Մարիամ Ասրիյան. Շանթարգել

Էսթերը ցատկեց մահճակալից՝ ձեռքերով ականջները սեղմած: Պայթեց ամպրոպը: Վազեց մոր սենյակը.
— Մա, վախենում եմ, մա՛…վե՛ր կաց:
Մայրը քնի մեջ մատները հազիվ նկատելի շարժեց, այսինքն թե՝ գնա՛: Ամպրոպը նորից դղրդաց դիվայնորեն: Էսթերը գնաց միջանցք, վառեց լոգարանի լույսը, կծկվեց պատի տակ. սրտխառնոցն աստիճանաբար մեղմացավ: Հերթով միացրեց բնակարանի լույսերը՝ միայն մոր սենյակը թողնելով մթության մեջ:
Զնգաց հեռախոսը: Տիգրանի ձայնն էր.
— Էսթե՞ր: Գիտեի, որ քնած չես: Էլի վախենո՞ւմ ես…
Հերթապահ բժշկի պես՝ Տիգրանն սկսեց մեղմել Էսթերի ամպրոպակայծակային ցավը՝ այս էլ ո՛րերորդ անգամ պատմելով շանթարգելների, աղեղնաձև ու գնդաձև կայծակների տարբերության մասին:
— … գնդաձևը մի քանի տարին մեկ է լինում, հիշո՞ւմ ես…Է՞սթ…Է՛սթ…
Էսթերը քնել էր՝ գլուխը ծնկներին հենած: Տիգրանը սպասեց պատասխանի՝ չկար: Լռությունը խախտվեց լսափողի շրխկոցից:
Տիգրանը համբուրեց լսափողն ու դրեց: Մոտեցավ պատուհանին, մաքրեց ապակու գոլորշին ու նայեց խավարին, որը չգիտես` ինչո՞ւ և ո՞ւմ համար էր վախ պարունակում: Հենց այդտեղ` աշխատասենյակում, պատուհանի մոտ, դանդաղ հանեց հագուստը, ձգվեց ամբողջ մարմնով ու գնաց ննջարան:
— Լո՜ւս, Լուսի՜ն… Լյուսկա՛,- կիսաձայն կանչեց կնոջը:
Լյուսկան արթնացավ ու միանգամից իջեցրեց ներքնազգեստը: Տիգրանը մատները դանդա՜ղ սահեցրեց կնոջ մարմնով վար, նույն շարժումով, որով քիչ առաջ մաքրել էր ապակու գոլորշին:
Կինն ավելի ու ավելի սեղմվեց ամուսնուն:
— Լուս, սիրտս մի տեսակ խառնում է, թեյ կբերե՞ս:
Հրելով ամուսնուն՝ Լյուսկան վեր քաշեց ներքնազգեստն ու գնաց խոհանոց՝ թեյ բերելու:

Դրսում` գարնանային մթության մեջ քայքայվող ամպերի արանքներից հերթով վառվում էին քնատ լուսատուները:
Էսթերի մայրը փնթփնթալով ծածկեց աղջկան, տեղը դրեց հեռախոսն ու հանգցրեց բնակարանի լույսերը:

Լույսը բացվեց: Օդը փոխվեց, վեր սահող արեգակից նոր երանգ ստացավ, խավարից բեռնաթափված նրա մասնիկները պայծառ բույրով խուտուտ տվեցին մարդկանց շնչառությունն ու արթնացրին նրանց:
Ինչ-որ մի տեղ փոքրիկ մի տղա, ձեռքերն աչքի մոտ իրար միացրած, փորձեց որոշել արևի տրամագիծը:
Ինչ-որ մի տեղ սիրահար զույգը հոգնած քուն մտավ:
Ինչ-որ մի տեղ տղամարդը, լրագիր կարդալով, խմեց առավոտվա սուրճը:
Ինչ-որ մի տեղ, էլի՛ լուսաբացի սահմանում, տասնամյա մի աղջնակ հայելու առջև ինքնազմայլանք ապրեց:
Ինչ-որ մի տեղ աստվածավախ մի տղամարդ խոնարհեց գլուխն ու շշնջաց՝ «Հայր մեր..»:
Մի ուրիշ տեղ, բայց արդեն լուսաբացի սահմանից դուրս, ժամը տասներկուսին մոտ Էսթերը բացեց աչքերը: Ինքնազմայլանք չապրեց, չաղոթեց, չչափեց վեր սահող արևի տրամագիծը, սուրճ չխմեց ու չբացեց քնի ընթացքում սեղմված մտքերի փակագծերը: Նա մնաց փակված: Շնչեց ուրիշների շնչով, հոգով, մտքերով աղտոտված օդն ու կարծելով, թե անկողնում է, ձգվեց ամբողջ մարմնով և ընկավ բազկաթոռից:
— Մա՛,- գոռաց:
Պատասխանի փոխարեն ականջին հասավ Ռաֆի ծիծաղը. մոր սիրեկանն էր: Հրելով ծածկոցը՝ գնաց միջանցք: Մոտեցավ, զզվանքով շուռումուռ տվեց Ռաֆի անձրևանոցն ու թքեց: Էլի՛ թքեց, մի քանի անգամ, քանի դեռ շարունակվում էր սենյակից հնչող ծիծաղը: Հետո լվացվեց, հագնվեց, զանգահարեց Արթուրին՝ ոսկերչին, պայմանավորվեց ապարանջանը վերցնելու համար ու դուրս եկավ: Վերելակին սպասելիս ստուգեց գրպաններն ու արագ ետ դարձավ: Ռաֆի գրպանից հանեց դրամը, հաշվեց, մի մասը դրեց իր գրպանը, մյուսը՝ տիրոջ, մեկ անգամ ևս թքեց անձրևանոցի վրա ու գնաց:

Դրսում դեռ թաց էր: Խոնավ ավազաբլրի շուրջ խմբված երեխաները ծեփագործությամբ էին զբաղված: Նրանց մոտով անցնելիս Էսթերը մի պահ կանգ առավ, ետ դարձավ շենք ու վերադարձավ՝ գույնզգույն ուսապարկը ձեռքին: Մոտեցավ երկնագույն աչքերով աղջնակին, որը ոգևորված ավազ էր ավելացնում իր պատրաստած անձև առարկայի վրա: Էսթերի ձեռքին ուսապարկը տեսնելով՝ աղջնակը մի պահ շփոթվեց, ապա փարվեց Էսթերին:
— Հենց որ ուրախանում եմ, լացս գալիս ա…,- հանկարծ հայացքը կանգ առավ հարևանի տղայի վրա, որը հոր հետ մտնում էր շենք:- Գիտե՞ս, Էսթ, հաշվել եմ, արդեն չորս հարյուր ութ օր ա, ինչ պապաս մահացել ա: Իսկ դո՞ւ, երևի անթիվ միլիոն օր կլինի, չէ՞, ինչ չես տեսել քո պապային…
— Հա, Էլիզ, բայց ես օրերը չեմ հաշվում:
— Ուզո՞ւմ ես՝ քո փոխարեն հաշվեմ:
— Չէ, ավելի լավ է նկարել սովորիր: Եթե մայրիկդ ուշանա, գնա մեր տուն: Չվախենաս, լա՞վ,- Էսթերը համբուրեց Էլիզին ու քայլեց դեպի կանգառ:
Արթուրը մոտեցավ ծաղկավաճառին: Նրան նկատելով՝ Էսթերը կանգ առավ: Արթուրն այնքան էլ տգեղ չէր, որքան թվում էր առաջին հայացքից: Երբ Էսթերը մոտեցավ, Արթուրը ժպտաց ու մեկնեց ծաղկեփունջը: Էսթերը համբուրեց ծաղկեփունջը՝ չնկատելու տալով Արթուրի հիացմունքը: Քայլեցին:
Դիսկոտեկում երկուսն էլ լուռ էին: Արթուրը գրպանից հանեց արծաթյա ապարանջանն ու մեկնեց Էսթերին:
— Դուրդ գալի՞ս է:
— Շատ,- երկար զննելուց հետո ասաց Էսթերն ու, հաշվելով, Արթուրին մեկնեց գումարը:- Շնորհակալ եմ:
Արթուրը փակեց Էսթերի ափն ու ձեռքը ետ մղեց:
— Սա թող նվեր լինի իմ կողմից: Գործի բերումով ծանոթացանք, բայց ուզում եմ, որ մեր մտերմությունը շարունակվի… դեմ չե՞ս, Էսթ:
Էսթերը նայում էր Արթուրի մատներին, որոնց սեղմումը ստիպում էր անժամանակ հյուրընկալվել հիշողության գրկում: Էսթերի լռությունը որպես համաձայնություն ընդունելով՝ Արթուրն ապարանջանն ագուցեց պարանոցի շուրջ ու հրավիրեց պարելու: Մատները հյուսելով Արթուրի մատներին՝ Էսթերը երաժշտության թախծոտ հնչյունների տակ զգայական գլխապտույտ ունեցավ. սկզբում մատների ծայրերը, հետո ձեռքը, հետո էլ ինքն ամբողջությամբ կորցրեց կշիռը տղամարդու ձեռքի ամուր, պարտադրող փափկությունից: Հիշեց. մանկության մեջ պահված ծանոթ մեկի ձեռքն էր սա: Գարնանը տեղացող ձյան փաթիլի պես էր այն, երբ ափումդ պահած՝ փորձում ես հասկանալ հրաշք սառնության փափկությունը, դանդա՜ղ մոտեցնում ես շուրթերիդ և՝ արդեն գարուն է: Կորչում է փաթիլը, մնում է սառը կաթիլը՝ անկշիռ, անգույն, ինչպես ամենասիրելի, ամենաթանկ պատմությունը հիշողության անսկիզբ աշխարհում: Այդ ձեռքը թաց փաթիլի պես ծանրացել էր Էսթերի հիշողության մեջ հինգ տարեկանից, այն օրվանից, երբ մոր հետ դուրս էին եկել ամանորյա գնումների…
Առատ ձյուն էր թափվում, հանկարծ մայրը կանգ առավ: Ձյան հոսքի տակ դժվարությամբ վեր նայեց: Մոր դիմաց կանգնել էր մի տղամարդ, ցածրաձայն զրուցում էին: Չկարողացավ տեսնել տղամարդու դեմքը, ձյունը հրում, իր թևերի մեջ էր առնում այն, որ տաներ, առհավետ կորցներ Էսթերի կյանքից: Ձյան պտույտի միջից Էսթերը կարողացավ պարզորոշ տեսնել միայն տղամարդու ձեռքը, որը մոտեցավ, շոյեց այտն ու հարցրեց.
— Ո՞նց ես, բալես:
Ձյան ճերմակության մեջ պայթեց կարմիր մի աշխարհ, ձեռքը Էսթերին մեկնեց տոնածառի կարմիր խաղալիք ու մաղթեց.
— Նոր տարիդ շնորհավոր լինի:
Ձեռքը հալվեց, հեռացավ՝ Էսթերի ափերի մեջ թողնելով կարմիր, սառը խաղալիքը:
Գնացին տուն, Էսթերը համբուրեց խաղալիքն ու դրեց պահարանի գլխին և երբեք տոնածառից չկախեց:
Էլ երբեք չտեսավ այդ մարդուն, էլ երբեք ոչ մեկը նրա պես չհարցրեց Էսթերին՝ ո՞նց ես, բալես:
Այդ դեպքից հետո, երբ դպրոցում կամ որևէ տեղ հարցնում էին, թե որն է իր ամենասիրած գույնը, Էսթերը պատասխանում էր՝ կարմի՛րը: Կարմիրը Էսթերի ամենասիրած գույնն էր մինչև երկրորդ դասարան, մինչև այն օրը, երբ նկարչության ժամին ուսուցչուհին հանձնարարեց կուժ նկարել: Էսթերը նկարեց ձեռք՝ նախաբազկից սկսած, ափի մեջ՝ տոնածառի խաղալիք: Խաղալիքը կարմիրով ներկելիս ականջի տակ որոտ ճայթեց: Վեր թռավ՝ սիրտը վախից ցամաքած, նայեց շուրջը, չճանաչեց ոչ ոքի, տեսավ գլխավերևում որոտացող ուսուցչուհուն, որը, կուժի փոխարեն ձեռք տեսնելով՝ կատաղությամբ պատառ-պատառ էր անում նկարը: Էսթերը հրեց ուսուցչուհուն ու դուրս փախավ: Ուսուցիչները միջանցքում պահեցին հիստերիկ լացով վազող Էսթերին, հանգստացրին, տուն տարան: Այլևս չհաճախեց դասերի, մինչև մայրը փոխեց դպրոցը:

— Հետաքրքիր ձեռք ունես,- ասաց Էսթերը, երբ դուրս եկան դիսկոտեկից:
Արթուրը զարմացած նայեց իր ձեռքին, ցորնագույն, երկար մատներին, շոյեց Էսթերի շուրթերն ու համբուրեց, հետո գրկեց ու վազքով իջավ աստիճաններով: Էսթերն աչքերը փակ, ձեռքերն անկշիռ թողած, վազում էր օդում՝ հողի ծանրությունից ազատագրված: Մի պահ բացեց աչքերը, նայեց երկնքի ծակոտկեն դեմքին, ու նրան թվաց, թե աստղառատ պտտահողմ է սկսվել:

Էսթերին տուն ուղեկցելուց հետո Արթուրը համաձայնության եկավ մարմնավաճառ մի կնոջ հետ ու շարունակեց ճանապարհը:

Շենքի մուտքի մոտ Էսթերը աղբարկղի մեջ նետեց Արթուրի նվիրած ծաղկեփունջը: Բարձրացավ տուն: Մայրը տանը չէր: Պառկեց մահճակալին: Այդպես երկար մնաց, հետո ձեռքը բարձրացրեց, մերկացրեց մինչև բազուկն ու սկսեց շոյել իր այտը, կզակը, շուրթերը: Վերջում ափով սեղմեց բերանն ու ամո՜ւր-ամո՜ւր համբուրեց:
Մոտեցավ պատուհանին. դողում էր: Բացեց փեղկերը, կանգնեց լուսամուտագոգին, եզրից բռնելով՝ առաջ հակվեց: Քամին խաղալիք գտավ, նյարդային գրգիռ առաջացնելով՝ սկսեց ելումուտ անել Էսթերի մարմնով: Հեռախոսը զնգաց: Հազիվ նշմարելի քմծիծաղը դեմքին՝ Էսթերը հետ ցատկեց, վերցրեց խոսափողը:
— Տիգրա՞ն:
— Մեզ համար վարձով տուն եմ գտել, Էսթ, այսինքն՝ քեզ համար: Հենց վաղվանից կարող ես տեղափոխվել, ուզո՞ւմ ես…
Հեռախոսակապն ընդհատվեց…

Տիգրանը, կնոջ ոտնաձայները լսելով, սեղմեց անջատիչը: Արագ ձեռքն առավ սեղանին թափված լուսանկարներն ու սկսեց դարսել ծրարների մեջ:
— Ինձ թվաց, թե հեռախոսով էիր խոսում,- Լյուսկան քնաթաթախ հայտնվեց շեմին:
— Աշխատում եմ,- մռայլ պատասխանեց Տիգրանը:
— Ինձ սիրում ես, չէ՞,- Լյուսկան փարվեց ամուսնուն:
— Սիրում եմ… գնա, ծածկիր երեխաներին՝ չմրսեն,- Տիգրանը համբուրեց կնոջն ու մեղմ հրեց:
Լյուսկան մի անգամ էլ համբուրեց ամուսնուն ու գնաց: Տիգրանն ընտրեց Էսթերի ու մի քանի այլ կանանց լուսանկարներ, երկար համեմատեց դրանք ու բոլորը կրծքին սեղմելով՝ շշնջաց.
— Սիրում եմ, բոլորիդ էլ սիրում եմ:

— … չգիտեմ՝ ինչու եմ ապրում …,- ասաց Էսթերը, երբ կապն ընդհատվեց: Կախեց լսափողը, վառեց բնակարանի լույսերն ու դուրս եկավ:
Քայլեց մութ փողոցներով, շնչեց գիշերվա սառն օդը: Երբ կոպերը ծանրացան, հրաժեշտ տվեց գիշերվան ու վերադարձավ տուն:
Առավոտյան արևը սովորականի պես վեր սահեց: Մարդիկ արթնացան, շարունակեցին ապրել, ոմանք էլ չարթնացան՝ գիշերը տարավ իր մահաբաժինը: Մահաբաժնի մեջ Էսթերը կորուստ չուներ: Նա չգիտակցեց կորուստ չունենալու շքեղությունը, որովհետև շնչել էր ուրիշների մտքերով ծանրացած օդը: Իսկ երկրագնդի տարբեր հատվածներում մարդիկ ողբում էին իրենց հարազատների մահը:
Էսթերը հարդարեց անկողինը, բացեց պատուհանն ու կիսով չափ դուրս կախվեց:
— Կորցնելու բան չունեմ,- ասաց ու գնաց լվացվելու: Սա Էսթերի բարի լույսն էր՝ ուղղված բնությանը, կյանքին, մարդկությանն ու սեփական անձին:- Չունեմ,- մեկ անգամ ևս հաստատեց:

Արթուրը լուսադեմին վերադարձավ տուն: Որքան էլ փորձեց աննկատ անցնել պատշգամբի իր անկյունը, չհաջողվեց: Մայրն արթնացավ ու լուտանքների հեղեղ տեղաց, որոնցից վերջինի՝ «թաղե՛մ քեզ»-ի հետ արթնացավ ամբողջ ընտանիքը՝ Արթուրի հայրը, եղբայրը, եղբոր կինն ու նրանց զույգ տղաները: Ժամը տասին մոտ նստեցին նախաճաշի: Կեսից տատիկը դիմեց թոռներին.
— Կերա՞ք, կշտացա՞ք: Հիմա գնացեք ու մեծերին մի՛ խանգարեք:
— Տատ, որ նայում եմ՝ հոպարը ոնց ա ուտում, անընդհատ ուզում եմ ուտել,- սրամտեց փոքր թոռը:
— Տղամարդը, լավ ուտելուց բացի, պիտի տո՛ւն ունենա,- հայրը բազմանշանակ նայեց Արթուրին ու վեր կացավ:
«Տղամարդը պիտի տո՛ւն ունենա»,- հոր խոսքերը մտքում կրկնելով՝ Արթուրը նույնպես վեր կացավ: Գնաց պատշգամբ, որն իր աշխատասենյակն էր, ննջարանն ու նաև հյուրասենյակը: Այստեղ էր Արթուրն ընդունում ընկերներին ու այստեղից էլ ճանապարհում: Այստեղ էր ամեն անգամ ներքնակի տակից հանում հավաքած դրամն ու բարդ հաշվարկներ անում:
Հիմա էլ այդ հաշվարկն էր անում՝ աշխատասեղանի մոտ ոսկու կտորները մշակելով: Ամսեկան իր եկամուտից առանձնացնելով սննդի, կանանց, Էսթերի վրա ծախսվելիք գումարը՝ մնացածը բազմապատկեց ամիսների թվով ու ստացավ, որ մեկ տարի հետո կկարողանա բնակարան գնել: Հետո մտածեց, որ Էսթերի վրա կրկնակի քիչ գումար ծախսելու դեպքում բնակարանը կգնի ինն ամսում:
— Իր համար լավ,- շշնջաց,- շուտ կամուսնանանք, տուն էլ կունենա:
Մտածեց նաև, որ միայն տղամարդը չէ, որ պետք է տուն ունենա, յուրաքանչյուր մարդ պե՛տք է իր անկյունն ունենա, պետք է ի՛ր պատերի ներսում հյուրեր ընդունի և ճանապարհի նրանց ի՛ր բնակարանից: Իսկ եթե չունես տուն, չունես անգամ սեփական անկյուն, ուրեմն լիարժեք մարդ չես, դեռ ավելին՝ կարգին տղամարդ չես, որովհետև զուրկ ես պատյանից:
Երեկոյան, երբ Արթուրը հանգստանում էր՝ պատշգամբից դուրս նայելով, տեսավ առաջին աստղը: Այն համեմատեց Էսթերի հետ ու մտածեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է ի՛ր աստղն ունենա, որպեսզի աստղառատ տիեզերքում չդառնա մոլորված աստղասիրահար:

Երբ Արթուրը տեսավ առաջին աստղը, Էսթերը վարձով բնակարանում Տիգրանի հետ իրերն էր տեղավորում:
— …կպատմե՞ս քամիների մասին,- արդեն անկողնում, սիրախաղից խաղաղված աչքերով՝ Էսթերը դիմեց Տիգրանին,- հետո էլ փիլիսոփաներից կխոսես:
— Ի՞նչ փիլիսոփա… հիմա դրանց հավեսը չունեմ:
— Պատմի՛ր:
— Ձրի հանրագիտարա՞ն եմ քեզ համար: Հատորներով էլ պատմեմ՝ չես կշտանում:
Տիգրանը սկսեց պատմել: Պատմության կեսից Էսթերը փակեց աչքերն ու քնեց:

Գիշերվա ընթացքում Լյուսկան մի քանի անգամ արթնացավ. ամուսինը կողքին չէր: Մի պահ մտածեց կիսաբաց անել սենյակի դուռը՝ Տիգրանի քայլերը լսելու համար, բայց այդպես էլ մնաց պառկած:
— Կարևորը՝ էրեխեքը չսառեն,- շշնջաց՝ ծածկելով երեխաներին:- Մեկ է, վերջը տուն է գալու:

Էսթերն արթնացավ երաժշտության ձայնից: Քնից դեռ լիովին չսթափված՝ տրվեց երաժշտության ալիքին, որը գողի պես ներխուժեց ու տակնուվրա արեց Էսթերի հոգին: Բաց դռնից երկար նայեց լողասենյակում սափրվող Տիգրանին, կրծքի տակ անբացատրելի տաքություն զգաց, սակայն հայացքում սիրո և կրքի խաղ չերևաց: Այդ ընթացքում Տիգրանը հագնվեց ու դուրս եկավ լողասենյակից:
— Հանվի՛ր,- ասաց Էսթերը:
Այդ նույն պահին երեքամյա մի մանկիկ արթնացրեց տիկնիկին ու սկսեց հագցնել շորերը: Գուլպաները հագցնելիս երկար նայեց տիկնիկի ազդրերի միջնամասին, հետո իրեն ու մտածկոտ փայլեցրեց աչքերը:
Այդ նույն պահին ինչ-որ դպրոցի կենսաբանության դասասենյակում կմախքի շուրջ խմբված աշակերտներից մեկն ասաց.
— Ի՞նչ կլինի մեր վերջը:
Նույնը կրկնեց մի աստղագետ՝ նայելով իր քարտեզներին:
— Մեր վերջն ի՞նչ է լինելու,- հարցրեց Էսթերը:
— Մեզ համար ոչինչ չի վերջանալու,- համբույրներով սահելով Էսթերի մարմնով՝ Տիգրանը գրկեց նրա ոտքերը:- Իսկը մորդ կտորն ես:
— Ինձ մորս հետ չհամեմատես,- բարկացած հրելով Տիգրանին՝ Էսթերն սկսեց հագնվել:- Վե՛ր կաց, գն՛ա:
— Կատակեցի, Էսթ…գիտես՝ քեզ ինչքան եմ սիրում:
— Գիտեմ, Լյուսկային էլ ես սիրում, մորս էլ… բոլորիս էլ սիրում ես: Ես քեզ չեմ սիրում:
Էսթերը բացեց բնակարանի դուռն ու սպասեց: Տիգրանը մոտեցավ, գրկեց Էսթերին:
— Ուրիշ տղամա՞րդ ունես,- հարցրեց:
— Մենք էլ չենք հանդիպելու,- Էսթերը հրեց Տիգրանին ու ծածկեց դուռը:
Տիգրանը որոշ ժամանակ սպասեց, որ միգուցե Էսթերը մտափոխվի ու դուռը բացի: Էսթերը, հատակին նստած, լալիս էր: Լալիս էր ու մտածում, թե որքան է հոգնել Տիգրանից՝ մոր նախկին սիրեկանից: Հոգնել էր Տիգրանի բազում, բազմիմաստ պատմություններից. սկզբում, երբ նոր էին ծանոթացել, այդ պատմությունները հայտնություն էին թվում՝ աշխարհի ու կյանքի ծածուկ դռների մասին: Ժամանակի ընթացքում կրկնվելով՝ դարձան սովորական ու երբեմն էլ՝ անիմաստ: Մայրը չէր գուշակել աղջկա ու Տիգրանի կապի մասին. համենայն դեպս այդպես էր թվում Էսթերին:

Երեկոյան Կարինը՝ Էսթերի մայրը, երկու բաժակ սուրճ դրեց սեղանին: Էսթերն իրենց իսկ տանը հյուրի պես տեղավորվեց բազմոցին: Մայրը, թևերը խաչակնքելով, նստեց նրա դիմաց: Էսթերը նայեց. ծնված օրվանից այս դեմքն էր տեսել, նրա հետ շնչել, արտաշնչել էին նույն սենյակում, երկուսի մեջ կուտակվել էր միևնույն օդը: Երկար նայեց մորը՝ լուռ, մտածկոտ: Մայրն էլ նայեց՝ հանդարտ, սպասումով, մինչև աղջիկը խմեց սուրճը:
— Էսօր շուտ եմ արթնացել, ժամը յոթին,- ասաց Էսթերը:
— Ու՞մ հետ ես ապրելու,- հարցրեց մայրը:
Էսթերը հայացքը մոր ծնկներից դանդաղ վեր բարձրացրեց: Յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր կորություն ահավոր ծանոթ էր, ինչպես սեփական մարմինը՝ նույն բարակ, սեղմ շուրթերը, դեմքի նուրբ գծերը, շագանակագույն կարճ վարսերն ու անորոշ հայացքը: Մոր կրծքին նայելիս փոքր-ինչ զարմացավ՝ հիշելով, որ մեկ ու կես տարի այդ կրծքի կաթով էր սնվել: Սեփական մոր մեջ մայրության ոչ մի երանգ չկար, ժլատ էր գտնվել բնությունն այս հարցում ու առատաձեռն մյուս՝ կնոջ, էգի դեպքում: Էսթերն ամեն տեղ մոր հետ էր, անկախ նրա ներկայությունից: Այս ծանրությունից երբեմն հևում էր, նույնիսկ սրտխառնոց առաջացնող ատելություն զգում: Բայց ամեն անգամ, ատելության մեջ լիովին համոզվելու համար մորը նայելիս, Էսթերն, անկախ իրենից, հիանում էր:
— Քեզ համար ամեն բան սկսվում ու վերջանում է տղամարդկանցով,-զգալի լռությունից հետո պատասխանեց մորը:
— Դու ուրիշ ձևով ապրիր:
— Ապրում եմ, արդեն արթնանում եմ երկու ժամ շուտ ու լրիվ այլ մարդ եմ դառնում՝ իմ օրվա տերը: Քո տանն ապրելով՝ դա չէի իմանա:
— Տիգրանից է՞լ ինչ ես սովորել:
Մայրը ժպտաց աղջկա շփոթության վրա:
— Տիգրանին ետ եմ վերադարձնում,- ասաց Էսթերն ու առանց հրաժեշտ տալու՝ գնաց: Երբ վերելակի դռները բացվեցին, արագ ետ դարձավ ու բարձր, որքան թույլ էր տալիս ձայնի հզորությունը, գոռաց.
— Քո Ռաֆի շորերի վրա հազար անգամ թքել եմ, եթե ուզում ես՝ ամուսնացիր հետը:
Ծածկեց դուռն ու վազեց:
— Դուրսպրծո՛ւկ: Երազների հետևից ես ընկել, էլ չես ասում, որ հազիվ եմ կարողանում ապրել,- շշնջաց Կարինը:
Այսպես երկար մենախոսեց նա՝ բարձրաձայն կամ անձայն: Սակայն ոչ ոք նրան չլսեց, որովհետև ոչ ոք այլևս ոչ ոքի չէր լսում՝ սկսած աշխարհի ստեղծումից, վերջացած մոտեցող կործանումով: Ամեն մարդ յուրաքանչյուրի մեջ փնտրում էր իրեն, յուրաքանչյուրը խոսում էր իր միջի օդից ազատագրվելու համար: Աշխարհի միլիարդավոր մարդկանց ձայները հրմշտելով անցնում էին իրար միջով, տարածություններ փնտրում, բայց ամենուր պատ էր՝ խոսքերի, ձայների բարիկադներ: Ձայների դժժոցից սղոցվում էր երկրի մթնոլորտը, և արևն ուզում էր երես թեքել ու այլևս իր լույսը չտալ անգամ լուսնին: Տիեզերքում մի ուժ՝ անանուն ու ինքնաստեղծ, մի ձեռքով լսելիքն էր փրկում մարդկանց ահագնացող ձայներից, մյուս ձեռքով նրանց հումանիտար օգնություն ուղարկում՝ խղճի կծկումներ:

Էսթերը, հումանիտար օգնությունը՝ ներկերն ու գրքերը ձեռքին, սեղմեց Էլիզենց զանգը:

Արթուրն զգաց, որ կարոտել է Էսթերին: Փոքրիկ մի լույս, անհատակ մի մաքրություն նուրբ գրգիռով ճեղքում էր նրա հոգին ու հագեցում պահանջում: Մատանու քարերն էր ամրացնում ու հիշում բոլոր այն կանանց, որոնց հասցրել էր ունենալ: Հիշում էր ու զարմանում, թե որքան տարբեր է ստեղծված կինը: Հիշում էր իր առաջին սերը՝ Հասմիկին, հիշում էր այն կնոջը, որի հետ առաջին անգամ կենակցել էր, հիշում էր բոլորին, որոնց հետ ծանոթությունը սկսվել ու ավարտվել էր մեկ կամ մի քանի սեռական կապով: Այդ բոլոր կանանց մեջ յուրահատուկ փայլով առանձնանում էին երկուսը՝ Հասմիկն ու Էսթերը: Հասմիկը, որ առաջինն էր, անհասանելին, և Էսթերը, որ վերջինն էր, հոգևոր հայտնության պես մի բան: Արթուրն այն տղամարդկանցից էր, որոնց համար կինն անբաժանելի էր կենցաղից: Եվ ահա հայտնվել էր մեկը՝ Էսթեր անունով, անբացատրելի, ինչպես եթերը, անհասկանալի, ինչպես երկինքը՝ երկրի համար: Արթուրն զգում էր, որ ինքն էր ու էլի մի աշխարհ, որն իրենն էր, բայց և ստիպում էր լուծվել, տարածվել իր մեջ: Արթուրը մեծ աշխարհի մեջ կորչելու վախն էր զգում:
— Բոլորդ մեկ եք՝ բոլոր կանայքդ,- քրթմնջաց նա քթի տակ՝ ավարտելով գործը ու գնաց լվացվելու:
Հեռախոսը զնգաց: Մթնում էր:

Էլիզը փարվեց Էսթերին ու սպասումով նայեց: Այդպես միայն մանուկը կարող էր նայել՝ գիտությամբ չպղտորված հավատով, սիրով, անմեղ ցանկությամբ: Էսթերն ուզեց համբուրել Էլիզին, բայց զգաց, որ կեղծ է լինելու: Արդեն մի քանի օր առաջ Էսթերը կյանքից, ինքն իրենից նոր, լուրջ բան էր սպասում: Այս կտրուկ փոփոխության շրջանում, որը քսանմեկ տարվա կյանքի ճեղքման, նորացման հետևանք էր, Էլիզիկը ինքնաբերաբար մղվել էր հետին պլան:
— Ոնց որ պապայիս աղջիկ տեսակը լինես,- Էլիզն սկսեց մատիտներն ու գրքերն ուսումնասիրել՝ զարմանալով Էսթերի անտարբերության վրա:
— Տես, երկինքն ամպա՞ծ է,- հարցրեց Էսթերը:
— Հա,- ասաց Էլիզը,- անձրևի ձայնը լսում եմ:
Էսթերը լարեց լսողությունը, լսեց անձրևի երգը, մոտեցավ հեռախոսին:
— Էլիզ, ես հետո էլի կգամ, լա՞վ: Բայց դու մտածիր, որ ես պապայիդ աղջիկ տեսակը չեմ, այլ քեզ նման մեկը, ընկերուհիդ: Հենց որ էդպես մտածես, կմեծանաս,- ասաց Էսթերը՝ հեռախոսահամարը հավաքելով:
— Ինչքա՞ն կմեծանամ,- ոգևորվեց Էլիզը:
— Արթուրին, խնդրում եմ,- ասաց Էսթերը խոսափողի մեջ ու, ձեռքերը կողքի տարածելով՝ ցույց տվեց Էլիզիկի մեծանալու չափը:

Խոսափողը մեկնելով Արթուրին՝ մայրը շարունակեց արդուկել քրքրված ներքնազգեստը:
— Որտեղ մի սանձարձակ կա, մեզ է հանդիպում: Զանգ է տալիս, մեր անուղեղին խելքահան անում,- փնթփնթաց նա:
Ապա դիմեց որդուն, որն արդեն կոշիկներն էր հագնում:
— Էս անձրևին ու՞ր ես գնում:
— Գործ կա հանձնելու, տանեմ տամ՝ փողը վերցնեմ:
— Տեսնեմ արածդ գործը:
Արթուրը ճկույթից հանեց ոսկյա մատանին ու մեկնեց մորը:
— Սա արդեն ամսից ավելի է՝ մատիդ է, կարևոր մե՞կը զանգ տվեց՝ վազում ես:
Արթուրն առանց պատասխանի դուրս թռավ:
— Դե փորձես մատանին մատիդ տուն գաս,- գոռաց մայրն ու շարունակեց արդուկել:
Քրքրված ներքնաշորը արդուկի ջղային սահումից պատռվեց ու նետվեց բազմոցին: Արթուրի եղբոր տղան հագավ տատիկի պատռված ներքնաշորն ու սկսեց ծամածռություններ անել:
— Սազու՞մ ա, տատ:
— Աներես հորեղբորդ կտորն ես,- դժգոհ ժպիտով եզրակացրեց տատիկը:

Տիգրանը մտավ տուն: Անձրևից թրջվել էր ու հոգնել ծանր, անհաջող օրից: Երբ այն սկսվում է գլխիվայր անձնական հարցերից, ապա ենթադրաբար թարսվում է ամեն ինչում՝ աշխատանքում, շրջապատում, անգամ առողջությունն է իր մասին մտածել տալիս: Նույնիսկ բնությունը թարսվում է ու կայծակնահար անձրև է բերում: Նման պահերի թվում է, թե ամբողջ կյանքն է գլխիվայր, անցյալի ոչ մի հրճվալի հիշողություն և ապագայի ոչ մի պայծառ հույս ափ չեն դառնում չխեղդվելու, շնչահեղձ չլինելու համար: Միայն ներկան, ներկայի հաստատուն, թեկուզ ոչ պայծառ, բայց ամուր մի հողակտոր է փրկում մարդուն, դառնում հանգստավայր, և մարդն ամբողջ մարմնով, թրջված ու հոգնաբեկ, ձգվում է այդ հողակտորին ու անէանում:
Տիգրանը մտավ տուն, համբուրեց դուստրերին ու Լյուսկային, և ափ հասածի հանգստությունը տիրեց նրա անխաղաղ հոգուն:
— Պապայի գանձերն եք,- ասաց դուստրերին համբուրելիս:
Ինչպես բոլոր երեխաները, որոնք աշխարհում ամեն ինչին, ամենքին ու նաև աշխարհին նայում են վարից վեր ու հավատում բարձր, մեծամեծ բաների, այնպես էլ Տիգրանի երկու փոքրիկները փարվեցին իրենց հորը՝ որպես Աստծո, առանց երկմտելու հավատացին նրա ամենակարող սիրուն և խաղաղ, անհոգ քուն մտան հայրիկի գրկում: Տիգրանն զգուշությամբ վեր կացավ, երեխաներին տեղավորեց անկողնում ու գնաց խոհանոց:
— Գնա սենյակ, հոգնած ես, թեյն էնտեղ կբերեմ,- քնքշորեն ասաց Լյուսկան:
Տիգրանը մի պահ կանգնած մնաց խոհանոցի մուտքի մոտ. վայրկյանների ընթացքում լույսի արագությամբ գլխում բազմաթիվ մտքեր փոթորկվեցին: Նա գնահատեց կնոջ ընտրած աշխարհը՝ տունը, խոհանոցը, երեխաները: Ապա ինքն իրեն արդեն որերորդ անգամ համոզեց, որ կնոջ աշխարհն իր կյանքի մի փոքրիկ մասն է միայն: Թողնելով Լյուսկային կենտրոնում՝ Տիգրանը բոլոր մյուս աշխարհները հավաքում էր նրա շուրջն ու պտտում իր կյանքի շրջանը: Տիգրանը նույնիսկ հիացավ իր հավատարմությամբ, այն հավատարմությամբ, որը կնոջից չէր պահանջում ավելին, քան նա կար, ու չէր դեֆորմացնում նրան:
Տիգրանը գնաց սենյակ: Լյուսկան բերեց թեյը:
— Շատ երջանիկ եմ, Լուս, որ հենց քեզ հետ եմ ամուսնացել, ոչ ուրիշի,-կնոջ մեջքը գրկելով՝ ասաց:
Լյուսկան, իրեն ամուսնու երջանկությունը համարողի պես, տեղավորվեց Տիգրանի կողքին:
— Էսօր հեռուստացույցով խոսում էին դավաճանության մասին,- ասաց կոտրատվելով:- Մի կին դավաճանությունը ագահության հետ համեմատեց:
— Էդ ո՞նց:
— Այսինքն՝ ինչքան որ քո բաժինն է, էնքանով էլ գոհացիր, որ չլինի՝ ուտես ու չմարսես կամ շատ ունեցողների պես՝ մեկին էլ կարգին չվայելես: Խոսքերն անգիր չեմ հիշում, բայց ասածի միտքը դա էր: Մի խոսքով, շատ լավ ասաց:
— Մեկ-մեկ որ գիշերները տուն չեմ գալիս, հո չե՞ս անհանգստանում:
— Չէ, միայն մտածում եմ, որ հանկարծ փորձանք պատահած չլինի: Տխուր ես, հը՞:
— Հոգնած եմ… չես՞ ձանձրանում, Լուս, մի որևիցե տեղ աշխատեիր…
— Էրեխեքին, տան գործը հազիվ եմ հասցնում: Ես էլ եմ հոգնում, Տիկ…հետո՝ տանը լավ է:
— Լավ է, որ լավ է:
— Վաղը գնա՞նք տոնավաճառ:
— Գնանք…Լուս, մեկ-մեկ ափսոսում եմ, որ չեմ տեսել մանկությունդ, մեծանալդ: Ինչերի՞ց ես ոգևորվել…
— Մեր Մարիի նման էի, տիկնիկներ էի սիրում…
Լյուսկայի խոսքի կեսից Տիգրանը կարծես արթնացավ: Հոգնածությունից ազատագրված, ոտքերի տակ ամուր հողակտորը հաստատապես զգալով՝ հանկարծ հիշեց, որ դրսում անձրև է, կայծակ: «էսթերը հիմա վախից լաց է լինում»,- մտածեց Տիգրանը՝ ականջը կնոջ ձայնին:
Լյուսկայի քնելուց հետո անցավ աշխատասենյակ: Զանգեց Էսթերին՝ պատասխանող չկար: Զանգը երկար պահեց, այնպես որ ամենախոր քուն մտածն էլ կարթնանար: Պատասխանող չեղավ: Գնաց քնելու: Գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնացավ, նորից զանգեց. պատասխանող այդպես էլ չեղավ: Վերջին անգամ զանգելիս Տիգրանը ծարավի պես կարոտ զգաց:

Չինացի մի տղամարդ, որի քունը չէր տանում, որը նույնպես ծարավի նման կարոտ էր զգում, մտովի դեմ հանդիման երկու բանակ կանգնեցրեց՝ աշխարհի բոլոր տղամարդկանց ու անթիվ կանանց: Երկու սեռի ողջ մարդկությանը չինացին ազատ ընտրության հնարավորություն տվեց՝ հակառակ սեռի հսկա բանակից համապատասխան կեսին գտնելու: Մինչ տղամարդիկ կպատրաստվեին ծանոթության առաջին քայլին, կանայք հսկա թափով առաջ շարժվեցին, փնտրելով՝ տղամարդկանց այս ու այն կողմ հրեցին, իրար ձեռքից քաշքշելով տապալեցին, ոտնակոխ արեցին ուժեղ սեռի հսկա բանակը:
— Ես կնոջը ընտրության հնարավորություն չեմ տա,- ասաց չինացին՝ կանանց ու տղամարդկանց բանակների բախումից սարսափած:- Ավելի լավ է ամուրի մեռնեմ:
Չինացու՝ ծարավի պես կարոտը հագեցավ, և նա խաղաղված քուն մտավ:
Տիգրանն արթուն էր, մտածում էր Էսթերի մասին:

Գիշերվա կեսին, երբ Տիգրանը բոբիկ ոտքերով կանգնել էր սառը հատակին ու որերորդ անգամ զանգահարում էր Էսթերին, էսթերն ու Արթուրը քաղաքի խուլ զբոսայգիներից մեկում, փայտե նստարանին նստած, բուտերբրոդ էին ուտում: Էսթերը լիքը բերանով պատմում էր.
— Կայծակները երկու տեսակ են լինում՝ աղեղնաձև ու գնդաձև: Գնդաձև կայծակները…
Տիգրանի մյուս զանգի պահին, երբ նրա բոբիկ ոտքերին ավելացել էին կնոջ ծուռումուռ հողաթափերը, Էսթերը՝ գլուխը Արթուրի գոգին՝ հետևյալ պարբերությունում էր արդեն.
— Շոպենհաուերը մատերիան համարում էր…
Արթուրը, աչքերը կիսախուփ, խաղում էր էսթերի թաց վարսերի հետ ու մտածում, թե վաղը ի՞նչ գնով, որտե՞ղ էր վաճառելու ձեռքի մատանին և ի՞նչ պատասխան էր տալու մորը՝ տանը չգիշերելու համար: Մտքերի խճճված մասում, մոռանալով, որ էսթերը խոսում է, Արթուրն ասաց.
— Վաղը «Վերնիսաժ» պետք է գնամ:
Հասկանալով, որ Արթուրն իրեն չէր լսում, Էսթերը բարկացած շրջվեց կողքի:
— Լսում էի, Էսթ, պատմիր,- Արթուրը քնքշորեն համբուրեց Էսթերին:
— Ես էլ կգամ «Վերնիսաժ», մի քանի պայուսակ եմ հանձնել, գումարները դեռ չեմ ստացել,- ասաց Էսթերը:

Էսթերն ու Արթուրը հենվել էին իրար և ծնկները գրկած՝ դիտում էին օրվա ծնունդը:
— Էսօր հորս ծննդյան օրն է,- ասաց Արթուրը հորանջելով:- Մի քանի կիլո միս, մի քիչ էլ միրգ կառնեմ, կտանեմ հետս: Գոնե էս մի օրը կարգին ուրախանա:
— Ոնց որ շուն լինես, ձեր տան պահապան շունը,- Էսթերը ծիծաղելով շրջվեց:- Բացի քեզնից տանը ոչ ոք չի՞ աշխատում:
Արթուրը բացասաբար շարժեց գլուխը: Մտքով մի պահ սլացավ տուն. մոր, հոր, եղբոր ու հարսի ընկճված, հոգսառատ դեմքերը շարվեցին կողք կողքի: Էսթերին համեմատելով տնային տնտեսուհի հարսի հետ՝ հարցրեց,
— Գործել կամ կարել գիտե՞ս;
Անակնկալ հարցից շփոթված՝ Էսթերը փռթկացրեց:
— Գուլպադ հո չի՞ ծակվել,- հարցրեց, ապա լրջանալով՝ շարունակեց:- Պայուսակներ եմ կարում, «Վերնիսաժում» կտեսնես:
Արթուրին նայելիս Էսթերը հանկարծ զզվանք ապրեց, չհասկացավ՝ ինչու: Այս պահին ի վիճակի չէր վերլուծել իր ապրումներն ու զգացմունքները, և փորձեր էլ չէր անում, հասկանալով, որ զզվանքի կամ սիրո առիթները պարզելու դեպքում էլ, միևնույնն է, շարունակելու էր նույն կերպ, նույն մարդկանց հետ, նույն ռիթմով ապրել՝ մինչև հասներ կյանքի այս շրջանն էլ մարսելու պահը: Հետո միայն հասկանալու էր զզվանքի պատճառը. դա Արթուրի չափից դուրս հողեղեն սերն էր, սեր՝ այս կամ այն հատկանիշի համար: Տիգրանից ստանում էր ավելին, սեր՝ իր բոլոր դրսևորումներով, սեր՝ իր ներկայության, իր առաքինությունների ու թերությունների համար, սեր իր գոյության, կյանքի համար:
Էսթերն սկսեց ծաղիկներ հավաքել: Փոքրիկ փունջ կապելով՝ Արթուրի քթին մոտեցրեց հողի բազմերանգ բույրը:
— Սառել ես,- ժպտալով՝ Արթուրը կտտացրեց Էսթերի սառած քթին ու սկսեց շփել նրա մարմինը:- Տաքացա՞ր:
Էսթերը չպատասխանեց: Արթուրի ձեռքերը մոտեցրեց դեմքին ու փակեց աչքերը: Հրաշալի էր այս պահը, հրաշալի էին այս ձեռքերը:
— Պապայիս շատ ես նման,- առանց աչքերը բացելու ասաց Էսթերը:
— Տարվա վերջին տուն կառնեմ, կամուսնանանք,-կշռադատված, յուրաքանչյուր բառն ընդգծելով՝ ասաց Արթուրը: Էսթերի կողմից արձագանք չստանալով՝ հարցրեց:
— Ինչ՞ կարծիքի ես, Էսթ:
Էսթերը նայում էր վեր սահող արևին, կյանքում առաջին անգամ դիմավորում էր լուսաբացը: Այսօր նաև առաջին անգամ չէր վախեցել կայծակից:
— Մենք շատ քիչ ենք իրար ճանաչում,- Էսթերը բռնեց Արթուրի ձեռքն ու սկսեց քայլել արևի ուղղությամբ:
— Սրանից ավելի էլ ի՞նչ ճանաչենք… ի՞նչ ես ուզում, որ չգիտես իմ մասին,- վիրավորված ասաց Արթուրը:
— Դու իմ մասին չգիտես… շատ բաներ: Հետո, երբ որ հարմար գտնեմ՝ կպատմեմ:
Ի՞նչ է պատմելու, մտածեց Արթուրը:

Վերնիսաժյան խիստ հողեղեն եռուզեռից սթափված Էսթերը բաց թողեց Արթուրի ձեռքն ու ասաց.
— Վաղվա օրն ինձ չի հետաքրքրում, ես էն եմ, ինչ-որ հիմա եմ, էստեղ կամ ջունգլիներում՝ տարբերություն չկա: Ամբողջ կյանքը ներկայի մեջ է:
Էսթերը չնկատեց հեռվում կանգնած Լյուսկային ու Տիգրանին, որն իրենց էր նայում:
Միօրինակ նկարների մոտով անցնելիս Արթուրը կանգ առավ:
— Սիրուն են, չէ՞, Էսթ:
— Սրանք նայելու բան չեն,- լսվեց Տիգրանի ձայնը:
Էսթերը շփոթված շրջվեց. Տիգրանը կիրթ քմծիծաղով իրենց էր նայում:
— Հազար մարդ, հազարից էլ շատ ճաշակ,- մեջ ընկավ Լյուսկան:
— Ինձ էլ դուր չեն գալիս,- ասաց Էսթերը:
— Իսկ որո՞նք եք Դուք հավանում,- ընդգծված հարգանքով հարցրեց Տիգրանը:
Էսթերը ցույց տվեց ծայրի շարքի նկարները՝ քայլելով դրանց կողմը: Շարքերի միջով անցնելիս Տիգրանը հասցրեց շշնջալ Էսթերի ականջին.
— Գիշերը քանի անգամ եմ զանգ տվել…
— Տանը չէի:
— Երեկոյան կգամ:
— Չեմ ուզում:
Լյուսկան կանգ առավ Էսթերի կարած գույնզգույն ուսապարկերի մոտ:
— Ինքնատիպ են, չէ՞, Տիկ,- ասաց հրճվանքով՝ հատուկ շեշտելով «ինքնատիպ» բառը:- Վերցնենք երկու հատ:
Մինչ Լյուսկան կընտրեր, Էսթերը մոտեցավ, վաճառողուհուց ստացավ ծախված ուսապարկերի գումարն ու դիմեց Լյուսկային:
— Սրանք ես եմ կարում, այդ երկուսը նվիրում եմ ձեզ:
— Չէ, ինչ՞ եք ասում,- Լյուսկան շփոթվեց,- մենք կվճարենք…
— Մտքովս անցավ նվիրել…
Լյուսկան էլի կառարկեր, բայց Տիգրանը «շատ շնորհակալություն» հայտնեց ու ձեռքը կնոջ ուսին դնելով՝ առաջ շարժվեց:
Բոլորը միասին կանգ առան Էսթերին դուր եկած նկարների մոտ:
— Էս նոր խզբզոցները չեմ հասկանում, ինչքան էլ ասեն, թե մեջն իմաստ կա,- ասաց Արթուրը:
Նկարները վաճառող ծերունին, Էսթերին ու Տիգրանին ճանաչելով, ասաց.
— Մի բան առնելո՞ւ եք, թե էլի հենց ընենց նայում եք:
— Հենց էնպես,- ասաց էսթերը:
Արթուրը մատնացույց արեց մի նկար, որտեղ ձիու գլուխ էր պատկերված՝ մարդու հայացքով:
— Դուրդ գալի՞ս է,- հարցրեց:
Էսթերը գլխով արեց, և մինչ Արթուրը կվճարեր, փութկոտ համեմատեց նրան ու Տիգրանին: Հանկարծ հասկացավ, թե Արթուրի մեջ ինչն էր գրավել իրեն` շան հայացքն ու թիկնեղ, հպարտ ուսերը, հրաշալի, ամուր ձեռքերը: Դրանք մի գրկումով նախաստեղծ անդորր էին պարգևում ու կլանում հողի պես. սա էր պատճառը, որ Արթուրը հմայքի գագաթնակետին էր, երբ հողի պես լուռ էր, ու թողնում էր, որ քայլեն իր վրա՝ ինչպես կամենում են:
— Լավ ճաշակ ունեք,- Տիգրանը դիմեց Արթուրին՝ նկարը դիտելով ու հայացքով Էսթերին նշելով: Ապա սեղմելով նրանց ձեռքերը՝ հրաժեշտ տվեց:

Այդ օրը, երբ տուն վերադարձան, Տիգրանը գոռաց կնոջ վրա: Կուտակված զայրույթ կար մեջը, որ ծագել էր անակնկալ հանդիպումից:
Վերնիսաժյան եռուզեռից հոգնած, Տիգրանն աշխատասենյակում թիկնել էր աթոռին, փակել աչքերը: Լյուսկան սուրճը ձեռքին ներս մտավ, դրեց սեղանին և այն է, ուզում էր հեռանալ, խառնիխուռն նկարների մեջ նկատեց Էսթերի դիմանկարը: Տիգրանը, կնոջ հայացքը նկատելով, առաջ հակվեց, որպեսզի ծածկի Էսթերի նկարը, և անզգուշաբար թափեց սուրճը:
— Զզվացրե՛լ ես, զզվացրե՛լ,- գոռաց՝ տեղից ցատկելով, բաժակը գետնին նետելով,- աշխատելու պահին հանգի՛ստ թող ինձ, հազա՛ր եմ ասել: Խնդրե՞լ եմ սուրճ բերես…
Տիգրանը գոռում էր, պատրաստ էր չգիտես ինչեր ասելու, եթե Լյուսկան, որի հայացքը սուրճի մեջ աստիճանաբար այլայլվող Էսթերի լուսանկարին էր, չասեր.
— Պայուսակներ նվիրող աղջիկն է:
Տիգրանն այսպիսի պարզություն չէր սպասում: Լյուսկան առանձնացրեց լուսանկարն ու մեկնեց ամուսնուն:
— Սա էլ նո՞ր բան է,- ոգևորվեց Տիգրանը,- սկսել ես կասկածե՞լ… հարյուր կին եմ նկարում ամեն օր, ուրեմն, պատահաբար հանդիպելիս՝ սիրուհինե՞րս են… կողքին էլ տղամարդ կար…
— Ես էդպիսի խոսք ասացի՞,- հանդարտ, առանց Տիգրանին նայելու, ասաց Լյուսկան, վերցրեց սուրճի բաժակն ու դուրս գնաց:
— Դո՛ւ…,- գոռաց Տիգրանն ու չշարունակեց: Վնասված նկարները նետեց աղբամանը՝ Էսթերինը պահելով ձեռքին:
Լյուսկան թափված սուրճը սրբելու համար ետ եկավ: Տիգրանը ձեռքի նկարը դրեց սեղանի անկյունում:
— Սա էլ սիրուհիս,- ասաց,- կնայենք ու կհիանանք: Ափսոս՝ անունը չգիտեմ:
— Էսթեր,- Լյուսկան ժպտալով սրբեց սեղանն ու գնաց: Նրա ժպիտը նման չէր նախկին որևէ ժպիտին:
Տիգրանը երկար դիտեց սեղանի անկյունի թրջված լուսանկարը: Զանգահարեց Էսթերին:
— Մենակ՞ ես,- հարցրեց:
— Հա:
— Գալիս եմ:
Հագնվեց ու դուրս եկավ:

Տուն հասնելուն պես Էսթերը հենվեց բազմոցին, փակեց աչքերը: Տպավորություններից հոգնած՝ փորձեց քնել, բայց հազար ու մի մտքեր, գլխում վեճի բռնվելով, զգալ տվեցին մեծանալու ցավը:
Հեռախոսի զանգի հետ Էսթերը բացեց աչքերը. հայացքում ուրիշ, մինչ այդ երբեք չգծագրված հասունություն էր, ինքն իր հետ հաշտության եկածի հպարտ հանդարտություն: Զանգահարողը Տիգրանն էր: Էսթերը լվացվեց, կարգի բերեց իրեն, կանգնեց նկարակալի առջև ու փորձեց նվեր ստացած նկարի ձիուն պատկերել: Ստացվեց գունավոր, հեքիաթային ձի:
Հնչեց դռան զանգը: Էսթերը բացեց դուռն ու շրջվեց առանց Տիգրանին նայելու: Տիգրանը մոտեցավ, գրկեց, համբուրեց, ունեցավ նրան: Էսթերը ոչ մի պահի չդիմադրեց: Միայն վերջում ասաց.
— Ոնց որ վրձինով նկարեիր վրաս:

Տիգրանի գնալուց հետո Լյուսկան հայտնվեց նրա սենյակում, ուշադիր դիտեց Էսթերի նկարը, խուզարկեց ամուսնու դարակներն ու շորերը՝ ոչ մի նոր բան չհայտնաբերեց: Համենայն դեպս, սրտի թեթևության համար, լաց եղավ ու գնաց ճաշ պատրաստելու:

— Ինչի՞դ է պետք Արթուրը,- հարցրեց Տիգրանը:
— Մինչև քո գալը մտածում էի, հետո՝ ոնց որ միանգամից մեծացա,- ասաց Էսթերը:- Արթուրը շատ է նման հորս:
— Դու հորդ չես տեսել:
— Մի անգամ տեսել եմ…
— Քեզ ներշնչել ես, թե հայրդ է եղել:
— Չեմ ներշնչել… Արթուրը սիրում է ինձ որպես երեխայի:
— Ինչքա՞ն ես խաբելու քեզ:
Տիգրանն ափերի մեջ առավ էսթերի գլուխը, համբուրեց ու սեղմեց նրան իր գրկում: Սկզբում լուռ, հետո հեկեկալով՝ Էսթերն արտասվեց, բռունցքով մի քանի անգամ հարվածելով Տիգրանի կրծքին: Հանդարտվելով՝ գրկեց նրա ձեռքերն ու նուրբ, ինչպես Արթուրի ձեռքերը, սկսեց համբուրել:
Հրաժեշտ տալիս Տիգրանն ասաց.
— Էլի կգամ:
— Կզանգես, հետո:

Երկու ամիս հանդիպեցին Էսթերն ու Արթուրը: Տիգրանն էլ չդադարեց հանդիպել Էսթերին: Աշխարհի բոլոր մանուկներին հավասար՝ զվարճացավ էսթերը. Արթուրի հետ նստեցին բազմաձև կարուսելներ, այցելեցին մանկական սրահներ, միմյանց պատմեցին իրենց մանկական երազանքները: Մի քանի գիշեր, որոնք դրսում լուսացրին, էսթերը՝ գլուխը Արթուրի գոգին, նրա ձեռքն իր շուրթերին, ամենասքանչելի հեքիաթները լսեց:

Տիգրանը վեճի օրը կեսգիշերին տուն վերադարձավ, համբուրեց Լյուսկային ու ասաց.
— Ամոթ չէ՞ր, Լուս, մի փոքր բանից…ես էլ նեղված էի: Էլ էդպիսի բան չկրկնվի:
— Թե՞յ ես ուզում,- ամենօրյա տոնով հարցրեց Լյուսկան:
— Չէ… բայց մածունը չէր խանգարի:
Տիգրանն ու Լյուսկան մածուն ուտելուց հետո սովորականի պես դարձան:

Մի օր Էսթերը վեր թռավ քնից ծանր երազ տեսածի պես: ժամը յոթին հեռախոսի զանգը արթնացրեց նրան՝ մայրն էր:
— Քեզ գտնել չի լինում,- ասաց մայրը,- խոսելու բան կա:
— Կգամ,- պատասխանեց էսթերն ու կախեց ընկալուչը:
Մոր տուն էսթերը գնաց ոտքով: Հնարավորին չափ փորձում էր հետաձգել հանդիպումը: Ինչի՞ մասին էին խոսելու, ի՞նչ անակնկալ էր մատուցելու մայրը. այս մտքերով ճանապարհ ընկնելով՝ էսթերը տխուր զարմանքով հայտնաբերեց, որ անցած երկու ամսվա ընթացքում, ինչ հեռացել էր տանից, ոչ մի րոպե, ոչ մի ակնթարթ չէր կարոտել մորը: Հիշել էր բազմիցս, բազմաթիվ անգամներ վերլուծել իրենց ընտանիքի պատմությունը, որտեղ հայրը բացակայի դերում էր: Մոր հետ երբեք չէին խոսել հոր մասին: Մեկ անգամ միայն, շատ տարիներ առաջ, էսթերը հարցրել էր մորը:
— Ու՞ր ա մեր պապան:
— Գրողի ծոցում:
— Էդ ի՞նչ ա նշանակում:
— Նշանակում է, որ պապան ուրիշ բալիկներ ու կին ունի: Մենք իրեն պետք չենք:
Այսքանով եզրափակվել էր խոսակցությունը:Այս խոսակցությունից մեկ տարի անց էսթերը հանդիպել էր տոնածառի խաղալիք նվիրող տղամարդուն, որը հարցրել էր.
— Ո՞նց ես, բալես:
Այդ դեպքից հետո Էսթերը որոշել էր, որ այդ տղամարդն իր հայրն է՝ բարի ու տխուր, իսկ մի քանի տարի անց հանկարծ հասկացել էր, թե ինչու է բարի ու տխուր հայրը «գրողի ծոցում». նա չի դիմացել մայրիկի սառն ու ինքնասիրահարված բնավորությանը. այսպես էր մտածել Էսթերը:
Տունդարձի ճամփան բռնած՝ էսթերը հանկարծ որոշեց, որ այլևս չի հանդիպելու Արթուրին: Չի գնա ժամադրության ու վերջ, թե ինչ կլինի հետո, էսթերը չհասցրեց մտածել, քանի որ արդեն սեղմել էր դռան զանգն ու հայտնվել մոր գրկում:
— Մեծացել ես,- ասաց մայրը՝ համբուրելով աղջկան:
Էսթերը, չարձագանքելով մոր ջերմությանը, անցավ սենյակ: Ռաֆն այնտեղ էր:
— Չլինի՞ պատրաստվում եք ամուսնանալ,- հարցրեց էսթերը:
— Էսթ, մենք ոչ մի անգամ հորդ մասին չենք խոսել,- աղջկան առաջարկելով բազմոցը՝ Կարինը նստեց բազկաթոռին:
Ռաֆը սենյակից դուրս եկավ, և Էսթերը մտածեց, որ, այո, նրանք իրո՛ք պատրաստվում են ամուսնանալ:
— Ի՞նչ կապ ունի հայրս ձեր ամուսնության հետ,- Էսթերը զգում էր, որ ներսում փոքրիկ մի կայծ խարույկ դառնալու առիթ էր փնտրում:
— Հայրդ ընտանիք ուներ, իմացա, երբ արդեն հղի էի,- Կարինը մի պահ լռեց:- Չէր ուզում երեխա, լուրջ չէր վերաբերվում ինձ… թողեց ու հեռացավ, չհետաքրքրվեց էլ՝ ունեցա քեզ, թե ոչ: Ինքնուրույն կյանք ես սկսել, կհասկանաս…
Էսթերն անշարժ լսում էր մորը՝ հայացքը նրա ծնկներին: Թվում էր, թե խավար էր շուրջը՝ երազի պես: Մայրը խոսում էր զուսպ, հմայքը չկորցնելով: Խոսելու ընթացքում ձեռքերը մերթընդմերթ ծնկներից բարձրացնում էր կրծքերին: Մոր ձայնը դժժոցներով էր հասնում ականջներին՝ անառակ հայր, չգիտես էլ ինչ…: Լսում էր էսթերն ու մտածում, թե որքան քմահաճ է ճակատագրի ձեռքը, որ ուզած ժամանակ, մանավանդ, երբ փորձում ես քո կամքով, ընտրությամբ ապրել, հանկարծ պտտում է կյանքիդ անիվն ու նոր ուղով ճանապարհում, թե՝ շարունակիր ընթացքդ, եթե կարող ես, եթե ոչ՝ դարձիր իմ նահատակը: Էսթերը նորից ու նորից մեծանալու ցավ էր ապրում: Գլուխն ուռչում էր, սիրտը՝ դատարկվում, կորչում էր ատելությունը մոր հանդեպ, բայց և սիրտը սիրով էլ չէր լցվում: Էսթերը համոզվում, հանձնվում էր այն իրողությանը, որ կյանքում մեծանալու ցավ զգալուց բացի ոչնչի տերը չէր լինելու՝ ոչ մի ձեռնարկման, ոչ մեկի, ոչ հոր և ոչ մոր, որը դեռ մի քանի րոպե առաջ, ատելության ծածուկ ծալքերում ինչ-որ չափով իրենն էր, ու ինքը մենակ չէր:
— Էսօ՞ր եք նշելու ամուսնությունը,- ընդհատեց մորը:
— Էսօր, հա՛, երեկոյան:
— Ուրեմն Ռաֆն էստեղ է ապրելու… երեկոյան կգամ:
Սենյակից դուրս գալիս դռների մեջ Էսթերը հանդիպեց Ռաֆին:
— Էսթ ջան, տեղափոխվիր, միասին կապրենք: Չեմ ուզում պատճառ լինել, երիտասարդ աղջիկ ես, քեզ կօգնեմ շատ հարցերում,- կարծես անգիր արած, բարի կամեցողի տոնով ասաց Ռաֆը:
— Ինչո՞վ կօգնես,- անտարբեր հարցրեց էսթերը:
— Նկարել շատ ես սիրում, ծանոթ նկարիչ ունեմ, կգնաս մոտը, ձեռքդ կբացվի:
— Կմտածեմ,- գլուխն ազատելու համար ասաց էսթերն ու գնաց Էլիզենց տուն:

Երբ Էլիզը բացեց դուռը, էսթերն ապշեց՝ նրա կարմրած ձեռքերը տեսնելով:
— Էսթ, նկարում եմ,- ճչաց Էլիզն ու Էսթերի ձեռքը բռնելով՝ գնաց սենյակ:
Սեղանին կարմիր գնդեր էին, տոնածառի ներկված խաղալիքներ:
— Քեզ համար եմ ներկել, Էսթ: Քո մի հատ կարմիրի հետ կկախես տոնածառից:
Էսթերը սպասեց, մինչև ջրաներկը խաղալիքների վրա չորանար: Այդ ընթացքում լվաց Էլիզի ձեռքերը, փոխեց նրա հագուստը:
— Գնում ենք ման գալու,- ասաց,- մայրիկիդ գրություն կթողնեմ:
Վերցրեց իր նվերը՝ ներկված խաղալիքները, ու դուրս եկան:

Երկար զբոսնելուց հետո, տեսնելով, որ երկինքը թխպում է, Էսթերն էլիզին իր տուն տարավ: Երբ նստեցին ճաշի, հորդ անձրև սկսվեց: Ճայթեց ամպրոպը, Էլիզը վախեցած փակեց աչքերը:
— Վախենու՞մ ես,- հարցրեց էսթերը:
— Հա: Մաման պատմել ա, որ կայծակից մի անգամ մարդ ա մահացել:
— Ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում: Կայծակը մարդկանց չի վնասում, եթե…
Էսթերը սկսեց պատմել այն, ինչ լսել էր Տիգրանից: Խոսքի կեսից Էլիզն ընդհատեց նրան:
— Սանթարգե՛լն ի՞նչ ա:
— Շանթարգեþլ, շան-թար-գել: Հասկացա՞ր: Դա նշանակում է կայծակն իր մեջ ընդունող….
Էլիզը շարունակեց ուշադրությամբ լսել:

Անձրևից պաշտպանվելու համար Արթուրը մտավ մոտակա խանութը: Սպասում էր Էսթերին՝ շտապ-շտապ նայելով ժամացույցին: Էսթերն էլ էր նայում ժամացույցին, բայց չշտապելով, հանդարտ շարունակում էր զրույցը Էլիզի հետ: Երկար սպասելուց հետո Արթուրը դուրս եկավ խանութից, վազքով մոտեցավ հեռախոսախցիկին, զանգեց Էսթերին: Այն հարցին, թե ինչու դեռ տանն է ու դուրս չի գալիս, Էսթերը պատասխանեց.
— Էլ չենք հանդիպելու: Հոգնել եմ… քեզնից էլ, ինձնից էլ:
Արթուրի բոլոր հարցերին Էսթերը նույն պատասխանը տվեց՝ հոգնե՛լ եմ: Արթուրը կախեց խոսափողն ու որոշ ժամանակ մտախոհ կանգնելուց հետո մեկ այլ համար հավաքեց:
— Բարև, Ան: Մենա՞կ ես… հիմա գալիս եմ:

Գարունն օրեցօր ծավալվում էր, նկարազարդում հողը, երկինքն ու օդը: Մանուկ բնության հոտը, ինչպես աշխարհում ամեն ինչի, յուրաքանչյուր մարդու հոտը, տպավորություն էր գործում: Ինչպես յուրաքանչյուր մանկան հոտ՝ մանուկ բնության հոտն էլ սրբության, մաքրության պատրանք էր ստեղծում, նվագում մարդկային հոգու ամենանուրբ լարերին:
Գարնան հոտը գրգռել էր Էսթերի ուղնուծուծը: Ամեն օր՝ Արթուրի հետ ծանոթությունից սկսած, էսթերը երաժշտության ձայն էր լսում, պատեպատ տալիս իրեն՝ մեղեդու ուղղությունը գտնելու համար: Նա չգիտեր գարնան հոտի, այլևայլ խորհուրդների մասին, գիտեր, որ մի օր արթնացել էր գարնան կեսին՝ հոգնած, շատ հոգնած, և որոշել էր նոր կյանք սկսել:
— Էսթ, մենա՞կ ես ապրում,- հարցրեց Էլիզը տուն վերադառնալու ճանապարհին:
Էսթերը չպատասխանեց, մոտեցավ ծաղկավաճառին, ծաղկեփունջ վերցրեց ու շարունակեց քայլել:
— Ու՞մ համար ա,- հարցրեց Էլիզը:
— Մամայիս…
— Ծննդի՞ն ես տանում:
— Չէ՛, ամուսնանում է:
— Ի-ի՞նչ,- Էլիզի աչքերը զարմանքից մուգ կապույտ դարձան,- մամաներն ամուսնանո՞ւմ են:
Էսթերը անտարբեր գլխով արեց՝ շուրջը, մարդկանց դիտելով: Մարդկանց բազմազանությունը շշմեցրել էր նրան, նայում էր նրանց ու յուրաքանչյուրի հայացքում, ճակատին կամ գուցե հենց քթին կարդում էր մտքեր, ցանկություններ, խորհուրդներ: Մարդկանց բազմազանությունը՝ մուրացկաններ, հարուստներ, պրոֆեսորներ, բանվորներ, վաճառողներ, պոռնիկներ, կույսեր, ուսուցիչներ, նախագահներ, արիստոկրատներ, խենթեր, մանուկներ, ծերեր, դպրոցականներ, առողջներ, հիվանդներ, շուտ արթնացողներ և շատ քնողներ, աշխատողներ, չաշխատողներ, խղճովներ, անխիղճներ, անմիտներ ու… չգիտես ինչեր, պտտեցրեց Էսթերի գլուխը, նա ձեռքով փակեց աչքերն ու կանգ առավ:
— Ինչքան շատ են,- ասաց:
Մտածելով, թե խոսքը ծաղիկների մասին է՝ էլիզն ասաց.
— էնքան շատ են, որ չեմ կարողանում ընտրել, թե որն եմ շատ սիրում: Բոլորն էլ սիրում եմ, բայց ձնծաղիկը՝ մի քիչ շատ:

Ուշ երեկոյան Էսթերը, մեկ անգամ ևս շնորհավորելով, հրաժեշտ տվեց մորն ու Ռաֆին: Պայմանավորված տեղում հանդիպեց Տիգրանին:
— Տխու՞ր ես Կարինի կապակցությամբ,- հարցրեց Տիգրանը:
— Տխուր եմ, որ մարդկանց մեծ տարբերությունն եմ հասկացել: Իրար սիրելն ու հասկանալը հորինված բաներ են: Բոլորս գողություն անելով ենք ապրում, քեզանից վերցնում եմ էն, ինչ-որ պետք է ինձ, մնացածով չեմ էլ հետաքրքրվում: Նույնը դու…
Տիգրանը հանեց բաճկոնը, գցեց Էսթերի ուսերին:
— Գլուխ ցավեցնելու ոչինչ չկա,- ասաց:- Վաղը կարթնանաս, հոգնած չես լինի, քեզ էլի ուժեղ, սովորական կզգաս, գլուխ չես ջարդի կյանքի դրվածքների վրա ու կվայելես կյանքը ոնց որ կա:
Քառորդ ժամից Էսթերի տանն էին:
— Չե՛մ ուզում՝ ոնց որ կա,- շարունակեց Էսթերը՝ թեյի պատրաստություն տեսնելով:- Մարդուն ամեն ինչ էլ պետք է տարբեր ժամանակներում, տարբեր մարդկանց ու տարբեր տեղերում: Եթե պետք է՝ վերցնելը սխալ չի: Բայց էս դեպքում էլ կյանքը դառնում է գժանոց, եթե թույլատրելի է ամեն բան:
— Բոլորը քեզ պես չեն մտածում, որ ամեն բան իրենց թույլ տան:Դրա համար էլ կյանքը քիչ թե շատ տանելի է:
— Տեսնու՞մ ես, խոսելով էլ իրար չենք հասկանում: Խոսքս մարդկանց շատ տարբերության ու լրիվ միատեսակության մասին է: Ներսի աշխարհում բոլորն էլ նույնն են, իսկ եթե նույնն են, ինչո՞ւ մեկի մեջ չգտնես, չստեղծես ուզածդ՝ թեկուզ դժվարությամբ, ինչո՞ւ շատերի մեջ տարածվես ու կերպափոխվես:
Տիգրանը վերջացրել էր թեյն ու պառկել: Տարածելով ձեռքերը՝ Էսթերին գիրկն առավ:
— Սիրում են էն, ինչ առաջինն է,- ասաց,- ոնց որ ձնծաղիկը գարնանը: Քեզ համար միշտ առաջինն եմ մնալու, ամեն ինչում:
— Չի լինի: Չես կարող առաջին երեխաս էլ լինել:
Տիգրանը հմայված նայում էր էսթերին, և նրա մեջ ամբողջանում էր սիրո շրջանը: Տիգրանը չէր մտահոգվում, որ վաղվա օրն անսպասելի հայտնագործություններով տարբեր ափեր էր նետելու իրենց: Կարևորը, որ պարգևված էր պահը, և օգտագործվում էր այն: Ու ևս մի պայծառ շրջան՝ արևի տրամագծով, կյանք էր նետվում՝ շողարձակելով մինչև կյանքի վերջ:
Կեսգիշերին հագնվեց, հրաժեշտ տվեց Էսթերին:

Գարունը բարձրացրեց արեգակի ջերմությունը, որպեսզի, ինչպես հարկն է, դիմավորի ամառը՝ հասուն և կիրթ: Օրերը տաքացան, անձրևները մեղմացան: Պայծառ մի օր Էսթերը ոտք դրեց Ռաֆի ծանոթ նկարչի արվեստանոց ու քարացավ կախարդանքից: Դրանից հետո շաբաթվա երկու օրերին նա ծեր նկարչի արվեստանոցում արարման նուրբ, կախարդիչ ընթացքի գաղտնիքներն էր յուրացնում:
Մի օր արվեստանոցում Էսթերը հանկարծակի դիպավ, թափեց յուղաներկը՝ կարմիրը ողողեց հատակը: Տուն վերադառնալիս կարմիր ոտնահետքերով ներկեց ասֆալտը: Ոտնահետքերին նայելով՝ աննշմարելի ժպտաց ու մոտեցավ հեռախոսախցիկին: Հավաքեց Արթուրի համարը:

Դժգոհությամբ կտրվելով գործից՝ Արթուրը կեղտոտ, սև ձեռքերով վերցրեց ընկալուչը: Անակնկալի եկած՝ չիմացավ՝ ինչ խոսի, միայն կարողացավ պատասխանել.
— Հա, էսթ…կդիմավորեմ: Առայժմ:

Անձրևի տակ վազելով՝ Արթուրն ու Էսթերը մտան շենք:
— Մենակ եմ ապրում,- Էսթերը վառեց բնակարանի լույսերը:
— Ո՞նց թե մենակ,- Արթուրը չհասկացող հայացքով շուրջը նայեց:
էսթերը Արթուրի ձեռքերով գրկեց իր գլուխը: Կայծակը լուսավորեց լուսառատ բնակարանը, Էսթերը չվախեցավ: Նա սկսել էր պատմել իր պատմությունը.
— Ես հայր չունեմ…
Պատմությունը ծորում էր, Արթուրը լուռ լսում էր, լուռ՝ հողի ծանրությամբ: Ծանրության տակ նա մարսում էր անակնկալը, տխրում ու միաժամանակ ուրախանում այս դիպվածով, իսկ կոկորդում սկիզբ էր առնում անհասկանալի մի ցավ: Արթուրը զգում էր, որ անիմաստ էր որևէ խոսք ասելը, նույնիսկ մեկ, երկու բառը, որովհետև վերաբերմունքը հետագայի գործ էր: Ճիշտը լռելն էր, էլի՛ ու էլի՛ լռելը:
— Հոգնել եմ վախից ու ստից,- իր պատմությունը եզրափակեց Էսթերը:- Հիմա ամեն ինչ գիտես, կյանքին պարզ աչքերով կնայեմ:
Այս պարբերությունում էր, որ էլիզը, գլուխը մոր գոգին, կիսախուփ աչքերով պատմում էր.
— Շենքերի հիմքում սանթարգելներ են դնում…
— Շանթ-արգել,- ուղղում էր մայրը:
Նույն այս պահին Տիգրանը ծանր երազ տեսածի պես վեր թռավ քնից, արթնացրեց Լյուսկային:
— Լուս, վատ նախազգացում ունեմ…մի բաժակ մածուն բեր, սիրտս թուլանում է:
— Ինքդ արա,- Լյուսկան շրջվեց կողքի:
Ոտաբոբիկ, մածնով բաժակը ձեռքին՝ Տիգրանը զանգեց էսթերին:
— Էսթ,անհանգիստ եմ, քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:
— Կարգին է:
— Քնած չէի՞ր:
— Արթուրի հետ եմ:
Մածունն իր փափկությամբ մնաց Տիգրանի կոկորդում:
— Էսթ…
— Բարի գիշեր:

Էսթերի բնակարանի լույսերը ամբողջ գիշեր վառ մնացին: Լույսը բացվելուն պես Արթուրն ու Էսթերը դուրս եկան տնից, քայլեցին: Անձրևը դեռ մաղում էր: Եղևնիների մոտով անցնելիս կանգ առան: Էսթերը պայուսակից հանեց տոնածառի կարմիր խաղալիքները, մոտեցավ եղևնիներից մեկին ու սկսեց զարդարել այն:
Այդ պահին Կարինն ու Ռաֆը քնած էին խաղաղ քնով, քնած էր նաև Էլիզիկը, գլխավերևում կախված հոր՝ սև ժապավենով նկարը հսկում էր նրա քունը:
Աշխարհի մարդկանց մի մասը քնած էր, մյուս մասը պատրաստվում էր քնել կամ արդեն արթնացել էր: Պտտվող հսկա երկրի երկու ոտնաչափ հողատարածքում կանգնել էր մեկը, որը ոչ արթուն էր, ոչ քնած: Էսթերն էր՝ հոգնած ու լիովին ազատագրված, անձրևի տակ լվանում էր ձեռքերի կարմիր ջրաներկն ու ասում Արթուրին.
— Շնորհակալ եմ: Քեզ հետ ապրեցի իմ մանկությունը:
Ներկայացումն ավարտված էր: Եվ որքան էլ զարմանալի է, Արթուրն հասկանում էր, որ անցած մի քանի ամսվա ընթացքում հանդես էր եկել «հայրիկի» փայլուն դերակատարմամբ: Հրաժեշտի փոխարեն նա համբուրեց Էսթերի այտն ու գնաց:
Էսթերը քայլեց հակառակ ուղղությամբ: Ճանապարհի կեսից շրջվեց, նայեց եղևնուն. խաղալիքներից միայն մեկն էր մնացել կարմիր. Էսթերի մանկության կլոր խաղալիքը: Մյուսներից անձրևը լվացել էր շպարն ու թողել անդիմակ:

Առավոտյան մարդիկ այս ու այն կողմ էին շտապում: Զարդարված եղևնու մոտով անցուդարձ անողները մի պահ զարմացած կանգ էին առնում, նայում գարնանային տոնածառին ու ժպտալով շարունակում իրենց ընթացքը: Մի կին, որը դժգոհ էր իր կյանքից, իր բախտից, իր շրջապատից ու ինքն իրենից, եղևնու մոտով անցնելիս փնթփնթաց.
— Ձմեռը չեկած՝ Նոր Տարի են բերել:

Հեռախոսն անհամբեր զնգում էր Էսթերի բնակարանում, բայց նա չէր շտապում տուն հասնել: Գարնանային թաց փողոցներում ճեմելով՝ մարմնում ու հոգու հողում հաճելի ամրություն էր զգում, որն իր կառույցով շատ նման էր շանթարգելի: Ամուր կառույցի հեղինակը ոմն «Կյանքի փորձն էր» կամ «Ճակատագրի ձեռքը», որը սովորեցնում էր դիմագրավել կայծակների, որոտների տեսքով հանդիպող բոլոր փորձությունները: Եվ վախը թվում էր անիմաստ:
Էսթերը հանկարծ հիշեց, որ տանն անհամբեր զնգում է հեռախոսը: Բայց դա իր զանգը չէր, այդ զանգը գողացված էր Լյուսկայից:
— Մենք էլ չե՛նք հանդիպելու,- շնչակտուր ճչաց Էսթերը՝ լսափողը վերցնելով:- Չե՛նք հանդիպելու:
Տիգրանը երկար ժամանակ սեղմում էր Էսթերի դռան զանգը: Զանգը հնչում էր երկար ու զիլ, այնպես պահանջկոտ, որ դատարկված տան ազատ անկյունները սեղմվում էին վախից, ու բնակարանը թվում էր փոքրացած:
Նույն այդ պահին քաղաքի հակառակ ծայրի հեռավոր արվարձանում՝ նոր վարձով բնակարանում Էսթերն իրերն էր դասավորում: Ոչոք նոր հասցեն չգիտեր, ոչ ոք չէր իմանալու՝ այսպես էր որոշել Էսթերը: Այսպես էր նրա կյանքի նոր բեմականացման, նոր էջի սկիզբը, որը նա սկսել էր կիսաքուն-կիսարթուն, հոգնած ու միաժամանակ բեռնաթափված՝ ապրված անցյալի ծանրությունից:

«Գարուն», 2001, 9

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով