Վիկտոր Համբարձումյան. Հարդագողի ճանապարհին

Աստղագիտությանը ներկայումս բաժանվում է երեք ընդարձակ բաժինների՝ արեգակնային համակարգության աստղագիտության, աստղային սիստեմի կամ Գալակտիկայի աստղագիտության և, վերջին ժամանակներում բուռն կերպով զարգացող, արտագալակտիկ աստղագիտության:
Մենք կշոշոփենք գլխավորապես աստղաբաշխության պրոբլեմները, չմոռանալով, իհարկե, որ Արեգակը աստղերից մեկն է, և մեր Արե-գակնային համակարգությանը մտնում է աստղային աշխարհի՝ Գալակտիկայի կազմի մեջ, որպես նրա անդամներից մեկը: Չի կարելի մոռանալ նաև այն, որ մեր Գալակտիկան, մեր կողմից դիտվող բոլոր գալակտիկաների հետ միասին, մտնում է ավելի խոշոր սիստեմի՝ Մետագալակտիկայի կազմի մեջ:
Ես պետք է խոսեմ Գալակտիկայի և նրա ուսումնասիրման որոշ ասպեկտների, գլխավորապես նրա կազմության և դինամիկայի մասին: Համարյա ամբողջ 19-րդ դարը և 20-րդ դարի առաջին կեսը եղել են աստղաբաշխության ծաղկման տասնամյակներ: Մեր դարի կեսերին այդ բնագավառում աստղագիտությունը հասել է մեծ հաջողությունների:
Մենք արդեն գիտենք, որ ապրում ենք ավելի քան հարյուր միլիարդավոր աստղերից կազմված աստղային մի մեծ սիստեմում: Հենց այդ սիստեմն էլ անվանում ենք Գալակտիկա կամ Ծիր-Կաթին: Գիշերը երկնքում դիտվող Ծիր-Կաթինի երևույթը ինքնին հանդիսանում է մեծ թվով հեռավոր աստղերի պրոեկտման արդյունք, որոնք միաձուլվում են միգամածային մի շերտում: Մենք ապրում ենք Ծիր-Կաթինի սիստեմում:
Վաղուց է ծագել այն հարցը, թե ինչպես է կառուցված աստղային սիստեմը: Որտե՞ղ է գտնվում նրա կենտրոնը, որքա՞ն հեռու է այն տարածվում, և ինչպիսի՞ք են շարժման օրենքները նրանում:
Ես կցանկանայի հանգամանորեն կանգ առնել այդ սիստեմի ֆիզիկական բնութագրերի ամբողջության և նրա շարժման օրենքների վրա: Այս հարցերի հետ միասին գիտնականները ուսումնասիրում են նաև աստղային այդ սիստեմի բնակչության կազմը, այսինքն այն հարցը, թե ինչպիսի՞ աստղեր են հանդիպում այստեղ, ինչո՞վ են իրարից տարբերվում և ֆիզիկական ինչպիսի՞ վիճակներում են գտնվում նրանք:
Աստղային սիստեմը կարելի է դիտարկել որպես որոշակի զանգվածներով օժտված հայտնի թվով նյութական կետերից կազմված մեխանիկական սիստեմ: Կարելի է ուսումնասիրել նաև նրանում տեղի ունեցող շարժումները: Սակայն, չի բացառվում նաև այդ սիստեմի առանձին ան-դամների՝ աստղերի ու միգամածությունների, գազային ամպերի ֆիզիկայի ուսումնասիրությունը, որոնք, ըստ էության, նույնպես այդ սիստեմի անդամներն են, թեև յուրօրինակ անդամները: Այստեղ կարելի է հիշեցնել, որ Գալակտիկան միայն աստղերից չի կազմված: Գալակտիկայի նյութի մոտավորապես 2-3 %-ը տարածված է նոսր գազի ձևով, իսկ նրա էլ ավելի փոքր քանակը՝ Փոշու ձևով: Այդ դիֆուզ նյութը լցնում է Գալակտիկայի տարածության բավական մեծ մասը, կազմելով զանազան միգամածություններ, միջաստղային ամպեր ու դրանց կուտակումներ և այլն: Այսպիսով, միջաստդային տարածությունը դատարկ չէ:
Միայն մեր դարի քսանական և երեսնական թվականներին սկսվեց իսկական ձևով ուրվագծվել մեր Գալակտիկայի կառուցվածքի այդ մեծ պրոբլեմի լուծումը: Պարզվեց, որ այն իրենից ներկայացնում է աստղերի խիստ տափակ սիստեմ: Գալակտիկայում աստղերը բաշխված են մի ծավալում, որն իր ձևով կարելի է համեմատել շատ բարակ ժամացույցի հետ:
Աստղաբաշխության մեջ բոլոր երկարությունները չափվում են պարսեկներով: Գալակտիկ սիստեմի մեծ տրամագիծը մոտ 25 հազար պարսեկ է, իսկ նրա էֆեկտիվ հաստությունը ընդամենը մի քանի հարյուր պարսեկի կարգի է: Ես ասացի էֆեկտիվ հաստության մասին, իրականում, սակայն, մեր Գալակտիկան ոչ մի տեղ կտրուկ սահմաններ չունի: Երբ մենք հեռանում ենք կենտրոնից կամ հասարակածային հարթությունից, նրա խտությունը փոքրանում է:
Այն հարցին, թե որտե՞ղ է գտնվում գալակտիկ սիստեմի կենտրոնը, և որո՞նք են այդ սիստեմի կառուցվածքի հիմնական գծերը, պատասխանելն այնքան էլ հեշտ չէր:
Որո՞նք են դժվարությունները: Ամբողջությամբ դիտվող և լուսանկարված հեռավոր գալակտիկաները մեզ ցույց են տալիս, որ այդ գալակտիկաները հաճախ իրենցից ներկայացնում են պտտման մարմիններ: Նրանց խտությունը, որպես կանոն, աճում է դեպի կենտրոնը, և շատ դեպքերում մեջտեղում գտնվում է կենտրոնական խտացումը, որն անվանում են գալակտիկայի կորիզ: Կորիզի հասկացությունը պահանջում է որոշ ճշտում, որը կտրվի հետո:
Եթե մեր Գալակտիկան կառուցված է նույն ձևով, ինչպես և մյուսները, այսինքն ունի կանոնավոր ստրուկտուրա, ապա հարց է ծագում, թե մենք արդյոք գտնվում ենք նրա կենտրոնո՞ւմ, ծայրամասո՞ւմ, թե՞ նրանց միջև: Ինչպե՞ս պատասխանել նման հարցին: Կարելի էր կարծել, որ եթե մենք գտնվեինք Գալակտիկայի կենտրոնում, ապա Ծիր-Կաթինը, որ ուղղությամբ էլ այն դիտեինք, պետք է ունենար միատեսակ պայծա-ռություն:
Սակայն, երբ մենք նայում ենք Ծիր-Կաթինին, տեսնում ենք որոշ ֆլուկտուացիաներ, պայծառության տատանումներ: Այնուհանդերձ, ասել Ծիր-Կաթինի որ մասն է ավելի պայծառ կամ հաստատել ինչ-որ օրինաչափություններ նրա պայծառության փոփոխությունների մեջ, դժվար է: Եթե մենք գտնվեինք սեղմված գալակտիկ սիստեմի ճիշտ կենտրոնում, ապա Գալակտիկայի ողջ պատկերը կլիներ սիմետրիկ և կարելի կլիներ դիտել Ծիր-Կաթինի միատեսակ պայծառությունը. իր բոլոր մասերում Ծիր-Կաթինը կունենար մոտավորապես միևնույն պայծառությունը, թեպետ նրա կառուցվածքի առանձին մանրա-մասնությունները կհանգեցնեին որոշ շեղումների: Դա, սակայն, ճիշտ կլիներ այն դեպքում, եթե չլիներ կլանող նյութը: Ցավոք, կլանող նյութը աղավաղում է պատկերը:
Պատկերացնենք, թե մենք գտնվում ենք Գալակտիկայի եզրային մասում: Այդ դեպքում, կենտրոնի ուղղությամբ նայելիս, կտեսնեինք աստղերի մի հսկայական քանակություն: Ծիր-Կաթինի պայծառությունը կլիներ շատ մեծ: Իսկ հակառակ ուղղությամբ, այսինքն հակակենտրոնի ուղղությամբ, աստղերի խտությունը պետք է որ լիներ համեմատաբար ոչ մեծ, և Ծիր-Կաթինի պայծառությունը փոքր կլիներ:
Ինչպես ցույց են տվել բազմամյա ուսումնասիրությունները, մեր Գալակտիկան ունի բավական շատ փոշենյութ, որը սահմանափակում է մեր տեսադաշտը Գալակտիկայի հարթության մեջ: Եթե մենք ցանկանում ենք թափանցել հեռուն՝ կլանող նյութի սահմաններից դուրս, աստղերի լույսը խիստ թուլանում է, իսկ որոշ դեպքերում գործնականորեն մեզ չի հասնում: Դիտողը կարծես, գտնվում է մառախուղի մեջ:
Իրականում Ծիր-Կաթինը մի ուղղությամբ իսկապես ունի մեծ պայծառություն: Դեպի Աղեղնավորի համաստեղությունը եղած ուղղությունն է դա: Այստեղից կարելի էր եզրակացնել, որ հենց այդ ուղղության վրա էլ գտնվում է սիստեմի կենտրոնը: Բայց դա ենթադրություն էր միայն: Պետք էր ապացուցել այն ավելի համոզիչ ձևով: Որպես ապացույց ծառայել է այն հանգամանքը, որ մեր Գալակտիկայում, բացի աստղերի հիմնական զանգվածից, գոյության անեն նաև սֆերիկ բաղադրիչներ: Կան, օրինակ, այսպես կոչված, գնդաձև աստղակույտեր: Նրանք հանդիպում են ոչ միայն Գալակտիկայի հարթության մեջ, այլև նրանից դարս:
Դիտումները ցույց են տվել, որ այն գալակտիկ երկայնություններում, որտեղ գտնվում է Աղեղնավորի համաստեղությունը, շատ են գնդաձև աստղակույտերը: Դա, ըստ երևույթին, կապված է այն բանի հետ, որ դեպի Գալակտիկայի կետնրոնը գոյության անի գնդաձև աստղակույտերի թվի մեծացում, և մենք այդ դեպքում դիտում ենք այդպիսի ասիմետրիկություն:
Շատ ուրիշ օբյեկտների համար, որոնք բաշխված են համանման ձևով և հանդիպում են ոչ միայն Գալակտիկայի հարթության մոտերքում, այլև երբեմն բավական վեր են բարձրանում Գալակտիկայի հարթությունից, նույնպես դիտվել է այդպիսի ասիմետրիկություն՝ Աղեղնավորի համաստեղության ուղղությամբ ունեցած պարտադիր գերակշոությամբ: Այստեղից եզրակացվել է, որ Գալակտիկայի կենտրոնը գտնվում է Աղեղ-նավորի համաստեղության մեջ:
Կարելի է ցույց տալ, թե ինչպես կփոփոխվեն աստղային արագությունները մեր աստղային սիստեմում, կախված այն բանից, թե որ ուղղության վրա է գտնվում այս կամ այն աստղը:
Գալակտիկայի պտտման մասին առաջինը տեսություն է առաջացրել ժամանակակից խոշորագույն գիտնականներից մեկը՝ հոլանդացի աստղագետ Օորտը: Նա ցույց է տվել, որ աստղերի շարժման արագությունները կախված կլինեն այն բանից, թե որ ուղղության վրա է գտնվում այս կամ այն աստղը, այսինքն գալակտիկ երկայնությունից:
Ընդհանուր պտտումից բացի, յուրաքանչյուր աստղ ունի նաև իր պատահական արագությունը: Խոսքը այն պատահական արագությունների մասին է, որոնցով օժտված է Արեգակին մոտ գտնվող աստղերի խումբը: Դրանք պետք է համեմատել, որպեսզի կարելի լինի եզրակացնել, թե ո՞ր կենտրոնի շուրջն է կատարվում այդ պտտումը:
Դժվարությունն այն է, որ մենք դիտում ենք համեմատաբար մոտիկ աստղերը. հեռավոր աստղերի արագությունները դժվար է դիտել լույսի կլանման հետևանքով:
Ստացված նյութը ամենամեծ աստղադիտակներով աստղագետների հազարավոր գիշերներ տևած դիտումների արդյունքն է: Պետք էր իմանալ բազմաթիվ աստղերի սպեկտրները և այդ սպեկտրներով որոշել՝ արդյոք աստղը մոտենո՞ւմ, թե հեռանում է, և ինչպիսի՞ արագությամբ:
Երբ մենք վերլուծեցինք այդ նյութը, պարզվեց, որ ամեն ինչ կատարելապես պարփակվում է մի պատկերացման մեջ. բոլոր շարժումները այդ սիստեմում կատարվում են մի կենտրոնի շուրջը, որը գտնվում է մեզնից դեպի Աղեղնավորի համաստեղությունը եղած ուղղության վրա: Որքա՞ն է մեզնից մինչև Գալակտիկայի կենտրոնը եղած հեռավորությունը: Տարբեր հեղինակներ տվել են տարբեր թվեր, որոնք նրանք ստացել են տարբեր մեթոդներով: Պարզվեց, որ այդ հեռավորությունը չափվում է 6-10 հազար պարսեկով: Մեզնից մինչև Գալակտիկայի կենտրոնը եղած հեռավորության որպես առավել հավանական արժեք ընդունվում է մոտ 9 հազար պարսեկը: Գալակտիկայի տրամագիծը անցնում է 20 հազար պարսեկից, քանի որ Գալակտիկան տարածվում է մեր Արեգակից ավելի հեռու:
Այսպիսով, հայտնի դարձավ Արեգակի տեղը Գալակտիկայում՝ Արեգակը գտնվում է Գալակտիկայի ծայրամասում, կորսված տիեզերական փոշու ամպերի մեջ: Մենք Գալակտիկայի կենտրոնից գտնվում ենք մոտ 9 հազար պարսեկ հեռավորության վրա:
Հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեր Գալակտիկան պարուրաձև սիստեմ է: Պարուրաձև գալակտիկաները դիտվում են Տիեզերքի մեզ շրջապատող մասում: Նրանք կազմում են երեք պայմանական խմբեր:
Բոլոր պարուրաձև (սպիրալաձև) գալակտիկաները բաժանվում են Sa, Sb և Sc խմբերի: Դրանցից Sa-ն ոլորված է ամենամեծ չափով, իսկ Sc-ն ունի առավել ազատ բացված թևեր: Մեր Գալակտիկան գտնվում է Sb և Sc-ի միջև, այսինքն՝ ունի առավելագույն և միջին չափով բացված թևեր:
Դա կարող է տարօրինակ թվալ, բայց բավական է մի հայացք գցել որևէ հեռավոր գալակտիկայի վրա, որպեսզի ասվի, թե պարույրի ո՞ր տիպին է պատկանում այն: Դա բնական է: Եթե դուք ինքնաթիռից դիտում եք որևէ ավան, փոքր քաղաք, ապա կարող եք ասել, որ այսինչ փոքր քաղաքն ունի այսինչ ձևը: Մինչդեռ, երբ դուք գտնվում եք նրանում, ապա այդ ձևը դիտել չեք կարող: ճիշտ այդպիսին է աստղագետի դրությունը, որը դժվարության մեջ է գտնվում մեր Գալակտիկայի ձևը և բնույթը որոշելիս:
Գալակտիկայի կենտրոնը սկսեց իրեն ավելի շատ մատնել ուրիշ փաստերի միջոցով: Մասնավորապես, պարզվեց, որ Գալակտիկայի կենտ-րոնից մեզ են հասնում ռադիոճառագայթումներ: Այդ փաստից հետևում է, որ այդ կենտրոնը պարզապես երկրաչափական կետ չէ, որը ոչնչով չի տարբերվում Գալակտիկայի տարածության մնացած մասերից, այլ մի ֆիզիկական ծավալ է, որտեղ տեղի են ունենում խիստ բացառիկ պրոցեսներ՝ ինտենսիվ ռադիոճառագայթում: Կան շատ ուրիշ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ այդ կենտրոնում, ըստ երևույթին, անցյալում կարող էին տեղի ունենալ շատ բուռն պրոցեսներ:
Բոլոր աստղերը շարժվում են Գալակտիկայի կենտրոնի շուրջը: Հարց է ծագում, թե ինչպե՞ս են նրանք շարժվում: Մեր Արեգակը շարժվում է իր բոլոր մոլորակների հետ միասին: Այդ մոլորակները աստղաբաշխության տեսանկյունով այնպիսի մանրուք են, որ կարելի է ասել, թե Արեգակը սովորական աստղ է, որը պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը: Սակայն հանդիպում են աստղազույգեր, որտեղ յուրաքանչյուր կոմպոնենտ (բաղադրիչ) մասնակցում է երկու շարժումների: Նախ զույգի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը: Պտտման այդ պարբերությունը շատ փոքր է, այն չափվում է երբեմն մի քանի օրով, շաբաթներով և ամիսներով, երբեմն՝ տարիներով: Երկրորդը՝ Գալակտիկայի ընդհանուր կենտրոնի շուրջը կատարվող շարժումն է: Ենթադրվում է, որ բոլոր աստղերի 60 %-ը մտնում է աստղային տարբեր զույգերի և եռյակների մեջ:
Արտակարգ հետաքրքիր մյուս փաստն այն է, որ աստղերը մեր Գալակտիկայում կազմում են աստղակույտեր: Աստղակույտերը բաժանվում են երկու խմբի՝ գնդաձև և ցրված: Վերջինները կենտրոնացված են հասարակածային հարթության մոտերքում, ընդ որում շերտի ողջ հաստությունը կազմում է մոտ 200 պարսեկ, այսինքն փոքր է, քան ամբողջ մեծ Գալակտիկայի տրամագծի 1/100-ը:
Գնդաձև աստղակույտերը հանդիպում են Գալակտիկայի կենտրոնից մեծ հեռավորությունների վրա: Յուրաքանչյուր աստղակույտում տեղի են ունենում երկու տիպի շարժումներ, մեկը՝ կույտի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը, մյուսը՝ ծանրության այդ կենտրոնի հետ միասին. Գալակտիկայի կենտրոնի շուրջը:
Կույտի ծանրության կենտրոնի շուրջը տեղի ունեցող շարժման պարբերությունը մեկ կամ մի քանի միլիոն տարի է, իսկ Գալակտիկայի կենտրոնի շուրջը պտտման պարբերությունը՝ չափվում է 200 միլիոն տարի: Գալակտիկայի կենտրոնի շուրջը տեղի ունեցող շարժման պարբերությունը կախված է այն բանից, թե կենտրոնից ինչ հե-ռավորության վրա է գտնվում աստղակույտը: Արեգակի մոտերքում, օրինակ, այն տևում է մոտ 200 միլիոն տարի, իսկ ավելի մոտ մասերում այդ պարբերությունը փոքր է, և պտույտը կենտրոնի շուրջը կատարվում է ավելի արագ:
Այս հարցերը կագմում են «Աստղային դինամիկա» անունը կրող գիտության աոարկան:
Հետաքրքիր է, որ հենց սկզբից աստղագիտությունը զարգացել է որպես մեխանիկայի հետ կապված գիտություն: Նյուտոնը տվեց իր օրենքը և այդ օրենքի հիման վրա մարդիկ սովորեցին բացատրել մոլորակների և երկնային մյուս մարմինների շարժումները: Երբ գործը վերաբերում է մեկ, երկու կամ մի քանի երկնային մարմինների, ապա շարժման հաշվարկման մեթոդները պարզ են և այդ պատճառով նրանք հաջողությամբ կիրառվում են: Աստղագիտությունը դարձել է ճշգրիտ գիտություն հավաստի պնդումներով, որոնք հիմնվում են մեխանիկական հաշվարկների վրա:
Երբ ասում են, թե այսինչ տարվա այսինչ ամսին, այսինչ ժամին մոլորակները կգտնվեն այսինչ տեղում, ապա այդ կանխատեսումները լրիվ արդարացվում են, քանի որ մեխանիկական հաշվարկներն աստղագիտության մեջ օժտված են շատ մեծ ճշգրտությամբ, և սխալներն այստեղ շատ քիչ են: Եթե կանխատեսվի, որ խավարումը տեղի կունենա այսինչ օրը և այսինչ րոպեին, ապա սխալը կարող է լինել արտակարգ փոքր՝ մի քանի վայրկյանի սահմաններում: Ահա այսպիսին է երկնային մեխանիկայի աստղագիտական հաշվարկների ճշգրտությունը: Այդպես զարգացել է երկնային մեխանիկան՝ մոլորակների, կրկնակի և եռակի աստղերի շարժումների մասին գիտությունը, որը այդպես ճշգրտությամբ կարող է կանխատեսել աստղագիտական երևույթները:
Բայց երբ անցան Գալակտիկային ու աստղակույտերին, պարզվեց, որ պատկերը այլ է: Գիտնականներին այստեղ հարկ եղավ գործ ունենալ ոչ թե երկու մարմինների խնդրի հետ (այդպիսի խնդիրները հեշտությամբ լուծվում են դասական երկնային մեխանիկայի մեթոդների հիման վրա) և նույնիսկ, ոչ թե երեք, այլ շատ մեծ թվով մարմինների հետ: Պետք էր գտնել այնպիսի մեթոդներ, որոնք հաշվի առնեին մարմինների շատ մեծ թիվը սիստեմում: Դա դժվարացնող գործոն է, բայց կարելի է գտնել ուսումնասիրության այնպիսի մեթոդ, որն ընդգրկում է ընտանիքի ան-դամների շատ մեծ թիվ:
Աստղային սիստեմների դինամիկան աստղագիտության մեջ կարելի է համեմատել վիճակագրական ֆիզիկայի հետ կամ ֆիզիկայում նյութի կինետիկ տեսության հետ: Իհարկե, այդ համանմասությունը բերված է միայն որպես մոտավորություն: Աստղագիտությունը, ինչպես և ֆիզիկան, օգտագործելով նման գաղափարներ, կարող է վիճակագրական մեթոդի հիման վրա նկարագրել անդամների շատ մեծ թիվ ունեցող արտակարգ բարդ սիստեմներում տեղի ունեցող երևույթները:
Ավելին, այդ գիտությունը կանխատեսում է, թե իրեն ինչպես կպահի ինչ-որ եղանակով և ինչ-որ մեխանիզմների շնորհիվ առաջացած սիստեմը:
Այդ արտակարգ հետաքրքիր գիտության մասին պատկերացում կազմելու համար, ես կբերեմ մի պարզ օրինակ. Արեգակից տարբեր հե-ռավորությունների վրա գտնվում են մեծ թվով մետեորիտներ: Դրանք բոլորն ունեն այնպիսի արագություններ, որոնք համապատասխանում են տվյալ հեոավորության վրա շրջանային շարժման արագությանը: Բայց, քանի որ այդ արագությունները, ինչպես գծային, այնպես էլ անկյունային, տարբեր են, ապա տարբեր կլինեն նաև Արեգակի շուրջը մետեորիտների պտտման պարբերությունները: Հենց այդ պատճաոով տարբեր հեռավորությունների վրա գտնվող մասնիկներն աստիճանաբար իրարից կհեռանան:
Դժվար չէ պատկերացնել, որ եթե ժամանակը բավարարեր, ապա Արեգակի շուրջը նվազագույն և առավելագույն հեռավորություններով սահմանափակված օղակը (որովհետև մետեորիտները շարժվում են տարբեր անկյունային արագություններով) աստիճանաբար հավասարաչափ կլցվեր: Այդ երևույթը սիստեմում կոչվում է խառնում: Պատկերացրեք, որ մենք խոսում ենք ոչ թե Արեգակի շուրջը գտնվող փոշեհատիկների և մետեորային մասնիկների մասին, այլ Գալակտիկայի կենտրոնի շուրջը պտտվող աստղերի մասին: Նույնիսկ, եթե աստղերը կազմավորվել են որոշակի ինչ-որ ծավալում, ապա խառնման հետևանքով նրանք պետք է գրավեն նույնպես որոշակի ծավալ: Սա առաջինն է, ինչի վրա ուշադրություն է դարձնում աստղային դինամիկան, թե ինչքա՞ն հեռու է գնացել խառնման պրոցեսը, ինչպիսին էր սկզբնական այն խառնումը, որը եղել է այդ աստղերի մեծամասնության առաջանալու ժամանակաշրջանում: Այսպիսով, մասնիկները շարժվում են Արեգակի շուրջը և աստիճանաբար լցնում այդ տարածությունը: Սակայն, այսուհանդերձ, այդ մասնիկները երբեմն կարող են նաև մոտենալ միմյանց: Այդ ժամանակ տեղի կունենա փոխադարձ գրգռում, և մասնիկները կարող են խիստ փոխել իրենց ուղեծրերը՝ շրջանայինները կփոխվեն էլիպսականների, և դա կհանգեցնի օղակի էլ ավելի ընդարձակմանը: Կարելի է հարց դնել, թե արդյոք աստղերի առաջացումից հետո անցե՞լ է բավականաչափ ժամանակ, որպեսզի միմյանց միջև կատարվող այդ փոխազդեցությունները մեծ դեր խաղան մեր Գալակտիկայի տարածությունում:
Աստղային դինամիկան կարող է դնել այսպիսի հարցեր, և դրանց պատասխանները մենք պետք է ստանանք, ելնելով եղած դիտումներից: Պատասխանի համար նյութ են ծառայում հսկայական քանակությամբ աստղային հաշվարկումները, աստղային շարժումների ուսումնասիրությունները և այլն:
Աստղային դինամիկայի այդ հարցերին աստղաբաշխությունը ներկայումս տալիս է հետևյալ պատասխանը. մեր աստղային սիստեմում տեղի ունի աստղերի բավական լավ խառնում: Թեև նախկինում սիստեմում կարող էր լինել անհավասարաչափ բաշխում, բայց բավականաչափ ժամանակ է անցել այն բանի համար, որ աստղերը խառնվեին:
Խառնումը, սակայն, լիակատար չէ, բոլոր այդպիսի առանձին անհամասեռությունները դիտվում են: Գլխավորապես այդ անհամասեռությունները կայանում են նրանում, որ առանձին տեղերում
կան երիտասարդ աստղերի խմբեր, որոնք դեռևս ոչ լրիվ կերպով են խառնվել:
Աստղերի բաշխումը տարածության մեջ և ըստ արագությունների, հնարավորություն է տալիս եզրակացնել, որ նրանց միջև այնպիսի պատա-հական փոխազդեցությունը, որը փոխում է նրանց բաշխումը թե տարածության մեջ և թե ըստ արագությունների, դեռևս էական դեր չի խաղացել մեր աստղային սիստեմի կյանքում: Դա, սակայն, օգնեց որոշելու մեր սիստեմի տարիքը:
Ինչպես պարզվում է, հիմքեր կան ենթադրելու, որ մեր աստղային սիստեմի տարիքը չափվում է 10 միլիարդ տարվա կարգի թվով:
Աստղակույտերից բացի, որոնք հենց իրենք հանդիսանում են անհամասեռություններ (որովհետև աստղերը այդպիսի կույտերի մեջ կապված են ձգողության ուժերով, նրանք կարող են երկար ժամանակ իրենց գոյությունը պահպանել մեր Գալակտիկայում), գոյություն ունեն նաև ոչ վաղուց առաջացած և երիտասարդ աստղերից կազմված աստղախմբեր: Նրանք ստացել են աստղասփյուռներ անունը:
Աստղասփյուռները որոշակի սպեկտրալ տիպերի աստղերի խմբեր են. առաջացել են ոչ վաղուց և դեռևս չեն ցրվել ու, այդպիսով, խառնման պրոցեսում չեն մերվել շրջապատի աստղային ֆոնին, մեր Գալակտիկայում նրանց շրջապատող աստղային դաշտին:
Ելնելով կինեմատիկական և որոշ դինամիկական նկատառումներից, կարելի է որոշել այդ խմբերի՝ երիտասարդ աստղերի, թզուկ-աստղերի և այլ խմբերի տարիքը: Այդ խմբերի տարիքը չի կարող գերազանցել 10-20 միլիոն տարվա: Դրանք երիտասարդ աստղերի խմբեր են:
Ուսումնասիրելով որոշ անհամասեռություններ աստղասփյուռներում, մենք գալիս ենք այն եզրակացության, որ աստղագոյացման պրոցեսը մեր Գալակտիկայում շարունակվում է: Աստղերը կազմում են խմբեր, աստղակույտեր: Բայց առաջացած խմբերը երբեմն լինում են այնքան խիտ, որ աստղերը նրանց մեջ պահվում են ձգողականության ուժով, այդ ժամանակ նրանք չեն մասնակցում խառնմանը, և աստղակույտը երկար ժամանակ չի քայքայվում:
Կարող են լինել նաև դեպքեր, երբ աստղերը չեն կարողանում պահել մեկը մյուսին և առաջացած խումբը ցրվում, խառնվում է շրջապատի
աստղային դաշտում և ժամանակի ընթացքում անհնար է դառնում այն տարբերել շրջապատող աստղերի դաշտից, այսինքն հին աստղերի դաշտից:
Իսկ ինչի՞ց են առաջանում աստղերը: Սա բարդ հարց է և ծայր աստիճան դժվար է պատասխանել: Աստղագիտության մեջ մինչև հիմա ինքնին հասկանալի է համարվել այն, որ աստղային սիստեմի ժամանակակից վիճակի ակունքները պետք է փնտրել նախաստեղծված քաոսային վիճակում: Այդ գաղափարն արտահայտել է դեռևս Կանտը: Եթե խորանանք, ապա նախաստեղծ այդ քաոսային վիճակի գաղափարը եղել է նաև «Աստվածաշնչում»: Կանտը գտնում է, որ այդպիսի քաոսային նոսր նյութից մեխանիկորեն կարելի է սիստեմ ստանալ, եթե սիստեմն ունի միանգամայն որոշակի, օրինաչափ կառուցվածք, այդպիսին է Արեգակնային սիստեմը: Շատ հեղինակներ անհրաժեշտ համարեցին տարածել Կանտի գաղափարը նաև աստղային սիստեմի նկատմամբ: Այսպիսով, աստղային սիստեմի առաջացման, առանձին աստղակույտերի առաջացման վերաբերյալ տարբեր վարկածների հեղինակները հիմք էին ընդանում այն պատկերացումը, որ սկզբում եղել է նոսր նյութը: Նրանք ուսումնասիրել են, թե ինչպիսի մեխանիզմ է գործում այդ նյութի մեջ, ինչպես կարող է այն հանգեցնել մեր Գալակտիկայի ամբողջ սիստեմի կամ աստղերի, առանձին աստղակույտերի, աստղասփյուռների և այլնի առաջացմանը:
Մեր կարծիքով, սակայն, այնտեղ, որտեղ դիտվում են համեմատաբար երիտասարդ աստղախմբեր և այդ աստղերի իրարից հեռանալու պրոցեսներ, այնտեղ, որտեղ դիտվում են որոշ, այդ երիտասարդ աստղախմբերի հետ կապված միգամածություններ, տեղի են ունենում այդ միգամածությունների ընդարձակման պրոցեսներ: Հաջողվում է նկատել առանձին, էլ ավելի մանր գոյացություններ, տրապեցիայի տիպի սիստեմներ, որոնք հանդիսանում են էլ ավելի երիտասարդ խմբեր և գրավում են շատ փոքր ծավալ, այսինքն՝ ավելի սեղմ են:
Դիտումներից ստացված այս տպավորաթյանները, իսկ ցանկացած հարցի լուծման ժամանակ մենք հեռու պետք է լինենք կանխակալությունից, մեզ հիմք են տալիս կարծելու, որ աստղերի առաջացման պրոբլեմը, աստղագիտության ժամանակակից փուլում, պետք է լուծվի դիտողական առկա նյութի ուսումնասիրության, բացատրման և ճիշտ ընդհանրացման հիման վրա:
Հենց դիտումներն են ցույց տալիս, որ աստղերն առաջանում են սեղմ խմբերով, որոնք հետո ընդարձակվում են, և սկսվում է զարգացումը: Մենք առայժմ զարգացման այդ պրոցեսների ականտեսներն ենք: Դրանք տեղի են ունենում շատ մեծ թափով և կարելի է անմիջականորեն դիտել, որ զարգացումը ընթանում է ոչ թե սեղմման, խիտ գոյացությունների աոաջացման, այլ ընդհակառակը՝ նոսրացման, ավելի մեծ խտության նյութից ավելի փոքր խտության նյութի առաջացման ուղղությամբ:
Ուստի, առաջ եկավ այն գաղափարը, որ նյութի սկզբնական վիճակը, որից առաջացել են տվյալ աստղասփյուռը, աստղակույտը, աստղախումբը, հանդիսանում է գերխիտ մարմին: Այդպիսի ենթադրության արվել է իմ կողմից: Ներկայումս, սակայն, հարցը լուծված համարել չի կարելի: Շատ աստղագետներ դեռևս կանգնած են աստղային սիստեմի նոսր նյութից առաջանալու տեսակետի վրա: Համենայնդեպս, ներկայումս գոյություն ունեն երկու տեսակետներ, որոնք կտրականորեն հակադրվում են միմյանց, և տարբեր հեղինակներ, համեմատելով զանազան փաստեր, փորձում են որոշել, թե այդ երկու տեսակետներից որ մեկին է համապատասխանում այս կամ այն փաստը:
Դա երբեմն կատարվում է շատ օբյեկտիվորեն, երբեմն էլ այստեղ արտահայտվում է այս կամ այն հեղինակի հակումը մեկ կամ մյուս կոնցեպցիայի կողմը:
Ներկայումս մենք պետք է որոնենք այդ պրոբլեմի լուծումը և դիտումների հիման վրա կառուցենք աստղերի առաջացման այս կամ այն մեխանիզմը:

«Գարուն», 1967, 3

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով