Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ

ՀԵՏՔԵՐ

… Ինչ-որ տողեր են ինձ հետապնդում,
Ինչ-որ պատկերներ և ինչ-որ բառեր,
Որ թափառում են երգի պես տրտում,
Որ բարբառում են, բայց խոսք չեն դառել:

Այդպես հևիհև, կցկտուր, անկապ
Զգում ես նրանց համը շուրթերիդ
Եվ երազներիդ բռնկումն հանկարծ,
Եվ քո խոհերի ընթացքը թերի:

Բայց ուղենիշեր դու ունես աղոտ,
Այդ հետքերին ես դու ապավինում,
Երբ արթնանում ես ամեն առավոտ.
Այդպես է եղել, այդպես է լինում –

Կյանքը հոսում է ասես քո կողքով,
Բայց և լինում են արթնության պահեր,
Երբ իր տեսիլքն է անցնում քո հոգով –
Ու այս անգամ էլ այդպես պատահեց,

Երբ կյանքն ու խոսքը իրար համընկան –
Քո մեջ նրանք խոր հետքեր են թողել,
Այդպես հոսում են նրանք համընթաց,
Ու քո խոհերը դառնում են տողեր:

Ու իրական է թվում քեզ այնքան –
Բառերը շնչում ու կյանք են առնում…
Դու ամեն անգամ անում ես մի քայլ,
Որ հաջորդ օրը թարմ հետք է դառնում,

Թարմ հետք – քեզ համար և ուրիշների,
Հին օրերի մեջ – նոր ուղենիշեր –
Որ ամեն անգամ տողերն հիշելիս –
Բառերի խորքում քո դեմքը հիշեն…

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ

…Ու քո հայացքը հոգնել է արդեն,
Ու հողի մեջ են աչքերդ աճում,
Ու քո մատները – իբրև արմատներ
Քո բառերից են ճարահատ կառչում:

Դու շոշափում ես – բայց դա էլ ելք չի,
Դժվար է դարձել կյանքը ընկալել,
Ու սկսում ես ամեն ինչ վերջից,
Կենցաղն է արդեն կեղևակալել:

Դու հոտոտում ես բույրերը վառման
Ու ակունքները կույս, անապական –
Քո մեջ են աճում սերմերը վաղվա
Բնակալում է արդեն ապագան:

Ու դու տեսնում ես – աճող սաղարթով
Եվ արմատներով – հողում խորացող –
Գալիս է դարը – տարիներն հատող,
Կյանքը քո բունն է կտրում իր կացնով:

Ու դու լսում ես խժալուր կանչեր,
Գալիքն է քո մեջ խուլ գահավիժում,
Ու դու փորձում ես փրփուրից կառչել,
Կենաց ջրերում կրքերն են շիջում:

Դու համտեսում ես ավիշը կյանքի,
Տնտղում ես նրա աղուտները չոր,
Հողմերն անհագուրդ այս ժամանակի
Դեպի գալիքն են շաչում քո միջով:

ԲՆԱԲԱՆ

«Աղոթքի կանգնել – լուսայգից առաջ»…
Ու գունատ մի ցոլք ներս է ճառագում:
Ընդունիր խոսքի ծնունդն անարատ՝
Երկինքը կապտած ու արճճագույն:

Գիշերը խոհ է դառել մահացու
Ու անդենական անդորր ու հանգիստ,
Ու լույսի մեջ խոր ակոս են բացում
Օրերը նրա՝ սև, երկաթագիր:

Ու լուսաշերտեր առկայծող, բեկբեկ,
Հույսի ծվեններ, աստղերի փշրանք,
Կրծքիդ կռացած կենդանակերպեր –
Հին հիվանդության նոր ախտանշան:

Աստղահմաներ, բանդագուշանքներ,
Եվ սակայն գոց է դուռը գրբացի,
Ու այս հանգերը՝ կառչող, գիշակեր,
Արդեն հիվանդ են ու մեռելածին

Տեսիլքի նման այս աղավաղվող –
Անկյալ հրեշտակ – քայքայվող պատկեր,
Ու տող է դառնում տենչը խաղաղվող,
Ու նրա խորքում – քո երգն է պառկել:

Ու զառանցանքն այդ դառնում է երազ,
Կնոջ մարմինն է ծնվում իր կողից,
Երգը հոսում է – իբրև քներակ,
Կյանքի առագաստ, մահվան անկողին:

Ու թրթռում է շուրթերին գունատ
Կյանքի լեգենդը – «ես սիրում եմ քեզ» –
Ու հեռանում է մութը ձեռնունայն,
Ու լույսն է բացվում – ձեռքերին վերքեր:

Ու կրկին նրա կոկորդին բառն է,
Որ այս գիշերով դու խաչ հանեցիր,
Որքան դժվար է հարություն առնել,
Այդ կյա՞նքն է քո մեջ, թե՞ առեղծվածն իր

Այս լուսաբացին այսպես բարբառում,
Ասես երգում է կարոտը կնոջ,
Ասես մերձիմահ բառն է արարում,
Որ ձեռք բերեցիր քո կյանքի գնով…

ՎԱՂԱՄԵՌԻԿ ՆԿԱՐՉԻՆ

… Մահվան սարսափից – անձնասպան եղավ…
Դու ընթերցում ես մի թաքուն վախով
Այս պատմությունը – էջերին հեղված,
Գրիչն արյան մեջ անվերջ թաթախող:

(Եվ արդյոք քունը – ակնթարթային
Մահվան չի՞ նման – և չի՞ քսվում նա
Մահվան թափառող ուրվականներին,
Որ տիրակալն են մեր երազների –
Հալած մոմի պես մեր մեջ ծորացող
Ու զմուռսի պես, որ դեռ չկնքված
Արդեն կպչում է իր կաղապարին…

Մեր մեջ ապրող մի ընտանի դահիճ
Դարձել է մեր լուռ օրերի վկան,
Ու դահճապարտ են գույները անցոլք,
Ու կպել է սև մոմը մազերին,
Ու անիմաստ են արդեն՝ քուն և նինջ,
Ու նույնանում են արդեն կյանք ու մահ –
Ահա կտավն այս – Նկարիչ՝ նայիր…)

Ահա այդ մահը – ակնթարթային…
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

Ինչի՞ թարգմանը դու պիտի լինես,
Եթե կորցրել ես բնության լեզուն,
Եթե խոսքերն ու բառերը հին են,
Եթե նայում ու ոչինչ չես տեսնում,

Արդյոք ի՞նչ դռներ դու պիտի բախես,
Արդյոք ի՞նչ գրեր պիտի վերծանես,
Երբ քո կենցաղն ես քո վզից կախել,
Երբ քարի նման օրերդ ծանր են,

Երբ երազի մեջ դու թափառում ես
Խուլ ու համրերի արքայությունում,
Թափուր քաղաքում – կույր ու անուղեղ,
Ուր նույն խոսքերն ու գրերն են, ու նույն

Բառերն են ծործոր, ներկված, կանացի,
Որոնք չեն տրվել, սակայն, կնության,
Կյանք է, անտեղի ու բերանացի,
Որ ենթակա չէ, ավաղ, մեկնության:

Ու դատարկ խոսքի շքահանդեսում
Որևէ իմաստ իզուր մի՛ փնտրիր,
Մեզ ամոքում է ահռելի մի սուգ,
Որ մատուցվում է իբրև Ճառընտիր:

ԱԶԴ

… Խոսքի հեղեղը թերթոնների հետ
Տե՛ս, ափ է հանել մի նոր բառահեղձ,
Բայց նա թերթերում հետքեր է թողել,
Բայց նա թերթերում հետքեր է թաղել:

Իսկ դուք, ներշնչված, դեռ չեք հագենում
Խոսքի թափոնից – օդում թափառող,
Ու ինչ փնտրում եք անթիվ երգերում –
Ասված է արդեն մի քանի բառով:

Իսկ նա տենչում էր ճանապարհ հարթել
Խոսքի աղտեղի հեղեղի միջով,
Բայց նա չգիտեր – դարձել էր արդեն
Խոսքի խրտվիլակ ու բառերի ճորտ:

Իբրև բամբասանք ու իբրև հիշոց –
Հետնամուտքերն ու շեմերն էր լիզում,
Բայց չկա ոչ ոք էլ նրան հիշող
Թերթային կյանքն իր նա ապրեց իզուր…

«ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ»

…Եռաստիճան է, թե քառաստիճան
Սանդղակը մտքի – չի կարող ասել,
Ու հիմա, իբրև անիմաստ մի ջանք
Խոսելու կիրք է իր մեջ արթնացել:

Ուսուցանելու մի անմիտ մարմաջ,
Որ անմիտներին թվում է անքեն
Մունետիկներն այդ ամուլ արարման
Քարոզիչների դիմակ են հագել:

Օ, տգիտության կուրացնող նախանձ –
Քեզ տուրք են տալիս բազում «քերթողներ» –
Մի աղետաբեր, տարածվող աղանդ
Ու եռաստիճան մտքի թերթոններ:

Տգիտությունն այդ, սակայն, գույն չունի,
Բայց չունի, ավաղ, նա նաև սահման…
Չունենք մենք բախտն այն՝ ինչ հիմարն ունի,
Ու նրա համար այս է սահմանված:

Ու կիրքն այդ անել – իբրև մի մանրէ,
Ու միտքն այդ ամուլ – իբրև մի միջատ,
Չի կարողանում ոչինչ հնարել –
Մնում է անգույն, մնում է միջակ:

Ու պղտորվում է «ձիրքը» ձանձրալի
Այս անմտագույն օրերի հանգույն –
Ու այդ վարակը հորձանք է տալիս,
Ու հոսում է այդ կիրքը անհագուրդ:

Եվ նա փորձում է տողեր ներարկել
Երակների մեջ բյուր ընթերցողաց –
Բացում է բոլոր դռներն անարգել,
Փորձում է լիզել, փորձում է սողալ

Կյանքի հատակին, մինչ թևեր առնի
Ու միջատի պես ճախրի երկնքում –
Ապավինելով թևածող բառին,
Բայց իր երգերի խլուրդները կույր

Ոչինչ չեն տեսնում և հորատում են,
Եվ հողի մեջ են որոնում ուղին,
Ու նրանց հոռի հակումն է մատնում
Քաղաքի ձգվող, հսկա կոյուղին –

Իր մեջ առնելով այդ վարակածին
Եռքը արնապիղծ, կույր երակների –
Նրանք կենում են ոչ միայն հացիվ,
Այլ հանգերով և առանց հանգերի

Գծում են անմիտ, չանչավոր տողեր
Ու հղանում են հոծ բառակույտեր,
Բայց այդ հղացման վերջը ցնցող է –
Բայց վերջում նրանց բառերը կուտեն…

***

Հոգնած օրերի ուժասպառ հևքից
Ու աղմուկներից – կյանքը խլացնող,
Փնտրում ես օտար – հարազատ մեկին,
Որ լույս ներարկի օրերիդ անցոլք:

Փնտրում ես մաքուր, ինքնամփոփ մի ձայն,
Որ ձիգ տարիներ լուռ է մնացել,
Մի լուռ տրտմություն, անամոք մի ցավ՝
Պատկերի նման անկերպ ու անձև:

Որ մնացել է ինքնամփոփ, ներսույզ,
Որ ապրումների խորքում է թաղված,
Որ ցոլանում է օրերի ներսում
Արձագանքի պես մաքուր, անաղարտ,

Խառնարաններում քո հիշողության,
Ուր ապագան է ձգվում օր օրի…
Բայց հենց ցնցում ես խորքը լռության –
Խուլ աղաղակ է բարձրանում նորից…

***

Օրն է մոտենում – արդյոք ո՞վ է նա,
Միշտ արտահեղվող, ինքնաբավ, ներսույզ,
Երբ փողոցներով շրջում է մենակ,
Երբ իր քայլերն ես լսում քո ներսում,

Երբ լինելության պարզ հիշողությամբ
Նա տարիները իրար է կապում,
Ու այդ տենչանքը անհայտ խորության,
Որ դառնում է խոհ, դառնում է ապրում,

Որ ձևերն ունի ապրող անցյալի՝
Իբրև հավերժող արձագանք անձայն,
Զմուռս ու կնիք, մոմ ու մատանի,
Թափանցիկ դիմակ, թափանցիկ արձան,

Իբրև խոհ աղոտ, անրջանք անկիրք,
Դեռ մարմին չառած, դեռ անապական,
Հյութերն է խմում դեռ չեղած կյանքի,
Որ շիթարձակի – իբրև ապագա –

Նա, որ մեռնում է այսպես հարաժամ,
Որ իբրև գալիք հարություն առնի…
Եվ հարատև է հրաժեշտն աշնան,
Որ հայելի է մի երկկողմանի,

Որ անիրական ցնորք է վերին.
– Պիտի հագենան, ովքեր անհագ են,
Ու ողջո՜ւյն բոլոր գալիք դեմքերին,
Որ պիտի մեր հին դիմակներն հագնեն…

Ու այս բառերը – օդում թափառող,
Ու աշնանային տերևների չուն.
– Պիտի մեզ հիշե՜ն օրերը հառնող,
Պիտի կյանք առնեն, որք կյանք են տենչում…

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Ու մեծ լռության սահմանից անդին
Տեսնում ես միայն անբարբառ շուրթեր –
Չկան պատկերներ, տեսիլներ պատիր –
Իբրև օվկիանում բարձրացող խութեր

Արթնացումներն են ահեղ տագնապի
Ու հիշողության քերծերը ցցուն,
Դու չե՛ս հասնելու անձկալի ափին
Ու չես ճեղքելու օրերը հեղձուկ…

Ու հասնում է քեզ ձայնը բարբառի՝
Իբրև գոյության մի կեռ հարցական,
Ալեբախության մի ահեղ ալիք,
Ու յոթնապատիկ հնչող արձագանք:

Ու անհուսորեն օրերի խորքում
Դեգերում ես, մինչ երգդ երկկենցաղ
Քեզ ափ է հանում մի նոր եզերքում,
Որտեղ գոյության քերծերն են կեցած:

Ու դու փարվում ես լեռնապարերին –
Որ քո հայացքն են չծնված գերել,
Հրճվանքի նման մի անբառելի
Տեսնում ես հղկած ժայռապատկերներ –

Իբրև նշաններ վայրի մենության,
Բնության նման չքնաղ ու ահեղ,
Ու դու տենչում ես անհուն անձկությամբ
Այդ ակնթարթը սրտիդ մեջ պահել –

Որ քեզ քո հոգու լեռներն է տանում,
Որ մնացել են հեռվում անապակ,
Գրերի նման անհայտ, անանուն,
Որ դառնալու են կենաց ճանապարհ…

ԵՐԳ

Հիշողությո՞ւն է,երազա՞նք է սա –
Երբ խավար տարին նոր է բոլորել –
Կյանքի խորհուրդը այն չէ՝ ինչ տեսար,
Եղել են նաև խնդության օրեր,

Որ գրառել է մի հին տարեգիր,
Բայց հիմա կենաց մատյանը գոց է –
Չեն կենդանանա հույզերը երգից,
Չի հառնի հուշը, բայց արժե փորձել

Ու կերպափոխել վիշտը խնդության
«Զվարթ գիտությամբ» ապրել ու բեմել,
Իրար հետ կիսել և բերկրանք, և ցավ,
Զի հարազատ ենք, զի «եղբայր եմք մեք»:

Թեթև անցնել մեր փորձության ուղին,
Մինչև վերջ կյանքի գավաթը քամել,
Լիուլի ըմպել տխրություն և խինդ,
Եվ զվարթությամբ երգն այս արարել,

Որ հնչի բոլոր ասպարեզներում
Որ ներս թափանցի հարկերից բոլոր,
Ու դու հագենաս՝ խնդությամբ զեղուն,
Ու հարստանաս քո ապրած օրով:

«Գարուն», 2001, 11

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով