Նորայր Զորյան. Աշտարակ, Գրիգոր Գրիգորյան փողոց

«Գարուն», 1967, N 6

Լուսամփոփիս լույսի տակ փռված են թղթեր, թղթեր՝ լրագրերից կտրած նյութեր, դժգունած հուշերի պատառիկներ ու թարմ գրառումներ:
Կարդում եմ, վերընթեռնում։ Այդ թղթերի հիման վրա պիտի շարադրեմ նրա կյանքը. գրեմ պիտի նրա մասին։
Համրախոս թղթերն այս չլինեին թող։ Հնար լիներ՝ լիներ ու ապրեր հիմա նա։ Սովորական գործուղման պես, մատիտ-ծոցատետրով գնայի նրա հասցեով՝ Աշտարակ… փողոց N, բնակարան N…, բախեի նրա տան դուռը.
— Մտե՛ք,— ներսից լսեի նրա ծերունական ձայնը։
— Բարև՛ Ձեզ։
— Բարև՛, բարև՛։
Պատվիրեր թոռներին՝ մի քանի րոպեով իրեն մենակ թողնել անծանոթ քեռու հետ, նստեինք դեմ-դիմաց, ու ծայր առներ զրույցը: Չլինեին թող այս համրախոս թղթերը, կենդանի լիներ պատմեր իր մասին…
Կսկսեր հավանաբար հնօրյա հուշերից։ Կպատմեր, և ես կիմանայի, թե ինչքան է սիրում իրենց գյուղը՝ այգիների խշշուն կանաչներում խճճված, դեղձի ու ծիրանի փափուկ շիկնանքով, ընկույզի դարավոր ծառերով, սուջուխի ու ալանիի իր Աշտարակը։
Կհիշեր փայտե օրորոցը, որ իր մանկությունն օրորեց յոթանասունյոթ տարի առաջ: Ներողամիտ ժպիտով կպատմեր երեխայական «գժություններից»։ Կասեր, որ երբ սովորեց գիրկապ անել, խաղերը դարձան գիրք ու ընթերցանություն։ Կարդում էր՝ գիշերը կրճատելով։ Կարդում էր մեծ հայրենակցի՝ Պռոշյանի գրքերը, և Միկիտան Սաքոն, յասավուլը դարձան իր խղճի անձնական թշնամիները։
— Օղորմած հոգի հայրս, որին գյուղացիները քյոխվենց Հակոբ էին ասում, գրի, ուսումի հարգն իմացող մարդ էր։ Բերնից կտրեց ու ինձ տարավ Երևանի գիմնազիա։ Բախտը ինձ երես չէր տվել: Հացի խնդիրը հաճախ էր տանջում խեղճ գիմնազիստիս ուղեղը։
Կասեր՝ վերապրելով օրերի դառնությունը։
Նա կլռեր այն մասին, որ հիմա կարդում եմ նրա ժամանակակիցների հուշերում.
«Գիմնազիայում նա աչքի էր ընկնում բացառիկ ընդունակությամբ, համեստությամբ և ճշմարտասիրությամբ։ Նա արժանանում էր բոլորի հարգանքին ու համակրանքին»։
Գիմնազիայում առաջին անգամ հանդիպեցի Հյուգոյին և սիրեցի նրա թշվառներին։ Ծանոթացա Հայնեին և հոգով ձայնակցեցի սիլեզյան ջուլհակների ըմբոստ երգին։ Ճանաչեցի դեկաբրիստներին՝ Գերցենին, Օգարյովին, Նալբանդյանին, Չերնիշևսկուն։ Նրանք ինձ պատմեցին մարդուն սոցիալական տառապանքներից ազատագրելու պայքարի մասին…
Ասում են, որ նա շատ կատակասեր ու խոսքաշեն էր և կատակով էլ կավելացներ.
— Մարքսի ու Պլեխանովի պատճառով «անհուսալի տարր» ճանաչվեցի և՝ մնաս բարով գիմնազիա… Եվ, ողջո՜ւչն, Պետերբուրգ: Ողջո՜ւյն, հեղափոխական ուսանողություն։ Մահին ու գահին նայում էինք արհամարհանքով…
Նա դրվագներ կպատմեր ուսանողական խռովություններից, բողոքի ցույցերից… Կլռեր ու չէր ասի, որ «Նա այդ խռովությունների ակտիվ մասնակիցն էր, դրանց ոգին»,— ինչպես հետո պիտի գրեին նրա զինակից ընկերները։
Շվեյցարիայում նա զբոսաշրջիկ չէր։ Ժնև մեկնեց առանց տուրիստական ուղեզրի։ Գնաց չորս տարի իրավաբանություն ուսանելու՝ համալսարանում և վտարանդի ռուս բոլշևիկներից սովորեց ասի, որ «նա այդ խռովություններին ակտիվ մասնակցություն ունեցավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կուսակցության կազմակերպության աշխատանքներին։
Երբ Սարաևոյում սերբական արքայազնի դեմ արձակված գնդակից բռնկվեց առաջին աշխարհամարտը, եկավ Մոսկվա՝ ուսումը շարունակելու, գործի դնելու իր հիմնական մասնագիտությունը. համալսարանի ուսանողության և բանվորների շրջանում ծավալելու հեղափոխական ակտիվ գործունեություն։
Այստեղ նա նորից երևի կժպտար ու կկատակեր.
— Բայց ցարը վախեցավ, արձակեց հրաման. «ուսանողական հեղափոխական շարժմանը ակտիվ մասնակցություն ցույց տալու համար, որպես պատիժ, հայաստանցի խռովարար ուսանողին ու-ղարկել ռազմաճակատ»:
Նա համաշխարհային կռիվ մտավ զինվորի անաստղ ուսադիրներով։ Տեսավ պատերազմը և հասկացավ նրա դաժան նպատակը։ Դա կյանքի հզորների պայքարն էր հանուն ոսկու ու շահի։ Աճուրդի էր հանված մուրճի ու մանգաղի մարդկանց արյունը։ Նա կռվեց նաև խոսքի զենքով: Զինվորի շինել հագած բոլշևիկ պրոպագանդիստն ու ագիտատորը հաշտության խոսք չասաց զին-վորներին, այլ՝ «Տիրասպան պետք է լինել, այլ ոչ ինքնասպան։ Հարկավոր է զենքը շուռ տալ գահի դեմ»։
— Երբ ցարին տապալեցինք,— կշարունակեր պատմել նա,— դարձա, եկա ծնած տեղս՝ Աշտարակ՝ միկիտան սաքոներից, գյուղական ցեցերից ազատելու չարքաշ ժողովրդին։ Ազատասեր, մարտական երիտասարդություն կար՝ Ատիկ Ազիզյան, Լուսիկ Շահնազարյան, Վաղինակ Սուքիասյան, Արտավազդ Արծրունի, Հարություն Ղոնաղչյան, Արշավիր Մելիքյան: Ստեղծեցինք (նա չի ասի՝ իր գլխավորությամբ) մեր բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպությունը։ Տասնութն էինք։ Ժողովրդին բացատրում էինք (նա չի ասի, նաև որ լավ հռետոր էր, խոսքը գնդակի ուժ ուներ) դաշնակցական կառավարության հակահեղափոխական, հակաժողովրդական էությունը:
Թռուցիկներ էինք տպում, միտինգներ ու գաղտնի ժողովներ անում՝ մեծ մասամբ Հմայակ Սիմոնյանի տանը: Բացատրում էինք, որ աշխատավոր ժողովրդին ճնշումից ու շահագործումից կազատագրի միայն սովետական իշխանությունը, ստեղծում էինք մարտական ջոկատներ, ժողովրդին նախապատրաստում հեղափոխական մեծ կռվի… Բայց, նորից պատիժ, երկու անգամ աշխարհին նայեցի ճաղատ լուսամուտներից: Երևան բանտում էլ առանք Հայաստանում սովետական իշխանության հաղթանակի լուրը: Ինձ հետ ազատվեցին Աղասի Խանջյանը, Սերգո Մարտիկյանը, մայիսյան ապստամբության հերոսներ՝ Սարգիս Մուսայելյանը, Ստյոպա Ալավերդյանը, Բագրատ Ղարիբջանյանը, շատերը…
Այստեղ նա երևի մի փոքր դադար կառներ և հետո կշարունակեր.
— 20 թվականի դեկտեմբերին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն ինձ ուղարկեց Աշտարակի հեղկոմի նախագահ (առաջին հեղկոմի նախագահը)։ Դժվար ժամանակներ էին։ Թշնամական ավազակախմբերը, ձեռք ու ոտք ընկած, փորձում էհն վերադարձնել իրենց դաշնակցական «կորուսյալ դրախտը»։ Դավադիր գնդակները խլում էին մեր լավագույն մարդկանց կյանքը: Այս դժվարությունների մեջ հեղափոխական կոմիտեն գործում, բաբախում էր ինչպես երիտասարդ առողջ սիրտը։ Դնում, հղկում էինք գյուղում սոցիալիստական նորոգ շենքի հիմքերը…
Այստեղ էլ երևակայական հարցազրույցիս թելը կտրվում է…

***
Քայլում եմ ձորաբերանին օրորվող արահետով, որ հին աշտարակցիների հիշողության մեջ կոչվում է «Պուճուր քուչա»։ Նրա վերջին քայլերը անցան այս փողոցով՝ մահաբիբ մաուզերների հայացքի տակ:
Տարան, երբ քնած էր աշխարհը։ Կյանքի վերջին պահերի վկաները եղան մարդասպաններն ու անքուն Քասախը։
Տարել են գաղտագողի։ Երևի հրել ու հրամայել են, պահանջել, որ քայլի առաջ, առաջ, արագ քայլի։
Քայլել առաջ… Նա կյանքի ճամփա էր ելել առաջ քայլելու ուխտով… Այս անգամ արդեն առաջ քայլել չէր: Ցածում, ձորում պիտի պոռթկային նրա կանաչ կյանքի սև վերջակետերը։ Եվ այդ գիշեր նրա ոտքերը դժկամությամբ պիտի հետքեր դաջեին թարմ ձյունին։
«Նա գրկաբաց ընդունեց մահը, ժպիտը աչքերում»,— թղթերիս մեջ այս տողերը ես ընդգծել եմ։ Ճիշտ չէ՛։ Ես իջնում եմ ձորը՝ ծոծրակիս երևակայելով մաուզերի մահացու հայացքը։ Ու քայլերս դանդաղում են… նա սիրում էր կյանքը. ու ժպիտով մնաս բարով չէր ասի կյանքին։ Երազներ ուներ, երազների մեջ կարմրադրոշ մի Հայաստան, խաղաղիկ մի կյանք, մախմուր մի աղջիկ, իր տաքուկ օջախը… թոռների ճլվլոց…
Քարափի այս ժայռի մոտ փետրվարյան ձյունոտ մի գիշեր գնդակահարում էին նրա երազները: Նա չէր կարող ժպտալ: Շիկնեց ձյունը նրա տաք, ջահել արյունից… Նա ժպտալ չէր կարող:
Ես ելնում եմ ձորից՝ թիկունքիս ծանր մի տխրություն: Քայլում եմ «Պուճուր քուչայով», որտեղով նա մի օր քայլեց դեպի անդարձություն: Մայր առվի ափով բարձրանում եմ վեր, ճամփաս հատում է ասֆալտը: Փողոցի անկյունի ծաղկամարգում է նա, աչքերում՝ ծով անուրջներ: Բազալտե պատվանդանին՝

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (1890-1921)

Քաղաքի առաջին մեծ փողոցը աշտարակցին կոչել է իր թանկագին որդու անունով։ Փողոցին տվել է իր բոլոր զարդերը, որ շուքով ու գեղեցիկ լինի, արժանի հեղափոխական մարտիկի հիշատակին։
Գրիգոր Գրիգորյանի փողոց № № №… Այստեղ աշտարակցի շինարարը կառուցել է մշակույթի պալատ, մանկապարտեզ ու գինու գործարան, մեծ խանութ ու «Ծիծեոնակ» երիտասարդական սրճարան՝ երփներանգ, թարթող լույսերով։
Գրիգոր Գրիգորյանի փողոց № №… Դեմ-դիմաց ու կողք-կողքի բարձրանում են տուֆակառույց բնակելի շենքերը՝ եռահարկ, քառահարկ, հինգ հարկանի։
Գրիգոր Գրիգորյանի փողոց № 150… Հայաստանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի շենքը։ Այստեղ հաշվառման մեջ են 2000 կուսակցականներ… 18-ն էին։
Գրիգոր Գրիգորյանի փողոց № 47։ Նրա րրոնզե հայացքի առջև քաղաքի սովետական իշխանության գործադիր կոմիտեի շենքն է՝ ճակատին մի կարմիր-կապտաերիզ հայկական դրոշակ։
Գրիգոր Գրիգորյանի փողոց № 55— բնակելի շենք, որտեղ գրվեց ակնարկն այս՝ Աշտարակում սովետական իշխանության հիմնադիր Գրիգոր Գրիգորյանի մասին։
ՆՈՐԱՅՐ ԶՈՐՅԱՆ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով