմ ափսեն ու արագություն հավաքում դեպի աշխատասենյակ: Դռանը չհասած, աչքի անկյունով տեսնում եմ մորս, որ ձեռքով անորոշ շարժում է անում, կարծես փորձում է ետ պա-հել… ժամանակ չունեմ, նրա աչքերի մեջ հանկարծ երևակված ինչ-որ բանն էլ ինձ տագնապեցնում է, բայց այդ ամենը՝ հետո… Իսկ հիմա ես նորից կտեսնեմ նրան կամ նրա՝ իմ փրկությունը սեփականաշնորհած աչքերը:
… Ափսեն ձեռքիցս չի ընկնում. ես կարողանում եմ ափսեն այնպես պահել, որ չորաբլիթները նույնիսկ չեն խշխշում չոր-չոր: Ես կարողանում եմ դուռը փակել համայա անլսելի ու հատու-հաշվարկված քայլերով մտնել իմ սենյակը, դուռը ամուր փակել, ամուր փակել աչքերս, որ ինձ կուլ տվող խավարի մեջ չտեսնեմ գրկախառնված նրանց:
Ու հանկարծ հիշում եմ, թե ինչու երկրի երեսից անհետացել են դինոզավրերը, իսկ Սահարայում ոչինչ չկա՝ ավազից բացի:

«Գարուն», 2001, 5

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով