Հայկարամ Նահապետյան. Արա Գյուլերի արվեստը

«Նա ու նրա նման մարդիկ այնպես են ապրում, որպեսզի «վաղվա օրը» բարի լինի, ու երբ տեսնում են այդ «վաղվա օրը», հանուն որի այդքան արյուն-քրտինք եւ արտասուք են թափել և հասկանում, որ «երեկն» ավելի բարի էր՝ անկարող են զսպել իրենց զայրույթը,- գրում է թուրք լրագրող Չելեբին «Զայրացկոտ մարդ Արա Գյոլերը» հոդվածում («Ստամբուլ» հանդեսում):
Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը ժամանակակից Թուրքիայի խորհրդանիշերից մեկն է դարձել: Թուրքիայում նրան չեն սիրում: Թուրքիայում Գյուլերին պաշտում են: Չկա թիվ ու համրանք նրա մրցանակներին, իսկ «Հյուրիեթը» Գյուլերին համարում է «Հազարամյակի թուրքերից մեկը» (թուրքական սահմանադրությամբ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի թուրք է):
Գյուլերը ծնվել է 1928թ օգոստոսի 16-ին:
«Ես մեծացել եմ Թատրոնում: 7-8 տարեկան երեխա էի միշտ թատրոնում էի: Ներկայացում է եղել, որ նայել եմ 20-25 անգամ: Ես ուշադիր հետեւում էին դերասանական միմիկային, ու դա կարեւոր եղավ լուսանկարչությանս համար: Չլիներ թատրոնը, այսօրվա Արա Գյուլերը չէր լինի»,-խոստովանում է նկարիչը:
Սովորել է հայկական դպրոցում, ուր իր խոսքերով. «Սովորելն այնքան բարդ էր, որ ավարտելուց հետո կընդունվեիր եվրոպական ուզածդ համալսարան»: Ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: Ուսանողական տարիներին սկսել է զբաղվել լուսանկարչությամբ «, հայտը եղել է «Նոր Ստամբուլ» թերթում:
«Նոր Ստամբուլում» էի. ուղարկեցին Կաննի փառատոն: Կաննում մի քանի օր կորցնելուց հետո գնացի Փարիզ: Սիրահարվել էի մի ֆրանսուհու: Ասաց, թե՝ մնա այստեղ: Ես էլ զանգեցի Ստամբուլ, ասացի՝ չսպասեք, ես մնում եմ: Խմբագիր Վեդաթ բեյն այդ օրերին Փարիզում էր: Կանչեց: Ասաց. «Գնա, բուխարու վրայի փողերից վերցրու»: Ուզում էի մերժել, չստացվեց: Ես մի քանի ֆրանկ վերցրի: «Քիչ է,- ասաց,- էլի վերցրու»: Մի երկու հատ էլ վերցրի: Զայրացավ, թե՝ ամբողջը վերցրու: Մի քանի հարյուր ֆրանկ կլիներ: Հետո էլ, թե՝ «Աղջկադ հետ ման ես գալիս, ինչ ես անում արա, մի ամսից Ստամբուլում կլինես»: Մի ամիս կերուխում արեցի աղջկա հետ ու վերջում, մի կերպ հավաքելով ինքնաթիռի տոմսի գումարը, թռա Ստամբուլ: Է՜հ, ջահելություն»,- հիշում է Գյուլերը:
Զինվորական ծառայությունից հետո աշխատել է «Հյուրիեթ» թերթում, «Հայաթ» ամսագրում: Գրել է պատմվածքներ եւ 2 պիես: Շատ է ճամփորդում, իսկ փառքի դափնիները կրնկակոխ հետեւում են նրան:
«Լուսանկարչությունն արվեստ է», թե՝ ոչ հարցին Գյուլերը պատասխանում է. «Ոչ: Միայն ես չէ, շատերն են ասում, որ լուսանկարչությունն արվեստ չէ: Կարտիե Բռեսոնը նույնն է ասում է. «Արվեստն ազատությունից է ծնվում: Գեղանկարիչը կուզենա, երկնակամարը կապույտ կնկարի, կուզենա՝ մանուշակագույն: Բայց եթե նեղուցով նավ չի անցնում, ես չեմ կարող այնպես անել, որ նկարում նավ լինի: Արվեստի նման բան է, բայց արվեստ չէ»:

Եթե խոսում ես Թուրքիայի մասին քաղաքականությունը կամ պատմական խնդիրներն ինքնին ենթադրվում են: Ասում ենք Թուրքիա՝ հասկանում՝ 1915, եւ հակառակը: Ու քանի դեռ հիմնախնդիրները սպասում են լուծման, նկատենք, որ կան, կա՛ն լարված մթնոլորտը լիցքաթափողներ:
Օրինակ Արա Գյուլերը: Ու նրա ԱՐՎԵՍՏԸ:

«Գարուն», 2001, 4

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով