Մարգո Ղուկասյան. Երկրագնդի «չարաճճիությունների» վկաները

Տպագրվել է Ս. Ղուկասյան ստորագրությամբ:
«Գարուն», 1967, N 6

Աբովյան փողոցի վրա, Երևանի պետական համալսարանի և բժշկական ինստիտուտի միջև ընկած տարածությունում շինարարները քանդում են Երևանի հին թաղամասերից մեկը: Կանգուն է միայն մի փոքրիկ շենք, որի վրա գրված է.
ՍՍՀՄ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի «ԵՐԵՎԱՆ» սեյսմիկ կայան:
Այսպիսի կայան ստեղծելու անհրաժեշտությունն զգացվեց 1931 թվականի ապրիլի 27-ին, երբ տեղի ունեցավ Զանգեզուրի երկրաշարժը: Ղափանում, Գորիսում ու Սիսիանում բազմաթիվ տներ քանդվեցին: Հենց դա էլ առիթ ծառայեց, որ սեյսմիկ կայանը շտապ գործի անցնի: Այն ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիան դեռևս հիմնադրված չէր և սեյսմիկ կայանի ստեղծման հարցերով զբաղվում է ՀՍՍՀ լուսավորության կոմիսար Մուշեղյանը:
1931 թվի հուլիս-օգոստոս ամիսներին ժամանակավոր կայաններ են հիմնադրվում Մեղրիում և Օրդուբադում, իսկ հետո, պրոֆ. Ալեքսանդր Հակոբյանի նախաձեռնությամբ՝ նաև Երևանում: «Երևան» կայանի ստեղծումից հետո նախորդ երկուսում աշխատանքները դադարում են:
Հայաստանում հիմա գործում է հինգ սեյսմիկ կայան՝ Երևանում, Լենինականում, Ստեփանավանում, Գորիսում և Բասարգեչարում:
Երկրաշարժերի ուսումնասիրությունը երկրաբանական կարևոր նշանակություն ունի: Այդ տեսակետից «Երևան» սեյսմիկ կայանը հարուստ նյութեր է կուտակել:
Սեյսմիկ կայանի վարիչ Դերենիկ Մնացականյանը 36 տարի է, ինչ հետևում է երկրաշարժերը գրանցող գործիքների աշխատանքին:
Կայանում տեղակայված առաջին գործիքները Նիկիֆորովի հորիզոնական սեյսմոգրաֆներն են, որոնք գրանցում են կայանին հասած ցուցումները՝ խոշորացնելով 240 անգամ: Ցնցումը խոշորացնելը հնարավորություն է տալիս ճիշտ որոշել երկրաշարժի տեղը:
1950 թվականին «Երևան» կայանում տեղակայվեցին նոր սեյսմոգրաֆներ՝ «CBK» և «CГK»: Այս գործիքների ստեղծողը Կիրնոսն է, որի անունով էլ կոչվում են՝ «Կիրնոսի տիպի ուղղահայաց» և «Կիրնոսի տիպի հորիզոնական սեյսմոգրաֆներ»: Մեծ հզորության գործիքներ են սրանք, կայան հասած ցնցումը հնարավորություն ունեն մեծացնելու 800-1500 անգամ:
Չափազանց դիմացկուն են մեխանիկական գրանցման գործիքները: 7-10 բալ երկրաշարժի ժամանակ մի շարք սեյսմոգրաֆներ կարող են շարքից դուրս գալ: Սակայն մեխանիկական գրանցման գործիքները «սառնասրտորեն» կշարունւսկեն իրենց աշխատանքը: Սրանք երկրաշարժի ալիքները մեծացնում են 7 անգամ և հիմնականում գրանցում են տեղական ուժեղ երկրաշարժերը:
«ВЭГИК»-ները նույնպես գրանցում են տեղական երկրաշարժերը: Հետաքրքիր է իմանալ, որ այս գործիքները երկրաշարժի ալիքը մեծացնում են 1000-60000 անգամ:
«Երևան» կայանը տարեկան քանի՞ երկրաշարժ է գրանցում:
Նայած տարի: Իհարկե, երկրագունդը «խաղաղ» պահեր էլ է ունենում, սակայն հիմնականում «ան-հանգիստ» է: Օրինակ, 1963 թվականը կարելի է «խաղաղ» տարի համարել: «Երևանը» այդ թվականին գրանցել է ընդամենը 871 երկրաշարժ: Մինչդեռ 1966 թվականին ցնցումների թիվը հասել է 1293-ի: 1965 թվականը կարելի է ռեկորդային համարել՝ 1609 երկրաշարժ: Այս թվի մեջ մտնում են աշխարհի բոլոր մայրցամաքներում, կղզիներում, ծովերի և օվկիանոսների հատակներում տեղի ունեցած թույլ և ուժեղ երկրաշարժերը, որոնց ալիքը հասել է «Երևան» կայանին:
Երկրաշարժերը ըստ տեղաբաշխության երեք խմբի են բաժանվում՝ տեղական, մոտակա և հեռավոր: 1966 թվականին կայանի գրանցած ժապավեններն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ տեղական երկրաշարժերի թիվը 61 է, մոտակա երկրաշարժերինը՝ 151, մնացածը՝ հեռավոր են: «Երևան» կայանի աշխատակիցները օրվա մեջ երկու անգամ ճիշտ ժամին (առավոտյան և երեկոյան 8-ին) իջնում են նկուղային հարկ՝ որտեղ երկրի մակերևույթից 5 մ խորությամբ բետոնե պատ-վանդանների վրա տեղակայված են սեյսմոգրաֆները: Նրանք ստուգում են գործիքների աշխատանքը, փոխում ժապավենները և դրանք երևակում: Ինչպես որ կարդիոգրաֆները գրանցում են մարդու սրտի աշխատանքը, այնպես էլ սեյսմոգրաֆները գրանցում են երկրի տատանումները: Եվ, կայանի աշխատակիցները մանրակրկիտ ուսումնասիրելով լուսանկարները՝ պարզում են (ինտերպրետացիայի են ենթարկում), թե երկրագնդի ո՞ր մասում, ե՞րբ, ի՞նչ խորության և ի՞նչ ուժգնությամբ են տեղի ունեցել երկրաշարժերը:
Երեք ամիսը մեկ ժապավենները էջ առ էջ դարսվում են իրար վրա և կազմում մի խոշոր հատոր: Ահա և մի գիրք, որի երկու էջերը երկրագնդի մեկ օրվա «չարաճճիությունների» վկաներն են:
Եվ այսպես, «Երևան» սեյսմիկ կայանը 1931 թվից սկսած խնամքով կազմել է գրանցումների 144 հատոր:
Վերջին՝ 1966 թվականին կազմված հատորները թերթելիս ուշադրություն են գրավում երկու նշանավոր երկրաշարժեր՝ Տաշքենդինը և Մուշ-Էրզրումինը:
Տաշքենդում առաջին ցնցումը տեղի ունեցավ 1966 թվի ապրիլին: Քանի որ էպիկենտրոնը մակերեսային էր. Երևանում գրանցումները շատ թույլ էին ստացվում (երբ էպիկենտրոնը խորն է, ժապավենի վրա գրանցումն ավելի ուժեղ և որոշակի է լինում):
Տաշքենդում երկրաշարժը մինչև այժմ շարունակվում է: «Երևան» կայանը գրանցել է 700 մեծ ու փոքր ցնցում:
1966 թվի օգոստոսի 19-21-ը «Երևան» կայանը գրանցել է մեկ այլ ուղղությունից եկող 200 ցնցում: Էպիկենտրոնը մեր մայրաքաղաքից 397 կմ հեռավորության վրա էր գտնվում: Սեյսմոգրումները երևակելուց հետո գիտաշխատողները որոշեցին, որ երկրաշարժի ուժգնությունը 5-7 բալ է եղել և էպիկենտրոնը գտնվել է Մուշի և Էրզրումի շրջաններում: Այդ օրերին երևանցիները ոչ մի ցնցում չեն զգացել, մինչդեռ մշտարթուն «Երևան» սեյսմիկ կայանը երկրաշարժի տեղի և ժամանակի մասին ճշգրիտ տեղեկություններ է հաղորդել Մոսկվա՝ տեղի սեյսմիկ ծառայությանը և «Մոսկվա» կայանին:
«Երևան» կայանը հիմնականում ճիշտ է որոշում երկրաշարժերի ուժգնությունը: Հիշենք, թեկուզ Իգդիրի երկրաշարժը, որը տեղի ունեցավ 1962 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 22-ն անց 59 րոպե 25 վայրկյանին: Այդ ժամանակ «Երևանը» գրանցել էր 5 բալի ուժգնություն, Լենինականը՝ 4-4,5 բալ, Ստեփանավանը՝ 4, Արտաշատը՝ 5 և Հոկտեմբերյանը՝ 5 բալ:
«Երևան» կայանի գիտաշխատողները՝ ընկ. Դ. Մնացականյանը և Ժ. Մանուկյանը, հետազոտությունների մեկնեցին Արազի ափին գտնվող հայկական գյուղերը: Բազմաթիվ շինություններ վնասվել էին: Աղյուսից շինված տների պատերին ճաքեր էին առաջացել: Ճաքեր կային նաև գետնի վրա (10 մ երկարությամբ, 5-7 սմ լայնությամբ): Նման երևույթները կարող են տեղի ունենալ 5-6 բալ երկրաշարժի դեպքում: Դա ապացուցեց «Երևան» կայանի գործիքների ճշգրտությունը:
Սեյսմիկ կայանների աշխատանքի հիման վրա կազմվում են ճշգրիտ քարտեզներ, ուսումնասիրվում են երկրաշարժերի առաջացման պատճառները ու դրանց հետևանքները: Այդ հետազոտությունները օգնում են նաև շինարարներին: Հաշվի առնելով տարիների մանրամասն դիտողությունները, կառուցվող շենքերի հաշվարկներն անելիս շինարարները ելնում են տեղի սեյսմիկ պայմաններից և դրա համաձայն էլ շենքի դիմադրողականությունը բարձրացնում են:
Երկրագունդը անընդհատ տատանումների մեջ է: Մարդիկ դրանց մեծ մասը չեն զգում, իսկ զգայուն գործիքների ուշադրությունից ոչինչ չի վրիպում: Միկրոսեյսմերը գրանցում են նույնիսկ մեծ քաղաքների աղմուկը, մարդկանց և մեքենաների շարժումը:
Ասացինք, մարդիկ դրանք մեծ մասամբ չեն զգում, սակայն, երբ զգում են, այդ դեպքում «Երևան» կայանի հեռախոսից օգտվելն անհնար է դառնում: Երիտասարդ գիտաշխատող Ժենյա Մանուկյանն ամեն վայրկյան զանգերի է պատասխանում: Ամենադժվարը տնտեսուհիների վիճակն է, որոնք զանգահարում են նույնիսկ այն ժամանակ, երբ փողոցից բեռնատար մեքենա է անցնում:
Կայանի աշխատողների համար մի քիչ էլ տարօրինակ են այդ զանգերն ու մտահոգությունները: Չէ՞ որ նրանք սովոր են Երկիր մոլորակի անհանգիստ վարք ու բարքին: Նրանց հսկողության տակ գտնվող բազմաթիվ գործիքների աշխատանքն այդ մասին է վկայում:

Ս. ՂՈԻԿԱՍՅԱՆ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով