Տիգրան Պասկևիչյան. Արձակուրդ

1

Աշխարհում բոլոր և օրերում իմ
տեսա ես ամեն վայելք ու տանջանք,
և երջանկության սահմանագծին
տրվեց ինձ ահը — իբրև անրջանք:

Գավաթի նման, որ պարապ է միշտ
տրվեց ինձ սերն ու երկյուղը երկրի:
Ես դատարկեցի պարապ գավաթի
ունակությունը, որ կոչվում է վիշտ:

Սև ըզգեստներով քայլեցի մթնում,
տեսա երկինքը անհավատների,
որի կամարի ներքո ամեն մոմ
այրվում է անտես բոցերով մեղքի:

Ու մթության մեջ գտա ես մաքուր
գույնը ջրերի — հեղձուկ անթափանց:
Մի ձայն լսեցի, ու ձայնից հեռու
հարություն առավ Աբելը մեռած:

2

Ծփանքի վրա վերջին ջրերի
ես գրում էի մշտունայն բառեր,
որ ինձնից հետո եկողը հիշի,
թե ինչպես է այս անդունդն արարվել:

Եվ չէի գրում ես բառըն Աստված,
որ հիացմունքս չունենա մարմին,
որ ինձնից հետո եկողը հանկարծ
չվարժվի մտքի ձույլ կաղապարին:

Եվ չէի գրում ես բառը մարմին,
որ դեռ չգտած մատնեմ կորստյան
այն, ինչ սնունդն է ախտ ու աղետի
ու առարկան է հոգեհանգստյան:

Եվ չէի գրում «այլևս երբեք»,
այսինքն – ծանոթ ագռավի կռինչ,
որ լսել է մի անքուն բանաստեղծ
1845-ին:

3

Ծովեզերքը, ուր ես գտա հանգիստ
նման էր վաղուց խորտակված նավի,
որի նկուղում ծերացող գինին
ինձ նման հազար հոգու կբավի:

Բայց ինչ օգուտ, որ կյանքն է անցողիկ՝
երանիներից որն էլ ընտրվի,
և ինչ օգուտ, որ ժամանակներից
ոչ մեկը պիտի մինչև վերջ տևի:

Անցյալից — ներկա, ներկայից — հետո —
մարդիկ, քաղաքներ, իրականություն…
Ապրելու պես մի բան է պատահում
և անհետանում երկրի խոռոչում:

Ծովեզերքը, ուր չի լինում հանգիստ
ոչ նախ, ոչ ապա և ոչ էլ հետո —
մոլորություն է: Ո՞ւր գնա հոգիս:
Բոդլերը կասեր. «Out of the world»:

4

Մի դժվար կյանքի ու մի հեշտ մահվան
հրեշտակներն են ճախրում երկնքում:
Լռության վարդն — ինքն իրեն պատռած
բացակայության ըստվերն է գծում:

Հրեշտակներն այդ անզարդ են, ինչպես
երկրի սաղարթը — ոսկրացած արդեն:
Լռության վարդը ինքը է վճռել
ձայնափողն ի վեր համառ մագլցել:

Ի՞նչ կա ձայնից դուրս ու լույսից անդին,
ի՞նչ երկինքներ են նախապատրաստել
հրեշտակները մահվան ու կյանքի-
երկըրին օտար, կյանքին անընտել:

Եվ ի՞նչ վիհեր են նախապատրաստված
ժամերի համար ու տարիների,
որ ապրում եմ ես բացակայությամբ
իմ նախորդ կյանքի ու հաջորդ մարմնի:

5
Հին ժամացույցի սիրտը խփում է —
ինքն իր ընթացքին հար ու հավասար.
օրն ըսկսվում և ավարտվում է
ակնթարթի մեջ — արդեն դարձած քար:
Աստծուն դիմելու երեք ձև չկա,
և ոչ էլ երկու, ոչ էլ մեն-միակ-
կա մի ժամանակ ու երկու պատճառ
ու երեք անուն — Մի ու Միացյալ:

Մեկ է քո ես-ը, ու մանրամասն
չի բաղադրվում վարքդ հեգնական:
Քո մարմինն արդեն հազար թռչուն է,
իսկ մի թռչունը — հազար վերադարձ:

Եվ մի է վաղը: — Քո անվերադարձ
չուն խառնելու է հյուսիս ու հարավ —
երեխաներ կան, որ դառնում են մարդ,
և մարդիկ կան, որ չեն զգում էլ ցավ:

«Գարուն», 2001, 6

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով