Ժիլ Դըլյոզ. Բնազդ և օրենքով սահմանված կարգ

Ի՞նչ է բնազդը, և ի՞նչ է սահմանյալ կարգը: Հիմնականում դրանք բավարարվածության հասնելու տարբեր մոտեցումներ են ակնկալում: Երբեմն, արտաքին ազդակներին բնական ձևով արձագանքելով, օրգանիզմն արտաքին աշխարհից վերցնում է իր ձգտումներն ու կարիքները բավարարող դրսևորույթներ: Վերջիններս տարբեր կենդանիների համար առանձնահատուկ աշխարհներ են ներկայացնում: Երբեմն, յուրահատուկ միջավայր ստեղծելով իր ձգտումների և արտաքին աշխարհի միջև, խնդրո առարկան մշակում է արհեստական բավարարվածության միջոցներ, որոնք, օրգանիզմն ազատելով բնությունից, մի այլ բանի են ենթարկում և ձևափոխելով հենց այդ ձգտումները՝ նոր միջավայր տեղափոխում: Ճիշտ է, որ դրամը փրկում է քաղցից, եթե, իհարկե, այն ունես, և որ ամուսնությունը ազատում է զույգ փնտրելու հոգսից՝ կանգնեցնելով այլ հոգսերի առաջ: Նույն է, եթե ասես, որ անհատական ամեն մի փորձ ենթադրում է, իբրև ապրիորի, մի միջավայրի նախագոյություն, ուր ընթանում է փորձը: Բնազդը և սահմանյալ կարգը հնարավոր բավարարության հասնելու երկու ձևերն են: Կասկածից դուրս է, որ օրենքով սահմանված կառույցները նպաստում են ձգտման բավարարմանը. օրինակ՝ ամուսնության մեջ բավարարվում են սեքսուալ ձգտումները, սեփականության մեջ՝ ագահությունը: Այս փաստարկին կարող են հակադրել Պետությունը, որպես օրենքով հաստատված կառույցի օրինակ, որին չի համապատասխանում ոչ մի ձգտում: Սակայն պարզ է, որ այդպիսի հաստատությունները երկրորդական են, որ դրանք ենթադրում են արդեն հաստատուն, սահմանված մոտեցումներ, բերում են զուտ սոցիալական օգուտ՝ վերջին հաշվով քաղված սոցիալական և անձնական ձգտումների հարաբերակցությունից: Սահմանվածությունը միշտ հանդես է գալիս որպես միջոցների կազմակերպված համակարգ: Հենց այստեղ է սահմանված կարգի և օրենքի տարբերությունը:
Վերջինս գործությունների սահմանափակում է, մինչդեռ մյուսը՝ գործողության դրական մոդել: Ի հակադրություն օրենքի տեսությունների, որոնք դրականը դնում են հասարակականից դուրս (բնական իրավունքներ), իսկ հասարակականը՝ բացասականի մեջ (պայմանական սահմանափակում), սահմանվածության տեսությունը բացասականն է դնում հասարակականից դուրս՝ հասարակակությունը հիմնականում ներկայացնելով որպես դրական, կառուցողական (բավարարվածության ինքնատիպ միջոցներ): Այսպիսի տեսությունը վերջին հաշվով մեզ կտա քաղաքական չափորոշիչներ. բռնակալությունը մի ռեժիմ է, ուր առկա են շատ օրենքներ և քիչ հաստատություններ, դեմոկրատիայի ժամանակ, ընդհակառակը, կան շատ հաստատություններ (սահմանված կարգ) և շատ քիչ օրենքներ: Ճնշումը երևան է գալիս, երբ օրենքներ ուղղակիորեն ազդում են մարդկանց վրա և ոչ թե մարդկանց կողմից հաստատված կառույցների վրա:
Բայց եթե ճիշտ է, որ ձգտումը բավարարվում է հաստատության միջոցով, ապա վերջինս չի բացատրվում ձգտումով: Սեքսուալ կարիքները երբեք չեն կարող բացատրել ամուսնության հնարավոր բազմապիսի ձևերը: Ո՛չ բացասականն է բացատրում դրականը, ո՛չ էլ մասնավորը՝ ընդհանուրը, ամբողջականը: «Ախորժակը բացելու» ցանկությունը չի բացատրում ապերատիվի օգտագործումը, որովհետև ախորժակը բացելու հազար ու մի ուրիշ միջոցներ կան: Վայրագությունը ոչ մի կերպ չի բացատրում պատերազմը, սակայն նրա մեջ է գտնում իր լավագույն դրսևորումը: Ահավասիկ հասարակության պարադոքսը. մենք խոսում ենք սահմանվածության մասին, երբ գտնվում ենք բավարարվածության երևույթի առջև, որը չի բացահայտվում բավարարվածության հասնելու ձգտումով, համենայնդեպս՝ ոչ ավելի, քան տեսակի հատկանիշներն են դա բացատրում:
Ձգտումը բավարարվում է իրենից անկախ միջոցներով: Ուստի այն միաժամանակ կարող է լինել հարկադրված և ձևավորված: Ահա և հնարավոր է նևրոզների առաջացում: Ավելին, եթե կարիքը հաստատության մեջ գտնում է միայն անուղղակի բավարարում, բավական չէ ասել, որ հաստատությունը օգտակար է, պետք է նաև հարցնել՝ ո՞ւմ է այն օգտակար: Բոլոր նրանց, ովքեր կարի՞ք ունեն: Կամ թե՝ մի քանիսին (արտոնյալ դաս), կամ էլ թե՝ միայն նրանց, ովքեր աշխատեցնում են այդ հաստատությունները (բյուրոկրատիա): Ամենաէական սոցիոլոգիական խնդիրը հենց այն ինստանցիան փնտրելն է, որից ուղղակի կախում ունեն ձգտումները բավարարող հասարակական ձևերը: Քաղաքականության ծեսե՞ր, արտադրական միջոցնե՞ր: Ինչ էլ լինի, մարդկային օգտակարությունը միշտ այլ բան է, քան հենց բուն օգտակարությունը: Սահմանված կարգը մեզ վերադարձնում է դեպի հասարակական ակտիվություն՝ կազմված այնպիսի մոդելներից, որոնք մենք չենք էլ ընկալում, և որոնք չեն բացատրվում ձգտումով կամ օգտակարությամբ, քանի որ վերջինս, որպես մարդկային օգտարակություն, հակառակն է ենթադրում: Այս իմաստով քահանան, որն ինքն է ծեսերը ներկայացնում, անում է առանց խորապես ընկալելու նպատակը:
Ի՞նչ տարբերություն բնազդի համեմատ: Գեղեցկությունից բացի, այս պարագայում ոչինչ չի գերազանցում օգտակարությանը: Ձգտումը անուղղակի կերպով բավարարվում է սահմանված կարգով, բնազդը բավարարում է ուղղակիորեն: Չկան բնազդական արգելակներ և ստիպողականություն, առկա է միայն բնազդական հակակրանքը: Այս անգամ հենց ինքը ձգտում է ներքին ֆիզիոլոգիական գործոնի տեսքով, որ արտահայտվում է իբրև ձևավորված վարվելակերպ: Եվ, իհարկե, ներքին գործոնը չի կարող բացատրել, թե ինչպես է, ինքնին նույնը լինելով, տարբեր տեսակների մոտ տարբեր վարքեր դրսևորում: Եվ նույնն է, եթե ասենք, որ բնազդը գտնվում է երկու պատճառականությունների խաչուղում՝ անհատական ֆիզիոլոգիական գործոնների և հենց իր՝ տեսակի միջև (հորմոն և առանձնահատկություն): Այսպիսով, հարց է առաջանում՝ վերջին հաշվով ի՞նչ չափով կարող է բնազդը համընթաց լինել անհատի պարզ շահերին, ո՞ր դեպքում այլևս կարիք չի լինի խոսել ոչ թե բնազդի, այլ՝ ռեֆլեքսի, տրոպիզմի, սովորության և խելքի մասին: Թե՞ բնազդը կարելի է հասկանալ միայն տեսակի օգուտի, շահի շրջանակներում: «Ո՞ւմ է դա անհրաժեշտ»՝ հարցի իմաստը փոխվել է: Իր կրկնակի տեսքով բնազդը ներկայանում է որպես առանձնահատուկ ռեակցիաներ ունեցող օրգանիզմին միտված ձգտում:
Բնազդի և սահմանված կարգի ընդհանուր հիմնախնդիրը նույնն է՝ ինչպե՞ս է կատարվում ձգտման և այն բավարարող օբյեկտի սինթեզը: Ջուրը, որ խմում եմ, իրականում նման չէ հիդրատներին, որոնք պակասում են իմ օրգանիզմում: Որքան բնազդը կատարյալ է իր բնագավառում, որքան պատկանում է տեսակին, այնքան էլ, կարծես թե, յուրահատուկ, կուռ սինթեզի ուժն է: Եվ որքան կատարելագործելի է, ուրեմն՝ անկատար է, որքան ենթակա է փոփոխության, անկայունության, այնքան նրա վրա կարող է ազդել ներքին անհատական գործոնների և արտաքին պայմանների պարզ խաչը, և արդեն այնքան ավելի շատ տեղ է տրվում խելքին, բանականությանը:
Ուրեմն, վերջ ի վերջո, ինչպե՞ս կարող է ձգտումին համապատասխան օբյեկտ տվող մի այսպիսի սինթեզ խելացի լինել, երբ կայանալու համար ընդգրկում է մի ժամանակ, որն անհատը չի ապրում, փորձ, որից այն կողմ տվյալ անհատը չի կարող գոյատևել:
Ուստի հանգում ենք այն համոզման, որ բանականությունը ավելի հասարակական, քան թե անհատական երևույթ է, և հասարակականի մեջ այն գտնում է մի երրորդ՝ միջնորդող միջավայր, որը հնարավոր է դարձնում իր գոյությունը: Ո՞րն է հասարակականի իմաստը ձգտումների համեմատ: Ամբողջականացնել հանգամանքները կանխակալ մի համակարգում, իսկ ներքին գործոնները՝ մի համակարգում, որը կարգավորում է նրանց հայտնվելը և փոխարինում է տեսակին: Սա հենց սահմանյալ կարգի պարագան է:
Գիշեր է, որովհետև մարդիկ քնում են, ուտում են՝ որովհետև կեսօր է: Չկան հասարակական ձգտումներ, կան միայն ձգտումները հագեցնող հասարակական միջոցներ, միջոցներ, որոնք ինքնատիպ են, որովհետև հասարակական են: Ամեն մի հաստատություն մեր մարմնին ներկայացնում է, նույնիսկ իրենից անկախ կառույցներում, մոդելների մի շարք, իսկ մեր մտքին՝ գիտելիքներ, կանխատեսելու և նպատակադրման կարողություն: Եվ գալիս ենք հետևյալ եզրահանգման. մարդը չունի բնազդներ, նա սահմանում է որոշակի կառույցներ:
Մարդը մի կենդանի է, որն անընդհատ տվյալ տեսակի հետազոտություններ է կատարում: Եվ այսպես, բնազդը բացատրում է կենդանու պահանջները, իսկ մարդու կողմից հաստատված կառույցները՝ մարդունը, քաղցը հագեցնելու պահանջը մարդուն հանգեցնում է հաց վաստակելու անհրաժեշտությանը: Վերջապես, բնազդի և սահմանման հիմնախնդիրը կարելի է լուծել, իր ամենասուր կողմերով հանդերձ, ոչ թե կենդանական միջավայրում, այլ՝ կենդանու և մարդու հարաբերությունների մեջ, երբ մարդու պահանջները տարածվում են կենդանու վրա՝ ընդգրկելով նրան սահմանված կառույցներում (տոտեմիզմ, ընտելացում), երբ կենդանու պահանջները հանդիպեցնում են նրան մարդու հետ՝ նրանցից խույս տալու կամ նրա վրա հարձակվելու համար՝ ակնկալելով սնունդ և պաշտպանություն:

Ֆրանսերենից թարգմանեց Դոնարա Պապյանը

«Գարուն», 2001, 11

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով