Հովհաննես Մարտիրոսյան. Մանուշակ տատիկը

Տպագրվել է «Հետաքրքիր ճակատագրի մարդիկ» խորագրով:
«Գարուն», 1967, N 6

Գողունի դիտում եմ ծեր կնոջ դեմքը և համեմատում լուսանկարի հետ: Լուսանկարը 52 տարի առաջ է արվել, կինն այստեղ 18-20 տարեկան աղջիկ է, գոտու մեջ ատրճանակ, գեղեցիկ, բայց խիստ աչքերով: Աչքերից պակասել է խստությունը միայն, բարի լույսը մնացել է. այդ է ասում թեկուզ ծնկներին դրած նուրբ ձեռագործը:
Խնդրում եմ, որ պատմի այն զարմանալի օրերի, Մուսա լեռան մասին: Կանանց, ծերերի, երեխաների, բոլորի մասին: Պատմե՞լ: Ինչպե՞ս… Մի՞թե հնարավոր է պատմել ամենը: Աչքերը հանկարծ փոքրանում են, փշրվում է բարի ժպիտը.
— Ավելի լավ կըլլա Վերֆելի գիրքը կարդաս: Անիկա մեր մասին գրած է:
— Ես պատմեմ,— ասում էր թոռը՝ Թովմասը, — տատ, պատմե՞մ:
… Արդեն կյանքի գնով ձեռք էր բերվել ջուրը: Իսկ սնո՞ւնդ… Ծանր էր մուսալեռցիների դրությունը: Վերջապես կազմվեց մի հանդուգն ծրագիր: Գիշերը, ոչ մեծ խմբերով, ցած իջնել, սեփական այգիներից ու տներից «գողանալ» այն ամենը, ինչ հնարավոր է՝ կորեկ, թուզ, խաղող:
Ամեն գիշեր մի փոքրիկ խմբի գլուխն անցած, Մանուշակը Մուսա լեռից գյուղ էր իջնում, իսկ ցերեկը կռվում էր տղամարդկանց հետ կողք-կողքի, կատարելով նաև եղբոր պարտքը (եղբայրը ծանր հիվանդ էր):
— Թովմաս, — Մանուշակ տատը ընդհատում
է թոռին,— թող կարդա Վերֆելի գիրքը:
— Չէ՛,— համառում է թոռը,— պիտի պատմեմ:
Ապստամբությունից մի քանի օր առաջ, երբ արդեն բոլորը գտնվում էին լեռան վրա, լուր են առնում, որ թշնամին պղծում է եկեղեցին:— Տատս իջնում է Մուսա լեռից, երկու օր ու երկու գիշեր մնում թաքստոցներում, մտնում վանք, հավաքում մնացած խաչերն ու սրբապատկերները, տանում լեռ: Դա շատ է բարձրացնում մուսալեռցիների մարտական ոգին:
Ես այդ ցանկանում էի լսել նրանից՝ Մանուշակ տատից, Մուսա լեռան հերոսից:
— Մանուշակ տատ,— ասում եմ, — ծանոթներդ քեզ ճանաչում են որպես հերոս:
— Չէ, ջանըմ, ես ի՞նչ ըրած եմ, ես եղած եմ ապստամբ մը, մեռնիլ չեմ ուզած:
Ապա երկար նայեց հիսուներկու տարի առաջվա իր լուսանկարը:
— Երբ կելնեինք նավ, որպես զինվորական օրենք, պիտի հանձնեինք զենքերը: Աշխարհիս երեսից օրենք, իրավունք ջնջված էր, ես ալ զենքս չհանձնեցի, հետս նավ տարի:

***
Լռություն է: Լսվում է գրչածայրերի մեղմ խզզոցը: Թոռնիկներն են՝ առաջին դասարանցի Մովսեսը և երկրորդ դասարանցի Մարիամը: Նրանք այժմ սիրում են իրենց տատիկին, իսկ երբ մեծանան՝ նաև կհպարտանան Մանուշակ Յաղուբյանով, որ նույնն է թե Մանուշակ Մանուկյան կամ Մանուշակ Այնթաբլյան՝ Մուսա լեռան անօրինակ հերոսամարտի մասնակից, որ հարազատ ժողովրդի համար աղջկական նուրբ մատներով հրացան վերցրեց:
Հինգն են թոռնիկները: Մեծը՝ Ագնեսան, արդեն ամուսնացել է: Թովմասը աշխատում է գործարանում, միաժամանակ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժնի ուսանող է, իսկ 18-ամյա Եվայի երազանքն է սովորել համալսարանում: Եվ նրանց հովանի է այս հրաշք-տատիկը, որ մայր-հայրենիքում արմատներ է գցել:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով