Ֆորուղ Ֆարրոխզադ. Բանաստեղծություններ

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ

Կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր վարդ…
Նա ինձ տարավ պարտեզը կարմիր վարդի,
Եվ ալեծուփ իմ մազերին,
Մթության մեջ ամրացրեց
Կարմիր վարդ:
Եվ վերջապես
Քնեց ինձ հետ,
Ծաղկաթերթի վրա՝ կարմիր վարդի:

Ով աղավնիներ խեղված,
Ով անփորձ, ամուլ ծառեր,
Ով կույր լուսամուտներ,
Սրտիս տակ եւ կոնքերիս խորախորքում
Այժմ աճում է կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր,
Ինչպես դրոշը վերածնության:
Օհ, ես հղի եմ, հղի, հղի…

ԳԻՇԵՐՎԱ ՍԱՌԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Ես չեմ զղջում,
Ես խորհում եմ այս հպատակման,
Այս ցավագար հպատակման մասին:
Ես ճակատագրիս խաչը համբուրել եմ
Իմ Գողգոթայի բարձունքներում:

Գիշերվա սառը փողոցներում
Զույգերը վարանումով
Շարունակ բաժանվում են մեկ-մեկուց:
Գիշերվա սառը փողոցներում
Հրաժեշտի շշունջից զատ
Ուրիշ ձայն չկա:

Ես չեմ զղջում:
Իմ սիրտն ասես ընթանում է
Ժամանակի մյուս կողմում:
Կյանքը շարունակաբար
Կկրկնի իմ սիրտը:
Եվ նա՝
Քամու լճակների վրայով անցնող
Խլածաղիկը կկրկնի ինձ:

Ախ տեսնու՞մ ես,
Թե ինչպես է պատռվում մաշկս,
Եվ ինչպես է կաթը լերդանում
Սառը ստինքներիս կապույտ երակներում:
Եվ արյունը
ինչպես է իր կրճիկային աճն սկսում
Իմ համբերատար գոտկատեղում:
Ես՝ դու եմ, դու,
Եվ նա, ով սիրում է,
Նա, ով հանկարծ՝
Բութ,
Անհասկանալի մի կապ է գտնում
Հազարավոր անհայտ ու անանուն
Բաների հետ:
Ես հողի կիրքն եմ սուր,
Որ բոլոր ջրերը քաշում է ընդերքն իր խոր,
Բերրի դարձնելով դաշտերն ամեն:

Լսիր
Հեռու-հեռավոր ձայնն իմ,
Աղջամուղջի ծանր մշուշների աղոթքներում,
Եվ ինձ տես
Հայելիների խաղաղ լռության մեջ,
Թե ինչպես նորից
Ձեռքերիս մնացորդներով
Շոշափում եմ
Բոլոր երազների խորքերը մութ:
ԵՎ սիրտս,
Լինելության անմեղ երջանկությունների վրա
Կտածում է,
Ինչպես բիծը արյան:

Ես չեմ զղջում,
Իմ մասին, ով իմ սիրելի,
Խոսիր
Սիրահարված աչքերով
Իմ նմանակ այն աղջնակի հետ,
Որին կգտնես գիշերվա սառը փողոցներում…
ԵՎ հիշիր ինձ
Նրա մելանուշ համբույրներում
Եվ քո աչքատակերի քնքուշ գծիկներում:

ԶՈՒՅԳ

Գիշեր է գալիս,
Եվ գիշերից հետո՝
Մթություն,
ԵՎ մթությունից հետո՝

Աչքեր,
Ձեռքեր,
Եվ հևոցներ, եւ հևոցներ, եւ հևցներ…
Եվ ջրի ձայն,
Որ ծորակից կաթիլ-կաթիլ թափվում է ցած:
Հետո երկու կարմիր կետ՝
Երկու վառված ծխախոտի:
Ժամացույցի տիկ-տըկոց,
Եվ երկու սիրտ,
Եվ երկու մենակություն…

ԸՆԾԱ

Ես խոսում եմ գիշերվա սահմանից,
Ես խավարի
Եվ գիշերվա սահմանից եմ խոսում:

Եթե գաս իմ տուն
Ով սիրելի,
Ինձ ճրագ բեր
Եվ մի լուսամուտ՝
Փողոցի երջանիկ ժխորը տեսնելու համար:

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

«Գարուն», 2001, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով