Լևոն Բարսեղյան. Մեր մայլի տղեն

«Հմուտ զորավարը հաղթանակում է առանց ճակատամարտի,
մեծագույն զինվորը չի պատերազմում»
Չինական ռազմավարությունից

Ակադեմիկոս Մնջոյանը մի քանի եղբայր և հորեղբորորդի ուներ: Հազվադեպ կարող է լինել, որ մի եղբայրը լեննականցի լինի, մյուսները` ոչ, անկախ այն հանգամանքից` ով որտեղ է ծնվել: Ակադեմիկոսը Սարիղամիշում էր ծնվել. հասկանալի է, երբ ծնվեց, դեռ ակադեմիկոս չէր, էն ժամանակներում դեռ ՀՀ գիտությունների ակադեմիա չկար. մի 39 տարի հետո էին հիմնադրելու, ու ինքը իր ծննդից դեռ 49 տարի հետո պիտի անդամակցեր այդ ակադեմիային:
Մյուս երկուսը` Եղիան և Հովհաննեսը, ավելի ուշ աշխարհ եկան, ու արդեն` Ալեքպոլում, իսկ ոչ պակաս հայտնի հորեղբորորդին` Ռաֆիկը` Լենինականում: Դե, դեռ Անանիայից ու Կոլումբոսից հայտնի էր, որ բնակավայրի անվան փոփոխությունից աշխարհագրական կոորդինատները չեն փոխվում, կամ որ ավելի հասկանալի է` բնակավայրի անունը կապ չունի, կարևորը ոգին է` այդ աշխարհագրական լայնության, երկայնության ու ծովի մակարդակից` բարձրության, ինչքան էլ ուզում է ռըսի ցարը աչք դնի սույն բարձրությանը, կամ վոժդը վախճանվի անվերադարձ. այս մարդիկ լեննականցի են, գյումրեցի ու ալեքպոլցի, բայց հենց հարցնեիր նրանց, ու հարցնես ժառանգներին հիմա, կասեն` ղարսեցի, տղա ջան, ղար-սե-ցի. դե գնա ու հասկացի…
Ոչ միայն առաջին երեք եղբայրներին իմացողները, այլև Հայաստանի սովետական հանրագիտարանն է ասում, որ առաջին երեքը պետության կողմից ճանաչվել էին որպես գլխով, զիլ և ուժեղ տղերք՝ քիմիկոսներ, կենսաբաններ, դեղագործներ, Արմենակը՝ սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի երեք ու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, Եղիան` «Պատվո նշան» շքանշանակիր, Հովհաննեսը` Մեծ Հայրենականի վետերան, Կարմիր աստղի կրկնակի շքանշանակիր, Աստված գիտե, թե այս մարդկանց շնորհիվ քանի միլիոն մարդու ցավ է թեթևացել, քանի հոգի է բուժվել, ինչքան է շահել գինու և կոնյակի արտադրությունը երկրորդ հանրապետությունում…
Հանրագիտարանում չեղած եղբայրը, ուրեմն, Սովետի յոթանասունականների սկզբին, երբ երկիրը մանրից լճանում էր իմանալու և չկարենալու արանքում, շատ բան հասկանալու և այլևս չուզելու տեղապտույտում, Սիբիրի Պերմի հռչակավոր զոներից1 մեկում զեկերը2 բունտ են սկսում: Սա Գյումրվա լեզվով էր, հիմա` հայերեն. Պերմի կալանավայրի կալանավորները ապստամբում են: Տեղյակներն ասում են, որ այն տարիներին նման ապստամբությունները պարբերական էին ու հաճախական, սոցիալիզմ ու կոմունիզմ կառուցող սովետական ժողովուրդը` անտեղյակ: Ասում են նաև, որ այդ բանտում ռեժիմը խստագույններից մեկն է եղել սովետում, մի քանի հազար արնախում, մարդասպան, ավազակ ու անձնուրաց հանցագործ պարբերաբար հսկիչ զինվորներին կամ իրար են առել: Այդ անգամ սրանք պետությանը հարցեր չեն ունեցել, իրար հետ չեն հաշտվել, որ այդքան օրինավոր գողերի ու իրենց կանոններին հավատարիմ հազարների կողքին էլի մի այդքան անբարեխիղճ, աղտոտ ու միլիցոնցը բերան տվող ստուկաչ ու սուկա3 են բազմացել:
Ասում են՝ այդ անգամ օրինավորները4 որոշել են անօրեններին5 կարգի հրավիրել, կոտորել, մաքրել, կեղտը, ասում են, շատ է շատացած եղել… Իրենք էլ մարդա տասնհինգ տարուց պակաս չեն ունեցել` սռոկ6 են ավելացնելու, թող տան, պա՛հ, գնդակահարելու են` թող խփեն: Իրենց մեջ իրազեկ ու իմաստուն մարդիկ են եղել, իմացած են եղել, որ այդտեղ կյանքը պակաս հետաքրքիր չէ, քան արշիպելագի մյուս կղզիներում, ու իբր, Աստվածն, ըստ մի գերմանացու, մահացել էր նախորդ դարավերջին, և որ կյանքն՝ ինչքան էլ քաղցր, ըստ էն կայֆոտ իտալացու, միևնույն է, շատ-շատ հանգրվան է, ու մի վերադաս հրամանով, սրանք, արյունն աչքերն առած, սկսել են ամբողջ զոնի տարածքով մի չտեսնված-չլսված պատերազմ, իրար կոտորել տառացիորեն բոլոր միջոցներով:
Դե գեներալները սկզբում ժպտացել էին. կռիվն իրենց դեմ չի եղել, ու իրար էին ուտում, ջհանդամը, ինչքան շատ, էնքան իրենց դարդը պակաս: Մի օր, երկու օր, երեք օր, իսկական գենոցիդ, երկու բևեռ, ով ում հասել` սատկեցրել է, ու էսպես մի շաբաթ: Գեներալները մի տեսակ են եղել, լեշն էնքան է շատացել, որ սրանք հասկացել են, որ հանքերում աշխատուժի պակաս է լինելու, ու էն ավելի մեծ գեներալներն իրենց են քշելու ուրան ճանկռելու, հսկիչ ու ներքին զորք են հանել, տեսել են` իրենց շան տեղ դնող չկա, իրենց դեմ չեն էլ կռվում էս զեկերը, իրար են ուտում հերոսաբար, վառում են, կտրում, ջարդում:
Աղմուկը հասնում է մեծամեծ գեներալներին, սրանք էլ սովետի ուղնուծուծն իմացած մարդիկ են լինում, ինչ-ինչ` մամայի բալեքը սովետի ժամանակ գեներալներ չէին դառնում, դնում-վերցնում են, գլուխ են տրաքցնում, ու քանի որ բոլորին կոտորել չեն ուզում ու չեն ուզում, որ սրանք իրար սպառեն, չեն ուզում, որ ղալմաղալն ավելի վեր ելնի, չեն ուզում նվաստ մնալ կռվարար զեկերի կողքին, չհաշված զոնին հասցված նյութական ու ուսադիրներին իջեցված բարոյական վնասը, մի ծանր ու ծայրահեղ որոշում են կայացնում:
Ասում են, երբ Լենինական քաղաքի ամբողջ արդյունաբերական համալիրը, հաստոցաշինականով ու տեքստիլով, ստրոմմաշով ու մանվածքայինով տժժալով, օրական ութ ժամը մեկ հնչող երեք եռյակ գուդոկներով7 աշխատելիս է եղել, գիշերը կինո «Երևանի» թիկունքում՝ հին քաղաքի սրտի միջում գտնվող Մնջոյանենց միհարկանի տուն, պետության մարդիկ են եկել ու մի երկու ժամ մնացել: Ասում են՝ ոչ թեյ, ոչ կոֆե, ոչ էլ Լեննագանի աշխարհահռչակ հացից չեն օգտվել: Դժվար է բերանացի ասել, թե ինչ են խոսել էդ մարդիկ գիտնականների հորեղբոր տանը, բայց հաստատ մարդու չեն կպել, բանի ձեռ չեն տվել, չեն խուզարկել, չեն հարցաքննել: Դատելով հետագա զարգացումներից միայն` կարելի է կռահել սրանց ռաստգալիքը:
Մոտ քսան ժամ հետո, Պերմի զոնի տասը փակուդարպասը բացվում է, ու ներս է գալիս էն օրերում բարձրագույն ակնածանքի դրոշմի իմաստ ունեցող սև մակինտոշը հագին, Լեննագանի հին տների պատերի պես սև շլյապը գլխին ու էլի սև, ոչ պակաս խորհրդանշական կոպալը ձեռին, 48/3 չափսի մի մարդ, զոնի ամեն քար ու պասամաղը8 իմացողի հանդարտությամբ և լինելիքը եղածի պես իմացածի խաղաղությամբ առաջ է անցնում գիտնականների Ռաֆիկ ախպերը: Տեղական պատերազմի միջով:
Գնում հասնում է պլացի` կալանավորների բետոնե տողան-հրապարակի մեջտեղը, կանգնում է: Ներքին զորքերից բանտի պահապան զամկամզվոդ9 սերժանտը երկու զինվորի հետ, ավտոմատներն ուսերին ու աչքերը` չորս, տասներկու ավտոմատավորի պաշարած ուղեկցությամբ, վազելով երեք աթոռ են բերում պլացի կենտրոն, դնում են սև այցելուի կողքն ու թողնում հեռանում են իրենց դիտակետերը: Կինո: Սովետի զորքը նայում է զոնին, կռվողներին ու պլացին:
Էն օրերից ողջ մնացած ու ողջերի մեջ ականատես եղած մարդիկ կան, ու նրանք են պատմում այն, ինչ այնքան էլ բարդ չէ պատմելը, տեսնելն է ավելի զոռ եղել: Մնջոյան Ռաֆիկը մի քանի բարդ գործողություն է իրականացնում: Նախ` ձեռնափայտն այնպիսի խնամքով է դնում աջ կողմի աթոռին, որ կռվողները, անկախ այս ամենը տեսնել-չտեսնելուց, մի ակնթարթ կանգ են առնում, կինոների մեջ պատահում է, ստոպ կադր են ասում, ում ձեռը` բահ, ում ձեռը` քլունգ, ում ձեռը` կոտրած, ում գլուխը` ճղած ու արյան շիթն` օդում, այդպես կանգուն, անշարժ… Գիտնականների եղբայրը մակինտոշն է հանում, էլի խաղաղ-խաղաղ, սիրուն, ուսերն իրար դնում, ծալում ու անհավանական խնամքով վերարկուն հագցնում է ձախ աթոռին, հասարակ, փեշը` նստատեղից կախ, կորագծով` հիպերբոլի կարգի, մինչև թիկնակն ու էլի` կախ, սղալում է հանգած օձիքն ու նորից սև պիջակի կոճակը քանդելով, նստում է մեջտեղի աթոռին` ձեռնափայտի ու մակինտոշի արանքում, և քանի որ Գյումրվա ու Լեննագանի կարգ էր՝ նստելիս գլխարկը հանում էին, հանում է շլյապն ու այնպիսի մի հուղկ շարժումով իջեցնում ձեռնափայտի վրա, որ ամբողջ զոնը, զակոննիներն ու ստուկաչները, Սամարղանդից ու Կռեմենչուգից այստեղ ծառայող սալդաթներն ու հեռադիտակներից կախված գեներալները պապանձվում են:
Բան չի ասում: Ծխում է:
Կռիվը վերսկսվում է: Ավելի կատաղի: Զորքը` դիտորդ:
Մնջոյան Ռաֆիկը պլացի իր աթոռին նստած ու համարյա անշարժ մնում է չորս օր, ամբողջ իննսունվեց ժամ: Հակված չենք հավատալու այն պնդումներին, թե` վեց օր, յոթ կամ ութ, մարդն առանց ջրի երեք օրից ավել չի կարող ապրել, չէ՞: Է հա՛: Առանց հացի՞: Պերմում պատահում էր մինչև չորս ամիս: Բա առանց ծխախո՞տ: Պերմում` կես ժամ: Բայց Մնջոյան կրտսերի էն առաջին ծխախոտը վերջինն է եղել նաև էդ հինգ օրերում, ծխել է ու պըրծ: Ու մնացել է նստած, մեկ` Լեննագանի թատրոնի դեմի Իսահակյանի արձանի պես, մեկ` Շիրազի, մեկ էլ` Ֆրունզի: Ֆրունզի նման ավելի երկար է մնացել: Այն օրերում այդ արձանները դեռ չկային, ու մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչ ներշնչանք են ունեցել քանդակագործներն, ու ինչ իմաստության տեր և ինչպիսի հոգևոր հարազատություն ունեին Իսահակյանը, Շիրազը, Ֆրունզն ու Մնջո Ռաֆը միմյանց…
Նրա նստած չորրորդ օրվան կալանավորները խելքի են գալիս: «Օրինավորները» կռիվը կանգնեցրել են, կանցավիկները ազդարարել են` կռիվը հանուն այս մարդու նկատմամբ ունեցած պատկառանքի է դադարեցվում: «Օրինավորների» և ոմանց պնդումներով` նաև «անօրենների» ավագները մոտ են եկել, ու ասել.
— Գնանք մի կտոր հաց ուտենք, ճամփից ես եկել:
Շատ բան են ունեցել խոսելու, բայց այդքանն են խոսել: Պատասխանել է.
— Չէ, էրթամ, մարդ կա սպասող, մնացեք խաղաղությամբ:
Քսան ժամ հետո տուն են հասցրել նրան:
Մինչև մահը` վիրահատասեղանին, Մնջո Ռաֆը խաղաղությամբ օրեր էր անցկացնում Լեննագանի կինո «Երևանի» թաղում: Ջահել էր, բայց հարյուրամյա ծերունու վարք ուներ, իր կամ հարևանների դռան քարերին նստած, ցարին, Կարաբեքիրի զորքին, դաշնակ-մաուզերիստներին ու Մայիսյան ապստամբներին տեսած պառավների հետ եղանակից, աճող ջահելությունից ու հին գրքերից էր խոսում, ծխում էր, ձեռնափայտն էր խաղացնում, ժպտում էր, մեզ կանֆետ էր տալիս, մենք երեխա էինք, չգիտեինք՝ ով էր:
Կույր աղիքի վիրահատության ժամանակ, ասում են` միլիցին հրամայեց, ու մսագործները հատուկ ասեղ սրսկեցին, մնաց սեղանին, երկու հոգու դատեցին: Ասում են նաև, որ մարդը մահացել է իր մահով, և միլիցիք մեղավոր չեն, ու քանի որ միլիցիք հա էլ մեղավոր են, առաջին վարկածն էլ կա:
Քառասունինը բոլորած Մնջո Ռաֆի թաղման օրը քաղաքում արտակարգ իրավիճակ էր: Դեռ սովետն էր, մոտ հազար երկու հարյուր ավտոմեքենա, հարյուրավոր հյուրեր սովետի բոլոր գողական կլաններից, մտավորական խմբերից ու երեք ժամից ավելի փակ փողոցներ: Նման բան մեկ էլ քաղաքը տեսավ քսան տարի անց` իննսունվեցին Մատրոսսկայա Տիշինայում մահացած Բարսեղյան Նիգալի թաղման ժամանակ:

—-
1. Կալանավայր:
2. Ազատազրկվածները:
3. Ռուսերենից՝ стукачи и суки՝ գողական արժեհամակարգով՝ մատնիչներ և բանտերում միլիցիայի ու իրավապահների կողմից ներդրված լրտեսներ:
4. Գողականները, գողական օրենքներով ապրողները:
5. Գողական օրենքները խախտողները կամ դրանցով չապրողները:
6. Ռուսերեն՝ պատժաժամկետ:
7. Ռուսերեն` гудок-գործարանային հերթափոխային ազդականչ:
8. Մայթ, մայթեզր:
9. Դասակի հրամանատարի տեղակալ:

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով