Արամ Ավետիս. Մանիֆեստ աղիքային տրակտում

Такого трактата молодой
человек не напишет.

Чеслав Милош

Այսպիսի

Տրակտատ

Չի գրի երիտասարդը,

Այլ միայն երիտասարդ

Սարդը

Անտակտ

Որի անտակ աղիքային տրակտը

Ավելի մաքուր ու ազնիվ ելք է առաջարկում, քան նրանք, որոնք փորձում են շոշափել նրան և փշաքաղված ձեռքերն են

դատարկ

ետ տանում, որոնք կախված են ուսերից ինքնասպան Հուդաների պես:

Անտրակտ:

Սարդը, որ անուղղակի կերպով հյուսում է իր

Կտավը,

Որի վրա հյուսնը Նազովրեցի ուղղակիորեն խաչում է տգեղ գրականությունը:

Կավը

Որից ստեղծվեց գրող ձեռքը

Նավը

Բառերով լեցուն հանեց մեծ ծով:

Անպիղծ բառերից յոթ-յոթ վերցրեց, իսկ պիղծ բառերից երկու-երկու՝ արու և էգ:

Բառերը թափվեցին թղթի վրա և իրենց խենթությամբ հիմարների ականջները լոկ լվացին:

Գրող-սուրբը,

Մյուս

Հիսուսի

Լույսով

Նուրբ

Հանում է սուրը բերանի

Եվ իր մտքի

Հյուսով սրբում է հույսը մեծամիտ,

Որ փոշու պես նստել է այսօրվա լեզվին:

Փոշոտ լեզուն իր հին բառերն է զետեղում թղթին,

Եվ թուղթն իր մաքրությունն է երազում տեսնում

Եվ սպիտակ գիշերախաբությամբ փորձում մաքրվել:

-Ես գրադարան չունեմ,-

Գոռում է ինչ-որ մեկը:

-Քու մերն էլ ք**եմ,-

Ասում է նա ում համար մեկ է:

Ինձ սիրում են քննարկել միջակ

Միջատները,

Որոնք լոկ իրենց տաքուկ բառարանների արանքում են չորանում:

Սարդոստայնի միջից հինգ աչքով նայում եմ

Եվ սպիտակ ճաղերիս ետևից մտքերս եմ նրանց դատարկ գրադարանը թքում,

Եվ արյունոտված այս նոր խոցերից

Ցավի բոցից գլուխն է հանում կասկածի օձը:

-Տեսնես լսե՞ց, — մտածում եմ ես:

Աչքերով անհնար է լսածը տեսնել:

Երկու զգայարանները խառնելով իրար մի նոր աբսուրդ եմ ես թղթին ստեղծում, իսկ հետո հարցնում.

-Լսիր տեսա՞վ:

Լսելով անհնար է տեսածը տեսնել:

Տրանսպորտի մեջ,

Կամ կարճ ասած

Տրանսի մեջ

Ես մանիֆեստ եմ գրում ձեզ համար:

Նրանց համար որոնք ատում են ինձ սրտանց:

Մի դար անց

Գանգեսի ափին ընկած է գանգս:

Գանք դեպ քեզ

Գրադարան Գանգես

Գանգս ու ես:

Բայց նույնիսկ այդ վիճակում էլ նա մտքեր ունի:

Իմ մտքերի չորացած գանգում իմաստ կքերվի:

Իմ գանգով է ձեր մահը գուժում զանգը:

Այդ մերկացած գանգի ստվերում կթաքնվեն գրքերը ձեր փոքրիկ ու մի

երեխա անհայտության երախում ձեր գրքերով կխաղա:

Այսքանից հետո մի քիչ թանաք-արյունի հետքեր են մնացել

մատիս

Այդ չնչին բծերով էլ ես բառեր կնկարեմ որպես անկրկնելի

Մատիս:

Մատիտիս

Մեջ էլ ես

Թանաք ունեմ

Թաքուն կսրեմ

Եվ կսպասեմ հանգիստ դարանը մտած,

Որ այս

Թերահաս

Ու չկայացած գրականության մեջ մտնեմ մարդասպանի քայլքով:

Եվ հիացմունքի արյուն թող լինի ինձանից հետո:

Իսկ հիմա դեռ սենյակիս պատին խոնավությունից ճմռթված հղի պաստառի տակից այս սյուրեալիստական վիժվածքն է ծնվում

Դեռահաս

Ում տեսնելով Ժենեն կասեր

Նրա կողքին ձեր մտքերը սկզբից

Կզկռտան,

Իսկ հետո

Կքնեն:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով