Ամալյա Կահանա-Կառմոն. Նեյմա Սասոնը պատմվածքներ է գրում

Ուսուցիչ Աբդալան ասաց.
— Նեյմա Սասոնը մեզ շատ ուրախացրեց «Իմ թանկագին ուսուցիչը» իր պատմվածքով, որ փակցրել ենք միջանցքի պատին. մեր ողջ «Ահալ Սառա» դպրոցը կընթերցի:
Միջանցքի վերջում ուսուցիչ Եղզակալը զրուցում էր դպրոցի տնօրենի հետ: Նեյման այս ուսուցչին չէր սիրում: Թեև չէր լսում, թե ինչ են զրուցում, բայց մի պահ ականջին հասան նրա վերջին խոսքերը. ինչ մի դժվար բան է գրելը:
Ուսուցիչ Եղզակալը մեր դասղեկն էր, միշտ ասում էր. «Ես ուրախ չեմ լինի տառապյալների մեջ և չեմ տառապի ուրախների մեջ»: Ահա այս ուսուցիչ Եղզակալը օրնիբուն նստած էր իր գրասեղանի առաջ, որը պատուհանի մոտ էր: Կողքով անցնելիս նույնիսկ վրան չնայեցի:
Շուտով հնչեց զանգը, և բոլորը գնացին: Ուսուցիչ Եղզակալին նորից հանդիպեցի տուն գնալիս. ճանապարհին զրուցում էինք, և նա տարբեր հարցեր էր տալիս: Հարցրեց՝ որ տուն գնաս, ինչո՞վ ես զբաղվելու: Գիրք եմ կարդալու,- ասացի: Հանկարծ սկսեց հարցեր տալ հորս մասին, և այդ ոգով էլ շարունակեց, թեև զարմանալի էր, որ ողջ խոսակցության ընթացքում նույնիսկ մեկ անգամ աչքերիս չնայեց:
Երբ բաժանվեցինք, մտածեցի, թե ինչո՞ւ է Եղզակալն այդքան տարօրինակ և ինչո՞ւ ինձ չի սիրում: Հոգուս խորքում անիծում էի նրան՝ գոնե ոտքը ջարդվի: Եվ հիշեցի նրա խոսքերը. «Նեյմա, դու լեզու չգիտես. ինչպե՞ս կարելի է այդքան սխալներ անել մի թելադրության մեջ»: Ասաց շատ տհաճ ու վանող ձայնով: Չեմ հասկանում, թե ինչու է այդպես տրամադրված: Գուցե սխալն ի՞մ մեջ է: Գուցե պարզապես հստակ չի՞ արտահայտվում. չէ՞ որ միշտ ասում է. «Կան մարդիկ, որոնք չար դիտավորությամբ չեն վիրավորում, և պիտի ջանաք ըմբռնել նրանց»:
Տարին արդեն վերջանում է՝ մի քանի շաբաթ է մնացել, սակայն ոչ մի փոփոխություն իմ կյանքում: Իսկ ընդհանրապես բոլորը պատրաստվում են ավարտական քննություններին և հրաժեշտի նամակներ են գրում իրար: Կամ հավաքվում են, զբոսնում և ապագայի ծրագրեր մշակում: Բայց այդ ամենը, ցավոք, ինձ համար չէր:
Ամեն երեկո նստում էի պատշգամբի իմ երկաթե սեղանի առաջ և փորձում ստեղծագործել: Զգում էի սոճու թարմ բույրը, տեսնում նույն հարևանուհուն, որը մի շնիկ ուներ և որի մոտ երեկոները տղամարդիկ էին գալիս: Միայն ուսուցիչ Եղզակալը չէր գալիս: Բայց տարօրինակ կերպով ինձ անընդհատ թվում էր, թե շարունակ տեսնում եմ Եղզակալի կերպարանքը, որն անմիջապես անհետանում էր: Չէի հասկանում այդ արտառոց երևույթը, և իմ պատմվածքներում փորձում էի հենց այդ գրել: Անընդհատ թվում էր, թե նա ինձ է հետամտում, հարցուփորձ անում ինչ-որ բանի մասին, ինչ-որ բան ասում, բայց երբ պատասխանում եմ՝ նույն պահին էլ անհետանում է:
Հաջորդ օրը, երբ կրկին հանդիպեցինք, ուզում էի հետը զրուցել, սակայն ամեն անգամ մեջքով էր դառնում, նույնիսկ չհետաքրքրվելով, թե ինչ եմ ուզում ասել: Ստիպված գնացի ու կանգնեցի հենց կողքին և միանգամից սկսեցի. «Երեկ անցնում էի փողոցով…», բայց նա շարունակում էր իր գործով զբաղվել: «Ես զբոսնում էի,- շարունակեցի,- և հանկարծ հանդիպեցի մի կնոջ՝ ցնցոտիներով, երկու երեխայի ձեռքը բռնած, որոնց վրա անընդհատ գոռում էր՝ ես խելագա՛ր եմ: Մտածեցի, թե, հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս կվերաբերվեիք դրան, բայց դուք շարունակ խուսափում եք, չեք պատասխանում, նույ-նիսկ վրաս չեք նայում»: Նա անհաղորդ էր, և այդ պահին մտքովս անցավ. «Իսկ գուցե այդ ամենը ինձ միայն թվո՞ւմ է»:
Այդ օրվանից փորձում եմ վերահսկել ինձ և նրան չպատմել նման տեսիլների ու իմ ստեղծագործությունների, հատկապես «Իմ թանկագին ուսուցչի» մասին, որի հերոսը հենց ինքն էր: Մի անգամ էլ Եղզակալին ասացի, որ եթե իրեն հաջողվի կարդալ այդ պատմվածքը, ապա կհամոզվի, որ իմ հաշվով սխալվում է: Նա ասաց. «Գուցե դո՞ւ ես սխալվում»: «Տա Աստված», ասացի: Ճիշտն ասած՝ նրան չէր էլ հետաքրքրում, թե մեզանից ով է սխալվում, որովհետև ես նրա համար ոչինչ էի: Ասաց. «Չեմ կարծում, թե ես բացառիկ եմ, չնայած ամեն մարդու մեջ կա ինչ-որ բացառիկ բան»:
Երկուսիս էլ թերևս հետաքրքրում էր, թե ինչն է մեզ կախարդել, ինչո՛ւ չենք սիրում իրար:
Մյուս օրը դպրոց գնալիս հանդիպեցի ուսուցիչ Եղզակալին և չգիտեի՝ ինչպես դիմել: Բայց ուզում շատ էի նրան տալ իմ այն ստեղծագործությունները, որոնց մեջ իր մասին էի գրել: Չէի զսպում ինձ: Ուսուցիչ Եղզակալ առաջինը մոտեցավ ինձ և սկսեց զրուցել: Պատմում էր հրեա ժողովրդի պատմությունը՝ համաձայն Աստվածաշնչի: Ասաց, որ մեր ժողովուրդը շատ է տառապել. համարյա բոլորը ծառաներ են եղել, կատարել տարբեր կեղտոտ աշխատանքներ, բայց մեզանից ամեն մեկն իմացել է, որ ողջ աշխարհն է հարգելու մեզ, և մենք ենք լինելու առաջինը Աստծո մոտ, որովհետև մեր հողը սրբազան է:
Նա հպարտ է, քանի որ իրեն ընծայաբերել է մեր երկրին: Հետո ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Նեյմա, դու մեր ապագան ես»:
Ահա և եկան վերջին օրերը: Հարկավոր էր գնալ դպրոց, հրաժեշտ տալ բոլորին, հատկապես ուսուցիչներին: Ուսուցիչ Աբդալան կանգնած էր տնօրենի մոտ. իմ մասին էին խոսում, և նա ասաց. «Հաստատ չգիտեմ, բայց ինձ թվում է, որ նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է գրող դառնալու համար: Իսկ գրողը գրում է այն, ինչ ուզում և ինչ մտածում է»: Շատ ուրախացա. վերջապես մեկը գնահատեց ինձ:
Հետո Աբդալան ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Մենք քո ստեղծագործություններն ուղարկելու ենք տպագրության,- և ավելացրեց,- ողջ ուսուցչական կազմը քո մասին ասում է՝ մեր Նեյմա Սասոնը հայտնի գրող է դառնալու»:
Հանկարծ տեսա ուսուցիչ Եղզակալին. մոտենում էր, բայց ճամփան փոխելով՝ հեռացավ: Այդ օրը բոլորն էին ուրախ, նույնիսկ տնօրենը, երբ նորից մոտեցավ Աբդալան և ասաց. «Կարևորն այն է, որ մենք քո նման աշակերտ ունենք»: Անշուշտ, բոլորն էին ուզում պարզել, թե ինչու է ուսուցիչ Եղզակալն այդպես վերաբերվում ինձ, և այդ պահին էլ նա տնօրենին ասաց. «Նեյմա Սասոնը, իմ կարծիքով, շատ խելացի է, միակ խելացի աշակերտն է այս դպրոցում: Նրա հարցերից ես միշտ կարկամում եմ. նա կարող է գուշակել, թե մարդ իր հոգու խորքում երբ է զվարթ, երբ՝ տխուր: Մի խոսքով՝ ես պարտված եմ և այլևս չեմ ուզում խոսել նրա մասին»: Մի պահ նայեց ինձ ու գնաց: Թվաց՝ հայացքով ոչնչացնում է ինձ: Փորձեցի հետը խոսել, բայց նա միայն իմ ստեղծագործությունները խնդրեց: Ասաց, որ ուզում է կարդալ և անպայման կվերադարձնի:
Եկավ վերջին օրը: Ես ուշացա, իսկ ուսուցիչ Եղզակալը չկար: Անհամբեր սպասում էի նրան, բայց չեկավ, ասես անհետացել էր՝ իմ ստեղծագործություններով հանդերձ: Այդպես էլ նրան չտեսա: Եվ ես ամեն ինչ նորից սկսեցի. նստեցի պատշգամբի երկաթե սեղանի առաջ և սկսեցի գրել: Գրեցի մինչև լուսաբաց, սակայն ոչինչ չստացվեց…

Եբրայերենից թարգմանեցին Նաիրա Սեյրանյանը և Սուրեն Շահնազարյանը

«Գարուն», 2001, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով