Աբու ալ-Ալա ալ-Մաարի. Բանաստեղծություններ

Աբու ալ-Ալա ալ-Մաարին (973-1057) դասական արաբական պոեզիայում իր ուրույն տեղն ունի: Նրա ստեղծագործություններն իրենց խորին խոհականությամբ համարվում են միջնադարյան արաբական պոեզիայի գլուխգործոցներ, արաբամուսուլմանական խալիֆաթի բարդ ու բազմատարր մշակույթի յուրահատուկ միաձուլում:
4 տարեկանում ծաղկախտ հիվանդությունից կուրանում է, ինչը, սակայն, նրան չի խանգարում ուսումնասիրելու Ղուրան, աստվածաբանություն, մուսուլմանական իրավունքն ու ավանդույթները, արաբական պոեզիայի պատմությունն ու հունական փիլիսոփայությունը, ինչպես նաև մաթեմատիկա, աստղագիտություն ու բժշկություն. մի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ էր կրթված, զարգացած մուսուլմանի համար: Միջնադարյան արաբական աղբյուրներից հայտնի է, որ երիտասարդ տարիներին Աբու ալ-Մաարին ճանապարհորդել է Սիրիայում, հետո մեկնել Բաղդադ, ուր մնացել է կես տարի, ինչը նշանակալից ազդեցություն է թողել նրա գրական աշխարհայացքի վրա: Մոր հիվանդության, ապա մահվան լուրը ստիպել է նրան վերադառնալ հայրենի գյուղ, ուր մինչև կյանքի վերջն ապրել է մեկուսացած կյանքով:

ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ՄԵՌՅԱԼՆԵՐԻՆ

Ապագան անհայտ է, նրա ուղեկիցը՝ տարակուսած,
Բանականությունը հրամայում է նրա ընտանիքին, որ զգուշանան,
Չվիրավորեն մեռյալներին, որ տարածություն ձգվի նրանց միջև,
Քանի որ ես վախենում եմ ձեզ համար՝ երբ նրանք կհանդիպեք:

ՍՏԱԽՈՍ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ

Մի՞թե պատմիչները չեն բացահայտում տիրակալին,
Քանի որ նրանք, հանդես գալով խորին համոզմունքով,
Պատմում են, օգուտ բերում և խաբում՝ ստելով առանց դժվարության:
Ու ինձ մնում է միայն մի բան՝ արհամարհել ու ապտակել:

ԵՐԵՔ ԲԱՆՏ

Ինձ տեսան իմ բանտերից երրորդում,
Ու չհարցրին ո՛չ իմ դժբախտ պատահարից,
Ո՛չ իմ պահակի բացակայությունից, ո՛չ իմ տան կարիքից,
Ո՛չ էլ զազրելի մարմնի մեջ հոգու գոյությունից:

ՈՎ ՀՈԳԻ

Ով հոգի, ինձ մի վախեցրու,
Գժտությունս արդեն անցել է ու ինձ հասունացրել,
Ոչինչ չի մնացել, բացի թեթև, թափանցիկ շղարշից,
Մոտեցավ իմ աղբյուրի ակունքին
Ու աղերսից դարն իմ ցավի մեջ,
Մինչ իմ աղերսը ստի մեջ էր,
Իսկ աշխարհը՝ մի բացառիկ աղջիկ,
Ինձ զգուշորեն պահ է տալիս խոնավ հողում՝
Ձիով հարձակման ուղարկած
Ու ձիու վրնջոց արդեն արձակած:
Իսկ ես հին սերս արդեն գտել եմ իր համար
Ու պարզել նրա ատելությունն իմ հանդեպ:

ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ

Ո՞րն է բարին. ծոմը թուլացնում է ծոմապահներին,
Մարմնին ոչ աղոթքը ոչ էլ սուֆիզմը չեն օգնում,
Քանի որ նա դադարեց անհիմն մեղադրելը՝
Չարությունից ու նախանձից սիրտը մաքրելով:
Ինչքա՞ն կձգվի վայրիությունն ու գազանների զարհուրելի լափումը.
Ո՞րն է ճշմարիտը՝ սակավապետների գործը առյուծի համար:

ԳՆԱՑԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Ձևացնում եմ կյանքում, ասես մեկ ուրիշի մի այլ գործողություն.
Բոլոր մարդկանց գործն էլ երեսպաշտությունն է,
Մխիթարում եմ սրտիս, կանչում ճակատագրիս,
Մի՞թե չես մեկնում, ընկերներդ արդեն գնացել են,
Այո, իհարկե, քայլն էլ է իմ այլ գործողություններից,
Մինչ ձգվում է հիմքն ու թույլտվությունը,
Չընդունեց անապատը նվերները՝
Հավաքելով մեռյալների մոտ՝ նրանց համաձայնությամբ,
Իսկ մի՞թե մենք չենք համաձայնում, որ գիշերները մեզ փոխեն՝
Լսելով մեր մեղեդիների արթնացումը:

ՉԳԻՏԵՄ

Աշխատել, կրկնակի աշխատել,
Ժամանակն անցողիկ է,
Ձեռքը, եթե ղեկավարում է, վերանորոգում է
այն ամենն, ինչ ղեկավարում է,
ժողովուրդների անհատականությունները հայտնում են, և ազգը
Նորից առաջ է մղում, մինչ մեկ ուրիշը՝ կործանվում,
Ինչ վերաբերում է մարմիններին, ապա
Նրանք միայն հողին են խոնարհվում,
Հոգնեցի քամիներից, որոնց դու հետևում ես:

ԳԻՇԵՐ ԵՎ ՑԵՐԵԿ

Լուսաբացը դառնում է խավարին,
Ինչպես որ տեսնում ես՝ ձյութի պես սև,
Ոչնչացնում են, հետևում է մարդկությանը ճանապարհների նեղությունը
Առյուծները բզկտում են իրենց կողքով անցնողին,
Դրա համար էլ արոտավայրերը կայսրությունները տանում են
Ավերման կործանումից դեպի դավաճանություն:
Լուր եկավ.
Թագավորները այրվելով են մեռնում,
Կայսրություները չեն մնում, չեն խաբում հետաձգելով.
Ո՞րն է կենդանությունը, եթե ոչ միայն մահը,
Ով Ռիդվան, քեզ հետ հանդիպում չեմ խնդրում,
Բայց վախենում եմ տիրակալի հետ հանդիպումից:

ԾԻԾԱՂԵՑԻՆՔ

Ծիծաղեցինք, ծիծաղը մեզ համար անամոթություն էր,
Իսկ երկրագնդի բնակչության իրավունքը մնում է արտասվելը.
Մեզ կործանում է ժամանակի կասկածը.
Ասես ապակի ենք, որի երբեք
Չի վերադառնում նախնական տեսքը:

ՇՈՒՆՆ ՈՒ ԼՈՒՍՆԻ ԼՈՒՅՍԸ

Ստանում են տեղս ու մանրատում,
Եվ ի՞նչ ենք ստանում դուք ակնթարթից բացի,
Հաչում են ինձ վրա,
Ինչպես շները՝ լուսնի լույսի.
Ո՞րն է նրանց արատավորում:

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

«Գարուն», 2005, 3

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով