Համբարձում Կարապետյան. Արևածագից առաջ

«Գարուն», 1967, N 3

Վլադիսլավ Կասպարյանցը՝ հեղափոխական լենինյան գվարդիայի անձնվեր զինվորը, ապրեց ընդամենը երեսուներեք տարի: 19 տարեկան էր, 1903 թվականին, ընդունվեց բոլշևիկյան կուսակցության շարքերը: Բաքվում և Պետերբուրգում նա եղավ բոլշևիկյան կոմիտեների անդամ, 1912 թվականին գլխավորեց Դոնի-Ռոստովի բոլշևիկյան կազմակերպության վերականգնման գործը: 1913 թվականի հունվարին Կասպարովը անցավ սահմանը, գնաց Բեռլին, ընդունվեց տեղի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Բայց հեղափոխական գործը նա չընդհատեց: Կապվեց Կրակովում, ապա Պորոնինում ապրող Վ. Ի. Լենինի ու Ն. Կ. Կրուպսկայայի հետ, դարձավ նրանց մտերիմը, ամենավստահելի գործակիցներից մեկը: Կասպարյանցը մեծ օգնություն ցույց տվեց Վ. Ի. Լենինին՝ Կովկասի, Դոնի-Ռոստովի, Պոլտավայի, Պետերբուրգի և այլ վայրերի բոլշևիկյան կազմակերպությունների հետ մշտական գործնական կապ հաստատելու գործում: 1914-ի սեպտեմբերից նա Ուլյանովների հետ տեղափոխվեց Շվեյցարիա: 1915 թվականին նա ընտրվեց բոլշևիկների արտասահմանյան կազմակերպության կոմիտեի անդամ, դարձավ քաղաքական տարագիրների փոխօգնության դրամարկղի նախագահը:
Ներկա հոդվածը պատմում է աննկուն լենինյանի կյանքի վերջին տարիների մասին, այն հիրավի մեծ ու մարդկային ջերմության մասին, որ ցուցաբերում էր Հոկտեմբերի մեծ առաջնորդը Կասպարյանցի նկատմամբ:

***
Կասպարյանցը ծանր հիվանդ էր:
Բայց ոչ-ոք այդ մասին չգիտեր, նույնիսկ ամենամտերիմները՝ Վլադիմիր Իլյիչն ու Նադեժդա Կոնստանտինովնան: Ընկերների շրջանում միշտ ուրախ էր, կենսախինդ, սրամտում և հիանալի երգում էր: Իսկ աշխատանքից երբեք չէր հոգնում, համենայն դեպս, չէր տրտնջում: Մինչդեռ կոկորդի տուբերկուլյոզը գնալով խորանում էր: Առաջացած մշտական հազը այլևս անհնարին դարձրեց թաքցնել հիվանդությունը: Իլյիչն ու Նադեժդա Կոնստանտինովնան ևս իմացան, բայց ոչ Կասպարովից: 1916-ի հունիսի վերջին նրանց այդ մասին գրեց ընկերներից մեկը, հայտնելով, թե Վլադիսլավին հարկավոր է գնալ հանգստանալու, որի համար պահանջվում է 150 ֆրանկ: 150 ֆրանկ: Կարելի էր վերցնել տարագիրների դրամարկղից: Նադեժդա Կոնստանտինովնան հետաքրքրվում է, գործնական քայլերի դիմում: Բայց ստացվում է միայն 100 ֆրանկ: «Մեր դրամարկղում այլևս փող չկա,— գրում էր Կրուպսկայան Կասպարովին:— Բայց մենք փոխատվության համար դիմեցինք մի ուրիշ տեղ, խնդրելով 150 ֆրանկ: 150 ֆրանկի փոխարեն մեզ տվին միայն 100…»: Ուղարկելով դրամը, որը կբավականացներ երեք և կես ամսվա հանգստի համար, Կրուպսկայան խոստանում է ճարել նաև 50 ֆրանկը: Իսկ մինչ այդ նա խորհուրդ է տալիս, պահանջում, որ Կասպարովը «անհապաղ» գնա հանգստանալու: Կասպարովը ստացած փողերով մեկնում է Բեպտենբերգ հանգստավայրը, որտեղ նա մոտ երեք ամիս բուժվում է «Վիկտորիա» առողջարանում: Այդ ընթացքում Կրուպսկայան միշտ գրում էր Կասպարովին՝ իր և Իլյիչի անունից ողջույններ հղում, խորհուրդներ տալիս և հարազատի պես քաջալերում: Հայրենիքից ու հարազատներից հեռու, Կասպարովը Իլյիչից ու Նադեժդա Կոնստանտինովնայից բացի ավելի մոտ բարեկամ չուներ: «Վլադիմիր Իլյիչը բարևում է: Երկուսով ցանկանում ենք քեզ որքան կարելի է լավ առողջանալ»: …«Թանկագին Կասպարյանց, ինչպե՞ս եք ապրում, եղե՞լ եք արդյոք կոկորդի բժշկի մոտ, ի՞նչ ասաց նա… Վլադիմիր Իլյիչը ողջույն է հղում»:
Իսկ սեպտեմբերի 26-ին Իլյիչն էր գրում. «Թանկագին Կասպարով, հղում եմ ամենայն ողջույններ և առողջության ցանկություններ: Զբաղվեցեք լրջորեն և տեղեկացրեք հաճախակի»:
Կրուպսկայան գիտեր, որ Կասպարովի համար հեշտ չէ կտրվել կուսակցական կյանքից, ուստի չէր սահմանափակվում սոսկ առողջության մասին հարց ու փորձ անելով և ցանկություններ հայտնելով: Նա Կասպարովին տեղեկություններ էր հաղորդում Լենինի կյանքի ու գործերի մասին: Օգոստոսի 10-ին, օրինակ, գրում էր, թե իրենք ստացել են Սարատովում լույս տեսած «Պոդ ստարիմ զնամենեմ» ժողովածուն, ինչպես նաև «Վոպրոսի ստրախովանիյա» ամսագրի հերթական համարը: Կարծիք էր հայտնվում դրանց մասին, նշվում, թե ինչ նյութեր են տպագրված նրանցում: Սեպտեմբերի 16-ին Կրուպսկայան հայտնում էր, որ իրենք Զյորենբուրգից կրկին գնացեւ են Ցյուրիխ: Քաղաքում անհանգիստ վիճակ է տիրում, երիտասարդությունը հակապատերազմական տրամադրու-թյուններ է արտահայտում և այդ ոգով ելույթներ ունենում:
Կասպարովը սանատորիայից ճանապարհվում է Բեռն: Լենինն ու Կրուպսկայան նախօրոք գիտեին այդ մասին և իմանալով, թե որ ժամին է գնացքը կանգ առնելու Ցյուրիխում, շտապում են կայարան՝ դիմավորելու իրենց բարեկամին: Կայարան գնալուց առաջ՝ Լենինը նամակ էր գրում Ինեսա Արմանդին, բայց քանի որ գնացքի ժամը մոտենում էր, միտքը կարճ է կտրում, ավեյացնելով, թե շտապում են Կասպարովին դիմավորելու:
Բեռնից Կասպարովը տեղափոխվում և բնակություն է հաստատում Դավոսում: Նոր վայրը ավելի նպաստավոր էր իր բնությամբ ու կլիմայով, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չմեղմեցին նրա հիվանդությունը: Անզոր էր գտնվել նաև Բետենբերգը: Դավոս վերադառնալուն պես նա անկողին ընկավ: Հոկտեմբերի 15-ին Նադեժդա Կոնստանտինովնան անհանգստացած գրում է և հարցնում, թե ինչով կարող է օգնել:
Միևնույն է, Կասպարովը ոչինչ չէր պահանջի: Նրանից գաղտնի չէին Վլադիմիր Իլյիչի և Նադեժդա Կոնստանտինովնայի ապրուստի պայմանները: Այնուհանդերձ, Իլյիչն ու Կոնստտնտինովնան հանձն են առնում իրենց սուղ միջոցներից 65 ֆրանկ ամսական ուղարկել հիվանդ ընկերոջը: Եվ ահա, Կասպարովը ստանում է 65 ֆրանկը: Հուզվում է, չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր հիվանդության պատճառով պետք է նյութապես տուժեն Իլյիչն ու Նադեժդա Կոնստանտինովնան: Ստանալուն պես՝ փողը վերադարձնում է: Ետ ստանալով փողը՝ Կրուպսկայան պատասխանում է. «Դուք իզուր եք մտածել այն վերադարձնել, այժմ մեր ֆինանսական դրությունը մի փոքր լավացել է, այնպես որ ոչ մի խոսք այդ մասին, և Դուք, խնդրեմ, մի նեղանաք»:
Այս դեպքից շատ չանցած, երբ Կասպարովը հրաժարվում է բոլշևիկների էմիգրանտական փոխօգնության նշանակված թոշակից, Կրուպսկայան միջամտում է և բարեկամաբար նրան հանդիմանում. «Դո՞ւք եք այն քաջը, որը հրաժարվում է թոշակից»: «Եթե պետք է հրաժարվել,— ավելացնում է Կրուպսկայան,— ապա թող հրաժարվեն բոլորը»:
Կասպարովը անդրդվելի է մնում:
Իսկ նամակագրության օրերին՝ 1916-ի վերջին և 1917-ի սկզբին Ռուսաստանում բանվորական շարժման վերելքն էր: Պիտերում գործադուլներ էին, բոլշևիկները թռուցիկներ էին բաց թողնում: Իլյիչը քուն ու դադար չուներ: Չկտրվելով ոուսաստանյան կյանքից, նա մյուս կողմից ավելի եռանդուն մասնակցություն էր հանդես բերում միջազգային բանվորական շարժմանը, մասնավորապես շվեյցարական սոցիալիստների գործունեությանը: Այդ ամենը, որոնք հենց գործողությունների պահին հիշատակվում են՝ Կասպարովին Կրուպսկայայի գրած նամակներում, այժմ իրենցից ներկայացնում են դեպքերի մասին յուրատեսակ օրագրեր: Այդ ճանապարհով մենք իմանում ենք Ա. Վ. Լունաչարսկու և այլոց դեմ ազգային հարցի վերաբեր յալ Վ. Ի. Լենինի մղած բանավեճերի մասին, թե ինչպես Լենինը մոտիկից զբաղվել է շվեյցարական աշխատանքի կուսակցության, երիտասարդական շարժման, ձախերի համախմբման և այլ հարցերով: Ահա տողեր Կրուպսկայայի 1917-ի հունվարի 19-ի նամակից. «Վերջին ժամանակներս Իլյիչը շատ է տարվել շվեյցարացիների հետ տարվող աշխատանքով, նույնիսկ մյուս բոլոր գործերը թողել է…»:
Ծանր օրեր էին Կասպարովի համար. Ռուսաստանում եռք էր, իսկ ինքը… Պետք է համբերել, դիմանար «…Պետք է, որ դուք լավանաք և շուտ մեկնեք Ռուսաստան, թե չէ կուշանաք «սկզբից»,— գրում էր Կրուպսկայան: Եվ Կասպարովը համառորեն չէր խնայում իրեն, չէր կտրվում գործից, մասնակցում էր Դավոսի ռուսական գաղութի գործերին: Հիվանդությունը մոռացած, նա նույնիսկ ելույթներ էր ունենում Դավոսի ռուսական գաղութի ժողովներում, մտնում էր հեղափոխական տարերքի մեջ: Ընկերները անհանգստանում էին, փորձում նրան ետ պահել գործից, ստիպում՝ բուժվելու մասին մտածել, բայց նա նորից դուրս է մղվում, փախ-չում անկողնուց ու դեղերից: Դրանից առողջությունն ավելի է վատանում, և նա դարձյալ գամվում է անկողնուն: Լենինն ու Կրուպսկայան անմիջա-պես իմանում են այդ մասին: Մարտի 7-ին Կրուպսկայան իրենց վիշտն է հայտնում, որ Կասպարովը կրկին անկողին է ընկել: «Մի՞թե չի կարելի մի քիչ զգույշ լինել,— գրում է նա.— ափսոսալ առողջությունը, երբ Ռուսաստան մեկնելու հնարավորություն է բացվում»: Հետո պատմում է, որ մի շաբաթ էլ Իլյիչը պառկեց, բայց հիմա լավացել է և գրադարան է գնում պարապելու:
Քաղաքական վտարանդիների առջև բացվեցին Ռուսաստանի դռները, թեև դեռ շատ ճամփաներ փակ էին: Լենինը և Կրուպսկայան ևս վերադարձի նախապատրաստություն սկսեցին: Ապրիլի 9-ին նրանք կապեցին ճամպրուկները: Մեկնելու են Ցյուրիխից: Իսկ Կասպարո՜վը: Նա հիվանդ է, նա չի կարող մեկնել: Ինչպե՜ս հաշտվել այդ մտքի հետ: Աշխատանքում, բոլոր ուրախության պահերին և նեղ օրերին նրանք միասին են եղել, օգնել, աջակցել են միմյանց, հարազատացել, իսկ հիմա մեկնել առանց Կասպարո՞վի: Հուզված է Իլյիչը: Մեկնելուց տառացիորեն մեկ ժամ առաջ նա խնդրում է, որ Կրուպսկայան գրիչ վերցնի: Հարկավոր էր հրաժեշտի խոսք ասել Կասպարովին, քաջալերել:
Կրուպսկայան գրում է. «Նամակս վերջացնում եմ մեկնելուց մեկ ժամ առաջ, անհավատալի իրարանցում է, և ոչինչ չի կարելի հասկանալ:
Դե, ամո՛ւր, ամուր սեղմում եմ Ձեր ձեռքը, կազդուրվեցեք արագորեն: Կտեսնվենք Ռուսաստանում»:
Շարունակում է Վ. Ի. Լենինը. «Թանկագին Կասպարով: Ամուր, ամուր սեղմում եմ Ձեր ձեռքը, ցանկանում եմ կայտառություն, համբերել է պետք: Հուսով եմ, որ կհանդիպենք Պիտերում և շուտով»:
Կասպարովը մնաց Դավոսում: Իլյիչի հետ նոր հանդիպում չկայացավ: 1917-ի սեպտեմբերի 6-ը եղավ նրա պայծառ կյանքի վերջին օրը:
Բաքվի թերթը գրեց. «…Մեռավ պրոլետարիատի ազատագրության մեծ գործի կենսուրախ, անձնվեր մարտիկը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով