Աղասի Այվազյան. Պարզ օր

Անձրևը նոր էր դադարել, և դեռ փայտե կարճ ցանկապատի տախտակներից ծուլորեն իրար հրելով՝ գլորվում էին անձրևի կաթիլները։
Շունը ուշադիր նայում էր ցանկապատի ետևում կանգնած թրջված մարդուն։ Զգում էր, որ մարդը վարանում է։ Շունը օտարներին քիչ-միչ հիշում էր, բայց երբեք չէր ցուցաբերում իր վերաբերմունքը. սպասում էր մինչև նրանք իրեն ինչ-որ բան կասեն, կոնֆետ կմեկնեն, թեպետ ինքը կոնֆետին չէր մոտենա, բայց դա էլ վերաբերմունք էր։ Պոչը չէր խաղացնի, իհարկե. ինքը սարի շուն էր, պոչ խաղացնողներից չէր՝ այն էլ այս օտար երկրում։ Իսկ սա՝ թրջված մարդը, նայում էր ու ձայն չէր հանում։ Կոնֆետ էլ չէր առաջարկում. ուղղակի նայում էր իր մռութին, ոտքերին և մեղմ ժպտում. ժպիտի մեջ տխրություն կար ու հարազատություն։ Շունը չէր կարող չնկատել սերը նրա աչքերում։ Իսկականը դիմայլակից նա տարբերում էր։ Ինչ-որ բան խլրտաց նրա ներսում, նա ելավ առջևի թաթերի վրա ու հայացքը սևեռեց թրջված մարդուն։ Երկուսն էլ սիրով իրար էին դիտում, և թրջված մարդու խոսքն ու շան հիշողոթյունը միասին օդավորվեցին.
— Մգո՜…- ասաց թրջված մարդը, նրա հետ մեկտեղ շունը կարոտով մռլտաց։
Նրանք ծանոթ էին։ Նրանք վաղուցվա մտերիմներն էին։ Թրջված մարդն էր սնել, մեծացրել փոքրիկ ձագուկին։ Շունը քիթը խոթեց ցանկապատի դռնակի արանքը, ետ տարավ դուռը և մոտեցավ իր նախկին տիրոջը. դեռ խոնավ կոշիկները հոտոտեց, հետո բարձրացավ ետին ոտքերի վրա ու սկսեց լիզել թրջված մարդու դեմքը. նրանք արդեն մի բոյի էին, նույնիսկ Մգոն մի քիչ էլ բարձր էր և հիշում էր իր տիրոջ մազերի հոտը, ու համբուրում էր, համբուրում՝ կարոտալից աչքերով, գլուխը ետ տանում, հայացքով նորից ընդգրկում նրա դեմքը և նորից լիզում-համբուրում։ Կարոտը մեծ էր, քնած, ու այժմ արթնանում էր ամբողջ իր ուժով։
Թրջված մարդը ստեպ-ստեպ հայացքը գցում էր տան պատուհանին, և շունը հասկացավ, որ նա ուրիշ մեկին էլ է տեսնել ուզում։ Ու Մգոն պատուհանի կողմը հաչեց-կանչեց։
Երկուսով՝ թրջված մարդն ու Մգոն, սպասում էին, որ պատուհանը կամ դուռը կբացվի, և կերևա որևէ մեկը։ Նրանք նայում էին դռան ու պատուհանի կողմը, և շունը անհանգստությունից վնգստում էր։ Նա մոտեցավ դռանը և սկսեց ճանկռոտել ու մեղմ ձայնել։ Վերջապես պատուհանը բացվեց, ու դեռատի աղջկա մի գլուխ նայեց շանը՝ ասելով՝ «Պաշոլ, Մգո… Ինչո՞ւ ես դուռը ճանկռոտում», հետո դարձավ մարդու կողմը.
— Ի՞նչ է պետք…
Թրջված մարդը, շատ անհարմար ձևով՝ արմունկով ու ափի հակառակ կողմով, փորձեց թափ տալ իր վրայի ջուրը և շարունակեց նայեց աղջկան։
— Ի՞նչ եք այստեղ կանգնել,- նորեն դիմեց աղջիկը։
Թրջված մարդը մեղմ ժպտաց. ցանկանում էր, որ իր ժպիտից աղջիկը պատասխանը հասկանա։
Աղջիկը նայեց շանը, ապա թրջված մարդուն և մտածեց շան ու մարդու կապի մասին։
— Շունը ծախու չէ…- ասաց աղջիկը։
Թրջված մարդու ժպիտը ավելի բացվեց.
— Ե՛ս եմ, Մարիամ…
Շունը ոգևորված նայեց աղջկան և գլուխը կտրուկ թեքեց թրջված մարդու կողմը։
Աղջիկը աչքերը կկոցեց, կոպերի արանքից նայեց թրջված մարդուն։
— Աա՜ա…- հասկացավ նա։- Մեր քաղա՞քն եք եկել…- երկարացնելով արտաբերեց նա, փակեց պատուհանը և դուրս ելավ բակ։
— Չճանաչեցի՞ր…- ասաց թրջված մարդը՝ մի բան ասելու համար, որովհետև աղջկա դեմքին վերաբերմունք չկար։
— Էս ո՞նց եք թրջվել…- ասաց նա, ապա ետ նայեց դռան կողմը։- Մամաս տանը չի։- Նրա ձայնը խաղաղ էր, բարեհամբույր։
— Ես քե՛զ էի ուզում տեսնել,- ասաց թրջված մարդը։
— Հաա՞… նորեն ձգեց աղջիկը։
Նրանք երեքով՝ շունը, թրջված մարդը և աղջիկը իրար էին նայում, և նայելու ժամանակը պարպեց։
— Ի՞նչ անենք…- վերջապես հարցրեց աղջիկը։
— Ես քեզ տեսնել էի ուզում,- սղաձայն կրկնեց թրջված մարդը։
— Աաա՜…- նորեն ձգեց աղջիկը։
— Կայարանից եմ գալիս…
— Կայարանի՞ց…
— Հազիվ գտա ձեր տունը։
— Ինչի՞ ես եկել,- բարեմիտ անտարբերությամբ ասաց աղջիկը և ոտից-գլուխ չափեց հորը՝ ասես նոր էր ծանոթանում այս թրջված մարդու հետ։
— Քեզ տեսնելու…- իր արդեն ասած խոսքը օդից վերադարձրեց թրջված մարդը։
— Հաա՜…- նորեն ձգեց աղջիկը և դարձավ շան կողմը.
— Պաշո՛լ… Կորի՛ր քու տեղը…
Շունը, զարմացած, պոչը քաշեց և գնաց, հեռվում նստեց ու տխուր նայում էր իր նախկին տիրոջը։
— Մամադ ինչպե՞ս է…- հարցրեց թրջված մարդը։
— Մամա՞ս…- հարցը կրկնեց և մոռացավ։
— Քեզ հազիվ ճանաչեցի… մեծացել ես…- կմկմաց թրջված մարդը։
— Հաա՞…
— Արդեն տասը տարի կլինի, չէ՞…- ասաց թրջված մարդը՝ խուսափելով դեմուղիղ հարցերից՝ «Քեզանից ոչ մի ձայն, ոչ մի տող, նույնիսկ լուսանկարդ ես զլացել ուղարկել», և շարունակեց իր ասած խոսքը.- Ինձ մոտ քո փոքր ժամանակվա լուսանկարն է…
— Այստեղ ցուրտ է, գնանք ներս, բայց սենյակ չմտնենք… Դու շատ ես թրջված։
— Լավ,- համաձայնեց թրջված մարդը, բայց «աղջիկս» ասելու համարձակություն չստացավ։
Նրանք գնացին նախամուտք և նստեցին հնաոճ ձեռքի լվացարանի մոտ։
Նրանք շատ երկար ու անհարմար լռեցին։
— Դու ինձանից հո չե՞ս նեղացել…- լռությունը խզեց թրջված մարդը։
— Նեղացե՞լ… Ինչո՞ւ…
— Եսիմ… Մայրդ չուզեց ինձ՝ իր գործն է… Բայց դո՞ւ… Ես ուրիշ ի՞նչ ունեմ։
Թրջված մարդու այս խոսքերը աղջկան զգուշավորեցին. նա մի կտրուկ հայացք գցեց հոր վրա ու էլի լռեց։
— Մայրդ ինձ Դոն Կիխոտ էր անվանում՝ մինչև ամուսնանալը, հետո…
Այս խոսակցությունը աղջկա սրտովը չէր, և նա կասեցրեց յուրովի. դուռը բացեց և շան վրա նորից գոռաց՝ «Պաշո՛լ», թեպետ Մգոն իր տեղում էր նստած։
Թրջված մարդը ներքուստ անօգնական էր իրեն զգում, և խոսքերը անկախ իրենից արտաբերվեցին՝ տակը ունենալով տղամարդուն անվայել մի վիճակ.
— Մորդ հետ ամուսնացա քեզ համար, որ դու անօրինածին չհամարվես։
Աղջիկը դռան ապակու միջից նայում էր շանը, և թրջված մարդուն թվաց, որ հիմա ևս իր խոսքերը նշանակություն չունեցան։
— Բնակարանը ծախե՛ց…- խոսքի մեջ և՛ հարց դրեց, և՛ հանդիմանանք, և՛ նահանջ ու ասածից հրաժարում։
— Որ այստեղ գնի,- գործնական ասաց աղջիկը։
— Եթե Երևանում մնայիք, ես ամեն օր քեզ կտեսնեի։
— Հաա՞…- չզարմացավ աղջիկը։
— Հա՛,- լուրջ ասաց թրջված մարդը։- Ես հենց մեր տան կողքը սենյակ էի վարձել… Հիշո՞ւմ ես մեր տունը։
— Սա էլ վատը չի,- ասաց աղջիկը։
— Հեռու է։
— Շուկան մոտ է։
— Երևանից հեռու է,- ճշտեց թրջված մարդը։
— Հաա՞…- նորեն արտաբերեց աղջիկը։
Անձրևից հատ ու կենտ կաթիլներ էին մնացել ինչ-որ տեղ և ինքնաբավ տկտկում էին։
Հայր ու աղջիկ նորեն երկար ժամանակ լուռ էին. բակում լուռ էր նաև Մգոն։
— Ես գիտեմ, որ, գուցեև, ես շատ վատն եմ, բայց ես ինձ շատ լավ եմ զգում,- ասաց աղջիկը։
Հայրը ուզեց հասկանալ այդ նախադասության իմաստը, աղջկա ներէության տրամաբանությունը, և լուռ մտածում էր։ Հեշտ ասված այդ նախադասությունը սփռվեց ամեն ինչի վրա. դրա տակը խեղդվեցին մեղքն ու առաքինությունը, անարգությունն ու հոգեկան սևեռումը, բևեռները միացան՝ մեղավորն ու անմեղը հավասարվեցին. անձնապաստան է մարդը, և որևէ պահանջ ու պարսավանք նրա նկատմամբ անիմաստ դարձան, հնածին։ Այդ խոսքի մեջ նախեղակ ճշգրտություն կար՝ ներքին ներդաշնակությունը խտացնող, բայց անմեղսունակ ու հասարակ։ Աղջկա վիճակը կազմակերպված հարաբերություններին չէր ենթարկվում, և թրջված մարդու կապը, նրա սերը դատարկ բաներ թվացին, և նա ամաչեց իր այցելության համար։
Օրը պարզվեց, և ընդարմացավ նաև թրջված մարդու սիրտը։ Եվ այլևս չէր գիտակցում, թե ի՞նչ է իր ուզածը։ Նա եկել էր դստեր մոտ՝ հույս ունենալով, իր՝ դժվարությամբ հավաքած գումարով, մի քանի օր լինել նրա հետ, բայց նույն օրը, հենց նախամուտքից այլևս վերադառնալու էր։ Հիմա արդեն վերադառնալու էր մի հարթ տարածություն, անզգա պարապուտ։
Երբ նա արդեն դրսում էր, աղջիկը նորից ասաց.
— Ես, գուցեև, շատ վատն եմ, բայց ես ինձ շատ լավ եմ զգում։
Թրջված մարդը անճարակ ժպտաց, գլխով արեց ու հեռացավ։
Մգոն գնաց նրա ետևից…
— Իդի սյուդա, Մգո,- կանչեց աղջիկը,- Մգո՛, Մգո՛, Մգո՛…
Եվ Մգոն վնգստալով վերադարձավ իր ցանկապատի ետևը։

2001 թ. փետրվար

«Գարուն», 2001, 3

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով