Գևորգ Էմին. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, N 3

ՄԵՆՔ

Մենք խո՜ւլ ենք կիսով.
ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ,
մեր ականջներում
հայոց պատմության քաո՛սն է խշշում՝
փնտրելով խոսքեր դառնալու հնար…

Մենք կա՛ղ ենք կիսով,
քանզի ո՛ր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազի՛ն,
Փարիզի մայթի՛ն,
Նեղոսի ափի՛ն,—
մեր մյուս ոտքը
խրված է Մասիս լեռան ձյունի մեջ,
և մենք չե՛նք քայլում,
մենք տեղ չե՜նք հասնում՝
գծում ենք միայն
մեր պանդխտության շրջագի՛ծն անել՝
Մասիսի շո՜ւրջն ենք պտտվում անվերջ…

Մենք կո՜ւյր ենք կիսով՝
միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
և աղո՜տ ենք մենք տեսնում,
անկատա՛ր.
Մի ձեռքով ենք մենք կառուցել միայն՝
ստիպել են զե՛նք բռնել մյուսով՝
պատերա՜զմ էր մեր հողում անդադար…

Մենք հա՜մր ենք կիսով՝
քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
մեր մտածածը չասելու համար,—
որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
չհպարտանա՛նք մեր հպարտությամբ,
ու… չսգա՜նք մեր զոհերն անհամար:

Արայի պե՛ս ենք մենք սիրահարվում՝
մեզ թվում է միշտ,
թե սիրով տարված մեր հողն ենք լքում,
և… վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
մթագնե՜լ է կեսն
անեծքի՛ց,
ցավի՛ց…

Մենք կե՛ս՝
կե՜ս ենք մենք,
չլինեինք կես՝
հա՛յ կլինեինք
և ոչ թրքահա՛յ,
կամ ֆրանսահա՛յ,
կամ արաբահա՛յ
(Իսկ վաղն՝ աստղահա՛յ
և կամ… լուսնահա՜յ…),
Կե՛ս ենք
երկճեղքվա՛ծ,
կիսվա՛ծ,
երկգագաթ՝
մեր խորհրդանիշ մեծ լեռա՛ն նման…

ՈՒՇԱՑՈՂ ԳԱՐՈՒՆ

Ո՛չ, խաբում է ձեզ գարունն այս տարվա,
Ծառե՛ր,
Անխելքնե՜ր, գժե՜ր,
Ի՛նձ լսեք,
Մի բացեք իզուր բողբոջները ձեր,—
Դաժան ձմեռը դարա՜ն է մտել,
Եվ խաբում է ձեզ՝ գարնան տեսք առած:

Քանի չեք սառել
Ու ցրտահարվել,
Սեղմե՛ք,
Պի՛նդ սեղմեք բողբոջները ձեր
Բռունցքի նման,
Եվ կո՛ւրծք տվեք այս
Սուտ գարնան առաջ՝
Հանուն իսկակա՛ն,
Ուշացող գարնան:

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՍԻԱՄԱՆԹՈ» ԴՐԱՄԱՅԻՑ

«…Ո՞վ հղացավ այս միտքը դիվական՝
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել ա՛յն տեղում,
Ուր դար ու դարեր
Պիտի արյունեն լանջերը նրա
Եվ գագաթն անգամ…

Ո՞վ միտք հղացավ
Դժո՜խք արարել
Եղյալ ու չեղյալ դրախտի տեղում,
Արարատ լեռան հովանու ներքո.—
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հի՜ն, ոտնակո՛խ ճամփա,
Հողի տեղ՝ չոր քա՛ր,
Ջրի տեղ՝ արյո՛ւն…

Ո՞վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,
Այս արարչագործ,
Հին ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
Արնոտ սրի տակ,
Մյուսի աջով
Պահանջելով, որ նա… ծախի՜ հոգին,
Եթե ուզում է մարմինը փրկե՛լ…
Եվ եթե դարերն
Անզո՜ր են եղել նրան ազատել,
Եվ եթե գալիք
Դարերն անզո՜ր են ազատել նրան
Եվ հրա՜շքն է լոկ
Հնարն անհնար,—

Տե՛ր, տո՜ւր ինձ Մովսես Մարգարեի պես
Հանել ու տանել
Ցեղն իմ հալածված
Այս Հայաստանից,
Ո՛չ՝ մահաստանից,
Ո՛չ՝ քարաստանից,
Դեպի ապահով ուրի՜շ մի եզերք.
(Կա՞ այդպիսի տեղ…)
Ցեղն իմ մշտատև՝
Նրա սե՛րմը նոր,
Արմատները հին,
Վե՛պ, կոթո՛ղ ու ե՛րգ…

Տուր պերճաբանիս
Թլվատությո՛ւնը նրա մոգական,
Եվ սո՛ւրը նրա՝
Աղբյո՜ւր հանելու հանդիպած քարից
Եվ գավազանը՝
Ճեղքելու Կարմիր Ծո՛վը մեր բախտի
(Լացի՜ ու արյա՜ն…)
Թեկուզ և Մովսես Մարգարեի պես
Իմ մա՛հը գտնեմ,
Օտար հո՜ղ մտնեմ,
Այդ երանելի ափին չհասած՝
Բաղձալի սեմի՛ն նրա փակ դռան…

Տե՛ր, չե՞ս լսում դու
Կարմիր լուրե՜րը ջարդի ու արյան…».

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով