Սոհրաբ Սեփեհրի. Բանաստեղծություններ

ԵՎ ՏՈՂ, ԵՎ ՃԵՐՄԱԿ

Առավոտ է,
Երգում է ճնճղուկը մաքրության,
Միասնության պատերի վրա՝
Աշունը վերածվում է թղթերի:

Զվարթարար վարքագիծը արևի,
Արթնացնում է ծավալները գարշանքի,
Մի խնձոր նեխում է
Ցանցահյուս զամբյուղի պատեհ առիթում:

Ինչ-որ զգացում, ինչպես օտարությունը իրերի,
Անցնում է կոպի վրայով:

Ծառի ու կանաչ վայրկյանի միջև,
Կարոտով խոսք է բացում
Կրկնությունը լազուրի:

Սակայն,
Ով ճերմակ թղթի արժանապատվություն,
Մեր տառերի զարկերակը
Վարպետություն է խաղում՝
Բացակայությամբ թանաքի:

Ներկայի մտքում կորում է հմայքը ձևի:

Պետք է փակել գիրքը,
Պետք է վեր կենալ,
Քայլել երկարությամբ ժամանակի:
Նայել ծաղկին,
Լսել անորոշությունը,
Պետք է վազել՝ մինչ խորքը լինելիության,
Պետք է անէանալ հողի բույրի մեջ,
Պետք է հասնել հանդիպման վայրը՝
Ծառի և Աստծո,
Պետք է նստել՝
Ընդարձակությանը մոտ,
Ինչ-որ տեղ ընդունայնության
Ու հայտնագործության միջև:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀՈՎԱՆԻՆ՝ ՄԵՆՔ ԵՆՔ

Երկակի օդում
Դալկացավ թարմությունը դեմքերի,
Եկեք ստվերից դեպի լույս գնանք,
Կանգնենք եզրին գիշերացողի,
Իջնենք տերևի մեջ,
Ու տեսնենք ոտնահետք,
Գնանք հետքով հին ճամփորդի,
Վերադառնանք, չսարսափենք,
Այն օրերի դղյակում
Ըմպենք գինին կախարդական,
Գիշերը հոտոտենք բույրը երգի,
Կորցնենք դեմքը մեր,
Նայենք այն կողմերը լուսանցքից,
Դուռ բացենք վտանգի քնքշանքի առաջ,
Թերթաթափ անենք վայրենաբույսը տագնապի,
Չկառչենք ոչ թելին փախուստի,
Ոչ գրկին ապահովության,
Չշտապենք ոչ դեպի լույսը մոտիկ,
Ոչ դեպի հեռուն անորոշ…
Ծարավը հագեցնենք, ուրեմն աղբյուր գնանք,
Ցայգալոիյսին ճանաչենք թշնամուն
Եվ արևին այն ցուցանենք:
Մնացինք ոչնչի դիմաց,
Խոնարհվեցինք ոչնչի դիմաց,
Ուրեմն չընդատենք աղոթքը մայրիկի,
Վեր կենանք ու աղոթենք,
Մեր շուրթը թող լինի ակոսը լռության բույրի,
Մեզ մոտ անհոգության գիշերն է՝ հեռանանք,
Մեր կողքին արմատն է անմտության՝ պոկենք,
Ու չդողանք ոտք դնելուց տիղմի մեջ՝
Թող տրոփի ճահիճը,
Լվանանք կրակը՝
Մոխրացնենք եղեգնուտը աղաղակի,
Լվանանք կաթիլքը՝ տատանենք ծովը,
Եվ ահա զեփյուռը՝ սահենք,
Եվ սահենք անմահորեն,
Եվ ահա սողունը, խոնարհվենք
Եվ խոնարհվենք խորաթափանց,
Ահա փոսը, իջնենք և իջնենք աներկյուղ.
Վրան խփենք մեզ վրա,
Խաղաղության մեր հովանին՝ մենք ենք:
Մենք հոսքն ենք ժայռի, մենք հոսընթաց ժայռ ենք,
Մենք գիշերաշրջիկ ենք, մենք քայլքն ենք գիշերվա,
Թռիչք ենք և աչքը մեր՝ ճամփին է թռչունի,
Ջրի հեղումն ենք և սպասման մեջ ենք սափորի,
Անժամանակ բերքահավաքին երազը քաղել են տհաս,
ԵՎ կասկածանքը նեխեց գերհասունացումից :
Եկեք գնանք լավ ու վատի աղուտից,
Առվակի պես, հայելին լինենք էության,
Ծառին, ծառին պատասխան տանք,
Երկու ափերը մեր արարենք ամեն պահ
Եվ մրմնջանք անեզրությունը:

ՕԱԶԻՍ ՊԱՀԻ ՄԵՋ

Իմ ետևից եթե գաք՝
Ոչնչության ետևում եմ:

Ոչնչության ետևում ինչ-որ տեղ կա,
Ոչնչության ետևում օդի երակները
Լի են խլածաղիկներով,
Որոնք ավետում են
Ամենահեռավոր հողաթմբին բացված
Ծաղկի մասին:
Իսկ ավազուտներում ձիերի պայտերի հետքն է՝
Նուրբ հեծյալների,
Որ ցայգալույսին վեր սլացան
Կակաչների համբարձման բլրի գագաթը:

Ոչնչության ետևում
Բաց է հովանոցը խնդրանքի,
Եվ մինչ կսուզվի զեփյուռի ծարավը
Ինչ-որ տերևի խորքում՝
Կհնչի զանգը անձրևի:
Այստեղ մենակ է մարդը,
Եվ այս մենության մեջ
Մինչ հավերժություն ձգվում է
Ստվերը թեղիի:

Իմ ետևից եթե գաք,
Եկեք հանդարտ ու կամաց,
Որ չճաքի հանկարծ
Նուրբ ճենապակին իմ մենության:

ԿԱՆԱՉԻՑ ԿԱՆԱՉ

Ես այս խավարում
Խորհում եմ մի պայծառ գառնուկի մասին,
Որ գար ու արածեր խոտերն իմ հոգնության:

Ես այս խավարում,
Թաց բազուկներիս շարունակությունը
Տեսնում եմ՝
Մարդկության նախնական աղոթքները թրջող,
Այն անձրևի տակ:

Ես այս խավարում
Դուռ բացեցի հին գազոնների
Եվ այն գանձերի առջև,
Որ դիտեցինք պատերի վրա առասպելների:

Ես այս խավարում
Տեսա արմատները
Եվ մահվան նորելուկ թփի համար՝
Ջուրը
Մեկնաբանեցի:

ԸՆԿԵՐ*

I should be glad of another death
T.S. Eliot**

Մեծ էր,
Եվ բնակիչն էր այսօրվա,
Եվ բոլոր բաց հորիզոնների ազգակիցն էր,
Եվ ինչ լավ էր ըմբռնում հող ու ջրի տոնայնությունը:

Ձայնը
Իրականության հուզաթախիծ ձևն ուներ
ԵՎ կոպերը
Մեզ ցույց էին տալիս
Տարրերի զարկերակի ընթացքը:

Եվ ձեռքերը
Թերթեցին
Մեծահոգության մաքուր օդը,
Եվ բարության գաղթարշավը
Մեր կողմն ուղղեց:

Նման էր իր մենակեցությանը,
Եվ հայելու համար մեկնաբանեց
Իր ժամանակի ամենասիրահարված կորությունները,
Եվ նա՝ վարքագծով անձրևի,
Լի էր թարմությունների կրկնությամբ,
Եվ նա ծառի ոճով
Տարածվում էր առողջության մեջ լույսի:

Ինչ-որ մանուկ շարունակ կանչում էր քամուն,
Խոսքի թելը շարունակ շղթայում էր ջրի սողնակին:

Մի գիշեր մեզ համար
Քնքշության կանաչ երկրպագությունը
Կատարեց այնպես արագ,
Որ մենք շոշափեցինք հողի հարթության
Զգացումը հուզական:
Եվ թարմացանք ինչպես
Մի դույլ ջրի առոգանություն:

Եվ տեսանք անգամներ,
Թե ինչպես զամբյուղով գնում էր
Մի ողկույզ ավետիս քաղելու համար:

Բայց չեղավ երբեք,
Որ նստի պարզորոշության դիմացը աղավնիների,
Եվ գնաց մինչև ափը ՈՉՆՉԻ
Եվ պառկեց համբերանքի ետևը լույսերի,
Եվ չմտածեց անգամ՝
Դռների հուզված արտասանության արանքում
Մի խնձոր ուտելու համար
Որքան միայնակ ենք մենք:

* Բանաստեղծությունը նվիրված է պարսկուհի բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադի հիշատակին:
** Ես ուրախ կլինեի մեկ այլ մահվան համար (Թ. Ս. Էլիոթ) ծ.թ.

ԽԼՐՏՈՑԸ ԱՊՐԵԼ ԲԱՌԻ

Եղևնուտի ետևում՝ ձյուն,
Ձյուն, ագռավների երամ,
Ճանապարհ, այսինքն օտարություն:
Քամի, երգ, ճամփորդ և քնելու մի փոքր ցանկություն:
Բաղեղի ճյուղ, և հասնել, և բակ:

Ես, և տրտում, և այս թաց ապակին:
Գրում եմ, և տարածություն:
Գրում եմ, և երկու պատ, և մի քանի ճնճղուկ:

Մեկը տրտում է,
Մեկը հյուսում է,
Մեկը հաշվում է,
Մեկը՝ երգում:

Կյանք, այսինքը մի սարյակ թռավ:
Ինչի՞ց ես տրտմել,
Քիչ չեն ուրախությունները, օրինակ այս արևը,
Վաղը չէ մյուս օրվա մանուկը,
Այն շաբաթվա աղավնին:

Մեկը մահացավ երեկ գիշեր,
Եվ դեռ լավն է հացը ցորենի,
Եվ դեռ ջուրը հոսում էներքև, ձիերը խմում են:

Կաթիլքը՝ ընթացքում,
Ձյունը՝ լռության ուսերին,
Եվ ժամանակը՝ յասամանի ողնաշարին:

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

«Գարուն», 2001, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով