Խորեն Արամունի. Թատրոն (հատված վեպից)

Լուսարձակը հրապարակի վրա էր:
Մայիսյան զով երեկո էր: Տարիներ շարունակ ծարավից պապակ ջրավազանի շատրվաններից ջուր ցայտեց, ժանգախառն հեղուկն աստիճանաբար զուլալվեց, երաժշտության հնչյունների ներքո վառվեցին եռագույն լույսերը: Այդ տեսարանին վաղուց կարոտած երևանցիները շտապեցին հրապարակ: Ծերունիները՝ այն մեկ անգամ ևս տեսնելու, ջահել հարսները՝ նորածիններին ցույց տալու, իսկ երիտասարդները՝ ճեմելու, միմյանց ժպտալու և սիրահարվելու:
Հրապարակում զինվորներ էին կուտակվում: Երևանի տարբեր մասերից, հանրապետության շրջաններից հավաքած զինծառայողներին բեռնատարներով բերում ու թափում էին այնտեղ: Նրանց ձեռքի պաստառները նախագահի գովքն էին անում: Հրապարակը հսկողության տակ առած մռայլադեմ ոստիկանները կարգ էին պաշտպանում:
Նախկին առաջնորդների պատվանդանի համարակալած սալիկներից հետք իսկ չէր մնացել, տեղը փայտաշեն բեմահարթակն էր: Վարագույր չկար: Հերթական այս ներկայացումը նվիրված էր Մայիսի 28-ին ու նախագահական նոր ընտրություններին: Մինչ բացումը՝ կազմակերպիչները, ներկաների տրամադրությունը բարձրացնելու նպատակով, հրավիրել էին պալատական մի երգչի և երգչուհու, որոնք խամաճիկների պես ծամածռվելով՝ փորձում էին զվարճացնել ամբոխին: Աննկարագրելի նիհար երգչուհին անիմաստ ցատկոտում էր:
Նախագահը, որ երդման արարողությունը կատարել էր մագաղաթյա հնամաշ Աստվածաշնչի վրա, ուխտել էր Հիսուսի պես փրկել իր «մոլորյալ» ժողովրդին: Հիշեց «Լեռան քարոզը» և բարձրացավ բեմ, նրան հետևեցին իր աշակերտները: Նախագահի մուտքը բեմահարթակ աշխուժություն մտցրեց զինծառայողների մեջ: Բեմի ստորոտին խմբված թոշակառուների դեմքերը մռայլվեցին, կնճիռների արանքում նշմարվեց տարիների փորձով ձեռք բերված իմաստության փայլը: Ճգնեցին իրենց ձայնը հասցնել նախագահին, որը կուլ գնաց զինվորների ցնծագին ուռաներին:
Նախագահը վարժ շարժումով ականջի վերին մասի երկար մազերով ծածկեց ճաղատ գլուխը, կոճկեց պիջակն ու մի ձեռքը դեպի հյուսիս, մյուսը արևմուտք պարզելով՝ ասաց. «Ես եմ ձեր փրկիչը», և շարունակեց. «Երանի՜ հոգով աղքատներին, վասնզի երկնքի թագավորությունը անոնցն է: Երանի՜ հեզերուն, վասնզի նրանք պիտի ժառանգեն երկիրը: Երանի՜ անոնց, որ անոթի ու ծարավ են արդարության, վասնզի անոնք պիտի կշտանան: … Երանի անոնց, որ հալածված են արդարության համար, վասնզի երկնքի թագավորությունը անոնցն է: Երանի՜ է ձեզի, երբ կնախատեն ձեզ ու կհալածեն և սուտ տեղը ամեն կերպ գեշ խոսքեր կխոսին ձեր վրա: Ցնծացեք և ուրախ եղեք, վասզնի ձեր վարձքը շատ է՝ երկինքը. քանզի այս կերպով հալածեցին ձեզմե առաջ եղած մարգարեները»:
Զինծառայողների ծափողջույնների և ուռաների տակ բարձրացան եռագույնները, վանկարկվեցին առաջնորդին վայել գովազդային խոսքեր, շատրվաններն ավելի բարձր ցայտեցին, ու լույսերն ավելի հզոր ճառագեցին:
Մայրաքաղաքի կոնսերվատորիայի ռեկտորը, որ օրվա երաժշտության պատասխանատուն էր, մոտեցավ նախագահին, ականջին ինչոր բան փսփսաց: Նախագահի գլխի դրական շարժումով բեմահարթակին շարված երգչախումբը կատարեց «Հայր մերը»: Առիթից օգտվելով՝ գրողների միության նախագահը հանրապետության նախագահին հանձնեց մի թուղթ, որը ընթերցվեց երգչախմբի ելույթից անմիջապես հետո. «Սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարիք ըրեք անոնց, որ ձեզ կատեն և աղոթք ըրեք անոնց համար, որ ձեզ կչարչարեն ու կհալածեն»:
Զինծառայողները, ավելի մեծ ոգևորություն ցուցաբերելով, խառնվեցին խայտաբղետ լույսերով ու երաժշտության տակ պար բռնած շատրվաններով հիացած ժողովրդին՝ փորձելով աշխուժացնել նրան:
Ջրավազանի եզրին, անվաթոռին նստած էր մի երիտասարդ, որը Ղարաբաղի պատերազմում կորցրել էր աջ ոտքն ու վնասել ծնոտը: Հայացքը հառած թեթև ծփացող ջրին՝ երազում էր, որ այն վերածվեր օվկիանոսի, և ինքը կուլ գնար նրա ահարկու ալիքներին:
— Այ մարդ, բան չհասկացա, էս մեր առաջնորդն ինչի՞ է արևմտահայերեն խոսում,- մի ծերունի դիմեց տարեկից ընկերոջը:
— Որ ասում եմ՝ շաշ ես՝ շաշ ես: Սփյուռքահայերի համար է, հիմա հասկացա՞ր: Հոն արձանը պիտի կառուցեն, մեռնելուց հետո էլ աճյունը հոն պիտի տեղափոխեն…

***
Օրը հոգնել էր: Դաուն Թաունի երկնաքերներից մեկի 35-րդ հարկում ոսկերչական բիզնեսը դադարեցրել էր աշխատանքը: Միջին տարիքի մի քանի տղամարդ գրասենյակում նստած՝ զրուցում էին:
— Ախպեր ջան, հո էդպես չի…
— Հա, ցավդ տանեմ, պրոստը…
— Որ էսպես շարունակվի, ցավդ տանեմ…
— Ով ում ինչ կարա, որ անի:
— Որ պետք լինի, կանեմ, էլի…
— Պրոստը պետք չի, էլի, մարդկությունը խոմ դրանով չի…
— Գործերը որ մի քիչ լավանան, ցավդ տանեմ, սաղին պիտի կզցնեմ:
— Արա, վազն անցի, էլի, կզցնելու վախտն անցավ, վախտին լավ էլ հասցրին: Հիմա մատանու փոխարեն սաղ իրար մեր են շինում, շուկան դարձրել են զիբիլ, ոսկին զիբիլից էժան ա, ամբողջ օրը քարշ են գալիս՝ տակը բան չի մնում:
— Արա, թողեք էդ բիզնես-միզնեսը, տղերքն են գալու, ի՞նչ անենք:
— Հեչ, բան-ման կպատվիրենք, խմելու բան էլ կա, ուրիշ ի՞նչ ա պետք:
— Արա, հո կնկա հետ չի՞:
— Չէ, արա, տղերքով են:
Սաշան վեր կացավ, սառնարանից տարբեր տեսակի խմիչքներ, զովացուցիչ, միրգ, չաքլետ, պիստակ ու պանիր բերեց: Համեստ սեղանը գրավեց բոլորի ուշադրությունը: Հազիվ էին կոկորդ թրջել, լսվեց զանգը:
— Տղերքն են,- ասաց Սաշան ու դուռը բացեց:
— Վայ, քո չարը տանեմ, Սաշա ջան,- փայլեցին Հարութի աչքերը:
— Այ ցավդ տանեմ, էս երեք օր է՝ քեզ ենք սպասում, Բարսեղն ո՞ւր ա:
— Չեկավ, էն տանը, ուր մնում է, կարծես ինչ-որ քեֆ-մեֆ կար, չէր կարող գալ: Դու էն ասա, ո՞նց ես, է՜…
— Լավ եմ, լավ, կուզեի՝ էն Խաչիկ Վանքյանն էլ գար, խեղճ մարդուն ո՞նց ինֆարկտ տվեց: Հիմա ո՞նց ա, հեչ խաբար ունե՞ս:
— Ասում են՝ լավ ա, բայց դժվար թե կարողանա նորից բեմ բարձրանալ:
— Բայց իսկականից ինֆարկտ է եղե՞լ, թե…
— Ինֆարկտ է, ինֆարկտ, բժիշկները հաստատել են, ինֆարկտը տվել՝ ընկել է:
— Ծանոթացեք, տղերք ջան, ծանոթացեք: Նստիր, նստիր, Հարութ ջան, նստիր տենամ ո՞նց ես, մեր Երևանը, ժողովուրդը… Սուրոն ո՞նց ա:
— Էլ ժողովուրդ թողին որ… ես դրանց…
— Ա՜յ ձեր ցավը տանեմ, նստեք, Հարութին տեսանք, ձեզ մոռացանք,- Սաշան դիմեց Հարութի հետ եկող երկու տղաներին ու շարունակեց,- ի՞նչ կխմեք: Լցրե՛ք, լցրե՛ք, խմեք, ուտելիք եմ օրդեր արել, ուր որ է կհասնի:
— Էս հիմա քո՞ բիզնեսն ա,- հետաքրքրվեց Հարութը:
— Հա, ցավդ տանեմ, արի, արի էքսկուրսիա տանեմ:
— Էս շենքն է՞լ է քոնը:
— Որ էս շենքը իմը լիներ, դու կարո՞ղ էիր ինձ հանդիպել:
— Ինչո՞ւ:
— Ամերիկյան խասիաթ ա: Որ հարստանում ես, ժամանակ չես ունենում էրեխեքիդ տենալու:
— Ամերիկյան խասիաթ չի, ցավդ տանեմ, փողի խասիաթ ա: Էնա, մեզ մոտ էլ, մեր տղաները, որը իրեն կապեց՝ կապեց: Ընկերներից ավելի հեռու են, քան Ամերիկան Հայաստանից:
— Լավ, վազն անցի: Ա՜յ, էս սրահում աշխատողներն են, քառասունվեց գործավոր ունեմ:
— Հա՞յ են:
— Մեծ մասը Հայաստանից են:
— Բա էն սենյակն ի՞նչ ա:
— Շոու րում՝ ցուցասրահ: Մեր արտադրած ապրանքներն ենք ցուցադրում: Արի, արի տես՝ ի՞նչ ենք արտադրում:
— Էս… տեղիդ ինչքա՞ն վարձ ես տալիս:
— 2800 դոլար: Բայց միայն հո վարձը չի, կոմունալ ծախսեր, ինշուրանս, հազար ու մի բիլ… մի խոսքով, ամիսը 6-7 հազար էշի պես կա: Արի տես, էս մատանիները նոր ենք արտադրում, իմ դիզայնն է, հավանո՞ւմ ես:
— Լավն է, վատը չէ: Դերասանությունից՝ ոսկերչություն: Լավ է, վատ չէ, կարևորը՝ որ ընտանիքդ ապահով է:
— Էս մատանին պահիր հիշատակ, կնայես, էս օրը կհիշես:
— Վա՜յ, չէ, ցավդ տանեմ, էս ի՞նչ ես անում, դու հո խելառ չես, ցավդ տանեմ:
— Մեծ բան չի: Վերցրու, էլի, վերցրու գնանք, տղերքը մեզ են սպասում:
Պատվիրված ճաշը հասել էր, տղաների քեֆին քեֆ չկար: Սաշան հաճախ էր հուզվում: Անցյալի երանելի հուշերը քերում էին կոկորդը, տղաները, համարյա բոլորն էլ անցյալով ապրելով, դժգոհում էին իրենց բախտից, իսկ Հարութը չէր կարողանում հասկանալ «փրկվածներին», նա հստակ էր պատկերացնում Սաշայի վիճակը, եթե նա հայրենիքում մնար: Մի շաբաթ առաջ եղել էր նաև նրա տանը, Երևանի հինգ տոկոսանոց լավ ապրողների մակարդակի կյանք էր ստեղծել, ինքը, կինը, երեխաները վարում էին ժամանակակից ամերիկյան, ճապոնական ու գերմանական լավագույն մեքենաները, ունեին կենտրոնական օդափոխիչ, լողավազան ու գլխավոր ննջասենյակի մեջ՝ ջաքուզի: Ինչո՞ւ է դժգոհ Սաշան, ինչի՞ց է բողոքում, չէ՞ որ Երևանում նա մի պատառ հացի կարոտ էր լինելու, դրա վառ ապացույցը ինքն էր, Սաշայից անվանի դերասաններ ու դերասանուհիներ, որոնց երեխաներն իրենց իսկ աչքի առաջ քաղցից գլխապտույտ էին ունենում: Հարութն, ըստ երևույթին, չէր կարողանում մտնել Սաշայի հոգու խորքը: Նրա՝ Սաշայի ներքին ապրումներին իրազեկ լինելու համար էներգիա էր պետք, հերոսություն, իսկ այդ էներգիան ու հերոսական կամքն ավելի լավ կլիներ ծախսել տեղական խնդիրները լուծելու, մի պատառ հացին կարոտ ընկերների հետ կիսվելու համար: Երկու ընկեր հանդիպել, ու մեկը մյուսին չէր հասկանում:
— Տղերք ջան, ձեր սաղի ցավը տանեմ, սյուրպրիզ եմ արել, հիմա բելի դանսըր է գալու:
— Գժվե՞լ ես, այ տղա,- ասաց նրանցից մեկը:
— Ոչինչ, դու կգնաս մյուս սենյակ: Բա մեկ էլ Հարութին ե՞րբ ենք տենալու:
«Երևանի սիրուն աղջիկ, հոնքերդ կամար…»,- երգում են նրանք, ու դռան զանգը հնչում է: Սաշան տեղից ցատկում, վազում, բացում է: Ներս են մտնում մի թիկնեղ տղամարդ ու մի կին: Բարևում են: Տղամարդը պարուհու թիկնապահն է: Ծանոթանում են: Պարուհին արդեն իսկ ծանոթ է Սաշային: Համարձակորեն մտնում է հարևան սենյակ, ու ընդամենը մի քանի րոպեից դուրս գալով՝ ձեռքի ձայներիզը մեկնում է Սաշային: Արաբական երաժշտության առաջին իսկ հնչյունների տակ պարուհին անկաշկանդ հրապարակ է մտնում ու ժպիտը դեմքին՝ գալարվում է տղաների շուրջը: Առաջին րոպեների անտարբերությանը փոխարինում են տղամարդկանց վավաշոտ հայացքներն ու ձեռք երկարացնելու փորձերը: Թիկնապահը երբեմն զգաստության նշան է ցուցաբերում, նա աչալուրջ հետևում է պարուհու գալարումներին: Հարութը լուրջ տեսք է ընդունել: Սաշան մի քանի թղթադրամ է հանում: Մեկը պարուհու պարանոցին, մյուսը կրծկալի արանքը, երրորդը անընդհատ ցցվող հետույքին դնելով՝ ծիծաղում է:
— Հը՞, ո՞նց ա, Հարութ ջան:
— Լավ ա, լավ ա, ցավդ տանեմ, բայց ոնց որ հայ լինի:
— Յա՜, բա ի՞նչ ա, Երևանից ա, ցավդ տանեմ: Հայտնի պարուհի ա, ինչ-որ խմբում ա պարել, եկել ա համերգների, չի վերադարձել:
— Էսպե՞ս է փող աշխատում:
— Թող էս մեկն էլ էսպես աշխատի, ում ինչ ա խանգարում:
— Հեչ, ինչ կա որ, չեմ զարմանում: Հայաստանում էլ կան: Այստեղ ինչո՞ւ պիտի չլինեն: Մի քիչ էլ որ խորանամ, գուցե ծանոթ էլ դուրս գա:
— Բայց ինքը քեզ լավ է ճանաչում: Կուզե՞ս՝ ասեմ, գիշերը մնա:
— Չէ՛: Չեմ ուզի,- ձայնը բարձրացրեց Հարութը:
— Լավ, լավ, մի տաքանա, բաժակդ բեր:
«Ոնց քար ու քանդ արին մեր չքնաղ երկիրը: Պարուհի է եղել, ինչ-որ խմբի հետ համերգների է եկել ու չի վերադարձել: Լավ է արել, ում ինչ գործն է, բայց ինչ է, աշխատանք չկա՞: Բա որ ասում եմ՝ էստեղ արվեստ չկա, ասում են՝ նոր ես, խամ ես, պիտի ապրես, անգլերեն սովորես, մտնես արվեստի աշխարհ, նոր քննադատես: Տո, բոզի տղերք, թե որ արվեստ կա, բա ինչի՞ էս պարուհուն տեր չեն կանգնում, ի՞նչ են էս դուռ, էն դուռ գցում: Ինչ է, արվեստն է՞լ է լեզու ուզում: Արվեստի լեզուն մեկն է՝ գեղեցիկը, ով հասկացավ՝ կգնահատի, ով չէ՝ չէ: Գնա, հայի աղջիկ, գնա, ոռդ սրա նրա համար էս յան, էն յան գցի, գիշերն էլ վարտիքդ հանի, տես՝ քանի դոլար ես հավաքել, մինչ հիմա արվեստով էիր ապրում, հիմի էլ… Արա, ինչ ուզում ես՝ արա, լավ ես անում, թե որ գործերդ վատ են լինում, արի Էրևան, էնտեղի դոլարն էլ նույն գույնն ունի, ինչ որ էստեղինը՝ կանաչ, միշտ կանաչ, ոչ դեղնում է, ոչ էլ գունաթափվում, հիմա քեզ նմաններին պահող խավը կա, էնպես որ կարաս հանգիստ սրտով գալ»:
— Ցավդ տանեմ, էդ ինչի՞ էդպես ընկար մտքերի մեջ:
— Ասում եմ, որ էս աղջիկը Երևան գա, նույն արհեստով այնտեղ էլ կարող է փող աշխատել, հիմա մի այնպիսի խավ կա, որ սրանց լավ կարող է բավարարել:
— Իսկ քեզ թվում է, սովետի ժամանակ էդ խավը չկա՞ր, լավ տղերք, փողավոր մարդիկ չկայի՞ն: Կար, ցավդ տանեմ, կար, միայն թե քչից-շատից գցում էին բանվոր ու շարքային մտավորականի առաջ, որպեսզի իրենք չերևան, վախենում էին: Հիմա վախ չկա, ազատ շուկայական հարաբերություն է, անկախ պետություն…
— Ճիշտ էլ ասում ես, ժամանակին մենք էլ մեր բոզությունն էինք անում, նույն բանն է շարունակվում, այն, ինչ ժամանակին թույլատրվում էր միայն վերին էշելոններին, հիմա սեփականաշնորհել են, ով ում ինչպես ուզում անում ա… Լից, լից մի բաժակ խմեմ էս օրվա կենացը: Մեր հանդիպման կենացը: Որ Երևան գաս, չմոռանաս, հիշեցրու տանեմ Վանա լիճ, աշխարհի գեղեցկուհիներն էնտեղ են, միայն թե քո հաշվին, ես էդքան կարողություն չունեմ:
Երաժշտությունն աստիճանաբար մարեց: Պարուհին դադարեցրեց պարը, մոտեցավ Հարութին…

***
Փող վաստակելու մոլուցքը համակել էր ողջ Հայաստանի ժողովրդին, ընդհուպ կառավարության անդամներին, այն դարձել էր հանրապետության հիմնահարցերից մեկը: Ազգընտիր առաջին նախագահի մտահղացումը՝ «Հայաստան» հիմնադրամը, իրեն արդարացրել էր այն մակարդակով, որ ազգային տուրքի գաղափարը, կապված հիմնադրամի հետ, արդեն ծիծաղելի էր հնչում:
Տնտեսական բացերը մասամբ լրացնելու համար Ազգային ժողովը հրավիրել էր արտակարգ նիստ: Այնտեղ ավելի շատ լրագրողներ կային, քան պատգամավորներ:
Օրակարգի առաջին հարցը հարկային քաղաքականության բարեփոխում էր: Հարկային քաղաքականությունը նոր, չուսումնասիրված բնագավառ էր Հայաստանի համար, խոպան, բարեբեր մի հող, որը «ճիշտ» մշակելու պարագայում կարելի էր առատ բերք ստանալ:
Նախագահի հակիրճ ելույթից, մի քանի խնդիրներ քննարկելուց ու մի քանի պատգամավորների լսելուց հետո, հարցերը դրվեցին քվեարկության:
Հուսալքված երկրի, աներևույթ բեռան տակ կքած, անորոշ կյանք քարշ տվող քաղաքացիների բախտը տնօրինելու քվեարկություն էր Ազգային ժողովում, քաղաքացիներ, որ վեց-յոթ տասնյակ տարիների զսպվածությունը Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին բացելուց հետո՝ նորից սկսել էին իրենց մեջ ամփոփվել: Երկրի բեռը թեթևացնելու ամենադյուրին միջոցը դարձել էր փախուստը, որի ճանապարհին որևէ երևույթ ոչնչով չէր զարմացնում արտագաղթողներին:
Իրանի Իսլամական Հանրապետություն ընդմիշտ «համերգների» մեկնող մի խումբ արվեստագետներ նույնիսկ չհետաքրքրվեցին Արարատյան դաշտի գյուղացիներով, որոնք թիկունքները Արարատին շրջած էին աշխատում:
Արարատի հմայքը վայելելու համար պետությունը քաղաքացու վրա տուրք էր սահմանել: Քաղաքացիները բողոքել էին, ցույց արել, արդյունքի չէին հասել, ստիպված ամեն հնար գործադրում էին՝ Արարատը չտեսնելու: Թուրքական կառավարությունը ևս բողոքել էր, թե իրենց երկրում գտնվող ու իրենց սեփականությունը համարվող լեռան համար որևէ երկիր կամ կառավարություն իրավունք չունի հարկ գանձելու:
Ազգային ժողովում քննարկման հարց էին դարձել նաև Արագածը, Սևանը, մեծ ու փոքր լճերն ու անտառները, որոնց սեփականաշնորհման համար առաջացել էին խմբակցություններ ու ընդդիմություն:
Արագածն իր սեփականությունը դարձնելու համար պատգամավորներից մեկի խոսքը սահմանված ժամանակից երկար է տևել: Նախագահողն ընդհատել էր նրան և խոսքը տվել այն քառյակին, որ համերաշխորեն ուզում էր գագաթները հավասարապես բաժանել իրենց մեջ և այնտեղ գտնվող լիճը դարձնել կորպորացիա:
Չորրորդ դասարանի կրթությամբ ոմն գեներալ իր ելույթում նշեց, որ Այղր լճի պարսպապատման աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով սկսվելու է Սևանի պարսպապատումը: Գեներալ պատգամավորը նաև շեշտեց, որ լճի սեփականաշնորհումից հետո այնտեղ սպանվել է երեք քաղաքացի, իսկ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել վաթսուներեք մարդ: Նրանց մեղադրանք է ներկայացված, որ ապօրինաբար ցանկացել են մուտք գործել ուրիշի սեփականությունը համարվող տարածք և օգտվել լճի ջրից:
Գրականությանը շատ թե քիչ ծանոթ պատգամավորների մի խումբ, տեղեկանալով, որ միջազգային ինչ-որ կազմակերպություն աշխարհի ամենալուսատու աստղերից մեկը կոչել է Հովհաննես Շիրազի անունով, խիստ վրդովված՝ հարց էր հարուցել արտասահմանյան այդ կազմակերպության առաջ, որ նա իրավունք չունի իրենց հանրապետությունից երևացող աստղերն անվանակոչել ու սեփականությունը դարձնել նախկին կարգերի օրոք ապրած ու հասակ առած մարդկանց անուններով, մանավանդ եթե նրանք այսօր ողջ չեն և չեն կարող իրենց աստղին տիրություն անել: Այդ նույն պատգամավորներն առաջարկել էին լուսնի լույսից օգտվողներից տուրք գանձել: Որոշումն ընդունելուց հետո, այն օրերին, երբ լուսինը առավելագույնս էր լուսավորում հանրապետությունը, մարդիկ պարտավոր էին արևը չմարած անկողին մտնել:
Ազգային ժողովի շենքի միջանցքում գտնվող սրճարանի սեղաններից մեկի շուրջը երեք պատգամավոր քննարկում էին Հայաստանի օդի վաճառքը եվրոպական մի երկրի, որի եկամուտը ծածկելու էր երկրի բյուջեի զգալի բացը: Մի լրագրող հարցրեց, թե հանրապետության օդը վաճառելու դեպքում քաղաքացիները ի՞նչ են շնչելու, կամ արդյո՞ք իրավունք կունենան հայրենի երկրի օդից օգտվելու: Խելոք և բանիմաց ձևացող պատգամավորը, սիգարետը շուրթերի արանքում, աչքերը կկոցելով, առանց լրագրողին նայելու՝ պատասխանեց: «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս հարցին, մինչև սեփականաշնորհումը մենք կզգուշացնենք և հնարավորություն կտանք անվճար պահեստավորել այնքան օդ, որից առնվազն մի քանի տարի կարողանան օգտվել: Մեր քաղաքացիները լավ գիտեն, թե երկիրն ինչպիսի տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում, ունենք մեծ թվով գործազուրկներ, կյանքն ընթանում է դանդաղ ու հանգիստ, շնչառության տեմպը կարելի է պակասեցնել և հարկ եղած դեպքում շնչել արտաշնչած, այսինքն՝ օգտագործված օդը, որը զերծ է լինելու տուրքից»:
Պատգամավորը սիգարետը ճզմեց մոխրամանի մեջ և ավելացրեց.
— Կարծում եմ՝ պատասխանս սպառիչ էր, լավ կլինի մեզ հանգիստ թողնեք:
Լրագրողը մոտեցավ միջանցքում քայլող, խոհուն տեսք ընդունած մեկ ուրիշի.
— Բարև Ձեզ, պարոն Սարդարապատյան, չէի՞ք ասի՝ ի՞նչ եք խորհում:
— Չեմ խորհում:
— Հապա՞:
— Պարտականության մեջ եմ:
— Իսկ ինչի՞ մասին եք մտածում:
— Չեմ մտածում, ես ինչո՞ւ պիտի մտածեմ, ժողովուրդը թող մտածի:
— Ժողովուրդը հոգնել է:
— Թող մի քիչ հանգստանա, հետո մտածի: Ի՞նչ է, սովետական կարգե՞րն են, ես Ստալի՞նն եմ, որ քաղաքացու փոխարեն մտածեմ: Նախկինում բանվորական երկիր էր, կառավարության անդամները պարապ էին, մտածում էին, իսկ բանվորները աշխատում էին: Հիմա կապիտալիստական ազատ շուկայական հարաբերություններ են, բանվորությունը բան ու գործ չունի, թող մտածի, էլի, մենք մտածելու ժամանակ ունե՞նք, ողջ օրը աշխատում ենք, արտասահմաններում ենք…
— Իսկ Դուք իսկապե՞ս մտածելու բան չունեք:
— Ոչ: Մենք մտածում էինք մինչև պատգամավոր դառնալը, հիմա, փառք Աստծո, ամեն ինչ լավ է:
— Իսկ ի՞նչ կասեիք օդի սեփականաշնորհման մասին…
— Մեր ապագան անհայտ է, շուտով այնքան էլ օդի պահանջ չենք զգա: Ջանում ենք բնակչությունը նոսրացնել, որպեսզի օդը հերիքի: Դեմոկրատական մեր երկիրը քաղաքացիներին լավ հնարավորույուններ է ընձեռում օգտվելու արտասահմանյան երկրների բարիքներից և օգտակար լինելու այստեղ ապրող իրենց հարազատներին: Մտահոգվելու բան չկա: Սարոյանը ասել է. «Երկու հայ որ հանդիպեն իրար, որտեղ էլ լինեն՝ մի Հայաստան կստեղծեն»: Ի՞նչ եք նստել էս մի թիզ հողի վրա ու աչքներդ տնկել կառավարությանը: Լոս Անջելես քաղաքը Հայաստանից մեծ է, Երևանից էլ շատ հայ կա, ի՞նչ է, վա՞տ են ապրում, խորհրդային շրջանում անգամ տուրիստ չէիր կարող գնալ, իսկ ես արդեն այնտեղ տուն ունեմ, պատգամավորական ժամկետը լրանալուց հետո կգնամ: Ի՞նչ է, վա՞տ է,- հարցրեց պատգամավորը:
— Ոչ, ոչ, իհարկե լավ է, լավ է, շատ լավ է, հրաշալի է, շնորհակալություն, կներեք այսքան զբաղեցնելու համար:

***
«Էս ո՞ւր ենք գնում»,- ցնցվեց Բարսեղը, չիմանալով հարցն ում է ուղղված՝ շարունակեց. «Ես կվերադառնամ, նորից գարուն կգա, նորից կբացվի վարդը, բլբուլը նորից իր երգը կերգի, բայց մեր երգը ո՞րն է լինելու, նոր երգեր պիտի սովորենք, նոր երգահաններ իրենց երգերը պիտի պարտադրեն, նոր պարեր ու նոր դերեր: Ազգովին փոխվում ենք, սովետները իրենցը սրսկեցին, հիմի էլ ամեն մեկը շպրիցը ձեռքին՝ ուզում է մեր ժողովրդի ցավերը բուժել, ինչե՜ր ասես չեն սրսկում: Այո, դեմոկրատիա է, ազատ շուկայական հարաբերություններ: Թոռնիկներիս նոր խաղերից բան չեմ հասկանում: Փողոցում երեխաները այնքան են կրկնում, անգիր ենք անում, բայց բան չենք հասկանում.
Cindrella deressed in yellow,
Want upstairs to kiss the…
Շարունակությունը չեմ հիշում… Ասենք՝ ինչո՞ւ եմ զարմանում, մենք էլ ռուսերենով էինք խաղում, հույս ունեինք՝ էս անկախությունը մեզ կփրկի ռուսամոլությունից, բայց կարծես հիմա կոսմոպոլիտիզմն է շնչահեղձ անում…»:
Բարսեղը մտքերի մեջ քուն մտավ: Տանը մարդ չկար, խանգարող չկար: Հեռախոսի զանգը նրան չէր արթնացնում, խորն էր քնում: Խոր քունը նրան տարավ Երևան՝ իր հարազատ քաղաքը: Նրան թվաց, թե երկար, շատ երկար ժամանակ է բացակայել: Ծանոթներ փնտրեց՝ չկային: Մոտեցավ մեկին, փորձեց հարցնել ժամանակը, օրը, տարեթիվը, պատասխանը չհասկացավ, ռուսա-անգլիա-պարսկա-ֆրանսերեն կամ ինչ-որ նոր լեզու էր: Շշմած ու շվարած՝ քայլեց դեպի օպերա: Մարդիկ, ինչպես միշտ, ճեմում էին: Դահլիճում նոր ներկայացում էր: Մուտքն արտոնված էր միայն գնողունակներին: Բարսեղը դռնապահին հարցրեց օպերայի տնօրենի մասին: «Ամերիկայում է»,- եղավ պատասխանը:
— «Ի՞նչ ներկայացում է»,- հարցրեց Բարսեղը:
— «Սեփականաշնորհում»,- եղավ պատասխանը:
Բարսեղը, օգտվելով դռնապահի անփութությունից, ճողոպրեց ներս, շորերը կարգի բերեց, զգուշավոր կտրեց միջանցքն ու մուտք գործեց դահլիճ:
Բեմը ցոլցլում էր խայտաբղետ լույսերով, մի անկյունից ամպի քուլաներ էին վեր ելնում, բեմառաջքի աջ կողմի ամբիոնի ետևում ինչ-որ այլմոլորակային աճուրդի էր դրել մեսրոպյան այբուբենը: Գնորդներն ու նրանց խորհրդականները ուշի-ուշով հետևում էին այլմոլորակայինին և նրա առաջարկած գնին հավելյալ գումարներ ավելացնելով՝ թեժացնում էին մրցման դաշտը:
Մեսրոպյան այբուբենը վաճառվում էր: Բարսեղը նկատեց, որ ձայնավոր հնչյունների համար պայքարը շատ է շիկանում, գները հասնում են ահավոր չափերի, իսկ այն հնչյունները, որոնք չկային օտար լեզուներում, ինչպիսիք են՝ Ծ-ն և Ձ-ն, այլմոլորակայինը նախապես տիրացել ու նրանց օգտագործումը վեց ամսով դադարեցրել էր:
Հերթական տառն էր վաճառվում: Վաճառված յուրաքանչյուր հնչյունի օգտագործումը ժամանակավորապես արգելվում էր սեփականատիրոջ կողմից: Բացառություն էր կազմում օրվա հանդիսավար այլմոլորակայինը:
— «Զ»՝ Մեսրոպյան այբուբենի վեցերորդ տառը,- հայտարարեց այլմոլորակայինն ու շարունակեց,- հաճախակի օգտագործվող հնչյուն, առանց որի չի կարելի Զատիկ տոնել, տոնածառը զարդարել, զրուցել… ընդամենը երեք հազար ամերիկյան դոլար:
Գնորդների մեջ խժդժոց ընկավ, ոչինչ չէր հասկացվում: Բարսեղը նկատեց, որ ոմանք խորհրդակցում են հայոց լեզվի մասնագետների հետ, բացում են բառարանները, հաշվում զ-ով սկսվող տառերի քանակը, ապա ձեռք բարձրացնելով՝ հավելյալ գումար են առաջարկում: Բարսեղը այլևս չէր հասկանում նրանց խոսակցությունը, քանի որ յուրաքանչյուր հնչյուն վաճառվելուց հետո արգելվում էր նրա գործածությունը: Նա չհամբերեց: Ձայնը գլուխը գցած՝ բղավեց. «Ես ձեր լավի…»:
Բարսեղին անմիջապես շրջապատեցին մի քանի ոստիկաններ: Նրանցից ամենաթիկնեղը կիպ մոտեցավ ու հարցրեց.
— .նչ .ս …մ, .ն.ս.ն:
Մասնավոր մասնագետը, որին արտոնություն էր տրված մինչև ժողովրդի վարժվելը օգտագործել նաև վաճառված բոլոր հնչյունները, բացատրեց՝ ի՞նչ ես ուզում, անասուն:
— Ոչինչ…
Ասելուն պես մի հարված իջավ Բարսեղի գլխին, ու մեկը բացատրեց, որ «ի» հնչյունը վաճառված է, ուրեմն՝ ոչ թե «ոչինչ», այլ՝ «ոչնչ»:
Երբ Բարսեղը տեսավ, թե այբուբենի վաճառքի համար ինչպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացել, թե յուրաքանչյուր պատգամավոր ու արտասահմանյան գնորդ ինչպես են խառնվել միմյանց, խելագարի պես տեղից վեր թռավ ու ակամայից հայհոյեց. «Վա՜յ, ես ձեր լավի…»:

«Գարուն», 2001, 3

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով