Ռուբեն Անգալադյան. Դյուրաբեկ սիրտը, իրիկնային հավքը և կանացի քնքշանքը իբրև հոգու որոնում

1. ԾՆՎԵՑ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՔԱՂԱՔԱԲՆԱԿԸ, ԹԲԻԼԻՍԻ, 1941-1959 ԹԹ.

Նկարիչը, նմանակելով մեծն Գյոթեին, կարող է խորհրդածել Հայաստանի և հայերի, կնոջ և կյանքի մասին. «Ես ծնկաչոք աղերսում եմ, աղաչում՝ դյուրացրու իմ վերադարձը քո գիրկը, որպեսզի տարագիր չմնամ հեռու եզերքներում»: Այսօր այս միտքն օժտված է իրական ենթատեքստով. սրտի ծանր վիրահատությունից հետո վարպետն ապրել է կյանք վերադառնալու սոսկալի ամիսներ:
Իսկ ամեն ինչ սկսվեց ուղիղ վաթսուն տարի առաջ, երբ մեծ հայրենականի նախօրյակին գարնանային Թբիլիսիում ծնվեց Վաղարշակի և Ֆլորայի կրտսեր որդին՝ Ռոբերտ Էլիբեկյանը: Ապրիլյան արևը մեղմորեն շոյում է ծառերի կատարները՝ ստվեր ու ընձյուղ շնորհելով, և Քռի ժպիտն էր ալիքվում՝ արտացոլելով ծնողների, հարազատների ու դրկիցների բերկրանքը. տղա՜ էր ծնվել:
Ես երբեք չեմ հարցրել նկարչին իր մանության մասին, բայց ինձ միանգամայն հասու են նրա ինքնադիմանկարները, որոնք բացահայտում են արվեստագետի հոգեվիճակը, ստեղծագործողի, իբրև բարու միակ կրողի, դերի ու նշանակության նրա ըմբռնումը: Արդարև, Ռոբերտը կարող է ընկալվել որպես Երևանի գեղարվեստական միջավայրի ամենահավասարակշիռ դեմքերից մեկը, անհատ, որ խորապես հասկանում է մարդկային հարաբերությունների բնույթը և իր մեջ խտացնում քաղաքային շփման հազարամյա ավանդույթը: Ծնվեց իբրև քաղաքաբնակ, և քաղաքն աստիճանաբար իմաստավորեց այդ իրադարձությունը, քանզի ամեն նոր բնակիչ Թիֆլիսի մթնոլորտին հավելում էր իր անկրկնելի գույնը: Ի՞նչ էին անում նրա հեղինակությունները (ներկա և գալիք), թեկուզ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը կամ մեր հերոսի ավագ եղբայր Հենրիխը, կամ տասնվեցամյա Սերգեյ Փարաջանովը, կամ բնորդուհի Զինան, որի հետ հանդիպումը առնականացրեց Աղասի Այվազյանին, կամ էլ հայկական եկեղեցուց անբաժան երգեհոնահարը, որն ասես այնտեղ ամփոփված Սայաթ-Նովայից էր փոխառել իր արժանապատիվ կեցվածքն ու նվագի պարզությունը: Ի՞նչ էին շշնջում իրիկնային հավքերը և մեղմ զեփյուռը ապագա նկարչին՝ գարնան առաջին այդ երեկոյին:

2. ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 1959-65 ԹԹ.

Մարդկային հայացքները և՛ սովորեցնում են, և՛ ձևավորում: Նրանք կերտում են մարդու վարքագիծը և միաժամանակ գիտակցությունից դուրս մղում ինչ-որ չափազանց կարևոր բան… Կանացի հայացքներն արտահայտում են զարմանք ու խստություն՝ ի ցույց դնելով տղամարդու ուժն ու անզորությունը: Կանացի հայացքները խռովում են անդորրդ և մոտեցնում առավոտը: Գիշերը թռչում-անցնում է, ինչպես Շահրեզադեի հեքիաթը: «Գիշերն առանց քեզ ավելի երկար է թվում», երգում են իսպանացի պատանիները վրաց գեղեցկուհիների պատշգամբների տակ, երգում են իսպաներեն, և շատերն են նրանց նախանձում, քանզի ո՞վ է իսպաներեն հասկանում, հուզախռիվ իսպանացի մայրերից բացի… Համազգեստով թափառում են վրաց նախկին իշխանները, որ վրաց կուսակցական գործիչներ են դարձել, քրդերն ավլում են ծուռումուռ-նեղլիկ սալահատակ փողոցները, որոնք ձգվում են դեպի Մթացմինդա լեռը, ինչ-որ տեղ թխում են հազարամյա լավաշ, որն իր զգլխիչ բույրով գրգռում է հայի ախորժակը…
Հայաստան… թոնիր: Թոնիրը պատուհան է՝ բացված մեր աշխարհի վրա: Միաժամանակ թոնիրն ասես հողի բերանն է, տաքություն է ամբարում և իր մեջ պահում է լավաշի լեզուն, իբրև բուն ազգի լեզուն… Թոնիրը մայրական գիրկ է, մեզ տալիս է ամեն ինչ, մեզնից խլում իրականության զգացումը, և այդ պահից ծայր է առնում երևակայության եզերքը. կրկեսի թափառական դերասաններ, որոնք վերամարմնավորվում են մեր աչքի առաջ, և դա հետաքրքիր ու սարսափազդու է, և մենք չենք հասցնում նրանց հետ վերամարմնավորվել, չենք հասցնեում նրանց հետ զարմանալ, մենք հասցնում ենք սոսկ թախծել նրանց հետ: Թախիծը ձգողականություն ունի: Թախիծը ժամանակ ունի և տարածություն: Նկարչի թախիծը հենց իր մայրենին է: Ճերմակ թուղթն ու կտավի ուղղանկյունը պատուհան են դեպի փողոց, և մատիտն ու վրձինը պատկերում են ոչ թե հայկական աշունը կամ խելահեղ ամառը, այլ քո սրտի ջերմությունը, քո իմացության սրտաճմլիկ ուրախությունը, քո խոստովանանքի փխրուն բառերը… Նա արդեն առնականացող պատանի է, լի է կենսականությամբ, դյուրաշարժ է, նրա առջև բացվում է հինավուրց քարերի աշխարհը, որոնց դեղնականաչ կարծր մամուռը չի կարող քողարկել նախնյաց գրությունները: Նա մտավ հայկական այդ աշխարհը Թիֆլիսի իր պերսոնաժներով, որոնք դարձան ընդհանուր բնապատկերի և անհյուրընկալ սև պատերի (հիշո՞ւմ եք Չարենցին) անքակտելի մասը: Մի՞թե արդեն ոտքի տակ է տրոփում հայրենիքի սիրտը, իսկ գուցե այդ պատանու սիրտն է խլացնում իր առջև փռված հեռաստանը լռակյաց ու արտասովոր գեղեցիկ լեռների, որոնց պերճաշուք գույնն աննկարագրելի է: Սուրա, ճանապարհ, դա էլ մի պատուհան է: Թե ճանապարհը, թե պատուհանը նշաններ են, այսինքն՝ տառեր, խոսքի մասեր, ինչպես, ասենք, արվեստը բաղձալի բանտ է և թե որ հայտնվես նրա գերության մեջ… Սուրա դեպի քո գերությունը, սուրա, Ռոբերտ: Ինչպես որթատունկն է ճեղքում քարքարոտ հողը, մխրճվելով ճեղքերի մեջ՝ խոնավություն փնտրելով, այդպես էլ արարողն է մխրճվում գաղտնիքների ճեղքերի մեջ, որպեսզի ընդմիշտ մնա այնտեղ, պտղատու որթատունկի պես: Արարողը երկրի գինին է: Ոսկեհո՞ւռ գինի, թե կարմիր… Ո՞ր գույնն է հետապնդում նկարչին, և լույսն իր մարմնի մի մասն է տալիս, որպեսզի քնքշանքը դառնա քնքշանք, իսկ նվիրումը՝ սեր: Սերը վաճառքի հանված կիրք չէ, այլ սոսկ խորհուրդ հոգու և մարմնի խորքերից, հայացքի և խոսքի խորքերից: Այսպես է հայտնվում այս նկարիչը, այսպես է ներկայանում նրա աշխարհը, և ես չեմ ուզում կրկնել առօրեական դարձած բառեր, ինչպես աղը և վերքը, արժանապատվությունը և պարկեշտությւոնը, լռությունը և քնքշանքը: Այսպիսին է այս վարպետը:
Իսկ մինչ այդ նա թրծվել էր ձախողումների, տարակույսների, երջանկության, մարդկային ու արվեստային փորձությունների բովում, կտրել անցել անդրաշխարհիկ հորիզոնները, որոնք իմաստության, արդարության և երախտագիտության նոր էջ էին բացում: Ըստ էության իմաստությունը հենց երաշխիքի զգացումն է առ կենաց հրաշքը, առ զարմանքի ակնթարթը: Իմաստունները հասու չեն խորամանկության, ինչպես և խորամանկները՝ վեհանձնության: Երևանն ընդունեց նկարչին, և նա մտավ նրա աշխարհը, իբրև մեկը շատերից: Մեկը շատերից, որ իր դեմքն ուներ, մեկը շատերից, թեև քանի՞սն են այդ շատերը: Պարզվում է, որ շատերը քիչ են, քչերը սակավաթիվ են, իսկ վերջիններս ընդամենը միավորներ են…
60-ական թվականները հագեցած տարիներ էին Երևանում: 60-ականների սերունդը լոկ մի պատուհան էր բացում՝ պատուհան դեպի գալիք հազարամյակը: Եվ մեր առջև հառնում են երիտասարդ դեմքեր՝ Արտոն և Մինասը, Մարտինը և Էդուարդը, Սեյրանը և Երվանդը, Արայիկը և Գայանեն… իր կտավներից հառնում են, դեմքերը ժամանակակիցների և մարմնամարզիկների, որոնք պարում են մերկանդամ զմայլանքի և սքանչացման հայելիների առաջ, բարեկամության և պատրանքի հայելիների առաջ: Եվ այս ամենը ինչ-որ երևակայական թատրոնում, ինչ-որ կրկեսի ասպարեզում, ինչ-որ կուլիսների ետևում, դերասանական սրճարանի հասարակ սեղանի շուրջը…

3. ՔՆՔՇԱՆՔՆ ԱՆԱՆՑ Է, ԵՐԵՎԱՆ, 1965-1990 ԹԹ.

Նկարիչն ավարտում է Երևանի գեղարվեստի ինստիտուտը նույն այն թվականին՝ 1965-ին, երբ տողերիս հեղինակն իր հայրենի Ախալցխայից թռավ Ռուսական կայսրության հյուսիսային մայրաքաղաք, որպեսզի տարիներ անց բանար կիսաառեղծվածային և թախծի գաղտնի շերտերը այդ ազնվական նրբաճաշակ ու աշխարհի: Թախիծը՝ տիեզերք է պատանու համար, հենց դա է նա բերում Հայաստանի բնապատկերին: Նա, սերունդը: Ո՞ւր եք, Սպարտակ և Արթուր, Ժան և Սվետլանա, Ավետ և Արտավազդ… 20-րդ դարը տիրապետում է ինտելեկտուալ վիթխարի հնարավորոթյունների, ավելին՝ մշակվել է ենթագիտակցության ողջ բնախոսությունը, և գեղանկարիչները, ճարտարապետները, բանաստեղծներն ու քանդակագործները հեղինակել են այնքան շատ մանիֆեստներ, որի մասին չէին կարող երազել իսկ ոչ բարձր դասականության շրջանում, ոչ էլ իտալական Վերածնության օրոք: Քանդակն ու նկարը սկսեցին շարունակվել բառի մեջ, իսկ բառը նստեց ականջի մեջ: Քաղաքակրթությունը տեղափոխվում է տեսա-լսողական տարածք: Ձգողության կենտրոնը թեքվում է դեպի աշխարհի մեխանիկական իմաստավորումը: Մարդկային երևակայությունը հարվածի տակ հայտնվեց, խոցվեց, այն էլ՝ չափազանց ծանր, ոչնչացման սպառնալիքի տակ է:
Իսկ այդ շրջանում երևանյան գողտրիկ սրճարանները հյուրընկալում էին Կոստան Զարյանին, Սվյատոսլավ Ռիխտերին, Մարտիրոս Սարյանին, Շառլ Ազնավուրին, Երվանդ Քոչարին, Հարություն Կալենցին, Մստիսլավ Ռաստրապովիչին, Դմիտրի Շոստակովիչին, Ալեքսանդր Մելիք-Փաշաևին ու նրանց արարած մարդկային բաց, տրամադրող տարածքներում ծավալվում էր տաք, մտերմիկ զրույց՝ ստեղծելով հումորի և բարյացակամության մթնոլորտ: Այդ ամենը վերածվում էր թրթիռի պես ինչ-որ մի բանի, որ կոչվում է ներշնչանք: Երիտասարդ նկարիչներից ամեն մեկն իր կերպարներն, իր գործն ստեղծելու այդ թրթիռն յուրովի էր որսում: Հասունությունն անխուսափելի էր, և Ռոբերտը համբերությամբ էր զինվում մեզ պարգևելու իր փայլուն արվեստը՝ գեղեցիկ նկարելով իր գեղանկարչության այբուբենը: Այբուբենը բարձրագույն մաթեմատիկա չունի, բայց դրանից առավել մեծ մի պահանջ է դնում՝ անհրաժեշտ է կազմել բառեր, ցուցաբերելով հազվադեպ կարողություն վրձնի կամ մատիտի ծայրով որսալու այն, ինչն ավելին է, քան գույնը, ավելի է, քան զարմանքը, ավելին է, քան սրտի բաբախը, բայց և նվազ, քան իմացության բերկրանքը… Եվ եթե ինքս ինձ հարց եմ տալիս, թե ո՞րն է Ռոբերտ Էլիբեկյանի կամերային գեղանկարչության էությունը, ապա անմիջապես հիշում եմ լռելյայն ուրախության աշխարհը, գեղեցկուհիներին, որոնց ժպիտը ցանկալի է, ինչպես իրիկնային մաքուր երկնակամարի աստղերի լույսը: Ի՞նչն է հարազատ նրան քաջարյան պարսիկները, Բաժբեո՞ւկը, Վատտո Տյոպոլոն, թե՞ Բուշեն, վարդագույն Պիկասո՞ն՝ մշկենու նուրբ բուրմունքով, թե՛ կարոտին, թե՛ պատանեկան անձկությանը, եթե անգամ վաղուց ես հատել քառասունի սահմանագիծը:

4. ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄՆ ԻԲՐԵՎ ԷԿԼԵԿՏԻԿԱ՝ ՄԵՐԹ ԴԵՊԻ ԴԻԶԱՅՆ, ՄԵՐԹ ԴԵՊԻ ԱՂԲԱԿՈՒՅՏ ՍԼԱՑՈՂ, 1991-2001 ԹԹ.

Ամերիկացի Ուոլթ Ուիթմենը հայտարարում էր. «Մենք հաստատում ենք մեր գոյությամբ»: Սա կարող էր արդիական հնչել 60-ականների ողջ սերնդի համար, քանզի ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որտեղ նրանք ապաստան էին գտել ինչպես խոսքի բոժոժի մեջ, նրանց ուժն առավել ակնհայտ, առավել բաց ու համակողմանի դրսևորվեց: Էկլեկտիկան իշխում է գեղարվեստի աշխարհին, ինչպես անմտությունը փիլիսոփայական դատողություններում: Մտքի բարձր վերացարկումն ունի խիստ տրամաբանություն, որտեղ փոխկապակցվածության ճարտարապետությունն իմաստալից է: Նույն կերպ նկարիչներն են ընդհանրացնող պատկերներ ստեղծում՝ կերտելով լոկ անհատականը յուր բազմանշանակությամբ: Այսպես, Ռոբերտը հեռանում է վաղ շրջանի դիմանկարներից, ընտրում նշանը, խարանը, խորհրդանիշը: Հատկապես կանացի կերպարներում է նա հայտնաբերում և դրսևորում է սեփական վերաբերմունքը մարդկու աշխարհի և բուն կյանքի հանդեպ: Նրա հայկական բնանկարներում մարդը հազվադեպ հյուր է, հայոց հողը՝ սեր է և մայրություն, պլաստիկա և լույսի մեղեդի՝ ներփակված կանացի մարմիններում, որոնցից 21-րդ դարում պիտի սերվի բիբլիական երիտասարդ ազգը:

«Գարուն», 2001, 3

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով