Առաջին տեղեկությունը հերոսի մասին

«Գարուն», 1967, N 3
ՀԱՅԱԶԳԻ ԳԱՍՏԵԼԼՈՆ՝ ԱՐՏՅՈՒՇԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Մեր ամսագրի առաջին համարում, տպագրելով հայազգի Գաստելլոյի՝ ԱՐՏՅՈՒՇԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ լուսանկարը, մենք խնդրել էինք նրան ճանաչողներին՝ գրել հերոսի մասին: Տպագրում ենք առաջին արձագանքները: Սպասում ենք նոր ձայների:

(Նամակ Մոսկվայից)

Պաշտպանության մինիստրության արխիվի ընթերցասրահում ինձ զգուշությամբ տալիս են N 406740 անձնական գործը: Շապիկին կարդում եմ Արտյուշա Օհանջանյան, ավելի ներքևում՝ կրտսեր լեյտենանտ: Թերթում եմ էջերը: Ահա նա՝ անվախ արծիվը: Նկարում կուրսանտական համազգեստով է: Նայում եմ դեմքին: Նրա հպարտ հայացքի մեջ պատանեկան շատ բան կա, բայց կա նաև առնականը, զինվորականը: Աչքերը լուրջ են, իրենց խորության մեջ թաքցնում են ինչ-որ խորունկ ու սուր միտք, զգացվում է նրա վճռականությունը: Խիստ սեղմված են շրթունքները: Ուժեղ մարդու հանգիստ կեցվածքի հետ միասին կա և զարմանալի բարություն…
Կարճ և լակոնիկ են անկետայի տեղեկությունները: Ժամանակից դեղնած թերթերի վրա հեղինակի՝ Վորոշիլովգրադի ավիոդպրոցի սանի բառերը հստակ կարդացվում են:
Ծնվել է 1917 թ. դեկտեմբերի 24-ին, Կարսում: 1918 թ. սկզբին արհեստավոր Օհանջանյանը ստիպված թողնում է հարազատ օջախը և փախչում թուրք ջարդարարներից: Հրաշքով փրկված ընտանիքը հասնում է Թիֆլիս: Հայրը, մայրը, 1913 թվականին ծնված քույրը՝ Շուրան, և նորածին Արտյուշան: 1924 թ. ընտանիքը տեղափոխվում է Լենինական: Նույն թվին մահանում է հայրը: Մայրը երեխաներին հանձնում է որբանոց: Նրանք արդեն երեքն էին. 1922 թվականին ծնվել էր Գևորգը: Որբանոցում մայրը հավաքարարուհի է աշխատում: 1930 թ. որբանոցի ցրումից հետո, ընտանիքը փոխադրվում է Երևան: 1934-ին Արտյուշան ընդունվում է կոմերիտմիության շարքերը, իսկ երկու տարի անց, 10-րդ դասարանն ավարտելուց հետո, աշխատանքի է անցնում քաղաքային դրամարկղում: 1936 թ. սեպտեմբերին Արտյուշան ընդունվում է Երևանի պետական համալսարանը, միաժամանակ, պարապելով աերոակումբում, որտեղ նրան հրապուրում էր պարաշյուտային սպորտը: Երրորդ կուրսից ուսանող-քիմիկը ինքնակամ մեկնում է Վորոշիլովգրադի օդաչուական դպրոցը: Սովորում է լավ: Ակտիվ, ստեղծագործական, խելացի մասնակցություն է ցուցաբերում էսկադրիլայի քաղաքական կյանքին: 1940 թ. ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը որպես թեկնածու: Հրամանատարական և կուսակցական կազմակերպություններն առաջին իսկ բնութագրի մեջ նշում են Օհանջանյանի նվիրվածությունը կուսակցությանը, նրա շրջահայացությունը, համարձակությունը, գերազանց վարքը, թռիչքի լավագույն արդյունքները, ջանասիրությունը, ակտիվությունը և կամային լավ հատկությունները…
Կարդալով այս տողերը, համոզվում ես, որ նա, իրոք, արժանի է եղեւ օդային ճանապարհորդությանը ծառայելուն: Այդպես է ավարտվում N 406740 անձնական գործը…
…1942 թ. հուլիսի 8-ն կրտսեր լեյտենանտ Օհանջանյանը շտուրմանական N N գնդից, Վորոնեժ քաղաքի մոտ, հարձակում գործեց թշնամու տանկային շարասյան վրա… Կրտսեր լեյտենանտ Օհանջանյանը ետմահու պարգևատրվեց Կարմիր Դրոշի շքանշանով:
Թշնամու կողմից գրավված տերիտորիայում զոհվեց անձնվեր օդաչուն: Նրա շիրմի վրա չորոտաց հրաժեշտի համազարկ և նույնիսկ չկա մի համեստ փայտյա հուշասյուն:
«Չվերադարձավ մարտական աոաջադրանքից»— հարազատներին այս լուրը հասավ միայն: Մարդիկ, որոնք ֆաշիզմը ոչնչացրին անգամ իրենց մահով, արժանի են այն բանին, որ մայր-հայրենիքը չմոռանա նրանց: «Ոչինչ չի մոռացվում, ոչ-ոք չի մոռացվում»,— սրանք դատարկ խոսքեր չեն:
Օդաչու Արտյուշա Օհանջանյանի անունը իր արժանի տեղը պիտի գրավի հայրենիքի փառապանծ որդիների շարքում:
Եվ այսպես, հերոսին բնորոշող մի քանի գծերը մեզ հայտնի դարձան: Բայց որտե՞ղ էր հերոսը մինչև իր մահը՝ 1941-1942 թվերին, ինչպե՞ս էր նա մարտնչում, որտե՞ղ և ո՞ւմ հետ էր կիսում հաղթանակի ուրախությունը և պարտության դառնությունը: Ահա այս հետքերով ենք մենք շարունակում մեր որոնումները:
ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Փոխգնդապետ

Ո՞Վ Է ԱՐՏՅՈՒՇԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ՝ ՀԱՅԱԶԳԻ ԳԱՍՏԵԼԼՈՆ

Հարցականները մեծապես վերացված են: Պատահականորեն խմբագրություն հասած նրա լուսանկարից (որը տպագրվեց մեր ամսագրի աոաջին համարում) և կցկտուր մի քանի տողից բացի այժմ կենսագրական շատ բաներ են հայտնի մեզ: Վերևում արդեն կարդացիք փոխգնդապետ Հ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Մոսկվայից ուղարկած քաղվածքները՝ Արտյուշա ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ անձնական գործից, խմբագրություն եկան Արտյուշայի քույրը՝ Շուրա ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ, հերոսի դպրոցական և ուսանողական տարիների ընկերները՝ բանաստեղծ Գևորգ ԷՄԻՆԸ, Հարության ՀԱՐՈՅԱՆԸ, Հրանտ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Ազատուհի ՍԱՌԱՖՅԱՆԸ, Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԸ, Պողոս ՍԱՀԱԿՅԱՆԸ, Վահան ՄԻՆԱՍՅԱՆԸ, Լևոն ԱՖՐԻԿՅԱՆԸ, Տիրայր ՇԱՎԱՐՇՅԱՆԸ: Հիշողություններն ու փաստերը ամբողջացնում են Արտյուշա ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ կերպարը: Ամսագրի առաջիկա համարներից մեկում կտպագրվի մարդու և հերոս մարտիկի մասին:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով